Պատերազմ և հաշտություն. Սիմոն Վրացյան

8755

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունը:

Գլուխ ԺԹ

Դեկտեմբերի 13-ին Հայաստանի կառավարությունը հրամայեց Դիլիջան-Լոռիի զորամասի պետ Դրոյին՝ մաքրել Լոռին վրաց զորքերից: Հաջորդ օրը զորամասը դիմեց առաջխաղացման Վորոնցովկա-Պրիվոլնոյե-Օփրեթ-Հայրում գծով:

Գործողության սկսող զորամասի մեջ մտնում էին հետևյալ միավորները. աջ թևում՝ փոխգնդապետ Կորոլկովը 6-րդ գնդի 2-րդ վաշտով, 2 գնդացիրով, 3 հարյուրյակ ձիավորով և միլիցիոն գնդի 4 վաշտով: Կենտրոնում՝ փոխգնդապետ Նեստերովսկին 4-րդ գնդի 2 գումարտակով, 4 գնդացիրով, 7-րդ լեռնային մարտկոցի 2 թնդանոթով: Ձախ թևում՝ գնդապետ Տեր-Նիկողոսյանը 5-րդ գնդի 3 գումարտակով, 12 գնդացիրով, 4-րդ լեռնային մարտկոցի 3 թնդանոթով: Ընդհանուր պահեստ՝ հրամանատար գնդապետ Միրիմանյանը 4-րդ գնդի 3 վաշտով, 4-րդ գնդի ձիավոր հետախույզներով և 7-րդ լեռնային մարտկոցի 2 թնդանթոներով: Զորամասի ուժերի համագումար թիվն էր՝ 28 վաշտ, 26 գնդացիր, 7 լեռնային թնդանոթ, 4 հարյուրյակ ձիավորներ: Ա՛յս համեստ ուժերով սկսվեց հայ-վրացական պատերազմը:

Պետք է նկատել նույնպես, որ պարենավորման, սարքավորման, հագուստի ու մատակարաման տեսակետից էլ հայկական զորամասերը աննախանձելի վիճակ էին ներկայացնում: Օր-կուշտ, օր-սոված, ցնցոտիներ հագին, բայց, գուցե, հենց այդ պատճառով, հաղթելու վճռականությամբ լի՝ հայ զինվորը կռվի դաշտ նետվեց արտակարգ աշխույժով:

Առաջին օրն իսկ, գնդապետ Տեր-Նիկողոսյանի զորամասը, գիշերային խիզախ գրոհով, գրավեց Վորոնցովկան ու Պրիվոլնոյեն: Գերի առնվեցին 5 վրացի սպաներ, 45 զինվոր, 3 լեռնային թնդանոթ, 1 մաքսիմի գնդացիր, առատ փամփուշտ և մեծ քանակությամբ ձիեր: Մեր կորուստներն էին՝ սպանված տեղակալ Զարաֆյանը, վիրավոր՝ 8 զինվոր և տեղակալ Ազատյանը, որը մինչև կռվի վերջը զորամասից չհեռացավ: Գնդապետ Նեստերովսկու զորամասը գրավեց Սանահին կայարանը, ուր մերոնց ձեռքն ընկան 49 վագոն ու 1 շոգեշարժ և գերի առնվեցին 15 զինվորներ: Վրացիները ունեցան մեծ կորուստ: Մեր կողմից վիրավորվեց մի զինվոր: Վրացիների 3 զրահապատ գնացքները համառ դիմադրություն ցույց տվեցին, բայց Հայրումի կողմից Կորոլկովի զորամասը քանդել էր երկաթուղագիծը և կտրել նրանց նահանջի ճանապարհը: Գիշերային գրոհով, գլխապետ Թարվերդյանը 4-րդ գնդի մեկ գումարտակով հետ շպրտեց վրաց զորքերը Հաղպատի և Ախտովայի միջև և գրավեց 2 գնդացիր: Ռոտմիստր Փիրումյանի հարյույակը քշեց վրացիներին և գրավեց Լալվար սարը՝ գրավելով 2 գնդացիր և գերելով 15 վրացիներ: Գիշերվա ժամը 2-ին հայ կամավորները ռումբերով պայթեցրին զրահապատներից մեկը: Լուսաբացին գնդապետ Տեր-Նիկողոսյանը գրավեց Միխայլովկա գյուղը և առաջ ուղարկեց խուզարկուներ:

Դեկտեմբերի 14-ին և 15-ին հայ զորքերի առաջխաղացումը անցավ շատ հաջող: Նրանց ճնշման տակ վրացիները պարպեցին և Ալլահվերդին: Դեկտեմբերի 16-ին, լուսաբացին, գնդապետ Տեր-Նիկողոսյանի ուժերը անցան հարձակման՝ գրավելու համար Բոլնիս-Խաչեն-Եկատերինֆելդը: Նույն օրը, առավոտյան, Կորոլկովի Հայրումի ջոկատը, մի խիստ հաջող շարժումով, ոչնչացրեց վրացական մի գունդ և գրավեց Հայրում կայարանը: Վրացիներից գերի ընկան 12 սպաներ գնդապետ Վաչնաձեի գլխավորությամբ և 300 զինվորներ: Մոտ 200 հոգի սպանվեցին ու վիրավորվեցին, մյուսները փախան: Մեր կողմից սպանվեցին տեղակալ Մուկուչ Տեր-Հովհաննիսյանը և մի զինվոր, վիրավորվեցին 7 հոգի: Տեր- Նիկողոսյանի և Նեստերովսկու զորամասերը շարունակեցին ճնշել վրացիներին դեպի հյուսիս: Վրաց կողմից սկսեցին երևալ Թիֆլիսից հասած թարմ ուժեր:

Դեկտեմբերի 17-ին արևելքից գլխապետ Թարվերդյանի ու արևմուտքից Փիրումյանի խիզախ գրոհով ջարդ ու փշուր եղան 5-րդ և 6-րդ վրացական գնդերը և գվարդիայի ու սահմանապահ գումարտակները: Գրավեցին 2 հաուբիցներ, 2 դաշտային թնդանոթ, 25 գնդացիր և Ախթալա կայարանի մոտ 2 կազմ ու պատրաստ զրահապատ գնացքներ, որոնք տեղն ու տեղը գործադրության դրվեցին հակառակորդի դեմ: Վրացիները ցույց տվին կատաղի դիմադրություն և կռվի դաշտում թողեցին 60 դիակ: Վրացական ճակատի հրամանատար զորավար Ցուլուկիձեն, բոլորովին ջախջախված, հապճեպ փախավ Հայրում-Սադախլու գիծը՝ հայերի ձեռքը թողնելով նույնիսկ իր սալոն-վագոնը մեջի իրերով:

Մերոնք շարունակեցին առաջխաղացումը. Կորոլկովի զորասյունը մոտեցավ Սադախլուին և կռիվ բռնվեց թշնամու հետ: Դեկտեմբերի 18-ին, առավոտյան, գնդապետ Տեր-Նիկողոսյանը գրավեց Բոլնիս-Խաչենը: Կռվի պայմանները շատ ծանր էին. ձյուն, ցուրտ, հագուստի ու սնունդի պակասություն: Բայց և այնպես զորքի տրամադրությունը բարձր էր: Երբեմն ճակատամարտերը ստանում էին արյունահեղ բնույթ, տեղի էին ունենում կատաղի սվինամարտեր: Ախթալա կայարանի մոտ, ուր գրավվեցին զրահապատները՝ 4-րդ գնդի առաջին և երրորդ վաշտերը արագ ու վճռական հարվածով խփեցին թշնամուն և սվիններով խուճապային փախուստի մատնեցին: Ձախ թևի վրա, օգնական ուժեր ստանալով, վրացիները դիմեցին հակագրոհի Բոլնիս-Խաչենի վրա, բայց մերոնց սպանիչ կրակի տակ փախան դեպի Արուխլու գյուղը:

Մինչ դեկտեմբերի 18-ը վրաց զորամասերը նահանջեցին ու կենտրոնացան Սադախլուի շրջանում: Հետզհետե Թիֆլիսից հասան նոր ուժեր: Հայկական ճակատ էր ուղարկվել ժողովրդական գվարդիան: Թիֆլիսում, խորհրդարանի նիստերում սպառնական ճառեր էին արտասանվում, մամուլը կրակ ու շանթ էր թափում հայերի գլխին, հայությունը դրված էր օրենքից դուրս, տղամարդիկ հարյուրներով ձերբակալվում և Քութայիս էին աքսորվում: Առհասարակ, ազգային կրքերը սրվել էին անասելի աստիճան:

Դեկտեմբերի 18-ին Սադախլու եկավ և Վրաստանի զինվորական նախարարը, 1000 թարմ զինվորներ, մի հարյուրյակ ձիավոր, 3 լեռնային մարտկոց և վերջին զրահապատ գնացքը: Զորավար Ցուլուկիձեն պատրաստվում էր ուժեղ հակահարձակման:

Հայկական ուժերը սկզբից մինչև այժմ մնացել էին նույնը: Թիկունքից համարյա ո՛չ մի լրացում չէր գալիս: Ճանապարհները փակված էին, և կառավարության ուշադրությունը զբաղված էր Շարուրի ճակատում սպառնացող բարդություններով: Պարսկաստանից ու Նախիջևանից հայրենիք վերադարձող բազմահազար թուրք զինվորները՝ անկարգ ու բոլշևիկացած՝ ահ ու դողի էին մատնել մերձակա շրջանների հայերին, և կառավարությունը ճիգ էր լարում այդ փորձանքից ազատվելու: Վրաց ճակատը գրեթե ամբողջապես մնացել էր Դիլիջան-Լոռիի կամավորներին:

Այդ ուժերով Դրոն որոշեց շրջապատել ու ջարդել Ցուլուկիձեի զորամասը: Գնդապետ Տեր-Նիկողոսյանին նա հրամայեց Բոլնիս-Խաչենից մի գումարտակ առաջ քաշել դեպի արևելք՝ երկաթուղու կողմը և ցուցական շարժումներով օժանդակել Կորոլկովի զորասյանը, իսկ Կորոլկովին հրամայեց երկու թնդանոթ և 3 վաշտ թողնել Հայրումում և մնացած ուժերով, Բերդաձորի և Գյուլբեգիի վրայով, անցնելով Դամիա գյուղը, վրացիների թիկունքը՝ ջարդել նրանց՝ լուրջ ուշադրություն դարձնելով Շուլավերից  Օփրեթ տանող ճանապարհի վրա: Դեկտեմբերի 19-ին փոխգնդապետ Կորոլկովին միացավ և միլիցիոն գունդը 350 զինվորներով և 2 գնդացիրներով, որին հրամայվեց գրավել Շուլավերը:

Երեկոյան դեմ, 4-րդ գնդի 6-րդ վաշտը Ֆիերկովսկու հրամանատրությամբ և առանձին ձիավոր գնդի 2-րդ դիվիզիոնի 2-րդ հարյուրյակը տեղակալ Տեր-Մարտիրոսյանի գլխավորությամբ, սեփական նախաձեռնությամբ հարձակման դիմեցին և գրավեցին Սադախլուն: Վրացիները սպիտակ դրոշ բարձրացրին: Բայց հենց այդ միջոցին, վրա հասավ զրահապատը և մոտենալով կայարանին՝ սպանիչ կրակ բացեց հայերի վրա: Զրահապատի օգնությամբ վրաց զինվորները շրջապատեցին 6-րդ վաշտի և 2-րդ հարյուրյակի զինվորներին, շատերին սպանեցին և գերի առան Ֆիերկովսկուն ու Տեր-Մարտիրոսյանին մոտ 30 զինվորներով:

Այդ ժամանակ, 6-րդ գնդի մեկ հարյուրյակ փոխգնդապետ Մանյանի հրամանատարությամբ հասավ Հայրում և հրաման ստացավ Ճոճկանի զորախումբը ուժեղացնելու նպատակով 60 հոգի հետախույզներ ուղարկել Ճոճկան՝ Պետրոսյանի տրամադրության տակ, իսկ մնացած ուժերով անցնել հարձակման ու գրավել Լամբալու գյուղը՝ Հայրումում թողնելով պահեստի մի վաշտ:

Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցան համառ և արյունահեղ կռիվներ: Կուռո Թարխանյանի հարյուրյակը մի կողմ շպրտելով թշնամուն՝ գրավեց Շուլավերը: Իսկ նույն ժամանակ, հազարից ավելի վրացիներ, զրահապատ գնացքի աջակցությամբ, համախմբվում էին Սադախլուի շրջանում:

Շուլավեր-Սադախլուի շրջանում գործող վրաց ուժերի մի մասը մի կողմ քաշելու նպատակով Դրոն հրամայեց գնդապետ Տեր-Նիկողոսյանին, դեկտեմբերի 21-ին մեկ գումարտակ ու 2 թնդանոթ թողնել Մեծ Դումանիսում, իսկ մնացած ուժերով շարժվել Արախլուի վրա: Սկսվեց տաք կռիվ: Մերոնք հարձակվում էին անվերջ, վրացիները հուսահատական դիմադրություն էին ցույց տալիս: Մնացականյանի Շուլավերի զորամասը կռվի բռնվեց Թիֆլիսից նոր հասած վրացական թարմ ուժերի հետ: Մերոնք քանդեցին Սադախլու-Մամայ երկաթուղագիծը՝ կտրելով վրաց զրահապատի նահանջի ճանապարհը: Կուռո Թարխանյանը հանդուգն հարձակումներ գործելով Աշաղա-Սարայլի ուղղությամբ՝ գրավեց մի թնդանոթ և մի գնդացիր: Այդ կռվում վիրավորվեց ինքը՝ Թարխանյանը և սպանվեց նրա ձիավորներից մեկը:

Ճակատամարտը Սադախլուի մոտ շարունակվեց անընդհատ: Վրացիները համարյա շրջապատված էին և գրավում էին միայն կայարանը, գյուղը և արևմտյան բարձրունքը: Դեկտեմբերի 22-ին, հակառակ թշնամու հրացանի ու գնդացիրների մրրկահույզ կրակի, Ճոճկանի զորախումբը Պետրոսյանի գլխավորությամբ, արհամարելով գնդակների տեղատարափը, շարժվեց Սադախլուի վրա և համառ ու երկարատև կռվից հետո գրավեց կայարանն ու գյուղի հարավային մասը, բայց օգնական ուժեր չստանալով՝ վրացիների հակահարձակման ու թևից սպառնացող վտանգի տակ՝ քաշվեց նախկին դիրքերը՝ տալով մոտ 40 զոհ: Պետրոսյանը գրավեց 2702 բարձրունքը, փոխգնդապետ Կորոլկովը, Դամիան, Մնացականյանը՝ Շուլավերը, փոխգնդապետ Մանյանը՝ Քերփիլի-2660 բարձրունք գիծը: Վրացիները շարունակում էին նոր ուժեր բերել ու կենտրոնացնել Բոլնիս-Խաչենի մոտ:

Դեկտեմբերի 23-ին մեր ուժերը վերադասավորվեցին՝ նորից հարձակման անցնելու համար: Եվ նույն օրը, երկարատև ու բուռն ճակատամարտից հետո, 4-րդ գնդի 12 վաշտերը, Ասլանյանի հրամանատարության տակ, գրավեցին Սադախլուն: Մերոնց ձեռքը գերի ընկան 6 սպա, 126 զինվոր, 2 կոլտի գնդացիր, ավելի քան 100 վագոն պարեն, ռազմամթերք ու փափմուշտ, 3 շոգեշարժ և ուրիշ պաշարեղեն: Մեր կորուստներն էին. Ալեքսանդրովը վիրավոր, 7 զինվոր սպանված և 11 վիրավոր: Տաք կռիվներ տեղի ունեցան և Եկատերինֆելդի ուղղությամբ, ուր վրացիները գրավեցին Դաղեթ-Խաչեն գյուղը, և Շուլավերի շրջանում, Սարաչլու գյուղի ճակատում, ուր մերոնք հետ մղեցին վրացական մի շարք կատաղի գրոհներ: Այսպիսով, վերջնականապես ջարդ ու փշուր եղավ զորավար Ցուլուկիձեի զորամասը, և Ցուլուկիձեն ինքն էլ փախավ մազապուրծ՝ շրջակա թուրքերի օգնությամբ:

Դրանից հետո վրաց հրամանատարությունը փոխվեց. Ցուլուկիձեի փոխարեն նշանակվեց զորավար Մազնիևը: Վրացիները շարունակեցին շտապ հասցնել նոր զորքեր ու թնդանոթներ և պատրաստվել ընդհանուր հարձակման:

Դեկտեմբերի 24-ին փոխգնդապետ Կորոլկովը հրաման ստացավ շարժվելու Շուլավերի վրա, որը ենթարկվել էր վրացիների հարձակման: Միլիցիոն գունդը երկու օր է դիմադրում էր հակառակորդի սաստիկ գրոհներին: Դեկտեմբերի 25-ին, երբ հասան Կորոլկովի ուժերը, վրացական 5 գրոհ հետ մղվեց՝ մեծ կորուստներով թշնամու համար: Սարաչլու գյուղից դեպի խճուղին տանող տարածության վրա բոլոր վրացական դիրքերը մաքրվեցին, վրացիները կռվի դաշտում թողեցին 86 դիակ:

Ցերեկվա ժամը երկուսի մոտերը, վրացիները, Թիֆլիսից հենց նոր հասած ու վագոններից դուրս եկած մոտ 1500 մարդով, ուժեղ հրետանու ընկերակցությամբ, դիմեցին հարձակման Շուլավերի խճուղու շրջանում, Աչաղա-Սարայլ կայարանի մոտ: Շուլավերի վրա թռչում էին վրաց սավառնակները և նետում ռումբեր: Մերոնց հակահարձակումով թշնամին հետ շպրտվեց և Աչաղա-Սարայլը տրվեց մեր թնդանոթների կրակին: Այս կռիվներում ռումբի կտորներով երեք տեղից վիրավորվեց անվեհեր տեղակալ Կուռո Թարխանյանը և սպանվեց միլիցիոն գնդի սպա Տեր-Գրիգորյանը:

Այս ձևի կռիվները, գրոհներն ու հակագրոհները շարունակվեցին անընդհատ, մինչև դեկտեմբերի 28-ը:

Մինչ ճակատում հոսում էր արյունը, Թիֆլիսում դաշնակիցները միջոցներ էին փնտրում՝ վերջ տալու համար արյունահեղությանը: Դեկտեմբերի 25-ին անգլիական զորավար Ռայկրոֆտի, ֆրանսիական գնդապետ Շարդինիի և Ժորդանիայի կողմից ստորագրվեց մի համաձայանգիր, որով «պատերազմական գործողությունները վրացիների և հայերի միջև պետք է անմիջպես դադարեցվեն և բրիտանական ու ֆրանսիական բանակների սպաներից բաղակացած մի հանձնաժողով՝ ուղեկցությամբ վրաց կառավարության ներկայացուցիչների՝ կմեկնի ճակատ՝ բացատրելու համար համաձայնության մանրամասնությունները և հսկելու նրանց իրականացման վրա՝ համաձայն ներքո ստորագրյալների կողմից Երևան ուղարկված հեռագրի»:

Այս համաձայնությունը կնքելիս ներկա էր և Հայաստանի ներկայացուցիչ Արշակ Ջամալյանը, որը մերժեց ստորագրել՝ բողոքելով, մասնավորապես, Ախալաքալաքի գավառին վերաբերվող մասի դեմ: Այդ պատճառով, համաձայնագրի տակ Ռայկրոֆտն ու Շարդինին ավելացրին, թե «Պ. Ջամալյանը համաձայն չէ Ախալքալաքի գավառը Վրաստանի կողմից գրավվելու կետին»:

Նույն օրը Երևան ուղարկվեց հետևյալ հեռագիրը. «Ներկայումս Թիֆլիսում գտնվող մեծբրիտանական զորավար Ռայկրոֆտը և ֆրանսիական առաքելության պետ գնդապետ Շարդինին, Վրաստանի Հանրապետության նախագահ Ժորդանիայի հետ ունեցած խորհրդաժողովում, պ. Ջամալյանի ներկայությամբ, որոշեցին, որ պատերազմական գործողությունները անհապաղ պետք է վերջացվեն:

Չնայած պ. Ջամալյանի բողոքներին, զորավար Ռայկրոֆտը, գնդապետ Շարդինին և Վրաստանի Հանրապետության նախագահ Ժորդանիան որոշեցին, որ՝

Անգլիական, ֆրանսիական, վրաց ու հայկական ներկայացուցիչներից բաղկացած մի խառն հանձնախումբ, ըստ կարելվույն շուտ, պետք է մեկնի ճակատ, որպեսզի կյանքում իրականացնի հետևյալ պայմանները.

Հանձնախումբը որոշում է քանակը այն զորքերի, որ վրացիները պետք է թողնեն Բորչալուի գավառի հյուսիսային մասին, իսկ հայերը՝ հարավային, այլև վրացիները՝ Ախալքալաքի գավառում: Զորքերը պետք է լինեն սակավաթիվ:

Վրաց զորքերը պետք է մնան իրենց գրաված այժմյան գծի վրա, հայ զորքերը պետք է նահանջեն Դսեղ-Ջալալ Օղլի թուրքական գիծը:

Վրացական և հայկական զորքերի գրավված տարածության միջև, երկաթուղու վրա, կգտնվեն բրիտանական պահակներ: Վարչությունը այս վիճելի մասում կլինի խառը:

Ախալքալաքի գավառի վրացական վարչության վրա հսկում է դաշնակցականների մի հանձնախումբ, որի մեջ են մտնում ներկայացուցիչներ և տեղական հայ ու մահմեդական բնակիչներից:

Երկու պետության՝ Վրաստանի ու Հայաստանի ներկայացուցիչները շուտով կուղարկվեն Եվրոպա, ուր սահմանների վերաբերվող ամբողջ հարցը կլուծվի մեծ պետությունների կողմից:

Իսկականը ստորագրեցին՝ Ռայկրոֆտ, Շարդինի, Ժորդանիա: Թիֆլիս, 15-ը դեկտեմբեր 1918 թ.»:

Հանձնախումբը՝ բաղկացած 2 անգլիացի, 1 ֆրանսիացի ու 1 վրացի սպաներից, անգլիական կապիտան Դըգլեզ Վիցերսի գլխավորությամբ, դեկտեմբերի 28-ին հասավ Ղարաքիլիսա և հայկական հրամանատարության ներկայացրեց վերևի համաձայնությունը: Հայերը բողոքեցին ու պահանջեցին որոշ կետեր փոխել, բայց, ի վերջո անգլիացիների ճնշման տակ ստիպված եղան համակերպվել: Հայկական կառավարությունը, սակայն, համաձայնության մի քանի կետեր համարում էր մութ և բացատրություն էր պահանջում, որի վրա հանձնախմբի նախագահը համաձայնվեց իր հետ Թիֆլիս տանել հայերից երկու ներկայացուցիչ՝ մութ կետերի վերջնական պարզաբանման համար: Բանակցություններից հետո, դեկտեմբերի 30-ին, որոշվեց, մյուս օրը, դեկտեմբերի 31-ի գիշերվա ժամը 12-ին, վերջ տալ պատերազմական գործողություներին, որից հետո հայկական պատվիրակությունը պետք է մեկներ Թիֆլիս՝ հաշտության բանակցությունների համար:

Հանձնախմբի Ղարաքիլիսա հասնելու օրն իսկ, դեկտեմբերի 28-ին, վրացիներն ամբողջ ճակատի վրա անցան ընդհանուր հարձակման: Նրանց միացել էին Բորչալուի թուրքերը, որոնք կռվի դաշտ էին հանել կամավորական խմբեր: Ռազմագիտական տեսակետից նահանջը վրացիներին օգտակար էր եղել. նրանք դուրս էին եկել թշնամաբար տրամադրված հայկական շրջաններից, կարճացրել հաղորդակցության գիծը, վերակազմել իրենց բարձր հրամանատարությունը, ռազմաճակատ ուղարկել գործիչների ու ժողովրդական գվարդիայի նոր խմբեր, վրաց ժողովրդի ուշադրությունը սրել, ամբողջապես կենտրոնացրել ճակատի վրա:

Ընդհակառակը, հայերի համար գնալով ստեղծվում էր ավելի աննպաստ վիճակ: Երկու շաբաթ շարունակ առաջ շարժվող, կռիվներից դուրս չեկող, վատ հագնված ու վատ պարենավորված զորքը սաստիկ հոգնել էր, պահեստի մասերը սպառվել էին, իսկ նոր ուժ գրեթե չէր գալիս: Կառավարությունը զբաղված էր ուրիշ ոչ պակաս ծանր հոգսերով և պատերազմին բավարար ուշադրություն չէր կարող դարձնել: Թիկունքից պարենավորում ու ռազմամթերք չէին ստացվում: Զորքը կերակրվում էր վրացիներից առած հարցով և կռվում վրացական ռազմամթերքով:

Դրությունը դժվարացնում էր և մի ուրիշ հանգամանք: Քանի կռիվները տեղի էին ունենում հայկական շրջաններում, լոռեցիները՝ զենքը ձեռքներին մասնակցում էին պատերազմական գործողություններին՝ միշտ բանակի առաջին շարքերում: Հենց որ ամբողջ Լոռին գրավվեց, և պատերազմը սկսեց տեղափոխվել հայկական շրջաններից դուրս, լոռեցիները, մեծ մասով, հեռացան իրենց տները, և կռվի դաշտում մնացին գլխավորապես կանոնավոր զորամասերը: Այս պարագան, իհարկե, վատ անդրադաձավ և մնացած զինվորների հոգեկան վիճակի վրա: Հայկական բանակը աստիճանաբար փոքրանում էր, վրացիներինը, ընդհակառակը, ավելանում էր արագորեն: Ուժերի համեմատությունը փոխվում էր ի նպաստ թշնամու:

Դեկտեմբերի 27-ին վրացական առաջավոր խմբերը երևացին 2660 բարձունքի մոտ: Սարաչլուի կողմից, 3-400 վրացիներ աշխատում էին անցնել փոխգնդապետ Կորոլկովի ձախ թևի թիկունքը: Շարժումներ սկսվեցին և մյուս ճակատներում, բայց գլխավոր ուժերը Շուլավերի շրջանում էին, ուր զորավար Մազնիևի զորամասը՝ երեք ու կես հազար մարդ ու 12 թնդանոթ, մեր դիրքերի թնդանոթային փոթորկահույզ ռմբակոծումից հետո, ժամը 5-ին անցավ ուժեղ հարձակման Կորոլկովի ճակատի ամբողջ լայնությամբ:

Հակառակ թշնամու ուժերի խիստ գերակշռության և մեր զորքերի արտակարգ հոգնածության ու սակավության, մի քանի օր անընդհատ մղվեցին կատաղի կռիվներ, և մերոնք կորուստներ պատճառելով՝ հետ էին մղում բոլոր գրոհները:

Միաժամանակ վրացիները, մոտ 1000 հոգով, հետները ունենալով և Բորչալուի թուրքերի կամավորական խմբերը, Քասումլու և Ահմադլու գյուղերի կողմից, հարձակվեցին մեր աջ թևի վրա, ուր գործում էր փոխգնդապետ Իշխանյանը 6-րդ գնդի 1 գումարտակով ու 2 գնդացիրով: Թե Շուլավերից և թե օր ավուր աճող ուժերի ճնշման տակ, դիմեցին նահանջի մինչև Գյավուր Արխ և Սիոն գյուղերը: Մեր կորուստներն էին այս կռվում. մոտ 200 հոգի սպանված ու վիրավոր: Սպանվեց տեղակալ Տիլիչեևը, գերի ընկան փոխգնդապետ Հակոբյանը և 2-րդ թեթև մարտկոցի պետ, տեղակալ Բագրատունին: Թշնամու ձեռքն անցան 7-րդ թեթև մարտկոցի 2 թնդանոթները, որոնց վարիչները մինչև վերջ ցույց տվեցին հերոսական դիմադրություն և հեռացան թնդանոթները անգործածելի դարձնելուց հետո:

Դեկտեմբերի 29-ին օգնության հասավ գնդապետ Տիմչենկոն, որ ընդունեց աջ թևի ընդհանուր հրամանատրությունը՝ խնդիր ստանալով հսկողության տակ առնել թիվ 2660 և Ղըզըլ-Կայա բարձրունքներից դեպի հյուսիս գտնվող տարածությունը և, եթե վրացիները Շուլավերի դիրքերից հեռանան, արևելքից անցնել նրանց թիկունքը, շարժվելով դեպի Աշաղա-Սարայլ ու սերտ կապ պահելով Կորոլկովի հետ՝ ապահովել աջ թևը: Կենտրոնի՝ Կորոլկովի զորամասին՝ բաղկացած 4-րդ գնդի 10 վաշտից, միլիցիոն գնդի 4 վաշտից, 2-րդ դիվիզիոնի 2 հարյուրյակից, 2-րդ գնդի 1 գումարտակից, 7-րդ լեռնային մարտկոցի 2 թնդանոթից ու 1 զրահապատ գնացքից՝ հրամայվեց համառ կերպով պաշտպանել Դամիա-Սադախլու գիծը՝ Խոժոռնիում կենտրոնացնելով 4-րդ գունդը, առաջավոր մասերը պահելով Դամիա գյուղում և աջից կապ ունենալով Տիմչենկոյի թևի հետ: Վերջինիս նոր հրաման տրվեց՝ ամուր կերպով պահել Սադախլուի մոտ երկաթուղագծից 2660 բարձունք՝ Քերփիլի գյուղ գիծը: 2-րդ գնդի մեկ գումարտակը թողնվեց պահեստում Ճոճկան գյուղի մոտ:

Մինչ կենտրոնում և աջ թևում կատարվում էին այս դեպքերը, ձախ թևից երեք օր շարունակ լուր չստացվեց, գնդապետ Տեր-Նիկողոսյանը բոլորովին կտրվել էր ընդհանուր հրամանատարությունից: Հետո պարզվեց, որ 5-րդ գունդը բռնված էր բծավոր տիֆով, հիվանդացել է և գնդապետ Տեր-Նիկողոսյանը ու իր սպայակույտի սպաները: Այդ պատճառով կարելի չէր եղել կատարել ստացված հրամանը, որով կարգադրվում էր գրավել Եկատերինֆելդ-Բոլնիս-Խաչեն գիծը և 4-րդ գնդի հետ միասին շարժվել դեպի Արախլու: Հակառակ պարագային, եթե կռիվները գնան անհաջող, ամուր պահել Մեծ Դումանիս-Բոլնիս Խաչեն ճակատը: Այս հրամանը գնդապետ Տեր-Նիկողոսյանը չէր կարողացել կատարել, և այդ ծանր անդրադարձում ունեցավ հետագա գործողությունների վրա:

Դեկտեմբերի 30-ի առավոտյան վրացիները փորձեցին մոտենալ Սադախլու կայարանին ու Լամբալու գյուղին, բայց մեր հրետանիի կրակով հետ շպրտվեցին: Նորից անցնելով հարձակման՝ մոտ 500 հոգով մտան Սադախլու, իսկ մի ուրիշ զորամաս գրավեց 2660 բարձունքը: Մեր զրահապատը կրակի բռնեց Սադախլուն, ուր սկսել էր հավաքվել թուրք զինված խուժանը: Վրացիներն ու թուրքերը հեռացան Սադախլուից և սկսեցին քաշել իրենց թնդանոթներն ու ռմբակոծել մեր զրահապատը, որը, փոխտեղակալ Սուլթան-Շահի հրամանատարության տակ հանդուգն հարձակումներ էր գործում և ահագին վնաս պատճառում հակառակորդին: Մերոնք քանդեցին Սադախլուից հյուսիս գտնվող երկաթուղու կամուրջը: Շուլավերից առաջացող վրացիներն ու թուրքերը այրեցին Դամիա գյուղը:

Երեկոյան դեմ վրացիները նորից փորձեցին գրավել Սադախլուն, փոքրիկ խմբերով առաջ անցան, մագլցեցին 2660 բարձունքը: Մեր զրահապատը կրկին գործողության դիմեց նրանց դեմ: 2-րդ գնդի մեկ գումարտակը գլխավոր Չերգեշտովի հրամանատարությամբ բռնեց 2702 բարձունքը: Կռիվներ տեղի ունեցան և Կորոլկովի ու Տեր-Նիկողոսյանի ճակատներում: Վերջինում, երկու օրվա կատաղի գրոհներից հետո, վրացիները գրավեցին Բոլնիս Խաչեն գյուղը:

Նույն օրը, երկար ու համառ պահանջներից հետո, Դրոն վերջապես ստացավ փոքրիկ օժանդակություն. 4-րդ և 6-րդ գնդերի համար հասան մոտ 600 թարմ զինվորներ: Դրոն մի կողմից հետ էր մղում թշնամու հարձակումները, մյուս կողմից պատրաստվում դեկտեմբերի 31-ի վճռական կռվի համար. երկու կողմերն էլ աշխատում էին զինադադարի վայրկյանին իրենց համար նպաստավոր դիրքեր ապահովելու:

Դեկտեմբերի 31-ի առավոտյան հայկական զորամասերը դասավորված էին հետևյալ ձևով. աջ թևում կանգնած էր գնդապետ Տիմչենկոն 6-րդ գնդի 2 գումարտակով (մոտ 1100 սվին) և 6-րդ լեռնային մարտկոցի 2 թնդանոթով: Նրա ճակատն էր Գյունաշթափա լեռ-Քերփիլին մինչև երկաթուղի: Կենտրոնում՝ 2-րդ գնդի 3 գումարտակներ (մոտ 600 սվին) Հովհաննիսյանի հրամանատարությամբ և 7-րդ լեռնային մարտկոցի երկու թնդանոթ՝ երկաթուղուց մինչև Բարդաձորից Ճոճկան տանող ճանապարհը: Ձախ թևի վրա՝ փոխգնդապետ Կորոլկովը՝ Բարդաձորի ճանապարհից մինչև Օփրեթի ճանապարհը: Նրա մասերը դասավորված էին. Գյուլ-Գագիում միլիցիոն գունդը, Բարդաձորում 4-րդ գնդի մեկ գումարտակը, 2 գումարտակ Խոժոռնիում, 50 ձիավոր Աղքյորփիում: Պահեստը գտնվում էր Ճոճկանում՝ 2-րդ գնդի գումարտակներ և 7-րդ մարտկոցի 2 թնդանոթներ:

Վրացիները դեկտեմբերի 31-ի առավոտյան Սադախլուում հավաքվել էին մոտ 3 և կես հազար կռվող, Դամիա-Սադախլուում 12 թնդանոթ և մոտ 800 հոգի  էլ Քասումլու թրքական շրջանում: Նրանց առաջապահ մասերը, մոտ 2 վաշտ, գրավում էին 2660 բարձունքը:

Հայկական հրամանատարության ծրագիրն էր՝ գրավել Սադախլուն և ոչնչացնել զորավար Մազնիևի զորամասը: Այդ նպատակով տրվել էր հետևյալ հրամանը.

Աջ թևը, ժամը 2-ին, սկսում է հարձակումը, գրավում 2660 բարձունքը և, եթե ձախ թևը առաջանա հաջողությամբ, Մամայում կապվում նրա հետ: Կենտրոնական զորամասը՝ զարնում է ճակատից և զբաղեցնում Սադախլուի թշնամուն: Ձախ թևը շարժվում է կենտրոնի հետ միաժամանակ և գրավելով Սիոն-Դամիա շրջանը՝ Մամայում միանում է աջ թևին: Այսպիսով թշնամին առնվելու էր օղակի մեջ և ջախջախվելու:

Սակայն, ճակատամարտը տեղի ունեցավ նախատեսվածից մի քիչ տարբեր ձևով: Հեռախոսային կապ չլինելու պատճառով՝ Կորոլկովը մի քանի ժամ ուշ ստացևեց հրամանը, և նախաձեռնությունը նրա ճակատում անցավ թշնամու ձեռքը: Ժամը 8-ին վրացիները, սպայական գումարտակի գլխավորությամբ, դիմեցին ուժեղ հարձակման, Գյուլ-Գագիի մոտ պատռեցին մերոնց շղթան և շարժվեցին դեպի Գեդեք-Բուռուն լեռը: Ժամը 1-ին թշնամու առաջխաղացման մասին լուր ստացվեց զորամասի սպայակույտում, և Դրոն շտապեց պահեստից օգնության հասցնել 2-րդ գնդի 2-րդ գումարտակը, որը կանգնեցրեց վրացիների արշավը:

Ժամը 2-ին ուժգին հարձակման անցավ 6-րդ գունդը՝ շարժվելով դեպի 2660 բարձունքը: Կենտրոնական ճակատից անընդհատ տեղեկություններ էին ստացվում, որ վրացիները 2660 բարձունքի կողմերից, Մամայից ու Դամիայից Սադախլու էին քաշում իրենց ուժերը և շարժվում դեպի Գյուլ-Բաղի: Եվ որովհետև ձախ թևը չէր շարժվում, Դրոն հրամայեց աջ զորասյունին ցույց տալ վճռական գործունեություն և մի զորասյուն ուղարկել դեպի Սադախլու՝ Գյուլ-Բաղիի ուղղությամբ գործող վրացիներին թիկունքից հարվածելու համար:

6-րդ գունդը առաջացավ երկու թևով. մեկը՝ 1 գումարտակ՝ Գյունաշ-Թափայից 2660 բարձունքի լանջերով շարժվեց դեպի Լամբալու և Սադախլու: 6-րդ լեռնային մարտկոցի 2 թնդանոթը կրակ բաց արեցին Սադախլուի վրա. 2660 բարձունքի վրա դրվեց մի պահակ: Մյուս գումարտակը գործում էր Քասումլուի և Կաչաղանի շրջանում:

Միաժամանակ, Սադախլուի վրա կրակ բաց արեց և 7-րդ լեռնային մարտկոցը, և 2-րդ գնդի 3-րդ գումարտակը 2702 բարձունքից սկսեց հարավից իջնել դեպի Սադախլու: Զրահապատը, առաջ անցնելով, օգնում էր 3-րդ գումարտակի էջքին:

Ձախ թևի վրա շարունակվում էին կատաղաի կռիվները. վրացիները տարածվում էին Գեդիք-Բուռունի ուղղությամբ:

Ժամը 3-ի մոտերքը, 6-րդ գնդի 2-րդ գումարտակը սկսեց մոտենալ 2660 բարձրունքի կատարին: Վրացիները բաց արեցին ուժեղ գնդացրային կրակ, բայց մերոնք առաջ շարժվեցին գնդացիրների տարափի տակ՝ պատրաստ անցնելու սվինամարտի: Վրացիները խուսափեցին սվինակռվից և ժամը 4 ու կեսին փախան: 2660 բարձունքը անցավ հայերի ձեռքը, որոնց առաջավոր մասերը սկսեցին իջնել դեպի Մամայ՝ կտրելով Սադախլուի ճակատում գործող վրացական զորքերի թիկունքը: Երեկոյան 6-րդ գնդի ձախ զորասյունը գրավեց Լամբալուն, իսկ 2-րդ գնդի 3-րդ գումարտակը ներս խուժեց Սադախլուի հարավային մասը:

Գիշերը կռիվը դադարեց: Թիկունքից կտրված՝ վրացիները կանգնեցին Գյուլ-Բաղիի շրջանում և սկսեցին կամաց-կամաց հետ քաշվել: Մեր ձախ զորամասը բռնեց բարձրունքները Խոժոռնիի, Գյուլ-Բաղիի ու Բարդաձորի գլխին:

Ճակատամարտը դեռ չէր ավարտվել, բայց արդեն ժամը 12-ն էր, և կռվող կողմերը կանգ առան իրենց գրաված տեղերում: Պատերազմը վերջանում էր:

Ո՞վ էր հաղթողը այս պատերազմում: Վրացիները պնդում են, որ դեկտեմբերի 31-ի ճակատամարտը վերջացավ իրենց հաղթանակով: Եթե պայմանաժամը չլրանար, ասում են նրանք, վրաց զորքը առաջ կգնար հաղթական, և հայկական բանակի կատարյալ պարտությունը կդառնար անխուսափելի: Ո՛չ, պատասխանում են հայերը, եթե պայմանաժամը չլրանար, հայ զորքերը հաջողությամբ կիրականացնեին շրջափակման ծրագիրը, և զորավար Մազնիևի զորքերը ամբողջովին գերի կընկնեին հայերի ձեռքը:

Վրացիները ասում են՝ մենք հաղթեցինք, հայերի ասում են՝ մենք հաղթեցինք: Ո՞ւմ է իրավունքը: Պատասխանը թո՛ղ ռազմագետները տան. ճակատամարտի դաշտի քարտեզը երկու կողմից էլ հիմք է տալիս մնալու իր համոզման մեջ:

Եվ, իրոք, ուշադրություն դարձրե՛ք ճակատամարտի քարտեզին՝ ուժերի ի՜նչ տարօրինակ դասավորություն: Հայ ու վրացի զորամասերը խառնվել են իրար. վրացիները մտել են շատ խորունկ հայկական շրջանը, հայերը սպառնական անցել են վրացիների թիկունքը: Կդիմանայի՞ն Կորոլկովի զորամասերը վրացական գրոհին, կկարողանայի՞ն վրացիները մաքրել թիկունքը հայկական խուժումից. կկարողանա՞ր Մազնիևը տոկալ Դրոյի հարվածին: Այս հարցերը մնում են անպատասխան:

Այսպես թե այնպես, հայ-վրացական պատերազմը վերջացավ: Բանակները կատարեցին իրենց պարտականությունը: Խոսքը անցնում էր քաղաքագետներին:

Ինչքա՞ն է մարդկայնին կորուստը պատերազմում՝ դժվար է ասել: Մեր ձեռքն ընկած պատահական տեղեկություններից երևում է, որ միայն 4-րդ գնդից սպանվել էր 19 զինվոր, անհետ կորել 44 և վիրավորվել 14, 6-րդ գնդից սպանվել էր 8, անհետ կորել 11 և վիրավորվել 18: Կռիվներում սպանվեցին հետևյալ սպաները՝ Վահան Դանիելյան, Լևոն Գաբրիելյան, Հովսեփ Գրիգորյան, Արշակ Մելիք-Շահնազարյան, Մարտիրոս Խոջայան, Ֆեոդոր Թան, Կոլոձեյչիկ, Գրիգոր Սաֆարյան, Մկրտիչ Տեր-Հովհաննիսյան, Մատթեոս Տեր-Մատթեոսյան, Մկրտիչ Տեր-Պողոսյան: Վերքերից մեռան սպաներ Սուրեն Տեր-Ղուկասյանը, Գևորգ Սուլթան Շահը, Թիլիչեևը, Տեր-Գրիգորյանը: Վիրավորվեցին սպաներ Ալեքսանդր Մամյանցը, Սմբատ Չեթիգյանը, Ալեքսանդր Անդրաբատովը, Արամայիս Բաբլաշյան-Բաբլումյանը, Տիգրան Ազիզյանը, Լևոն Վերմիշյանը, Նիկ. Թարխանյանը (Կուռո), Դարբինյանը և զինվորական պաշտոնյա Վախթանգ Դավթյանը:

***

Քաղաքագետների գործը, սակայն, հեշտ չէր լինելու. պատերազմն ու հարակից դեպքերը չափազանց շատ էին լարել կրքերն ու խառնափնթորել կացությունը: Մանավանդ, վրաց կառավարությունը եռանդ չէր խնայել այդ ուղղությամբ. պատերազմի ընթացքում հայերի վիճակը Վրաստանում ոչնչով չէր տարբերվում այն վիճակից, որ ստեղծվել էր Թուրքիայում պատերազմի օրերին: Հայաստանի դրամները բանկերից և հայկական պետական գույքերը գրավվեցին:

Հայաստանի ներկայացուցչությունը փակվեց: Վիրահայոց ազգային խորհուրդը փակվեց: Գաղթականական ու որբախնամ մարմինները փակվեցին: «Աշխատավոր», «Նոր-Հորիզոն», «Կավկազսկոյե Սլովո» և մի շարք ուրիշ թերթեր փակվեցին: Բազմաթիվ հայ գործիչներ, Թիֆլիսի քաղաքային խորհրդի դաշնակցական անդամները ձերբակալվեցին: Հայ միլիցիոներները արձակվեցին պաշտոնից: Սկսվեց մի այլանդակ հալածանք բոլոր հայերի դեմ անխնտիր, զզվելի հայորսություն Թիֆլիսի փողոցներում: 1919թ. հունվարի 8-ին Վիրահայոց ազգային խորհուրդը Վրաստանի կառավարության ներկայացրեց մի հուշագիր, որ ահռելի մանրամասնություններ էր տալիս հայերի նկատմամբ գործադրվող կամայականությունների և բռնությունների:

«Պատերազմական գործողությունների սկսելով,- ասում էր այդ հուշագիրը,-հանրապետության կառավարությունը Վրաստանի հողի վրա ապրող բոլոր հայերին հայտարարեց ռազմագերի՝ կիրառելով նրանց վերաբերմամբ ճնշումներ՝ բանտարկություններ, Քութայիսի նահանգն աքսորելու և այլ ձևերով… Հպատակության օրենքի թերությունների պատճառով, պատերազմի հենց առաջին օրից ստեղծված թշնամական մթնոլորտը՝ խուզարկություններ, ձերբակալություններ և աքսորումներ կատարող միլիցիայի և հատուկ զորամասի պաշտոնյաների առջև, բաց արեց լայն հեռանկարներ ամեն կարգի ապօրինություններ հայերի նկատմամբ՝ ակներև կերպով չձերբակալվելիք անձերի ձերբակալություններից սկսած մինչև բաց ու անպատիժ դրամաշորթություն: Հայերի վիճակը է՛լ ավելի վատացավ, երբ հրապարակվեցին ընդհանուր-նահանգապետի պարտադիր որոշումները, որոնք, վարչական օրենսդրության կարգով, ընդարձակում էին ռազմագերիների տեսակները՝ մտցնելով նրանց մեջ Հայաստանի Հանրապետության զորքերով գրավված Բորչալուի շրջանն էլ»:

«Այս բոլորի հետևանքով վրաց իշխանության տակ ապրող կես միլիոն հայ ազգաբնակչությունը զրկվեց ամեն իրավունքից, նրա պատիվը, ունեցվածքը, ազատությունն ու գույքերը դարձան միլիցիայի և հատուկ զորամասի պաշտոնյաների ազատ քմահաճույքի առարկա»: «Այն պատրվակով, որ, իբրև թե, Արամյանի շենքում, ուր Հայոց ազգգային խորհրդին կից տեղավորված էին և մի շարք ուրիշ հիմնարկություններ, կատարվում է կամավորների արձանագրություն հօգուտ Հայաստանի, կնքվեցին Հայոց ազգային խորհրդի տոմարները և գրավեցին նրա բոլոր նյութական միջոցները և գաղթականների հատկացված դեղերն ու դրամները»: Եվ ազգային խորհուրդը փաստորեն դադարեց գոյություն ունենալուց:

«Ահա երկու շաբաթ է, որ Թիֆլիսի հայ բնակչությունը ենթակա է վարչական իշխանության, ամեն տեսակ կամայականությունների: Զինված միլիցիոներները գիշերները այցելում են, առանց հպատակության ու դիրքի խտրության, հայերի տները, բռնություններ են գործ դնում, առնում-տանում թանկարժեք իրեր, ձերբակալում են ոչ միայն ոչ հայահպատակ, այլև վրացահպատակ անձանց, ցերեկով շուրջկալներ են կատարում և հայերին հարյուրներով քշում են բանտ ու Քութայիսի նահանգը՝ առանց նույնիսկ հնարավորություն տալու գեթ մնաս-բարև ասելու իրենց հարազատներին ու անհրաժեշտ իրեր առնելու. հազարավոր հայ բանվորներն ու մտավորականները, որոնք հանում են գործից և ուղարկում Մետեխի բերդը կամ՝ միջնադարյան բանտերի վատագույն կարգերով գերիների կայանի վերածված Ներսիսյան դպրոցի շենքը՝ սովորական երևույթներ  են դարձել Թիֆլիսի հայերի կյանքում: Այդ բոլորին զուգընթաց, տեղի են ունենում բոլորովին անմեղ մարդկանց ձերբակալություններ՝ դրամ կորզելու նպատակով: Մերժման կամ իշխանության հայտնելու պարագայում սպառնում են գնդակահար անել: Այլասերման աստիճանի մասին կարելի է գաղափար կազմել նրանով, որ միլիցիոներները և հատուկ զորամասի պաշտոնյաները, հաստատել են փրկագնի որոշ սակ՝ 50-ից սկսած մինչև 50 000 ռուբլի, և սակավ չեն դեպքերը, երբ միևնույն անձին հերթով դիմում ու դրամ են պահանջում երկու հիմնարկության ներկայացուցիչներն էլ, և եթե միամիտը հայտնի, թե ինքը արդեն տվել է, այդ փաստն ինքնին ամրացնում է նոր պահանջողի իրավունքը»:

Այս բոլորի թագ ու պսակը եղավ հունվարի 5-ի այլանդակ դեպքը, երբ, կնքված զինադադարից հետո արդեն, Թիֆլիսում տեղի ունեցան հայերի զանգվածային ձերբակալություններ: «Միլիցիայի գործակալները,- գրում էր Ազգային խորհուրդը,-վայրենիների պես, բառիս բուն նշանակությամբ, որսի ելան հայերի դեմ: Մի քանի ժամվա մեջ ձերբակալեցին 6000 հոգի և ազատ թողին այն մի քանի հարյուր բախտավորներին, որոնք տեղն ու տեղը, մարդկանց աչքի առջև, կարողանում էին վճարել պահանջված գումարը կամ, հնարավորություն էին ստանում, միլիցիոներների ուղեկցությամբ գնալ տուն և ավելի մեծ գումար վճարելով՝ ազատվել բռնակալների ձեռքից»:

«Եվ եթե այս ամենը կատարվում էր Թիֆլիսում, դժվար չէ երևակայել հայերի վիճակը Վրաստանի գավառներում, որոնք թողնված են սեփական ճակատագրին և վրաց մամուլի հակահայ քարոզչության ոգով տոգորված տեղական վարչության ողորմածությանը»:

Անկասկած, գավառներում ավելի վատ էր, քան Թիֆլիսում: Ապօրինություններից, թալանից ու բանտարկություններից զատ այնտեղ տեղի էին ունենում և լլկումներ ու սպանություններ, մանավանդ ժողովրդական գվարդիականների կողմից, որոնք, սովորաբար, մնում էին անպատիժ իրենց արարքների համար: Անտանելի էր հայերի դրությունը, մանավանդ, հայկական սահմանին մոտ գտնվող վայրերում, ուր ճնշումներ ու կամայականությունները պատերազմից հետո էլ չվերջացան: Այսպես Բոլնիս Խաչեն գյուղը վրաց զորքի կողմից գրավելու ժամանակ, բնակիչները թողին-հեռացան՝ չկարողանալով տանել որևէ բան: Գյուղում մնացին մի քանի չքավոր ընտանիքներ, ծերեր ու որբ և այրիներ: Գյուղը գրավելուց հետո կարմիր գվարդիականները անցան թալանի ու բռնությունների: Թալանեցին ամեն ինչ, ուտելեղենը կազմակերպված կերպով: Տարան հաց, ցորեն, գարի, գետնախնձոր, լոբի, ընկույզ, հագուստ, կարի մեքենա, պղնձեղեն, երկրագործական պիտույքներ, արծաթ և ոսկի իրեր, կահ-կարասիք, նույնիսկ բարձերի փետուրը թափեցին և կտորը տարան: Ինչ որ չկարողացան տանել, ոչնչացրին: Փչացրեցին տների դռները, պատուհանները, կարասիքը, մեղվի փեթակները: Տարան կենդանիները՝ կով, ձի, եզ, գոմեշ, ոչխար, հավ, սագ: Զինվորներն ու սպաները խմում էին գինի և օղի, քեֆ էին անում, բռնաբարում էին գյուղում մնացած կանանց և աղջիկներին: Հետո, բոլոր գյուղացիներին, առանց սեռի ու հասակի խտրության, հավաքեցին մի նկուղ և պահեցին իբրև գերի: Կանանց մի քանի օրից հետո բաց թողեցին, իսկ այր մարդկանց պահեցին երկու շաբաթ և ազատ արձակեցին միայն հունվարի 13-ին: Այդ երկու շաբաթվա ընթացքում գյուղը մաքուր կերպով թալանեցին ու հավաքված իրերը փոխադրեցին Եկատերինֆելդ, այնտեղից էլ Թիֆլիս:

Հունվարի 18-ին Բելիյ-Կլուչ մտավ վրացական 2-րդ հեծյալ գունդը, որից հետո սկսվեցին բռնություններն ու թալանը: Զինվորները զանազան պատրվակներով մտնում էին գյուղացիների տները և առնում աչքը տեսածը: Ամենից առաջ թալանեցին բոլոր հայ գաղթականներին, բռնաբարում էին կանանց: Գյուղացիները գանգատվեցին շրջանի կոմիսարին և զորամասի պետին՝ ապարդյուն: Բելիյ-Կլուչից թալանը տարածվեց և շրջանի գյուղերը՝ Սամդրեթ, Վայխուն, Շամշուլգա, ուր տեղի ունեցան ծեծ ու բռնություն:

Սակայն ամենազզվելի դեպքը պատահեց Բելիյ-Կլուչի կենտրոնը գտնվող ամառանոցում: Գիշերվա ժամը 1-ին մի խումբ զինվորներ մտան որբանոց և կին պահանջեցին իրենց համար: Որբանոցի ծառայող չափահաս կանայք փախան: Զինվորները սկսեցին ծեծել որբերին և պահանջել, որ ցույց տան փախածների տեղը: Ապա բռնաբարեցին 10-12 տարեկան երկու որբուհիներին ու հեռացան: Երկու օր հետո կրկնվեց նույն պատմությունը, դարձյալ ծեծ ու բռնաբարություն: Որբանոցի վարչությունը դիմեց տեղական իշխանությանը, բայց այդ դիմումը թողնվեց անհետևանք:

Այսպիսի քստմնելի տեսարաններով լեցուն են Թիֆլիսի այն օրերի մամուլի էջերը, բայց գիրքը չծանրաբեռնելու համար՝ սահմանափակենք այսքանով: Այս անտանելի դրությունը ստիպեց Վրաստանի Խորհրդարանի հայ պատգամավորներին հարցապնդում ուղղել կառավարությանը: Եվ ի՞նչ. «Առանց կուսակցական խտրության, հայ պատգամավորների մտցրած հարցապնդումը Վրաստանի Խորհրդարանում՝ ազգային հալածանքների մասին, կառավարական կուսակցության լռության հետ մեկտեղ այնպիսի թշնամական վերաբերումի հանդիպեց մյուս կուսակցությունների կողմից, որ, բնականաբար, բարոյական նվիրագործում էր գործվող խայտառակությունների: Իսկ ներքին գործոց նախարարի բացատությունը, որը այդ ազգային հալածանքը վերածեց մի քանի անհատ պաշտոնյաների աննշան զեղծումի, չէր կարող հայ հասարակության վրա չթողնել ծայր աստիճանի տպավորություն, մանավանդ որ այդ բացատրության հետևում էր վերջերս այնքան սովորական դարձած խոսքը դեպի հայ ժողովուրդը տածած հարգանքի մասին, մի խոսք, որ միայն վիրավորում է ամենալկտի հալածանքների պայմաններում ապրող ժողովրդի զգացմուքները»:

Հայերի գլխին թափվող ապօրինությունների, հարստահարությունների ու ճնշումների մասին բազմաթիվ արձանագրություններ ու բողոքագրեր է կազմել Ռուսական ազգային խորհուրդը, որ ամենամռայլ գույներով է ներկայացնում Թիֆլիսի հայերի այն ժամանակվա վիճակը: Մենք զանց ենք առնում ուրիշ բազմաթիվ փաստերն ու վկայությունները և սահմանափակվում ենք հետևյալ երկու պերճախոս վավերագրերով: Առաջինը Թիֆլիսի ընդհանուր նահանգապետի տված վկայականն է ոմն Արտուշ Քեոսապապյանին: Այդ վկայականով Քեոսապապյանին իրավունք է տրվում ազատ ապրելու Թիֆլիսում. նա «իբրև հայ, ենթակա չէ ձերբակալության կամ բանտարկության»: Ուրեմն, վկայական չունեցող բոլոր հայերը կարող էին և՛ ձերբակալվել, և՛ բանտարկվել:

Երկրորդը՝ 56 թիֆլիսաբնակ հայ քաղաքացիների մեկ գրությունը, որ լույս տեսավ Թիֆլիսի մամուլում: «Մենք,- գրում են նրանք,- շարունակ լոյալ և անպայման հանդուրժելի ենք մնացել տեղական նոր իշխանության վերաբերմամբ, բայց չնայած դրան, Հայաստանի և Վրաստանի միջև բախում ծագելիս՝ փաստորեն օրենքից դուրս և ազատությունից զրկված հայտարարվեցինք նրա կողմից… Մենք չէինք կարող ռազմագերիներ լինել այն պարզ պատճառով, որ զինվորականներ չէինք: Բացի այդ՝ մենք Հայաստանի հպատակներ չենք: Մեզանից շատերը ընկնում են վրաց խորհրդարանի հրատարակած հպատակության օրենքի տակ և, հետևաբար, հանդիսանում են Վրաստանի հպատակներ: Ուրիշները ռուսահպատակ էին և շարունակում են իրենց համարել իբր այդպիսին: Վերջապես, ձերբակալվածների և աքսորվածների մեջ կային և Պարսկաստանի, Թուրքիայի և այլ հպատակներ: Մեր մեջ կային մտավորականներ, հիվանդներ, թևազուրկներ, ոտազուրկներ, կույրեր: Կային և մինչև 75 տարեկան ծերունիներ ու 15-16 տարեկան երեխաներ:

Մեզ ո՛չ մի մեղադրանք չներկայացվեց ձերբակալելիս և ձերբակալություններից հետո: Մեզ հարցրին միայն՝ «Դուք հա՞յ եք»,- և այդ բավական էր: Մեզ առաջին հանդիպող պատահական անձերիս, որ մտել էինք կոմիսարիատ՝ մեծ մասամբ այլ գործով՝ տուրքեր վճարելու, զանազան տեղեկություններ ու թույլտվություններ ստանալու համար, խլեցին մեր ընտանիքից և թույլ չտալով հրաժեշտ տալ մերձավորներին կամ վերցնել ամենից անհրաժետ առարկաներն ու որևէ կարգադրություններ անել, ուղարկեցին հայտնի չէ՝ ինչ պատճառով, հայտնի չէ՝ ուր, հայտնի չէ՝ ինչ պայմաններով…

Երբ մեզ տանում էին, կայարաններում՝ վագոնների շուրջը հավաքվում էր բազմություն: Նրանց ասվում էր, որ ճակատից հայ ռազմագերիներ են բերում: Մեզ ստիպեցին զինվորական քայլով անցնել Քութայիսի փողոցներով՝ շրջապատված պահակախմբով ու ժողովրդի բազմությամբ: Մեզ դարձրին ծաղրանքների ու վիրավորանքների առարկա:Մեզ քաղցած պահեցին: Ձերբակալությունից միայն երեք օր հետո մեզ տվեցին եգիպտացորենի հաց և մի զզվելի կերակուր: Մեզ դատապարտեցին երկու շաբաթ ապրել բանտերում ամենից հակաառողջապահական պայմաններում, կեղտոտ հատակի վրա, առանց անկողնի, առանց ջրի…

«Մեզ հետ վարվում էին որպես ոճրագործների: Մեզնից ոչ նվազ քան 75 տոկոսը այժմ հիվանդ է: Մի քանիսը հիվանդացան բծավոր տիֆով ու մեռան (երդ.-հավատ. Պապովյանը, Իսախանյանը, հարմոն նվագող Գևորգ-Լեքան): Քութայիսում հիվանդները զուրկ մնացին բժշկական օգնությունից: Թախանձագին խնդրանքից հետո մի քանիսը զետեղվեցին բանտի հիվանդանոցում բծավոր տիֆով հիվանդների և այլ ոճրագործների կողքին, որոնցից ամեն օր մի քանի հոգի մեռնում էր խնամքի բացակայության պատճառով: Բանտի հիվանդանոց տեղավորված հայերից մեռան մոտ 10 հոգի, որոնց անունները հայտնի է Քութայիսի հայ քահանային: Բոլոր այդ օրերի ընթացքում մեզանից յուրաքանչյուրը չէր դադարում կախում ունենալ այս կամ այն պաշտոնյայի կամ զինվորի քմհաճույքից ու կամայականությունից: Մեզ տանում էին՝ ատրճանակների փողը մեզ վրա ուղղած, մեզանից շատերին ենթարկում էին պահակապետերի և զինվորների ծեծին: Շատերին կողոպտեցին, խլեցին դրամները. շատերի վրայից հանեցին քիչ թե շատ լավ զգեստը (ուսանող Շամոյանի, վատման Ալեքսանյանցի, Սարգիս Մուրադյանի, Գ. Խաչատրյանցի և ուրիշների): Մեզ հայտնի չէ ձերբակալվածների և Քութայիս տարվածների որոշ թիվը. համենայն դեպս, այդ թիվը հասնում է երկու հազարի: Դրանցից, իրոք, ճակատից բերված ռազմագերիները 3-4 տասնյակ մարդկանցից ավելի չէին, որոնց նկատմամբ մենք վկա եղանք առանձնապես վայրագ վերաբերմունքի: Զինվորները զրկվեցին տաք հագուստից ու կոշիկից: Սպաներից խլում էին լավ կոշիկներն ու փոխարինում տրեխներով (շտ.-կապ. Տեր-Ղազարյան): Մի ռազմագերի զինվորի դաշույնով վիրավորեց պահակ զինվորներին, և նա մեռավ՝ առանց բժշկական օգնության: Թիֆլիսում այդ ռազմագերիներից մի քանիսը մտրակով ծեծվեցին՝ Բորչալուի թաթարներից առնված ձիավոր պահակների կողմից: Ներկայացված փաստաթղթերը, հայտարարությունները, հարցաքննություն կատարելու մասին խնդիրները, պաշտոնատարների նկատմամբ գանգատները ո՛չ մի արդյունք չունեցան: Մենք չենք բերում մեր կրած վնասները…

Մեզանից ոմանք, ձերբակալված դեկտեմբերի 23-ին և աքսորված Քութայիս, հետո զանազան պատճառներով վերադարձած՝ Թիֆլիսի ճանապարհին ու հազիվ Թիֆլիս հասած նորից ձերբակալվեցին և մինչև անգամ հետ ուղարկվեցին Քութայիս: Եղան դեպքեր, երբ միևնույն անձը ձերբակալվեց մինչև չորս անգամ»:

Չենք կարող այստեղ չհիշել, որ վրացի գերիները Հայաստանում  բոլորովին այլ վերաբերմունքի էին արժանացել: Նրանք պահվում էին առանձին զորանոցներում, ստանում էին նույնքան ուտելիք, որքան և զինվորները: Սպաների համար տրվել էին հատուկ հարմարություններ: Նրանք ստանում էին սպայական ռոճիկ: Վրացական 4-րդ և 5-րդ գնդերի գերի և վիրավոր զինվորները «Բորբա»-ի խմբագրությանն ուղղված մի նամակում գրում էին, որ իրենց «հայերի կողմից հանդիպել են ամենաջերմ և սրտակից վերաբերմունքի: Թե քաղաքացիական, թե զինվորական իշխանությունները գործ են դնում ամեն ջանք, որ դյուրացնեն մեր վիճակը: իսկ մեզ գերի առնող զինվորների վերաբերումը ամենաեղբայրականն է, որից լավը կարելի չէ ցանկանալ»:

Այս ամենից հեշտ է տեսնել, թե ի՜նչ լարված հարաբերություններ էին ստեղծվել հայերի և վրացիների միջև՝ մի բան, որ, իհարկե, շատ դժվարացրեց երկու ժողովուրդների մերձեցման ու բարի հարևանական համակեցության գործը: Պատերազմը մեծ չարիք պատճառեց երկու կողմերին էլ: Ճիշտ է, նա մասամբ մաքրեց անառողջ մթնոլորտը Հայաստանում, բարձրացրեց հայ ժողովրդի կորովը, հայերին տվեց երկաթուղային ու զինվորական թանկարժեք նյութեր, մասամբ թուլացրեց վրացիների հարձակողական ազգայնամոլությունն ու հարկադրեց, որ որոշ չափերով, Հայաստանի շահերն էլ հաշվի առնեն, բայց տվեց և շատ ծանր հետևանքներ, որոնց մեջ, առաջին շարքում, անկասկած, այն չափազանց աննպաստ անդրադարձումն էր, որ ունեցավ արտաքին աշխարհում. երկու նորաստեղծ պետությունների պատերազմը, իրենց ինքնուրույն կյանքի արշալույսին, չէր կարող նկատվել բարենիշ նրանց համար:

***

Զինադադարի հաջորդ օրն իսկ, հայկական հաշտարար պատվիրակությունը Ղարաքիլիսայից հասավ Թիֆլիս, և մի շարք նախապատրաստական աշխատանքներից հետո, հունվարի կեսերին, բացվեց հայ-վրացական խորհրդաժողովը, որը զբաղվեց ո՛չ միայն պատերազմի հաշվեհարդարով, այլև երկու երկրների փոխհարաբերությունների վերաբերվող բոլոր կարևոր խնդիրներով: Հայերի կողմից խորհրդաժողովին մասնակցում էր Ղարաքիլիսա ուղարկված պատվիրակության ամբողջ կազմը՝ լրացված զինվորական մասնագետ զոր. Ղորղանյանով: Վրացիների պատվիրակության անդամներն էին Եվգենի Գեգեչկորին, Նոյ Ռամիշվիլին, Սաբախտարաշվիլին և զորավար Գեդևանովը:

Օրակարգի հարցերն էին. 1) փոխադարձ անկախության ճանաչումն ու դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը. 2) հաղորդակցության և երթևեկության պայմանների կարգավորումը. 3) տրանզիտ. 4) փոստ-հեռագրական համաձայնություն. 5) Հայկական կորպուսի գրավված գույքերի վերադարձը. 6) հայկական կառավարության պատկանող և վրացիներից գրավված 13 միլիոն ռուբլի գումարը վերադարձնելու խնդիր:

Խորհրդաժողովը տևեց շատ երկար, մոտ 3 ամիս: Վրացիները ակնհայտ կերպով աշխատում էին ձգձգել՝ քաջ գիտակցելով, որ ինչքան ժամանակ անցնի, այնքան դրությունը Հայաստանում կծանրանա, հետևաբար, և այնքան հայ պատգամավորները կլինեն զիջող: Վեճի գլխավոր նյութը սահմանների հարցն էր, որի վերաբերմամբ կողմերը մինչև վերջ էլ համաձայնության չեկան:

Տեսնելով վրացիների դիտումնավոր ձգձգումը՝ Հայաստանի կառավարությունը փետր. 10-ին հրահանգեց իր պատվիրակությանը՝ մինչև մարտ վերջացնել բանակցությունները և մեկնել Երևան: Մի պահ դադարից հետո, խորհրդաժողովը վերսկսեց փետր. 28-ին և այնուհետև աշխատանքները ընթացան ավելի արագ: Ընդունվեց փոխադարձ անկախությունների ճանաչման և դիվանագիտական հարաբերությունների վերականգման դաշինքը: Մշակվեց Լոռիի չեզոք գոտու վաչրության առանձին կանոնագիր: Մարտի 1-ին ստորագրվեց և ուժի մեջ մտավ փոստահեռագրական համաձայնությունը: Մարտի 4-ին վերականգնվեց երկաթուղային հաղորդակցությունը. վերացվեցին ճամփորդական արտոնագրերը Հայաստանի և Վրաստանի միջև, բացի գաղթականներից: Մարտի սկզբին բացվեց Թիֆլիսի հայկական դիվանագիտական ներկայացուցչությունը՝ Մ. Թումանյանի պաշտոնակատարությումբ. քիչ հետո պաշտոնի կոչվեց Լ. Եվանգուլյանը: Մարտի 8 թվակիր հայտարարությամբ Վրաստանի կառավարությունը ճանաչեց Հայաստանի անկախությունը, որին ի պատասխան Հայաստանի կառավարությունը ուղարկեց հետևյալ հայտագիրը, որ մարտի 24-ին Թիֆլիսի ներկայացուցչի ձեռքով հանձնվեց վրաց արտաքին գործոց նախարարին.

«Մեր կառավարության դիվանագիտական ներկայացուցիչը Վրաստանի կառավարության մոտ ուղարկել է 1664, մարտ 8 թվակիր հայտագիրը, որի մեջ Դուք, պ. նախարար, Ձեր կառավարության հանձնարարությամբ, հայտնում եք ի գիտություն Հայաստանի կառավարությանը, թե նա ճանաչում է Հայաստանի Հանրապետությանը իբրև ինքնօրե՛ն անկախ պետություն: Հայաստանի կառավարությունը լիովին համակիր է այն նկատառումներին, որոնց համաձայն Վրաստանի կառավարությունը հարկ է գտել հիշյալ հայտագրի մեջ ծանուցանելու, որ ճանաչում է Հայաստանի Հանրապետության պետական ինքնօրենությունն ու անկախությունը:

Խորապես գիտակցելով Անդրկովկասի հողի վրա կազմված հանրապետությունների շահերի ընդհարությունն ու միությունը մի շարք խնդիրներում, որոնք էական նշանակություն ունեն նրանց գոյության և ապահով բարգավաճման համար, Հայաստանի կառավարությունը ուրախ է վրաց կառավարության այդ ակտը նկատելու իբրև ապացույց համերաշխության և փոխադարձության գիտակցության այդ տեսակետից:

Իր կողմից Հայաստանի կառավարությունը իր պարտքն է համարում հաստատել Ձեր կառավարությանը, որ ինքը ճանաչել է և ճանաչում է վրաց դեմոկրատական հանրապետությունը իբրև անկախ և ինքնօրեն պետություն: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար՝ Ս. Տիգրանյան»:

Այսպիսով, վերականգնվեցին հայ-վրացական հարաբերությունները: