«Հայաստանում օլիգարխներ չկան». Նիկոլ Փաշինյանը՝ «Հայկական ժամանակ»-ին. 18 հոկտեմբեր, 1918թ

1667

ՀՀ-ում օլիգարխ չկա. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացրե՞ց Գագիկ Ծառուկյանի հետագա քաղաքական գործունեությունը

Հոկտեմբերի 18-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը մասնակցեցին «Օմնիա Թեք» ընկերության եւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի համագործակցությամբ ՀՀ-ում կառուցված տարածաշրջանում խոշորագույն Մայնինգ Ֆերմայի բացման հանդիսավոր արարողությանը: Այս ֆերման իր մեջ ներառելու է 3 հազար արտադրական մեքենա, որը մոտակա ժամանակներում նախատեսվում է հասցնել 120 հազարի: Մայնինգ ֆերման նախատեսված է տեղեկատվական տեխնոլոգիաների բիզնես կենտրոն ստեղծելու համար, իսկ 2-րդ հարկն ամբողջությամբ ներառելու է առանց դադարի աշխատող արտադրական սերվերներ:

«Տարբեր երկրներից հիմա եկել են, հիմնական մասսան գալու է վաղը՝ ամսի 20-ին, պետք է տեսնեն, ամեն մեկն իր չափով ներդրումներ կանի: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում ներդրողներ կան, իրենք այսօր ուզում են վարչապետին հանդիպել, նախարարներին, հարկային մարմինների ներկայացուցիչների հետ որոշ հարցեր կան, պետք է քննարկեն՝ ավելի մեծ ներդրումներ անելու համար»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանի տեղեկացմամբ՝ Մայնինգ ֆերմայի բացման արարողությանը մասնակցելու համար մոտ 40 երկրից ներդրողներ են ժամանել: Գագիկ Ծառուկյանը նաեւ հայտնեց, որ այս տարվա ընթացքում եւս երկու ներդրումային ծրագիր պետք է իրականացվի՝ արեւային պանելների կայանի կառուցում եւ սրբիչ գործարանի հիմնում:

«Մյուս տարվա համար նախատեսված է տեքստիլի քաղաքը, որը 1 մլրդ է կազմում: Երկաթի վերամշակման գործարանի նախագիծ նույնպես կա, դա էլ կազմում է 1 մլրդի ներդրում: Տրամադրված ենք կառուցողական, զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու, բացելու համար: Տեքստիլի եւ երկաթի գործարանի համար մի քանի հազար աշխատատեղեր կստեղծվեն»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

Այս միջոցառմանը նաեւ ուշագրավ հայտարարություն եղավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Մասնավորապես, պատասխանելով ՀԺ-ի հարցին, որ նա հայտարարել է, թե օլիգարխները օրենսդիր եւ գործադիր մարմիններում չեն լինելու, բայց Ծառուկյանը հնարավոր է, որ առաջադրվի, Փաշինյանն ասաց. «Հայաստանում օլիգարխներ չկան»։ Նկատառմանը, որ Գագիկ Ծառուկյանը գործարար է, տիրապետում է խոշոր բիզնեսի, Փաշինյանը արձագանքեց. «Ոչ մեկի համար, կարծում եմ, գաղտնիք չէ, որ պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է»։

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացրեց Գագիկ Ծառուկյանի հետագա քաղաքական գործունեությունը: Այնուհետ, ՀԺ-ն Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ ինքը եւ կառավարության մյուս անդամները հայտարարում են, թե ներդրողները սպասում են արտահերթ ընտրություններին, բայց Մայնինգ ֆերմայիում 50 մլն դոլարի ներդում է կատարվել, վարչապետը հակադարձեց. «Ես չեմ ասել, որ մարդիկ չեն ուզում ներդրումներ անել, ես ասել եմ, որ քաղաքական առկախված վիճակը առկախում է նաեւ որոշակի տնտեսական գործունեություն: Ես դա չեմ հորինել, դա տնտեսագիտություն է: Եթե նկատի ունեք այս ներդրումները, ապա սրանք շուտ են եղել՝ հեղափոխությունից առաջ: Մենք հույս ունենք, որ տնտեսական վիճակը շատ ավելի աշխույժ կլինի»:

Նարեկ Կիրակոսյան

Հայկական ժամանակ, https://www.armtimes.com/hy/article/146522

18/10/2018 schedule 20:05