Հայտարարություն
18.06.2020
ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունը, հետագա հարցաքննությունը և Ծառուկյանի հետ կապակցվող մի քանի քրեական գործերի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը ողջ հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռեցին Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի խնդրին և իշխանությունների գործելաոճին:
2018թ․ հեղափոխությունից առաջ և հետո մարդու իրավունքների պաշտպանները, հետաքննող լրագրողները, գործարարները շարունակաբար բարձրաձայնել են պետությունը զավթած իշխանությունների հետ սերտաճած քրեական օլիգարխիայի շրջանակների կողմից անպատժելի ընտրախախտումների, ապօրինի սեփականաշնորհումների, պառլամենտական մեծամասնության հովանավորության ներքո բիզնես արտոնություններ ստանալու և պետության շահերին էական վնաս պատճառելու մասին:
Բոլոր նկարագրված երևույթները փոխկապակցված են և ունեն համակարգային բնույթ՝ հանդիսանալով ոչ միայն պետության զավթման հետևանք, այլև պետության զավթումը վերարտադրելու միջոց: Հետեւաբար, նմանատիպ երևույթները պետք է ուսումնասիրել և համակարգային լուծումներ մշակել անցումային արդարադատության գործիքակազմի միջոցով:
Հերթական անգամ կարևորելով մարդու իրավունքների զանգածային խախտումները բացահայտելու և դրանց քաղաքական և իրավական համապատասխան գնահատական տալու անհրաժեշտությունը, գտնում ենք, որ անցյալին գնահատական տալու տրամաբանությունից դուրս իրականացվող գործողությունները խոցելի են դարձնում հանրային վստահությունը վայելող դատաիրավական համակարգ ձևավորելու գործընթացը: Ավելին, դատաիրավական արմատական բարեփոխումների բացակայության պայմաններում անորոշ է նաև այս գործերի հետագա ընթացքը և ազդեցությունը հանրային հետագա հարաբերությունների և քաղաքականության կանոնների վրա:
Մենք հավատացած ենք, որ նախահեղափոխական շրջանի լայնածավալ իրավախախտումները, ինչպիսիք են ընտրական գործընթացներին առնչվող հանցագործություններըը, անհրաժեշտ է դիտարկել միայն այդ իրավիճակին համապարփակ գնահատական տալու համատեքստում: Հակառակ դեպքում կառավարության ուշացած և հատվածային միջոցառումները հանգեցնում են ընտրովի արդարադատության մասին տեսակետների ձևավորման ու անպտուղ քաղաքական շահարկումների:
Կոչ ենք անում իշխանություններին՝ միջազգային լավագույն փորձի կիրարկմամբ, օգտագործելով հայաստանյան եւ միջազգային մասնագիտական ներուժը, հրատապորեն գործարկել անցումային արդարադատության արդյունավետ մեխանիզմ, ապահովելով պատշաճ հաշվետվողականություն հանրությանը: Հարկավոր է գիտակցել, որ հապաղումն ու հատվածական լուծումները արդարության հաստատման չեն հագեցնելու:
Հայտարարությունը բաց է միանալու համար։
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանձորի գրասենյակ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ