Սահմանների ընդարձակում. Սիմոն Վրացյան

787

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունը:

Գլուխ Ի

1919 թվի սկզբից, Հայաստանը հետզհետե սկսեց դուրս գալ այն դժոխային վիճակից, որի մեջ ընկել էր թուրքական արշավանքի հետևանքով:

Ճիշտ է, կացությունը դեռ շատ էր ծանր: Թուրքերի գործած ավերը զգացվում էր չափազանց սուր: Սովն ու հիվանդությունները, որոնք առատ հունձ էին անում 1918 թ. վերջերին, շարունակում էին կոտորել և այժմ: Մանավանդ, բծավոր տիֆը, որ փոխարինել էր խոլերային, ամեն օր խլում էր հարյուրավոր կյանքեր. մարդիկ մեռնում էին հիվանդանոցներում, հանրակացարաններում, տներում ու փողոցներում, ամենքի աչքի առջև: Մեռնում էին գաղթականներն ու տեղացիները, աղքատներն ու ունևորները: Մահը խտրություն չէր դնում: Բազմաթիվ թանկագին կյանքեր խլեց նա. դեկտեմբերի 2-ին մեռավ հին հեղափոխական, ներքին գործոց նախարարության կարևոր հանձնարարությունների պաշտոնյա Սարգիս Օհանջանյանը (Ֆարհատ), հունվարին 5-ին՝ հանրապետության բժշկաառողջապահական մասի վարիչ՝ բժ. Զ. Անդրեասյանը, հունվարի 11-ին՝ Հայաստանի անդրանիկ պետական վերահսկիչ Մ. Բերբերյանը, հունվարին 23-ին՝ Երևանի արքունական պալատի վարիչ Գ. Կամսարականը, հունվարի 30-ին՝ խճուղիների առաջին մասի պետ ինժ. Թորգոմ Նիկողոսյանը: Մեռավ Երևանի քաղաքային վարչության անդամ՝ Հակ. Հարությունյանը, երիտասարդ գործիչ Փառնակ Հակոբյանը: Բծավոր տիֆի զոհ գնաց և Հայաստանի Հանրապետության կերտողն ու մեծագույն գործիչը՝ Արամը, որ քառասունօրյա տաժանելի տառապանքներից հետո, հունվարի 29-ին փչեց վերջին շունչը: Նրա մահը անդարմանելի հարված էր Հայաստանի համար, և հասկանալի է այն խորունկ վիշտը, որ պատեց ամենքին: Արամի հուղարկավորությունը փետրվարի 1-ին համաժողովրդական սուգի օր էր:

Հիվանդությունների պակաս թողածը լրացնում էր սովը: Մինչև արտասահմանից ալյուր ստացվելը, երկրի բոլոր կողմերից աղեկտուր կոչ ու հեծկլտանք էր լսվում. «հա՜ց, հա՛ց հասցրեք, մեռնում ենք»…

«Գյուղը ապրում է սովի ճիրաններում,- գրում էին Վերին-Ղարանլուխից «Հայաստանի Աշխատավորն» (25 ապրիլ): – Սրանից մի քանի օր առաջ մի գաղթական սովածությունից մեռավ տեղացի Խաչատուրի դռանը: Շատերը, տեղացի թե գաղթական, հապճեպ փախչում են էս կողմ-էն կողմը, որպեսզի մի կտոր հաց ճարեն: Սրանից 3 օր առաջ 3 հոգի գաղթական սովածությունից ճանապարհին մեռել են, այնպես որ սովը հնձում է: Գյուղում ապրում է 1000-1200 շունչ գաղթական, իսկ բնակիչ գյուղացիք 2300 շունչ են: Հացի գինը բարձրացել է՝ 1 փութ ցորենը 300-400 ռուբլի, գարին՝ 200 ռուբլի, ձուն հատը 1 ռուբլի 20 կոպեկ, մյուս մթերքները կրկնապատիկ և եռապատիկ գին են ստացել, այն էլ ձեռք չի բերվում»:

Նոր Բայազետի Քյոլաղռան գյուղից հեռագրում էին նույն թերթին (27 ապրիլ). «Ժողովուրդը ապրում է սոսկալի պայմաններում: Սովամահության դեպքերը տասնյակների են հասնում: Օր օրի վրա սաստկանում է: Խնդրում ենք հաց: Ի սեր Աստուծո, մի՛ թողեք մեռնենք»:

«Ախտայի շրջանի տեղացի և փախստական հայությունը ծայր աստիճանի սոված է,-հեռագրում էին Ներքին Ախտայից,- սովամահության դեպքերը բազմաթիվ են: Եթե անմիջապես նպաստ և սերմացու չհասնի, ուշ կլինի»:

Քեշիշքյանդից գրում էին նույն թերթին (9 մայիս). «Սոսկալի տեսարաններ… Գաղթականությունը նորից գաղթի ճանապարհը բռնած՝ չվում է դեպի Երևան: Մերկ, ոտաբոբիկ կամ զանազան ցնցոտիներով իր այլանդակ մարմնի մի մասը ծածկած և ծանրաբեռնված իր փոքրիկներով՝ գյուղից գյուղ թափառում, հաց է մուրում, բայց հաց չի գտնում: Հացի փոխարեն կանաչով սնվող գաղթականության մեջ հաճախ թունավորման դեպքեր են պատահում և կամ գժվածի նման թափառում են փողոցները՝ անկապ և կցկտուր խոսքեր արտասանելով: Շրջանիս գաղթականության մի մասը դեռ մինչև օրս էլ բացօթյա է անցկացնում իր օրերը ձյան, անձրևի տակ և ցեխերի մեջ: Լինում են դեպքեր, որ սոված, ուժասպառ եղած գաղթականները թաղվում են ցեխերի մեջ և առանց կողմանկի օգնության չեն կարողանում ազատվել այդ դրությունից: Ավելի սոսկալի և անելանելի դրության մեջ գտնվողների մեծ տոկոսը կազմում է Նախիջևանի ժողովուրդը… Սովն ու ցավը մեջք մեջքի տված հնձում են 17000 խեղճ գաղթականությունը… Պատահում են, հաճախ, մեռելներ, որոնք 6-7 օրով մնում են գոմերի մեջ, առանց թաղվելու»:

«Կողբը սովի ճարակ է դարձել,- ճչում էին աղահանքից (Հ. Աշխ. 21 մայիս): – Հացի գրվանքան 15 ռուբլի Է: Նպաստ չստանալու պատճառով սովից մեռնում են օրական 20 մարդ: Օգնեցե՛ք մեզ»:

«Ժողովուրդը սովամահությունից բնաջնջվեց,- նորից աղաղակում էին Ներքին Ախտայից: – Կմախքացած մարդիկ խոտ են ճարում, սատկած լեշեր ուտում գյուղերում: Հարյուրավորներ մեռնում են: Շրջանը ձեռքից գնաց»:

«Քյոսամահմատ գյուղի մեծ մասը,- հեռագրում էին մայիսի 19-ին Նոր Բայազետից,-կանաչով է կերակրվում: Կանայք և երեխաները նման են ուրվականների: Ի սեր Աստծո, փրկեցե՛ք մեզ մեռնելուց, հաց հասցրեք»:

«Գավառի և քաղաքի ազգաբնակչության վիճակը անտանելի է,- հաղորդում էր Հայաստանի հեռագրական գործալաությունը մայիսի 20-ին: -Սովամահության դեպքեր են եղել: Ամերիկյան կոմիտեն 10 օրից ի վեր ոչինչ չի ստանում: Ալյուր չլինելու պատճառով իզուր է մոտ ապագայում ամերիկացիներից որևէ օգնություն սպասել»:

Եվ այսպես անվերջ ու ամեն կողմից:

Դրությունը հուսահատական էր: Մայիսի վերջերին Երևանի հացաբաժինը իջեցվեց մեկ քառորդ ֆունտի, իսկ գավառի ժողովուրդը արածում էր դաշտերում: Սով Արքայի ուրվականը սավառնում էր Հայաստանի գլխին:

Կառավարությունը նախատեսում էր այդ վտանգը և գերագույն ճիգ թափում առաջն առնելու: Սակայն, նրա բոլոր դիմումներն ու թախանձանքները արձագանք չգտան ոչ մի կողմից: Անգլիացիները միայն հունվարին Կարսից Ալեքսանդրապոլ բերեցին 6 գնացք ցորեն և այլուր ու մի քանի վագոն էլ՝ Շարուրից: Աննշան քանակությամբ ալյուր եկավ և Թիֆլիսից և այնուհետև մինչև ապրիլի վերջերը Հայաստան դրսից մթերք չմտավ: Ապրիլի 28-ին խնամատարության նախարարությունը ստացավ 15 վագոն ալյուր:

Հունվարի 22-ի նիստին, վարչապետ Քաջազնունին բերեց հետևյալ առաջարկը. «Երկրին սպառնացող սովի առաջն առնելու համար անհրաժեշտ է դիմել դաշնակից պետություններին, մասնավորապես Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահնագներին, օտար շուկաներից (առանձնապես Ամերիկայից) Հայաստան խոշոր քանակությամբ հաց ներմուծելու համար: Սպառնացող աղետի ծավալը պահանջում է, որ այս դիմումը անի Հայաստանի Խորհրդի և կառավարության հանձնարարությամբ անձամբ ինքը՝ վարչապետը, իբրև երկրի ամենաբարձր պաշտոնյան՝ ունենալով ուղեկիցներ պարենավորման նախարարին և ելևմտական նախարարության կողմից մի ձեռնհաս խորհրդատու: Բացի հացի խնդրից, նպատակահարմար և կարևոր է հանձնարարել սույն անձնավորություններին՝ ա) համաձայնության գալ պետությունների կամ մեծ առևտրական տների հետ ներմուծելու Հայաստան երկրին պակասող առաջին անհրաժեշտության ապրանքներ և բ) հնար եղած դեպքում բանակցություններ վարել և պարզել, թե ինչ պայմաններով Հայաստանի Հանրապետությունը կարող կլիներ դրամական փոխարինություն անել արտասահմանում»:

Կառավարությունն ընդունեց առաջարկի կարևորությունն ու նպատակահարմարությունը և հանձնարարեց վարչապետին կազմել զեկուցում, նախահաշիվ և օրինագիծ Հայաստանի Խորհրդին ներկայացնելու համար:

Հունվարի 27-ին վարչապետը ներկայացրեց զեկուցումը, նախահաշիվն ու օրինագիծը, որը ընդունվեց և շտապ կարգով մտցվեց Հայաստանի Խորհուրդ: Այս վերջինն էլ, փետրվարի 4-ին որոշեց. «Հանձնարարել վարչապետին ուղևորվել Եվրոպա և Ամերիիկա, դիմել Հայաստանի Խորհրդի անունից դաշնակից պետությունների և Հյուսիային Ամերերիկայի Միացյալ Նահանգների կառավարություններին և խնդրել նրանց օգնությունը՝ ներմուծելու երկիր Հայաստանին պակասող պարենը և առաջին անհրաժեշտության ուրիշ ապրանքներ: Ուղևորության ծախսերը ծածկելու համար բաց անել վարչապետին 550 000 ռուբլու վարկ»:

Փետրվարի 15-ին վարչապետի պաշտոնակատար նշանակվեց Ալեքսանդր Խատիսյանը, իսկ Քաջազնունին մեկնեց Թիֆլիս: Սակայն անգլիական հրամանատարությունը երկար ժամանակ արտասահման անցնելու արտոնություն չտվեց, այնպես որ Քաջազնունին ստիպված եղավ վերադառնալ Երևան, ապրիլի 2-ին նորից ստանձնեց վարչապետի պաշտոնը և միայն ապրիլի 16-ին կարողացավ մեկնել՝ հետը առնելով ելևմտական նախարար Ա. Էնֆիաջյանին, գյուղատնտես Հ. Փիրալյանին և սպա Ս. Մելիքյանին:

Նույն նպատակով, մարտի 12-ին Թիֆլիս գնաց և Հայաստանի Խորհրդի նախագահ Ավետիք Սահակյանը՝ դիմելու համար դաշնակից ներկայացուցիչներին՝ պարենի ու սերմացուի խնդրանքով:

Հայաստանի Խորհրդի ու կառավարության դիմումները, ինչպես նաև արտասահմանում կատարված աշխատանքները, վերջապես, լսվեցին, և օգնությունը շատ չուշացավ: Այս անգամ օգնության հասնողը Ամերիկան էր՝ Միացյալ Նահանգների պարենավորման դիկտատոր Հուվերը, Եվրոպայի փրկիչը հետպատերազմյան սովից: Հուվերը եղավ և Հայաստանի ժողովրդի իրական փրկիչը: Ինչ էլ լինի մեր վերաբերումը դեպի Ամերիկայի քաղաքական դերը հայկական խնդրում, ամերիկյան մարդասիրական նպաստն ու պարենը երբեք չենք մոռանա, չպե՛տք է մոռանանք:

Մայիսի քսանին Բաթում եկավ ամերիկյան առաջին նավը 125 000 փութ ալյուրով, մի շաբաթ անցած, հասավ ևս 600 000 փութ: Այդ մթերքը Հայաստան փոխադրելու համար վրաց կառավարությունը հայկական կառավարությունից պահանջեց 579 վագոն և 14 շոգեշարժ, ա՛յն ժամանակ, երբ Հայաստանի ունեցած վագոնների ընդհանուր թիվը 520 էր և շոգեշարժները՝ 16: Պետք եղավ ամերիկացիների և անգլիացիների միջամտությունը, 4 օրով կանգնեցվեց Հայաստանի երկաթուղային մարդատար հաղորդակցությունը և բոլոր միջոցները հատկացվեցին ալյուրի փոխադրությանը:

Ամերիկյան ալյուրի հասնելով՝ կամաց-կամաց սովը մեղմացավ, երկիրը սկսեց մտնել բնականոն հունի մեջ, և ժողովուրդն ու կառավարությունը կարողացան նվիրվել երկրի վերաշինության ու պետության կազմակերպման գործին: Հունիսին կառավարությունը հնարավորություն ստացավ Ախալքալաքի ժողովրդին էլ հաց հասցնել. վրաց կառավարությունը, որ այնքան եռանդ էր թափում Ախալքալաքը ստանալու համար, սովից կոտորվող ախալքալաքցիներին օգնելը իր պարտականությունը չէր համարում:

1919 թվի ընթացքում Հայաստանը Ամերիկայից ստացավ 1 միլիոն 295 հազար 243 փութ ալյուր, 256 հազար 758 փութ ցորեն, 125 հազար փութ լոբի, 68 հազար 563 փութ բրինձ, 20 հազար փութ կորեկ, 8 հազար 10 փութ եգիպտացորեն, 10 հազար 738 փութ վարսակ, 5 միլիոն 950 հազար տուփ խտացրած կաթ, 12 հազար փութ կակաո, 44 հազար փութ շաքար, 5 հազար փութ ճարպ, հազար հինգ հարյուր փութ թեյ։ Համաձայն կնքված պայմանի՝ 1920 թվի սկզբին գալու էր 2 միլիոն 170 հազար փութ ալյուր։ Ամերիկայից ստացվող ալյուրից 238 հազար 449 փութը ուղարկվեց Ախալքալաք։ Ալյուրի մի մասն էլ գրավեց վրաց կառավարությունը՝ իբրև փոխադրության վարձագին:

***

Որքան էլ դժվար լիներ կացությունը, սովն ու հիվանդությունները չէին այլևս հայ ժողովրդին զբաղեցնող գլխավոր ցավերը: Կառավարության առջև կանգնած էին մի շարք պետական ու ազգային լուրջ խնդիրներ, որոնց մեջ առաջին տեղը բռնում էին սահմանների ընդարձակման և ներգաղթի հարցերը: Հարցեր, որոնց վերաբերմամբ Անդրկովկասի անգլիական հրամանատարության բռնած վարանոտ կամ անբարյացակամ դիրքը արդար դժգոհություն էր պատճառում հայերին: Մարտի 26-ին Հայաստանի կառավարությունը զորավար Թոմսոնին ներկայացրեց մի ընդարձակ հուշագիր, որով պահանջում էր անհապաղ լուծել Ղարաբաղի, Կարսի ու Շարուրի ներգաղթի խնդիրները, ինչպես նաև պարենավորման, հաղորդակցության, տնտեսական ու զինվորական մի շարք հարցեր:

Մասնավորապես սուր վրդովում էր առաջ բերում անգլիացիների գործելակերպը Զանգեզուր-Ղարաբաղի և Կարսի հարցերում: Կարսը այդ ժամանակ կառավարվում էր թուրքերի նշանակած տեղական կառավարության՝ Շուրայի ձեռքով, որը խիստ թշնամական էր տրամադրված դեպի հայերը և աշխատում էր Կարսում պահել Թուրքիայի տիրապետությունը կամ, եթե այդ անհանր է, ստեղծել Կարսի, Բաթումի և Ախալցիխայի շրջաններից առանձին անկախ պետություն՝ Հարավարևմտյան Անդրկովկաս անունով: Անգլիացիները չէին ուզում գրգռել մահմեդականներին և զանազան պատրվակներով արգելք էին լինում, որ հայերը գրավեն Կարսը: Հայաստանի կառավարության համառ պնդումների վրա, 1919 թ. հունվարի 8-ին, Արևմտյան Անդրկովկասի բրիտանական ուժերի հրամանատար զորավար Ֆորեստիե Ուոկերի և Հայաստանի արտգործնախարար Ս. Տիգրանյանի միջև կնքվելիք Կարսի մասին մի համաձայնություն, որով, մինչև հաշտության դաշնագրի ստորագրումը, Կարսում պիտի նշանակվեր անգլիական զինվորական նահանգապետ, քաղաքացիական իշխանությունը պիտի կազմվեր հայերից և զինվորական նահանգապետի ենթակա՝ վարեր պիտի քաղաքի ու նահանգի քաղաքացիական գործերը: Հայկական պաշտոնեությունը պետք է պատրաստ լիներ Ալեքսանդրապոլում և հունվարի 12-ին զինվորական նահանգապետի հետ պիտի անցներ Կարս: Համաձայնագրի մեջ մանրամասն նշանակված էին երկաթուղու և հեռագրի ու փոստի թուրքերից փոխանցելու աստիճաններն ու կառավարության եղանակը. մինչև Կարս միայն հայ պաշտոնյաներ, Կարսում՝ խառն, սահմանում՝ թուրք-անգլիական՝ զինվորական նահանգապետի հսկողության տակ:

Համաձայնագրի 10-րդ և 11-րդ կետերում ամփոփված էր ոչ հայ տարրի կառավարության ձևը. հիշվում էր, որ «մահմեդականները վախենում են հայկական վարչությունից, հետևաբար, անհրաժեշտ է գործել զգուշությամբ և ցրեվլ ամեն վախ ցույց տալու համար, որ հայերը ընդունակ են մոռանալու ցեղային նախապաշարումները, երբ որ իշխանության գլուխ են կանգնում»: Մասնավորապես, հրահանգվում էր խիստ լինել ժանդարմների գործած ճնշումների և բռնությունների դեմ. «Սա կլինի հիանալի հաջողություն հայկական իշխանությունների համար և կառավարությունը արժանի կլինի դաշնակից պետությունների շնորհավորության, եթե մինչև Անդրկովկասի ապագայի որոշումը հաշտության խորհրդաժողովի կողմից անդորրությունը չխախտվի» (10-րդ կետ):

12-րդ կետում ասվում էր, որ այս համաձայնությունը արգելք չէ, որ հայերը հետապնդեն իրենց պահանջները հաշտության վեհաժողովի առջև:

Այս համաձայնության հիման վրա, անգլիական զինվորական նահանգապետն ու հայկական գլխավոր պաշտոնեությունը մեկնեցին Կարս: Բայց հայկական իշխանության երևալը Կարսում Շուրայի կողմից ընդունվեց թշնամաբար և սպառնալիքներով, և անգլիական նահանգապետի խորհրդով հայերը հեռացան Ալեքսանդրապոլ: Այսպիսով, անգլիացիները, մի տեսակ, ճանաչեցին Շուրայի իշխանությունը:

Կարսի, Արդահանի և Բաթումի շրջանների մահմեդականները դիմեցին Փարիզի խորհրդաժողովին, Պուանկարեին ու Լլոյդ Ջորջին՝ բողոքելով իրենց շրջանները հայերին և վրացիներին հանձնելու դեմ և պահանջելով ճանաչել իրենց անկախությունը: Նրանք հայտնում էին, որ հայերը կոտորել են հարյուր հազար մահմեդականներ:

Այս դեպքը, ինչպես և ուրիշ առիթներով անգլիացիների ցույց տված թրքասիրությունը սաստիկ հուզում ու զայրույթ պատճառեց հայկական շրջաններում: Մարտի 6-ին, ՀՀ Պատվիրակության գրած մի նամակում, արտգործոցնախարար Տիգրանյանը երկար կանգ է առնում այն օրերի անգլիացիների հետևած քաղաքականության վրա: «Կարսի դեպքը,- գրում է նա,- ի միջի այլոց, շատ վատ և ընդարձակ հետևանքներ ունեցավ, ինչպես և սպասում էին: Թուրքերը տեսան, որ բավական է ցուցադրել որևէ հակառակություն և բողոք հայերի, Հայաստանի կառավարության դեմ, և Անգլիան իսկույն ևեթ հանդես կգա զսպելու, կասեցնելու մեր կառավարության ամեն մի ներգործական քայլն ու ծրագիրը: Բրիտանական զորահրամանատարությունը Անդրկովկասի մի շարք ակտերով ավելի և ավելի ուժ է տալիս թուրքերի այդ համոզմանը:

«Մեր զորամասերը առաջ էին ընթանում դեպի Շարուր, Նախիջևան, Ջուլֆա, օսմանյան զորքերի դատարկած այդ վայրերը գրավելու. թուրքերը դիմադրում էին: Վոլչի Վարոտայից (Երևան և Շարուրի ուեզդների սահմանակից) մեր զորամասը հետ եկավ մինչև Դավալու (հայ –վրացական պատերազմի ժամանակ), հետո պատրաստվեց նորից առաջ գնալ: Եկան Շարուրի և Նախիջևանի թուրքերի ներկայացուցիչները, մեր կառավարության հետ բանակցեցին: Համաձայնեցինք, թե 8-10 օր մեր զորքը Դավալուից առաջ չի շարժվի, մինչև որ նրանք կգնան, կպատրաստեն խաղաղ ժողովրդին, թե հայոց զորքը իրենց որևէ վնաս չի հասցնելու, և կգան ընդառաջ հայ զորքն ու հայ ադմինիստրացիան խաղաղ և հաշտ ընդունելու, բայց վրա հասավ անգլիական կապիտան Լոտենը, անցավ Նախիջևան տեսնելու ինչ կա, ինչ չկա… և իր զեկուցման հետևանքով նշանակվեց Նախիջևանի բրիտանական զորական նահանգապետ և փոխգնդապետ, հետո եկավ Երևան պահանջելու, որ մեր զորքերը հետ քաշվեն նույնիսկ Դավալուից հյուսիս… Ոչ առանց դժվարության համաձայնության եկանք  երիտասարդ փոխգնդապետի հետ, որ մինչև Վոլչի Վարոտան մնա մեր ադմինիստրացիան, բայց մեր զորքը հետ կբերենք այդ շրջանից՝ թողնելով մի փոքրիկ խումբ (50 հոգի) Դավալուում. բրիտանական մի զորամաս կլինի այդ տեղը, որը կպաշտպանի կարգը և խաղաղությունը: Ուրեմն, Շարուրն ու Նախիջևանն էլ մեր ձեռքից գնաց (թո՛ղ ժամանակավորապես), դարձավ բրիտանական զորական նահանգապետություն (Կարսի օրինակով), և մենք պարտավորվեցինք նույնիսկ դրան սահմանակից մեր տերիտորիայում (Վեդի Բասար) զորք չպահել:

Նույն խաղը խաղալու լուրջ պատրաստություններ են տեսնում թուրքերը այժմ Սուրմալուում…

Ղարաբաղի բրիտանական հովանավորության տակ Արդբեջանի գեներալ-նահանգապետության մեջ է գցվում:

Ախալցխան, Ախալքալաքը Բաթում-Կարսի թրքության ձեռքն են անցել ռազմական եղանակով՝ վրացիների զորքերը պարտվելով:

Այսպիսով, Անդրկովկասի թրքությունը բրիտանական զորահամանատարության օրով ավելի նպաստավոր պայմանների մեջ է գտնվում, քան գերման-օսմանյան հաղթական օկուպացիայի ժամանակ:

Փաստեր ու հանգամանքներ են սրանք, որոնք լուրջ մտածմունքների և ծանր մտատանջությունների տեղիք են տալիս մեզ…

Անշուշտ, գլխավորագույն պատճառը անգլիական զինված ուժերի թուլությունն է այստեղ: Ինչպես Գերմանիան ամառն ու աշնանը տեղի էր տալիս թուրք հրամանատարության պահանջների ու քմհաճույքների առաջ, այնպես էլ այժմ անգլիական գեներալներն են նահանջում օսմանյան օֆիցերների այս նվաճողական ծրագրերի և գործունեությունների առաջ… Որովհետև արձանագրածս փաստերը հայերի հաղթահարումը չէ միայն, այլ ավելի ևս Անգլիայի պարտությունը: Բրիտանական զորական նահանգապետությունները լոկ մի քող են, նուրբ ու թափանցիկ, որի տակից պարզ երևում է իրական թուրքական իշխանությունն ու ուժը:

Սակայն, թվում է, թե մի ուրիշ պատճառ էլ կա: Անգլիացին չի հավատում հային, ավանդաբար համարելով սրան անուղղելի ռուսասեր, ռուսական օրիենտացիայի անհողդողդ հետամտող… Բնորոշ է, որ գեներալ Ֆորեստիե Ուոկերի պահնաջով Կամավորական զորաբանակի ներկայացուցիչը հեռացավ Երևանից դեպի Եկատերինոդար: Սա մի նոր փաստ է ապացուցելու Անգլիայի ունեցած վերաբերմունքը դեպի Ռուսաստանի ներկայությունը Անդրկովկասում: Այն համարումն ու այս վերաբերմունքն է, որ տրամադրում է բրիտանական զորահրամանատարությունը չնպաստել մեր ուժերի կազմակերպմանը և զորեղացմանը թրքության դեմ Անդրկովկասում, որովհետև թուրքն է նրա աչքում ամենավստահելի պատվարը Ռուսաստանի դեմ այստեղ: Նա զիջում էր մեզ Կարսը, բայց հենց որ տեսավ, որ այնտեղ ավելի վստահելի և ոչ աննշան հակառուսական ուժ կա հանձին թրքության, իսկույն շտապեց ուղղել իր այդ սխալը: Կարսը տվեց թուրքերին… և ոչ միայն Կարսը:

Կարսի նահանգի համար բրիտանական զորահրամանատարությունը մինչև 1000 հոգուց բաղկացած միլիցիա է կազմակերպում. հավաքվում է տարրեր, որոնք կծառայեն իրեն ռոճիկի համար, առանց քաղաքական ձգտումների (օրինակ, օսեր, ռուս հին ստրաժնիկներ). հայի չեն ընդունում «առայժմ», որովհետև տեղական թուրքերը գրգռված են հայերի դեմ (այս է պաշտոնական պատճառաբանությունը), բայց թվում է, թե Անգլիան չի ուզում հենվել որևէ հայ ուժի վրա, որովհետև իր կարծիքով (և, դժբախտաբար, ոչ միայն իր կարծիքով) հայն ավելի է ռուս, քան ռուսն ինքը, և չի կարելի հենվել հայի վրա, երբ Ռուսաստանի դեմ բան է ծրագրվում:

Մեր հավատարիմ վերաբերմունքը դեպի Ռուսաստանը գիտեք, թե ինչ չափով է գնահատվել և մեզ օգուտ բերել. գիտենք, որ ներկայիս այդ վերաբերմունքը չի կարող սոսկ պլատոնական սիրո չնմանվել, որը ունայն է և անիրական փոխադարձաբար, սակայն, անօգուտ լինելով՝ վնասակար է այսօր և վաղը, իսկ վաղը չէ մյուս օրը թե ինչ է լինելու, ոչ ոք չի իմանում:

… Ամեն կողմից մեզ շրջապատել է թուրքական վտանգը, սպառնական և հանդուգն: Մեր քաղաքական ծրագրին հակառակ Թուրքիան առաջ է տանում իր ծրագրերը Հայաստանի վերաբերմամբ, որոնց մեջ հայ տարրի ֆիզիկական բնաջնջումը էական և հիմնական կետն է հանդիսանում, և մենք ոչինչ գրավական և վստահություն չունենք, թե անգլիական զորահրամանատրությունը ցանկություն ու կարոտություն ունի մեզ փրկելու այդ վտանգից, որը, կրկնում եմ ու պնդում. այսօր էլ իրական է և սպառողական ոչ պակաս, քան ամիսներ առաջ:

Բրիտանական զորահրամանատրությունը արգելեց մեզ գրավել Հայաստանում որոշ կարևոր վայրեր, կարևոր թե ստրատեգիական, թե ռազմամթերքի (Կարսի պահեստները) տեսակետով: Այդ բոլորը մնաց թուրքերի ձեռքիում: Մեր քայլերն ու ընթացքը կաշկանդված են, թուրքերինը՝ ազատ: Մեզ օգնող չկա, թուրքերին աջակից են և ղեկավար Թուրքիան իր օֆիցերներով (նույնիսկ բարձրաստիճան), ռազմամթերքով և ռազմական ամեն տեսակ գործիքներով…

Կառավարության կողմից ձեր հատուկ ուշադրությունը հրավիրելով այս փաստերի և հանգամանքների վրա՝ խնդրում եմ, որ ամենալուրջ դիմումներով ում հարկն է հաջողեցնեք, որպեսզի.

  1. Անդրկովկասից և Թուրքիայի նախկին վիլայեթներից հեռացվեն շուտափույթ թուրքական ուժերն ու զորականները սպառնալով, որ այդ ուժերի կողմից որևէ զինված գործառության դեպքում պատիժ և պատասխանատվություն կկրի Թուրքիան:
  2. Թեկուզ փոքր զորամասեր (անգլիական, ֆրանիսական, ամերիկյան) ուղարկվեն Տրապիզոն-Էրզրում-Սարիղամիշ-Կարս-Նախիջևան-Ջուլֆա-Շուշի. Կարսում և այլ տեղերում եղած անգլիական զորախմբերը դեմոբիլիզացիայի են ենթակա և հեռանում են:
  3. Աջակցեն մեր զորքերի կազմակերպմանը և սպառազինմանը (փամփուշտ, հրացան, գնդացիր…):
  4. Հայաստան փոխադրեն հայ զորամասերին և զորականներին զանազան ռազմական միջոցներով և նյութերով:

Այս մասին Ձեզ նաև հեռագրում ենք՝ խնդրի ստիպողականությունը աչքի առաջ ունենալով:

Իսկ խնդիրը, իրոք որ, ստիպողական էր: Հայաստանը խեղդվում էր՝ կծկված նեղ լեռներում ու ձորերում: Գարունը վրա էր հասնում. պետք էր գաղթականությունը վերադարձնել իր տեղերը, ցանքս անել հաջորդ տարվա համար, կառավարությանը ազատել խնամատարի ու որբապահի դերերից: Այդ էր պատճառը, որ հայկական ներկայացուցիչները ռմբակոծում էին հեռագրերով ու հուշագրերով՝ պահանջելով անմիջական կարգադրություն Հայաստանի սահմանների ընդարձակման համար:

Ապրիլ ամսից սկսած, Անդրկովկասի անգլիական հրամանատարության քաղաքականությունը զգալի կերպով փոխվեց հօգուտ հայերի, և Հայաստանի սահմանների ընդարձակման խնդիրը ստացավ նոր մղում: Հայկական կառավարության և անգլիական բարձր հրամանատարության համաձայնությամբ, որոշվեց հայ-անգլիական ուժերով գրավել Կարսը: Կարսի զինվորական նահանգապետ կարգվեց գնդապետ Թեմբըրլեյը, ապրիլի 12-ին քաղաքացիական նահանգապետ նշանակվեց Ստ. Ղորղանյանը և հայկական գրավող զորամասի պետ՝ զորավար Հովսեփյանը: Հայ և անգլիական զորքերը, երկաթուղով ու խճուղով շարժվեցին առաջ և, առանց դիմադրության հանդիպելու, ապրիլի 24-ին, մտան Կարս: Շուրան, Շուքրի փաշայի դրդումով, փորձեց հակառակություն ցույց տալ, բայց անգլիացիները ձերբակալեցին Շուրայի անդամներին և ուրիշ աչքի ընկնող թուրքերին, մոտ 150 հոգի, և արտակարգ գնացքով ուղարկեցին Մալթա կղզին: Շուքրի փաշան հաջողեց փախչել:

Առաջին օրերը, իշխանությունը և քաղաքի ու բերդի պահակությունը անում էին անգլիական զինվորները: Ապրիլի 28-ին իշխանությունն ամբողջապես փոխանցվեց հայերին: Անգլիական զինվորներին փոխարինեցին հայերը, բերդապետ նշանակվեց փոխգնդապետ Մատվեևը:

Մայիսի 2-ին հայերի ձեռքն անցավ Արփաչայ-Սարիղամիշ երկաթուղին, և մայիս 4-ից սկսվեց կանոնավոր երթևեկությունը:

Մայիսի 9-ին հայկական զորքերը գրավեցին Մերդենեկը, մայիսի 13-ին, առանց կռվի, մտան Օլթի և Կաղզվան: Քրդերն ու թուրքերը ընդունեցին նրանց աղ ու հացով:

Մայիսի 10-ին Կարս հասան և մեծ հանդիսավորությամբ ընդունվեցին վարչապետ Խատիսյանը և զորավար Դեյվին: Մայիսի 11-ին համաժողովրդական մաղթանք եղավ պատմական Առաքելոց եկեղեցում, ուր Խատիսյանն իր ճառում հայտարարեց. «Մինչև մայիսի 15 մեր զորքերը պետք է գրավեն Ալաշկերտի հովիտը և Բասենը»:

Եվ, հիրավի, հայ ժողովրդի հայացքը հառած էր ա՛յն կողմ: Այդ ուղղությամբ էր շարժվում և գաղթականությունը:

Նույն ձևով, առանց միջադեպի, տեղի ունեցավ և Նախիջևանի գրավումը: Ապրիլի 9-ին կառավարությունը որոշեց Շարուր-Նախիջևանի վարչական ձևը: Շրջանը պիտի բաժանվեր 3 գավառի. 1) Գողթան՝ կենտրոնը Ագուլիս, 2) Նախիջևան քաղաքը, և 3) Շարուր՝ Բաշ-Նորաշեն: Մայիսի 3-ին Նախիջևանի ընդհանուր նահանգապետ նշանակվեց իրավաբան Գևորգ Վարշամյանը և գրավող զորքերի հրամանատար՝ Երևանի զորամասի պետ Դրոն: Գրավման ծրագիրը կազմվեց զորավար Դեյվիի, զորավար Հախվերդայնի և Դրոյի կողմից:

Նույն օրը, մայիսի 3-ին, հրատարակվեց զորավար Դեյվիի և Դրոյի ստորագրությամբ մի հրաման՝ ուղղված Նախիջևանի ազգաբնակչությանը, որով Նախիջևանը հայտարարվում էր կցված Հայաստանին, պարտք էր դրվում ժողովրդի վրա՝ ապրել խաղաղ ու համերաշխ և կառավարության կողմից խոստացվում էր օրենքի հարգանք ու հավասար վերաբերում դեպի բոլոր բնակիչները՝ առանց ցեղի և կրոնի խտրության:

Ապա, հայկական զորքերը ճանապարհ ընկան և մի քանի օրից արդեն Դավալուում էին, ուր գտան խանդավառ ընդունելություն: Զորքին դիմավորելու համար դուրս էր եկել գյուղի ամբողջ բնակչությունն ու գաղթականությունը: Ժողովրդի առջևից գնում էին Սասունի դիվիզիոն ձիավոր հարյուրյակը Մուշեղի գլխավորությամբ, տեղական վաշտը և Յապոնը մի քանի ձիավորներով: Ապա գալիս էին որբերը՝ հայկական և ամերիկյան դրոշակներով: Որբերին հետևում էր հոգևորականությունը՝ խաչ ու խաչվառով և աղ ու հացով: Տեսարանը վերին աստիճանի սրտառուչ էր. հրդեհի ու փոթորիկների բովից անցած ժողովուրդը ընդունում էր իր հարազատ իշխանությունը…

Մայիսի 12-ին զորքերն առաջ շարժվեցին դեպի Շարուր-Նախիջևան: Նույն օրը, վարչապետ Խատիսյանը, զորավար Դեյվին, Դրոն և Վարշամյանը առաջին գնացքով Երևանից մեկնեցին Նախիջևան: Նախիջևանցիները սկզբում մերժեցին ճանաչել Հայաստանի իշխանությունը, բայց զորավար Դեյվիի կտրուկ պահանջի վրա տեղի տվեցին և ընդունեցին Վարշամյանի ընդհանուր նահանգապետությունը: Մայիսի 20-ին նախիջևան մտան և հայկական զորքերը:

Այսպիսով, ապրիլ-մայիս ամիսներին կատարվեց Ռուսահայաստանի ամբողջացման գործը. հայկական զորքերը կանգնած էին Ջուլֆայում, Չինգիլում և Կարաուրգանում:

Հայկական շրջանների գրամվան հետ և դեռ առաջ տեղից շարժվեց և գաղթականությունը: Թուրքերի հեռանալու լուրը էլեկտրական արագությամբ տարածվեց երկրի բոլոր մասերում և աննկարագրելի ցնծություն առաջ բերեց ամեն տեղ: Սկսվեց տարերային մի շարժում: Առանց սպասելու կառավարության կարգադրությանը, առանց նույնիսկ ճշտելու լուրի ճշտությունը, գաղթականությունը ուղղվեց թափով դեպի սահմանը: Էջմիածնում ու Ղարաքիլիսայում կուտակվեցին ահագին բազմություններ: Եվ որովհետև դանդաղում էին պարպել գրավված վայրերը, գաղթականության համար ստեղծվեց անտանելի կացություն՝ շաբաթներով մնում էին բաց երկնքի տակ, ենթակա սաստիկ ցրտերի կամ անձրևների: Եվ չնայած դրան, ամեն օր հասնում էին նորանոր խմբեր՝ սայլերով, եզներով, ֆուրգուններով, ոտով: Մասնավորապես անհամբեր էին սուրմալուեցիները, ղամարլուեցիներն ու սարդարապատցիները: Միայն Էջմիածնի շրջանում խռնվել էր մոտ 140 000 գաղթականություն:

Կառավարության ճիգերը՝ կազմակերպելու և ծրագրված ձև տալու այդ հոսանքին՝ առանձին հաջողություն չունեցան: Տարերքը ավելի ուժեղ էր: Բայց և այնպես, կարելի եղավ, որոշ չափով, մեղմացնել գաղթականության տառապանքը և, հնարավորության սահմաններում, կազմակերպված ձև տալ վերադարձի գործին: Ներքին գործոց նախարարությունը, առաջին հերթին, հատկացրեց մեկ միլիոն ռուբլի գաղթականության սնունդ ու դեղորայք հասցնելու համար, իսկ Հայաստանի Խորհրդի գաղթականական հանձնաժողովը հանեց հետևյալ որոշումները.

«1. Հենց այստեղ և այժմվանից նշանակել վերագրավված վայրերի համար գավառական, գավառակային և գյուղական կոմիսարներ՝ հաշվելով դրանց պետական պաշտոնյաներ, ներկայացնել նախահաշիվ և խնդրել Խորհրդից վարկ այդ ծախսերը փակելու համար:

  1. Հենց այստեղ և այժմվանից կազմակերպել յուրաքանչյուր գավառի համար ձիավոր միլիցիայի կադրեր՝ 100-200 մարդ ամեն մի գավառի համար:
  2. Ադմինիստրացիան նախօրոք, կամ գաղթականության առաջին հոսանքի հետ միասին գնում է գյուղերը և կարգավորում գաղթականներին ընդունելու և տեղավորելու գործը:
  3. Գլխավոր ճանապարհի վրա ունենալ սննդատու կայաններ բժշկաֆելդշերական բաժիններով միասին, նախ՝ գաղթականությանը դյուրություն տալու նպատակով, որպեսզի նա չփռվի ամեն կողմ և հսկողությունից ազատ լինելով՝ զանազան անախորժություններ չառաջացնի:
  4. Ճանապարհների վրա, որոշ կետերում, ունենալ շրջիկ ձիավոր պահակներ՝ ճանապարհների ապահովության համար:
  5. Ժամանակավորապես արգելել ոչ տեղացի գաղթականներին գնալ այս կամ այն գավառը: Օրինակ, ոչ սուրմալուեցի գաղթականը ժամանակավորապես իրավունք չունի Սուրմալու գնալու, մինչև որ տեղացիները գնան ու տեղավորվեն: Երբ սրանք գնացին ու տեղավորվեցին և երևաց, որ ազատ գյուղեր ու տեղեր էլի մնում են, այդ դեպքում կարող են և ոչ տեղացի գաղթականներ ևս գնալ Սուրմալու և այնտեղ տեղավորվել:
  6. Զորքերի հետ միասին և միաժամանակ վերագրավված վայրերն են գնում և պարենավորման գործի ներկայացուցիչները՝ տեղերում պարենավորման խնդիրը լուծելու համար:
  7. Գաղթականության վերադարձի ու տեղավորման գործի բարձրագույն ղեկավարությունն ամեն մի գավառում իրենց վրա են վերցնում Խորհրդի մեկ-մեկ անդամները, իհարկե, նույն գավառից՝ պառլամենտական կոմիսար անունով»:

Այս ձևով էլ տարվեց գործը:

Մայիսի վերջերին արդեն Թուրքիայի պարպած բոլոր շրջանները՝ Շիրակ, Կարս ու Կաղզվան, Կողբ ու Սարդարապատ, Սուրմալու ու Վեդի Բասար՝ բնակեցված էին վերադարձած հայերով, որոնք ագահությամբ կպան վերաշինական աշխատանքին: Կազմակերպվեց այդ վայրերում և վարչությունը, պարենավորման գործը, և կյանքը կամաց-կամաց սկսեց բարելավվել:

***

Արտաքին քաղաքականության մեջ գլխավոր տեղը գրավում էր, իհարկե, հայ-վրացական պատերազմը և դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունների կարգավորումը Հայաստանի և Վրաստանի միջև: Մարտից սկսած Հայաստանի համար բացվեց Եվրոպայի և Ռուսաստանի ճանապարհը Թիֆլիս – Բաթումի վրայով:

Երևանում հաստատվեցին անգլիական ու ֆրանսիական ներկայացուցչույթուններ: Ֆրանսիայի ներկայցուցիչն էր կապտան Պուադեբարը, անգլիական ներկայացուցիչ կապիտան Գրեյսին, որ մինչև վերջն էլ մնաց հայերի ու Հայաստանի բարեկամ: Հետզհետե ներկայացուցիչներ ունեցան և Իտալիան, Կամավորական բանակը, Վրաստանը, Ադրբեջանը և այլն:

Դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսվեցին մարտի կեսերին, երբ Երևան եկավ վերջինիս դիվանագիտական ներկայացուցիչ Խան Թեքինսկին: Պարսից կառավարությունը իր Երևանի ընդհանուր-հյուպատոսին պաշտոն տվեց ներկայացնելու Պարսկաստանը Հայաստանի կառավարության մոտ: Ապրիլի 29-ին Երևան եկավ Անգլիայի Մերձավոր արևելքի ուժերի ընդհանուր հրամանատար զորավար Միլնը՝ զորավար Թոմսոնի և ուրիշների հետ, տեսնվեց կառավարության հետ, ապա գնաց Էջմիածին՝ կաթողիկոսին այցելության: Մայիսի 19-ին Երևան հասավ Պարսկաստանի ելևմտական նախարարության ներկայացուցիչը՝ Հայաստանի հետ մաքսային ու տրանզիտային համաձայնության նախապատրաստական բանակցություններ վարելու համար:

Իր հերթինհ, Հայաստանն էլ դիվանագիտական ներկայցուցիչներ նշանակեց օտար կառավարությունների մոտ: Հունվարի 18-ին որոշվեց Ռուսական կամավորական բանակում ունենալ ներկայոցւցիչ, առանց քաղաքական լիազորությունների, և այդ պաշտոնին կոչվեց Պետական դումայի նախկին անդամ Հ. Սաղաթելյանը: Ապրիլի 11-ին Սաղաթելյանը ներկայացուցիչ կարգվեց և Կուբանի կառավարության մոտ: Փետրվարին մի պատվիրակություն ուղարկվեց Թավրիզ՝ Պարսկաստանի հետ սերտ բարեկամական հարաբերություններ մշակելու նպատակով: Մարտին Բաքվում դիվանագիտական ներկայացուցիչ նշանակվեց Տիգրան Բեկզադյանը, Թիֆլիսում՝ Լ. Եվանգուլյանը:

Ներքին աշխատանքերի շարքում, սահմանների ընդարձակումից և գաղթականների տեղավորումից հետո, առաջին տեղը բռնում էր բանակի կարգավորումն ու որբերի խնամատարությունը: Հայաստանի Խորհրդի հունվարի 7-ի որոշումով կատարվեց զորացրում, և զենքի տակ պահվեցին միայն հինգ տարվա՝ 1894 հունվար 1- 1899 հունվար 1 ծնունդները: Հայաստանի խորհուրդը հատկացրեց խոշոր գումարներ՝ բարելավելու համար զորքի նյութական ու տեխնիկական վիճակը:

Երկրի բազմաթիվ վայրերում բացվեցին որբանոցներ ու աշխատանոցներ: Այդ նպատակով ևս հատկացվեցին խոշոր գումարներ և գործի կանչվեցին ձեռնհաս վարիչներ: Հայաստանից դուրս գտնվող որբերին ու գաղթականներին օգնելու համար մարտի 27-ին Թիֆլիսում խնամատրության ներկայացուցիչ նշանակվեց Դ. Դավիթխանյանը: Մայիսի սկզբին 3 միլիոն ռուբլի հատկացվեց Ախալքալաքի սովյալներին նպաստ բաշխելու, և 74 000 000 ռուբլի՝ նույն շրջանում սերմացու բաժանելու համար: Մարտի 11-ին պայման կնքվեց և Ամերիկյան նպաստամատույց կոմիտեին հանձնվեց 15000 որբերին երկու տարվա հոգատարություը: Ըստ կազմված նախահաշվի, Նպաստամատույցը այդ նպատակով պիտի ծախսեր 90 միլիոն ռուբլի:

Մարտի 15-ին հաշվեհարդարի ենթարկվեցին բծավոր տիֆի դեմ պայքարող արտակարգ հանձնախումբը: Համաճարակը այլևս վերջացած էր:

Կառավարության հատուկ ուշադրության առարկա էր երկաթուղու բարեկարգման գործը, որի համար դրսից հրավիրվեցին ձեռնհաս մասնագետներ: Բացվեցին խոշոր վարկեր, ձեռք բերվեցին անհրաժեշտ նյութեր: Փետրվարի 15-ին հանրապետության երկաթուղիների ընդհանուր կառավարիչ նշանակվեց հայտնի մասնագետ ինժ. Միքայել Օգանեզյանը, սպասարկության պետ՝ ինժ. Մ Ալիբեգյանը, ուրիշ պաշտոնների՝ ինժ. Արշ. Պիչիկյանը, ինժ. Բ. Փիրումյանը: Մարտից սկսած երկաթուղային վարչության կենտրոնը փոխադրվեց Ալեքսանդրապոլ: Ապրիլի 29-ին հատկացվեց 11 230 537 ռուբլի երկաթուղիները, կայարանները և երկաթուղային շենքերը վերանորոգելու համար:

Համեմատաբար թույլ էր ընթանում պարենավորման գործը: Պարենավորման նախարարության մեջ ստեղծվել էր բազմիշխանություն: Նախարար Լ. Ղուլյանը և պաշտոնակատար Ս. Հարությունյանը Թիֆլիսում և Ս. Հարությունյանի պաշտոնակատար Գ. Մելիք-Ղարագյոզյանը՝ Երևանում միաժամանակ կարգադրություններ էին անում, որոնք, հաճախ, խաչաձևում էին իրար և առաջ էին բերում իրավացի դժգոհություն ու գանգատներ Գ. Մելիք-Ղարագյոզյանի կողմից: Վերջինս փետրվարի 2-ին նախարարական խորհրդի նիստում հարց հարուցեց, թե պետք է միջոցներ ձեռք առնել՝ վերացնելու համար բազմիշխանութունը: Հայտարարվեց, թե պարենավորման նոր նախարար է հրավիրված և շուտով գալու է Քր. Վերմիշյանը, սակայն, Վերմիշյանը դեռ երկար չերևաց Երևանում, իսկ պարենավորման գործերը գնալով ավելի և ավելի խճողվում էին: Փետրվարի 25-ին Մելիք-Ղարագյոզյանը նորից գանգատ ներկայացրեց Ս. Հարությունյանի քայլերի դեմ և հարց դրեց, թե՝ արդյոք ինքը պարտավո՞ր է ենթարկվել նրա հրահանգներին: Կառավարությունը որոշեց, որ պարենավորման նախարարության վերաբերմամբ Մելիք-Ղարագյոզյանից զատ ուրիշ ոչ ոք կարգադրություններ անելու իրավունք չունի: Այսպես տևեց դրությունը մինչև որ մարտի 1-ին պարենավորման նախարար նշանակվեց Քր. Վերմիշյանը: Պարենավորման տագնապի դեմ պայքարելու նպատակով մարտի 26-ին հատկացվեց 50 միլիոն ռուբլի գյուղացիության սերմացու հայթայթելու համար:

Կառավարության կազմի մեջ եղան և ուրիշ փոփոխություններ: Մարտի 27-ին զինվորական նախարարի պաշտոնից հրաժարվեց զորավար Հախվերդյանը և նույն օրը նրա փոխարեն նշանակվեց գնդապետ Քր. Արարատյանը՝ բարձրացվելով միաժամանակ զորավարի աստիճանի: Զինվորական նախարարի օգնական նշանակվեց Դրոն: Ապրիլի 25-ին կազմվեց զինվորական խորհուրդը, որի նախագահ կարգվեց զորավար Թովմաս Նազաբեկյանը, անդամներ՝ զորավարներ Հախվերդայնը և Հ. Բաղրամյանը: Զորավար Նազարբեկյանին հանձնվեց և Հայաստանի բանակի սպարապետությունը:

Առհասարակ, կառավարությունը իրեն կայուն չէր զգում: Ժողովրդական կուսակցության նախարարիների աչքը ավելի Թիֆլիս էր, քան Երևան: Դրանցից դժգոհ էին ամենքը, որոնց թվում և Երևանի ժողովրդականները: Հայաստանի Խորհրդի ժողովրդական պատգամավորները, որոնք սկզբում ուժ էին տալիս կառավարությանը, կամաց-կամաց կրկին անցան ընդդիմադիրների կողմը, և Խորհրդի ամբիոնը նորից դարձավ կուսակցական կրքոտ վեճերի տեղ: Կառավարությունը ոտիպված էր լինում՝ բան ու գործ թողած՝ օրերով զբաղվել հարցումներով ու հարցապնդումներով և քննադատություններին պատասխանելով:

Նման քննադատություններն ու հարձակումները հուզում էին հանրային միտքը: Հայաստանի Խորհրդի նիստերին ներկա եղած հասարակությունը հաճախ արտահայտում էր իր դժգոհությունը, երբեմն նույնիսկ անթույլատրելի ձևերով: Այս հողի վրա, փետրվարի 28-ին տեղի ունեցավ մի դեպք, որ ճակատագրական նշանակություն ունեցավ Հայաստանի Խորհրդի համար:

Քննվում էր Սուրմալուի գավառում զինվորական դրություն հայտարարելու առաջարկը: Կառավարությունն այդ առաջարկը պատճառաբանում էր նրանով, որ գավառի թուրք ազգաբնակչությունը բացահայտ թշնամական դիրք էր բռնել դեպի Հայաստանի պետականությունը, զինված հարձակումներ էր գործում հայ բնակչության և պաշտոնեության վրա, կտրել էր ճանապարհները, մշտական վտանգի տակ էր պահում Էջմիածին-Իգդիր խճուղին և այլն: Ընդդիմադիրները, բնականբար, դեմ էին օրինագծին: Խորհրդի նիստի միջոցով, ներկա գտնվող ամբոխը, հավանաբար, ո՛չ առանց որոշ պատգամավորների դրդումի, խուժելով ժողովասրահը՝ հարձակվեց ընդդիմադիր պատգամավորների վրա: Տեղի ունեցավ վեճ ու կռիվ, և նիստը խանգարվեց:

Այս դեպքից հետո, Խորհուրդը, կարելի է ասել, կանոնավոր աշխատանք չունեցավ: Կուսակցությունները երկար բանակցություններից հետո որոշեցին ձեռնարկել Խորհրդարանի ընտրություն. երկիրն արդեն մտնում էր բնականոն դրության մեջ և ժամանակն էր նշանավորվի Խորհուրդը ընտրված խորհրդարանով փոխարինելու:

Ի վերջո, ապրիլի 27-ի նիստում, Հայաստանի Խորհուրդը որոշեց. «1. Խորհրդի պարապմունքերը դադարեցնել մեկ ամսվա ժամանակամիջոցով, 2. դադարի միջոցին Խորհրդի բոլոր իրավունքները հանձնել կառավարությանը, 3. Կառավարությանը հանձնարարել արտակարգ կարևորություն ունեցող դեպքում հրավիրել խորհրդի արտակարգ նիստ»:

Այս որոշումով փաստորեն վերջ գտավ Հայաստանի Խորհուրդը, որ հայոց պատմության ամենախռովահույզ շրջանում հանդիսացավ երկրի գերագույն իշխանությունը: