Ի՞նչ է կառուցվելու Սահմանադրական դատարանի տեղում

1276

Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի տարածած տեքստը Ազգային ժողովի քվեարկության և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնազրկելու մասին ծաղրուծանակ էր Հայաստանի և նրա քաղաքացիների հասցեին: Իրավական պետության մասին խոսում է մի ուժ և մի գործիչ, որը 1998-ի փետրվարին մասնակցել է պալատական հեղաշրջմանն ու Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին, 2003-ին գլխավորել ընտրակեղծարարությամբ նախագահ դարձած Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը (լինելով պաշտպանության նախարար), Մարտի 1-ի արյան ճանապարով 2008-ին, իսկ 2013-ին աղաղակող ընտրակեղծիքներով նվաճել Հայաստանի նախագահի աթոռը:

Սերժ Սարգսյանն ու իր ՀՀԿ-ն 2007-ին, ապա և 2012-ին կոալիցիոն գործընկերների հետ իրար մեջ բաժանել են Ազգային ժողովի տեղերը, 2015-ին Սահմանադրություն ընդունել համատարած և աղաղակող կեղծիքներով: Չլիներ 2018-ի Թավշյա հեղափոխությունը, որը ստիպեց Սերժ Սարգսյանին հրապարակավ իրեն համարել սխալ, ապա նա կշարունակեր իշխել Հայաստանում: ՀՀԿ-ն այն կուսակցությունն է Հայաստանում, որ մասնակիցն է եղել բոլոր ընտարկեղծարարությունների՝ սկսած 1996-ից: Այսօր Բարգավաճ Հայաստանի շուրջ է միայն ընտրակաշառքի աղմուկը։ Սակայն Հայաստանում որևէ կուսակցություն չի կարող համեմատվել ՀՀԿ-ի հետ, որ ընտրակեղծարարությունը, համատարած փող բաժանելն ու թաղային խուժանն այդպես դարձրել էր իր վերարտադրության գլխավոր միջոց:

Սա է իրականությունը, բայց սա դեռ ամենը չէ, պատկերացում կազմելու ՀՀԿ-ի, նրա կոալիցիոն գործընկերների ու Սերժ Սարգսյանի կողմից պետության զավթման մասին: ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանը ուղղակի մասնակիցն է իրավական պետության վախճանի, որ տեղի ունեցավ 2015-2018 թվականներին: Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի վերարտադրության համար հեղինակած Սահմանադրության համար ստացել է իրեն հասանելիքը՝ ՍԴ նախագահի աթոռը: ՍԴ նախագահի պաշտոնը այն նվերն էր, որ Թովմասյանը ստացավ Սերժ Սարգսյանից։

Մի շարք այլ ուժեր ևս դատապարտել են երեկ Ազգային ժողովում տեղի ունեցածը: Այդ ուժերը, այս կամ այն կերպ, մաս են կազմել ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ Սերժ Սարգսյանի կոալիցիոն կառավարություններին և օգտվել ընտրակեղծարարության ու պետության զավթման բերքից:

Այն, ինչ այսօր կատարվում է Սահմանդրական դատարանի շուրջ, անկասկած, իրավական գործընթաց չէ: Չէր էլ կարող լինել իրավական, քանի որ ինչպես այսօր, այնպես էլ նախկինում Սահմանադրական դատարանն ու նրա նախագահները քաղաքականության մաս են կազմել՝ օրինականության քող փռելով ընտրակեղծարարության վրա:

Հրայր Թովմասյա՞նն է անկախ դատավոր, թե՞ Գագիկ Հարությունյանն էր:

Հայաստանը երբևիցե եղե՞լ է իրավական պետություն, որ հիմա խոսում եք իրավական պետության վախճանի մասին: Խոսում եք սահմանադրական կարգի տապալման մասին, երբ դուք եք մասնակիցը եղել, մի քանի անգամ, սահմանադրական կարգի տապալմանը:

Բայց այն, ինչ կատարվում է Սահմանդրական դատարանի շուրջ այսօր, իրավամբ, մտահոգիչ է, եթե նայում եք կողքից՝ չնույնականանալով Նիկոլ Փաշինյանի ու նրա հեղափոխական թիմի հետ, և նույնքան ու ավելի չնույնականանալով իրավական պետության կոնցեպտի վրա թքած ունեցած նախկինների ու Մարտի 1-ի կոալիցիայի կուսակցությունների հետ:

Մենք, անշուշտ, չենք մտնի իրավական դաշտ, քանի որ այնտեղ չկա իրավունք ու իրավաբանություն: Հեղափոխության, ինչպես նաև ավտորիտար կառավարման ժամանակներում իրավունքն ու իրավաբանությունը սոսկ սոուս են քաղաքական գործընթացները հեշտամարս ներկայացնելու համար:

Այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, իշխանության հաստատման և իշխանության վերադարձի պայքար է մի կողմից Նիկոլ Փաշինյանի ու նրա համակիրների, մյուս կողմից՝ իշխանությունից ժողովրդական ալիքի տակ խորտակված Սերժ Սարգսյանի ու նախկինների միջև: Սերժ Սարգսյանն ու նախկինները ձգտում են տապալել Նիկոլ Փաշինյանին և վերադառնալ իշխանության, իսկ գործող վարչապետն ու նրա թիմը ձգտում են ամրապնդել դիրքերը:

Ձեր տեքստերը սիրուն են, անգամ՝ սրտառուչ, բայց իրականությունն այլ է, ինչպես այլ են ձեր քաղաքական մտադրություններն ու հաշվարկները:

Օր օրի լարվող այս պայքարում, որն ընթանում է համաճարակի պայմաններում և արդեն երկրորդական պլան է մղել համաճարակն էլ, ժողովրդի առողջության կարևորություն էլ, այլ բան է մեզ մտահոգում, կարծում եմ՝ նաև մտահոգ ու ոչ անտարբեր շատ ու շատ այլ մարդկանց:

Եթե այսօր ուժով՝ ԱԺ քաղաքական մեծամասնության միջոցով, քանդում ենք հին Սահմանադրական դատարանը՝ ընտրակեղծարարությունները օրինականացրած իշխանական կցորդ կառույցը, ապա դրա փոխարեն ի՞նչ ենք կառուցում:

Կա՞ երաշխիք (խոսքը քաղաքական հայտարարությունների և խոստումների մասին չէ), որ Սահմանադրական նոր դատարանն ու նրա նոր նախագահը ուղնուծուծով նվիրված չեն լինի գործող իշխանություններին, ինչպես 1996-ից մինչև 2018-ին է եղել Սահմանադրական դատարանը Գագիկ Հարությունյանի և Հրայր Թովմասյանի ժամանակ:

Ո՞վ է լինելու Սահմանադրական դատարանի նոր նախագահը: Արդյոք նա կարողանալո՞ւ է անկախ գործունեություն ծավալել և որոշումներ կայացնելիս անկախ լինել՝ մոռանալով հեղափոխական թիմի ցասումն ու զայրույթը:

Ի՞նչ արդյունքներ են գրանցվելու խորհրդարանական հաջորդ ընտրություններում, և Հայաստանը երաշխավորվա՞ծ է նոր ընտրակեղծարարություններից:

Ի՞նչ դիրք է գրավելու Սահմանադրական դատարանը, եթե խորհրդարանական հաջորդ ընտրությունները չարտահայտեն Հայաստանի ժողովրդի տրամադրություններն ու հավաքական կամքը, ինչպես եղել է 1995-2017 թվականներին՝ մեկ-երկու բացառությունները չհաշված:

Սրանք ֆուտուրիստական ակնարկներ չեն: 1991-ի չկեղծված ընտրություններից հետո մենք ունեցել ենք համապետական կեղծված 7-8 ընտրություններ ու հանրաքվեներ: Աչքներս տեսածից է վախեցել: «100 տոկոս էլ հավաքեք…», «Միակ տղամարդը ես եմ…», «Ինչքան ուզեմ՝ այնքան կխփեմ», «Ամեն օր կարող ենք հանրաքվե անել…»,- սրանք լոկ բառեր ու բառակապակցություններ չեն, այլ զոռբայության ցուցահանդես:

Մենք վստա՞հ ենք, որ խորհրդարանական հաջորդ ընտրությունները և կամ սահմանադրական հանրաքվեն չեն կեղծվելու: Որտեղի՞ց է գալիս այդ վստահությունը՝ իշխանությունների՞ց, մեր ժողովրդավարական անցյալից ու մշակույթի՞ց, ընտրակեղծարարության վարպետ նախկինների՞ց, 10 հազար դրամով վաճառվող հասարակությունի՞ց:

Իսկ գուցե վստահ եք, որ 2018-ին գի՞ծ է քաշվել անցյալի ու ապագայի միջև: Եթե այո, ապա դա պետք է կյանքով ապացուցվի և ոչ բանաստեղծական տեքստով:

Թաթուլ Հակոբյան 

ՍիվիլՆեթ