Ազգային համագումար. կոալիցիայի խզումը

1021

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունը:

Գլուխ ԻԲ

Հայաստանի Խորհրդարան

Մայիսի 28-ի հանդեսները անցան ընդհանուր ոգևորության ու համերախության մթնոլորտում:

«Կեցցե՛ Միացյալ, Անկախ և Ազատ Հայաստանը», – գրում էր մեծատառ՝ ժողովրդականների «Ժողովուրդ» պաշտոնաթերթը, իսկ մեկ օր վերջը, Մայիսի 28-ի ակտը անվանում էր «պետական հեղաշրջում», արդյունք նախարարական կազմի պատահական մեծամասնության: «Այդ ակտը կունենար խոշոր բարոյական նշանակություն,- գրում էր թերթը,- եթե նա հայտարարվեր խորհրդարանի կողմից»: Ուրեմն, ակտի էությունը չէր կարևորը, այլ՝ ձևը, մի ձև, որ մշակվել էր և իրենց՝ ժողովրդականների մասնակցությամբ ու հավանությամբ:

Մի քանի օր անց Երևան վերադարձավ Ս. Հարությունյանը, որ Թիֆլիսում էր և մայիսյան հանդեսներին չէր մասնակցել: Եվ այդ ժամանակ մեջտեղ եկավ ժողովրդականների բողոքը ընդդեմ Մայիսի 28-ի ակտի, որը, իբրև թե, չէր համապատասխանում հայ ժողովրդի շահերին: Ս. Հարությունյանը հիմնավորում էր իրենց տեսակետը նրանով, որ Մայիսի 28-ի ակտը կրում է միակողմանի բնույթ, չունի Պողոս Նուբար փաշայի հավանությունը, չի բխում հայկական հարցի միջազգային կացությունից, և հետևաբար, պետք է հայտարարվի չեղյալ: Նրան պատասխանում էին, որ հայտարարությունը պատրաստված ու կատարված է ամբողջ կառավարության, հետևաբար և ժողովրդական նախարարների հավանությամբ, որ Մայիսի 28-ի հայտարարության տակ հոժար կամքով ստորագրել են և կառավարության ժողովրդական անդամները, որ հանդեսին նախագահողը ժողովրդական նախարար էր և որ, այդ բոլորից հետո, անտեղի է ինչ-որ առարկություններ առաջ քաշելը: Բայց ժողովրդականները պնդեցին իրենց պահանջի վրա, որը նրանց պաշտոնաթերթ «Ժողովուրդը» (հունիսի 4) հետևյալ կերպով էր ձևակերպում. «Միացյալ Հայաստանի պետական իշխանությունը պիտի կազմակերպվի Փարիզի գործադիր մարմնի և Հայաստանի Հանրապետական կառավարության փոխադարձ համաձայնությամբ: Պիտի ստեղծվի մի ժամանակավոր խառն կառավարություն, որը պիտի գումարի Միացյալ Հայաստանի հիմնադիր ժողով, կամ խորհրդարան, եթե մինչ այդ մշակված լինի երկրի սահմանադրությունը: Ուրիշ կերպ լուծել Միացյալ Հայաստանի իշխանության պրոբլեմը անկարելի է, քան որ Հայաստանի երկու մասերը մինչև այժմ գտնվել են տարբեր քաղաքական և տնտեսական պայմաններում և ապրել են տարբեր կուլտուրական կյանքով»:

Եվ երբ կառավարությունը մերժեց ընդունել այս պահանջը, հունիսի 24-ին նախարարական կազմից դուրս եկան Ս. Հարությունյանը, Ս. Էնֆիջանյանը, Գ. Մելիք-Ղարագյոզյանը և Ք. Վերմիշյանը, որով և վերջ գտավ կոալիցիան: Նրանց տեղը նշանակվեցին՝ ելևմտական նախարարա՝ Գ. Ջաղեթյանը, պարենավորման՝ Ս. Թորոսյանը, հանրային կրթության՝ Ս. Տիգրանյանը և արդարադատության՝ Հ. Չմշկյանը: Այս վերջինը անդամ էր Ժողովրդական կուսակցության, բայց Ս. Հարությունյանը քայլից հետո բողոքեց ու հեռացավ կուսակցությունից: Ս. Տիգրանյանի հանրային կրթության նախարար նշանակվելով՝ արտաքին գործոց նախարարությունը անցավ փոխվարչապետ Խատիսյանին: Այս փոփոխությունը որևէ անդրադարձում չունեցավ կառավարական քաղաքականության վրա:

Ժողովրդականների վարմունքը, սկզբի շրջանում, դժվար էր բացատրել. վերջ ի վերջո, ի՞նչ էր կատարվածը Մայիսի 28-ին, ինչո՞վ կարող էր վնասել Հայաստանի միջազգային դիրքին, ինչ սարսափելի հետևանքներ կարող էր տալ ներքին կյանքում: Ոչի՛նչ: Լավագույն դեպքում, նա կարագացներ Երևանի ու Փարիզի մերձեցումը ու կհամախմբեր բովանդակ հայ ժողովրդի կամքը Հայաստանի շուրջ, վերջ կտար ներքին պառակտումին, կբարձրացներ հայ ժողովրդի հոգեկան կորովը և կամրացներ Հայաստանի դիրքը հարևանների աչքին. վատ դեպքում՝ կմնար մեռած տառ: Ի՞նչ պատճառ կար այդքան հուզվելու, իրար անցնելու և, նույնիսկ, կառավարությունից դուրս գալու:

Շատ չանցած, սակայն, առեղծվածը լուծվեց, և լուծումը գալիս էր բոլորովին չսպասված կողմից: Շուտով հայտնի դարձավ, որ ժողովրդականների քայլը թելադրված էր Փարիզից: Հայտնի դարձավ, որ շատ ուրիշ բաներ, որոնց մասին Հայաստանում, այն ժամանակ, ոչ ոք ոչինչ չգիտեր: Հաշտության պատվիրակությունը Եվրոպա ուղարկելուց հետո, Հայաստանի գործիչները այնքան էին ծանրաբեռնվել ու կլանվել երկրի ներքին աշխատանքներով, որ ո՛չ ժամանակ ունեին, ո՛չ էլ տրամադրություն զբաղվելու փարիզյան անց ու դարձերով: Պետք է ասել, որ հնարավորություն էլ չունեին, Փարիզը շատ էր հեռու ու կտրված Երևանից: Ի՞նչ էր կատարվում այնտեղ՝ Երևանում գրեթե ոչինչ հայտնի չէր: Թիֆլիսը ավելի արագ և անմիջական հարաբերության մեջ էր Փարիզի հետ և ավելի էր իրազեկ այնտեղի դեպքերին: Եվ Հայ ժողովրդական կուսակցության կենտրոնական կոմիտեն, Թիֆլիսում, ավելի շատ ականջ էր դնում Փարիզին, քան թե Երևանին: Իսկ Փարիզում այդ օրերին հետաքրքրական դեպքեր էին տեղի ունենում:

Ինչպես հայտնի է, զինադադարից մոտ 3 շաբաթ վերջը, 1918թ. նոյեմբերի 30-ին, Պողոս Նուբար փաշան հրատարակել էր հետևյալ հայտարարությունը. «Հայկական ազգային պատվիրակությունը, պատասխանելու համար հայ ազգի միակամ իղձին, որի մեկ մասը արդեն իսկ իբրև անկախ հանրապետություն կազմված է, հայտարարում է ամբողջական Հայաստանի անկախությունը, Կիլիկիայով միասին, Համաձայնական պետությունների և Միացյալ Նահանգների հովհանավորության տակ, կամ Ազգերու Դաշնակցության, երբ այն կազմվի»:

Միաժամանակ, Ազգային պատվիրակությունը ձեռնարկել էր ամբողջական Հայաստանի սահմանների ճշտորոշմանը: «Թայմսի» դեկտեմբերի 31-ի համարում հրատարակվեց Պողոս Նուբարի հայտարարությունը Հայաստանի անկախության և սահմանների մասին: Նույնտեղ դրված էր և անկախ Հայաստանի քարտեզը, որի վրա Ռուսահայաստանի սահմանները ցույց էին տրված խիստ համեստ չափերով, մինչդեռ Թուրքահայաստանի կազմում մտցված էին ոչ միայն Վանը, Բիթլիսը, Մուշն ու Կարինը, այլև Սվազը, Ադանան, Ալեքսանդրետը, Դիարբեքիրը և մի ահագին կտոր Սև ծովի եզերքից՝ Սամսոնի և Բաթումի միջև: Ազգային պատվիրակության նախագահը հավատացած էր, որ Հայաստանը նման սահմաններում կարող էր իրականություն դառնալ մի քանի ամիսների ընթացքում: Առհասարակ, սահմանների հարցը ընդհանուր զբաղումի առարկա էր արտասահմանում: Շատերը նույնիսկ Պողոս Նուբարի գծած սահմանները գտնում էին անբավարար և պահանջում էին նորանոր գավառներ մտցնել Հայաստանի մեջ:

Ապա՝ Ազգային պատվիրակությունը, շարունակելով հանդերձ, հանուն հայ ազգի, քաղաքական հետապնդումները Եվրոպայում, ծրագրել էր հրավիրել ազգային մի համագումար՝ որոշելու համար «հայ ազգի միակամ իղձերը»: Համագումարի նախապատրաստությունները զուգադիպեցին Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախագահ Ա. Ահարոնյանի Եվրոպա հասնելուն, փետրվարի 4-ին: Այս վերջինի երևալը Փարիզում առաջ բերեց լուրջ դժգոհություն Ազգային պատվիրակության շրջանակներում, որոնք Հայաստանի Հանրապետության անունն իսկ դժկամությամբ էին լսում և ավելի սիրով փոխարինում էին «Արարատյան Հանրապետություն» դարձվածքով. Արարատը հո Հայաստան չէ՞ր, և ի՞նչ իրավունք ունեին Երևանի այդ ինչ-որ անհայտ մարդիկ Հայաստանի կառավարություն կոչելու իրենց և ինչ-որ պատվիրակություն ուղարկելու պետությունների մոտ: Չէ՞ որ «ազգի միակամ իղձը» արտահայտող պատվիրակությունն արդեն կար և ներկայացված էր ո՛չ թե գավառցի վարժապետ-բանաստեղծով, այլ տիտղոսավոր և հանրահռչակ մի անձով, որի հոր արձանը կանգնած էր խդուների երկրում, իսկ իր առջև բաց էին Եվրոպայի բոլոր դռները:

Մյուս կողմից, ՀՀ պատվիրակության ներկայացուցիչն էլ՝ համակված իր դիրքի ու պաշտոնի վեհության գիտակցությամբ՝ չէր զիջում լիաբուռն հարգանքի տուրքը մատուցանել փաշայական և էֆենդիական սնապարծության:

Այդ պատճառով, Ազգային և Հանրապետական պատվիրակությունների ջուրը հենց սկզբից միևնույն առվով չգնաց: Առաջին իսկ օրից սև կատու անցավ նրանց միջև, և թեև, ժամանակի ընթացքում, կարելի եղավ ստեղծել ձևական գործակցություն և աշխատանքի ընդհանուր ճակատ, հոգեկան մոտիկությունը, անկեղծությունն ու հարաբերությունների շիտակությունը մինչև վերջ էլ բացակայեցին: Ո՞վ էր մեղավորը, կամ, ավելի ճիշտ, ո՞ր կողմն էր ավելի մեղավորը այդ հիվանդոտ դրության համար՝ մինչև այսօր էլ մեկը ամբաստանում է մյուսին: Եվ քանի երկու պատվիրակությունների գործունեության մանրամասն տեղեկագրերն ու վավերագրերը չեն հրատարակվել, անկարելի կլինի ճշտել պատասխանատուներին ու պատասխանատվության չափը, ինչպես, առհասարակ, պատմության ա՛յս փուլի մեջ և ներկա տվյալներով դժվար է պատասխանատվությունների ճշտումը: Բայց մեր գործի համար այդ այնքան կարևոր էլ չէ, էականը փաստի արձանագրությունն է՝ եզրակացությունը թող ուրիշներն անեն: Իսկ փաստը՝ մթնոլորտը Փարիզում լավ չէր:

Ազգային համագումարը կոչված էր մաքրելու այդ մթնոլորտը և ազգային գործերը դնելու առողջ հիմքի վրա, բայց հաջողություն չունեցավ. նա ոչ իր կազմով, ոչ էլ մտայնությամբ կարող էր նման դեր կատարել:

Նախ կազմը: Համագումարը ներկայացված էր հետևյալ ձևով. Պոլիս՝ Եղիշե արքեպիսկոպոս Դուրյան, պրոֆեսոր Ա. Տեր-Հակոբյան, դոկտոր Ա. Բարսեղյան, Գ. Սինապյան, Պողոս բեյ Մսրլը, Կովկաս՝ (արևմտահայ փախստականների կողմից) Վ. Փափազյան, Ա. Թերզիբաշյան, Լ. Շանթ, Եգիպտոս՝ դոկտոր Նևրուզ, Վ. Թեքեյան, Բուլղարիա՝ դոկտոր Սայան, Ս. Հինդլյան, Պարսկաստան՝ Հ. Խան-Մասեհյան, Մ. Վարանդյան, Անգլիա՝ Գ. Հակոբյան, Գ. Ֆնտքլյան, Հնդկաստան և Ճավա՝ Պողոս փաշա Նուբար, Շվեյցարիա՝ Գ. Նորատունկյան, Իտալիա՝ դոկտոր Ն. Տեր-Ստեփանյան, Վենետիկ՝ Հովհ. վարդ. Թորոսյան, Ռումելիա՝ Մ. Տերպետրյան, Ֆրանսիա՝ Ն. Խան-Ներսիսյան, Տ. Խան-Քելեկյան, Ամերիկա՝ Ե. Աղաթոն, Մ. Համբարձումյան, Զ. Մաթիկյան, Ա. Միքայելյան, Միջագետք՝ Ե. Դերվիշյան, պրոֆ. Ա.Խաչատրյան, Հալեպ և Այնթապ՝ դոկտ. Ալթունյան, Հունաստան՝ Հ. Մոստիչյան, անդամ Ազգային պատվիրակության՝ Ճ. Մալքոմ, Ամենայն Հայոց կաթողիկոսի Ամերիկայի ներկայցուցիչ՝ Գ. Փաստրմաճյան, հրավիրվածներ՝ Մ. Տամատյան, Ա. Չոպանյան, Ա. Հանըմյան, Մ. Ս. Դավիթ բեգ, պրոֆ. Կ. Թումանյան, ՀՀ պատվիրակությունից՝ Ա. Ահարաոնյան, Հ. Օհանջանյան՝ խորհրդակցական ձայնով:

Այս 4 տասնյակ անձերից քչերը կարող էին ասել, թե իրենք, որոշ չափով, արտահայտում էին Հայաստանի ժողովրդի բաղձանքները: Մեծ մասը վաղուց գաղութներում ապրող մարդիկ էին՝ բոլորովին անծանոթ երկրի պայմաններին և հայ ժողովրդի կացությանը: Նրանցից շատերը, անգամ ամենապատասխանատու դիրքեր գրավողները, Հայաստանի երեսն անգամ չէին տեսել, Հայաստանի աշխարհագրության, տնտեսական կարողություններին, ազգագրական կազմին ու շրջապատին իսկ տեղյակ չէին, և Հայաստանի մասին ունեին աղոտ պատկերացում:

Հետո, տարօրինակ «ազգային» ներկայացուցչություն էր այդ. Շվեյցարիա, Իտալիա, Հնդկաստան, Միջագետք, Եգիպտոս՝ այդտեղի գաղութները գալիս էին «հայ ազգին միակամ իղձը» արտահայտելու: Ի՞նչ իրավունքով: Ո՞վ էր տվել նրանց լիազորություն խոսելու բովանդակ Հայաստանի և հայ ժողովրդի անունից:

Ավելին, հազիվ մեկ-երկու հարյուր ցաք ու ցրիվ հայեր ունեցող Իտալիան կամ Շվեցարիան «տվել էին» մեկական պատգամավոր, 30-40.000 հայ ունեցող Ռումելիան էլ՝ մեկ, Անգլիայի երկու զույգ, մեկ կենտ առևտրականները ուղարկել էին 2 մարդ, 2 մարդ էր «ուղարկել» և 100.000 անգամ ունեցող պարսկահայ գաղութը, այնինչ նույնքան հայ հաշվող Ամերիկան տվել էր 4 պատգամավոր:

Ժողովուրդ, աշխատավորությունից ընտրված մարդ այդ համագումարում շատ չկար. բեյ, փաշա, էֆենդի, եպիսկոպոս, հարուստ վաճառական, արհեստով ազգային գործիչ՝ ահա ովքեր էին հավաքվել «ազգին միակամ իղձը» արտահայտելու: Լավագույն դեպքում, եթե մի պահ հրաժարվելու լինենք բոլոր ժողովրդապետական նախապաշարումներից, այդ հավաքույթը կարող էինք կոչել «գաղութահայ» համագումար, բայց «ոչ ազգային»: Առավելաբար գաղութահայությունն էր խոսում նրա մեջ՝ անպատասխանատու, զառանցող, անհող ու սնապարծ: Որպես անհատ, նրա բոլոր ժողովականներն էլ հարգելի և հայրենասեր մարդիկ էին, իհարկե, բայց այդքան միայն:

Առաջ բերեք համագումարի արդյունքները այնպես, ինչպես որ ներկայացված են պաշտոնական հրատարակությամբ:

«Ահավասիկ համագումարի նախապատրաստական հինգ նիստերին և պաշտոնական բացումից մինչև փակումը, այն է՝ փետրվարի 24-ից մինչև ապրիլի 22-ը գումարված 38 նիստերին, ընդամենը 43 նիստերին կատարված աշխատանքների համառոտ  ամփոփումը:

  1. Ընտրության համագումարի դիվանի: Ընտրվեցին՝ նախագահ վսեմ. Գ. Նորատունկյան, դեր-նախագահներ պպ. պրոֆ. Տեր-Հակոբյան և Ա. Չոպանյան, ատենադպիրներ՝ պպ. Վ. Թեքեյան և Ն. Տեր-Ստեփանյան. վերջինիս հրաժարվելուց հետո՝ պ. Ֆնտգլյան:
  2. Քննություն և վավերացում համագումարի ներքին կանոնագրի:
  3. Քննություն և վավերացում ժողովի իրավասության և աշխատանքների ծրագրի:
  4. Վավերացում նախապես պատրաստված և խաղաղության վեհաժողովին ներկայացված Հայկական պահանջների հիշատակագրի:
  5. Զեկուցում Ազգային պատվիրակության նախագահ վսեմ. Պողոս Նուբար փաշայի՝ Պատվիրակության սկզբից մինչև այժմ կատարած աշխատանքների և ստացած արդյունքների վերաբերյալ:
  6. Քննություն և վավերացում Թուրքիայի և Կովկասում հայ ազգի՝ այս պատերազմի ընթացքում կոտորածների, տեղահանության և այլ աղետների հետևանքով կրած վնասների հատուցման վերաբերող Հիշատակագրին, որ ներկայացվեց Խաղաղության վեհաժողովին և, որի համաձայն, վերոհիշյալ վնասի ամբողջական գումարը 19 միլիարդ 130 միլիոն 982 հազար ֆրանկ է: Այդ գումարից 14 միլիարդ 598 միլիոն 510 հազարը արևմտյան հայոց պահանջների, մնացյալ 4 միլիարդ 532 միլիոն 472 հազարը՝ արևելյան հայոց պահանջների համար:
  7. Քննություն և վավերացում ելևմտական հանձնաժողովի կողմից Ազգային պատվիրակության առաջիկա վեց ամսվա գործունեության համար պատրաստված ելևմտացույցի, որի համաձայն ազգային զանազան կարիքների համար նվազագույն 15 և առավելագույն 30 միլիոն ֆրանկի ծախսվելիք գումար է նախատեսվում հասույթի զանազան եղանակների առաջարկությամբ, որոնց հարմարագույն գործադրությունը հանձնված է նոր Ազգային պատվիրակությանը:
  8. Քննություն և վավերացում հատուկ հանձնաժողովի կողմից պատրաստված նոր Ազգային պատվիրակության տրվելիք ուղեցույցներ (դիրեկտիվ) ծրագրին, որի մեջ մանրամասնված են պետությունների հետ բանակցությունների ընթացքում պատվիրակության հետևելիք ուղղությունն ու դնելիք պահանջները՝ հիմնված Հիշատակարգի գլխավոր սկզբունքների վրա:
  9. Քննություն և վավերացում Հայկական լեգեոնի ներկա վիճակի, կամավորների վերստին հանձնառագրումի և լեգեոնի ապագա գործածության հարցերի մասին հատուկ հանձնաժողովի կողմից բերված առաջարկների:
  10. Քննություն Պատվիրակության տրվելիք ուղեցույցների առթիվ վերապահված հավելվածական մասի, որով կփափագվեր համագումարի ընթացքում իսկ հնարավոր դարձնել թուրքական և ռուսական Հայաստանների միացումը՝ միակ ներկայացուցչության և միակ կառավարության ստեղծմամբ: Հետո բազմաթիվ խորհրդակցություններով որոշվեց սույն խնդրի իրականացումը հանձնել նորընտիր Պատվիրակությանը՝ ըստ ուղեցույցների տրամադրության:
  11. Ընտրություն ապրիլի 2-ի նիստում Հայ ազգային պատվիրակության՝ բաղկացած վեց անդամից, որ, համաձայն նոր պատվիրակության համար ընդունված ուղեցույցների, Հայ Հանրապետության պատվիրակության հետ կազմում է «Ամբողջական Հայաստանի Պատվիրակությունը» և նրա հետ միասին պիտի աշխատի ձեռք բերել հիշատակարգով բանաձևած հայկական պահանջների գործադրությունը և պիտի հետապնդի ազգային դատին հարակից բոլոր հարցերի բարվոք լուծումը: Նորընտիր Պատվիրակության անդամ ընտրվեցին՝ վսեմ. Պողոս փաշա Նուբարը, պպ. պրոֆ. Տեր-Հակոբյանը, Ա. Չոպանյանը, Գ. Փաստրմաճյանը, դոկտ. Հ. Նևրուզը, Վ. Թեքեյանը:
  12. Քննություն Հայկական Վնասի Հատուցման Հիշատակագրի վրա ավելացվելիք նոր հուշագրի՝ վնասի պատասխանատվության և գանձման վերաբերյալ: Սույն հուշագրի ամբողջացումն ու առաքումը հանձնվեց Պատվիրակությանը:
  13. Ընտրություն, համաձայն համագումարի իրավասությունն ու գործունեությունը ճշտող ծրագրի, մի հանձնաժողովի, որի պաշտոնն է մոտավոր փոխանցամն շրջանի համար Հայաստանի վարչական կազմը ճշտող առժամյա ծրագիր կազմել և այն ենթարկել համագումարի վավերացմանը, երբ համագումարը վերստին ի նիստ հրավիրվի Պատվիրակության կողմից, ինչպես պատգամավոր է ընտրել այն ժամանակ, երբ Հայաստանի քաղաքական բախտի մասին խաղաղության վեհաժողովն իր որոշումը տա, կամ երբ Պատվիրակությունը հարկ համարի համագումարին դիմել ուրիշ որևէ անակնկալ հարկեցուցիչ պարագայի առջև»:

Օրակարգի նյութ կազմող և վերը թվարկած այս խնդիրներից զատ, համագումարը իր նստաշրջանի միջոցին զբաղվեց նաև մի շարք խնդիրներով, որոնցից հիշենք՝ հայկական հողամասերի զինվորական գրավման, Կիլիկիայում և Սիրիայում ապրող տարագիր հայ ժողովրդի ապահովության, Արևելյան Հայաստանի սովաբեկ հայ ժողովրդի պարենավորման, Կիլիկիայի համար բժշկական առաքելության, հիվանդանոցի կազմածների, դեղերի և զգեստեղենի, ինչպես նաև՝ Արևելյան Հայաստանի համար դեղերի առաքման խնդիրները: Սրանցից վերջիններին համագումարին գաջողվեց մասամբ գոհացում տալ Պատվիրակության տրամադրելի միջոցներով:

Համագումարը իր նստաշրջանի միջոցին դժբախտությունն ունեցավ լսելու Հալեպում հայերի վրա գործադրված կոտորածի գույժը, ինչպես նաև Իսկենդերուն և Ադանա գտնվող Հայկական լեգեոնի վաշտերում պատահած հույժ ցավալի դեպքերը: Համագումարը թե՛ Հալեպի կոտորածին և թե՛ մյուս պատահարներին կրկնության առաջն առնելու համար հնարավոր միջոցները խորհեց և դրանց գործադրությունը հանձնարարեց Պատվիրակությանը:

Ի բացառյալ Հայաստանի տնտեսական և քաղաքական կացության մասին Պատվիրակության հասած կարևոր տեղեկագրերի ընթերցումը, համագումարը լսեց, իր նստաշրջանի տևողության միջոցին, Ազգային պատվիրակության նախագահին և Հայկական Հանրապետության ներկայացուցչին Խաղաղության վեհաժողովի կողմից ունկնդրության զեկուցումը, Թուրքիայից և Կովկասից հասնող պատգամավոր և ոչ պատգամավոր ձեռնհաս հայրենակիցների բերանացի և գրավոր ընդարձակ զեկուցումները, ինչպես նաև գաղութներից եկած պատգամավորների՝ գաղութների հայկական կյանքի և գործունեության վերաբերյալ արած մանրամասն տեղեկատվությունները:

Համագումարը ստիպված էր նաև նկատի առնել Երուսաղեմի Ս. Հակովբյանց վանքի միաբանությունից հասած հեռագրական դիմումները և հանձնարարեց հիշյալ վանքի համար մատակարար մարմնի կազմությունը՝ համաձայն Երուսաղեմի զինվորական կառավարչի կատարած կարգադրության՝ նկատելով, որ Պոլսո պատրիարքությունը այս միջոցին ի վիճակի չէր այս հարցով զբաղվելու:

Այս առաջին նստաշրջանի փակման առթիվ, համագումարը պարտք համարեց իր եղբայրական ջերմ ողջույններն ուղղել Հայկական Հանրապետությանը՝ նրանում տեսնելով վեց հարյուր տարուց ի վեր առաջին անգամ վերազարթնող հայ ազատության հրճվառիթ պատկերը, և հոտնկայս իր խորին հարգանքն ու պաշտամունքը հայտնեց մեր ցեղի բազմաչարչար նահատակներին և այն բյուրավոր մարտիկների հիշատակին, որոնք իրենց հերոսական պայքարով պատրաստեցին հայկական դատի հաղթանակը:

Համագումարը որոշեց նաև, որ Դիվանը սույն առթիվ ուղարկի Համագումարի զգացումները հայտնող ուղերձներ՝ նախագահ Վիլսոնի, պպ. Կլեմանսոյի, Լլոյդ Ջորջի և Օրլանդոյի, կոչ դաշնակից ազգերին՝ լրագրերում հրատարակվելու համար և հեռագիր Հայ Հանրապետությանը, Երևան:

«Այս պահին, երբ համագումարը իր աշխատանքների գլխավոր մասը կատարելուց հետո դադարեցնում է իր Ա նստաշրջանը, նորընտիր Ազգային պատվիրակությունը՝ Հայկական Հանրապետության հետ ձեռնարկել է արդեն իրենից սպասված աշխատանքներ, և ուղեցույցների տրամադրության համաձայն, շուտով ամբողջացնելով իրեն գործակցելու կոչված Ներգաղթի, Ելևմտական, Պրոպագանդի և այլ գլխավոր հանձնաժողովների կազմությունը, պիտի պսակի, անշուշտ, համագումարին՝ իր վրա դրած հույսերը»:

Փակվելուց առաջ, համագումարը դաշնակից ազգերին ուղղեց մի կոչ, որով, «մեկ անգամ ևս հռչակում էր հայ ազգի կամքը իր ազատ հայրենիքն ունենալու՝ անկախ տերության մեջ իր բոլոր հողամասերի միացումով կազմված» և խնդրում է դաշնակից ազգերից՝ «իրենց ձայնը մերին միացնեն՝ պահանջելու համար հաշտության վեհաժողովից, որ փութացնեի հայկական հարցի լուծումը»:

Ապա մի հեռագիր էլ ուղղեցին Հայաստանի Հանրապետություն. «Փարիզում համախմբված Հայ համագումարը, իր առաջին նստաշրջանի փակման առթիվ, Հայկական Հանրապետություն է ուղղում իր եղբայրական խանդաղատագին ողջույնը: Սրտագին մաղթում ենք, որ ընդհուպ իրականանա Միացյալ Հայաստանի Հանրապետության կազմակերպությունը և լիահույս ենք, որ ձեր և մեր ջանքերով պետք է պսակվեն մեր իղձերը՝ ընդհանուր խաղաղության կնքման պահին՝ ազգային դատի կատարյալ հաղթանակով»:

Համագումարի պաշտոնական բանաձևերի մեջ, կարծես, ոչինչ արտակարգ բան չկար, ըստ էության նրանք նույնն էին, ինչ որ և Երևանի արևմտահայ համագումարի որոշումները: Ավելին, նրանք շատ կողմերով հիշեցնում էին և ա՛յն օրերին Հայաստանում տիրող տրամադրությունները: Սակայն, համագումարում արտահայտված ոգին, Ազգային պատվիրակության և պատգամավորներից շատերի բռնած դիրքը Հայաստանի Հանրապետության հանդեպ և Ազգային պատվիրակության ու ՀՀ պատվիրակության միջև ստեղծված փոխհարաբերությունները, վերջ ի վերջո, առաջ բերեցին այնպիսի մթնոլորտ, որ Ազգային պատվիրակությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու պատվիրակությունը դարձան, մի տեսակ ներհակ, մրցակից կողմեր: Համագումարի մեջ լսվում էին ուղղակի թշնամական ճառեր, որոնք Հայաստանի Հանրապետության գոյությունը համարում էին վնասակար հայկական դատի համար. «Արարատյան Հանրապետության» հարցը զուտ ռուսական հարց է, ասում էին նրանք, մինչդեռ հայկական խնդիրը վերաբերում է Թուրքահայաստանին: Ազգային համագումարը պետք է Ռուսահայաստանը թողնի իր ճակատագրին և ամբողջապես նվիրվի թուրքահայոց դատին՝ պահանջելով, ի հարկին, «Արարատյան Հանրապետության» կցումը Հայաստանին: ՀՀ պատվիրակությունը, երկվություն չստեղծելու համար, պարտավոր է քաշվել ասպարեզից կամ ենթարկվել Ազգային պատվիրակությանը:

Իր հերթին, ՀՀ պատվիրակությունը մեկնում էր իրական փաստից: Հայաստանի Հանրապետության գոյությունը իրողություն է, Հայաստանում ապրում է մեկ միլիոն ժողովուրդ: Երևանում կա Խորհրդարան, կառավարություն, բանակ: Երկիրը հետզհետե կազմակերպվում է պետականորեն: Մինչդեռ, Թուրքահայաստանը ամայի է, ո՛չ ժողովուրդ ունի, ո՛չ կառավարություն: Հետևաբար, անհրաժեշտ է ազգային բոլոր ուժերը կենտրոնացնել Հայաստանի Հանրապետության վրա, իբրև հայկական պետության կորիզի, և հայկական հարցի լուծումը դնել Հայաստանի երկու հատվածների միացման ձևով:

Կողմերը խոսում էին տարբեր լեզուներով և իրար չէին հասկանում: Այս տրամադրությունից օգտվում էին չարամիտ մարդիկ՝ թունավորելու համար գաղութահայ ազգայինների միտքը նրանով, որ իբր թե դաշնակցականներն են միայն այդպես մտածողները, դաշնակցական պարագլուխները, որոնք «Արարատյան Հանրապետությունը» գործիք են դարձրել իրենց կուսակցական նպատակների, ձգտում են բռնագրավել Թուրքահայաստանը, խլել Պողոս փաշա Նուբարից ազգային գործերի ղեկավարությունը և այլն: Քաղաքական ընդհանուր տեսակետների տարբերությունը, կուսակցական նեղմտությունը և անձնական նախանձն ու քենը Փարիզում առաջացրին խեղդիչ մթնոլորտ, որի թունավոր հոսանքները հետզհետե սկսեցին հասնել և Երևան:

Մայիս 28-ի հայտարարությունը բոլորովին անսպասելի էր Ազգային պատվիրակության համար: Պողոս Նուբարն ու իր գործակիցները սկզբունքով դեմ չէին նման քայլի: Ընդհակառակը, ինչպես տեսանք, դեռ նոյեմբերի 30-ին նրանք հայտարարել էին «ամբողջական Հայաստանի անկախությունը»: Եվ այժմ էլ գործում էին այդ ուղղությամբ, բայց նրանց զայրացնողը այն էր, որ հայտարարություն անողը Երևանն էր և ոչ իրենք, երկրորդ, որ Երևանի կառավարությունն ինքն իրեն հռչակում էր միացյալ Հայաստանի կառավարություն, այնինչ բոլոր մարդկային և աստվածային օրենքներով միացյալ Հայաստանի կառավարությունը պետք է կազմվեր Փարիզում և անպայման Պողոս փաշա Նուբարի նախագահության տակ:

Եվ հասկանալի է այն անսահման վրդովումը, որ Մայիսի 28-ի ակտը առաջ բերեց Փարիզում, ուր նա ընդունվեց, իբրև բռնաբարում Ազգային պատվիրակության իրավունքների: Պողոս Նուբարը, անմիջապես մղումով, ուզեց հրապարակային հայտարարությամբ բողոքել այդ ակտի դեմ, սակայն, ՀՀ պատվիրակության ներկայացուցիչների և ուրիշ ավելի պաղարյուն մարդկանց ստիպումով հետ կանգնեց այդ մտադրությունից: Եվ սկսվեցին բանակցություններ նրա և Ահարոնյանի միջև, որոնք տևեցին երկար: Այդ բանակցությունների համար Ավետիս Ահարոնյանը լիազորություն չուներ իր կառավարությունից, բայց, ընդհանուր առմամբ, ճիշտ էր ներկայացրել Երևանի տրամադրությունները: Բանակցությունների առարկա էին ամբողջական Հայաստանի կառավարության, Խորհրդարանի և պատվիրակության կազմության հարցերը: Պողոս Նուբարը պահանջում էր կազմել միացյալ Խորհրդարան՝ կեսը ռուսահայերից, կեսը թուրքահայերից և միացյալ կառավարություն՝ նույնպես կես առ կես: Կառավարության թուրքահայ անդամները պիտի նշանակվեին Ազգային պատվիրակության կողմից, ռուսահայերը՝ Հայաստանի օրվա կառավարությունից, Նախարարական տեղերը պետք է բաժանվեին փոխադարձ համաձայնությամբ, բայց վարչապետ պետք է լիներ անպայման Պողոս Նուբարը՝ մնալով միանգամայն և պատվիրակության նախագահ: Արտաքին գործոց և զինվորական նախարարները պետք է լինեին ոչ դաշնակցական: Քանի որ վարչապետը պիտի ապրեր Փարիզում, Երևանում պիտի նշանակվեր փոխանորդ: Ժամանակավոր կառավարության կազմությունից հետո Խորհրդարանին դադար պիտի տրվեր անորոշ ժամանակով, մինչև միացյալ Խորհրդարանի գումարումը: Միացյալ պատվիրակությունը պիտի կազմվեր Փարիզում՝ երկու կողմից չորսական կամ երեքական անդամով: Թուրքահայ անդամները պիտի նշանակվեին Պողոս Նուբարից, մյուսները՝ կառավարությունից: Պողոս Նուբարի նշանակված անդամները պետք է լինեին անփոփոխելի, և նույնիսկ միացյալ կառավարությունը իրավունք չպիտի ունենար նրանց հրաժարեցնելու մինչև հայկական հարցի լուծումը: Նոր պատվիրակության նախագահ պետք է լիներ Պողոս Նուբարը, որին պիտի տրվեին արտակարգ լիազորություններ:

Այս պահանջներից ՀՀ պատվիրակությունը ընդունում էր, որ կառավարությունն ու Խորհրդարանը կազմվեն կես առ կես թուրքահայերից ու ռուսահայերից, բայց վարչապետը անպայման պետք է ապրեր Հայաստանում, որ երկու պատվիրակությունները կարող են ձուլվել Պողոս Նուբարի գլխավորությամբ՝ պայմանով, որ նոր պատվիրակությունը ենթարկվի և պատասխանատու լինի կառավարությանը, որ պատվիրակության թուրքահայ անդամները կարող են նշանակվել Պողոս Նուբարի կողմից, զինվորական նախարարը կարող է լինել անկուսակցական և այլն:

Ինչպես տեսնում ենք, տարածությունը երկու տեսակետների միջև բավական լայն էր:

Ի վերջո, երկու պատվիրակությունների նախագահների ստորագրությամբ հեռագիր տրվեց Երևան, որով առաջարկվում էր չձեռնարկել կառավարության և Խորհրդարանի վերակազմության և սպասել Փարիզից ուղարկվելիք պատգամավորներին, որոնք այդ առթիվ նոր առաջարկություններ էին բերելու: Հայաստանի կառավարությունը սիրով ընդառաջեց այս առաջարկությունը:

***

Մինչ Փարիզ պատվիրակությունները հուզվում ու բանակցություններ էին վարում, Հայաստանում տեղի էին ունենում խորհրդարանական ընտրություններ, որոնք ձեռնարկվեցին Հայաստանի խորհրդի փետրվարի 28-ի միջադեպից հետո: Մարտի 12-ին կառավարությունը որոշեց Խորհրդարանի ընտրությունների համար հիմք ընդունել համառուսական Սահմ. ժողովի ընտրական օրենքը Անդրանիկ. առանձին կոմիտեի մտցրած փոփոխությունններով, ամբողջ երկիրը դարձնել մեկ ընտրական շրջան, թուրքահայերին տալ ընտրական իրավունք և այլն: Այս որոշման հիման վրա մշակվեց «Օրենք Հայաստանի խորհրդարանի ընտրությանց», որով յուրաքանչյուր 20 տարին լրացած քաղաքացի, առանց սեռի, կրոնի ու ցեղի խտրության իրավունք ուներ մասնակցելու ընտրություններին, որոնք պիտի կառավարեին ընդհանուր, գաղտնի, հավասար, ուղղակի և համապատասխան քվեարկությամբ: Խորհրդարանի անդամների թիվը սահմանվում էր 80: Ընտրությունները վարելու համար ստեղծվում էին կենտրոնական գավառական, շրջանային, քաղաքային, գյուղական և թաղամասյին ընտրական հանձնաժողովներ. կենտրոնական հանձնաժողովը նշանակվում էր Հայաստանի Խորհրդից, իսկ մնացածները՝ իրենցից գերադաս հանձնաժողովներից:

Հայաստանի Խորհուրդը նշանակեց ընտրական կենտրոնական հանձնաժողով, և այս վերջինն անցավ գործի: Նշանակեց գավառական ընտրական հանձնաժողովներ, հանձնաժողովի նախագահներ ու ընտրական հրահանգիչներ և գավառներ ուղարկեց ժողովրդական թերթիկներ՝ մանրամասն հրահանգներով: Ապրիլի 25-ից Հայաստանի բոլոր վայրերում սկսվեց ընտրողների ցուցակագրությունը. քվեի իրավունք ունեցողների ընդհանուր թիվը դուրս եկավ, առանց Կարսի և Շարուր-Նախիջևանի՝ 365, 780 հոգի: Խորհրդարանի ընտրությունների համար կազմվեց հետևյալ ժամանակացույցը.

Մայիսի 12՝ ընտրողների ցուցակների հայտարարման վերջնական ժամանակը:

Մայիսի 22՝ թեկնածուների ցանկը ներկայացնելու վերջին օրը:

Մայիսի 2՝ ներկայացված թեկնածուների ցանկի հայտարարության վերջին պայմանաժամը:

Հունիսի 6՝ վերջնական ժամանակը թեկնածուների ցանկ ներկայացնող ընտրողների հայտարարության՝ ցանկերը միացնելու մասին:

Հունիսի 11՝ ընտրողների ցանկերի երկրորդ հայտարարության վերջին օրը:

Հունիսի 21, 22, 23՝ ընտրություններ Հայաստանի բոլոր վայրերում:

Խորհրդարանի ընտրությունների համար ներկայացվեց թեկնածուների յոթը ցուցակ.

Հ.  Յ. Դաշնակցություն՝ 120 թեկնածու,

Հայ ժողովրդական կուսակցություն՝ 65 թեկնածու,

Սոցիալիստ հեղափոխոխական կուսակցություն՝ 35 թեկնածու,

Քրդական ցանկ՝ 2 թեկնածու,

Ասորական ցանկ՝ 3 թեկնածու,

Անկուսակցական գյուղացիական միություն,

Թուրքական ցանկ:

Նախընտրական պայքարն արդեն սկսված էր, երբ թիֆլիսցիների և երևանցիների միջև ծագած կուսակցական ներքին անհամաձայնությունների հետևանքով Հայ ժողովրդական կուսակցությունը թեկնածուների ցանկը ներկայացնելուց և ընտրական աշխատանքներ ձեռնարկելուց հետո, սնոտի պատրվակներով, հրաժարվեց մասնակցելուց: Հունիսի 20-ին հետ պահանջեց իր ցուցակը և սկսեց պայքար մղել խորհրդարանական ընտրությունների դեմ: Այդ պայքարում նա հենվում էր, գլխավորապես, Պողոս Նուբարի բռնած բացասական դիրքի վրա: Պողոս Նուբարը դժգոհ էր, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ էին կատարվում. Հայաստանը նրա աչքին մի գավառ էր սոսկ, ուր կարող էր գոյություն ունենալ տեղական իշխանություն և ոչ թե խորհրդարան:

Նախընտրական պայքարը եղավ բավական տաք. ժողովներ, թռուցիկներ, ընտրական ցուցատախտակներ, կոչեր, անհաշիվ հոդվածներ թերթերում: Կուսակցական գործիչները շրջում էին գյուղից գյուղ ու քաղաքից քաղաք և աշխատում ժողովրդականացնել իրենց թեկնածուների ցանկը՝ ճիշտ և ճիշտ Եվրոպայի և Ամերիկայի օրինակով:

Ամենից լայն ժողովրդականություն վայելողը, բնականաբար, Հ. Հ. Դաշնակցության ցանկն էր և նրա նշանախոսքերը. Հ. Հ. Դաշնակցությունը պահանջում էր «Միացյալ և անկախ Հայաստան», «Ամբողջ իշխանությունը աշխատավոր ժողովրդին», «Հողը աշխատավորին», «Գործը՝ գործազուրկին», «Հաց ժողովրդին», «Ժողովուրդների համերաշխություն և եղբայրություն»:

Ամենից լայն ժողովրդականություն վայելողը, բնականաբար, Հ. Յ. Դաշնակցության ցանկն էր և նրա նշանախոսները՝ Դաշնակցությունը պահանջում էր «Միացյալ և Անկախ Հայաստան», «Ամբողջ իշխանությունը աշխատավոր ժողովրդին», «Հողը աշխատավորին», «Գործը՝ գործազուրկին», «Հաց ժողովրդին», «Ժողովուրդների համերաշխություն և եղբայրություն»:

Ընտրությունները տեղի ունեցան նշանակված ժամանակին և արդյունքը եղավ.

Դաշնակցություն՝  230 272 քվե – 72 պատգամավոր,

Սոցիալիստ հեղափոխականներ՝  13 239 քվե – 4 պատգամավոր,

Թուրքեր՝ 8 187 քվե – 3 պատգամավոր,

Անկուսակցական գյուղացիական միություն՝ 4 224 քվե – 1 պատգամավոր,

Քրդական ցուցակ՝ 1305 քվե – ոչ մի պատգամավոր,

Հայ ժողովրդական կուսակցություն՝ 481 քվե – ոչ մի պատգամավոր,

Ասորիներ՝ 178 քվե – ոչ մի պատգամավոր:

Նորընտիր խորհրդարանի բացումը տեղի ունեցավ 1919թ. օգոստոսի 1-ին: Բացումից առաջ խորհրդարանի շենքում տիրում էր եռուզեռ: Կուսակցական ֆրակցիաները կատարում էին նախապատրաստական աշխատանքներ: Բոլորի ուշադրությունը, բնական կերպով, կենտրոնացած էր ՀՅԴ ֆրակցիայի վրա, որ ամեն օր գումարում էր երկարատև նիստեր, ուր քննության էին առնվում բազմաթիվ ընդհանուր՝ սկզբունքային և ընթացիկ, գործնական հարցեր: Ամենից շատ զբաղեցնող խնդիրը երկրի ներսը և ճակատներում տիրող լարված դրությունն էր, որի մեղմացման համար մտածվում էին մի շարք միջոցներ:

Այդ խորհրդակցությունների ժամանակ լուծվեց և ֆրակցիայի ու կառավարության փոխհարաբերության հարցը. վարչապետը նշանակվելու էր ֆրակցիայից՝ կուսակցական բարձրագույն մարմնի հավանությամբ. կառավարությունը պետք է լիներ պատասխանատու խորհրդարանի և ֆրակցիայի առջև. ֆրակցիան իր հրահանգները պիտի ստանար կուսակցության բարձրագույն մարմնից:

Նշանակվեցին թեկնածուներ խորհրդարանի նախագահության հինգ անդամների՝ մեկ նախագահ, երկու փոխնախագահ, ավագ ու կրտսեր քարտուղարներ: Քննվեց և հաստատվեց կառավարության հայտարարության նախագիծը, որից հետո որոշվեցին վարչապետության և նախարարության թեկնածուները: Կառավարության վերակազմությունը հանձնարարվեց Ալեքսանդր Խատիսյանին, որը իր հրավիրելիք նախարարների ցանկը պիտի ներկայացներ ֆրակցիային՝ ի հաստատություն: Կազմվեց խորհրդարանական ֆրակցիայի նախագահություն՝ Արշակ Ջամալյան, Վահան Խորենի և Սիմոն Վրացյան:

Բացումը եղավ հանդիսավոր, խորհրդարանի ավագ անդամ Ավետիք Սահակյանի նախագահությամբ, նախարարական ամբողջ կազմի, օտար ներկայացուցիչների և բազմաթիվ հյուրերի ու հանդիսականների ներկայությամբ: Խորհրդարանի դահլիճը, ենթարկված հիմնական վերանորոգության, զարդարված էր դրոշակներով ու գորգերով:

Սահակյանի բացման հակիրճ ճառը ընդմիջվում էր բուռն ծափահարություններով:

«Քաղաքացինե՛րՄիացյալ Հայաստանի ներկայացուցիչներ: Ուղիղ մի տարի սրանից առաջ՝ օգոստոսի 1 –ինմեր երկիրը շրջապատված էր տաճկական [թուրքական] զորքերի երկաթե օղակովթշնամու սուրը կախված էր մեր գլխինմեր հայրենիքը դարձել էր բանտԵսորպեսնախագահ գերագույն Ազգային խորհրդիառաջին նիստինանխախտ հավատով և խորը համոզմունքով հայտարարեցիոր մեր հանրապետության նեղ հորիզոնըորի սահմանները խեղդում էին նրանպետք է ընդարձակվիմեր հերոս ու մարտիրոս ժողովուրդը պետք է լինի տերը իր փայփայած ու գուրգուրած հայրենիքի (ծափեր):

Այսօր երջանիկ եմ վկայելուոր իմ գուշակությունը ոչ միայն արդեն կատարված փաստև իրականություն է դարձելայլև մեր ժողովրդի կամքը սրբազանհայության երկու կեսերը գրկաբաց միացել են և հայտարարել մի պետություն՝ միացյալանկախ և ազատ Հայաստանորի պաշտպանության համար մենք երդվել ենք զոհել մեր կյանքը և կռվել մինչև վերջին շունչը (ծափեր):

Մենք հպարտանում ենք մեր նորածին պետությամբնա թույլ էհեռու է կատարյալ լինելուցբայց միացնում է իր ամբողջ հողամասըԺողովուրդը սիրում է իր երիտասարդ հանրապետությունընրա մեջ արմատացել է անկախության գաղափարընա երբեք չի բաժանվի նրանից և երբեք չի զիջիՃիշտ էմեր առջևՏաճկահայաստանի փակ դռների հետևմեր թշնամին շարունակում է կատարել իր մութ գործերը և ինտրիգներ է սերմանում այս կողմըմեր հանրապետության սահմաններումԲայց ես չեմ կասկածումոր մենք կճեղքենք այդ դուռը մեր մեծ դաշնակիցների հետ միասինկտիրենք մեր երկրինոր ցողված է անհամար մարտիրոսների և հերոսների արյունովՀայ ժողովրդի արյան դատըանկասկածպետք է ստանա իր նպաստավոր և արդար լուծումը.  այդ դատը մարդկության խղճի, պատվի և իրավունքների դատն է, մարդկային գոյության հարցն է, որ ոչ ոք չի կարող ժխտել… Երջանիկ և ոգևորված եմ ողջունելու մեր առաջին ընտրված խորհրդարանը այս պատմական վայրկյանին»:

Ապա ողջունեց դաշնակիցներին ու հարևան պետություններին, և «մեր փառապանած բանակը, որ հայրենասիրության անսահման անձնազոհությամբ կռվում է՝ պաշտպանելով մեր հայրենիքը արտաքին և ներքին թշնամիներից»: Խորհրդարանը խանդավառ ծափերով ու հոտնկայս ցույց արեց հայ զորքին:

Երկրորդ նիստում Խորհրդարանը կազմեց իր նախագահությունը: Փարիզից եղած դիմումի վրա, ձևական նախագահ նշանակվեց Ավետիս Ահարոնյանը, իսկ իրական նախագահներ՝ փոխնախագահներ ընտրվեցին Լևոն Շանթը և Սարգիս Արարատյանը, քարտուղարներ՝ Հ. Տեր-Հակոբյանը (ավագ) և Արամ Սաֆրաստյանն ու Ա. Տեր-Միքայելյանը:

Երրորդ նիստում՝ օգոստոսի 7-ին, 40 քվեով ընդդեմ 8-ի, վարչապետ կարգվեց Ալեքսանդր Խատիսյանը: Կազմվեցին խորհրդարանական 12 հանձնաժողովները, որոնց մեջ մտան բոլոր պատգամավորները: Որոշվեց Խորհրդարանի նիստերը գումարել շաբաթը երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերը:

Չորրորդ նիստում, օգոստոսի 10-ին՝ Հ. Արղությանի նախագահությամբ, վարչապետը հայտարարեց նոր կառավարության անդամների ցանկը՝ վարչապետ և արտաքին գործոց նախարար՝ Ա. Խատիսյան, ներքին գործոց և արդարադատության՝ Ա. Գյուլխանդանյան, պարենավորման և ելևմտական՝ Ս. Արարատյան, խնամատության և աշխատանքի՝ Ա. Սահակյան, հանրային կրթության և արվեստի՝ Ն. Աղբալյան, զինվորական՝ զոր. Ք. Արարատյան: Ցանկը վավերացվեց 37 քվեով 2-ի դեմ, որից հետո վարչապետը կարդաց կառավարական հայտարարությունը:

Ներկայացնելով Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքական բարդ դրությունը, թուրք-ազրբեջանյան դավերը, պարենավորման ու ելևմտական անկայուն վիճակը, անգլիական զորքերի մեկնումը Կովկասից, հայկական հարցի ընթացքը Հաշտության վեհաժողովում՝ հայտարարությունը երկարորեն կանգ էր առնում կառավարության անելիքների և վարելիք քաղաքականության վրա.

«Կառավարությունը պիտի ձգտե ստեղծել ամենամատչելի պետական վարկ շահագործելու և մտցնելու մի շարք տնտեսական ձեռնարկություններցույց տալ պետական օգնություն կարկտիցհեղեղիցմորեխից և այլ արհավիրքներից տնտեսապես քայքայված աշխատավոր դասակարգինամեն կերպ պիտի խրախուսի մասնավոր կապիտալի մուտքը մեր երկրի սահմաններըպիտի ապահովի նրա տարածումը և բնականոն զարգացումըհեռացնելու համար մեր երկրի ծանր ֆինանսական դրությունը:

Կառավարությունը պիտի ջանա կարգավորել հարկային սիստեմըկիրարկելով եկամտային հարկի պրոգրեսիվ սիստեմը՝ ուժեղացնելով ուղղակի հարկերը ի հաշիվ անուղղակի հարկիԿնքելով արտաքին փոխառություններ՝ պիտի փութացնի սեփական բոների հրատարակությունըԱշխատանքի ապահովության և պաշտպանության համար կառավարությունը մտադիր է հրատարակել ազատ բանվորական օրենսդրությունկիրարկել վարձատրության կենսական նորմաներըհիմնել աշխատանքի և արդյունաբերության տեսչություններհաշտարար ատյաններաշխատանքի բորսաներնպաստել բանվորական կազմակերպությունների ուժեղացմանըկռվել անգործության դեմ տնտեսական և արդյունաբերական ձեռնարկությունների միջոցով:

Ժողովրդական լուսավորության գործի մեջ կառավարությունը պիտի ղեկավարի հետևյալ սկզբունքով. ընդհանուր, պարտադիր, ձրի տարրական կրթություն: Ժողովրդական լուսավորության գործը պիտի հիմնված լինի աշխատանքի հիմունքների վրա: Կառավարությունը առանձնապես պիտի զարկ տա պրոֆեսիոնալ կրթությանը:

Արտաքին քաղաքականության մեջ կառավարությունը հավատարիմ պիտի մնա նույն քաղաքականության, որին հարած է եղել մինչև այժմ հայ ժողովուրդը, և այն հավատին, որ նա տածում է դեպի դաշնակից պետությունները. միաժամանակ կառավարությունը պիտի ջանա ստեղծել բարեկամական փոխհարաբերություններ հարևան պետությունների հետ և փոխադարձ համաձայնությամբ կարգավորել Հայաստանի սահմանների հարցը, որ հանդիսանում է միակ պատճառը շարունակական դժգոհության և թյուրիմացության: Ոչ մի դեպքում սահմանային վեճերը Հայաստանի և հարևան պետությունների միջև չպիտի լուծվեն զենքի ուժով:

Կառավարությունը մեր երկրի ներսում ձգտում է Հայաստանի Հանրապետության դեմոկրատական նպատակներին, աշխատելով իրականացնել բոլոր քաղաքական ազատությունները. այդ բանի համար կառավարությունը ենթարկում է հիմնական բարենորոգությունների վարչական ամբողջ կազմը՝ ձգտելով ազգայնացնել այն, մայրենի լեզուն գործածության մեջ մտցնելով, պիտի փութացնի զեմստվոն (գավառային ինքնավարությունը) և քաղաքային ինքնավարությունները:

Մեր երիտասարդ պետության կազմակերպման համար ազատություն պիտի տա լայն հասարակական-քաղաքական խավերին, պիտի կիրառի ազգային կուլտուրական լայն ինքնավարության սկզբունքը օտարացեղ ժողովուրդների վերաբերմամբ, առանց որի մեր երկիրը գոյություն ունենալ չէ կարող:

Հողային հարցի վերաբերյալ՝ կառավարությունը պիտի իրականացնի կալվածատիրական, եկեղեցապատկան, վանքապատկան և մասնավոր գինեգործական բոլոր հողերի ազգայնացումը, պիտի բաժանի այդ հողերը սակավահող գյուղացիությանը՝ ըստ աշխատանքի նորմայի և կարիքի:

Ժողովրդի տնտեսությունը բարձրացնելու համար կառավարությունը պիտի աշխատի զարկ տալ արդյունաբերական ուժերի զարգացմանը՝ ցույց տալով պետական աջակցություն քաղաքային ինքնավարության հիմնարկություններին և նրանց միություններին՝ իրենց քաղաքային և տնտեսական ձեռնարկությունների մեջ:

Կառավարությունը ամեն կերպ պիտի աջակցի կոպերատիվներին, ամեն տեսակի միություններին՝ այս ձևով խրախուսելով ժողովրդական նախաձեռնությունը գյուղատնտեսության և տնայնագործական արդյունաբերական վարկի շրջանում: Արդարադատության գործը ամուր հիմքի վրա դնելու համար կառավարությունը մտցնում է դատարաններում ընտրական սկզբունքը: Դատավարությունը պետք է հանրամատչելի լինի դատական ծախսերի տեսակետից: Գործավարությունը դատարանում պետք է տարվի պետական լեզվով, դատավարությունը՝ մայրենի:

Երկիրը արտաքին թշնամիներից պաշտպանելու համար պիտի հենվի որոշ հասակի պարտադիր զինվորական ծառայության վրա: Կազմակերպվում է ժողովրդական միլիցիա մշտական զորքի փոխարեն: Զորքը պիտի ազգայնացվի: Միջոցներ պիտի ձեռք առնվեն զորանոցների կյանքի առողջապահական պայմանների կարգավորման վերաբերյալ:

Կառավարությունը ամեն միջոցներ ձեռք պիտի առնի Հայաստանի սահմաններից դուրս մնացած հայերի վերադարձը իրենց հայրենիքը փութացնել՝ նախօրոք երկրի ներսում ապահովելով նրանց գոյությունը և ստեղծելով հարմարություններ նրանց համար:

Առանձնապես կառավարությունը պիտի ջանա մինչև ձմեռ գաղթեցնել նախկին տաճկահայ գաղթականներին իրենց հայրենիքը, հակառակ դեպքում ամեն կերպ պիտի ապահովեն նրանց:

Վերջապես, հերթական հարց է դառնում վերականգնումը Հայաստանի ավերակների: Այս գործի մեջ պիտի երևան գա դաշնակիցների ակտիվ գործունեությունը:

Առաջադրելով ապագա գործունեության այս ծրագիրը, որի հիմունքներն ու կետերը ես այստեղ ընդգծեցի, նոր կառավարությունը հայտարարում է, որ նա համառորեն պիտի ձգտի իրականացնել այն՝ հիմնվելով օրինականության վրա»:

Հաջորդ նիստերում այս հայտարարությունը առնվեց քննության և ընդունվեց՝ հակառակ Սոցիալիստ հեղափոխականների և անկուսակցական գյուղացիական պատգամավորների քվեների: Ընդիմադիրների կողմից Ա. Խոնդկարյանը երկար ու մանրակրկիտ վերլուծության ենթարկեց կառավարության հայտարարությունը՝ կանգ առնելով Հայաստանի պետականության թերի կողմերի վրա:

Ապա, Խորհրդարանն ու կառավարությունն անցան իրենց հերթական աշխատանքներին:

***

Ազգային պատվիրակության առաքելությունը Երևան հասավ հոկտեմբերի կեսերին: Նա բաղկացած էր Վ. Թեքեյանից (նախագահ) և դր. Ն. Տեր-Ստեփանյանից ու Սամ. Հարությունյանից: Այս վերջինի մասնակցությունը Ազգային պատվիարկության առաքելության՝ զարմանք ու տհաճություն առաջ բերեց Երևանում:

Քանի որ նույն օրերին Երևանում գումարված էր ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովը, Ազգային պատվիրակության հետ բանակցելու հարցն էլ հանձնվեց նրա քննությունը: Ընդհանուր ժողովը որոշեց, որ կառավարությունը սկսի բանակցությունները, և մշակեց այն պայմանները, որոնք հիմք պիտի ծառայեին կնքվելիք համաձայնության: Որից հետո կառավարությունը նշանակեց իր պատվիարկությունը՝ Ս. Վրացյան (նախագահ), Շ. Միսաքյան և Մ. Հարությունյան, և հոկտեմբերի 29-ին սկսեցին բանակցությունները, որոնք տևեցին մինչև նոյեմբերի 16-ը: Ինը նիստեր գումարվեցին, եղան և անպաշտոն հանդիպումներ: Կողմերը շատ ջանք թափեցին՝ գտնելու համար համաձայնության մի եզր, բայց հաջողություն չունեցան:

Բանակցությունների հիմք կազմեց Վ. Թեքեյանի հոկտեմբերի 21-ին Հայաստանի վարչապետին ներկայացրած հետևյալ գրությունը.

«Ծրագիր Հայ ազգային պատվիրակության ամբողջական Հայաստանի վարչական առժամյա կազմի մասին. Անդրկովկասյան Հայաստանի մեջ ներկայիս իրականապես (de faqto) գոյություն ունեցող Հայ հանրապետական կառավարության և նախկին Օսմանյան Հայաստանի հայերը ներկայացնող Ազգային պատվիրակության միջև կկնքվի համաձայնություն հետևյալ հիմունքներով.

Ա. Կառավարություն.-1. Կկազմվի առժամյա կառավարություն, որով նախարարական խորհուրդը բաղկացած կլինի 9-13 անդամից:

  1. Նախարարական խորհուրդի մեջ կմտնեն 4-6 արևելահայ և 4-6 արևմտահայ նախարարներ, յուրաքանչյուր կողմից համար հավասար թվով. պատերազմական նախարարի անձնավորությունը այս նկատողությունից դուրս կմնա:
  2. Նախարարական խորհուրդը նույնպես կես առ կես կկազմվի՝ առաջին կեսը դաշնակցական և երրորդ կեսը ժողովրդական և ռամկավար անդամներից: Պատերազմական նախարարը անկուսակցական է և կանվանվի երկու կողմերի համաձայնությամբ:
  3. Վարչապետը կլինի արևմտահայ, որ կներկայացվի Ազգային պատվիարկության կողմից: Հանրապետության ներկա Խորհրդարանը կվավերացնի վարչապետի պաշտոնը:
  4. Ըստ որում վարաչպետը Փարիզ կմնա իբրև նախագահ Խաղաղության համաժողովի մեր Հայկական պատվիրակության (տե՛ս հետագա գլուխը), նախարարական խորհրդում իր անձնավորությունը հաշվի կառնվի՝ թվի, հատվածի և հոսանքի տեսակետներից:
  5. Վարչապետի Փարիզ մնալու պատճառով հանրապետության Խոհրդարանը կընտրի դեր-վարաչպետ (vice-president), ով և ինչ հատված ու հոսանք որ ինքն է ուզում: Դեր-վարաչապետի ներկայացրած հատվածն  ու հոսանքը հաշվի կառնվի նախարարական խորհրդի կես առ կեսի կազմի մեջ:
  6. Նախարարական մյուս թղթապանակները կբաշխվեն կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Նրանց հատկացումը կմտնի կնքվելիք վերջնական համաձայնագրի մեջ:
  7. Եթե որևէ պատճառով նախարար պակասի, իր հաջորդը կնշանակվի միևնույն հատվածից և հոսանքից և միևնույն եղանակով, որով նշանակված էր պակասող անդամը:

9. Նախարարական խորհրդի անդամներից դաշնակցական հոսանքի պատկանող կես մասը կնշանակվի ներկա Խորհրդարանի մեջ մեծամասնություն կազմող նույն կուսակցության խմբակցությունից (fraction), կամ ուրիշ որևէ պատասխանատու մարմին՝ թե արևելահայ և թե արևմտահայ դաշնակցական նախարարների վերաբերյալ: Գալով մյուս կեսը կազմող մասին՝ նրանցից արևմտահայ նախարարները կներկայացվեն Ազգային պատվիրակության կողմից և արևելահայ նախարարները՝ Ժողովրդական կուսակցության պատասխանատու մարմնի կողմից:

  1. Նախարարական խորհուրդը արտաքին թե ներքին քաղաքականության վերաբերյալ և բացառիկ կարևորություն ունեցող որոշումներ տալու ժամանակ,  ինչպես պատերազմի հայտարարության և հաշտության կնքում, խորհրդարանական ընտրություններ, ընկերային բարենորոգումներ և այլն, կփնտրի բոլոր անդամների թվի վրա 7-ի, եթե 9 է այդ թիվը, և 10-ի, եթե 13 է, մեծամասնությունը:
  2. Եթե նախարարական խորհուրդը պետք ունենա հրահանգներ տալու պատվիրակությանը, այդ հրահանագները քվերակված կհամարվեն միայն այն ժամանակ, երբ նախարարների երկու-երրորդը միաբանած են որոշման վրա: Այս պարագային կդիմվի նաև արտասահման կամ այլուր բացակա գտնվող վարչապետի և ուրիշ նախարարների ձայնին:

Բ. Պատվիրակություն.- 1. Ամբողջական Հայաստանի միացյալ կառավարությունը կունենա մեկ պատվիրակություն, որ կներկայացնի հայ ազգը Խաղաղության համաժողովին:

  1. Պատվիրակությունը բաղկացած կլինի 7 անդամից, որոնցից 4-ը՝ արևմտահայ և 3-ը՝ արևելահայ:
  2. Պատվիրակության նախագահն է հանրապետության կառավարության վարչապետը:
  3. Պատվիրակության կազմում՝ մի կողմից Դաշնակցական կուսակցությունը և մյուս կողմից՝ ոչ դաշնակցականները, ներկայացված կլինեն հավասար թվով, այսինքն՝ 3 առ 3. նախագահ վարչապետը, իբրև անկուսակցական, դուրս կմնա ուժերի այս հարաբերությունից:
  4. Պատվիրակությունը, նման կառավարության, կմնա անփոփոխելի մինչև Ամբողջական Հայաստանի Խորհրդարանի գումարումը, անդամների պակասելու պարագայում՝ նրանց հաջորդները կորոշվեն նույն հատվածից և հոսանքից և նույն եղանակով, ինչպես եղած էր պակաս անդամի համար:
  5. Պատվիրակության արևմտահայ անդամները կառնվեն Արևմտահայ ազգային համագումարի կողմից ընտրված ներկա Ազգային պատվիրակության անդամներից՝ պահելով այնտեղ ներկայացված հոսանքների համեմատությունը. այն է՝ 2 ոչ դաշնակցական և մի դաշնակցական, ի փոխարեն 3 արևելահայ անդամները կորոշվեն հանրապետության ներկա Խորհրդարանի կողմից. այսպես՝ 2 դաշնակցական և մի ժողովրդական. սույն վերջինը կընտրվի և ցույց կտրվի ժողովրդական կուսակցության պատասխանատու մարմինի կողմից:
  6. Պատվիրակությունը լայն իրավասություն կունենա բանակցելու Դաշնակից պետությունների և Խաղաղության համաժողովի հետ և հետապնդելու՝ համաժողովին ներկայացված հիշատակագրի սահմաններում հայկական դատի լուծումը:
  7. Պատվիրակությունն ինքն է նշանակում, երբ պետք լինի, վերոհիշյալ պետությունների մոտ Հայաստանի դեսպաններին: Եթե կառավարությունը պետք զգա նույն պետությունների մոտ քաղաքական առաքելություններ ուղրկել, նախապես կստանա այդ մասին պատվիրակության հավանությունը:
  8. Պատվիրակությունը, նման կառավարության, իր գործունեության համար պատասխանատու է Ամբողջական Հայաստանի Խորհրդարանին:

Գ. Խորհրդարան.-1. Հանարպետության ներկա Խորհրդարանը սույն համաձայնագիրը վավերացնելուց հետո, երբ նրա հիման վրա կազմված նոր առժամանակյա կառավարությունը կձեռնարկի իր պաշտոնին, ինքն իրեն լուծված կհռչակի՝ տալով իր օրենսդրական իրավունքերը առժամանակյա կառավարության և պարտք դնելով նրա վրա շուտով մշակել ընտրությունների հրահանգը և ընտրել տալ Ամբողջական Հայաստանի Խորհրդարանը:

  1. Ամբողջական Հայաստանի Խորհրդարանը, որը իսկապես նախա-Խորհրդարան (Prè-Parlement) է, կգործի մինչև Սահմանադիր ժողովի (Constituante) գուրմարումը, որ միմիայն հնարավոր է հայկական դատին լուծումից և հայկական հողամասերի գրավումից հետո:
  2. Խորհրդարանը բաղկացած կլինի ընդամենը 80 անդամից, որոնց կեսը կընտրեն արևմտահայ և մյուս կեսը՝ Արևելյան Հայաստանի ժողովուրդը:
  3. Նկատելով, որ Թուրքահայաստանը գրավված չէ տակավին, և արևմտահայ ժողովուրդը մեծ մասամբ գտնվում է երկրից դուրս, արևմտահայոց մասին ընտրությունները կկատարվեն երկրում և այլուր գտնվող բոլոր արևմտահայերի կողմից, ուր որ հնար է: Արտասահմանում քվեարկող արևմտահայերը այսպիսով հանձնառու եղած կնկատվեն, ինչպես պետք է հայտարարվի կանխավ, Հայաստանի քաղաքացիներ դառնալու:
  4. Խորհրդարանը օրինավորապես իր առաջին նիստը կգումարի, երբ ընտրված արևմտահայ ներկայացուցիչների առնվազն երեք-չորրորդը հավաքված լինեն:

Դ. Վավերացում և հրապարակում ներկա համաձայնագրի.- ներկա համաձայնագիրը այժմու Խորհրդարանի կողմից վավերացվելուց և երկու կողմի լիազորների ստորագրությունը ստանալուց հետո կստանա օրենքի ուժ և կհրատարակվի:

Հրատարկությունը կկատարվի մի բանաձևով, որի մեջ կշեշտվի, թե նախկին Թուրքահայստանն է, որ կազմած է իր կառավարությունը և նրան միացած է Անդրկովկասում փաստացի (de facto) գոյություն ունեցող Արևելյան Հայաստանի  անկախ Հանրապետությունը, թե Երևանը ընդունված է իբրև առժամյա մայրաքաղաք և թե Ամբողջական Հայաստանի վերջնական մայրաքաղաքը պիտի լինի նախապես Թուրքիայի մաս կազմող Հայաստանի քաղաքներից մեկը»:

Այս ծրագիրը տարօրինակ էր թե՛ իր ոգով և թե՛ մանավանդ էությամբ. նրա ամեն մի տողից անսահման արհամարանք էր բուրում դեպի «իրականապես գոյություն ունեցող Հայ Հանրապետությունն» ու նրա վարիչները, և, ընդհակառակը, ամեն բան տարվում-կենտրոնացվում էր Փարիզի մի խումբ ազգայինների ձեռքը: Ըստ Վահան Թեքեյանի ծրագրի, Պողոս փաշա Նուբարը, որ լինելու էր միաժամանակ և՛ վարչապետ, և՛ պատվիրակության նախագահ՝ օժտված արտակարգ լիազորություններով՝ Փարիզից պիտի վարեր Հայաստանի քաղաքական բախտը, իսկ Երևանում նստած նախարարները պիտի կազմեին տեղական կառավարություն, մի տեսակ «ազգային գավառական խորհուրդ»:

Պողոս Նուբարի պայմանները մանրակրկիտ քննության առնվեցին մի շարք նիսերում, և նոյեմբերի 4-ին կառավարական պատվիրակությունը տվեց հետևյալ պատճառաբանված պատասխանը.

«1. Փարիզի պատվիրակությունը կազմել առանց հատվածական և կուսակցական խտրության: Ցանկալի է, որ արևմտահայերը այնտեղ մեծամասնություն լինեն, իսկ կուսակցական տեսակետից դաշնակցությունը կարող է լինել փոքրամասնություն: Այսպես, եթե պատվիրակությունը կազմված է երեք անդամից, դաշնակցությունը կտա մեկ անդամ, իսկ եթե հինգից՝ երկու անդամ: Երկու դեպքում էլ պատվիրակության մեկ անդամը պիտի լինի անկուսակցական: Համաձայն ենք, որ պրն. Պողոս Նուբարը լինի Միացյալ պատվիրակության նախագահ, սակայն, պատվիրակությունը պիտի գործի Հայաստանի հանրապետական կառավարության հրահանգներով:

  1. Կառավարության կազմի մեջ Դաշնակցությունը պիտի ունենա կեսից մեկ անգամ ավելի: Պատվիրակության նախագահը և վարչապետը պիտի լինեն տարբեր անձեր: Թե վարչապետը և թե բոլոր նախարարները պետք է մնան երկրում և մեր երկրում գործեն: Անընդունելի է Ազգային պատվիրակության ներկայացուցիչների առաջարկը, որ Պողոս Նուբարին տրվի վարչապետություն, թեկուզ իբրև լոկ տիտղոս:
  2. Ներկա խորհրդարանի լուծման մասին խոսք լինել չի կարող, նա պետք է շարունակի իր գործունեությունը: Անհնարին է նաև նրան դադար տալ մինչև հանրապետության առաջին բյուջեի քննության ավարտը: Համամիտ ենք, և դա մեր փափագն է, որ Խորհրդարանի արևմտահայ անդամների թիվը հավասարեցվի արևելահայերին: Կրճատել պատգամավորների այժմյան թիվը իրավական հիմունքներով հնարավոր չէ: Արևմտահայ նոր պատգամավորների մուտքը Խորհրդարանի պետք է կատարել լրացուցիչ ընտրություններով: Մենք կարծում ենք, որ ընտրություններ պիտի նշանակվեն Հայաստանի այն մասերում, ուր դեռևս ընտրություն չի եղել, ինչպես, օրինակ՝ կարսի շրջանը, Կիլիկիա, և արտասահմանյան գաղութներում, այսինքն՝ Պոլիս, Բալկաններ, Եգիպտոս, Ամերիկա, Սև ծովի ափերը և այլ տեղեր, ուր հնարավոր է: Ընտրությունները պիտի լինեն Հայաստանի օրենքով, որոնք պետք է հարմարեցվեն տեղական պայմաններին: Արևմտահայերի վերաբերմամբ կարելի է ընդունել, որ մի պատգամավոր ընտրվի ոչ թե 20 000-ից, ինչպես եղել է Հայաստանի Խորհրդարանի ընտրությունը, այլ ավելի պակաս ազգաբնակչությունից: Նկատելով խորհրդարանի անդամների այժմյան կազմը հատվածական տեսակետից, անհարժեշտ կլինի ընտրել ևս 51 պատգամավոր, որով հատվածները թվով կհավասարվեն իրար, իսկ Խորհրդարանի անդամների ընդհանուր թիվը կդառնա 131:
  3. Գալով Ազգային պատվիրակության վերջին առաջարկին, որ Հայաստանի Հանրապետությունը իրեն միացած հայտարարի անկախ Թուրքաց Հայաստանին, սկզբունքային որևէ առարկություն չունենք, սակայն, չենք տեսնում այն ձևը, որ քաղաքական ստեղծված պայմաններում կարող էր հնարավոր դարձնել այդ ակտը: Ընդհակառակը, քաղաքական դեպքերի դասավորումով, Հայաստանի ներկա Հանրապետությունը դարձել է հենարանը, որի վրա կանգնած՝ հայ ժողովուրդը պիտի շարունակի Հայաստանի ամբողջացման գործը: Մենք չենք կարողանում երևակայել Հայաստան առանց Թուրքահայաստանի կամ առանց Ռուսահայաստանի»:

Ինչպես տեսնում ենք, ո՛չ միայն ոգով, այլ հիմնական մտածելակերպով էլ տարբեր բևեռներ էին ներկայացնում այս երկու «ծրագրերը». մեկը ձգտում էր Հայաստանը փոխադրել Փարիզ՝ դեպի գաղութահայությունը, մյուսը կառչել էր մայրենի հողին ու չէր ուզում պոկվել նրանից: Մի մտածելակերպ, որ տիրական մնաց մինչև վերջ:

Նոր բանակցություններից, մի շարք պաշտոնական և անպաշտոն նիստերից ու փոխադարձ զիջումներից հետո, կողմերն, ի վերջո, հանգեցին հետևյալ եզրակացության: Հանրապետական պատվիրակությունը, իբրև վերջին պայման, ընդունում էր, որ

Ա. Ներկա Խորհրդարանը պետական բյուջեն քննելուց և վավերացնելուց հետո 1-2 ամսով արձակուրդ կստանա:

Բ. Անմիջապես կձեռնարկվի լրացուցիչ ընտրությունների. կընտրվեն 51 արևմտահայ պատգամավորներ ևս:

Գ. Ընտրությունները կկատարվեն Հայաստանի ընտրական  օրենքներով՝ տեղական պայմաններին հարմարեցնելով:

Դ. Ընտրական գործի կազմակերպությունն ու ղեկավարությունը կստանձնի Պողոս Նուբարի պատվիրակությունը:

Ե. Միացյալ կառավարությունը կկազմվի անմիջապես, բայց եթե պահանջեն, կարելի է կազմել և բյուջեի քննությունը վերջացնելու ու Խորհրդարանի դադար ստանձնելու ժամանակ:

Զ. Կառավարությունը կկազմվի 9 նախարարներից՝ 5 դաշնակցական, 4 ոչ դաշնակցական, վարչապետը՝ դաշնակցական: Համաձայն ենք, որ արտաքին գործոց նախարարը լինի Պողոս Նուբարը:

Է. Երաշխավորում ենք, որ միացյալ կառավարությունը կմնա մինչև լրացված Խորհրդարանի գոյություն ունենալը:

Ը. Համաձայն ենք, որ Միացյալ պատվիրակության նախագահը լինի Պողոս Նուբարը: Համաձայն ենք, որ Միացյալ պատվիրակության մեջ դաշնակցականները լինեն փոքրամասնություն:

Թ. Համաձայնության ակտը կհայտարարենք այն մտքով, որ Տաճկահայաստանն ու Ռուսահայաստանը միացել են միմյանց հետ:

Պողոս Նուբարի առաքելության վերջնական պայմանները.

Ա. Միացյալ պատվիրակություն Պողոս Նուբարի նախագահությամբ:

Բ. Միացյալ կառավարություն 9 կամ 11 նախարարներից, որոնցից պատերազմական նախարարը չեզոք, իսկ մնացյալները՝ կես առ կես՝ 4 արևելահայ, 4 արևմտահայ, դաշնակցական ու 4 ոչ դաշնակցական: Սակայն, «մենք կրնանք նաև ընդունիլ 10 անձե կազմված կառավարություն մը դաշնակցական և պատերազմական նախարարը չեզոք՝ «պայմանավ, սակայն, որ այդ կառավարությունը ամեն բացառիկ կարևորություն ունեցող որոշումները-արտաքին քաղաքականության և ընկերային բարենորոգումների վերաբերյալ որոշումները, ինչպես և պատվիրակության տրվելիք հրահանգները-կայացնե երկու երրորդի  մեծամասնությամբ, կամ լավ ևս՝ յոթ ձայնով տասնի վրա»:

Գ. Պողոս Նուբարին տալ արտաքին գործոց նախարարի պաշտոն կամ հանրապետության գերագույն ներկայացուցչի դիրք:

Դ. Ներկա Խորհրդարանը պետք է արձակվի մինչև արևմտահայ պատգամավորների ընտրությունը և նրանց երեք քառորդի Երևան հասնելը: Կարելի է արձակուրդ տալ բյուջեի քննությունից հետո, բայց կոալիցիոն կառավարությունն էլ գործի պիտի սկսի Խորհրդարանի արձակուրդից հետո:

Ե. Արևմտահայ պատգամավորների ընտրության նախաձեռնության և ընտրական օրենքի որոշման իրավունքը պատկանում է Ազգային պատվիրակությանը և կամ կոալիցիոն կառավարությանը:

Զ. Ներկա Խորհրդարանը արձակուրդի ընթացքում կարող է վերստին նիստ գումարել բացառիկ խնդիրների առթիվ՝ պայմանով, որ նշանակված հարցից զատ ուրիշ որևէ բանով չզբաղվի:

Է. Համաձայնությունը կհայտարարվի այն մտքով,որ Ռուսահայաստանն է միացել Թուրքահայաստանին:

Եթե ուշի-ուշով քննենք երկու կողմի տեսակետները, կտեսնենք, որ անհամաձայնության գլխավոր առարկան մնացել էր Խորհրդարանի արձակուրդի ժամանակը. երևանցիք համաձայնվում էին Խորհրդարանին տալ ժամանակավոր արձակուրդ, փարիզցիք պնդում էին, որ արձակուրդը լինի անորոշ ժամանակով: Եվ հակառակ երևանցիների ծայրահեղ հաշտասիրության և զիջումների, Փարիզը մնաց անհողդող: 9-րդ նիստում Թեքեյանը հայտարարեց. «Եզրակացնելով մեր բոլոր ստացած պատասխանները դրված առաջարկներում՝ պետք է հաստատեմ, որ համաձայնության ո՛չ մեկ կետ չկա վերջին առաջարկների վրա, և կմնա, որ մենք գրավոր կերպով արձանագենք դա: Ես այլևս որևէ հնարավորություն չեմ տեսնում միություն կայացնելու»:

Պարզ էր եզրակացությունը. բանակցությունները խզվում էին: Եվ նոյեմբերի 6-ին, վերջին նիստում, «գրավոր կերպով արձանագրվեց» խզումը:

Զուտ պատմական տեսակետից մոտենալով խնդրին՝ պետք է ասել, որ Հայաստանի կառավարությունն ու ղեկավար շրջանները իրենց մեծամասնության մեջ անկեղծորեն ուզում էին համաձայնության գալ Ազգային պատվիրակության հետ: Մասնավորապես, հանրապետական պատվիրակությունը բոլոր հնարավոր և անհնար միջոցները ի գործ դրեց՝ համոզելու համար ՀՅԴ Ընդհանուր ժողովին, Խորհրդարանի ու կառավարության անդամներին՝ անելու մի շարք կարևոր զիջումներ, որոնց մասին, ուրիշ պայմաններում, խոսելն իսկ անմտություն կլիներ: Բայց Պողոս Նուբարի մարդիկ չըմբռնեցին վայրկյանի լրջությունը և մասամբ էլ զոհ գնացին Երևանի ընդդիմադիր շրջանների սխալ ներշնչումներին: Մի քանի տարի հետո, երբ իշխանության գլուխ ոչ թե դաշնակցական ընկերվարականներն էին, այլ Լենինի աշակերտները, նրանք փորձեցին Երևան մտնել շատ ավելի համեստ պայմաններով՝ «լորձնաշուրթն գետնաքարշությամբ», ինչպես անողոք կերպով բնորոշվեց նույն ինքը՝ Թեքեյանը, բայց նրանց երեսին նայող չեղավ:

Հակառակ Թեքեյանի խզումի հայտարարության ու մեկնումին, վարչապետ Խատիսյանը դեկտեմբերի 9-ին Պողոս Նուբարին ուղարկեց մի ընդարձակ նամակ՝ պարզելով բանակցությունների ընթացքն ու վախճանը և աշխատելով համոզել, որ Ազգային պատվիրակությունն ընդունի կառավարության պայմանները: «Ես ուզում եմ հավատալ,- գրում էր Խատիսյանը,- որ Ազգային պատվիրակության առաքելության մեկնումը Երևանից դեռևս բանակցությունների վերջնական խզում չի նշանակում: Սիրում եմ հուսալ, որ հարցի մանրամասնություններին ծանոթանալուց հետո, դուք բավարար կհամարեք մեր կողմից առաջարկված պայմանները և գործնական քայլ կառնեք երկուստեք ցանկալի համաձայնությունն իրականություն դարձնելու համար: Եվ ինչ էլ լինի ձեր վիճակը, դուք միջոցներ ձեռք կառնեք ձեր հեղինակավոր ազդեցությամբ թույլ չտալու հրապարակային պայքարի վերսկսման, որ արտաքին աշխարհում այնպիսի տպավորություն է թողնում, որ, իբրև թե, մեր մեջ գոյություն ունի էական անհամերաշխություն ու պայքար ազգային-քաղաքական այսօրվա ճակատագրին վերաբերվող գլխավոր հարցերի նկատմամբ մեր մեջ հայացքների նույնություն է տիրում և նկատվող անհամաձայնությունը, ավելի շուտ, արդյունք է փոխադարձ անվստահության, ինչ որ դժվար չպիտի լինի վերացնել գործի ընթացքում»:

Այսպիսով, Թեքեյանի «խզումի» հայտարարությանը Հայաստանի կառավարությունը պատասխանում էր «դադարով» և առաջարկում բանակցությունները շարունակել: Եվ սա Խատիսյանի անհատական կարծիքը չէր միայն: Այդպես էր մտածում և բանակցող պատվիրակությունը, որի նախագահի ձեռքով էր գրված Խատիսյանի ուղարկած նամակը: Այդպես էին մտածում և Խորհրդարանի ու կառավարության ղեկավար անդամները:

Երևանում այն հույսն ունեին, որ հենց որ Թեքեյանի առաքելությունը վերադառնար Փարիզ ու զեկուցեր Հայաստանի դեպքերի ու տրամադրությունների մասին, Ազգային պատվիրակությունը կփոխեր իր անհաշտ ընթացքը և կշտապեր ընդունել կառավարության պայմանները: Դեպքերը չարդարացրին այս հույսը: