Ի՞նչ պէտք է ըլլայ մեր ուղին (5). Յովհաննէս Քաջազնունի

1498

ԱՆԻ կենտրոնը մաս-մաս հրատարակում է Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ի՞նչ պէտք է ըլլայ մեր ուղին» հոդվածաշարը, որը լույս է տեսել ՀՅԴ Պոլսի ՃԱԿԱՏԱՄԱՐՏ թերթի մայիս-հունիս 6 համարներում: Սա հինգերորդ մասն է:

—–

Հարց կարող է ծագել թէ՝ այսպիսի մի քաղաքականութիւն կիրառելուց յետոյ, ի՞նչ կը մնայ Դաշնակցութեան սոցիալիզմից:

Ենթադրենք ամենայորետես պատասխանը,-այսինքն՝ ոչինչ կը մնայ:

Այս երկիւղն էլ չպիտի կանգնեցնի մեզ:

Կուսակցութիւնը և իր ծրագիրը ինքնանպատակներ չեն: Եթէ հայ ժողովուրդի և՛ մասնաւորպէս հայ աշխատաւորութեան կենսական շահերը պահանջում են որ Դաշնակցութիւնը, այսօրւայ համար, մի կողմ դնի իր դաւանանքներն ու ծրագիրը, – նա քաջութիւն պէտք է ունենայ այդ եւս անելու: Կօմպրօմիս է սա, բայց կան պարագաներ, երբ կօմպրոմիսը դառնում է հրամայական պահանջ, իսկ ուղղագիծ խտրականութիւնը (բիգօրիզմ)՝ քաղաքական ոճիր:

Դաշնակցութիւնը քաջութիւն պիտի ունենայ նայելու իրականութեան երեսին արթուն աչքերով ու ենթարկելու իր գործելակերպը կեանքի պահանջներին: Իսկ եթէ ընդունակ չէ անելու այդ, պէտք է քաշուի ասպարէզից և իր տեղը տայ աւելի ընդունակներին:

Բարեբախտաբար, այդպիսի ինքնաժխտման համար չկայ ոչ մի պատճառ:

Մեր ուրւագրած “բուրժուական” քաղաքականութիւնը մի ժամանակաւոր կօմպրօմիս է միայն, որ պէտք է լինի կացութեան անյաղթելի ճնշման տակ: Եւ այդ պետք է անի հէ՛նց ընկերվարական կուսակցութիւնը, որպէսզի կօմպրօմիսը իրօք ժամանակաւոր բնոյթ ունենայ և չերթայ աւելի հեռու, քան պահանջում են հանգամանքները:

Սխալ է կարծել, թեէ բուրժուական կարգերի շրջանում սօցիալիզմի դաւանողը ոչինչ չունի անելու երկրի կառավարութեան մէջ: Շատ բան ունի անելու: Նրա ընկերվարական ձգտումները (որոնք իրօ՛ք գոյութիւն ունեն) անհրաժեշտօրէն արտայայտւելու են ամէն մի քայլափոխին և որոնելու են կեանքի մէջ կիրառելու ճանապարհներ:

Հողերի պետականացումը, նրանց բաշխումը աշխատաւոր գիւղացիութեան և անվաճառելիութեան սկզբունքը՝ ընկերվարական այնպիսի մի խոշոր գործ է, որ ոչ մի բուրժուական կառավարութիւն յանձն չի առնի կատարելու: Եւ եթէ Դաշնակցութեան յաջողւի իրականացնել (կամ աջակցել իրականացնելու) այդ մէկ ծրագիրը միայն, նա արդէն լիուլի արդարացրած կը լինի իր ընկերվարական կոչումը:

Այսօր պետք է բաւականանալ այսքանով միայն և թողնել մնացածը ապագային, իրերի բնական ընթացքին ու անխուսափելի ելքին: Տղայամտութիւն կը լինէր երազել այսօրուայ համար աւելին և ոճիր, քանդել եղածը ու հրաժարւել կարելիից յանուն անկարելիին:

Տարրական ճշմարտութիւնն է, որ Արարատեան դաշտում կամ Աբարանի լեռներում չէ, որ աշխատաւորութիւնը պիտի տայ վճռական կռիւ կապիտալին (և ոչ էլ Մոսկւայում, ասեմ փակագծի մէջ):

Տարրական ճշմարտութիւն է, որ Հայաստանի պէս փոքրիկ, անզօր աղքատ ու յետամնաց երկիր- նոյն իսկ անկախ իր այսօրուայ ընկերային տնտեսական կազմից ու ձգտումներից- չի կարող իրականացնել ընկերավարական կարգեր, քանի դեռ հզօր ու առաջադէմ երկիրներ շարունակում են ապրել դրամատիկական կարգերի մէջ: Եւ՝ դրան հակառակ՝ Հայաստան չի կարող մնալ դրամատիկական, երբ առաջադէմ աշխարհը յեղաշրջւի ու հաստատի ըներվարական իրաւակարգ:

Հայաստանի աշխատաւորութիւնը չի կարող ո՛չ արագացնել, ոչ էլ դանդաղեցնել միջազգային ընկերվարական ընթացքը: Այսօր չի կարող նոյնիսկ բերել իր փոքրիկ աջակցութիւնը ընդհանուր կռւին, որովհետեւ ունի իր օրուան հոգը- կեանքի ու մահուան հոգը- որ պահանջում է նրա ամբողջ ուշադրութիւնը, ամբողջ ույժերը:

Նա կատարեալ իրավունք ունի ասելու, որ մեծ վէճը կապիտալի ու աշխատանքի միջեւ թողնում է մեծ ուժերի բախման, իսկ ինքը նւիրում է իր տնային անյետաձգելի գործերին, որ այնքան կարօտ են խնամքի ու աշխատանքի: Նա իրաւունք ունի ասելու այդ, որովհետև աւելի քան որևէ ուրիշ աշխատաւորութիւն ուժասպառ է ու արիւնաքամ:

Սա դաւաճանութիւն չէ աշխատաւորական դատի հանդէպ: Միջազգային պրօլէտարիատը չի կարող պահանջել հայ աշխատաւորութեան ինքնասպանութիւնը: Միայն տհաս միտքը, կոյր վարդապետականութիւնը կամ գարշելի փարիսեցիութիւնը կարող են շպրտել հայ աշխատաւորութեան երեսին այդպիսի մեղադրանք:

Հայ աշխատաւորութիւնը ունի իր հերթական, անյետաձգելի անելիքը,- նա պէտք է վերաշինի իր մարող օջախը և հաստատի իր  քաղաքական կեանքը: Եւ դաւաճան է նա, ով արգելք կը դնի կամ կը դժւարացնի այս աշխատանքը:

Քաղաքական անկախ կեանք, ազատագրում օտար տիրապետութիւնից, ինքորոշւելու անարգել իրաւունք ու լայն հնարաւորութիւն,- սա մի պահանջ է, որ ամէնից առաջ ու ամէնից աւելի պէտք է դնի հէ՛նց ընկերվարական կուսակցութիւնը:

Շատ սահմանափակ ու շատ գռեհիկ հասկացողութիւն ունեն ընկերաւարութեան մասին նրանք, որոնք կարծում են թէ ընկերվարութեան միակ նպատակն է՝ ազատագրում շահագործող “կապիտալ”ից և միակ միջոցը՝ համայնացում կապիտալի: Սօցիալիզմը շատ աւելի լայն ու խոր վարդապետութիւն է, մի ամբողջացած աշխարհայեացք, որ ընդգրկում է հանրային կեանքի բոլոր կողմերը, աշխատաւոր մարդկութեան բոլոր կարգի պահանջները,- ընկերային, տնտեսական, քաղաքական ու կուլտուրական:

Քաղաքական ազատութիւնը հիմքն է ու անհրաժեշտ նախապայմանը բոլոր միւս ազատութիւնների: Եւ մի ընկերվարական կուսակցութիւն, որ կը յաջողի տալ հայ աշխատաւորութեան այդ հիմնական ազատութիւնը, շատ մեծ գործ կատարած կը լինի նոյն սօցիալիզմի յաղթութեան համար,-այնպիսի մեծ գործ, որի համար իրօք արժէ ապրել ու մեռնել:

ՅՈՎՀ. ՔԱՋԱԶՆՈՒՆԻ

Ճակատամարտ, 3 յունիս, շաբաթ, 1922թ.

http://tert.nla.am/archive/HGG%20TERT/Chakatamart/1922/1922(2901).pdf