ԱՌԱՋԱԲԱՆ
Յովհաննէս Քաջազնունու «Հայաստանի Հանրապետութիւն» յուշագիրը հրատարակւում է առաջին անգամ: Նրա ինքնագիր օրինակը պահպանւում է ՀՀ ՊՊԿԱ-ում (ֆոնդ 200, ցուցակ 1, գործ 498, թ. 20-58), գրուած է 39 էջի վրայ, թանաքով, գեղեցիկ ձեռագրով: Նոյն տեղում (թերթ 59 եւ հակ. – 65 եւ հակ. եւ 66) դրուած է նրա անգլերէն թարգմանութեան մէկ տպագիր օրինակը, որը իրականացրել է ամերիկեան սենատը: Անգլերէն տպագրութեան առաջին էջը բերւում է ներկայ հրատարակութեան տիտղոսաթերթում:
Ի՞նչ պայմաններում եւ ինչ նպատակով է կատարուել Քաջազնունու ուսումնասիրութիւնը եւ ինչպէ՞ս է հրապարակ եկել նրա անգլերէնը:
1918 թ. վերջին եւ 1919 թ. սկզբին Հայաստանի Հանրապետութիւնը գտնւում էր սոցիալ-տնտեսական խիստ ծանր դրութեան մէջ: Օսմանեան Թուրքիայի 1918 թ. արշաւանքի եւ դաժան օկուպացիայի պատճառով երկրի տնտեսութիւնը քայքայուել էր մեծապէս: Գիւղացիութիւնը ցանք չէր կատարել կամ գաղթել էր հնձից առաջ: Շուտով վրայ հասաւ անխուսափելի սովը, որի ուղեկիցներն էին տիֆը եւ խոլերան: Որոշ տուեալներով 6 ամսւայ ընթացքում սովը եւ համաճարակային հիւանդութիւնները տարան շուրջ 180 հազար մարդու կեանք:
Միայն արտակարգ միջոցները կը փրկէին ժողովրդին: Երկրի ներքին հնարաւորութիւնները չնչին էին: Միակ միջոցը դրսի օգնութիւն էր:
1919 թ. Յունուարի 27-ին Հայաստանի կառավարութիւնը, քննարկելով «մինիստր-նախագահի զեկուցումը եւ օրինագիծը Եւրոպա եւ Հիւսիսային Ամերիկայի Միացեալ նահանգներ մինիստր-նախագահի գլխաւորութեամբ պատուիրակութիւն ուղարկելու մասին» հարցը, որոշեց «օրինագծին հաւանութիւն տալ եւ ներկայացնել Հայաստանի խորհրդին ի հաստատութիւն, յայտնելով շտապողականութիւն»:
Փետրուարի 4-ին Հայաստանի խորհուրդը (խորհրդարան) ընդունեց հետեւեալ օրէնքը.
«1. Յանձնարարել մինիստր-նախագահին ուղեւորուել Եւրոպա եւ Ամերիկա: Դիմել Հայաստանի խորհրդի անունից Համաձայնութեան պետութիւնների եւ Հիւսիսային Ամերիկայի Միացեալ նահանգների կառավարութիւններին եւ խնդրել նրանց օգնութիւնը՝ ներմուծելու երկիր Հայաստանին պակասող պարէնը եւ առաջին անհրաժեշտութեան ուրիշ ապրանքները:
- Ուղեւորութեան ծախսերը ծածկելու համար բացել մինիստր-նախագահին 550000 ռուբլու վարկ»:
Փետրուար 13-ին լրացուցիչ օրէնքով մինիստր-նախագահ Յովհ. Քաջազնունուն իրաւունք տրուեց Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան անունից ստորագրել «ամէն տեսակ պայմաններ, պայմանագրեր, պարտատրութիւններ, վարկային գործողութիւններ ու գործարքներ եւ այլ ակտեր, որոնք առնչւում են Փետրուարի 4-ի օրէնքով նրա վրայ դրուած առաքելութեան կատարման հետ, այլ անձանց վերավստահելու իրաւունքով»:
Փետրուարի 17-ին Յովհ. Քաջազնունին մեկնեց Թիֆլիս՝ թոյլտուութիւն ստանալու արտասահմանեան ուղեւորութեան համար:
Վրաստանում անգլիական ներկայացուցչութեան միջոցով համապատասխան դիմում արուեց Անգլիայի կառավարութեանը, սակայն պատասխանը ձգձգուեց եւ Յովհ. Քաջազնունին առժամանակ վերադարձավ Երեւան:
Հայաստանի կառավարութիւնը խնդրին նորից անդրադարձաւ 1919 թ. Մայիսին: Մայիսի 7-ին քննարկուեց Փարիզում գործող Հայաստանի պետական պատուիրակութեան ղեկավար Աւետիս Ահարոնեանից ստացուած Ապրիլ 22-ի եւ 27-ի հեռագրերը, որոնք հավաւնօրէն վերաբերել են թոյլտուութեանը եւ կայացրեց որոշում. անհրաժեշտ համարել մինիստր-նախագահ Յովհ. Քաջազնունու ուղեւորումը Համաձայնութեան պետութիւնների երկրներ, վերապահելով նրան իր հետ երկու քարտուղար վերցնելու իրաւունքը: Քաջազնունուն պարտաւորեցուեց առաջիկայ նիստին ներկայացնել ուղեւորութեան ծախսերի նախահաշիւը եւ շտատները, իսկ նախարարներին՝ կազմել Հայաստանի համար անհրաժեշտ պարէնամթերքների ցուցակը՝ Փարիզ ուղարկելու համար: (Յիշեալ որոշման մէջ արձանագրուած է, որ Փարիզից Հայաստան է մեկնել «Անատոլ» նաւը, 100000 ֆրանկ արժողութեամբ ապրանքներով: Դա արտասահմանից ստացուած առաջին օգնութիւնն էր):
Երկու օր անց, Մայիս 9-ին, Հայաստանի կառավարութիւնը, արձակուրդում գտնուող Հայաստանի խորհրդի փոխարէն, օրէնք ընդունեց Եւրոպա եւ Ամերիկա մեկնելու համար Յովհ. Քաջազնունու առաքելութեանը 300000 ֆրանկ գումարով վարկ տրամադրելու մասին:
Յովհաննէս Քաջազնունին արտասահմանում մնաց բաւական երկար, չնայած մեկնել էր երեք ամսով: Փարիզից ուղարկուած 1920 թ. Օգոստոսի 30-ի նամակում յայտնում էր, թէ Տորոնտոյում նաւ է նստելու Սեպտեմբերի 19-ին եւ Երեւանում կը լինի Հոկտեմբերի առաջին շաբաթում:
Մեզ յայտնի չէ արտասահման մեկնելու ժամանակը, գիտենք, սակայն, որ Փարիզից ուղարկուած Քաջազնունու առաջին յայտնի նամակը գրուած է 1919 թ. Օգոստոսի 7-ին, իսկ Հոկտեմբերին նա արդէն գտնւում էր Ամերիկայում: Ֆրանսիայից Ամերիկա ճանապարհուելու վերաբերեալ տեղեկութիւններ է հաղորդում Փարիզում Հայաստանի կառավարութեան պատուիրակութեան ղեկավար Աւ. Ահարոնեանը վարչապետ եւ արտգործնախարար Ալ. Խատիսեանին ուղարկած 1919 թ. Հոկտեմբերի 28-ի նամակում: Ըստ նրա, այդ մեկնումը (Էնֆիաջեանի եւ Փիրալեանի հետ) տեղի է ունեցել Հոկտեմբերի 1-ին: Ընդ որում տնտեսական-ֆինանսական խնդիրներից զատ, գրել է Աւ. Ահարոնեանը, «պ. Քաջազնունին մեր պնդումի վրայ յանձն առաւ զբաղուել նոյնպէս քաղաքական խնդիրներով»: Այնուհետեւ նամակագիրը աւելացնում է, թէ մեր քաղաքական խնդիրը ղեկավարելու համար ուղարկւում է նաեւ զինուորական առաքելութիւն, գեներալ Բագրատունու գլխաւորութեամբ, «որոնք Ամերիկայում պիտի պարզեն մեր զինուորական կարիքների չափը եւ խնդրեն զինուորական անմիջական օգնութիւն» (այս առաքելութիւնը մեկնելու էր Նոյեմբերի 1-ին):
Հայաստան վերադառնալիս Յովհ. Քաջազնունին եկել է ֆրանսիա 1920 թ. Օգոստոսի 20-ին (այստեղից ուղարկած Օգոստոսի 22-ի նամակում յայտնում է՝ «Երկու օր է Պարիզ եմ»):
Եւրոպայում եւ Ամերիկայում գտնւելու տեւական ժամանակաշրջանում Յովհ. Քաջազնունին լայն գործունէութիւն ծաւալեց Հայաստանին պետութիւնների ու ընկերութիւնների կողմից տնտեսական օգնութիւն կազմակերպելու, ինչպէս նաև սփիւռքահայերի շրջանակների հետ կապեր հաստատելու՝ այդ ուղին եւս օժանդակութեան գործին ծառայեցնելու համար: Այդ մասին, հաշուետւութիւն, որ հաւանաբար պէտք է եղած լինէր, չի գտնուել: Որոշ գաղափար կարելի է կազմել այն նամակներից, որ նա ուղարկել է Հայաստանի կառավարութեան ղեկավար Ալ. Խատիսեանին, ապա Համազասպ Օհանջանեանին: Նամակներից մի քանիսը (ռուսերէն) տպագրուել է «Բանբեր Հայաստանի արխիւների» 1919 թ. թիւ 3-ում: Սփիւռքահայ եւ Հայաստանի մամուլում եւս կան նիւթեր Յովհ. Քաջազնունու եւրոպական ու ամերիկեան գործունէութեան վերաբերեալ: Աւելացնենք նաեւ այն մասին, որ Փարիզում գտնուած ժամանակ, 1919 թ. Օգոստոսի 7-ին, Յովհ. Քաջազնունին Հայաստանի կառավարութեան անունից պայմանագիր է ստորագրել «Չիկագոյի ինտերնացիոնալ միացեալ ընկերութեան» ներկայացուցիչների հետ, որով ընկերութիւնը պարտաւորուել էր մինչեւ 50 միլիոն դոլլար գումարի ապրանքներ մատակարարել Հայաստանի Հանրապետութեան կառավարութեանը:
Յովհ. Քաջազնունին համապատասխան դիմում է արել ամերիկեան կառավարութեանը Հայաստանին օգնելու նպատակով: Յայտնաբերել ենք արխիւային փոստաթուղթ (ռուսերէն) հետեւեալ խորագրով՝ «Սենատի արտաքին յարաբերութիւնների կոմիտէի հայկական գործերի գծով ենթակոմիտէի նիստը. Վաշինգտոն, Ամերիկա, 10 Հոկտեմբերի 1919»: Փաստաթղթի վրայ Յովհ. Քաջազնունու կողմից, դարձեալ ռուսերէն, կատարուած է նշում-մակագրութիւն՝ «Հոկտեմբերի 13-ի իմ նամակի յաւելուածը»: Այդ նամակ (письмо) կոչուածը, պէտք է ենթադրել, եղել է կամ տպագրուող «Հայաստանի Հանրապետութիւն» յուշագիրը կամ համաբովանդակ այլ վաւերագիր: Մենք հակուած ենք առաջին ենթադրութեան կողմը:
Ինչեւէ, կարեւորը տուեալ յուշագրի գոյութիւնն է, որը համառօտ գծերով ներկայացնում է Հայաստանի Հանրապետութեան ծնունդը, նրա գործունէութիւնը: Այն արժէքաւոր, հետաքրքիր սկզբնաղբիւր է այսօրուայ ընթերցողի համար՝ ճանաչելու Հայաստանի առաջին հանրապետութեան կեանքը: Պատմաճանաչողականից զատ, Յովհ. Քաջազնունին անցեալի փորձով օգնում է նաեւ Հայաստանի Հանրապետութեան ներկայ պետութեան կերտման գործին:
«Հայաստանի Հանրապետութիւնը» պատրաստուել է ամերիկեան պետութեանը ներկայացնելու յատուկ նպատակով: Այդ հանգամանքը, մեր կարծիքով, իր դրոշմն է դրել հեղինակի որոշ մօտեցումների վրայ: Բացի այդ, պէտք է նկատի ունենալ, որ Հայաստանի հետագայ իրադարձութիւնները բնականաբար հեղինակը չէր կարող կանխագուշակել եւ հաշուի առնել, ուստի առանձին եզրակացութիւններ հակասութեան մէջ են իրադարձութիւնների պատմական հետագայ ընթացքի հետ:
Յովհ. Քաջազնունու տպագրուող գրքոյկը ուշագրաւ է իր հանրագիտարանային բնոյթով եւ տեղեկութիւնների հաւաստիութեամբ: Նա նկարագրած իրադարձութիւնների ու դէպքերի ոչ միայն ականատեսն է, այլեւ զգալի մասի ակտիւ մասնակիցը, կազմակերպիչներից ու ղեկավարներից մէկը:
Գրքոյկի ընդհանուր վերնագիրը, ինչպէս տիտղոսաթերթը, դրւում է ըստ անգլերէն տարբերակի: Տպագրուող բնագիրը ստորագրութիւն չունի, իսկ անգլերենի վերջում գրուած է «Յովհ. Քաջազնունի» (Oh. Kadjaznouni):
Մենք կանգ առանք միայն Յ. Քաջազնունու առաքելութեան հանգամանքների եւ այդ համակարգում «Հայաստանի Հանրապետութեան» կերտման հարցերի վրայ, շրջանցելով բուն ամերիկեան օգնութեան կազմակերպումը սովամահութեան դատապարտուած հայ ժողովրդին: Այդ հանրայայտ օգնութիւնը ունեցաւ փրկարար նշանակութիւն, որի կազմակերպման գործում իր համեստ լուման ունի Հայաստանի Հանրապետութեան առաջին վարչապետ Յովհ. Քաջազնունին:
Յովհ. Քաջազնունու «Հայաստանի Հանրապետութիւն» յուշագիրը դուրս է գալիս այդ փրկարար օգնութեան կազմակեպման հարցերի շրջանակից: Յովհ. Քաջազնունին մեզ ներկայանում է որպէս Հայաստանի առաջին հանրապետութեան պատմութեան առաջին ուսումնասիրող, իսկ նրա «Հայաստանի Հանրապետութիւնը»՝ հայ պատմագրութեան անդրանիկ եւ յաջողուած փորձ:
10 Մայիս 1993 թ.
ՎԼԱԴԻՄԻՐ ՂԱԶԱԽԵՑԵԱՆ
ՀԱՄԱՌՕՏ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ ԱՐԴԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
I. ՏԵՐԻՏՈՐԻԱ
Հանրապետութիւնը, իր ներկայ սահմանների մէջ, կազմուած է Անդրկովկասի հետեւեալ մասերից (ըստ նախկին Ռուսական ադմինիստրատիւ բաժանմունքների):
ա) Երեւանեան նահանգ (ամբողջովին),
բ) Կարսի նահանգ (առանց Արդահան գաւառի հիւսիսային մասից),
գ) Թիֆլիսի նահանգի Ախալքալաք գաւառը (ամբողջովին) եւ Բորչալու գաւառի հարաւային մասը,
դ) Ելիսաւետոպոլ նահանգի Կազախ նահանգի հարաւային մասը, Ելիսաւետոպոլ գաւառի հարաւային մասը. Զանգեզուր գաւառը (ամբողջովին) եւ Ջիւանշիր, Շուշա ու Կարեագին (Ջիբրայիլ) գաւառների լեռնային (հայկական) մասերը, Հայկական Կարաբաղը:
Պետական սահմանները վերջնականապէս որոշուած ու ճշտուած չեն: Ծայրագաւառների մի մասը վէճի մէջ է հարեւան նորակազմ պետութիւնների հետ: Այսպէս՝ Վրաստանը վիճում է նախկին Թիֆլիսի նահանգի հողերի մասին, Ազրբէյջանը (Անդրկովկասեան Թաթարստանը) նախկին Ելիսաւետոպոլ նահանգի հողերի մասին:
Յիշուած սահմաններում Հանրապետութեան տերիտորիան պարունակում է իր մէջ 67.500 քառակուսի կիլոմետր հող:
II. ԵՐԿՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՒ ԿԼԻՄԱՆ
Հայաստանը ընդհանուր առմամբ՝ լեռնային աշխարհ է:
Պարունակում է իր կենտրոնում Արարատեան մեծ դաշտը 3.500 ոտնաչափ բարձրութեամբ, ապա՝ Ախալքալաքի, Ալեքսանդրոպոլի ու Կարսի լեռնադաշտերը 5.500-ից մինչև 6.500 ոտնաչափ բարձրութեամբ, ապա մի խիտ հանգոյց ձորերի և լեռների, որոնց բարձրութիւնը անցնում է մշտական ձիւների սահմաններից (Արարատ, Արագած եւ մի քանի պակաս նշանաւոր լեռներ ու լեռնաշղթաներ):
Հայաստանը ունի իր հիւսիսային սահմանում մի մեծ լիճ (Սեւան կամ Գէոկչայ), մի մեծ գետ (Արաքս), որ կտրում է Արարատեան դաշտը արեւմուտքից արեւելք, ապա բազմաթիւ գետակներ ու լեռնային վտակներ:
Հայաստանի կլիման կոնտինենտալ է, չոր, առատ արեւով, ամառը համեմատաբար տաք է, ձմեռը՝ ընդհանուր առմամբ՝ երկարաթև ու խիստ:
Կլիման շատ առողջ է:
III. ԱԶԳԱԲՆԱԿՈՒԹԻՒՆ
Ըստ ռուսական պաշտօնական ստատիստիկայի, այն երկիրը, որ ներկայումս կազմում է Հայաստանի Հանրապետութիւնը, 1917 թուականին ունէր՝ կլորացրած թուերով՝ 2.159.000 ազգաբնակութիւն:
Այդ թիւը, ըստ ազգութեան եւ կրօնի բաժանւում է այսպէս.
- Հայ 1.293.000 մարդ մօտաւոր. կամ 60% ամբողջ ազգաբն.
- Թաթար, թուրք, թուրքմէն, կարափափախ 588.000 27%
- Ռուս եւ յոյն 110.000 5%
- Քուրդ 82. 000 4%
- Եզիդ եւ ցիգան 73.000 3%
- Վրացի 13.000 1%
1917 թուականից յետոյ, պատերազմական հանգամանքների պատճառով, մահմեդական ազգաբնակութեան մի մասը դուրս է եկել Հանրապետութեան սահմաններից: Դրա փոխարէն՝ նոյն պատճառներով՝ Հանրապետութեան մէջ ապաստան են գտել մօտ 300.000 տաճկահայ գաղթականներ եւ փախստականներ:
Վերջի երկու տարուայ ընթացքում կատարուած ներգաղթի եւ արտագաղթի, ինչպէս նաեւ ծնուածների եւ մեռածների մասին ճիշտ ստատիստիկ չկայ:
Հարեւան նորակազմ պետութիւնների (Վրաստանի եւ Անդրկովկասեան Ազրբէյջանի) սահմանների մէջ մնում են՝ ըստ նոյն 1917 թ. ռուսական ստատիստիկայի՝ 494.000 հայ: Հիւսիսային Կովկասում, Սեւ ծովի արեւելեան ափերում եւ հարաւային Ռուսաստանում կայ մօտ 200.000 հայութիւն: Ապա նոյն Հիւսիսային Կովկասում ժամանակաւորապէս տեղաւորւած են մօտ 70 հազար փախստական տաճկահայեր: Պարսկահայաստանում կայ մօտ 140.000 հայ:
Այս օտար երկրներում գտնուող հայութեան խոշոր մասը սպասում է առաջին հնարաւորութեան Հայաստան տեղափոխուելու համար:
IV. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄ
Հայաստանի Հանրապետութիւնը չունի դեռեւս գրուած սահմանադրութիւն: Այդ մեծ աշխատանքը թողուած է ապագայ սահմանադրական ժողովին, որ կը հաւաքուի, երբ ամբողջանայ Հայաստանի պետութիւնը, որի մի մասը միայն կազմում է ներկայ Հանրապետութիւնը:
Մինչ այդ՝ Հանրապետութեան մէջ հաստատուած է եւ գործում է ռամկաւար-հանրապետական կարգ (րեժիմ):
Հանրապետութիւնն ունի օրէնսդրական մարմին՝ պարլամենտ եւ գործադիր մարմին՝ կառավարութիւն:
Հանրապետութիւնը նախագահ չունի: Նախագահի իշխանութիւնը բաժանուած է պարլամենտի եւ կառավարութեան մէջ:
Պարլամենտը մի պալատանի է: Ընտրուած է մի ամբողջ ազգաբնակութեան կողմից: Ընտրելու (ձայն տալու), ինչպէս նաեւ ընտրուելու իրաւունքը ընդհանուր է ու հաւասար. Հայաստանի ամէն մի չափահաս քաղաքացի մասնակցում է ընտրություններին հաւասար իրաւունքվ, առանց սեռի, ազգութեան եւ կրօնի խտրութեան: Ձայնարկութեան ձեւը ուղղակի է եւ գաղտնի: Ընտրութիւնները՝ համաձայն պրոպորսիոնել սիստեմի:
Պարլամենտի ներկայ կազմը ընտրուած է սոյն թուականի Յունիս ամսին. նստաշրջանը սկսած է Օգոստոսից: Ունի 80 անդամ: Այդ կազմը լրացուելու է աստիճանաբար, Հանրապետութեան սահմանների լայնացման հետ միասին, համաձայն նոր կցուելիք մասերի ազգաբնակութեան:
Կառավարութիւնը կազմուած է 8 մինիստրութիւններից. արտաքին գործերի, ներքին գործերի (սրա մէջ է մտնում նաեւ բժշկա-սանիտարիա, հաղորդակցութեան ճանապարհներ, փոստ եւ հեռագիր), զինուորական, ֆինանսական (սրա մէջ մտնում է առեւտուր եւ արդիւնաբերութիւն), արդարադատութեան, հանրային կրթութեան, պարէնաւորման եւ խնամատարական (վերջին երկուսը ունեն ժամանակաւոր բնոյթ):
Կառավարութեան գլուխ կանգնած է առաջին մինիստրը, որ է եւ նախագահ մինիստրների խորհրդի:
Առաջին մինիստրը ընտրւում է պարլամենտի կողմից: Մինիստրական կաբինետը կազմում է (մինիստրներին պաշտօնի է հրաւիրում) առաջին մինիստրը:
Առաջին մինիստրը ներկայացնում է պարլամենտին մինիստրների կազմը եւ կառավարութեան յայտարարութիւնը (դեկլարացիան) իր վարելիք քաղաքականութեան մասին: Պարլամենտի հաւանութիւնը այդ յայտարարութեան ընդունւում է իբրեւ վաւերացում կաբինետի:
Կառավարութիւնը պատասխանատու է պարլամենտի առաջ: Եթէ կառավարութեան որեւէ գործունէութեան առթիւ պարլամենտի մեծամասնութիւնը յայտնում է իր անվստահութիւնը՝ մինիստրական կազմը ներկայացնելու է իր հրաժարականը եւ փոխարինուելու է նոր կազմով:
Մինիստրութեան խորհրդի ներկայ նախագահ՝ առաջին մինիստր դոք. Ա. Խատիսեանը երկար տարիներ եղել է քաղաքագլուխ Անդրկովկասի մայրաքաղաք Թիֆլիսում: Նախընթաց կաբինետի մէջ նա վարում էր ներքին, ապա արտաքին գործերի մինիստրութիւնները, լինելով միաժամանակ փոխանորդ նախկին պրեմիեր Քաջազնունուն:
Միւս մինիստրները Անդրկովկասում հանրածանօթ հասարակական եւ քաղաքական գործիչներ են, համալսարանական կրթութեամբ:
Պետական լեզուն հայերէնն է: Հայերէն չգիտեցող քաղաքացիները իրաւունք ունեն կառավարութեան հետ յարաբերել իրանց մայրենի կամ ռուսերէն լեզուով:
Բոլոր կրօնները ունեն Հանրապետութեան մէջ կատարեալ ազատութիւն եւ հաւասար իրաւունքներ:
V. ՕՐԷՆՔՆԵՐ
Հանրապետութեան մէջ ժամանակաւորապէս գործադրւում է ռուսական օրէնսդրութիւնը, բացի այն մասերից եւ յօդուածներից, որոնք հակասում են ռամկավարական-հանրապետական կարգերի ոգոյն:
Ռուսական օրէնսդրութեան վրայ աւելացած են այն անջատ օրէնքները, որ մշակել է ինքը Հայաստանի պարլամենտը իր 14 ամսուայ գոյութեան ընթացքում:
VI. ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ
Հայաստանի ազգաբնակութեան ամենամեծ մասը (մինչեւ 85 %) հողագործ գիւղացի է: Մեծ քաղաքներ, ինչպէս նաեւ խոշոր գործարանային արդիւնաբերութիւն (փոքր բացառութիւններով) Հայաստանի սահմանների մէջ չկայ: Հայ մեծ վաճառականները եւ արդիւնաբերողները կենտրոնացած են Հայաստանից դուրս՝ Թիֆլիս, Բագու, Րոստով, Մոսկուայ, Պետրոգրադ եւ այլն:
Դրա փոխարեն Հայաստան շատ է զարգացած գիւղատնտեսութեան բոլոր ճիւղերը (հողագործութիւն, այգեպանութիւն, անասնապահութիւն, կաթնեգործութիւն եւ այլն), ինչպէս նաեւ մանր արդիւնաբերութիւն:
a) Գիւղատնտեսութիւն. Հայաստանի կլիմայի բազմազանութիւնը (սկսած Արարատեան դաշտից, ուր մշակւում է բամբակ ու բրինձ, մինչեւ ձիւնապատ լեռները իրանց հարուստ արօտներով) հնարաւորութիւն է տալիս ամէն տեսակի մշակոյթների:
Գիւղատնտեսութեան վիճակը խոշոր գծերով բնորոշելու համար կարող են ծառայել հետեւեալ թուերը (քաղուած ռուսական պաշտօնական հետազօտութիւններից), որ ցոյց են տալիս, թէ ինչ կատեգորիաների են բաժանում Հայաստանի հողերը:
Գիւղերի եւ շինութիւնների տակ 32.500 հեկտար
Այգիներ (խաղողի, պտուղների, թութի) 34.600 —
Արտեր 1.363.000 —
Խոտհարքներ 214.700 —
Արօտատեղեր (ամառային եւ ձմեռային) 2.228.500 —
Անտառներ 113.900 —
3.987.200
Ուրեմն Հայաստանի տերիտորիայի 67.000 քառակուսի կիլոմետր տարածութիւնից մշակւում եւ օգտագործվում է մօտ 40.000 քառ. կիլոմետր կամ 59%, մնացած 27.000 քառ. կիլոմետրը (41%) կազմում են լճեր, գետեր, ձիւնապատ լեռներ, ապառաժներ եւ անապատ հողեր: Վերջիններիս մեծ մասը կարող են մշակուել, եթէ ոռոգուեն, որի համար ամէն հնարաւորութիւնները կայ, բայց որի համար ամէն հնարաւորութիւնները կայ, բայց որի համար նախկին Ռուսական կառավարութիւնը արգելքներ էր դնում որոշ քաղաքական նպատակներով:
1914 թուականին (վերջի նորմալ տարին պատերազմից առաջ) Հայաստանի 1. 363.000 հեկտար արտերից1 ցանուած էր 734.000 հեկտար, ցանած սերմի ընդհանուր քանակը (ցորեն եւ գարի, գարնացան եւ աշնացան) էր մօտ 150.000 տոնն:
Բացի ցորենից եւ գարիից Հայաստանի գիւղատնտեսութեան համար կարեւոր նշանակութիւն ունի բրինձի, բամբակի եւ հաղողի մշակոյթը:
Բրինձի բերքը՝ պատերազմից առաջ, եղել է Հայաստանում տարեկան միջին թուով 10.600 տոնն:
Բամբակի բերքը՝ նոյն տարիներում՝ 8.100 տոնն (մաքուր բամբակ):
Հաղողի բերքը՝ 69.000 տոնն:
Հաղողից պատրաստւում է բարձր տեսակի գինի եւ ալկոոլ:
Գինու քանակը տարեկան՝ միջին թուով՝ է 315.000 հեկտոլիտր:
Ալկոոլի քանակը՝ 1.880.000 հեկտոլիտր-աստիճան:
b) Անասնապահութիւն. Հողագործութիւնից ոչ պակաս նշանակութիւն Հայաստանի տնտեսութեան համար ունի անասնապահութիւնը: Պատերազմի նախօրեակին կար Հայաստանում անասուններ հետեւեալ թուով. Ձի – 106.700, էշ եւ ջորի – 42.800, խոշոր եղջիւրաւոր – 1.243.100, ոչխար – 1.859.000:
Վերոյիշեալ թուերը բնորոշում են Հայաստանի գիւղատնտեսութեան դրութիւնը պատերազմից առաջ, նրա նորմալ վիճակը: Պատերազմի ընթացքում երկիրը կիսով չափ աւերուել է, տնտեսութիւնը քայքայուել, շատ գիւղեր քանդուած ու բնաջինջ են արուած, այգիները ոչնչացուած, արտերը մնացած են առանց ցանքի, անասունները մեծ թուով քշուած են Թուրքիա, կոտ[ո]րուած են սովից, սպանուած են հացազուրկ ազգաբնակութիւնը կերակրելու համար:
c) Հանքային արդիւնաբերութիւն. Հայաստանի լեռները շատ հարուստ են ամէն տեսակ հանքերով: Բայց նրանք մնում են առանց շահագործման, սպասելով կապիտալի եւ նախաձեռնութեան ներմուծութեանը երկիր: Մինչեւ հիմա երկրի տնտեսութեան համար նշանակութիւն են ունեցել միայն պղինձի հանքերը, որոնցից ստացւում է տարեկան՝ միջին թուով՝ մօտ 6.500 տոնն կարմիր (մաքուր) պղինձ: Ապա կարեւոր են քարաղի հանքերը, որոնց պահեստը անսպառ է Կուլպի եւ Կաղզուանի լեռներում, բայց որոնց շահագործումը՝ հաղորդակցութեան դժուարութիւնների պատճառով մինչեւ հիմա սահմանափակուած է եղել տարեկան 18-20.000 տոննով:
Կան հարուստ հանքեր pyrite de fer-ի(iron pyrite), որոնց շահագործումը սկսուեց միայն պատերազմի ընթացքում եւ դադարեց պատերազմական հանգամանքների պատճառով: Յամենայն դէպս 1917 թուականին ստացուած է մօտ 57.000 տոնն pyrite-ի հանք:
Միւս հանքային հարստութիւնները (յայտնի են մինչեւ 450 հանքատեղ) մնում են տակաւին անձեռնմխելի:
d) Ջրի ոյժ. Հայաստանը (մանաւանդ նրա կենտրոնական մասը) աղքատ է անտառներով, թէ շինութեան եւ թէ վառելիքի համար: Կան քարածուխի հարուստ հանքեր Օլթիի շրջանում, բայց մնում են առանց շահագործման: Քարիւղ Հանրապետութեան ներկայ սահմաններում գտնուած չէ: Ուստի Հայաստան շատ նեղուած է վառելիքի կողմից: Դրա փոխարէն արդիւնագործութեան համար ունի՝ ահագին քանակութեամբ հոսող ջրի ոյժ: Մինչեւ հիմա հետազօտուած գետերի եւ լեռնային գետակների հոսանքները ընդունակ են տալու մինչեւ 9.000.000 ձիու հում ոյժ, մի քանակութիւն, որ շատ աւել է, քան կարող է սպառել երկիրը: Կան ամէն յարմարութիւններ լծելու այդ հոսող ոյժը երկրի համ[ար]եա բոլոր մասերում:
e) Ճանապարհներ. Հաղորդակցութեան ճանապարհներով ու միջոցներով հարուստ չէ Հայաստանը:
Երկաթուղային գիծը ունի ընդամէնը 564 կիլոմետր երկարութիւն: Հաղորդակցութիւնը երկաթուղիով անբաւարար է մի կողմից շոքեկառքերի ու վագոնների քչութեան պատճառով, միւս կողմից՝ այնդժուարութիւններով, որ շարունակ յարուցանում է հարեւան Ազրբէյջանը Բագուայ քարիւղը Հայաստան արտահանելու համար:
Խճուղային ճանապարհների ցանցի ընդհանուր երկարութիւնն է 1.463 կիլոմետր: Այս ճանապարհներով հաղորդակցութիւնը անբաւարար է շնորհիւ լծկան անասունների եւ աւտոմոբիլների պակասութեան:
VII ԶՈՐՔ
Հայաստանի բանակը կազմուած է ռուսական սիստեմով եւ կառավարւում է ռուսական զինուորական կարգերով:
Հրամանատարական (օֆիցերական) կազմը ստացել է իր կրթութիւնը ռուսական դպրոցներում, զինուորների մեծ մասը ծառայում եւ վարժուած է ռուսական բանակի մէջ:
Բոլշեւիստական շարժումներից հայկական զօրքերը՝ ինչպէս առհասարակ Հայաստանի ազգաբնակութիւնը մնաց միանգամայն ազատ: Կարգապահութիւնը բանակի մէջ միանգամայն բաւարար է, գիտակցութիւնը եւ պարտաճանաչութիւնը՝ շատ բարձր:
Բանակը կազմուած է բոլոր տեսակի զէնքերից: Զօրքի ընդհանուր թիւը Յուլիսի վերջերին հասնում էր 18.000 մարդու: Երկիրը կարիք ունի եւ ընդունակ է կազմելու բանակը կրկնակի թուով, բայց ամէն տեսակ նիւթական պակասութիւնները (զէնքի, հագուստեղէնի, պարէնի եւ այլն) զրկում են այդ հնարաւորութիւնը իրագործելուց: Նոյն իսկ եղած զօրքերի նիւթական կացութիւնը վերին աստիճանի անբաւարար է եւ տանելի է միայն հայի պէս չարքաշ, սակաւապէտ մարդու համար:
Մուսուլմանների համար՝ քաղաքական պատճառներով՝ զինուորական ծառայութիւնը պարտադիր չէ, ինչպէս պարտադիր չէր նաեւ նախկին ռուսական ռեժիմի ժամանակ: Փաստօրէն մուսուլմաններ չկան հայկական բանակի մէջ:
Բանակի ընդհանուր հրամանատարն է գեներալ-լէյտենանտ Նազարբէգեանը, որ անցեալում ռուսական բանակի ամենափայլուն օֆիցերներից մէկն է, հանրածանօթ իր ռազմական քաջագործութիւններով թէ ռուս-ճապոնական պատերազմի եւ թէ ներկայ պատերազմի ընթացքում (Կովկասեան ճակատում):
Զինուորական մինիստրի պաշտոնը վարում է գեներալ-մայոր Արարատեանը, նոյնպէս նախկին ռուսական բանակի հմուտ ու փորձուած օֆիցերներից մէկը, շատ սիրուած զօրքի կաղոմից:
Գլխաւոր շտաբը, ինչպէս եւ առանձին մասերի հրամանատարութիւնը, կազմուած է զինուորական լրիւ կրթութիւն ստացած կարգապահ օֆիցերներից, որոնց մեծ մասը ունի ռուսական բարձր աստիճանի զինուորական շքանշաններ:
VII. ՖԻՆԱՆՍՆԵՐ
Հանրապետութեան եկամուտի աղբիւրներն են. ուղղակի եւ անուղղակի հարկեր, պետութեան պատկանող գոյքերի եւ ձեռնարկութիւնների հասոյթներ, պետական մոնոպոլիաներ:
Ծանօթ. Եկամուտային տուրքը, ազգաբնակութեան տնտեսական ծանր վիճակի պատճառով, վերցւում է նորմայից պակաս չափերով, մանաւանդ գիւղատնտեսութեան վերաբերող արդիւնաբերութիւններից: Մաքս ներմուծող ապրանքներից առժամանակ չի վերցւում բոլորովին, որովհետեւ երկիրը մեծ կարիք ունի այդ ապրանքների: Բացառութիւն արւում է միայն այն ապրանքների համար, որոնք երկրի ներսը ենթակայ են ներքին ակցիզի (օրինակ՝ ալկոհոլ, ծխախոտ):
[1914 թուականին Վրաստանի, Ազրբէյջանի եւ Հայաստանի մաքսային տուրքը եղել է 4.589.000 ռուսական ռուբլի (2.354.000 դոլլար): Դրա ¼, ուրեմն մօտ 600.000 դոլլար պէտք է հաշուել Հայաստանի վրայ]:
Ծախսերը բաժանւում են երկու կատեգորիայի. սովորական եւ բացառիկ (արտակարգ):
Սովորական ծախսերն են. վաձատրութիւն պետական պաշտօնեանների, ծախքեր պետական հիմնարկութիւնները պահելու ու պետական ձեռնարկութիւնները շահագործելու համար, բանակի ծախք՝ այն չափով, ինչ չափով պահանջւում է բանակը խաղաղ ժամանակի համար:
Արտակարգ (բացառիկ) ծախքերն են. բանակի ծախքեր այն չափով, ինչ չափով նա ուժեղացրած է երկրի պատերազմական դրութեան պատճառով, պարէնաւորման ու խնամատարութեան ծախքեր պատերազմի հետեւանքով առաջ եկած բազմաթիւ կարօտեալներուն օգնելու եւ աւերուած տնտեսութիւնը վերականգնելու համար, այն է. սնունդ որբերին, անխնամ երեխաներին եւ գործի անընդունակ հասակաւորներին, ապաստարան տնազուրկ գաղթականներին, ծախքեր այդ գաղթականներին իրենց տեղերը վերադարձնելու համար, ծախքեր աւերուած գիւղերը վերաշինելու համար, ցանքսի սերմ ու գիւղատնտեսական գործիքներ թալանուած գիւղացիներին եւ այլն:
Սոյն թուականի Յունուարի 1-ից մինչեւ Յուլիսի մէկը Հանրապետութեան եկամուտը եւ ծախքերը եղել են՝ հաշուելով միջին ամսականը (հինգ ամսւայ միջին թուաբանականը) եւ ընդունելով Անդրկովկասեան Բոների 8 րուբլին հաւասար մէկ ֆրանկի.
Մուտք 1.950.000 ֆրանկ
Ծախս սովորական 1.925.000 —
Ծախս արտակարգ (բացառիկ) 4.650.000 —
Սովորական ծախսերը ծածկւում են լիովին պետական հասոյթներով: Բացառիկ ծախսերը ծածկելու համար դուրս են թողւում թղթադրամներ (Անդրկովկասեան Բոննաներ, որ երեք նորակազմ հանրապետութիւնները՝ Հայաստան, Ազրբէյջան եւ Վրաստան տպում են փոխադարձ համաձայնութեամբ եւ ընդհանուր ընդհանուր պատասխանատւութեամբ): Թղթադրամի այդ առատութիւնը շատ վատ է ազդում նրանց կուրսի վրայ, բայց քանի որ արտակարգ ծախսերը ծածակելու համար ուրիշ աղբիւր չի գտնուած, Հայաստանը, ինչպէս եւ նրա հարեւան հանրապետութիւնները, ստիպուած են դիմել այդ միջոցին:
Պետական տուրքերը Հայաստանում վճարւում են կանանաւոր կերպով, առանց որ եւ է տհաճութեան եւ խիստ միջոցների գործադրութեան: Մինչեւ Յունիսի մէկը տուրքերի ()% արդէն վճարուած են եղել:
Պետական տուրքերը սահմանում է պարլամենտը:
Պետական ծախքերը կատարւում են համաձայն նախահաշիւների, որ կազմում է կառավարութիւնը եւ հաստատում է պարլամենտը: Առանց այդ չի արւում ոչ մի ծախս:
Կառավարութեան գործունէութեան, մասնաւորապէս՝ նրա արած ծախսերի օրինականութեան վրայ հսկում է մի առանձին մարմին՝ պետական կոնտրոլ: Այդ հաստատութիւնը միանգամայն անկախ է կառավարութիւնից եւ ենթակայ է պետական գլխաւոր կոնտրոլեորին, որ ընտրւում է անմիջապէս պարլամենտի կողմից, պատասխանատու ու հաշուետու է նրա առաջ: Բոլոր հասոյթները մտնում են պետական գանձարան եւ բոլոր ծախսերը արւում են նոյն գանձարանի միջոցով:
IX. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԾԱԳՈՒՄԸ
Տերիտորիան, որի վրայ հաստատուեց Հանրապետութիւնը, կազմում էր անցեալում Ռուսական կայսրութեան ծայրագաւառներից մէկը:
Մինչեւ 1917 թուականի գարունը կառավարւում էր այնպէս, ինչպէս եւ Ռուսաստանի միւս մասերը՝ ընդհանուր պետական օրէնքներով եւ կենտրոնական կառավարութիւնից նշանակուած պաշտօնեաներով:
1917 թուականի գարնան, երբ պայթեց ռուսական յեղափոխութիւնը, երբ՝ մի կողմից՝ թուլացաւ կենտրոնական կառավարութեան ոյժը ու դժւարացաւ հաղորդակցութիւնը նրա հետ, իսկ միւս կողմից՝ արտայայտուելու հնարաւորութիւն առան ազգութիւնների ու ծայրագաւառների կենտրոնախոյս ձգտումները, Անդրկովկասում (որի մի մասը կազմում է ներկայ Հայաստանը) հաստատուեց մի տեսակ տեղական ինքնավարութիւն: Այդ ինքնավարութեան գլուխը կանգնաւ մի յատուկ վարչական մարմին, «Անդրկովկասեան կոմիսարիատ» անունով:2 Կոմիսարիատը ստացաւ իր լիազօրութիւնները Կերենսկու ժամանակաւոր կառավարութիւնից, որ իշխում էր այն ժամանակ Պետրոգրադ, եւ նկատուեց իբրեւ տեղական օրգան ռուսական կենտրոնական կառավարութեան:
Այդ դրութիւնը տեւեց մինչեւ նոյն 1917 թուականի նոյեմբեր ամսի վերջերը, երբ Ռուսաստանում, շնորհիւ մի նոր յեղափոխութեան, հաստատւեց բոլշեւիկեան բանուորական եւ գիւղացիական խորհուրդների կառավարութիւն: Անդրկովկասը չընդունեց բելշեւիկեան իշխանութիւնը եւ կոմիսարիատը Նոյեմբերի 28ին յայտարարեց, որ վերցնում է իր վրայ ամբողջ Անդրկովկասի գերագոյն իշխանութիւնը:
1918 թ. փետրուարին գումարուեց Թիֆլիս քաղաքում Անդրկովկասեան Սէյմը (օրէնսդրական ժողով, պարլամենտ), որը ընդունեց կոմիսարիատի հրաժարականը եւ նրա փոխարէն հաստատեց ժամանակաւոր կառավարութիւն, զանազան մինիստրութիւններից կազմուած:
Այսպիսով Անդրկովկասը փաստօրէն անջատուեց Ռուսաստանից, բայց համապատասխան յայտարարութիւն չարեց եւ շարունակում էր համարել իրան կայսրութեան մի մաս:
Բայց արտաքին ու ներքին քաղաքական պայմանները այնպէս դասաւորուեցին, որ անհրաժեշտ եղաւ փաստացի դրութեանը իրաւական ձեւակերպութիւն տալ եւ Ապրիլի 22-ին Սէյմը յայտարարեց, որ Անդրկովկասը անջատւում է Ռուսաստանից եւ կազմում է անկախ պետութիւն՝ Անդրկովկասեան Դաշնակցական Ռամկավար Հանրապետութիւն անուան տակ (Ֆեդերատիւ դեմոկրատ րեպիւբլիք):
Այդ ֆեդերացիայի մէջ մտան Անդրկովկասի երեք գլխաւոր ժողովուրդները (հայերը, վրացիները եւ Ազրբէյջանի թաթարները) իրանց տերիտորիաներով: Սէյմը եւ կառավարութիւնը կազմուեցին այդ երեք ազգութիւնների քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչներից, համարեա հաւասար թուով:
Անկախ Անդրկովկասեան Ֆեդերատիւ Հանրապետութիւնը հազիւ հինգ շաբաթուայ գոյութիւն ունեցաւ: Նրա անկայունութեան պատճառը այն էր, որ Ֆեդերացիա կազմող երեք ազգութիւնների քաղաքական տենդենցիաները միանգամայն տարբեր էին, միմեանց հակասող ու բացասող:
Անհամաձայնութեան գլխաւոր կէտը այն էր, թէ ինչ դիրք պիտի բռնէր Անդրկովկասը դեռեւս տեւող պատերազմի հանդէպ:
Արդէն պատերազմի սկզբից ազրբէյջանական թաթարների ամբողջ համակրութիւնը իրենց ցեղակից եւ կրօնակից Թիւրքիայի կողմն էր: Երբ՝ 1917 թուականի վերջերին՝ ռուսական զօրքերը լքեցին Կովկասեան ճակատը եւ տաճկական բանակը սկսեց իր յաղթական արշաւանքը դէպի հիւսիս, թաթարները՝ համարեա առանց քողարկուելու՝ անցան Թիւրքիաի կողմը: Նրանք ոչ միայն չէին ուզում շարունակել պատերազմը Թիւրքիայի դէմ, այլ անում էին իրանց ձեռքից եկածը, որպէսզի Թիւրքիան օր առաջ տիրապետի Անդրկովկասին: Վրացիները վաղուց բանակցութեան մէջ էին Գերմանիայի հետ: Նրանք որոնում էին Գերմանիայի հովանաւորութիւնը եւ ամէն րոպէ պատրաստ էին դուրս գալու պատերազմից, պայմանով որ ճանաչուի Վրաստանի անկախութիւնը եւ ապահովուի նրա արտաքին ու ներքին դրութիւնը:
Հայերը, որ ոչ մի վստահութիւն չունէին Գերմանիայի վրայ, իսկ Թիւրքիայից կարող էին սպասել միմիայն աւերումն եւ կոտորած, մնում էին հաւատարիմ դաշնակից պետութիւններին, ուզում էին շարունակել պատերազմը Թիւրքիայի դէմ, պաշտպանել իրանց երկիրը մինչեւ վերջը, ինչ գնով էլ լինի:
Այս ներքին հակասութիւնները, աւելի եւ աւելի շեշտուելով օր օրի վրայ անհնարին արին հայերի, վրացիների եւ թաթարների համագործակցութիւնը մէկ պետական շրջանակի մէջ:
Մայիս 26-ին (1918 թ.) Սէյմը յայտարարեց Անդրկովկասեան Ֆեդերատիւ Հանրապետութիւնը չգոյ եւ վար դրեց իր լիազօրութիւնները:
Նոյն օրը Վրաստանը յայատարարեց իր անկախութիւնը:
Երկու օր անցած, Մայիս 28-ին, նոյնը արին Ազրբէյջանը եւ Հայաստանը:
Այդ օրուանից սկսւում է Հայաստանի Հանրապետութեան գոյութիւնը:
X. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԿԵԱՆՔԸ 16 ԱՄՍՈՒԱՅ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Ծայրայեղ դժուարին պայմանների մէջ ծնուեց, ապրեց եւ շարունակում է ապրել մինչեւ այսօր Հայաստանի Հանրապետութիւնը:
Երկարատեւ պատերազմը քանդել ու աւերել էր երկիրը: Չորս տարի շարունակ Հայաստանի մեծ մասը պատերազմական բեմի էր վերածուած, ենթակայ այն բոլոր չարիքներին, որ անխուսափելիօրէն կապուած են այդպիսի դրութեան հետ, մանաւանդ երբ պատերազմող կողմերից մէկը Թիւրքիան է:
Այդ տարիների ընթացքին շինարար, արդիւնաբերող աշխատանքը համարեա բոլորովին դադարած էր Հայաստանի մէջ: Անկախ միւս անբարեյաջող պայմաններից, բաւական է մատնացոյց անել աշխատաւոր ձեռքերի կատարեալ բացակայութիւնը: Ամբողջ երիտասարդութիւնը չորս տարի անընդհատ կռիւների մէջ էր, իսկ տեղերում մնացած հասակաւորները շատ բան չէին կարող անել, որովհետեւ իրանք եւս շարունակ պատերազմական վիճակի մէջ էին:
Երկրի դրութիւնը հասկանալու համար պէտք է նկատի առնել հետեւեալ երկու հանգամանքը.
Առաջին. Ռուսահայերը ոչ միայն տուին զինուորներ ռուսական բանակին ըստ օրէնքի պահանջման (մօտ 160.000 մարդ), այլ աւելացրին դրա վրայ պատերազմի սկզբից կամաւորական խմբեր, ապա՝ յատուկ հայկական գնդեր, իսկ պատերազմի վերջին (սկսած 1917 թ. Նոյեմբերից) փաստօրէն միակ կռուեցին Թիւրքիայի դէմ, այսպիսով ամբողջ հայ երիտասարդութիւնը չորս տարի շարունակ անդադար կռիվների մէջ էր:
Երկրորդ. Անդրկովկասում պատերազմը իրականապէս մղւում էր ոչ միայն ճակատի վրայ, Թիւրքիայի դէմ, այլեւ թիկունքում, երկրի ներսը, տեղական թաթարների դէմ: Անդրկովկասեան թաթարները, ըստ ռուսական օրէնքների, ենթակայ չէին զինւորակոչութեան, ուստի թաթարական ռազմիկ ոյժերը, լաւ զինուած, մնացին ամբողջովին իրենց տեղերում, հայերի կողքին կամ հայերի հետ խառն, մինչդեռ հայ երիտասարդութիւնը մեկնել էր պատերազմի ճակատները: Ճակատում գործողութիւնները դժարացնելու համար, թաթարները՝ կազմակերպուծ Թիւրքիայի գաղտնի էմիսարներով՝ պահում էին թիկունքը մշտական երկիւղի եւ շփոթի մէջ, յարձակւում էին հայ գիւղերի վրայ. կոտորում ժողովուրդը, թալանում գոյքերը: Ու տեղերում մնացած հայերը, փոխանակ շինարար աշխատանքի, հարկադրուած էին պաշտպանուել այդ յարձակումներից, մի տեսակ մանր-պարտիզանական կռիւ վարել իրանց հարեւան թաթարների դէմ:
Այսպիսով՝ մինչդեռ ռուսական բանակը հայկական կամաւորականների ու գնդերի հետ միասին նուաճում էր թիւրքական Էրզրումի, Վանի ու Բիթլիսի վիլայէթները, Անդրկովկասեան Հայաստանը քանդւում ու աւերւում էր թիկունքում:
1917 թուականի Նոյեմբերին ռուսական զօրքերը, բռնկուած բոլշեւիզմով, լքեցին Կովկասեան ճակատը եւ խուճապով սկսեցին վերադարձը դէպի Ռուսաստան: Թաթարները արդէն առանց քողարկուելու անցան Թիւրքիայի կողմը: Վրացիները սեպարատ բանակցութիւնների մէջ մտան Գերմանիայի հետ եւ չէզոք դիրք բռնեցին պատերազմի հանդէպ: Հայերը փաստօրէն մնացին մենակ Թիւրքայի դէմ:
1917 թուականի Նոյեմբերից մինչեւ 1918 թուականի Մայիսի վերջերը, վեց ամիս շարունակ, հայկական զօրքերը, շտապ կերպով լրացուած եւ վերակազմման ընդհանուր խուճապի եւ անարխիաի մէջ, կռուեցին տաճկական բանակի դէմ, միաժամանակ կռուելով նաեւ թիկունքում թաթարների հետ: Տեղի տալով գերազանց ոյժերին, նրանք քայլ առ քայլ, միշտ կռուելով, սկսեցին իրենց նահանջը Երզնկայից ու Մամախաթունից, Էրզրումի վրայով, դէպի նախկին ռուս-տաճկական սահմանը: Զօրքերի հետ միասին, թիւրքական կոտորածից ազատուելու համար, շարժուեց դէպի հիւսիս եւ բոլոր հայ ազգաբնակութիւնը:
Թիւրքական յաղթական բանակը, ուժեղացած Սիւրիական ճակատից երկու դիվիզիոններով, չկանգնեց նախկին սահմանագծի վրայ եւ ներս խուժեց Անդրկովկաս, հայ զօրքերը, յամառօրէն կռուելով, քաշուեցան Կարս եւ ամրապնդուեցան այստեղ, երբ հրաման ստացան Անդրկովկասեան կառավարութիւնից (որի մէջ գերիշխող դերը իրանց ձեռն էին առել վրացիները) յանձնել Կարսը թիւրքերին եւ համաձայն Բրեստ-Լիտովսկում բոլշեւիկեան Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ ստորագրած խաղաղութեան պայմանագրի՝ գալ կանգնել Ալեքսանդրոպոլ:
Զօրքերի հետ միասին եկան լցուեցին Ալեքսանդրոպոլ թիւրքահայ փախստականները եւ Կարս նահանգի ամբողջ հայ ազգաբնակութիւնը:
Թիւրքիան, խախտելով Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը, չկանգնեց իրան սահմանուած գծի վրայ, այլ՝ Ալեքսանդրոպոլի վրայով ներս խուժեց՝ մի կողմից արեւելք, դէպի Արարատեան դաշտը, միւս կողմից՝ դէպի հիւսիս-արեւելք3, Փամբակ եւ Լոռի: Հայ զօրքերը, աւելի ճիշտը՝ ամբողջ հայ ժողովուրդը, զէնքի ընդունակ բոլոր հայ մարդիկ, նոյնիսկ կանայք, շարունակում էին յամառօրէն անհաւասար կռիւը: Մայիսի վերջերին տեղի ունեցան երկու մեծ ճակատամարտ՝ Կարաքիլիսայում (Փամբակի գաւառ) եւ Սարդարապատում (Արարատեան դաշտ): Այդ կռիւները փրկեցին հայ երկիրը վերջնական գրաւումից եւ հայ ժողովուրդը վերջնական բնաջնջումից: Թիւրքիան կանգնեցրեց իր արշաւանքը եւ ճանաչեց Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը, թէեւ մի շատ սահմանափակ տերիտորիայի վրայ:
Թիւրքիան ստիպուեցավ անել այս նաեւ շնորհիւ այն սպառնական դիրքին, որ բռնել էին հայերը Հանրապետութեան սահմաններից դուրս, Բագու քաղաքում ու նահանգում: 1918 թուականի սկզբին այստեղ հաւաքուած էին մեծ թուով (մինչեւ 10.000 մարդ) հայ զինուորներ եւ սպաներ, որոնք՝ բոլշեւիկեան շարժումներից յետոյ՝ թողել էին ռուսական Արեւմտեան ճակատը եւ Բագուայ վրայով անցնում էին Հայաստան: Բայց որովհետեւ այդ ժամանակ թաթարները կտրել էին արդէն երկաթուղային գիծը, հայ զինուորները մնացել էին Բագու մի տեսակ պաշարուած դրութեան մէջ: Մարտ ամսին, երբ թիւրքական բանակը սկսել էր արդէն իր արշաւանքը հարաւից Հայաստանի վրայ, թաթարները՝ խրախուսուած թիւրքերից՝ փորձ արին զինաթափ անել հայ զօրքերը, ինչպէս նաեւ տեղում մնացած ռուս զօրամասերը: Հայերը, միանալով ռուսների հետ, ջարդեցին թաթարներին, եւ իրանց իշխանութիւնը հաստատեցին թէ Բագու քաղաքում, եւ նրա շրջակայ նաւթային հանքերում: Սկսուեց տեղային պատերազմ: Թաթարների զինուած խուժանները, որ թուով մի քանի անգամ գերազանցում էին հայ-ռուսական միացեալ ոյժերին, բայց՝ շնորհիւ անկազմակերպ վիճակի՝ չէին կարող խորտակել նրանց, պահանջում էին շարունակ թիւրքական բանակի օգնութիւնը: Թիւրքերը՝ իրանց կողմից՝ շտապում էին օր առաջ մտնել Բագու եւ տիրանալ նաւթահանքերին: Այդ պահանջում էր նաեւ Գերմանիան, որը այդ ժամանակ արդէն մեծ պակասութիւն ունէր վառելիքի: Այն յամառ, օրհասական դիմադրութիւնը, որ ցոյց էին տալիս հայկական զօրքերը Հայաստանում, դժարացնում եւ դանդաղեցնում էր թիւրքական բանակի առաջխաղացումը դէպի Բագու: Թիւրքիան պէտք է ապահովեցնէր իրան այս կողմից Բագու հասնելու համար: Չկարողանալով կոտրել Հայաստանի դիմադրութիւնը, Թիւրքիան գերադասեց՝ Հանրապետութեան անկախութիւնը ճանաչելու գնով՝ զինադադար կնքել նրա հետ եւ ամբողջ ոյժը ուղղել Բագուայ դէմ: Բագուն դիմադրեց մինչեւ Սեպտեմբերի կէսը, երբ թիւրքական 24.000-անոց բանակը, Խալիլ փաշայի հրամանատարութեան տակ, թաթարների հետ միասին առաւ քաղաքը եւ բոլոր նաւթահանքերը:
Երբ Երեւանում հաստատուեց եւ գործի անցաւ Հայկական կառավարութիւնը, երկրի դրութիւնը պատկերանում էր այսպէս.
Թիւրքական բանակը գրաւել էր Անդրկովկասեան Հայաստանի մեծ մասը, թիւրքական արագաձիգ թնդանօթները դրուած էին մայրաքաղաք Երեւանից 7 կիլոմետր հեռաւորութեամբ:
Ազրբէյջան (Անդրկովկասեան Թաթարստանը), յենուելով թիւրք բանակի ներկայութեան վրայ, նեղում էր Հայաստանի արեւելեան (մասամբ էլ հիւսիսային) սահմանները ու սպառնում էր սրի քաշել այդ կողմերի հայ ազգաբնակութիւնը:
Վրաստանը գտել էր Գերմանիայի հովանաւորութիւնը, հիւրընկալել էր իր երկրում գերմանական զօրքերը եւ նրանց բարեհաճութեամբ գրաւել էր Հայաստանի հիւսիս-արեւմտեան սահմաններում երկու զուտ հայկական գաւառներ. Ախալքալաք եւ Լոռի:
Հայաստանը մնացել էր մենակ, չորս կողմից շրջապատուած թշնամի կամ անբարեացակամ ոյժերով, առանց որեւէ արտաքին նեցուկի եւ օգնութեան:
Երկրի ներսում դրութիւնը յուսահատական էր:
Ազգաբնակութեան կիսից աւելին կազմում էին փախստականներ եւ գաղթականներ, անտուն, մերկ ու քաղցած:
Գիւղերը քանդուած ու աւերուած, դաշտային աշխատանքերը դադարեցրած:
Հացի բացակայութեան եւ միւս կենսամթերքների սակաւութեան պատճառով գիւղացիք կերել էին արդէն սերմնացանը եւ սկսել էին ուտել լծկան անասունները:
Տիրում էր սով, այդ բառի ամբողջ իմաստով:
Սովի հետեւանքով առաջ էին եկել տարափոխիկ հիւանդութիւններ, մասնաւորապէս՝ բծաւոր տիֆ, իսկ դեղերը սպառած էին արդէն, դեղատները դատարկ:
Հաղորդակցութիւնը արտաքին աշխարհի հետ կտրուած էր միանգամայն, որովհետեւ միակ երկաթուղային գիծը բռնել էին թիւրքական զօրքերը, ապրանքների ներմուծումը դադարած էր, որովհետեւ կտրուած էին կապերը թէ՛ Ռուսաստանի, թէ՛ Պարսկաստանի եւ թէ՛ Եւրոպայի հետ, իսկ հարեւան երկրները՝ Վրաստան, Ազրբէյջան եւ Թիւրքիա իրանք չունէին արտահանելու ապրանք:
Այս պատճառով տիրում էր սուր պակասութիւն ամենաանհրաժեշտ ապրանքերի: Ո՛չ մանուֆակտուրա, ո՛չ երկաթեղէն, ո՛չ քիմիական պրոդուկտներ, ո՛չ դեղ: Պակասում էր նոյնիսկ քարիւղ տները լուսավորելու համար եւ դժարութեամբ էր ճարւում թուղթ պետական գործավարութեան համար:
Ռուսական տիրապետութիւնից ժառանգած պետական մեքանիզմը քայքայուած էր միանգամայն, վարչական բոլոր օրգանները խանգարուած: Տիրում էր կատարեալ քաոս եւ անիշխանութիւն: Ամէն բան պէտք էր վերսկսել սկզբից, աւերակների վրայ կառուցանել նոր պետական շէնք:
1918 թուականի Դեկտեմբերին, դաշնակից պետութիւնների հետ ստորագրած զինադադարի4 պայմաններին համաձայն, թիւրքական բանակը ստիպուեցաւ դատարկել Անդրկովկասը, ուրեմն եւ Ռուսահայաստանում գրաւած հողերը: Թիւրքերը հեռացան, բայց՝ հեռանալով աւերեցին վերջնականապէս արդէն կիսաւեր երկիրը: Նրանք տարան իրանց հետ ամէն բան, ինչ կարելի էր տանել (հացահատիկ, ֆուրաժ, բամբակ, կաշի, մսացու եւ լծկան անասուն, սայլեր, աւտոմոբիլներ, հեռագիր ու հեռախօս, գործիքներ ու մեքենաներ արհեստանոցներից, մինչեւ իսկ դռներ ու պատուհաններ շինութիւններից), իսկ ինչ չկարողացան տանել՝ աշխատեցին ոչնչացնել կամ անպէտք դարձնել:
Թիւրքերի գնալով խոշոր չափով ընդարձակուեց Հանրապետութեան տերիտորիան եւ նսեմացաւ վտանգը արտաքին բարդութիւններից: Բայց միաժամանակ նոր հոգսեր բարդացան կառավարութեան վրայ, որովհետեւ պէտք էր կարգ եւ ապահովութիւն հաստատել նոր կցուած շրջանների մէջ, խնամել եւ կերակրել այդ նոր շրջանների թալանուած ու սոված ազգաբնակութիւնը:
Այսպիսի պայմանների մէջ էր, որ ապրեց Հանրապետութիւնը իր կեանքի առաջին տարին:
Հայ ցեղին յատուկ եռանդով ու տոկունութեամբ սկսեց ու տարաւ աշխատանքը Հայաստանի կառավարութիւնը:
Ռուսական յեղափոխութեան այն եռուն շրջանի մէջ շատ գայթակղիչ էին նորակազմ պետութիւնների համար այդ յեղափոխութեան յայտարարած սոցիալիստական լոզունգները: Բայց Հայաստանի կառավարութիւնը չգրաւուեց այդ լոզունգներով: Նա սկզբից եւ եթ ըմբռնեց երկրի իրական, անյետաձգելի կարիքները եւ վարեց զգաստ, րէալ քաղաքականութիւն:
Փրկել ժողովուրդը բնաջնջումից, հաստատել տարրական իրաւակարգ եւ հիմք դնել Հայաստանի անկախութեան՝ այսպէս հասկացաւ կառաւարութիւնը իր կոչումը, այս յայտարարութիւնը բերեց նա պարլամենտ եւ ստացաւ նրա հաւանութիւնը: Համաձայն այս պրոգրամի, կառավարութեան գործունէութիւնը մի տարուայ շրջանում եղաւ հետեւեալը:
Կեանքի եւ գոյքի, ինչպէս նաեւ հաղորդակցութիւնների ապահովութեան համար կազմակերպուեց կենտրոնական եւ տեղական ոստիկանութիւն:
Վերակազմուեցին դատական հիմնարկութիւնները եւ վերսկսուեց կանոնաւոր դատավարութիւն:
Վերակազմուեց բանակը, թուով փոքր, բայց զօրեղ ոգով եւ կարգապահութեամբ:
Վերաբացուեցին դպրոցները:
Կանոնաւորուեց փոստային, հեռագրական եւ հեռախօսական հաղորդակցութիւնները, որքան դա հնարին էր նիւթականապէս:
Կարգաւորուեց նաեւ որոշ չափով երկաթուղային հաղորդակցութիւնը, որ համարեա անհնարին էր դառել թիւրքերի աւերումից յետոյ ու շարժական կազմի (շոքեկառքերի ու վագոնների) պակասութեան պատճառով:
Կարգի բերուեց ֆինանսական սիստեմը, կազմակերպուեցին հարկահանական օրգանները պետական հասոյթները կանոնաւոր կերպով ստանալու համար:
Մասամբ վերականգնուեցին, մասամբ նոր կազմակերպուեցին բժշկասանիտարական հիմնարկութիւնները էպիդեմիական հիւանդութիւնների դէմ կռուելու համար:
Իսկ ամէնից մեծ եռանդ եւ աշխատանք նուիրուեց սոված ժողովրդի պարէնաւորման, աշխատանքի անընդունակների խնամատարութեան եւ աւերուած տնտեսութիւնների վերականգման գործին, պետական բիւջէի կիսից աւելը ծախսուած է այս կարգի պէտքերի համար:
Կառավարութեան աշխատանքի արդիւնքը շատ հեռու է բաւարար լինելուց. կան բազմաթիւ եւ աղաղակող կարիքներ, որ տակաւին սպասում են լրացման: Բայց եթէ նկատի առնել այն բացառիկ դժար պայմանները, որի մեջ դրուած էր կառավարութիւնը, երկրի քայքայուած վիճակը եւ նիւթական միջոցների ծայրայեղ պակասութիւնը, չափազանցութիւն չի լինի ասել, թէ արդիւնքները եղել են աւելի, քան կարելի էր պահանջել ու սպասել:
Հանրապետութեան միամեայ կեանքը միանգամայն համոզեցուցիչ ապացոյց է, որ նա ընդունակ է ինքնուրոյն գոյութեան եւ հայ ցեղը՝ ինքնավարութեան:
Հայաստանում կային, մասամբ կան եւ այսօր, այն բոլոր պայմանները, որ առաջ են բերում մի երկրի մէջ անիշխանութիւն եւ ծայրայեղ մասսային ցնցումներ:
Բայց Հայաստանը ազատ մնաց թէ մէկից, թէ մյուսից:
Հայաստանի մէջ արդէն հաստատուած է իրավակարգ եւ կանոնաւոր պետական կեանք: Օրէնքերը յարգւում են, պետական մեքանիզմը գործում է անարգել եւ այնքան արդիւնաւէտ, որքան թոյլ են տալիս նրա նիւթական միջոցները: Կեանքի եւ գոյքի անձեռնմխելիութիւնը Հայաստանում այսօր ապահովուած է աւելի, քան այդ եղել է նախկին ռուսական րեժիմի տակ: Ժողովուրդը շատ շուտ ըմբռնեց դեմոկրատիկական կարգերը, գնահատեց այն եւ ամենայն վստահութիւն ցոյց տուեց դէպի իր կառավարութիւնը: Զօրքերը չնայած որ ծայարյեղօրէն յոգնած էին անվերջ կռիվներից եւ ենթակայ ամէն տեսակ զրկանքների, մնացին միշտ կարգապահ ու հնազանդ կառավարութեան: Բանուորական ցոյցերի եւ գործադուլների ոչ մի դէպք տեղի չունեցաւ Հայաստանում:
Ժողովուրդը՝ մերկ, քաղցած ու տնազուրկ՝ ցոյց տուեց գիտակցական եւ հայրենասիրութեան մի անսպասելի բարձր աստիճան: Անկախ Հայաստանի գաղափարը այնքան ոգեւորած է նրան, որ այդ անկախութիւնը ամրապնդելու համար նա պատրաստ է ենթարկուել անտրտունջ ամենածանր զրկանքների, ամենամեծ զոհաբերութիւնների: Մի սքանչելի բնազդով նա ըմբռնել է կատարուող ակտի ամբողջ մեծութիւնը եւ ամէն կերպ զգուշա
նում է դժարացնել նորածին պետութեան առանց այն էլ խիստ դժար դրութիւնը:
Ժողովուրդը այս գիտակցութեամբ եւ հայրենասիրութեամբ միայն կարելի է բացատրել այն որ Հանրապետութիւնը իր կեանքի առաջին տարին այնպիսի դժոխային պայմանների մէջ ապրեց առանց՝ առանց ներքին ցնցումների ու խռովութիւնների եւ կառավարութիւնը հնարաւորութիւն ունեցաւ իրաւակարգ հաստատել երկրում:
- ԱՐՏԱՔԻՆ ՕԳՆՈՒԹԵԱՆ ԿԱՐԻՔԸ
Հայաստան երկիրը եւ հայ ազգը ունեն բոլոր տուեալները սեփական պետութիւն կազմելու համար:
Երկիրը հարուստ է ամէն տեսակ բնական հարստութիւններով, իսկ ժողովուրդը ընդունակ է ամենաբարձր քաղաքակարթութեան, օրինապահ է, աշխատասէր, ձեռներէց ու խնայող: Կայ տոկուն եւ առողջ գիւղացիութիւն, սերտ կապուած հողի հետ, վարժ գիւղատնտեսական բոլոր տեսակ աշխատանքների: Կան բազմաթիւ արհեստաւորներ, որոնք թէ Անդրկովկասում եւ թէ մանաւանդ Ասիական Թիւրքիայում, դարերից ի վեր, պահում են իրենց ձեռքում այդ երկրների համարեա ամբողջ մանր արհեստը: Կայ խոշոր վաճառականների եւ արդիւնաբերողների մի զօրեղ դաս, որը փաստօրէն ապացուցել է որ ընդունակ է վարել արդիւնաբերութեան եւ վաճառականութեան գործը քաղաքակիրթ ազգերի լայն չափերով: Կայ բազմաթիւ մտաւորականութիւն, ռուսական եւ եւրոպական համալսարաններում կրթութիւն ստացած հազարաւոր մասնագէտներ, պետական ու վարչական աշխատանքի վարժ մարդիկ: Կայ վերջապէս ռուսական բանակի մէջ կրթութիւն ստացած զինւորականութիւն, ամէն աստիճանի օֆիցերներ եւ զինուորներ, մի ուժեղ, բարեկիրթ եւ կարգապահ բանակ կազմելու համար:
Երկրի տնտեսական ու ֆինանսական ապագան միանգամայն ապահով է: Արդէն ներկայ Հանրապետութինը՝ իր ամենածանր վիճակի մէջ, քանդւած ու աւերուած երկրում՝ ծածկում է լիովին պետութեան սովորական ծախսերը սովորական հասոյթներով: Նոյնը էր եւ պատերազմից առաջ, ռուսական րեժիմի ժամանակ, երբ Հայաստանի , քան րայ արուած պետական ծախսերը աւելի քիչ էին, քան նոյն երկրից ստացուած պետական հասոյթները: Պաշտօնական երկաթուղային ստատիստիկայի համաձայն, Հայաստան ներմուծուող ապրանքների ընդհանուր արժէքը, այսինքն Հայաստանը արդիւնաբերում էր աւելի, քան սպառում: Գիւղանտնտեսութիւնը Հայաստանի մէջ ցոյց է տալիսակներեւ տենդանս անցնելու աւելի բարձր ու թանկարժէք մշակոյթների, եթէ Հայաստանը ստանում էր իրան հարկաւոր հացի մի մասը դրսից՝ հարաւային Ռուսաստանից՝ դրա փոխարէն արտահանում էր բրինձ, բամբակ, շերամ, պանիր, իւղ, պտուղներ, գինի, ալկոհոլ:
Հայաստանը ունի բոլոր հնարաւորութիւնները սեփական պետական կեանքով ապրելու: Հարկաւոր է միայն, որ այս ճգնաժամին, պետութիւնը հիմնելու այս առաջի շրջանում, մի բարեացակամ արտաքին ոյժի օգնի նրան կազմակերպելու եւ օգտագործելու տուեալ հնարաւորութիւնները: Հայաստանի պահանջները շատ աւելի պակաս են, քան եղել են անցեալում որեւէ նորակազմ պետութեան պահանջներ: Արդէն այսօր Հայաստանը կազմակերպուած է ու պատրաստ պետական կեանքի աւելի, քան եղել են Յունաստանը, Սերբիան, Բուլղարիան կամ Ռումանիան իրանց գոյութեան առաջի տարիներում: Հայաստանը կարիք ունի արտաքին օգնութեան շատ աւելի համեստ չափերով, քան ունեցել են անցեալում այդ պետութինները:
Բայց այդ սահմանափակ օգնութիւնը պէտք է արուի, ու անյապաղ, պէտք է արուի յանուն արդարութեան եւ քաղաքակրթութեան5:
Հայաստանը սպասում էայդ օգնութիւնը քաղաքակիրթ պետութիւնից եւ ամէնից առաջ՝ Հիւսիսային Ամերիկայի Միացեալ Նահանգների մեծ դեմոկրատիայից ու նրա կառավարութիւնից, որ արդէն փայլուն ապացոյցներ են տուել իրանց բարձր բարեացակամութեանը հայ ցեղի հանդէպ:
Անհրաժեշտ է առաջին հերթին ճանաչել փաստօրեն գոյութիւն ունեցող Հանրապետութիւնը եւ նրա կառավարութիւնը, անհրաժեշտ է ստեղծել միջազգային իրաւական դրութիւն այդ Հանրապետութեան համար: Դա անհրաժեշտ է անել առանց մի օր ուշացնելու, որպէսզի Հայաստանի կառաւարութիւնը՝ ժողովուրդը սովամահից փրկելու եւ երկրի աւերուած տնտեսութիւնը վերականգնեցնելու համար՝ հնարաւորութիւն ունենայ արտաքին փոխառութին անելու:
Ապա անհրաժեշտ է մտցնել Հայաստան մի փոքրաթիւ բանակ Միացեալ Նահանգների դրօշակի տակ: Դա անհրաժեշտ է Հանրապետութեան սահմանների վրայ խաղաղութիւնը վերականգնեցնելու եւ նորանոր արիւնահեղութիւնների առաջը առնելու համար, անհրաժեշտ է այդ նաեւ երկաթուղային հաղորդակցութիւնները ապահովելու համար:
Զուգընթացաբար հարկաւոր է. ա) օգնել Հայաստանի կառավարութեանը մի համեստ գումարի արտաքին փոխառնութին կնքել երկրի անյետաձգելի
նում է դժարացնել նորածին պետութեան առանց այն էլ խիստ դժար դրութիւնը:
Ժողովուրդը այս գիտակցութեամբ եւ հայրենասիրութեամբ միայն կարելի է բացատրել այն որ Հանրապետութիւնը իր կեանքի առաջին տարին այնպիսի դժոխային պայմանների մէջ ապրեց առանց՝ առանց ներքին ցնցումների ու խռովութիւնների եւ կառավարութիւնը հնարաւորութիւն ունեցաւ իրաւակարգ հաստատել երկրում:
- ԱՐՏԱՔԻՆ ՕԳՆՈՒԹԵԱՆ ԿԱՐԻՔԸ
Հայաստան երկիրը եւ հայ ազգը ունեն բոլոր տուեալները սեփական պետութիւն կազմելու համար:
Երկիրը հարուստ է ամէն տեսակ բնական հարստութիւններով, իսկ ժողովուրդը ընդունակ է ամենաբարձր քաղաքակարթութեան, օրինապահ է, աշխատասէր, ձեռներէց ու խնայող: Կայ տոկուն եւ առողջ գիւղացիութիւն, սերտ կապուած հողի հետ, վարժ գիւղատնտեսական բոլոր տեսակ աշխատանքների: Կան բազմաթիւ արհեստաւորներ, որոնք թէ Անդրկովկասում եւ թէ մանաւանդ Ասիական Թիւրքիայում, դարերից ի վեր, պահում են իրենց ձեռքում այդ երկրների համարեա ամբողջ մանր արհեստը: Կայ խոշոր վաճառականների եւ արդիւնաբերողների մի զօրեղ դաս, որը փաստօրէն ապացուցել է որ ընդունակ է վարել արդիւնաբերութեան եւ վաճառականութեան գործը քաղաքակիրթ ազգերի լայն չափերով: Կայ բազմաթիւ մտաւորականութիւն, ռուսական եւ եւրոպական համալսարաններում կրթութիւն ստացած հազարաւոր մասնագէտներ, պետական ու վարչական աշխատանքի վարժ մարդիկ: Կայ վերջապէս ռուսական բանակի մէջ կրթութիւն ստացած զինւորականութիւն, ամէն աստիճանի օֆիցերներ եւ զինուորներ, մի ուժեղ, բարեկիրթ եւ կարգապահ բանակ կազմելու համար:
Երկրի տնտեսական ու ֆինանսական ապագան միանգամայն ապահով է: Արդէն ներկայ Հանրապետութինը՝ իր ամենածանր վիճակի մէջ, քանդւած ու աւերուած երկրում՝ ծածկում է լիովին պետութեան սովորական ծախսերը սովորական հասոյթներով: Նոյնը էր եւ պատերազմից առաջ, ռուսական րեժիմի ժամանակ, երբ Հայաստանի , քան րայ արուած պետական ծախսերը աւելի քիչ էին, քան նոյն երկրից ստացուած պետական հասոյթները: Պաշտօնական երկաթուղային ստատիստիկայի համաձայն, Հայաստան ներմուծուող ապրանքների ընդհանուր արժէքը, այսինքն Հայաստանը արդիւնաբերում էր աւելի, քան սպառում: Գիւղանտնտեսութիւնը Հայաստանի մէջ ցոյց է տալիսակներեւ տենդանս անցնելու աւելի բարձր ու թանկարժէք մշակոյթների, եթէ Հայաստանը ստանում էր իրան հարկաւոր հացի մի մասը դրսից՝ հարաւային Ռուսաստանից՝ դրա փոխարէն արտահանում էր բրինձ, բամբակ, շերամ, պանիր, իւղ, պտուղներ, գինի, ալկոհոլ:
Հայաստանը ունի բոլոր հնարաւորութիւնները սեփական պետական կեանքով ապրելու: Հարկաւոր է միայն, որ այս ճգնաժամին, պետութիւնը հիմնելու այս առաջի շրջանում, մի բարեացակամ արտաքին ոյժի օգնի նրան կազմակերպելու եւ օգտագործելու տուեալ հնարաւորութիւնները: Հայաստանի պահանջները շատ աւելի պակաս են, քան եղել են անցեալում որեւէ նորակազմ պետութեան պահանջներ: Արդէն այսօր Հայաստանը կազմակերպուած է ու պատրաստ պետական կեանքի աւելի, քան եղել են Յունաստանը, Սերբիան, Բուլղարիան կամ Ռումանիան իրանց գոյութեան առաջի տարիներում: Հայաստանը կարիք ունի արտաքին օգնութեան շատ աւելի համեստ չափերով, քան ունեցել են անցեալում այդ պետութինները:
Բայց այդ սահմանափակ օգնութիւնը պէտք է արուի, ու անյապաղ, պէտք է արուի յանուն արդարութեան եւ քաղաքակրթութեան5:
Հայաստանը սպասում էայդ օգնութիւնը քաղաքակիրթ պետութիւնից եւ ամէնից առաջ՝ Հիւսիսային Ամերիկայի Միացեալ Նահանգների մեծ դեմոկրատիայից ու նրա կառավարութիւնից, որ արդէն փայլուն ապացոյցներ են տուել իրանց բարձր բարեացակամութեանը հայ ցեղի հանդէպ:
Անհրաժեշտ է առաջին հերթին ճանաչել փաստօրեն գոյութիւն ունեցող Հանրապետութիւնը եւ նրա կառավարութիւնը, անհրաժեշտ է ստեղծել միջազգային իրաւական դրութիւն այդ Հանրապետութեան համար: Դա անհրաժեշտ է անել առանց մի օր ուշացնելու, որպէսզի Հայաստանի կառաւարութիւնը՝ ժողովուրդը սովամահից փրկելու եւ երկրի աւերուած տնտեսութիւնը վերականգնեցնելու համար՝ հնարաւորութիւն ունենայ արտաքին փոխառութին անելու:
Ապա անհրաժեշտ է մտցնել Հայաստան մի փոքրաթիւ բանակ Միացեալ Նահանգների դրօշակի տակ: Դա անհրաժեշտ է Հանրապետութեան սահմանների վրայ խաղաղութիւնը վերականգնեցնելու եւ նորանոր արիւնահեղութիւնների առաջը առնելու համար, անհրաժեշտ է այդ նաեւ երկաթուղային հաղորդակցութիւնները ապահովելու համար:
Զուգընթացաբար հարկաւոր է. ա) օգնել Հայաստանի կառավարութեանը մի համեստ գումարի արտաքին փոխառնութին կնքել երկրի անյետաձգելի պէտքի համար եւ բ) նիւթապէս ապահովել հայկական բանակի պահպանումը մէկ կամ երկու տարի ժամանակով:
Այս է այն անմիջական օգնութիւնը, որ սպասում է Հանրապետութիւնը Միացեալ Նահանգներից:
Մնում է մի խոշոր հարց: Հայաստանի ամբողջացումը, ներկայ Հանրապետութեան եւ նախկին թիւրքահայ վիլայէթների միացումը մի ընդհանուր պետական կազմի մէջ: Այս հարցը դրուած է իր ամբողջութեամբ խաղաղութեան կոնգրէսի առաջ եւ ամբողջ հայ ազգը սրտատրոփ՝ լի յոյսերով ու հաւատով սպասում է Միացեալ Նահանգների հեղինակաւոր խօսքին, հաստատ գիտենալով, որ այդ բարեացակամ խօսքը ամենամեծ գրաւականը պիտի լինի հարցի բարեյաջող լուծման:
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ
1. Հասկանալ՝ ցանքատարածութիւն:
2. Խօսքը Անդրկովկասեան յատուկ կոմիտէի (Օզակոմ) մասին է:
3. Ուղղուել է բնագրի սխալը, որտեղ նշաուծ է՝ հիւսիս-արեւմուտք:
4. Զինադադարը դաշնակից երկրների եւ Օսմանեան Թիւրքիայի միջեւ ստորագրուել է 1918 թ. Հոկտեմբերի 30-ին:
5. Անգլերէն թարգմանութեան մէջ յաջորդող վերջաւորութիւնը աւելի կուռ է կառուցվածքով եւ ունի հետեւեալ տեսքը.
“Հայաստանի հանրապետութիւնն ունի դաշնակից եւ միացեալ ուժերի՝ առաջին հերթին ԱՄՆ-ի մեծ դեմոկրատիայի ու կառավարութեան ճանաչման եւ ժամանակաւոր օգնութեան իրաւունքը, եւ խնդրում է, որ.
1.ԱՄՆ-ը ճանաչի Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը:
2.Ունենալ Բաթումից մինչեւ Հայաստանի սահմանը երկաթուղի եւ հնարաւորութեան դէպքում մի քանի հազար ամերիկեան զինուորներ կամ նաւաստիներ:
- ԱՄՆ-ը Հայաստանի Հանրապետութեանը տրամադրի վարկ կամ հնարաւորութիւններ տայ ԱՄՆ-ում ձեռք բերել փոխառութիւն, հետեւյալ նպատակներով.
ա) ԱՄՆ-ում գնել ապրանքներ, ռազմամթերք եւ պարէն՝ նաւով Հայաստան ուղարկելու՝ հայկական 30-հազարանոց բանակ կազմակերպելու համար:
բ) ԱՄՆ-ում գնել մթերք եւ պաշարներ Հայաստանի քաղաքացիական բնակչութեան վիճակը թեթեւացնելու համար մինչեւ 1920 թ. բերքի ստացումը:
Ներկայ Հայաստանի Հանրապետութեան եւ Թիւրքահայութեան միաւորման հարցը այժմ դրուած է Փարիզի խաղաղութեան կոնֆերանսի առաջ: Ողջ հայ ժողովուրդը յույսով ու վստահութեամբ սպասում է ԱՄՆ-ի վճռական խօսքին, լաւ իմանալով, որ Ամերիկայի բարեկամական խօսքը ամենամեծ գրաւականը կը լինի հայկական հարցի նպաստավոր լուծման համար: Յարգանքներով՝ ՅՈՎՀ. ՔԱՋԱԶՆՈՒՆԻ»: