Հայ-վրացական սահմանավեճը. Սիմոն Վրացյան

1254

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունը:

Գլուխ ԺԸ

Կոալիցիոն կառավարության օրով կատարված ամենախոշոր դեպքը եղավ, անշուշտ, հայ-վրացական բախումը, որ ահագին անդրադարձում ունեցավ երկու նախընթաց ճակատագրի վրա:

Ինչպես տեսանք նախընթաց գլուխներում, հայ-վրացական հարաբերությունները լավ չէին: 1918 թ. ամառը, հայերն ու վրացիները Թիֆլիսում, արդեն երկու թշնամի կողմեր էին: Դրությունը չմեղմացավ և Հայաստանի կառավարության Երևան մեկնելուց հետո: Ընդհակառակը, ավելի ևս սրվեց:

Նախկին հակամարտությունների, դժգոհությունների և սրտացավությունների վրա, այժմ, երբ Վրաստանն ու Հայաստանը այլևս անկախ պետություններ էին, ավելացավ և՛ սահմանային վեճը, և՛ անդրկովկասյան ընդհանուր գույքերի բաժանման խնդիրը, և՛ մի շարք ուրիշ ցավոտ հարցեր:

Առանձնապես ախտավոր ձևեր ստացավ սահմանային խնդիրը: Վրացիները, որ անկախությունից առաջ, բոլորովին համամիտ էին հայերին և մեկից ավելի անգամներ պաշտոնապես հայտարարել էին, որ Ախալքալաքի գավառն ու Բորչալուի շրջանի լեռնային մասը՝ Լոռին համարում են հայկական հողամաս, այժմ, հանկարծ, պահանջ դրին, որ Ախալքալաքն ու Լոռին մտնեն Վրաստանի սահմանների մեջ: Ծերեթելին այս պահանջը հիմնավորում էր Վրաստանի համար «ռազամագիտական սահմաններ» ստեղծելու անհրաժեշտությամբ. Ախալքալակի գավառը և Լոռին մինչև Շահալի անհրաժեշտ էին վրացիներին իրենց պետության ապահովության համար: Իսկ Ժորդանիան առաջ էր քաշում և տնտեսական նկատումներ ու պատմական իրավունքներ:

1918 թ. հունիսի սկզբին* Վրաց ազգային խորհրդի նախագահ Ժորդանիան և Վրաստանի վարչապետ Ռամիշվիլին այցելեցին Հայոց ազգային խորհուրդը և առաջարկեցին Ահարոնյանին, Քաջազնունունն և Խատիսյանին՝ Բորչալուի բաժանումը կատարել ազգային սկզբունքներով՝ խնդրելով նշանակել ներկայացուցիչներ այդ նպատակով: Ախալքալաքի մասին խոսք չկար, որովհետև նա գրավված էր թուրքերի կողմից: Հայոց ազգային խորհուրդը նշանակեց Կարճիկյանին, Գևորգ Խատիսյանին և զորավար Գ. Ղորղանյանին, որոնց Ի. Ծերեթելին, հանուն Վրաց ազգային խորհրդի հայտարարեց, որ Վրաստանի սահմանների մեջ են մտնելու ամբողջապես Ախալքալաքի, Ղազախի ու Բորչալուի գավառները և Ալեքսանդրապոլի գավառի Փամբակի շրջանը: Ծերեթելին բացատրեց, որ նման սահմանների հաստատումը անհրաժեշտ է վրաց ժողովրդի կենսական շահերի համար, որ ռազմագիտական տեսակետից, Վրաստանը չի կարող ապրել առանց Լոռի-Փամբակի: Մյուս կողմից, հայերի շահն էլ պահանջում է այդ շրջանների Վրաստանի սահմաններում լինելը, որովհետև այդպիսով, հանձին Վրաստանի, կովկասում կստեղծվի կենսունակ ու հզոր քրիստոնյա պետություն, որը գերմանացիների աջակցությամբ կպաշտպանի և հայերին:

Այս հայտարարությունը հանկարծակիի բերեց հայերին: Նա բոլորովին հակասում էր վրացիների մինչ այդ ասածներին և տարօրինակ էր հնչում, մանավանդ, Ծերեթելիի բերանում: Հայերի կողմից Կարճիկյանը վրդովված բողոքեց նրա դեմ՝ ասելով, որ Ծերեթելիի առաջարկածը ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանը Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև բաժանելու ծրագիր, որ այդ առաջարկը տրամագծորեն հակառակն է Ժորդանիայի և Ռամիշվիլիի Հայոց ազգային խորհրդին արած հավաստիացումներին:

Պետք է այստեղ նկատել, որ թուրքերի առաջխաղացման հետևանքով վրաց-գերմանական զորամասերը գրավել էին Բորչալուն: Հայոց ազգային խորհրդի դիմումի վրա վրաց ներկայացուցիչները՝ Ժորդանիան ու Ռամիշվիլին վստահեցրին Ահարոնյանին, Խատիսյանին և Քաջազնունիին, որ այդ գրավումը ժամանակավոր է, միայն պաշտպանողական նպատակներով, և, հենց որ թուրքերը հեռանան, կհեռանան և վրաց զորքերը:

Հայերի պատասխանը լսելուց հետո Ծերեթելին առաջարկեց մի քիչ էլ մտածել և ինքն էլ խոստացավ նորից քննության առնել ընկերների հետ: Բայց, մի քանի օր անցած, առանց հայերին իմացնելու, Վրաստանի կառավարությունը հայտարարեց Վրաստանի սահմանները՝ մտցնելով նրանց մեջ և վիճելի համարվող շրջանները: Հայաստանի կառավարությունը անմիջապես բողոքեց այդ հայտարարության դեմ, սակայն վրացիները շարունակեցին մնալ իրենց որոշման վրա և Բորչալուում վարվում էին այնպես, կարծես այդ շրջանը անվիճելի վրացական հող լիներ: Ծանր տուրքեր էին դնում հայերի վրա, հեռացնում էին Հայաստանի կողմնակից պաշտոնյաներին և տեղը նշանակում իրենց մարդկանց, հարկադրում էին հայ գյուղացիներին համախոսականներ ուղարկել Թիֆլիս, որ, իբր, թե, ուզում են մնալ Վրաստանի սահմաններում, իսկ հետո հայտարարեցին և զորահավաք:

Իսկ վերջը, օգոստոսի 26-ին, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Ջամալյանը Վրաստանի արտաքին գործոց նախարարին հանձնեց հետևյալ բողոքագիրը. «Ներկայացնելով ընդսմին Ալլահվերդիի շրջանի կոմիսարի սույն տարվա հուլիսի 27-ի թիվ 35 գրությունը՝ ուղղված Լերութի գյուղական կոմիսարին ի մասին 1895-1899 թ. ծնվածների զորակոչի Վրաստանի կողմից, իմ կառավարության հանձնարարությամբ հայտնում եմ ամենավճռական բողոք այն մասին, որ Վրաստանի կառավարությունը զորակոչ է անում Բորչալուի վիճելի շրջանում, որի սեփականության իրավունքի մասին Հայաստանի Հանրապետությունը երբեք չի կասկածել և պարոնայք նախարարներ Ժորդանիան և Ռամիշվիլին դեռ սույն տարվա հունիս ամսին հայտարարեցին Քաջազնունիին, Ահարոնյանին ու Խատիսյանին, որ հիշյալ շրջանը ժամանակավոր կերպով գրավված է վրաց զորքերի կողմից՝ թուրքերի ճանապարհը դեպի Թիֆլիս կտրելու նպատակով:

Վրացիները դեպքը բացատրեցին «թյուրիմացությամբ» և խոստացան «համապատասխան հրահանգներ» տալ, բայց իրենց ընթացքը շարունակեցին անփոփոխ: Սեպեմբերի 29-ին Ջամալյանը մի նոր «ամենավճռական բողոք» ևս ուղարկեց վրաց կառավարությանը՝ հայտնելով թե՝ «մինչև այսօր էլ շարունակում են ստանալ տեղեկություններ վիճելի գոտու բնակիչների կողմից, որոնք գանգատվում են, որ վրաց իշխանությունները զորակոչ են անում»: Այս բողոքն էլ ունեցավ նախկինի հետևանքը. սիրալիր խոստում և որդեգրված գործելակերպի շարունակություն:

Հարաբերությունները ավելի ևս լարվեցին հոկտեմբերին, երբ, Հայաստանի կառավարության բազմաթիվ դիմումների հետևանքով, թուրքերը սկսեցին պարպել Լոռի-Փամբակի շրջանը և հայ զորքերը Դրոյի գլխավորությամբ գրավեցին նրանց թողած հողերը: Վրաց կառավարությունը հայերի այդ քայլը գտավ ապօրինի: Հոկտեմբերի 19-ին Վրաստանի արտաքին գործոց նախարարը ուղարկեց Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Ջամալյանին հետևյալ բողոքագիրը. «Վրաստանի Հանրապետության կառավարությունը տեղեկացավ, որ Թիֆլիսի նահանգի մեկ մասը՝ Քոբեր կայարանից սկսած մինչև սահմանակից կամուրջը, այլև Սանահինի մոտի շրջանները հոկտեմբերի 18-ին գրավվել են հայկական կանոնավոր զորքերի առաջին և չորրորդ հրացանաձիգ գնդերի կողմից: Վրաց կառավարությունը, որ միշտ պատրաստ է խաղաղ, փոխադարձ համաձայնության միջոցով կարգավորել սահմանների հարցը բարեկամ Հայաստանի Հանրապետության հետ, իր պարտականությունն է համարում հայտարարելու, որ քանի այդպիսի համաձայնություն չի կայացրել, հայկական զորամասերի մուտքը Թիֆլիսի նահանգի սահմաններից ներս վրաց կառավարության կողմից կդիտվի որպես Հայաստանի կողմից արված ակներև մի թշնամական քայլ Վրաստանի նկատմամբ»:

Իսկ հաջորդ օրը, հոկտեմբերի 20-ին, Սանահինում կանգնած զրահապատ գնացքների պետ Գոգուաձեն ստացավ զինվորական նախարարի հրամանը՝ պահանջել հայ զորամասերից, որ անմիջապես հեռանան Լոռիից և ամբողջ տարածությունը, մեջը լինելով և Շահալին, հանձնեն վրացիներին: Եվ նույն օրն ևեթ Գոգուաձեն հայ սահմանապահ վաշտի հրամանատարի միջոցով Հայաստանի կառավարությանը ուղարկեց հետևյալ հեռագիր-վերջնագիրը. «Հիմնվելով Վրաստանի Հանրապետության զինվորական նախարարի թիվ 672 հեռագրի վրա՝ հանձնարարում եմ ձեզ 24 ժամվա ընթացքում տեղեկացնել ձեր կառավարությանը, որ դուք պետք է հեռանաք ձեր այժմ գրաված տեղից՝ Շահալի կայարանից այն կողմը: Սպասում եմ ձեր պատասխանին մինչև 22 հոկտեմբերի ժամը 2-ին՝ կեսօրից հետո»:

Հաջորդ օրը, հոկտեմբերի 21-ին, Գոգուաձեն ստացավ զինվորական նախարարության հետևյալ հեռագիրը. «Վաղը, հոկտեմբերի 22-ին ժամը 12-ին, երկաթուղով ձեզ մոտ են գալիս նահանգային գումարտակի 250 զինվորներ, դեպի Վորոնցովկա է շարժվում զորավար Ցիցիանովի զորամասը՝ բաղկացած մարտկոցներից և հետևակներից: Զորավար Ցիցիանովի գալուց հետո նա կընդունի բոլոր զորքերի հրամանատրությունը: Ամբողջ Բորչալուի գավառի մաքրագործման և մինչև Թիֆլիսի նահանգի սահմանները հեռանալու պահանջը անպայման է»:

Իսկ մեկ օր վերջը, հոկտեմբերի 22-ին, զինվորական նախարար Գեորգաձեն հեռագրեց նույն Գոգուաձեին, թե՝ «քանի որ Հայաստանի ներկայացուցիչ Ջամալյանը, իր կառավարությունից դեռ չի ստացել մեր դիմումի պատասխանը, հրամայում եմ շտապով գրավել այն գիծը, որ մենք բռնում էինք թուրքերի հեռանալուց առաջ և ոչ ոքի թույլ չտալ անցնելու ո՛չ այդ գծի այն կողմը, ո՛չ այս կողմը: Մեր զորքերը դեռ չպետք է անցնեն այդ գիծը»: Եվ մի լրացուցիչ հեռագրով էլ հրամայեց՝ «առանց վրաց կառավարության արտոնության Հայաստանից ոչ ոքի թույլ չտալ մտնելու Վրաստան»:

Այսպես, ուրեմն, վրաց կառավարությունը պատրաստվում է զենքի ուժով ստիպելու հայերին, որ դուրս գան Լոռիից՝ վրացիներին հանձնելով և Շահալի կայարանը: Ի՞նչ է այս, եթե ոչ պատերազմի որոշում, որովհետև վրաց ղեկավարները չէին կարող չհասկանալ, որ հայերը հոժար կամքով չէին կատարելու իրենց պահանջը: Նրանց թև էր տալիս Գերմանիայի հովհանավորությունը: Անշուշտ, նրանք հավատում էին, որ զինված բախման դեպքում գերմանացիները կմիջամտեն ու կստիպեն հայերին կատարել վրացական պահանջը:

Եվ, հիրավի, մինչ Գեորգաձեն պատերազմի պատրաստություններ էր տեսնում, Գերմանիայի զինվորական ներկայացուցիչ Ֆոն Քրեսը աշխատում էր համոզել Հայաստանի ներկայացուցիչ Ջամալյանին ընդունել վրացիների վերջնագիրը և առանց արյունահեղության դատարկել «վրացական» հողը: Ջամալյանի հարցումին, թե արդյոք Գերմանիան կխառնվի՞ հայ-վրացական սահմանային վեճին, ֆոն Քրեսը պատասխանեց դրական մտքով.  Գերմանիան, որպես Վրաստանի դաշնակից, պարտավորված է պաշտպանել վերջինիս երկիրը այն սահմաններում, ինչ սահմաններում որ ցույց կտա վրաց կառավարությունը: Այսպիսով, պարզ էր դառնում վրաց կառավարության լայն ախորժակն ու վճռական դիրքը:

Ի՞նչ կարող էին անել այս պայմաններում հայերը:

Վրացիների վերջնագիրը Երևանում ստացվեց հոկտեմբերի 21-ի գիշերը և անսահման զայրույթ ու վրդովում առաջ բերեց բոլոր շրջաններում: Հայաստանի Խորհրդի հոկտեմբերի 22-ի նիստում վարչապետ Քաջազնունին արեց հետևյալ զեկուցումը.

«Մեր հողի մի մասը, Լոռի-Փամբակի շրջանում, գրավված էր թուրքական զորքերով: Կառավարությունը մի քանի անգամ պաշտոնական բողոքներ է ներկայացրել թուրքական կառավարությանը, ինչպես նաև գերմանական և ավստրիական առաքելություններին ու գերմանական կառավարությունը և միշտ մի պատասխան է ստացել, որ գրավումը ժամանակավոր է: Հոկտեմբերի 5-ին Խալիլ փաշան Երևանում հայտնեց մեզ, որ հրաման է ստացել դատարկել վերոհիշյալ երկրամասերը: Անմիջապես մեր և թուրքական շտաբները գծեցին այդ գործողության ծրագիրը, որը սկսվեց հոկտեմբերի 18-ին և առանց որևէ միջադեպի շարունակվեց մինչև հոկտեմբերի 21-ը, երբ գիշերվա ժամը 12-ին հեռագիր ստացանք Դրոյից այն մասին, որ «վրացիները վերջնագիր են ներկայացրել՝ դատարկելու համար մեր ստացած շրջանը մինչև Շահալի ու շարժվեցին Քոբերի վրայով»: Նա խնդրում է կարգադրություն անել: Կառավարությունը որոշեց չընդունել վերջնագիրը, չհանձնել Շահլի կայարանը և զինված ուժի դիմելու պարագայում՝ ցույց տալ դիմադրություն:

Ստացանք Դիլիջանից ևս երեք հեռագիր. առաջինը, որ մերոնք գրավել են Քոբերը, երկրորդ, որ պարպել են Քոբերը գերմանացի լեյտենանտի պահանջով և երրորդ, որ մերոնք նորից եկել են Քոբեր: Մեր կառավարությունը Թիֆլիս ուղարկեց մի հեռագիր Ժորդանիային, որով առաջարկվում է զինված ընդհարում չառաջացնել, այլ աշխատել վեճը լուծելու խաղաղ ճանապարհով:

Ջամալյանից ստացանք երկու ռադիո- հեռագիր. առաջինով հայտնում է, որ ինքը հուշագիր է ստացել՝ դատարկելու Թիֆլիսի նահանգի այն մասը, որ թողնում են թուրքական զորքերը. երկրորդով, որ նա տեսակցել է վրաց արտաքին գործոց նախարարի հետ ու վերջինս առաջարկել է թողնել գրավված շրջանները և ապա բանակցություններ սկսել հարցը խաղաղությամբ վերջացնելու համար. կառավարությունը կանգնած է այն տեսակետի վրա, որ հարցը պետք է լուծել խաղաղ ճանապարհով և պահել բարի-դրացիական հարաբերությունները» :

Այս արտակարգ հայտարարությունից հետո ընդմիջում տրվեց, որի միջոցին ստացվեց մի նոր հեռագիր, թե հայկական զորամասերը բռնել են թուրքերի թողած ամբողջ շրջանը և որ դրությունը խաղաղ է: Միջնարարին խմբակցություններն ունեցան խորհրդակցություններ, և երբ նիստը վերսկսվեց, ամենքի որոշումն արդեն պատրաստ էր:

Կառավարության հայտարարության առթիվ արտահայտվեցին բազմաթիվ պատգամավորներ, որոնք բոլորն էլ շեշտում էին միջադեպը խաղաղ ձևերով հարթելու  անհրաժեշտությունը, բայց եթե վրացիները դիմեն զինված ուժի, անհրաժեշտ էր ցույց տալ դիմադրություն: Ի վերջո, ընդունվեց հետևյալ բանաձևը. «Լսելով կառավարության հայտարարությունը՝ Հայաստանի Խորհուրդը հավանություն է տալիս կառավարության բռնած քաղաքականությանը ու արած քայլերին և առաջարկում է նույն ուղղությամբ շարունակել»:

Ստանալով Հայաստանի Խորհրդի հավանությունը՝ Քաջազնունին հեռագրեց Թիֆլիս  Ջամալյանին, թե «Հայաստանի խորհուրդը, լսելով իմ զեկուցումը վրացական թիվ 4303 դիմումի և Շահալին պարպելու մասին արված վերջնագիր-պահանջի, այլև կառավարության ձեռք առած միջոցների մասին՝ որոշեց 1) հավանության տալ կառավարության գործողություններին և առաջարկեց նրան հետագայում էլ հետևել ընդունած ուղղությունը, 2) պարտք դնել կառավարության վրա՝ ամեն ջանք թափել բախումը խաղաղ ճանապարհով լուծելու համար՝ ա՛յն հույսով, որ Վրաստանն էլ հետ կկանգնի հարձակողական քայլերից և չի անցնի իր գրաված գիծը: Խնդրեմ, հաղորդել այդ մասին վրաց կառավարությանը» :

Մի ուրիշ հեռագիր էլ տրվեց Ժորդանիային, պատճենը՝ Ջամալյանին. «Դիլիջանի զորամասի պետը հաղորդում է, որ վրաց հրամանատարությունը վերջնագիր է ներկայացրել՝ դատարկելու Շահալի կայարանը: Ես հրաման տվի՝ չդատարկել կայարանը, և եթե վրացիները անցնեն հարձակման՝ պաշտպանվել: Ի խուսափումն բարդությունների, որոնք կարող են առաջ բերել նոր աղետներ, հանուն պատերազմից տառապած ու հոշոտված Վրաստանի և Հայաստանի բարիքի, հանուն իրավունքի և արդարության խնդրում եմ հետ կենալ հարձակողական գործողություններից, պահել վրաց զորքերը նրանց կանգնած այժմվա գծի վրա, իսկ սահմանների հարցը լուծել խաղաղ համաձայնության ճանապարհով: Հիշեցնում եմ ձեզ սեփական հանդիսավոր հայտարարությունը, հունիսին, Նոյ Ռամիշվիլիի, Ահարոնյանի և Խատիսյանի ներկայությամբ, թե Վրաստանը աչք չունի Լոռիի վրա և գրավում է այն ժամանակավոր կերպով երրորդ պետության գրավման առաջը առնելու նպատակով» :

Թե ինչով կվերջանար բողոքագրերի ու հեռագրերի այս փոխանակությունը, դժվար չէր գուշակել. վրաց կառավարությունը մի կողմից պահանջներ էր անում, սպառնալիքներ կարդում, մյուս կողմից տենդագին զինվորական պատրաստությունների մեջ էր, ուժեր էր հավաքում Սանահինի և Վորոնցովկայի շրջանում և պատրվակ էր փնտրում, որպեսզի հնարավոր ընդհարման պատասխանատվությունը թողնի հայերի վրա: Վերջին իմաստը ուներ Ռամիշվիլու հոկտեմբերի 23-ի նամակը Ջամալյանին, որի մեջ վրաց արտաքին գործոց նախարարը հաղորդում էր. «Քննելով ստեղծված դրությունը՝ Վրաստանի կառավարությունը հանձնարարեց ինձ հաղորդելու ձեզ, որ եթե հայկական զորամասերը անհապաղ չպարպեն Քարինջ-Ցաթեր գիծը կամ եթե հետագայում գրավեն որևէ հողամաս Թիֆլիսի նահանգի սահմաններում, վրաց կառավարությունը կհամարի դա պատերազմի հայտարարություն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, որի վրա կընկնի երկու հանրապետությունների համար ստացվելիք կորստաբեր հետևանքների բովանդակ պատասխանատվությունը»:

Զինվորական գործողությունները սկսեցին զորավար Ցուլուկիձեի հրամանով, հոկտեմբերի 23-ին, Գոգուաձեի զրահապատը ռմբակոծեց Շընիխ գյուղը, և վրացի զինվորները ընդհարում ունեցան հայ գյուղացիների և այս շրջանում գտնվող հայկական փոքրիկ զորամասի հետ: Հոկտեմբեի 26-ին Գոգուաձեն իր զրահապատով անցավ մինչև Հայրում և պահանջեց հայ գյուղացիներից ճանաչել Վրաստանի իշխանությունը: Մանր դեպքեր տեղի ունեցան և ուրիշ կողմերում:

Մթնոլորտը խտացած էր՝ պատրաստ պայթելու: Դրան նպաստում էր վրաց ղեկավարների հոխորտ դիրքը: Հայ-վրացական սահմանային վեճը դարձավ նաև Վրաստանի խորհրդարանաի հարցապնդման նյութ, և արտաքին գործոց նախարար Ռամիշվիլին «բոլոր թյուրիմացությունները վերացնելու նպատակով» հայտարարեց, թե «Թիֆլիսի նահանգը անվիճելիորեն համարվում է Վրաստանի հող», իսկ զինվորական նախարար Գեորգաձեն ավելացրեց, որ ինքը «զենքի ուժով կճնշի ապստամբությունը»:

Այդ ժամանակ վրա հասան գերմանացիների արևմուտքում կրած պարտությունների լուրերը, զորավար Ֆոն Քրեսի հետ կապված հույսերը սկսեցին թուլանալ, և վրաց վարիչները խոհեմություն համարեցին զսպել իրենց ռազմաշունչ եռանդը:

Մի ուրիշ դեպք նույնպես յուղ լցրեց հայ-վրացական փոխհարաբերությունների խարույկի վրա: Հոկտ.եմբերի 17-ին Վրաստանի արտաքին գործոց նախարար Ռամիշվիլին Հայաստանի, Ադբեջանի և Լեռնականների կառավարություններին ուղարկեց հետևյալ դիմումագիրը.

«Արդեն հասել է այն վայրկյանը, որ Անդրկովկասի և Կովկասի կառավարությունները, լցված փոխադարձ վստահության ոգով, իրար օգնության գալու պատրաստակամությամբ և մի միմյանց անկախությունը ընդունելով՝ հանդես գան փոխադարձ օգնությամբ և համերաշխությամբ իրականացնելու ապագա վեհաժողովին ստեղծած հանրապետությունների ճանաչումն ու փոխադարձ շահերի պաշտպանությունը, ինչպես և լուծելու բոլոր վիճելի հարցերը, դրանց թվում և սահմանների հարցը՝ շահագրգռված պետությունների համաձայնությամբ կամ, եթե դա անցնի ապարդյուն, իրավարարության միջոցով, և մշակելու փոխադարձ այնպիսի պարտավորություններ, որոնց ուժով ոչ ոք իրավունք չունենա որևէ պետության հետ համաձայնության մեջ մտնել՝ ի վնաս խորհրդաժողովին մասնակցող ժողովուրդներից որևէ մեկի:

Այս նպատակով վրաց հանրապետության կառավարությունը առաջարկում է Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետություններին ու Հյուսիսային Կովկասի Լեռնական Ժողովուրդների միության կառավարությանը՝ անհրաժեշտ լիազորություններով երկուական ներկայացուցիչ ուղարկել Թիֆլիս, սույն թվի նոյեմբերի 10-ին, ցերեկվա ժամը 12-ին՝ արտաքին գործոց նախարարության շենքում կայանալիք խորհրդաժողովին մասնակցելու համար:

Վրաց հանրապետության կառավարությունը որոշել է խորհրդաժողովի քննության դնել հետևյալ հարցերը.

  1. Խորհրդաժողովին հրավիրված պետությունների անկախության ճանաչումը փոխադարձաբար:
  2. Վիճելի խնդիրների, որոնց մեջ և սահմանավեճերի լուծումը՝ փոխադարձ համաձայնությամբ կամ իրավարարությամբ:
  3. Փոխադարձ պարտավորություն՝ չկայացնելու համաձայնություն որևէ պետության հետ ի վնաս խորհրդաժողովին մասնակցող պետությունների:
  4. Համերաշխ և փոխադարձ վստահությամբ հանդես գալ համաշխարհային վեհաժողովում հանրապետությունների անկախությունը ճանաչել տալու և ընդհանուր շահերը պաշտպանելու նպատակով»:

Այս դիմումը տարօրինակ էր թե՛ ըստ ձևի և թե՛ բովանդակության. վրաց կառավարությունը որոշել էր խորհրդաժողովի օրակարգը, կազմը, տեղն ու ժամը և ուղարկում էր իր հարևան պետությունների կառավարություններին ի գործադրություն: Այդպես կարող էր վարվել մի նահանգապետ իր ստորադաս գավառապետի հետ, բայց անհանդուրժելի էր անկախ պետությունների փոխհարաբերությունների մեջ: Եվ հասկանալի է, որ այդ գրությունը Երևանում ընդունվեց զարմանքով ու վրդովումով:

Հայերը ունեին դժգոհելու և ուրիշ պատճառ. Ռամիշվիլին ինքնագլուխ օրակարգի մեջ էր դրել և «սահմանավեճերի լուծումը»: Երևանում համարվում էր կասկաից դուրս, որ վրացիներն ու թուրքերը միացած, ինչպես վարվում էին անցյալում, Հայաստանին կպարտադրեն անընդունելի սահմանագիծ, մինչդեռ սահմանային խնդիրը իր էությամբ այնպես էր, որ կարող էր լուծվել միայն շահագրգռող կողմերի միջև առանձին-առանձին:

Հայաստանի Խորհրդի նոյեմբերի 8-ի նիստում քննվեց Ռամիշվիլու դիմումագիրը, և առաջին ագամ Հայաստանի Հանրապետության կյանքում Խորհրդի բոլոր կուսակցությունները, առանց բացառության, կանգնեցին միևնույն տեսակետի վրա՝ ցասումով և բուռն կերպով դատապարտելով Վրաստանի կառավարության մենատիրական ձգտումները: Եվ որ հետաքրքրական է, ամենաուժգին քննադատողներն ու դատափետողները եղան հայ սոցիալ-դեմոկրատները, որոնք դեռ շարունակում էին կազմակերպական կապեր պահել  վրաց սոցիալ-դեմոկրատների հետ: Սոցիալ-դեմոկրատ պատգամավոր Ա. Մալխասյանը բուռն կերպով բողոքեց խորհրդաժողովը հրավիրելու տարօրինակ ձևի դեմ, որը այս դեպքում համազոր էր բովանդակության, իր քայլով Վրաստանի կառավարությունը խախտում էր հավասարության սկզբունքը, կամենում էր ուրիշների վզին փաթաթել իր կամքը: Նա ինքնագլուխ կերպով որոշել է խորհրդաժողովի վայրն ու ժամանակը, օրակարգն ու կազմը: Նման դրությունը կարելի չէ հանդուրժել:

Անհանդուրժելի գտավ և «ըստ ձևի ու ըստ էության» դեմ արտահայտվեց նաև սոցիալիստ-հեղափոխական խմբակցությունը: Նույն պատճառաբանություններից մեկնելով՝ բացասական վերաբերվեցին և դաշնակցական ու ժողովրդական խմբակցությունները: Եվ գրեթե միաձայնությամբ Խորհուրդը որոշեց չմասնակցել նոյեմբերի 10-ի խորհրդաժողովին և հանձնարարել կառավարությանը, որ աշխատի «հող պատրաստել մասնակցելու խորհրդաժողովին՝ նախօրոք համաձայնության գալով նրա կազմի, օրակարգի, տեղի ու ժամանակի նկատմամբ»: Միաժամանակ, Խորհուրդը որոշեց, որ հայ-վրացական սահմանային վեճը առնչություն չունի այդ խորհրդաժողովի հետ և «պետք է վճռվի միայն երկու հանրապետությունների ներկայացուցիչների միջոցով, փոխադարձ համաձայնությամբ»:

Եվ Ռամիշվիլիի ծրագրած խորհրդաժողովը հետաձգվեց:

Քիչ չէին և ուրիշ առիթներ, որոնք բարդացնում էին հայ-վրացական փոխհարաբերությունները: Հայաստանը կտրված էր ամբողջ աշխարհից, խեղդվում էր իր լեռներում և, իրավամբ, սպասում էր, որ հարևան Վրաստանը մի քիչ մարդկային վերաբերում կունենա իր հանդեպ: Հակառակը, վրացիները, կարծես դիտմամբ, խնդիրներ էին ստեղծում, վիրավորում էին հայերի արժանապատվությունը, դժվարացնում հաղորդակցությունը դրսի հետ, նույնիսկ փակում էին իրենց սահմանները հայերի առջև: Պատրվակ բռնելով տրանզիտային համաձայնության չգոյությունը Հայաստանի և Վրաստանի միջև, վրաց կառավարությունը արգելքներ էր հանում հայերի առջև: Սովից և հիվանդությունների ճիրաններում գալարվող Հայաստանի համար այս վերաբերումը համարվում էր անխիղճ, տմարդի, թշնամական:

Բազմաթիվ օրինակներից առաջ բերենք միայն մեկը. նոյեմբերի կեսերին Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը Թիֆլիսում դիմեց վրաց արտաքին գործոց նախարարին՝ խնդրելով արտոնել Բաքվում գնած 40 ցիստեռն նավթն ու 9 ցիստեռն բենզինը Վրաստանի վրայով փոխադրել Հայաստանը: Իբր փոխարինություն այդ արտոնության Ջամալյանը համաձայնություն էր հայտնում ապրանքների 20 տոկոսը հանձնել Վրաստանի կառավարությանը: Մեծ դժվարությամբ ու ձգձգումներով կարելի եղավ ստանալ իրավունք, բայց ահա Վրաստանի հաղորդակցության նախարարը հայտնում է Հայաստանի դիվանագետիտական ներկայացուցչին, որ զինվորական նախարարի կարգադրությամբ հարավային երկաթուղագծի վրա զինվորական դրություն հայտարարված լինելու հետևանքով, բացի թուրքական կառավարական գնացքներից, ո՛չ մի գնացք չի թողնվելու հայ-վրացական սահմանից դեպի հարավ: Իհարկե, Բաքվի նավթն ու բենզինը Հայաստան չգնաց: Նման պատճառներով Հայաստանը բոլորովին ի վիճակի չէր արտաքին աշխարհից որևէ ապրանք, ուտելիք ու դեղորայք ներմուծելու: Կարելի է երևակայել, թե վրացիների այս ընթացքը ինչպիսի տրամադրություն էր առաջ բերում սովահար Հայաստանում:

Այսպիսի պայմաններում ծնունդ առավ այն բախումը, որը վերջ ի վերջո վերածվեց հայ-վրացական արյունոտ պատերազմի: Այդ պատերազմի անմիջական առիթը վրաց զորամասերի գործած բռնություններն էին Լոռիի հայ գյուղերում և Ախալքալաքի գրավումը թուրքերի հեռանալուց հետո:

Ամբողջ նոյեմբեր ամսին և դեկտեմբերի սկզբներին Հայաստանի կառավարությունը անվերջ գանգատներ ու բողոքներ էր ստանում լոռեցիներից՝ վրաց զորքերի գործած կամայականությունների, թալանի ու բռնությունների դեմ: Վրաց զինվորները ապրում էին հայկական գյուղերում, ուտելիքը առանց վճարումի առնում էին գյուղերից, խուզարկությունների պատրվակով մտնում էին տները և տանում, ինչ որ պատահեց: Ձեռք էին տալիս կանանց, հարբում, ամեն տեսակ խայտառակություններ գործ դնում: Իշխանությունները բռնագրավում էին գյուղացիների ցորենը, անասունները, գինին, խոտը, յուղը, պանիրը, գետնախնձորը, հավը, հավկիթը, պահանջում էին զենք ու ռազմամթերք: Երբեմն ամբողջ գյուղերը ինչպես, օրինակ, Շուլավերը, խուզարկության ու կողոպուտի էին ենթարկվում: Վրացիները պահում էին իրենց այնպես, կարծես թշնամի երկրում լինեին: Ենիչերական կարգեր էին սահմանվել Լոռիում, ուր վրացին ամեն ինչ էր, հայը՝ ճնշված ռայա:

Առանձնապես ծանր էր Ուզունլար գյուղի բնակիչների վիճակը. վրացիները մասնավոր ուշադրություն էին դարձնում «ըմբոստ» Ուզունլարի վրա և նրանց զինվորները ի՜նչ սանձարձակություն ասես չէին գործում ուզունլարցիների գլխին: Այսպես, Վորոնցովկայի շրջանի վրաց զորքերի հրամանատար գնդապետ Ռամազովը, նոյեմբերի 21-ին տեղեկագրում էր զորավար Ցուլուկիձեին. «Հաղորդում եմ ձեզ, որ այսօր, ժամը 3-ին, հրացանաձգություն էր լսվում Ուզունլարի ուղղությամբ: Ես ուղարկեցի պահակներ տեղակալ Շուբլաձեի հետ բանի էությունը հասկանալու և հրացանաձգությունը վերջ տալու համար: Տեղում Շուբլաձեի երևալով հրացանաձգությունը վերջ է գտնում: Պարզվեց, որ պահակային հարյուրյակի զինվորները և Ուզունլարի բնակիչները հրացանաձգության են բռնվել, որի ժամանակ սպանվել է Ուզունլարի պահակը և վիրավորվել է ձին, այլև զինվորների ձեռքից սաստիկ ծեծ կերել գյուղի կոմիսարը… Երևում է, որ զինվորնեը հանցավոր են եղել, բայց գյուղացիների հանդուգն քայլը և զինված շղթաներով հարձակվելը առիթ է տալիս մտածելու, որ գյուղում շատ զենք կա: Անհրաժեշտ է խիստ խուզարկություն անել գյուղի բոլոր տներում և միևնույն ժամանակ հարկավոր է վռնդել այստեղի երկու հարյուրյակները և փոխարինել ուրիշ զորամասերով, որովհետև զինվորները սաստիկ երես են առած և թալաններով հուզում են տեղական բնակչությանը»:

Երբ ուզունլարցիները ներկայացուցիչներ ուղարկեցին Սանահին՝ բողոքելու համար զինվորների գործած շահատակությունների դեմ, զորավար Ցուլուկիձեն ձերբակալեց նրանց և Ուզունլար պատժիչ զորամաս ուղարկեց՝ գնդացիրներով ու թնդանոթներով: Դեկտեմբերի 8-ին այս զորամասը ճանապարհ ընկավ մի զրահապատի ուղեկցությամբ: Ուզունլարցիները դիմավորեցին հրացաններով: «Զրահապատից,- տեղեկագրում էր նրա պետ Խունչիան,- պատասխանեցինք թնդանոթներով ու գնդացիրներով: Մեր հետևակները չկարողացան բարձրանալ սարը և նահանջեցին թողնելով մի գնդացիր: Մեր հետևակները շատ վնասվեցին: Հայերը մեծ քարեր էին նետում կայարանի վրա, որի հետևանքով պայթեցրին ռազմամթերքով բեռնավորված երեք թուրքական վագոններ: Կայարանը ջարդված է»: Դեկտեմբերի 9-ին վրաց հաղորդակցության նախարարությունը հաղորդեց. «Դեկտեմբերի 9-ին, Սանահինի մոտ կռիվներում, վրացիներից սպանվել են 3 հոգի, ծանր վիրավորվել՝ 1, թեթև վիրավորվել՝ 1, անհետ կորել՝ 2: Արձակված է 3600 գնդակ»:

Երկու օր հետո, դեկտեմբերի 11-ին, Գոգուաձեն զեկուցում էր զինվորական նախարարին. «Այսօր, վաղ առավոտյան, Ալլահվերդի և Սանահին կայարանների միջև, 102-րդ վերստի վրա, ուղին քանդված է հայերի ձեռքով: Թիվ 3 զրահապատը թնդանոթաձգություն ունեցավ: Ես կարգադրել եմ նորոգել ճանապարհը»:

Վրացիներն ամբողջ երկու օր թնդանոթի բռնեցին Ուզունլար գյուղը: Դեկտեմբերի 10-ին Ուզունլարի ներկայացուցիչները Տադյանն ու Ղարաքեշիշյանը հետևյալ աղերսալի հեռագիրը տվին Երևան, զինվորական նախարարին. «Իմացնում ենք, որ դեկտեմբերի 8-ին վրաց զորքերը ուզեցին գրավել Ուզանլար գյուղը: Միջոց չունեինք նրանց տեղավորելու, և հասարակությունը մերժեց ընդունել: Զորքերը վճռեցին գրավել ուժով: Երկու օր է Ուզունլարը գտնվում է թնդանոթների կրակի տակ: Վրացիները սպառնում են կոտորել ուզունլարցիներին: Հազար տուն ենք և խնդրում ենք անել շտապ կարգադրություն՝ օգնություն հասցնելու կորչող ժողովրդին»:

Հայաստանի կառավարությունը, որ ահագին նյութ ուներ Լոռիի ծանր կացության մասին, նույն օրն ևեթ, արտաքին գործոց նախարար Տիգրանյանի ստորագրությամբ Թիֆլիս ուղարկեց հետևյալ հեռագիր-բողոքը. «Ղարաքիլիսա՝ Լոռիի զորամասի պետը հաղորդում է, որ ուզունլարցիները երկրորդ օրն է գտնվում են վրաց զորքերի թնդանոթային և գնդացրային կրակի տակ, որ Լոռիի հյուսիսային մասի հայկական գյուղերը մատնվում են թալանի ու բռնությունների նույն զորքերի կողմից: Հայաստանի կառավարությունը վճռական կերպով բողոքում է վրաց զորքերի սանձարձակությունների դեմ մի շրջանում, որը կազմում է Հայաստանի հողամսը և բռնությամբ գրավված է վրաց զորքերով: Եթե անմիջապես միջոցներ ձեռք չառնեն վերջ տալու, հետևանքների պատասխանատվությունը կառավարությունս վերցնում է իր վրայից»:

Շուտով հայտնի դարձավ նույնպես, որ միայն Ուզունլարը չէր վրաց զորքերի սխրագործությունների զոհը. Աղրի, Ամուչ, Աքորի և մի շարք ուրիշ գյուղեր էլ ենթարկվել էին հարստահարությունների, կողոպուտի ու բռնությունների: Եվ նման երևույթները ընդհանուր էին Լոռիի բոլոր վայրերում, ուր կանգնած էին վրաց զորամասերը:

Մինչ հայ-վրացական սահմանի վրա տեղի էին ունենում այս դեպքերը, Երևանում կատարվում էին դիվանագիտական բանակցություններ Հայաստանի և Վրաստանի միջև: Նոյեմբերի սկզբներին Երևան էր եկել Վրաստանի ներկայացուցիչ Ս. Մդիվանին՝ հայ-վրացական սահմանային վեճը լուծելու նպատակով: Նոյեմբերի 29-ին նա գրավոր կերպով հաղորդեց Հայաստանի արտաքին գործոց նախարարությանը, որ ինքը «լիազորված է վերջնականապես լուծելու սահմանային հարցը և կայացվելիք վճիռը ներկայացնելու Վրաստանի կառավարության ի վավերացումն»: Եվ նույն գրության մեջ որոշում էր վրացիների սահմանային պահանջները. «Վրաց հանրապետության կառավարության պահանջով սահմանագիծը Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների միջև պետք է անցնի Թիֆլիսի նահանգի հին սահմանով, այսինքն՝ այն գծով, որը այժմ բաժանում է Ախալքալաքի ու Բորչալուի գավառները նախկին Երևանի նահանգի նախկին Ալեքսանդրապոլ գավառից՝ հարավում, իսկ արևելքից՝ այն գծով, որ բաժանում է Բորչալուի գավառը նախկին Գանձակի նահանգի նախկին Ղազախի գավառից»:

Ի պատասխան այն գրության, Ս. Տիգրանյանը հաղորդեց, նույնպես գրավոր, որ սահմանը Հայաստանի և Վրաստանի միջև որոշված է և հայ ու վրաց ներկայացուցիչների միջև մեկից ավելի անգամներ հաստատված է 1917 թվի ընթացքում: Այդ սահմանը, որ հիմնված է ազգագարկան սկզբունքի վրա, Հայաստանի կառավարության համար ի զորու է և այժմ: Ըստ 1917 թ. հայ-վրացական համաձայնության՝ «Ախալաքալաքի գավառը ամբողջովին և Բորչալուի գավառի մեծ մասը, ուր հայ ազգաբնակչությունը կազմում է բացարձակ մեծամասնություն, անկապտելի կտոր են Հայաստանի: Միաժամանակ Բորչալուի գավառի հյուսիսային մասը և Թիֆլիսի գավառի հյուսիսային մասը մինչև Թիֆլիս քաղաքը, չնայած որ այս մասում հայ բնակչությունը ավելի է վրացականից, մտցված են Վրաստանի կազմի մեջ՝ այն հաշվով, որ Վրաստանի հայերը կունենան ազգային-մշակութային ինքնորոշման երաշխիքներ»: Բայց եթե, վրաց կառավարությունը պնդում է նոր սահմանագծի վրա, այն ժամանակ սահմանային խնդիրը պետք է քննվի բովանդակ ծավալով, որ միայն Ախալքալաքի և Լոռիի, այլև «այն շրջանների (Բորչալուի և Թիֆլիսի գավառների) վերաբերմամբ, որոնք կարող են առանց վեճի միացվել Վրաստանին միայն այն դեպքում, երբ Վրաստանի և Հայասատանի հողային բաժանման ամբողջ նախկին ծրագիրը պահպանվի»:

Վրաց ներկայացուցիչը շարունակեց պնդել իր տեսակետի վրա, իսկ այդ միջոցին Վրաստանի կառավարությունը, օգտվելով թուրքերի հեռանալուց, հակառակ Հայաստանի կառավարության կտրուկ բողոքների, գրավեց Ախալքալաքի գավառը. դեկտեմբերի 5-ին վրաց զորքերը, զորավար Մակաևի գլխավորությամբ, մտան Ախալքալաք և հայտարարեցին միացված Վրաստանին: Վրաց կառավարությունը պատասխանեց Հայաստանի կառավարությանը, թե «Ախալքալաքի գավառի նվաճման հարցը ո՛չ պատմական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ բարոյական տեսակետից վիճելի չէ»: Եվ այդ «անվիճելի» իրավունքը իրականացնելու համար դեկտեմբերի 8 ու 9-ին, վրացական զորքերը զենքի ուժով ստիպեցին սակավամարդ հայ զորամասին թողնել Ախալքալաք գավառի Եֆրեմովկա և Տրոյիցկոյե գյուղերը, որ հայերը գրավել էին թուրքերի հեռանալուց հետո:

Ախալքալաքի ու Լոռիի դեպքերը մեծ հուզում առաջ բերին Երևանում: Կուսակցությունները, Հայաստանի Խորհուրդը, կառավարությունը, հանրային կարծիքը միաբերան դատապարտում էին վրացիների ընթացքը: Հայայաստանի Խորհուրդը մի շարք դռնփակ նիստերում քննելով դրությունը՝ կառավարությանը տվեց գործելու ազատություն՝ պարտավորեցնելով նրան դիմել ամեն միջոցի՝ պաշտպանելու համար Հայաստանի իրավունքը Ախալքալաքի, բայց, մանավանդ, Լոռիի վերաբերմամբ: Այս հարցում տարակարծություն չկար: Բոլոր կուսակցությունները Լոռին համարում էին Հայաստանի անբաժանելի մաս: Հայ ժողովրդի բոլոր խավերի գաղափարն էր արտահայտում, երբ սահմանավեճի առթիվ պատմաբան Լեոն գրում էր. «Երկու հազար տարվա պատմությունը տանում հասցնում է այն եզրակացության, որ առանց Լոռու երկար դարաշրջաններում չէր կարելի երևակայել Հայաստան: Ներկայումս այս բանն ավելի ևս աներևակայելի պիտի համարել, քանի որ կտրել Լոռին Հայաստանի մարմնից, նշանակում է հոշոտել նրա ամբողջ անցյալը և նրա կուլտուրական գանձերը՝ դարերի և հարյուրավոր սերունդների մեծագործությունը թալանել տալ»:

Ծերեթելիի համար Լոռին «ռազմագիտական սահման» էր, հայերի համար՝ հայկական մամնի մի մասը: Եվ այդ մարմինն էր, որ հոշոտվում էր չարաչար վրաց զորախմբերի կողմից: Դեկտեմբերի 9-ին և ապա 12-ին Հայաստանի կառավարությունը նորից դիմեց վրաց կառավարությանը՝ խնդրելով, հանուն երկու ժողովուրդների բարիքի, վերջ տալ հարստահարություններին, դուրս բերել վրացական զորքերը Լոռիից և սահմանի խնդիրը կարգադրել խաղաղ բանակցություններով: «Մերժման պարագայում,- գրում էր Քաջազնունին իր դեկտեմբերի 12-ի դիմումագրի մեջ,- Հայաստանի կառավարությունը ստիպված պիտի լինի ձեռք առնել անհրաժեշտ միջոցներ՝ պաշտպանելու համար Հայաստանի քաղաքացիներին վրաց զորքերի բռնություններից ու շահատակություններից» :

Վրաց կառավարության պատասխանը եղավ բացասական: Թիֆլիսի կառավարությունը շարունակում էր պնդել իր «անվիճելի» իրավունքների վրա, առանց հաշվի առնելու հայերի նույնպես «անվիճելի» համարվող իրավունքները: Հայերի պահանջը նա համարում էր «միջամտություն Վրաստանի ներքին գործերին»: Բախումը դառնում էր անխուսափելի, և դեկտեմբերի 13-ին բռնկվեց հայ-վրացական զինված ընդհարումը:

Պատերազմը սկսելուց հետո էլ Հայաստանի կառավարությունը աշխատեց գտնել վեճի լուծման խաղաղ միջոցներ:

Դեկտեմբերի 14-ին արտաքին գործոց նախարար Տիգրանյանը Թիֆլիս ուղարկեց մի նոր դիմումագիր, որով, ի միջի այլոց, գրում էր. «Վրաց կառավարությունը ո՛չ միայն ընդառաջ չգնաց մեր փափագին՝ սահմանների հարցը խաղաղությամբ լուծելու, այլև կամենալով ամրապնդել օտար հողի գրավումը՝ ձեռնարկեց արշավանք խաղաղ բնակչության դեմ՝ ենթարկելով արյունահեղ ու դաժան բռնությունների, մինչև իսկ հայկական գյուղերը թնդանոթների կրակի մատնելով: Հայաստանի կառավարությունը չի կարող մնալ անկարեկից դիտողի դերում, որովհետև հարևան պետության զորքերը սխրագործություններ են անում Հայաստանին պատկանող հողի վրա և գնդակահարում են Հայաստանի քաղաքացիներին: Իմ կառավարությունը՝ ջերմորեն ձգտելով առաջն առնել ապագա բարդությունների, ուզում է հավատալ, որ ձեր կառավարությունը՝ հարգելով ժողովրդի բաղձանքին ու Հայաստանի իրավունքը՝ կփութա սեփական նախաձեռնությամբ դուրս հանել զորքերը, հնարավորություն կտա ձեր պատգամավորությանը հարաբերության մեջ մտնել մերինի հետ, կվերականգնեն հեռագրական կապը և դրանով կամրացնեն երկու հարևան հարազատ պետությունների խաղաղ կենակցությունը»:

Այս դիմումն էլ մնաց ձայն բարբառո հանապատի:

Զինված ընդհարման առաջին իսկ օրերին միջամտեց, այդ պահին Ղարաքիլիսայում գտնվող, անգլիական իսկ սպա կապիտան Գրինը, որ առաջարկեց՝ հայ-վրացական խորհրդակցություն կազմել և վեճը լուծել խաղաղ ճանապարհով: Հայաստանի կառավարությունն ընդունեց առաջարկը և Ղարաքիլիսա ուղարկեց մի պատվիրակություն, որի մեջ մտան՝ Մ. Հարությունյանը (նախագահ), Ս. Խաչատրյանը, Ս. Մամիկոնյանը, Ա. Խոնդկարյանը և Գ. Տեր-Խաչատրյանը: Միևնույն ժամանակ, դեկտեմբերի 18-ին, արտաքին գործոց նախարար Տիգրանյանը հեռագրեց Վրաստանի կառավարությանը. «Խորհրդի որոշումով կառավարությունն այսօր պատվիրակություն է ուղարկում կապիտան Գրինի և Վրաստանի լիազորների հետ միասին, եթե վերջիններս գան, պատերազմական գործողությունները վերջացնելու պայմանները մշակելու համար: Մի պայման Խորհուրդը համարում է միանգամայն անհրաժեշտ. Հայաստանի կառավարությունն իր զորքերը Բորչալուի գավառից կարող է հանել միայն այն դեպքում, երբ երաշխիք ստանա, որ այս, ինչպես և Ախալքալաքի գավառը կապահովվեն Վրաստանի նոր հարձակումներից… Մեր պատգամավորությունը ուրախ կլինի հանդիպելու ձեր լիազորների հետ, որպեսզի համերաշխաբար աշխատեն լավագույն պատմական ավանդություններով կապված և ընդհանուր մշակութային  տենչերով համակված երկու հարևան ժողովուրդների բարօրության համար»:

Այս դիմումն էլ անմիջական գործնական հետևանքներ չունեցավ. վրացիները պահանջեցին, որ հայերը հեռանան Լոռիից, իսկ իրենք մնան Լոռիում և Ախալքալաքում: Բնականաբար, հայերը չէին կարող ընդունել հարցի նման միակողմանի լուծում. հայ պատվիրակները երկար սպասեցին Ղարաքիլիսայում, վրացիները պատվիրակներ չուղարկեցին: Կապիտան Գրինը գնաց զորավար Թոմսոնին զեկուցելու համար, և այլևս ձայն չլսվեց:

Երկու ժողովուրդների զինված ընդհարման առաջն առնելու փորձեր արեց և Վրահայոց ազգային խորհուրդը: Դեկտեմբերի 11-ին նրա պատվիրակությունը՝ Ա. Երզնկյանը, Ա. Քոչարյանը, Տեր-Օհանյանը և Աբովյանը, վրաց կառավարության արտոնությամբ, մեկնեցին Թիֆլիս՝ կամենալով Վորոնցովկայի ու Ջալալ Օղլիի վրայով հասնել Ղարաքիլիսա և համոզել հայերին, որ դադարեցնեն կռիվը և վեճը լուծեն բանակցությունների միջոցով: Դեկտեմբերի 15-ին պատվիրակությունը հասավ Եկատերինֆելդ, ուր պահվեց մի քանի օր, ապա վերադարձվեց Թիֆլիս, իբր թե, կառավարության հրամանով: Պատվիրակության անդամներ Երզնկյանն ու Աբովյանը ենթարկվեցին հայհոյանքի և անարգանքի, իսկ Քոչարյանը ծեծվեց ժողովրդական գվարդիականների ձեռքով: Երեքին էլ փակեցին սենյակի մեջ և դաշույնը կրծքներին ուղղած՝ սպառնում էին սպանել: Չօգնեց և այն փաստը, որ Ա. Երզնկյանը Վրաստանի խորհրդարանի անդամ էր. նրան համարում էին հայկական լրտես:

Պատերազմի առաջն առնելու մի փորձ արավ և Վրաստանի ներկայացուցիչը Հայաստանում՝ Ս. Մդիվանին, որը դեռ ընդհարումներից առաջ մեկնել էր Երևանից և գտնվում էր Ղարաքիլիսայի շրջանում: Զորավար Ցուլուկիձեի հետ ուղիղ հեռագրաթելով խոսելուց հետո, նա հորդորեց Հայաստանի կառավարությանը կանգնեցնել առաջ շարժվող զորքերը, պարպել Լոռիի գրավված վայրերը և հայ-վրացական խառն պատվիրակության միջոցով՝ համոզել Լոռիի հայ գյուղացիությանը, որ համակերպվի և ճանաչի վրաց իշխանությանը, իսկ սահմանների հարցը լուծել բանակցությունների միջոցով: Մի ձև, որ, իհարկե, անհնար էր ընդունել ստեղծված պայմաններում:

Եվ դեպքերն ընթացան իրենց ճանապարհով. խոսքը մնացել էր զենքին: