Փաշինյանը չի գնում Մոսկվա. ինչո՞ւ

1438

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակով Ռուսաստանի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանալու մասնակցել Հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին, քանի որ «գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս իրականացնել այդ ուղևորությունը»:

Եթե, իրավամբ, կորոնավիրուսի պատճառով է Փաշինյանը հետաձգում հունիսի 24-ին նախատեսված այցը Մոսկվա, ապա դա հասկանալի է: Հասկանալի չէ մեկ այլ բան. տասը օր առաջ հայտնի չէ՞ր, որ մեր համաճարակային իրավիճակը չի բարելավվում:

Մոսկվա չգնալը կոպիտ կամ ընդհանրապես սխալ չէ, եթե նախապես հրապարակավ չես հայտարարում այցի մասին: Երկրորդ աշխարհամարտը Վլադիմիր Պուտինի համար շատ զգայուն թեմա է: ԵԱՏՄ շրջանակներում վերջին հանդիպմանը նա երկար-բարակ թղթեր էր կարդում Փաշինյանի, Լուկաշենկոյի և մյուս առաջնորդների համար, ցույց տալով, թե ինչպես են լեհերն ու եվրոպացիները խեղաթյուրում ոչ վաղ անցյալի պատմությունը:

Գուցե Փաշինյանի Մոսկվա չգնալը պայմանավորված է ա՞յլ հանգամանքներով:

Ռոբերտ Քոչարյանի անազատության մեջ գտնվելը և ողջ դատական գործընթացը հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն մտցնող թեմաներից է: Հասկանալի է, որ Քոչարյանը Պուտինի բարեկամը չէ և ոչ էլ հարազատը, սակայն չտեսնել ռուսների նյարդայնությունը, չի կարելի:

Քոչարյանը նախադեպ է նախկին խորհրդային տարածքի ավտորիտար առաջնորդների համար և վատ օրինակ: Պուտինին, բնականաբար, ոչ թե Քոչարյանի անձն է հետաքրքրում, այլ նախադեպը:

Այս դեպքում, սակայն, Քոչարյանը դժվար թե լինի Փաշինյանի Մոսկվա չգնալու պատճառը: Հակառակը, այս օրերին շատերն էին մտածում,- մի կողմ ենք թողնում՝ հիմնավոր կամ անհիմն,- թե երկրորդ նախագահի՝ գրավով ազատ արձակվելը բարենապաստ ֆոն կարող է հաղորդել հայ-ռուսական հարաբերություններին:

Կարո՞ղ է արդյոք Գագիկ Ծառուկյանի շուրջ ընթացող զարգացումը լինել Փաշինյանի այցի չեղարկաման պատճառներից: Դատելով ռուսական լրատվամիջոցների պահվածքից և Հայաստանում Ռուսաստանի դեսպանի ակտիվությունից ու ռուս խորհրդարանականների հայտարարույթուններից, ապա, այո՛, կարող է լինել:

Ուշադրություն դարձրեք այն իրողությանը, որ Փաշինյանի այցի մանրամասները արդեն ճշտված էին և մինչև երեկ, երբ Ռուսաստանի դեսպանը այդքան ակնհայտ և կոշտ չէր ներգրավվել ներհայաստանյան և ներքաղաքական այս գործընթացում, Փաշինյանը Մոսկվայի ճանապարհին էր:

Ամենահավանական տարբերակն այն է, որ Փաշինյանը, օգտվելով համավարակից, ինչը, անշուշտ, շատ ծանրակշիռ փաստարկ է Մոսկվա չգնալու համար, ուղղակի իր դժգոհությունն է հայտնում դեսպանի և Ռուսաստանի ակնհայտ ներգրավումից: Եթե կուզեք՝ դեմարշ է:

Բայց սա չգնալու միակ առիթն ու պատճառը չէ: Ղազախստանի Նազարբաևը, Ադրբեջանի Ալիևը ևս չեն մեկնում Մոսկվա: Այստեղ ուզում եմ հատուկ նշել, որ այս պայմաններում, երբ Պուտինը գրեթե մենակ է նշում տոնը, ամեն մի առաջնորդի ներկայությունը չափազանց էական է: Հետևաբար, գրեթե բացառում եմ այն տարբերակը, թե Պուտինն է ակնարկել, որ Փաշինյանը ցանկալի հյուր չի լինի:

Չպետք է անտեսել նաև համավարակի իրողությունը: Առանց այն էլ Հայաստանը պարտվում է կորոնավիրուսի դեմ պատերազմում, և այս պայմաններում երկիրը, որտեղ ամեն օր հարյուրավոր մարդիկ են վարակվում, իսկ միջինը մեկ տասնյակը՝ մահանում, ճիշտ չէր ընկալվի հենց Հայաստանի ներսում՝ նոր լեզու դնելով նախկին իշխանությունների և ընդդիմության բերանում:

Եվ, վերջապես, կարո՞ղ ենք Փաշինյանի՝ Հայաստանից դուրս գտնվելու իրականությունը դիտարկել իշխանության պահպանման և անվտանգության համատեքստում:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ