Հայաստանի տնտեսությունը՝ «ծանր անկայուն» վիճակում. Նաիրի Սարգսյան

1092

100-200 դղյակների սեփականատերերի պատճառով ամբողջ աղքատ բնակչությունը ընկնում է հարկային բեռի տակ

Հունիսի 25-ին Ազգային ժողովն ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխությունները, որոնք նախատեսում են գույքահարկի բարձրացում։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը նշում է, որ տնտեսական ճգնաժամի ընթացքում անթույլատրելի է որևէ հարկատեսակ բարձրացնել, այդ թվում՝ գույքահարկը:

Պարոն Սարգսյան, նախ հասկանանք՝ ինչ է նշանակում գույքահարկ, պարզ ներկայացնենք, թե դրա մեջ ինչ է մտնում՝ մեքենա՞, տո՞ւն, ծա՞ռ, հո՞ղ։

Գույքահարկը անշարժ գույքի՝ բնակարանային, արտադրական, հասարակական նշանակության տարածքների և տրանսպորտային միջոցների հարկն է։ Այժմ նախատեսվում է տարանջատել, այսինքն՝ այդ գույքահարկը դարձնել միասնական՝ առանձին դրույքաչափերով հաշվարկել անշարժ գույքի հարկ և տրանսպորտային միջոցների գույքահարկ։ Սա է գույքահարկի էությունը։ Գույքահարկ վճարողներ են համարվում վերոնշյալ սեփականության տիրապետողները, օգտագործեղները, այսինքն՝ բնակարանների, հասարակական նշանակության տարածքների և տրանսպորտային միջոցների սեփականատերերը։ Հարկվող օբյեկտ է համարվում այս սեփականությունը, այսինքն՝ գույքը, լինի բնակարան, հասարակական նշանակության, արտադրական նշանակության գույք, թե տրանսպորտային միջոց։

Ես Երևանում ունեմ տուն, գյուղում ունեմ հող և ունեմ մեքենա։ Բոլորի տակ ես մտնո՞ւմ եմ հիմա։

Հողի հարկը պետք է տարանջատել, որովհետև հողի հարկը առանձին հարկատեսակ է, և այստեղ հարկվող օբյեկտը հենց հողն է, սուբյեկտը՝ հողի սեփականատերը։ Ըստ էության, նույնն է, որովհետև հողն էլ է գույք, բայց այն հարկվում է ոչ թե որպես գույքահարկ, այլ առանձին՝ հողի հարկ։

Մինչ այս հարցազրույցին նախապատրաստվելը բազմաթիվ հոդվածներ փորձեցի կարդալ։ Շատ հակասական են մեկնաբանությունները, օրինակ՝ Ազգային ժողովի իմքայլական որոշ պատգամավորներ նշում են, որ փաստորեն սրանով գույքահարկը ոչ թե բարձրացնում են, այլ իջեցնում են։ Նաև այսպիսի բան կարդացի Ֆեյսբուքում․ «Բավականին շատ են Ազգային ժողով բերվող անորակ օրինագծերը, բայց սոցիալական արդարությունը այդչափ խախտող նախագիծ, ինչպիսին գույքահարկի մասինն է, դեռ չի եղել»։ Սա էլ լրիվ ծայրահեղ օրինակը բերեցի։ Դուք ինչպե՞ս եք տեսնում այս ամենը, երբ զուտ տնտեսական տեսանկյունից եք նայում։

Ըստ էության, երկու հարց հնչեցրիք։ Այդ հայտարարությունները, որ մենք նվազեցնում ենք, այլ ոչ թե բարձրացնում, առևտրականի, ներեցեք խոսքիս համար, մանր ժուլիկություններ են։ Ինչի՞ համար։ Երբ առևտրականը 100 դրամով առնում է ինչ-որ ապրանք, որ պետք է վաճառքի հանի 150 դրամով, այդ 150-ից 50-ը, որ դրա հավելագինն է, մոտ 20 դրամը ուղղում է վարձակալության, աշխատավարձային, կոմունալ ծախսերի սպասարկմանը, 30 դրամը մնում է իրեն որպես շահույթ։ Այդ շահույթը իր բիզնես-պլանով նախատեսված ու իր ցանկալի արդյունքն է, որ ինքը կարող է ստանալ։ Արդեն մտածում է մարքեթինգային հնարքների մասին։ Ինչպե՞ս անեմ, որ 150-ով կարողանամ վաճառել։ Արդյոք նորմա՞լ է, որ ես տաղավարի վրա տեղադրեմ ապրանքը և գինը ֆիքսեմ 150 դրամ, թե՞ լավ կլինի, որ ես գրեմ 250 դրամ և այդ 250 դրամը զեղչեմ, դարձնեմ 150 դրամ, իմ վաճառքը ավելի կշատանա, նամանավանդ, որ դրա փորձը կա աշխարհում, և վաճառքին ավելի խրախուսող մեթոդներ են։ Այժմ մոտավորապես այսպիսի բան է լինում։

Ի՞նչ են հայտարարում ԱԺ ամբիոնից։ Հայտարարում են, որ եթե այս նույն տեսքով մնար, ապա գույքահարկը ավելի բարձր կլիներ 2021-ին, քան այժմ է, հիմա փոփոխությունով նվազեցնում ենք նախատեսվող բարձր դրույքաչափերը։ Եվ պետք չէ այստեղ Հռոմի պապից կաթոլիկ երևալ և ավելի բարի երևալ ժողովրդի աչքին, ընդամենը պետք էր այդ օրենսդրական ակտը, որով որ բարձրացվում էին կադաստրային արժեքները և մոտարկում էին շուկայական արժեքներին, ընդամենը պետք էր ուժի մեջ մտնելու ժամանակահատվածը երկարաձգել։ Ընդամենը։ Այսինքն՝ մի հոդվածի փոփոխություն կատարել։ Նույն այս խորհրդարանի, եթե չեմ սխալվում, արտահերթ նիստի շրջանակում քննարկում էր գնում, այդ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվում էր մյուս օրինագիծը և հետաձգվում էր։ Եվ պետք չէր նոր հեծանիվներ հորինել, դրույքաչափերը փոփոխության ենթարկել կամ կադաստրային արժեքների հաշվարկային մեթոդներն այնպես ուղղել, որ ոչ թե գույքահարկը դառնա 700 հազար դրամ, ինչպես կանխատեսվում է ենթադրենք՝ այս պահի կարգավորումներով, այլ գույքահարկը դառնա 650 հազար դրամ։ Սրանք անարդար մոտեցումներ են, և ոչ ճիշտ մեկնաբանություններ են, ու ընդամենը մոլորության մեջ են գցում հանրությանը։

Երկրորդ հարցը։ Սոցիալական արդարության տեսնակյունից ի՞նչ է սա ենթադրում։ Նշանակում է պրոգրեսիվ հարկման համակարգի ներդրում, այսինքն՝ ավելի բարձր եկամուտ ունեցող անձանց հաշվին ավելի ցածր եկամուտ ստացող անձանց օգտին եկամուտների վերաբաշխում, որ սրանից մոտ երկու տարի առաջ կռիվ էինք անում, ասում էինք եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգից անցում մի կատարեք համահարթեցված համակարգին։ Դրանով սոցիալական արդարությունը դուք խախտում եք։ Եվ իրենք հիմա բերել ներկայացնում են, ասում են գույքահարկով մենք սոցիալական արդարությունը փորձում ենք վերականգնել։ Սակայն, եթե մենք ուշադիր լսեցինք, սոցիալական արդարությունը վերաբերում էր եկամուտների վերաբաշխմանը, այսինքն՝ սոցիալական արդարության հայտնի սահմանումը՝ հարուստների հաշվին աղքատների օգտին վերաբաշխումը հիմա տեղի է ունենում Երևանի կենտրոնի բնակիչների հաշվին՝ նորաթուխ հարստացածների օգտին սեփականության վերաբաշխում։

Հիմա ավելի պարզ փորձենք բացատրել։ Երբ անձը պայմանական ամսական ստանում է 300 հազար դրամ եկամուտ, այդ 300 հազար դրամից հնարավոր է որոշակի հարկային բեռ սպասարկել՝ նույն գույքահարկի, եկամտային հարկի և այլ հարկերի տեսքով։ Բայց եթե անձը տիրապետում է 100, 200, 300 հազար դոլար արժողությամբ գույքի, մենք դեռ չգիտենք՝ նա եկամուտ ունի, թե չունի։ Օրինակ բերեմ՝ Երևանի կենտրոնի և ընդհանուր Հայաստանի բնակչությունը։ Հայաստանի բնակչության մեկ երրորդը աղքատ է կամ աղքատության շեմին է։ Կենտրոնի բնակչության մոտ երկու երրորդը արդեն թոշակառու կամ մանկավարժ ինտելեգեցիան է, որը Խորհրդային Միության տարիներին բնակարաններ է ստացել կամ ժառանգել, և եկամուտը նրանց՝ թոշակի տեսքով կամ մանկավարժի աշխատավարձի տեսքով, չի բավականացնում, որպեսզի սպասարկեն իրենց առօրյա ծախսերը, ուր մնաց մի հատ էլ հարկային բեռը սպասարկեն։

Ուզում եք ասել, որ մենք կենտրոնում ունենք բնակչության մի հատված, որը, ճիշտ է, ապրում է կենտրոնում, բայց հարուստ չէ, և հիմա նրանց վրա բեռ է դրվում։

Այո՛։ Եվ նույն այդ պատգամավորներից հայտարարում էին, թե՝ ոչինչ, թող կենտրոնի բնակարանը վաճառեն և գնան Երևանի ծայրամասերում բնակվեն։ Դրա համար ես ձևակերպեցի իրենց իսկ ներկայացրած սոցիալական արդարության սահմանումը արդեն իրենց մեկնաբանությունների համատեքստում։ Դուրս է գալիս, որ մենք ստիպում ենք կենտրոնի բնակիչներին վաճառել բնակարանները նորաթուխ հարստացածներին՝ նույն այդ պատգամավորին, որը հորդորում և կոչ էր անում բնակարանը վաճառել և գնալ ծայրամասում ապրել, որ ինքը ծայրամասից տեղափոխվի կենտրոն։ Այսինքն՝ այստեղ ոչ թե սոցիալական արդարության վերականգնում է, այլ սեփականության վերաբաշխման հարց է առաջանում։

Կարծում եք՝ սա հատո՞ւկ է արվում։

Գիտեք, ես չեմ կարող գնահատական տալ՝ հատուկ է, թե ոչ, բայց կա պարզ ճշմարտություն, երբ բիզնես պարբերաշրջանները որևէ տնտեսությունում անկման փուլում են, այստեղ դասագրքային ճշմարտություն կա, թե ինչպես են այդ հակաճգնաժամային քաղաքականությունն իրականացնում՝ պետական գնումների ծավալ են ավելացնում կամ հարկադրույքներ են նվազեցնում, լավագույն դեպքում, անգործ կառավարությունները ոչ մի բան չեն անում, այսինքն՝ ոչ պետական գնում են ավելացնում, ոչ էլ հարկադրույք են նվազեցնում, անգործության են մատնվում։ Բայց մենք ոչ թե ոչ մի բան չենք անում, որ շատ դեպքերում կլիներ լավագույն տարբերակը, այլ մի հատ էլ հարկադրույք ենք բարձրացնում, մարդկանց վրա հարկային բեռ ենք ավելացնում։ Աշխարհում կանխատեսվում է, որ տնտեսական անկումը կշարունակվի մոտավորապես մինչև հինգ տարի։ Մենք չգիտենք, թե Հայաստանում դա քանի տարի կլինի, չգիտենք՝ Հայաստանում ընդհանրապես հնարավոր կլինի վերադառնալ 2019-ի մակարդակ տասը տարվա ընթացքում։

Այսինքն՝ ժամանակավրե՞պ էր, սա չպիտի՞ արվեր հիմա։

Այս պահին առնվազն պետք է սկսված այս նախաձեռնությունը նույն ձևով դադարեցնել և հետագայում փուլային տարբերակով ներդնել։ Փուլային տարբերակով նկատի ունենք հետևյալ կերպ։ Խորհրդային Միությունից էլի կոպեկներով սեփականաշնորհված  արտադրական հասարակական տարածքները, որոնք հիմա Երևան քաղաքի ու շատ այլ քաղաքների տեսքն են գցում, և՛ անգործության են մատնված, և՛ ուղղակի փլուզվում են։ Դրանց սեփականատերերը ցածր գույքահարկ են վճարում, իրենք չեն էլ ցանկանում վաճառել կամ վերագործարկել, այսինքն՝ գույքահարկը կարող է դառնալ գործիք՝ գույքահարկի բարձրացման միջոցով ստիպել նրանց, որ կա՛մ գործարկեն, կա՛մ վերագործարկեն, կա՛մ նպատակային նշանակությունը փոխեն, ինչ-որ այլ գործունեության մեջ օգտագործեն կամ վաճառեն գործունյա և կարող անձանց, որոնք կարող են այդ տարածքները օգտագործել, նոր միայն անցնել բնակարանային ֆոնդին։

Ես, օրինակ, երբ գնում եմ տարեկան գույքահարկ վճարելու, ինձ մոտ միշտ տպավորություն կա, որ շատ էժան է։ Տարվա մեջ շատ փոքր գումար է կազմում այդ գույքահարկը։ Դուք այդ զգացողությունը չունե՞ք, որ շուկայական պայմաններում մենք մի բանի դիմաց վճարում ենք, որը չափազանց էժան է, թե՞ սխալ եմ մեկնաբանում։

Սխալ չեք մեկնաբանում, շատ ճիշտ ու տեղին եք մեկնաբանում։ Բայց այո՛, ձեր հարցադրմանը եկեք ևս մեկ անգամ ուշադիր լինենք։ Ձեզ համար էժան է, ինձ համար էժան է, բայց էժանություն ասվածը շատ հարաբերական է։ Ինչի՞ նկատմամբ է էժան։ Այսինքն՝ եթե մենք ունենք կայուն եկամուտ, այո՛, մենք կարող ենք 10 հազար դրամի փոխարեն 40 հազար դրամ վճարել, և մեզ վրա դա շատ ազդեցութուն չի ունենա։ Մենք չունենք հավակնություններ, չգիտեմ՝ ծայրամասերից տեղափոխվել կենտրոնում բնակվել, որ 10 հազար դրամ գույքահարկը մեզ վրա կարող է արդեն տարեկան դառնալ 400-500 հազար դրամ, և այո՛, մեզ համար նորմալ է բարձրացումը։ Ես նորից եմ ուզում հնչեցնել թիվը՝ Հայաստանի բնակչության մեկ երրորդը կա՛մ աղքատ է, կա՛մ աղքատության շեմին է […]։ Եթե որոշ աշխատունակ զանգված կարող է սպասարկել այդ հարկային բեռը, բայց այդ աղքատ մարդկանց ստիպենք, որ հարկային բեռի տակ մտնեն, շատ սխալ մոտեցում է։

Ի՞նչ պետք է անի կառավարությունը այս պահին։ Պետք է թողնի հին վիճա՞կը, մինչև լավ օրեր կգան։

Մի քանի քայլ պետք է անի կառավարությունը։ Սկսենք նպատակներից։ Ի՞նչ նպատակով են այս փոփոխությունը կատարում։ Եթե չեմ սխալվում, ֆինանսների նախարարը հայտարարում է, որ գույքահարկի հարաբերակցությունը, գույքահարկի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ կազմում է 0,2 տոկոս և բերում է օրինակ, որ ԱՄՆ-ում այդ թիվը կազմում է 2,7 տոկոս։ Եթե մենք համեմատվում ենք զարգացած և հարուստ այդ պետությունների հետ, որտեղ ՀՆԱ-ի մեջ գույքահարկի տեսակարար կշիռը ավելի բարձր է, քան ՀՀ-ում, ապա ՀՀ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի մակարդակը արդյոք մենք համեմատե՞լ ենք ԱՄՆ-ի, Ճապոնիայի կամ Անգլիայի հետ։ Նվազագույն, միջին աշխատավարձերը արդյոք մենք համեմատե՞լ ենք ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Անգլիայում գործող նվազագույն և միջին աշխատավարձերի հետ։ Եվ տեսեք, շատ անիմաստ է լինում, երբ մենք ցանկացած նախագծի դեպքում միշտ տարբեր պետությունների օրինակներ ենք բերում։ Այսինքն՝ ստացվում է ըստ անհրաժեշտության, ըստ իրենց ձեռնտու լինելու տարբերակի՝ ասում ենք՝ Ամերիկայում այսպես է։ Իսկ երբ եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգից էին անցում կատարում, չեմ հիշում, որ եվրոպական երկրի օրինակն էին բերում, որն իր տնտեսությունով աչքի չի ընկել և օրինակելի տնտեսություն չունի։

Ես ուզում եմ կոչ անել, որ եթե մենք վերցնում ենք որևէ երկրի տնտեսական մոդել և փորձում ենք դա հայաֆիկացնենք և կիրառենք մեր երկրում, ապա մենք պետք է արդար լինենք և բոլոր ոլորտներում այդ երկրի մոդելը օգտագործենք, ոչ թե գույքահարկի համար վերցնենք ամերիկյան մոդել, եկամտահարկի համար՝ չեխական, շահութահարկի համար՝ իսրայելական։ Մենք չենք կարող այսպես խառնել։ Պետությունը նախ պետք է աշխատավարձերը մոտարկի, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մոտարկի, հետո նոր մտածի գույքահարկի բարձրացման մասին։

Երկրորդը, արդեն նշեցինք, որ անհրաժեշտ է ներդնել փուլային տարբերակով, այսինքն՝ առաջին փուլում բարձրացնել այն գույքի հարկը, որը Խորհրդային Միությունից կոպեկներով սեփականաշնորհվել է և այժմ չի օգտագործվում։ Սա որպես գործիք կիրառելով՝ գործարկել, աշխատեցնել, տնտեսությունը ակտիվացնել, նոր անցնել բնակարանային ֆոնդին։

Մյուս նպատակը, որ բերում են, ասում են՝ դղյակները շատ ցածր հարկ են վճարում։ Ցածր հարկ են վճարում, շքեղության հարկ ներդրեք, այսինքն՝ սահմանեք, թե որն է այդ դղյակը, ինչին ենք մենք ասում դղյակ, որն է այդ թանկարժեք գույքը, շքեղության հարկ դրեք, թող իրենք շատ վճարեն։ Եվ մի քանի, չգիտեմ, 100, 200 դղյակների սեփականատերերի պատճառով ամբողջ աղքատ բնակչությունը ընկնում է հարկային բեռի տակ։

Պետության մատուցվող ծառայությունների որակն է պետք բարելավել։ Սա շատ կարևոր է։ Մենք ինչի՞ համար ենք գույքահարկ վճարում կամ ընդհանրապես՝ ինչի՞ համար ենք հարկ վճարում։ Դա մի պայմանագիր է բնակչության և պետության միջև, մեր վճարած հարկերի դիմաց պետությունը որոշակի ծառայություններ է մատուցում՝ մեր սեփականության իրավունքի անվտանգություն, սահմանների անվտանգություն և այլն։ Իսկ գույքահարկի, հողի հարկի դեպքում արդեն համայնքային ծառայություններն են։ Բարելավված համայնքային ինչ ծառայություններ ունենք, որ հարկը բարձրացնենք, որ ավելի լավ ծառայություն ստանանք։ Դուրս է գալիս, որ պարգևավճարները համայնքներում ավելի՞ շատանան։ Սրա՞ մասին է խոսքը, թե՞ ծառայությունների որակը բարելավելու։ Եվ հանուն արդարության պետք է ասենք, որ չկա այդ վստահությունը տեղական ինքնակառավարման մարմինների և իշխանությունների նկատմամբ, որ այո՛, այդ ծառայությունների որակը բարելավվելու է։

Վերջերս լայն տարածում գտած օրինակ եմ անպայման ուզում հնչեցնել՝ տրանսպորտային միջոցների պետհամարանիշների գողությունը։ Սսեփականատերը դիմում է այն պահին, երբ պետհամարանիշը արդեն գողացված է։ Դա էլ իր գույքն է, չէ՞, տրանսպորտային միջոց չէ, բնակարան չէ, բայց իր գույքն է ու ավելի փոքր արժեքով գույքն է, և դիմում է ոստիկանության ստորաբաժանում, չեն կարողանում բացահայտել։ Ոչինչ, որ չեն կարողանում բացահայտել, բոլոր հանցագործությունները չէ, որ պետք է հեշտ և արագ բացահայտեն, բայց մարդուն ստիպում են, որ գնա, նորից այդ նույն, չգիտեմ, 150 հազար դրամ, 60 հազար դրամ սակագները վճարի, նոր պետհամարանիշեր ձեռք բերի։ Այսինքն՝ եթե պետությունը չի կարողացել պատշաճ ծառայություն մատուցել ինձ, չի կարողացել իմ գույքի կորստի անվտանգությունն ապահովել, ապա առնվազն ինքը պետք է ինձ նվեր տա այդ համարանիշը։ Հիմա դա չի անում, չի բացահայտում հանցագործությունը, մի հատ էլ լրացուցիչ ինձ ստիպում է այդ 150 հազարը նորից վճարել։ Սրանից իմ վստահությունը պետության, տեղական ինքնակառավարման մարմինների հանդեպ արդեն ընկնում է, և ես չեմ ուզում ավել վճարեմ, որովհետև ծառայութունների որակը դրանից չի փոխվել։

Ասում են, որ ճգնաժամի ժամանակ գույքահարկի բարձրացում չեն անում։ Սա ճի՞շտ է։ Չպե՞տք է նման բան անել։

Ճգնաժամի ժամանակ գոյություն ունի հակաճգնաժամային քաղաքականություն։ Շատ երկրներ, կառավարություններ հակաճգնաժամային քաղաքականություն իրականացնում են ֆիսկալ քաղաքականության միջոցով։ Սրանք տնտեսագիտության դասագրքային ճշմարտություններ են, որ յուրաքանչյուր երկրորդ, երրորդ կուրսի ուսանողն արդեն Գորտնիի գրքի մեջ կարդացել է։

Եվ այդ ֆիսկալ քաղաքականությունը իրենից ենթադրում է երկու գործառույթ` պետական գնումների ծավալի ավելացում և հարկադրույքների նվազում։ Ես ասում եմ՝ լավագույն դեպքում այս երկու գործիքը չեն կիրառում, այսինքն՝ ոչ հարկ են նվազեցնում, ոչ էլ պետական գնումների ծավալ են ավելացնում։ Եվ այո՛, եթե հայտարարվում է, որ ճգնաժամի ժամանակ չի կարելի գույքահարկ բարձրացնել, ո՛չ, ճգնաժամի ժամանակ չի կարելի ընդհանրապես հարկ բարձրացնել։ Ընդհակառակը, պետք է նվազեցնել հարկերը։ Մենք շեղվում ենք այս դասագրքային ճշմարտությունից։ Լավագույն դեպքում, կրկնեմ, մենք պետք է անգործություն ցուցաբերեինք, մենք պետք է ոչ մի բան չանեինք, ոչ էլ նվազեցնեինք, որովհետև մարտ ամսին, երբ արդեն արտակարգ դրությունը հայտարարվեց, և ակնհայտ էր, որ առողջապահական ճգնաժամին հաջորդելու է սոցիալ-տնտեսական ճգնաժամը, մենք կոչ էինք անում, ասում էինք՝ այո՛, այդ դասագրքային ճշմարտություններից մենք այժմ մի փոքր շեղվում ենք։ Մենք չենք ուզում, որ տնտեսվարողների համար հարկադրույք նվազեցնեք։ Հարկային արձակուրդ տրամադրե՛ք։ Եվ երբ կառավարությունից հակադարձում էին, որ մենք անտոկոս վարկերի տեսքով հարկային բեռի սպասարկման համար գումարներ ենք տրամադրում, մենք ասում էինք, որ արդյունավետ միջոց չէ։

Մեր ասածը՝ ընդամենը վեց ամսով՝ 2019-ի առաջացրած շահութահարկը հետաձգե՛ք, շահութահարկի կանխավճարները հետաձգե՛ք, որոնք նախորդ տարիների արդյունքն են, և այս տարի արդեն գումար չկա։ Չլսեցին։ Անցավ երեք ամիս, իրենք կատարեցին իրենց վարկավորումները շատ փնթի ձևով, և վարկը կամ տրամադրում էին ուշացած, որի պատճառով տնտեսվարող սուբյեկտը տույժեր էր վճարում՝ ուշ վճարելու համար։ Շատ դեպքերում ասում էին՝ պետական բյուջեում փող չկա, հետո զանգում էին, հետևից ասում էին՝ «վա՜յ, կներեք, հանկարծ ոչ մի տեղ չհնչեցնեք այդ խոսքը, որ պետական բյուջեում փող չկա»։ Մի մասն արագ ստացավ, մի մասը չստացավ, մի մասը շատ ուշ ստացավ, լրացուցիչ չստանալու հաշվին տույժեր վճարեց, և արդեն երկու օր առաջ ընդունեցինք շահութահարկի կանխավճարների երկրորդ եռամսյակը ներելու օրինագիծը։ Այսինքն՝ երեք ամիս կոչ ենք անում, այս մարդիկ չեն լսում, չեն քննարկում, երեք ամիս հետո կիսով չափ հասկանում են, որ ճիշտ ենք ասել, մի մասը արդեն իսկ  ներկայացված հարցադրումներից կամ պահանջներից ու հորդորներից կատարում է, այն մի մասը արդեն այնքան փնթի ձևով են կատարել, որ ոչ թե օգուտ են տվել բիզնեսին, այլ վնաս են տվել։

Վերադառնամ հարցին։ Այո՛, տնտեսական ճգնաժամի ժամանակ չի կարելի հարկադրույք բարձրացնել, կապ չունի՝ դա որ հարկի տեսքով է։ Այո՛, պետք է լսել քննադատողներին, պետք է լսել մասնագիտական հանրությանը, և պետք չէ, առավել ևս Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել՝ արագացված ձևով գույքահարկը բարձրացնելու համար։

Հայաստանի տնտեսությունն այսօր ի՞նչ բառերով կարող եք գնահատել, ի՞նչ վիճակում է Հայաստանի տնտեսությունը։

Ես մի անգամ այդ հարցին պատասխանել եմ հետևյալ կերպ, քանի որ առողջապահական ճգնաժամի մասին էի ասում և առողջապահական տերմինոլոգիայով ասում էի «ծանր կայուն», իսկ հիմա՝ «ծանր անկայուն», որովհետև չգիտենք, բժիշկները չգիտեմ՝ ինչպես էին դրան ասում, այդ անկայունությունը ինչպես էին բնութագրում, բայց ամեն դեպքում՝ Հայաստանի տնտեսությունը հիմա անկման փուլում է, ռեցեսիայի մեջ է, և մենք չգիտենք՝ ինչքան է խորանալու, մենք չենք եկել, չգիտեմ, մինուս երկու տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա կանգնել, անընդհատ ինքը կարող է նվազել, և չգիտենք՝ մինչև ուր կարող է նվազել։

Պատրաստել է Լուսինե Վարդանյանը, ՍիվիլՆեթ