Առաջին քայլեր. Սիմոն Վրացյան

1508

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունը:

Գլուխ ԺԶ

Այսպես, ուրեմն, ընդ հուր և ընդ սուր անցնելով՝ Հայաստանը կոչվեց անկախ պետական գոյության: Ցնծության աղաղակներով ու ծափերով չընդունվեց նրա անկախությունը: Ընդհակառակը, շատերի համար նա նկատվում էր դժբախտություն: Հիվանդ երեխա աշխարհ բերած մոր պես, հայ ժողովուրդը գլուխ էր ծեծում սգավոր և շշնջում ականջին. «Դու իմ ուրախությունն ես, դու՝ դժբախտությունը իմ…»

Այո՛, արցունքի ու տառապանքի ծովից ծնվեց Հայաստանի անկախությունը: Շատերը չէին հավատում նրան. անկախություն ու հանրապետություն բառերը նրան դնում էին չակերտի մեջ: Եվ այդպես վարվելու հիմքերը շատ էին զորավոր. իրոք որ, զարհուրելի էին պայմանները, և անկախությունը այդ պայմաններում հեգնանք էր թվում:

Փաստորեն հայերի ձեռքը մնացել էր մի փոքրիկ հողաշերտ՝ հազիվ 12 000 քառ. կիլոմետր աղքատ ու կիսակործան մի երկիր՝ կծկված ցամաք լեռների մեջ, աշխարհի խուլ անկյունում, ծանրաբեռնված գաղթականներով ու որբերով, շրջապատված ատամ կրճտացնող թշնամիներով, անհաց, անդեղ, անօգնական: Սով ու հիվանդություն, ավար ու ավեր, լաց ու թշվառություն, կոտորած ու սարսափ: Իսկ մյուս կողմը՝ Էնվերի բանակը հաղթական՝ համաթուրքական երազներով տոգորված, որ Հայաստանի մարմնի վրայով ձգտում էր դեպի Ապշերոն ու Թուրքեստան:

Այսպես էր դրությունը Հայաստանում, իսկ Թիֆլիսում տիրում էր կատարյալ շփոթ: Մայիսի 26-ից հետո, հայ-վրացական հարաբերությունները լարվել էին ծայր աստիճանի. վրացիները՝ արբեցած իրենց անկախությամբ ու գերմանական հովհանավորությամբ՝ թշնամանքով էին նայում «ռուսների փեշից պոկ չեկող» հայերին, որոնք, իրենց հերթին վրացիներին համարում էին դավադիր, դավաճան, իրենց բարեկեցությունը հայ ժողովրդի դիակների վրա հաստատող, հայ ժողովրդի գոյության թշնամի…

Անկախության առաջին իսկ օրից, վրաց կառավարությունն ու հասարակական կարծիքը սկսեց զարմանք ու զայրույթ արտահայտել, որ «գերիշխան Վրաստանի» հողի վրա շարունակում է մնալ օտար պետության մի իշխանություն: Հայերին ուղղվում էին աներկդիմի խոսքեր, թե նրանց տեղը Թիֆլիսը չէ, այլ Երևանը: Եվ այդ այն պահին, երբ ամեն հաղորդակցություն Երևանի հետ կտրված էր և Լոռիի ու Փամբակի ձորերում թուրքերն ու տեղական մահմեդականները մաքրագործում էին հայկական գյուղերը:

Ծանր էր կացությունը: Եվ հենց որ հաշտարար պատվիրակությունը Բաթումից վերադարձավ, Հայոց ազգային խորհուրդը ձեռնարկեց Հայաստանի կառավարության կազմակերպմանը՝ հրավիրելով վարչապետության Հովհաննես Քաջազնունուն: Այստեղ էլ բացվեց անակնկալ դժվարություն. ժողովրդական կուսակցությունը Միքայել Պապաջանյանի գլխավորությամբ, կտրականապես մերժեց Քաջազնունու առաջարկը՝ մտնելու նախարարության մեջ: Ժողովրդականները բաց արին կատաղի պայքար Դաշնակցության դեմ՝ պահանջելով, որ սա քաշվի ասպարեզից, և իշխանությունը հանձնվի իրենց: Երկու հիմնավորում էին առաջ քաշում նրանք՝ մամուլի ու հրապարակային ժողովների մեջ. նախ՝ Դաշնակցությունը, իր վարած քաղաքականությամբ, առհասարակ, պատասխանատու էր հայ ժողովրդի գլխին եկած աղետների համար. երկրորդ՝ թուրքերի հետ ընդհանուր լեզու գտնելու համար անհրաժեշտ էր նոր ուժ հրապարակ հանել և այդ ուժը ժողովրդական կուսակցությունն էր, որին և պետք էր հանձնել կառավարություն կազմելը:

Դժվար չէր տեսնել, որ նման խնդիրներ հարուցելիս՝ ժողովրդականների մեջ խոսում էր, ավելի շուտ, կիրքը, կամ, պատասխանատու վայրկյանին, գործից խուսափելու ցանկությունը, որովհետև վերջին 10-15 տարվա ազգային-քաղաքական բոլոր կարևոր գործերում Դաշնակցության կողքին, իսկ շատ անգամ և նրանից առաջ, քայլում էին հենց իրենք՝ ժողովրդականները:

Բայց վերջին տեսակետը, անշուշտ, որոշ ճշմարտություն պարունակում էր իր մեջ: Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե այդ րոպեին մեջտեղ գար ազգային մի նոր ուժ, որ կարողանար, առավել կամ պակաս ձեռնհասությամբ, փոխարինել Դաշնակցությանը: Այդպիսի ուժ գոյություն չուներ, դժբախտաբար: Հայ ժողովրդական կուսակցությունը՝ Թիֆլիսից սահմանափակ թվով մտավորականների ու քաղքենիների մի խմբակցություն, այդ ուժը չէր:

Քաջազնունիի բոլոր ջանքերը՝ միջկուսակցական կառավարություն ստեղծելու՝ ի դերև ելան. ժողովրդականները համառ կերպով մնացին իրենց տեսակետի վրա: Նրանց հաստատակամությանը նպաստում էր և այն հանգամանքը, որ Ազգային խորհուրդը չյուրացրեց Երևանի ու Թիֆլիսի համար ջոկ-ջոկ կառավարություններ կազմելու ծրագիրը: Ժողովրդականները չէին ուզում հեռանալ Թիֆլիսից:

Ի վերջո, երկար բանակցություններից հետո, Քաջազնունուն հաջողվեց կյանքի կոչել հետևյալ կազմով կառավարություն, վարչապետ՝ ինքը, Քաջազնունին, արտաքին գործերի նախարար՝ Ալեքսանդր Խատիսյան, ներիքն գործերի՝ Արամ, ելևմտական՝ Խաչատուր Կարճիկյան, զինվորական՝ Հովհաննես Հախվերդյան: Միայն վերջինն էր  անկուսակցական էր, մյուսները Դաշնակցության անդամ էին:

Կառավարությունը կարգավորեց մի շարք ընթացիկ խնդիրներ: Վրաստանի կառավարության մոտ դիվանագիտական ներկայացուցիչ նշանակեց Արշակ Ջամալյանին: Հուլիսի 2-ին վրաց կառավարության հետ կնքեց համաձայնություն 200 միլիոն անդրկովկասյան նոր բոներ բաց թողնելու մասին, որից 120 միլիոնը պիտի տրվեր Հայաստանին, իսկ ութսունը՝ վրացիներին, դրեց հայկական կորպուսի գույքերը Երևան փոխադրելու, ինչպես նաև՝ անդրկովկասյան ընդհանուր գույքերի բաժանման խնդիրը, կապեր հաստատեց գերման, ավստրիական և թուրքական ներկայացուցիչների հետ, նշանակեց Պոլսի խորհրդաժողովի անդամներ և այլն:

Բաթումի խորհրդաժողովից հետո Գերմանիայի ներկայացուցիչ զոր. Ֆոն Քրեսը հայտնեց, որ հունիսի 25-ին Պոլսում պետք է գումարվի մի խորհրդաժողով՝ մասնակցությամբ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի, Թուրքիայի և կովկասյան հանրապետությունների ներկայացուցիչների՝ լուծելու համար Կովկասի և Թուրքիայի միջև առկախ մնացած բոլոր խնդիրները: Հայոց ազգային խորհրդի կողմից այդ խորհրդաժողովին պատվիրակներ նշանակվեցին՝ Ավետիս Ահարոնյանը, Խատիսյանը և Պապաջանյանը: Այս վերջինը, որ մերժում էր դաշնակցականների հետ մտնել կառավարության մեջ, դաշնակցականների հետ գնաց Պոլիս, իսկ ապագայում, ինչպես կտեսնենք, նաև՝ Փարիզ: Հունիսի 14-ին պատվիրակությունը մեկնեց Թիֆլիսից:

Այս բոլոր աշխատանքները ուշացնում էին կառավարության մեկնումը, որ ջղայնություն էր առաջ բերում ո՛չ միայն վրացիների, այլև հայ հասարակության մեջ: Երևանից պահանջում էին փութացնել մեկնումը: Այդ նպատակով նույնիսկ պատվիրակներ եկան Թիֆլիս: Թիֆլիսի մամուլն ու հանրային կարծիքը դատապարտում էին Հայոց ազգային խորհրդի ցույց տված դանդաղաշարժությունը: Մեղադրում էին, որ Ազգային խորհրդի անդամները չէին ուզում բաժանվել Թիֆլիսից, ինչ որ շատ էլ հեռու չէր ճշմարտությունից:

Այս մթնոլորտում Ազգային խորհուրդը չէր կարողանում երևան բերել մեկ վճռական կամք: Իրար հաջորդող նիստերում տեղի էին ունենում բուռն վիճաբանություններ, որոնցից պարզ նկատվում էր, որ շատերի համար Երևան գնալը անձնապես անհանդուրժելի խնդիր էր, որ անձնական նկատառումները քողարկվում էին սկզբունքային առարկություններով:

Ի վերջո, Երևան փոխադրվելու հարցը կտրուկ կերպով դրվեց Ազգային խորհրդի և կառավարության հուլիսի 13-ի միացյալ նիստում, ուր կուսակցությունների ներկայացուցիչներն արեցին իրենց հայտարարություները: Դաշնակցությունը պահանջում էր, որ Ազգային խորհուրդն ու կառավարությունը ամբողջ կազմով անմիջապես մեկնեն Երևան: «Մեր տունը վերադառնանք»,- ասում էին նրանք: Հայ ժողովրդական կուսակցությունը առաջարկում էր Երևան ուղարկել մի պատվիրակություն և կազմել տեղական կառավարություն, իսկ Հայոց ազգային խորհուրդը, որպես համազգային մարմին և իշխանության աղբյուր, պահել Թիֆլիսում: Հայ բուրժուազիայի համար Թիֆլիսն էլ, ինչպես ամբողջ աշխարհը, «մեր տունն» էր: Սոցիալիստ հեղափոխականները առաջարկում էին, որ Ազգային խորհուրդն ու կառավարությունը գնան Երևան, կազմեն այնտեղ Հայաստանի տեղական իշխանություն, ապա Ազգային խորհուրդը վերադառնա Թիֆլիս ու մնա իբրև ընդհանուր ազգային իշխանություն: Սոցիալ-դեմոկրատները, որ առաջ կողմնակից էին Երևան փոխադրվելուն, այժմ հետ առան իրենց առաջարկը և տատանվում էին անվճռականության մեջ:

Այս բոլոր կարծիքները լսելուց հետո, Քաջազնունին հայտարարեց, որ եթե Ազգային խորհուրդը մնա Թիֆլիսում կամ կազմվեն երկու Ազգային խորհուրդներ, ինքը կհրաժարվի վարչապետությունից, որի վրա, 7 քվեով ընդդեմ 5-ի, որոշվեց Ազգային խորհուրդն ու կառավարությունը փոխադրել Երևան: Հայը շատ ամուր էր նստել Թիֆլիսում ու դժվարությամբ էր պոկ գալիս…

Երկար ձգձգումներից ու վարանումներից հետո, հուլիսի 17-ին, Ազգային խորհուրդն ու կառավարությունը, վերջապես, մեկնեցին Երևան: Թիֆլիսից մեկնելուց առաջ, Ազգային խորհուրդը, Քաջազնունու հետ համախորհուրդ, նշանակեց ներկայացուցիչներ՝ Վրաստանի կառավարության մոտ՝ Արշակ Ջամալյանին, Ռուսաստանի Կամավորական բանակի մոտ՝ Հ. Սաղաթելյանին, Կոլչակի բանակի մոտ, Սիբիրում՝ Գր. Ձամոյանին, Կուբանի և Դոնի կառավարությունների մոտ՝ Սիմոն Վրացյանին և այլն:

Ալեքսանդրապոլով անցնելը վտանգավոր էր. Սանահինից սկսած երկաթուղին գտնվում էր թուրքերի ձեռքում: Պետք էր անցնել Աղստաֆա-Դիլիջանով:

Մեկնողների մեջ էին կառավարության անդամները՝ Քաջազնունին, Կարճիկյանը, զորավար Հախվերդյանը, Ազգային խորհրդի կողմից՝ Ավ. Սահակյանը, Ս. Տիգրանյանը, Ստ. Մալխասյանը, Պ. Զաքարյանը, Ռ. Տեր-Մինասյանը, Ա. Խոնդկարյանը, բժ. Ա. Բաբալյանը, Հ. Ազատյանը, Ա. Մխիթարյանը և ուրիշներ, այլև զորապահակ՝ Դալի Ղազարի գլխավորությամբ: Նրանց հետ գնում էին և երկու գերմանացի սպաներ՝ լեյտենանտ ֆոն Մոմսենը և օբեր-լեյտենանտ Այզենմանը՝ զոր. Ֆոն Քրեսի ներկայացուցիչները, և մի թուրք սպա Վեհիբ փաշայի կողմից:

Մեկնումը կատարվեց շատ տխուր պայմաններում: Վրացիները, որոնք, առհասարակ, երևելի վարպետներ են հանդիսավոր ընդունելություններ ու «բարի երթեր»  կազմակերպելու, այս անգամ, կարծես դիտմամբ, արել էին ամեն բան, որպեսզի վիրավորեն հայերի ինքնասիրությունը: Հակառակ նախօրոք հայերի կողմից արված դիմումի, վրաց կառավարությունը ո՛չ մի քայլ չէր արել դյուրացնելու համար «քույր հանրապետության» կառավարության ճանապարհորդությունը: Վրաց կառավարության կողմից ոչ մի ներկայացուցիչ չէր եկել կայարան: Երկաթուղային վարչությունը, իր հերթին, անփափկանկատ բծախնդրություններով, դժվարություններ էր հանում. տրամադրել էր մի հին, կեղտոտ ու անհարմար վագոն, կարծես գաղթականներ լինեին ճամփորդողները: Մեծ դժվարությամբ կարելի էր եղել արտոնություն ստանալ՝ մի երկու կիսախարխուլ ինքնաշարժ տանելու: Նվաստացած, դառն զգացումներով մեկնեցին Թիֆլիսից Հայաստանի վարիչները: Կարծես, թշնամի երկրից էին հեռանում: Փոյլի կայարանում վրաց սահմանապահները լրացրին պակասը՝ փորձելով նույնիսկ խուզարկել Հայաստանի կառավարության վագոնը, և միայն գերմանացի սպայի միջամտությունը ազատեց այդ խայտառակությունից:

Ընդհակառակը, ինչքա՜ն տարբեր էր վերաբերումը Ադրբեջանում: Սահմանի վրա հայկական կառավարությունը ընդունվեց զինվորական պատիվներով. ընդառաջ էին եկել նահանգապետը և Ադրբեջանում կառավարության ներկայացուցիչները: Աղստաֆայում և Ղազախում արվեց պաշտոնական ընդունելություն՝ ճաշ էր պատրաստված ի պատիվ հյուրերի: Թուրք գյուղացիները համակրանքով էին դիմավորում հայ ներկայացուցիչներին, որոնք մինչև Հայաստանի սահմանը անցան բարեկամական ցույցերի միջից:

Հայաստանում, ճանապարհին, ամեն տեղ Ազգային խորհուրդն ու կառավարությունը ընդունվեցին անվերապահ համակրանքով:

Առաջին հանդիսավոր ընդունելությունը Հայաստանի հողի վրա տեղի ունեցավ Դիլիջանում: Հակառակ անձրևոտ եղանակին, ձիավոր մի հարյուրյակ սպասում էր հյուրերին գյուղից դուրս: Յարալյանի ամառանոցի առաջ, որը հատկացված էր հյուրերին գիշերելու, դրված էր պատվո պահակ: Ազգային խորհրդի նախագահի բարևի վրա զինվորները պատասխանեցին հայերին. «Բարև՛, հազար բարի՛»: Դիլիջանցիները պատրաստել էին հյուրասիրություն և հաջորդ օրը, հանդիսավորությամբ ճանապարհ դրեցին Երևան: Զորքերը բռնել էին ճանապարհի երկու կողմերը: Ժողովուրդը բարեմաղթություններ էր անում:

Սոմյոնովկայում աղ ու հացով ընդառաջ եկան ռուս ազգաբնակչության ներկայացուցիչները և գնդապետ Սամարցյանը իր գնդով: Ավետիք Սահակյանը ընդունեց աղն ու հացը, դիտեց զորքերը և ողջույնի խոսք ասաց հավաքվածներին:

Ելենովկայում խռնված էր ահագին բազմություն մերկ ու թշվառ գաղթականների: Ռուս բնակիչները հեռացել էին Հյուսիսային Կովկաս և նրանց տները բռնել էին Կարսի, Շիրակի, Ղարաքիլիսայի հայ փախստականները: Երևանի Ազգային խորհուրդը այստեղ բաց էր արել մի ճաշարան և ձրի կերակուր էր տալիս ավելի քան 5 000 մարդու:

Հուլիսի 19-ին, երեկոյան դեմ հասանք Ախտա: Երևանից եկել էին դիմավորելու Արամը և տեղական կառավարության անդամները: Փողոցի գլխին կանգնած էին զորքն ու զինվորական նվագախումբը: Ավետիք Սահակյանը ընդունեց հրամանատարի զեկուցումը, ապա զորամասերը, կանոնավոր շարքերով, դրոշակները պարզած ու երաժշտությամբ, անցան Ազգային խորհրդի ու կառավարության անդամների առջևից: Տեսարանը հուզիչ էր:

Հայկական կորպուսի սպայակույտը զորավար Նազարբեկյանի գլխավորությամբ հյուրերին ընդունեց Քանաքեռում, որտեղ պատրաստված էր թեյասեղան, որի միջոցին արտասանվեցին հանդիսավոր ճառեր:

Ուշ երեկոյան հասանք Երևան: Քաղաքը զարդարված էր դրոշակներով, գորգերով ու կանաչով: Աստաֆյան փողոցը լցված էր բազմությամբ: Փողոցի երկու կողմը շարքերով կանգնած էին զորքերը՝ Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հերոսները: Հրամանատարի զեկուցումից հետո հնչեց երաժշտությունը և խանդավառ «կեցցե՛ն» հազարավոր բերաններից:

Հասարակությունը առանձնապես ջերմ ընդունելություն ցույց տվեց գերմանացի սպաներին:

Երեկոյան տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որին ներկա էին Թիֆլիսի և Երևանի Ազգային խորհուրդների և կառավարության անդամները, ռուս, ուկրաինացի ու մահմեդական ազգաբնակչությանց ներկայացուցիչները, պարսկական հյուպատոսը, գերմանացի ու թուրք սպաները: Արտասանվեցին բոլորի կողմից ողջույնի ճառեր, որոնց պատասխանեց Քաջազնունին. «Մեր պետությունը,- ասաց նա,- ի միջի այլոց, կոչվում է ո՛չ թե հայկական, այլ Հայաստանի Հանրապետություն: Այդ ցույց է տալիս, որ մեր պետությունը հայրենիք է նրա մեջ ապրող բոլոր ժողովուրդների համար»:

Հանդեսը տևեց մինչև ուշ գիշեր:

Հաջորդ օր սկսվեցին պետական աշխատանքները: Կառավարությունը հայրենի հողի վրա անցավ գործի:

***

Իսկ գործ շատ կար: Վերից վար պետք էր կառուցել պետական մեքենան: Երկիրը կատարյալ քաոսի և անիշխանության մեջ էր՝ պետք էր կարգ ու օրենք հաստատել: Գաղթականությունը սնունդ ու բնակարան էր պահանջում՝ պետք էր տալ: Պետք էր կարգադրել պարենավորման ու դրամական հարցերը: Սահմանների վրա ընդհարումներ էին տեղի ունենում, մահմեդական խռովությունները երկրում չէին վերացած իսպառ՝ պետք էր հաշտությունը գործնականացնել արտաքին ու ներքին թշնամու հետ: Մի խոսքով, պետք էր ոչինչից պետություն ստեղծել:

Եվ Թիֆլիսից եկած գործիչները Երևանում գտնվողների հետ համերաշխ և համախորհուրդ լծվեցին աշխատանքի:

Թիֆլիսի և Երևանի Ազգային խորհուրդների մի շարք խառն նիստերում վերջնական ձև ստացան Ազգային խորհուրդն ու կառավարությունը: Որոշվեց, հակառակ ժողովրդականների քվեի, եռապատկել Ազգային խորհրդի անդամների թիվը և հրավիրել այլազգիների՝ թուրքերի, եզդիների ու ռուսների ներկայացուցիչներին: Այս ձևով կազմվեց Հայաստանի առաջին օրենսդիր մարմինը՝ Հայաստանի խորհուրդ անունով:

Կառավարության կազմը պահվեց նույնը, ինչ որ նշանակված էր Թիֆլիսում: Քիչ հետո հրավիրվեց միայն մի նոր նախարար արդարադատության համար՝ տեղական անկուսակցական գործիչներից մեկը՝ Գ. Պետրոսյանը:

Հաստատվեց Հայաստանի ազգային դրոշակը՝ հորիզոնական կարմիր, կապույտ ու նարնջի գույներով: Դրոշակի ձևի և գույների շուրջ եղան բավական երկար խորհրդակցություններ, նկատի առնվեցին հայոց պատմական դրոշակները, լսվեց հայկաբան Ստ. Մալխասյանի հիմնավորված զեկուցումը հայկական դրոշակի մասին և, ի վերջո, որոշվեց ընդունել վերոհիշյալ երեք գույները՝ պայմանով, որ վերջնական հաստատումը կատարվի Սահմանադիր ժողովի կողմից, որը պետք է գումարվեր Հայաստանի երկու հատվածների միացումից հետո:

Ի՞նչ բովանդակություն կամ խորհուրդ էր դրվում այդ գույների կամ դրոշակի ամբողջության մեջ:

Առանձին պատգամավորներ իրենց մտքում ունեին, անշուշտ, որոշ բացատրություն, ոմանք ճառով էլ արտահայտեցին, բայց Հայոց [ազգային] խորհուրդը այդ մասին որևէ որոշում չտվեց, և դրոշակն իր ամբողջության մեջ, գույների ընտրությունն ու դասավորությունը ավելի շուտ արդյունք էր քվեարկության պատահականության:

Պատգամավորների մի մասի կողմից մասնավոր առարկություն էր լսվում-գլխավորապես գործնական տեսակետից-նարնջագույնի դեմ՝ Հայաստանում դժվար էր այդ գույնի կտոր գտնել: Առաջարկվում էին փոխարենը դնել կանաչ գույն. ոմանք փաստ էին բերում, որ կանաչը մեր պատմական գույներից մեկն է: Բայց նարնջի գույնը առանձնապես պաշտպանում էր Քաջազնունին, որ ղեկավարվում էր սոսկ գեղասիրական նկատումներով. կարմրի, կապույտի ու նարնջագույնի ներդաշնակությունը դուր էր գալիս նրա ճաշակին:

Կային, սակայն, հայկական եռագույնի մեջ և՛ գաղափար, և՛ խորհուրդ դնողներ: Այդ գույները, կարծես, բխում էին մեր կյանքից, խորհրդանշում էին հայ պետականության ծագումն ու ապագան: Կարմիրը հայ ժողովրդի թափած արյունն էր, կապույտը՝ Հայաստանի կապույտ երկինքը, և նարնջի կամ ոսկու գույնը՝ խտացումը աշխատանքի: Հայ ժողովուրդը, որ արյունով էր ձեռք բերել իր ազատությունը, հայրենի կապույտ երկնքի տակ, իր համբավավոր աշխատասիրությամբ՝ պիտի վերաշիներ երկիրը և ապրեր ազատ ու երջանիկ…

Հայաստանի Խորհրդի պաշտոնական բացումը նշանակվեց օգոստոս 1-ին:

Երկու օր առաջ, հուլիսի 30-ին, Երևան եկան գերմանական ներկայացուցիչ զոր. Ֆոն Քրեսը և ավստրիական ներկայացուցիչ բարոն Ֆրանկելշտեյնը Վրաստանի մեր դիվանագիտական ներկայացուցիչ Ջամալյանի և մի քանի սպաների ուղեկցությամբ: Կայարանում նրանց ցույց տրվեց հանդիսավոր ընդունելություն: Երեկոյան տրվեց հացկերույթ քաղաքագլխի կողմից:

Հաջորդ օր նրանք այցելեցին վարչապետին ու Հայաստանի խորհրդի նախագահին, ապա մեկնեցին Էջմիածին՝ տեսնվելու համար կաթողիկոսի հետ: Ժամը 5-ին վերադարձան Էջմիածնից և ընդունեցին Հայաստանի խորհրդի նախագահի ու  վարչապետի փոխայցելությունը և ունեցան նրանց հետ երկար խոսակցություն՝ հայկական գործերի մասին: Նրանց այցելեցին և մյուս նախարարները: Երեկոյան կառավարությունը հացկերույթ տվեց ի պատիվ հյուրերի, որին ներկա էին և Երևանում գտնվող թուրք սպաները: Արտասանվեցին ճառեր: Գիշերը Ֆոն Քրեսը մեկնեց Թիֆլիս, իսկ պարոն Ֆրանկելշտեյնը մնաց Հայաստանի խորհրդի բացմանը ներկա գտնվելու համար:

Առաջին դիվանագիտական ընդունելությունն էր այս Հայաստանի հողի վրա:

Թիֆլիս վերադառնալիս, գնացքում, Ջամալյանը մտերիմ խոսակցություն է ունենում զորավար Ֆոն Քրեսի հետ: Զորավարը ցույց է տալիս իր կառավարություն ուղարկելիք հեռագիրը: «Այդ հեռագրում,- հաղորդում է Ջամալյանը Երևանի կառավարությանը,- նա զարմանալի հմտությամբ խստացրել է այն մտահոգությունները, որ դուք արտահայտեցիք մեր առանձին ունկնդրության ժամանակ, և ներկայացնում է այդ մտահոգությունները ոչ թե ձեր, այլ  յուր անունից: Միայն հեռագրի վերջում նա մեր կառավարության անունից հայտնում է, որ վերջինս դեմ չի լինի, եթե ավստրո-հունգարական զորքերը գան Հայաստան: Ես խնդրեցի, որ գեներալը հեռագրի մեջ մտցնի նաև Ղարաբաղի զինաթափության խնդիրը, որ և նա կատարեց: Այդ հեռագրի մեջ գեներալը խոսում է ամենահոռի արտահայտություներով թուրքերի մասին՝ նրանց քաղաքականությունը բնորոշելով երկու խոսքով՝ վրդովեցուցիչ թալան և հայ ժողովրդին սովամահ անելու ձգտում»:

Նույն տեսակցության ժամանակ Ֆոն Քրեսը Ջամալյանին ասել է, ի միջի այլոց, նաև. «Մեր հարաբերությունները տաճիկների հետ բավական վատացան շնորհիվ մեր միջամտության Անդրկովկասյան գործերին: Թուրքերը այս երկիրը իրենցն են համարում ռուսների հեռանալուց հետո և, հանկարծ, մենք ասում ենք՝ «half» (կեցիր), բնական է, որ պետք է լարվեն մեր դեմ»:

«Թուրքերը չեն ենթարկվում ընդհանուր հրամանատարության պահանջներին և իրենց գլուխ դասավորում են զորքը սահմանաճակատներում…»* (Կ. Ղազարյան և Մ. Ներսիսյան, Առաջին մասսայական-հեղափոխական շարժումները Հայաստանում, 1932, Երևան, էջ 222-223):

***

Օգոստոսի 1-ին, Երևանի քաղաքային ակումբի դահլիճում, հանդիսավոր շուքով բացվեց Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստը: Քաղաքը ընդունել էր տոնական կերպարանք: Փողոցները բռնված էին բազմություններով: Ակումբի առջև երկկարգ շարված էր զորքը:

Ակումբի սրահը հարմարեցված էր խորհրդի նիստերին: Մեջտեղը գրավել էին պատգամավորները. բեմի վրա՝ նախագահությունը: Ներկա էր կառավարությունը ամբողջ կազմով: Ձախ օթյակը բռնում էին Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Թուրքիայի ներկայացուցիչները, պարսից հյուպատոսը և ռուս ու մահմեդական ազգային խորհուրդների ներկայացուցիչները: Աջ օթյակում նստած էին բանակի հրամանատար զորավար Նազարբեկյանը, զորավար Սիլիկայնը և ուրիշ զինվորականներ: Մամուլի ներկայացուցիչներին հատկացված էր առանձին տեղ: Դահլիճի հետևի մասը և վերնահարկը բերնեբերան բռնված էին հասարակությամբ:

Հայաստանի խորհրդի պատգամավորները դասավորված էին նախօրոք սահմանված կարգով. աջ կողմը նստած էին Հայ ժողովրդական կուսակցության անդամների և մահմեդականների, եզդիների ու ռուսների ներկայացուցիչները: Կենտրոնում և ձախ կողմի մի մասում՝ դաշնակցականները, իսկ ձախակողմում՝ սոցիալ-դեմոկրատներն ու սոցիալիստ-հեղափոխականները:

Հայաստանի անդրանիկ օրենսդրական մարմնի առաջին նիստը բանալու պատիվը վիճակվեց Հայոց ազգային խորհրդի նախագահ Ավետիք Սահակյանին: Խորին լռության մեջ բեմ ելավ նա և արտասանեց բացման ճառը, որը տեղն ու տեղը թարգմանվեց ռուսերեն ու թուրքերեն լեզուներով:

«Քաղաքացինե՛ր, պատգամավորներ Հայաստանի խորհրդի:

Գերագույն Հայոց ազգային խորհրդի կողմից ես պատիվ ունեմ այսօր բաց անել անդրանիկ նիստը Հայաստանի խորհրդի և հայտարարել, որ այսուհետև սա՛ է միակ լիազոր մարմինը՝ ամփոփող իր մեջ Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը:

Այս օրը կդառնա մեզ համար պատմական և կբանա մի նոր լուսավոր դարաշրջան մեր երիտասարդ պետության կյանքում, ինքնուրույն քաղաքական և տնտեսական զարգացման:

Այս օրը կմնա միշտ հիշատակելի և ա՛յն պատճառով, որ առաջին անգամ իրականացած ենք տեսնում մեր նեղ հորիզոնի սահմաններում գեղեցիկ երազանքն ու նվիրական տենչը ինքնորոշման, թեև անհնարին դժվարին պայմաններում:

Ենթադրելով, որ մեր երկրի անկախության հարցին շատերը ձեզանից լավատեղյակ չեն՝ ես հույժ կարևոր եմ գտնում այս բարձր ժողովին ներկայացնել այն փուլերը, որոնցով անցել է սկզբից մինչև իր վերջին ձևակերպումը անկախ պետությունների գաղափարը Անդրկովկասում:

Մեր հանրապետությունը, ինչպես և մյուսները, հանդես եկան իբրև անկախ պետություններ ա՛յն օրից, երբ Անդրկովկասյան սեյմը մայիսի 26-ին իրեն հայտարարեց կազմալուծված. վրաց սոցիալ-դեմոկրատ խմբակցության նախաձեռնությամբ և առաջարկությամբ նույն օրն իսկ Վրաստանը հայտարարեց իրեն անկախ:

Անդրկովկասի ամբողջությունը փլվելուց հետո մեր երկիրը թողնված էր իր բախտին, ուստի Հայոց ազգային խորհուրդը շտապեց իր վրա վերցնել կառավարության բոլոր գործառույթները:

Հենց այդ ժամանակն էր, որ ստացվեց օսմանյան կառավարության բոլորին հայտնի վերջնագիրը նոր հողային գրավումների մասին և պահանջվում էր պատասխան 48 ժամվա ընթացքում: Գերագույն խորհրդի կողմից անմիջապես առանձին պատվիրակություն ուղարկվեց Բաթում հանձինս Քաջազնունու, Պապաջանյանի և Խատիսյանի՝ տալով նրանց արտակարգ լիազորություններ բանակցություններ վարելու տաճիկ պատվիրակության հետ:

Մեր պատվիրակությունը հաջողեցրեց որոշ ուղղումներ մտցնել սահմանների մեջ, բայց և այնպես ստիպված էր ընդունել վերջնագիրը և խաղաղության դաշինք կնքել Վեհիբ փաշայի և Խալիլ բեյի հետ: Այստեղ առաջին անգամ Հայոց ազգային խորհրդի պատգամավորները պաշտոնապես ճանաչվեցին իբրև ներկայացուցիչներ անկախ Հայաստանի և ստորագրեցին հունիսի 4-ի դաշինքը:

Մեր պետության անկախության մասին հայտնի է նույնիսկ Տաճկաստանի դաշնակից պետություններին՝ Գերմանիային, Ավստրիային, Բուլղարիային: Պոլսում է մեր երկրորդ պատվիրակությունը, որի մեջ մտնում են Ահարոնյանը, Խատիսյանը և Պապաջանյանը, որոնք ուղևորվել են այնտեղ օսմանյան կառավարության հրավերով, բանակցություններ վարելու Տաճկաստանի և նրա դաշնակից պետությունների հետ:

Այսպիսով, բազմակողմանի քննելով մի կողմից երկրի ուժերը և այն հանգամանքը, որոնց մեջ գտնվում է հայ ժողովուրդը, և մյուս կողմից՝ քաղաքական և տնտեսական ստեղծված դրությունը, Հայոց ազգային խորհուրդը սեղմեց իր սիրտը և անողոք գիտակցությամբ որոշեց վերջնականապես ընդունել վերջնագիրը և ճանաչել Հայաստանի անկախությունը՝ իրեն հանձնելով պատմության անաչառ դատաստանին:

Այո՛, մեր հանրապետությունը փոքր է ու նեղ իր սահմաններով. նա զրկվել է իր ամենագնահատելի երկրամասերից ու չի կարող իր մեջ տեղավորել ամբողջ ազգաբնակչությունը և, կարծես թե, պայմաններ չունի անկախ գոյության համար: Բայց ես կարծում եմ, որ երկրի սահմանները կընդարձակվեն կյանքի երկաթե ուժով, մեր արդար և անվիճելի իրավունքների պաշտպանությամբ գրավված հողամասերի վերաբերմամբ և նոր բարեկամական դաշինքով Տաճկաստանի և նրա դաշնակից պետությունների հետ, որոնց ներկայացուցիչները ներկա են այստեղ: Մենք ընտրել ենք համաձայնության և խաղաղության ուղին, և ուզում եմ հուսալ, որ չենք սխալվում:

Մինչ այդ, մենք կկատարենք սրբությամբ և անշեղ կերպով մեր այն պարտականությունները, որոնք բխում են խաղաղության դաշինքից: Թողնե՛նք ապագա հեռանկարները, համենայն դեպս, այսօր այստեղ առանց տատանումների և լիակատար վճռականությամբ մենք գցում ենք խարիսխը մեր պետական նավի և դնում ենք հիմքը պետական շենքի՝ ձգտելով միշտ կատարելագործել նրան ի բարօրություն Հայաստանի Հանրապետության բոլոր ազգությունների, իբրև զավակների մեկ հարազատ մայր հայրենիքի»:

Սահակյանի ճառը լսվեց խորը հուզումով: Պատգամավորներն ու հասարակությունը, հաճախ, ընդհատում էին նրան բուռն ծափահարություններով:

Երբ, իր խոսքն ավարտելուց հետ, Սահակայնը արտասանեց՝ «Հայտարարում եմ Հայաստանի Խորհրդի նիստը բացված», դուրսը, Խորհրդարանի շենքի գլխին, բարձրացավ հանրապետության եռագույն դրոշակը և հազարավոր բերաններ որոտացին՝ «կեցցե՛»: Ծափահարությունները թնդացրին օդը: Հնչեց «Մեր հայրենիքը»: Զորքը պատվի կեցավ:

Հայաստանի խորհրդի անդամների ցանկը հայտարարելուց հետո, սոց.-դեմ. Պատգամավորների ձեռնպահությամբ, նախագահ ընտրվեց Ավ. Սահակայնը (դաշն.), փոխնախագահներ՝ Գր. Տեր-Խաչատրյանը (ժող.) և Դ. Զուբյանը (ս.-հ.), քարտուղար՝ Պ. Զաքարյանը (անկ.), երկրորդ քարտուղար՝ Ե. Սարգսյանը (դաշ.):

Խորհրդի նիստից հետո, զորավար Նազարբեկյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ զորահանդես, որին ներկա էին օտար ներկայացուցիչները, Խորհրդի և կառավարության անդամները և խուռն բազմությունը: Զորքերը, երաժշտությամբ ու կանոնավոր շարքերով, անցան հանդիսատեսների առջևից և բարձրացան Աստաֆյան պողոտայով, հասարակության աննկարագրելի ցնծության ու ծափերի միջով:

Տեսարանը հուզիչ էր: Շատերի աչքից արցունք էր հոսում: Հայստանի Խորհրդարան, հայոց կառավարություն, հայկական բանակ… Երազ չէ՞ր արդյոք:

Հայաստանի Խորհրդի երկրորդ նիստում, օգոստwsi 3-ին, վարչապետ Քաջազնունին կարդաց կառավարական հայտարարությունը.

«Բացառիկ ծանր պայմանների մեջ է գործի անցել իմ կազմած կառավարությունը: Նա կոչված է իրականացնելու գործադիր իշխանություն մի պետության մեջ, որ դեռ նոր է ծնունդ առել և տակավին դուրս չի եկել իր կազմակերպման առաջին շրջանից: Կառավարությունը չունի ո՛չ մի հենարան անցյալում: Նա չի՛ հաջորդում նախկին կառավարությանը՝ շարունակելու արդեն ընթացքի դրած պետական աշխատանքը: Նա նույնիսկ չի ժառանգում կենտրոնական իշխանության կարիքներին հարմարեցրած պատրաստի ապարատներ: Նա հարկադրված է սկսելու ամեն բան սկզբից. անձև քաոսի և ավերակների կույտից նա պետք է ստեղծի կենսունակ և աշխատունակ մի մարմին:

Մյուս կողմից, կառավարությունը գտնում է երկիրը այնպիսի վիճակի մեջ, որի բնորոշման համար մի բառ կա միայն՝ կատաստրոֆիկ:

Չորս տարի տևող պատերազմը, մեծ հեղափոխությունը, ռուսական զորքերի անկանոն նահանջը մեր սահմաններից, կայսրության տարրալուծումը, պատերազմական ճակատի վրա կրած մեր պարտությունները, տերիտորիաների կորուստը, Անդրկովկասի բաժանումը անջատ պետությունների՝ այս խորին ցնցումները չէին կարող չթողնել իրենց հետևից ահռելի հետքեր: Տնտեսական կյանքի ու ֆինանսական դրության կատարյալ քայքայում, դադարում ապրանքների արդյունաբերություն և փոխանակության, զինամթերքի ծայր աստիճանի պակասություն, ամենաանհրաժեշտ առարկաների բացակայության կամ սոսկալի թանկություն, ներմուծման բացարձակ ընդհատում, երկաթուղային հաղորդակցության դադարում, երթևեկության ուրիշ միջոցների պակասություն, ապա հարյուր հազարներով հաշվվող անտուն և անսնունդ գաղթականություն, անապահով կացություն սահմանների վրա և որպես անխուսափելի հետևանք այս բոլորի՝ անիշխանություն: Ահա թե ինչպիսի ծանր պայմանների մեջ կանչվել է աշխատանքի իմ կառավարությունը:

Այս բացառիկ դրությունը նախորոշում է արդեն կառավարության բնույթը: Նա չի կարող ձգտել բազմակողմանի ու լրիվ գործունեության, չի կարող ունենալ լայն և սահմանափակվելու է ամենանհրաժեշտ ու միանգամայն անհետաձգելի խնդիրներով:

Կասեցնել քայքայման պրոցեսը, հանել երկիրը անիշխանության վիճակից և ստեղծել պետական շինարարության համար պայմաններ՝ ահա թե ինչպես է ըմբռնում իր կոչումը ներկա կառավարությունը:

Համաձայն սրան, կառավարությունը դնելու է լուծման հետևյալ խնդիրները.

Ա. Ներիքն գործերի սահմաններում

  1. Հաստատել երկրում տարրական իրավակարգ, կյանքի ու գույքի ապահովություն:
  2. Բանալ հաղորդակցության ճանապարհները անարգել երթևեկության համար:
  3. Վերականգնել փոստ-հեռագրական նորմալ հաղորդակցություն թե երկրի մեջ և թե հարևան պետությունների հետ:
  4. Եռանդուն միջոցների դիմել, կարելույն չափ մեղմացնել պարենավորման տագնապը:
  5. Տնօրինել գաղթականների և փախստականների վիճակը, մասամբ վերադարձնել իրենց տեղերը, մասամբ տեղավորել նոր վայրերում:
  6. Նախապատրաստել Հայաստանի Սահմանադիր ժողովի հավաքումը կարելույն չափ շուտ:

Բ. Ֆինանսների սահմաններում

Հող պատրաստել սեփական դրամական սիստեմի հիմքը դնելու համար: Ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի երկիրը ապահովվի դրամական նշաններով, վերականգնի արդյունաբերական կյանքը և ապրանքների փոխանակությունը, ինչպես նաև մշակվի հարկերի առողջ սիստեմը:

Գ. Արդարադատության սահմաններում

Հարմարեցնել դատարանը երկրի քաղաքացիական իրավահասկացման և իրավական սովորույթների պայմաններին՝ միաժամանակ մասնակից անելով քրեական դատավարությանը ժողովրդի ներկայացուցիչներին:

Դ. Զինվորական գործերի սահմաններում

Վերակազմել երկրի զինվորական ուժերը՝ նպատակ ունենալով ստեղծել թվով ոչ մեծ, բայց ոգով ու կարգապահությամբ ուժեղ բանակ:

Ե. Արտաքին գործերի սահմաններում

  1. Ամրացնել օսմանյան կառավարության հետ հաշտությունը և բարի դրացիական հարաբերություններ հաստատել նրա հետ: Խստիվ կատարել այն բոլոր պարտականությունները, որ մենք հանձն ենք առել Օսմանյան կայսրության հանդեպ ու հետևել, որ օսմանյան կառավարությունը իր կողմից անի նույնը մեր վերաբերմամբ: Մասնավորապես, լուծել օսմանյան զորքերի մեր երկրից դուրս բերելու հարցը և գաղթականների վերադարձը:
  2. Ադրբեջանի և Վրաստանի հետ փոխադարձ համաձայնության գալով՝ լուծել Հայաստանի և այլ պետությունների սահմանների հարցը՝ հիմք ունենալով ազգագրական սկզբունքը, իբրև միակը, որ համապատասխանում է ռամկավար պետությունների ոգուն ու նպատակներին:
  3. Լիկվիդացիայի ենթարկել, համաձայնության գալով Ադրբեջանի և Վրաստանի հետ, ընդհանուր հիմնարկությունները և գույքը, որ մնացել են Անդրկովկասյան Հանրապետությունից:

Այս է կառավարության ծրագիրը: Սա կարելի է անվանել պետության գոյությունը ապահովող ամենաանհրաժեշտ գրավականների ծրագիրը: Պարզ է, որ նա չի ընդգրկում երկրի բազմազան կարիքները իրենց ամբողջությամբ, որ նրա սահմաններից դուրս մնում են մի շարք կարևոր և արդեն հասունացած խնդիրներ: Բայց կառավարությունը չի դնում հերթի այդ խնդիրները, որովհետև նրանց լուծումը այօսրվա պայմանների մեջ համարում է անկարելի: Կառավարությունը չի ուզում սխալների մեջ գցել երկիրը լայն հեռանկարներով և անիրագործելի խոստումներով, չի ուզում վերցնել իր վրա պարտականություններ, որոնց կատարումը վեր է իր ուժերից: Կառավարությունը համոզված է, որ իր առաջադրած ծրագիրը մաքսիմումն է այսօրվա հնարավորության: Կառավարությունը լարելու է իր ամբողջ ուժն ու կարողությունը այդ մաքսիմումին հասնելու և հույս ունի հաջողությամբ լուծելու դրված խնդիրների գոնե մի մասը, եթե իր կողմն ունենա Խորհրդի անվերապահ վստահությունն ու գործուն աջակցությունը»:

Քաջազնունու հայտարարությունից հետո, անմիջապես խոսք առավ Դաշնակցության ներկայացուցիչ Սմբ. Խաչատրյանը, որ, ընդհանուր առմամբ, կառավարության ծրագիրը գտավ ընդունելի և խոստացավ իր կուսակցության վստահությունը:

Երկրորդ ճառախոսը՝ սոց.-հեղ. Ա. Խոնդկարյանը՝ կառավարության հայտարաությունը գտավ ընդհանուր և անբովանդակ, անհամանապատասխան անդրանիկ կառավարության կոչումին. վարչապետը ոչինչ չասաց կառավարական դրության և քաղաքացիական ազատությունների մասին: Ա. Խոնդկարյանը առանձնապես խիստ քննադատեց հայտագրի արտաքին քաղաքականության մասը՝ զարմանք հայտնելով, որ նրա մեջ ոչ մի խոսք չի ասված Ռուսաստանի մասին: Եվ եզրափակեց, թե կառավարական հայտագիրը սոց.-հեղափոխականներին չի գոհացնում, ուստի նրանք որոշել են սպասել գործի:

Ընդհակառակը, Հայ ժող. կուսակցության կողմից գրավոր ճառ կարդացող Ա. Մխիթարյանը գտնվում էր կառավարական համեստ ծրագիրը միանգամայն գոհոցուցիչ: Ավելին, տիրող պայմաններում, կարելի չէր պահանջել:

Ծրագրից գոհ էին և մահմեդականների ներկայացուցիչն ու ռուս պատգամավոր Զորինը: Վերջինս, սակայն, անհրաժեշտ էր գտնում առաջ բերել ավելի սերտ գործակցություն ռուսների հետ:

Սոց.-դեմոկրատների կողմից խոսեցին երկու հոգի՝ մենշևիկ Հ. Ազատյանը և բոլշևիկ Ա. Մելիքյանը: Երկուսն էլ դեմ արտահայտվեցին Հայաստանի անկախության և կառավարական ծրագրին:

Օգոստոս 6-ի նիստում Քաջազնունին պատասխանեց եղած քննադատություններին: Նա հայտնեց, որ ինքը գիտակցաբար խուսափել է լայն ու անիրագործելի խոստումներից և կառավարական ծրագրի մեջ դրել է միայն օրվա հրատապ կարևորություն ունեցող հարցեր: Իր քաղաքականության հիմքերը կազմելու են քաղաքացիական ազատություններն ու ռամկավար սկզբունքները: Արտաքին քաղաքակնության ասպարեզում մնալու է Բաթումի դաշնագրի տեսակետի վրա և դրանից մազաչափ շեղում չի թույլատրելու: Ապա իբրև եզրափակում, դրեց վստահության պահանջը:

Այդ պահանջին ընդառաջ գնացին միայն դաշնակցականներն ու մահմեդականները, մյուս պատգամավորները դեմ եղան: Այսպիսով, դեռ գործը չսկսած, ծագեց կառավարական տագնապ:

Զգայուն դրությունից դուրս գալու համար հայտարարվեց ընդմիջում, որից հետո ժողովրդականների մի մասն էլ միացավ դաշնակցականների բանաձևին, և կառավարությունը ստացավ վստահության քվե: Հօգուտ կառավարության քվեարկեցին դաշնակցականները, 4 ժողովրդականները, մահմեդական և ռուս պատգամավորները. ձեռնպահ մնացին 5 սոց.-դեմ., 3 սոց.-հեղ., 2 ժողովրդական և 1 անկուսակցական՝ Պ. Զաքարյանը, որը հետագայում համարյա միշտ, ընթացավ սոց.-դեմոկրատների հետ միասին:

Այսպիսով, իր կյանքի առաջին իսկ օրից, Հայաստանի Խորհուրդը դուրս եկավ ներքին շաղախից զուրկ, ամուր մեծամասնություն չունեցող, հակամարտություններով և անակնկալներով հարուստ մի մարմին: Նրա այս հիվանդությունը բնածին էր և մինչև վերջ էլ կարելի չեղավ դարմանել: