Թավշյա հեղափոխությունից հետո Սերժ Սարգսյանին հավատարիմ մի շարք պաշտոնյաներ տեղավորվեցին Նիկոլ Փաշինյանի թիմում և խորհրդարանում իշխանական Իմ քայլը խմբակցությունում:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որ հենց հեղափոխության օրերին էր ուզում կատարել փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը և ազատությունից զրկել Նիկոլ Փաշինյանին, շատ հարմարավետ տեղավորվել է հեղափոխական թիմում:
Նշանավոր Տիգրան Մուկուչյանը, որի «նկարչական շնորհքի», այն է՝ ընտրակեղծարարության մասին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անեկդոտներ էր պատմում խորհրդարանի ամբիոնից, այսօր հարմարավետ տեղավորվել է ԿԸՀ-ում:
Թվում է՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն էլ էր այդ ճանապարհին: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարում էր, որ հեղափոխությունից հետո Հրայր Թովմասյանի հրաժարականն անհրաժեշտություն չէ և այդ հարցը իր իրավասությունների տիրույթում չի գտնվում:
Բայց Թովմասյանը Ռոբերտ Քոչարյանի շուրջ դատական գործընթացում դուրս եկավ հեղափոխության տրամաբանությունից ու չգրված կանոնից և փաստացի աջակցեց երկրորդ նախագահին՝ լուրջ նյարդայնություն ու տհաճություններ պատճառելով գործող իշխանություններին:
Թովմասյանի հարցը նախ փորձեցին լուծել պատվավոր թոշակի ուղարկելով: Սակայն նա և ՍԴ մյուս անդամները մերժեցին թոշակները, որը, նույնպես, վիճելի առաջարկ էր:
Հետո Ազգային ժողովով որոշեցին Թովմասյանի ու մյուսների հարցերը լուծել, սակայն վերջին պահին մտածեցին, որ ճիշտը հանրաքվեի ճանապարհն է: Հանրաքվեն ամենա-ամենան է: Փաշինյանը Սյունիքից մարդաշատ հանրահավաքներ սկսեց, բայց այս անգամ էլ խոչընդոտեց կորոնավիրուսի համաճարակը:
Իշխանական թիմը որոշեց, որ պետք է կրկին վերադառնալ ԱԺ:
Կասկած չկա, որ Թովմասյանին և ՍԴ մյուս դատավորների ճակատագիրը վճռված է:
Այո՛, բարեկամներ, սա քաղաքական գործընթաց է, որը փորձ է արվում համեմել իրավական սոուսով:
Իսկ եթե ուզում եք ավելի պարզ ներկայացնենք, ապա նախկին իշխանությունները փորձում են Հրայր Թովմասյանին և ՍԴ-ն օգտագործել՝ առնվազն պաշտպանվելու համար: Նրանք դիրքավորվել են ՍԴ խրամատում, վերջին կռիվն են տալիս և փորձում շրջել անշրջելի մի գործընթաց, որն սկսվել է 2018-ի ապրիլին՝ մերժելով նախկինը:
Մենք դեռ չգիտենք, թե ուր ենք գնում: Բայց հաստատ է, որ անցյալը մերժված է: Այս պարզ ճշմարտությունը նախկինները չեն ուզում հասկանալ և ընդունել:
Թովմասյանն ու նախկինները փորձում են ներկայացնել, թե Սահմանադրական դատարանը ներքաղաքական գործընթացի մաս չի կազմում: Սա նույնքան և ավելի անհավատալի է, որքան իշխանությունների պնդումը, թե Ազգային ժողովում տեղի ունեցողը զուտ իրավական գործընթաց է:
Հրայր Թովմասյանը, առաջին անգամ չենք գրում, Սերժ Սարգսյանի վերարտադրության համար հեղինակած Սահմանադրության համար ստացել է իրեն հասանելիքը՝ ՍԴ նախագահի աթոռը: ՍԴ նախագահի պաշտոնը այն նվերն էր, որ Թովմասյանը ստացավ Սերժ Սարգսյանից։ Նա այդ աթոռը փորձում է ամեն կերպ պաշտպանել՝ հաշվի չառնելով Թավշյա հեղափոխությունը: Թովմասյանը կարող էր հանգիստ մնալ իր աթոռին, ինչպես Արթուր Դավթյանն ու Տիգրան Մուկուչյանը, եթե չմիանար նախկինների հակահեղափոխության փորձերին:
Սա է ամբողջը:
Պետք չէ պարզ ներքաղաքական կռվին, որտեղ կան երկու կողմեր՝ Նիկոլ Փաշինյան և նախկիններ, տալ իրավական բնութագիր:
Թաթուլ Հակոբյան
ՍիվիլՆեթ