Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունը:
Գլուխ ԺԵ
Հայաստանի Հանրապետության նախապատմությունը վերջացնելու համար անհրաժեշտ է կանգ առնել նաև Բաքվի դեպքերի վրա, որոնք թեև Հայաստանի հետ անմիջական առնչության մեջ չէին գտնվում, բայց ահագին նշանակություն ունեցան նրա ճակատագրի համար: Առանց Բաքվի Հայաստանի դեպքերը կարող էին բոլորովին այլ ընթացք ստանալ:
Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի օրինակով, 1917 թ. վերջերը, Բաքվում էլ կազմվեց Ազգային խորհուրդ, որի մեջ մտան Աբրահամ Գլուխանդանյանը, Խանասորի Վարդանը, Կ. Պարունակյանը (դաշնակցականներ), Լևոն Աթաբեկյանը (սոց.-հեղ.), Նար. Տեր-Ղազարյանը (ս.դ.), Հայկ Տեր-Միքայելյանը և Ս. Տեր-Ղազարյանը (ժողովրդականներ): Առաջին նիստում, դեկտեմբերի 30-ին, նախագահ ընտրվեց Գյուլխանդանյանը, փոխնախագահ՝ Աթաբեկյանը: Ազգային խորհրդին, ձայնի իրավունքով, մասնակցում էին նաև Ռոստոմը, Քաջազնունին և բժ. Իսախանյանը: Ազգային խորհուրդը գործադիր մարմին էր, որ ենթարկվում էր Ազգային ժողովին՝ բաղկացած կուսակցությունների 32 ներկայցուցիչներից: Հետագայում, Անդրկասպյան երկիրը մեկնած Կ. Պարունակյանի տեղ անցավ Ս. Արարատյանը, իսկ Լ. Աթաբեկյանին փոխարինեց Հ. Տեր-Օհանյանը և, իբրև փոխնախագահ, հաջորդեց Ն. Տեր-Ղազարյանը: Աթաբեկյանը Ազգային խորհրդի աշխատանքներին շարունակեց մասնակցել որպես հրավիրված անդամ: Արևմտահայերի կողմից Ազգային խորհրդի նիստերին, փոփոխակի, ներկա էին լինում Ռ. Քաջբերունին և Զ. Եսայանը: 1918 թ. սեպտեմբերին Ազգային խորհրդի մեջ մտան և առաջնորդ Բագրատ եպ.-ը, Ստ. Թաղիանոսյանը, Աս. Վաչյանը և Աբր. Դաստակյանը:
Ազգային խորհուրդներ ունեին և Բաքվի մյուս ժողովուրդները՝ մահմեդականները, ռուսները, վրացիները և այլն, որոնք բոլորն էլ, սկզբի շրջանում, կատարում էին սահմանափակ դեր: Իրական իշխանությունը պետական հիմնարկությունների և բանվորական խորհրդի մեջ էր, ուր տիրող ուժը սոցիալիստ-հեղափոխականներ էին:
1918 թվի հունվարի կեսերին, Շամխորի արյունոտ դեպքերից հետո, ընդհատվեց երկաթուղային կապը, և Բաքուն կտրվեց Թիֆլիսից ու Ղարաբաղից: Բաքու-Գանձակ ճանապարհը մնաց թուրքերի ձեռքը: Պատահաբար անցնող գնացքներով հայերը չէին կարող ճամփորդել, նրանց հանում էին վագոնից ու տեղն ու տեղը սպանում: Այդ պատճառով, Բաքվում կուտակվում էին ավստրո-գերմանական ճակատից տուն վերադարձող հազարավոր հայ զինվորներ, որոնք անգործ թափառում էին փողոցներում, շատ թշվառ վիճակի մեջ: Նրանց ջղայնացնում էին Ղարաբաղից, Գանձակից և հայաբնակ ուրիշ վայրերից հասնող լուրերը հայ-թուրքական ընդհարումների մասին: Բաքվում նրանք պայթուցիկ նյութ էին, որ հեշտությամբ կարող էին գործիք դառնալ բոլշևիկ և ուրիշ անիշխանական տարրերի ձեռքին: Ուստի, Ազգային խորհուրդը իր վրա առավ նրանց հոգատարությունն ու կազմակերպումը՝ նպատակ ունենալով պատրաստել կանոնավոր զինվորական մասեր և ուղարկել ռազմաճակատ:
Հայկական զորամասերի կազմակերպման գործը հանձնվեց խմբապետ Համազասպին: Որոշվեց կազմել 1200 հոգիանոց մի գումարտակ: Այս քայլը առաջ բերեց արտակարգ ոգևորություն: Արձանագրվել ցանկացողների թիվը այնքան մեծ էր, որ շուտով ստեղծվեց 3 գումարտակից բաղկացած 3000 հոգիանոց մի զորամաս, այսպես կոչված, Համազասպի բրիգադը: Բացի այդ, Ազգային խորհուրդը կազմակերպեց 2-րդ հայկական պահեստի գունդը գնդ. Ս. Եղիազարյանի հրամանատարության տակ: Այդ գնդի կարիքների համար, մեծ դժվարությամբ, ստեղծվեց, ռուսական նախկին 279-րդ գնդի գույքերի մնացորդը: Զորամասերի հագուստը, սարքավորումը, ուտելիքը և այլն հայթայթում էր Ազգային խորհուրդը:
Միաժամանակ, Բաքվի Ազգային խորհուրդը իր վրա առավ հայկական ներկայացուցչության դերը դաշնակիցների, Ռուսաստանի ու Պարսկաստանի նկատմամբ: Ապրիլի 20-ին նա Մոսկվա ուղարկեց Արտ. Չիլինգարյանին և Սիմ. Հակոբյանին՝ հանձնարարելով, որ առաջինը, Լիպ. Նազարյանի հետ միասին, հարաբերության մեջ մտնի Բեռլինի հետ, իսկ երկրորդը աշխատի Ռուսաստանում: Նպատակն էր՝ ապահովել խորհրդային իշխանության աջակցությունը՝ կազմակերպելու համար հայկական զորամասեր, օժտելու նրանց նյութական միջոցներով ու ռազմամթերքով, ճանաչել Ազգային խորհրդի իրավասությունը, ի հարկին, թույլ տալ անգլիացիների մուտքը Բաքու և, առհասարակ, օժանդակել Կովկասի ինքնապաշտպանության գործին:
Խորհրդային իշխանությունը ընդառաջ գնաց այս դիմումին. Ստալինը մի հրամանով արտոնեց հայերի զորաշարժ կատարել և տուրք դնել հայ հարուստների վրա. խոստացվեց ռազմամթերք և անպաշտոն կերպով համաձայնություն տվեց, որ անգլիացիները մտնեն Բաքու: Սակայն, քիչ հետո, այս բարյացկամ վերաբերումը փոխվեց, և հունիսին արդեն, նույն Ստալինը Լենինի անունից հեռագրում էր Շահումյանին, որ Խորհրդային Ռուսաստանի սահմանները պետք է հասնեն մինչև Գանձակ և Բաքուն պաշտպանվի թուրքերի արշավից և որ, պարտության դեպքում, բոլշևիկները պետք է այրեն հանքերն ու հեռանան:
Բաքվի Ազգային խորհրդի հիմնական նպատակներից մեկն էլ հայ-թուրքական հարաբերությունների բարվոքումն էր: Ճակատից փախչող ռուս զորամասերի և ռուս գաղթականների վրա գործված հարձակումներին զուգընթաց՝ թուրքերը ասպատակում ու ավերում էին և հայկական շրջանները, թալանում, կոտորում ու գերում հայերին: Դեկտեմբերին ավերի ու ավարի մատնվեցին մի շարք հայաբնակ գյուղեր Նուխիի ու Շամախիի գավառներում: Հունվարի 2-ին սպանվեցին Գանձակի թուրքական մասից անցնող 14 հայեր: Ընդհարումներ տեղի ունեցան և ուրիշ վայրերում: Շատ շրջաններում ճանապարհները փակվեցին, և հայերը զրկվեցին շարժվելու հնարավորությունից: Մթնոլորտը օրեցօր էլեկտրականանում էր:
Ազգային խորհուրդը, մի շարք խորհրդակցություններից հետո, որոշեց բանակցությունների մեջ մտնել Մահմեդական ազգային խորհրդի հետ: Այդ նպատակով ընտրվեց 6 հոգանոց հանձնախումբ՝ Հ. Քաջազնունի, Ա. Չիլինգարյան, Հ. Տեր-Միքայելյան, Ս. Տեր-Ղազարյան, Լ. Աթաբեկյան և Տ. Իսախանյան, և հանձնարարվեց սկսել բանակցությունները:
Հունվարի 15-ին գումարվեց Հայ և Մահմեդական ազգային խորհուրդների ներկայացուցիչների խորհրդակցական առաջին նիստը: Թուրքերի կողմից մասնակցում էին Մահմեդական ազգային խորհրդի նախագահ Ալի Մարդան բեգ Թոփչիբաշևը, Մահմեդ Հասան Գաջինսկին, Բեհբութ խան Ջիվանշիրը, Իբրահիմ բեգ Հայդարովը, Ա. Ի. Վեզիրովը և Բ. Ա. Բաբաևը: Մի շարք նիստերում քննության առնվեցին հետևյալ խնդիրները. ընդհանուր՝ 1) Վերաբերում դեպի ռուս կառավարությունը, 2) Անդրկովկասի ապագա քաղաքական կազմը, 3) Ռազմաճակատի հարցը և պատերազմը վերջացնելու միջոցները, 4) Կովկասի վարչական բաժանումը: Տեղական՝ 1) Բաքվի իշխանության կազմակերպումը, 2) Երկաթուղու և մյուս ճանապարհների բացումը, 3) Գավառների անիշխանությունը և այլն:
Նիստերի ժամանակ պարզվեց, որ կողմերը շատ են հեռու իրարից և ընդհանուր լեզու չունեն: Նրանց բաժանում էին և՛ ազգային ներհակ ձգտումները, և՛ տարբեր վերաբերումը դեպի պատերազմը, դեպի Թուրքիան ու Ռուսաստանը, և՛ փոխադարձ անվստահությունը: Խորհրդակցությունները դրական արդյունք չտվին: Եվ որովհետև շուտով բացվելու էր Անդրկովկասյան սեյմը և խորհրդակցության մասնակցող մահմեդական ներկայացուցիչներն էլ Սեյմի անդամներ էին ու պիտի մեկնեին, վճռվեց այդ բոլոր հարցերի քննությունը տեղափոխել Թիֆլիս: Միակ գործնական օգուտը եղավ այն, որ որոշվեց մի քանի խառն պատվիրակություններ ուղարկել Գանձակ, Նուխի, Խաչմազ, որոնք մի պահ մեղմացրին սրված դրությունը, բայց կարճ ժամանակից հետո, կրքերը բռնկվեցին ավելի սուր մոլեգնությամբ:
Հետապնդելով հանդերձ հաշտասեր ու բարեկամական վերաբերում թուրքերի նկատմամբ՝ Ազգային խորհուրդը ձեռնարկեց շրջանների ինքնապաշտպանության կազմակերպման գործը: Այդ նպատակով զենք ու ռազմամթերք էր հայթայթում, հայաբնակ վայրերին հրահանգիչներ ու մարտական ղեկավարներ էին տրվում, կազմակերպում ու մարզվում էին զենքի ընդունակ ուժերը: Հիմնական նպատակն էր՝ որևէ բախման տեղիք չտալ և թուրքերի գործած հարձակման դեպքում պաշտպանվել:
Միևնույն ժամանակ, Ազգային խորհուրդը ճիգ էր թափում բանալու երկաթուղին՝ Բաքվում հավաքված զորամասերը ռազմաճակատ ուղարկելու նպատակով, բայց այս ուղղությամբ կատարված բոլոր քայլերը անցան ապարդյուն: Ապրիլի 13-ին Ազգային խորհուրդը վերջին անգամ ևս փորձեց Պարսկաստանի ճակատից եկած 500 հայ և վրացի զինվորներին ուղարկել Թիֆլիս: Ալյաթ կայարանից հայերը հետ դարձվեցին. թուրքերը ճանապարհ տվին միայն վրացիներին…
Այդ առթիվ, Ազգային խորհուրդը մի անգամ էլ դիմեց Մահմեդական ազգային խորհրդին՝ բացատրելով, թե ի՜նչ վտանգ է սպառնում մեծաքանակ զինվորների խռնվելը Բաքվում: Այս դիմումն էլ մնաց անհետևանք: Նույն հարցով դիմում տրվեց և Սեյմին՝ արդյունքը եղավ նույնը: Ազգային խորհուրդը զգում էր, որ հազարավոր հայրենաբաղձ հայ զինվորների արգելափակումը Բաքվում կարող է տալ աղետալի հետևանքներ հենց Բաքվի համար, գերմարդկային ուժ էր թափում այդ զինվորներին հեռացնելու համար, բայց չէր հաջողվում: Այդ պայմաններում, զինվորների ներկայությունը Բաքվում նպաստավոր կարող էր լինել միայն բոլշևիկներին: Թուրքերը կուրորեն բռունցք էին պատրաստում հենց իրենց գլխի համար: Նրանց հաշիվն էլ, սակայն, այն էր, որ թույլ չտան մի քանի հազար հայ զինվորների մեկնումը ռազմաճակատ՝ թուրքերի դեմ:
Ի տես այս անտանելի կացության և ճակատից հասնող աննպաստ լուրերի, մարտի 3-ի նիստում Ռոստոմը Ազգային խորհրդի առջև դրեց հետևյալ խնդիրները. նկատի ունենալով, որ մեր դրությունը օրեցօր ծանրանում է, որ թուրքերը խաղում են մեզ հետ և աշխատում ժամանակ շահել, անհրաժեշտ է կանխել և նախաձեռնությունը առնել մեր ձեռքը: Այդ նպատակով հարկավոր է. 1) անել ընդհանուր զորակոչ մինչև 45 տարեկանները, 2) կտրուկ քայլերով ապահովել դրամական միջոցները, 3) ռազմաճակատ ուղարկել մեր ուժերի մեծ մասը, 4) ապահովել թիկունքը՝ մեր ձեռքն առնելով իշխանությունը Բաքվում և Գանձակում, որոնք գլխավոր բանալիներն են և ամենակարևոր կետերը թիկունքի:
Ազգային խորհուրդը, հանգամանորեն քննելով ստեղծված դրությունը և թիկունքի բացահայտ թշնամական դիրքը՝ ընդառաջ գնաց դրված հարցերին, հայտարարեց զորաշարժ և մարտի 5-ին ընտրեց գերագույն զինվորական մարմին՝ բաղկացած Վարդանից, գնդապետ Բախտամյանից և գնդապետ Ղազարյանից, որոնց դերն էր լինելու վարել տեղական ինքնապաշտպանությունը, զինվորական ուժերի մարզանքը, ղեկավարությունն ու փոխադրությունը ուրիշ վայրեր: Լուրջ մտահոգված ժողովրդի ապահովության հարցով՝ Ազգային խորհուրդը աշխատում էր պատրաստ լինել ամեն անականկալի առջև. նա տեսնում էր, որ թուրքերը օրեցօր դառնում են սանձարձակ: Փաստեր ուներ իր ձեռքին, որ Թիֆլիսում կայացել էր թուրք-վրացական գաղտնի համաձայնություն, և վրացիները օգնում էին թուրքերին:
Բաքվի հայերի համար անվիճելի էր, որ վրացիներն ու թուրքերը Թիֆլիսում գործում էին համերաշխ և, հակաբոլշևիկյան պայքարի անունից, նեղ ազգային շահեր էին հետապնդում: Այս հաստատում էր և մուսավաթականների գործունեությունը Բաքվում ու գավառներում, ուր մի կողմից նրանք ձգտում էին գրավել իշխանությունը, մյուս կողմից՝ քար ու քանդ անել հայկական շրջանները: Այսպես, փետրվարին կոտորվեցին Արեշի 4 հայաբնակ գյուղերը, տեղահանվեց Խաչմազի և Լենքորանի հայ բնակչությունը, ճգնաժամային դարձավ Ղուբայի հայության վիճակը: Մարտին թուրքերը ավերեցին Շամախի հայկական թաղը և 20-25 հայ գյուղեր, որոնց մոտ 25000 մերկ ու անոթի բնակիչները թափվեցին Մարզա և մյուս ռուսական գյուղերը: Շամախիի և Գյոքչայի հայ ազգաբնակչությունը բոլորովին կտրվեց արտաքին աշխարհից:
Այս առթիվ Ազգային խորհուրդը բազմաթիվ դիմումներ արեց Մահմեական ազգային խորհրդին և Մուսավաթին, բայց իզուր: Մուսավաթը իր ծրագիրներն էր առաջ քշում և սուր ընդհարման մեջ էր բանվորական խորհրդի հետ, ուր, Սեյմի գումարումից հետո, ազդեցությունը բոլորովին անցել էր բոլշևիկների, հատկապես, Շահումյանի և Ջափարիձեի ձեռքը: Մուսավաթը, հենված «Վայրի դիվիզիայի» վրա, մեղադրում էր Բանվ. Խորհրդին՝ ռուսական վեհապետական ձգտումների մեջ, աշխատում էր քշել «եկվորներին» և պահանջում էր, որ իշխանությունը հանձնվի «տեղական տարրին», այսինքն՝ թուրքերին: Իր հերթին, Բանվ. խորհուրդը մուսավաթականներին ամբաստանում էր բեգ-կալվածատիրական, բուրժուական, հակահեղափոխական և համիսլամական մեղքերի մեջ: Կրքերը լարվեցին ծայր աստիճան և բախումը դարձավ անխուսափելի: Փոթորիկը պայթեց մարտին:
Առիթը մի հասարակ դեպք էր: Թուրքական «Վայրի դիվիզիայի» զինվորների 120 հոգիանոց զինված մի խումբ եկել էր Բաքու թուրք միլիոնատեր և հայտնի բարեգործ Թաղիևի զինվոր որդու հուղարկավորությանը մասնակցելու: Հուղարկավորությունից հետո խումբը նավով վերադառնում էր Լենքորան: Բանվ. խորհուրդը բռնությամբ զինաթափ արեց նրան, որի առթիվ, մարտի 17-ին, սկսվեցին արյունահեղ ընդհարումներ: Հայոց ազգային խորհուրդը այդ դեպքերի ժամանակ մնաց բացարձակապես չեզոք և աշխատեց հանգցնել ավերիչ հրդեհը՝ միջնորդ հանդիսանալով կռվող կողմերի միջև:
Դեպքերը, սակայն, տարերային մղումով կռվի մեջ մտցրին որոշ հայ զորամասեր, որոնք Բանվ. խորհրդի կողմից ուղղվեցին մուսավաթական զինված խմբերի դեմ: Դեպքերը դասավորված էին այնպես, որ կա՛մ Բանվ. խորհուրդը պետք է հաղթեր, կա՛մ Մուսավաթը: Վերջինս շարժվում էր թուրք գործակալների ծրագրով և անմիջական աջակցությամբ, որով Մուսավաթի հաղթանակը պիտի նշանակեր Թուրքիայի, այսինքն՝ հակահեղափոխության հաղթանակ: Եվ հասկանալի է, որ Մուսավաթի դեմ մղված պայքարում միանգամայն գիտակցորեն համերաշխ էին բոլոր կուսակցությունները: Դաշնակցությունը, սակայն, հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների զգայուն խնդիրը, գործուն մասնակցություն չուներ այդ պայքարում, իսկ Հայոց ազգային խորհուրդը ջանք չէր խնայում խաղաղության հաստատման համար:
Առանց մտնելու մարտյան արյունոտ դեպքերի մանրամասնությունների մեջ, առաջ բերենք մի քանի քաղվածքներ Հայոց ազգային խորհրդի ա՛յն օրերի նիստերի արձանագրությունից, որոնք բավարար հստակությամբ պատկերացնում են ընդհարումների բնույթը և թե Հայոց ազգային խորհրդի քաղաքականությունն ու խաղացած դերը:
«Մարտի 17-ի երեկոյան ժամը 8-ին սկսվեց հրացանաձգություն «Վայրի դիվիզիայի» զինվորների և «Կարմիր դիվիզիայի» միջև: Այդ առթիվ Ազգային խորհուրդն իր արտակարգ նիստն ունեցավ և որոշեց միջամտել՝ դադարեցնելու համար արյունահեղությունը: Ստեղծված բախումը լուծելու համար որոշեց առաջարկել հակամարտ կողմերին հետևյալը. «Վայրի դիվիզիայի» զինվորները հանձնում են իրենց զենքերը թուրք ընկերվարական կուսակցություններին, իսկ Բանվ. և Զինվ. Խորհուրդը հրաժարվում է «Վայրի դիվիզիայի» զենքը գրավելու ցանկությունից: Հանձնարարվեց բժ. Լ. Աթաբեկյանին գնալ Զինվ.-հեղափոխական կոմիտե և հայտնել Ազգային խորհրդի որոշումը:
Բացի այդ, Ազգային խորհուրդը որոշեց հանձնարարել բժ. Լ. Աթաբեկյանին հայտնելու, որ կռվող կողմերից ո՛չ մեկը չի կարող հույս ունենալ Հայոց ազգային խորհրդի գործուն աջակցության վրա, որովհետև մեր խորհուրդը դեմ է որևէ ընդհարման և կամենում է, որ փոխադարձ իրավախոհությամբ լուծվի դժվարությունը»:
«Ազգային խորհրդի մարտի 19-ի նիստում զեկուցվում է գիշերվա դեպքերի մասին: Բախումը թեև հաջողվեց երեկ հարթել թուրքերի զիջումով, բայց այսօր մեծ խլրտում կա թուրքերի մեջ: Քաղաքի զանազան մասերում թուրքերը կազմակերպել են միտինգներ, որոնց հանած բանաձևերը բնավ հաշտարար չեն: Թուրքերը վերջնագիր են ներկայացրել Զինվ.-հեղափ. մարմնին՝ պահանջելով հետ տալ գրավված զենքերը: Դրությունը շատ լուրջ է, և ընդհարումը անխուսափելի է թվում, եթե ձեռք չառնվեն արտակարգ միջոցներ»:
«Ազգային խորհուրդը երկար քննությունից հետո որոշեց. 1) Ձեռք առնել միջոցներ, որ ընդհարում տեղի չունենա՝ ազդելով երկու կողմերի վրա: 2) Եթե անհնար եղավ ընդհարման առաջն առնել, ձեռք առնել բոլոր ինքնապաշտպանողական միջոցները, որ հայ ազգաբնակչությունը ընդհարման ժամանակ չտուժի:
Երեկոյան դեմ, ժամը 6-ին, չնայած ձեռք առնված միջոցներին, սկսվեց հրացանաձգություն: Կռիվը սկսողը եղան թուրքերը Շեմախինկայում, ուր հարձակում գործեցին կարմիր գվարդիայի մի խմբի վրա: Այդ ազդանշանը եղավ կռվող ամբողջ քաղաքում: Շուտով սկսեցին կրակել և թնդանոթները նավերից: Նկատի ունենալով, որ սկսված արյունահեղ կռվը անխուսափելիորեն կարող է աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ քաղաքի համար, Խորհուրդը իր արտակարգ նիստում որոշեց մի անգամ ևս միջամտել՝ ազդելու համար երկու կողմերի վրա, որ դադարեցնեն կռիվը:
Որոշվեց հանձնարարել նախագահին (Ա. Գյուլխանդանյան), Ա. Արարատյանին և Ն. Տեր-Ղազարյանին՝ անմիջապես խոսելու այդ նպատակով Զինվ.-հեղափ. կոմիտեի հետ, իսկ բժ. Լ. կ, Տ. Իսախանյանին, Հ. Տեր-Միքայելյանին և Ա. Չիլինգարյանին խոսել թուրքական կոմիտեի հետ»:
«Հաջորդ (մարտի 20-ի) նիստում զեկուցում են ընտրված երկու պատվիրակությունները իրենց առաքելության անհաջողության մասին: Պարզվում է արդեն, որ Հեղափ. կոմիտեի զորքերը ամբողջ գծի վրա առաջ են շարժվում, և թուրքերը նահանջում են սարսափահար: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ քաղաքում հավաքված շատ հայ անկազմակերպ զինվորներ և մասամբ Ազգային խորհրդին ենթակա որոշ հայ զինվորներ տարերային կերպով մղում ունեն մասնակցելու կռվին, վամենակտրուկ միջոցները ձեռք առնել և Ազգային խորհրդին ենթակա ո՛չ մի զինվոր չմասնակցի կռվին, և բոլոր հայկական զորամասերը մնան ինքնապաշտպանողական դերի մեջ:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ կռվի ժամանակ բազմաթիվ անմեղ թուրքեր ենթարկվում են հարձակման և որ այդ կատարվում է հայկական թաղամասում, հաճախ, հայ զինվորների կողմից, որոշեց կտրուկ միջոցներ ձեռք առնել հայ թաղամասերում ապրող կամ ապաստանած թուրքերին Խորհրդի հովանարվորության տակ առնելու: Այդ նպատակով որոշվեց նշանակել Դ. Անանունին ընդհանուր հոգաբարձու և լիազորություն տալ նրան հավաքելու թուրքերին որոշ ապահով տեղերում ու խնամել նրանց, մինչև որ վտանգը կվերանա, որից հետո բոլորն էլ կփոխադրվեն թուրքական մասը: Այդ նպատակով որոշվեց նշանակել Դ. Անանունին ընդհանուր հոգաբարձու և լիազորություն տալ նրան հավաքելու թուրքերին որոշ ապահով տեղերում ու խնամել նրանց, մինչև որ վտանգը կվերանա, որից հետո բոլորն էլ կփոխադրվեն թուրքական մասը: Այդ նպատակով պետք եղած զինվորական ուժը Ազգային խորհուրդը որոշեց տրամադրել հոգաբարձուին: Եթե պատսպարված թուրքերի վրա որևէ հարձակում լինի, որոշվեց դիմել ծայրահեղ միջոցների՝ կանգ չառնելով նույնիսկ զենքի գործածության առաջ»:
«Ցերեկվա ժամը 3-ին թուրքերը ընդունեցին Զինվ.-հեղափ կոմիտեի վերջնագիրը: Հաշտության նպաստելու համար որոշվեց հանձնարարել Ս. Արարատյանին գնալ Զինվ.-հեղափ. կոմիտե, ներկա լինել հաշտության կնքման ժամանակ և հարկ եղած աջակցությունը ցույց տալ հաշտության գործը դյուրացնելու համար: Որոշվեց տալ Արարատյանին լիազորություն, եթե պետք լիներ, հայտնելու, որ Հայոց ազգային խորհրդի Բաքվի մասնաճյուղն ևս պատրաստ է ընդունել թուրքերին ներկայացված վերջնագրի այն կետը, որ վերաբերվում է ազգային զորամասերին»:
«Խորհուրդը երկար զբաղվեց հրացանաձգությունը, թալանը և կոտորածը կանգնեցնելու խնդրով: Չնայած հաշտության կնքման և հայտարարման, հրացանաձգությունը շարունակվում է և թալանը ստանում ահավոր չափեր: Դրությունը չափազանց վտանգավոր կերպարանք կստանար, եթե խորհուրդը գործի չդնի հերոսական ջանքեր՝ թալանի և հրացանաձգության առաջն առնելու համար: Որոշվեց հրացանազարկ անել այն բոլոր զինվորներին, որոնք, հակառակ բոլոր նախազգուշացումներին՝ կշարունակեն զբաղվել թալանով կամ հրացանաձգությամբ: Որոշվեց կռվին վերջ դնելու համար հանձնարարել նախագահին և Համազասպին գնալու առաջավոր դիրքերը և անմիջապես ազդելու զինվորների վրա, որ դադարեցնեն կրակը, եթե նույնիսկ թուրքերի կողմից հատ ու կենտ հրացանաձգություն լինի: Որոշվեց հրատարկել մի կոչ, որով Ազգային խորհուրդը հրավիրում էր հայ թաղամասերում ապրող բոլոր քաղաքացիներին ամենախիստ կարգապահության՝ սպառնալով ամենածանր պատասխանատվության ենթարկել զանցառուներին: Որոշվեց կարգը պահպանելու համար քաղաքի հայկական մասի վրա նշանակել մի ընդհանուր հսկիչ, այդ պաշտոնը հանձնվեց Լ. Քալանթարյանին, իսկ վերջինիս հրաժարվելուց հետո՝ Գ. Բալայանին: Այդ նպատակով նշանակվեցին հայկական բոլոր թաղամասերի վրա ևս հատուկ հսկիչներ»:
Բաքվի Ազգային խորհրդի նախագահը և Համազասպը ամբողջ գիշերը զբաղված էին Խորհրդի որոշումներն իրագործելով՝ դադարեցնել անիշխանությունը, կռիվը և հրդեհը: Ի մի կենտրոնացվեցին Բաքվում գտնված Դաշնակցության լավագույն մարտիկները՝ թվով մի քանի հարյուր հոգի: Համազասպի զորամասից առնվեցին մի քանի վստահելի և կարգապահության ենթարկված վաշտեր: Գիշերը ժամը 4-ին այդ զորամասերը բռնելու էին այն սահմանագիծը, ուր կռիվ էր տեղի ունենում խորհրդային իշխանության և Մուսավաթի միջև: Այդ զորքերը թույլ չպիտի տային զինված մարդկանց մի մասից մյուսը անցնելու: Թուրքական մասից եղած հրացանաձգության չպիտի պատասխանվեր:
Այդպես էլ արվեց: Հայկական զորամասերը բռնեցին դիրքեր կռվող երկու կողմերի միջև: Այս դրությունը տևեց գիշերվա ժամը 4-ից մինչև 21-ը մարտի ցերեկվա ժամը 12-ը:
Երբ երկու կողմերը վերջ տվին հրացանաձգությանը, թուրքական մասը ամբողջապես ծածկված էր ծխով: Աստիճանաբար սկսեցին դուրս գալ կանայք, երեխաներ, երիտասարդներ, պառավներ՝ յուրաքանչյուրը ձեռքին բռնած փայտի կտոր, վրան սպիտակ լաթ՝ ի նշան հաշտության: Այսպիսով, թուրքական համարյա ամբողջ մասը դուրս եկավ և հայտնեց իր հնազանդությունը: Հայ զինվորները շարժվեցին նրանց ընդառաջ, խառնվեցին իրար, և մի օր առաջվա հրացանաձգության տեղ այժմ լսվում էր լաց ու հառաչ, արցունք ու համբույր:
Այսպիսով, վերջ գտավ մի քանի օր տևող մղձավանջը, և քաղաքը խաղաղվեց:
Այս կռիվներում, թուրքերի գնդակով, սպանվեց Լ. Աթաբեկյանը, որ, իբրև անդամ Ազգային խորհրդի պատվիրակության, գնում էր թուրքական թաղը բանակցելու համար: Աթաբեկյանի մահով Բաքվի բանվորական խորհուրդը և Հայոց ազգային խորհուրդը կորցնում էին իրենց ամենաձեռնհաս ու գործուն անդամներից մեկին:
Մարտյան դեպքերի առթիվ Հայոց ազգային խորհուրդը հրատարակեց մի ընդարձակ հաղորդագրություն, որի մեջ տալիս էր դեպքերի մանրամասն նկարագրությունը:
Այս հաղորդագրությունից երևում էր, որ Ազգային խորհուրդը ազատեց բազմաթիվ մահմեդականների, որոնց պահեց մի քանի օր, կերակրեց և ապահով վերադարձրեց իրենց տները: Այդ մահմեդականները զետեղված էին հետևյալ վայրերում. Մայիլյանների թատրոնում՝ 3500 հոգի, որոնցից 70-ը՝ պարսկահպատակներ, Ռեկորդ թատրոնում՝ 2690, Ռամզեյ թատրոնում՝ 579, Եֆիմովի կրկես-թատրոնում՝ 800, Վոկզալնայա և Տելեֆոննայա փողոցի անկյունի տանը՝ 58, Բուդաղյանի դպրոցի շենքում՝ 218, Միրոնովի բաղնիքում՝ 306, Մոսկովյան բաղնիքում՝ 263, ութերորդ միլիցատանը՝ 117, յոթերորդ միլիցատանը՝ 72, Մալայա-Մորսկայա փողոցի համար 15 տանը՝ 95, Երրորդ գիմնազիայում՝ 201, Հայոց կուլտուրական միության տանը՝ 18, քաղաքային սայլանոցում՝ 2530, իններորդ միլիցատանը՝ 200, Հայկավանում՝ 79, ընդամենը՝ 11726 հոգի: Մոտ 1500 մարդ էլ ապաստանել էր հայերի մասնավոր տներում: Առհասարակ, Բաքվի հայությունը ցույց տվեց արտակարգ հոգատարություն: Նա, կարելի է ասել, փրկեց Բաքվի թուրքերի ամբողջ մտավորականությունը: Եվ… վարձատրությունը ստացավ վեց ամիս հետո, սեպտեմբերյան օրերին:
Մուսավաթի ողնաշարը ջարդելուց հետո, Բանվ. խորհուրդը ձեռք առավ և գավառի թուրք-մուսավաթական դավերի սանձահարման գործը: Մարտի 27-ին Շամախի ուղարկեց մի զորամաս Թագ. Ամիրյանի գլխավորությամբ, որի երևալը հիմնովին փոխեց դրությունը Շամախիում: Ամիրյանը զսպեց քաղաքի թուրքերին. կռվի ժամանակ հիմքից այրվեց թրքական թաղը: Հայ գաղթականները վերադարձան իրենց տեղերը, իսկ թուրքերը հեռացան: Խաղաղվեց նաև Գյոքչայի գավառը, որտեղ թրքությունը նույնպես հեռացավ:
Մարտի դեպքերի վրա, Բաքուն գրավելու փորձեր արեցին և լեռնականները, որոնք փետրվարից սկսած՝ կտրել էին Բաքու-Պետրովսկ երկաթուղին և առատ զենք ու ռազմամթերք խլելով վերադարձող ռուս զորամասերից՝ անվերջ հարձակումներ էին գործում իրենց շրջապատի վրա: Մարտի 21-ին նրանց զինված խմբերը հասան մինչև Բալաջարի, իսկ նրանց պետ Իմամ Գոձինսկին Պետրովսկիից տված հեռագրերով սպառնում էր պատժել հայերին: Ապրիլի սկզբներին, սակայն, հայկական զորամասերը ջարդեցին ու քշեցին նրանց խմբերը: Այս հաջողությունը խիստ բարձրացրեց հայ զինվորների մարտական ոգին:
Ազգային խորհուրդը որոշեց համախմբել ու կազմակերպել բոլոր հայ զորամասերը, ենթարկել նրանց մեկ հրամանատարության և այդ որոշումը իրագործելու համար հարաբերության մեջ մտավ Զինվ. –հեղափ. կոմիտեի հետ, սակայն, մարտի հաջողություններից արբեցած՝ բոլշևիկներն արդեն այնքան էին երես առել, որ մտածում էին Ազգային խորհուրդն ու Դաշնակցությունն էլ մեջտեղից վերացնելու մասին: Ի պատասխան Ազգային խորհրդի դիմումի, Զինվ.- հեղափ. կոմիտեն, ապրիլի 8-ին հայտարարեց բոլոր ազգային զորամասերը և Հայկական ազգային խորհուրդը լուծված: Վերջինս մերժեց ենթարկվել այդ կարգադրությանը, բայց, ի վերջո, ստիպված եղավ տեղի տալ, և ապրիլի 14-ին Զինվ.-հեղ. կոմիտեի ու Ազգային խորհրդի միջև ստորագրվեց մի համաձայնություն, որով՝
«1. Հայկական 2-րդ ազգային հետևակ գունդը կազմալուծվում է. նրա մի մասը մտնում է Համազասպի գումարտակների մեջ, իսկ մնացածը Խորհրդի կարմիր գումարտակների մեջ,
- Համազասպի գումարտակները վերակազմվում են՝ ամբողջովին ենթարկվելով Խորհրդի իշխանության և մտնում են կարմիր բանակի մեջ «16-րդ և 17-րդ գումարտակներ» անվան տակ,
- 16-րդ և 17-րդ գումարտակների հրամանատար է նշանակվում Համազասպը, իսկ օգնական՝ Սերգո Մանուչարյանը…
- Համազասպի գումարտակները նպատակ ունեն մոտիկ ապագայում գործողություններ սկսելու արևմտյան ուղղությամբ, այսինքն՝ դեպի Գանձակ-Երևան»:
Համաձայնագիրը ստորագրեցին Ս. Շահումյանը, Մ. Կորկանյանը, Ա. Գյուլխանդանյանը, Ն. Տեր-Ղազարյանը և Հ. Տեր-Օհանյանը:
Այսպիսով, հայկական զորամասերը ապրիլի 14-ից անցան բոլշևիկների ձեռքը: Նրանց թիվը հասնում էր 10-12 հազարի, 50-ի չափ թնդանոթներով: Նրանց մեջ էին հաշվվում և Դաշնակցության ու սոց.-հեղափոխական մարտական խմբերը, որոնք փաստորեն գտնվում էին այդ կուսակցությունների ղեկավար մարմինների ձեռքին և հրապարակ էին բերվում միայն արտակարգ դեպքերում: Դաշնակցական զորամասը բաղկացած էր 600-700 ընտիր մարտիկներից՝ Գ. Բալայանի հրամանատարության տակ:
Ապրիլի 25-ին իշխանությունը վերջնականապես անցավ բոլշևիկներին: Այդ օրը բանվորական, զինվորական և նավաստիական խորհուրդների համագումարը կազմեց Բաքվի Ժողովրդական գործավարների խորհուրդ՝ Ստ. Շահումյանի նախագահությամբ: Մյուս կուսակցություններն ու ազգային խորհուրդները հետ մղվեցին, թեև, անուղղակի կերպով, Հայոց ազգային խորհուրդը շարունակում էր ազդեցություն ունենալ գործերի և հայկական զորամասերի վրա: Առհասարակ, զորքի կազմն ու ղեկավարությունը հիմնական փոփոխության չենթարկվեց. զինվորական գործավար և ընդհանուր հրամանատար էր բոլշևիկ Ղորղանյանը, նրա սպայակույտի պետ՝ գնդապետ Ավետիսյանը, հայկական զորամասերի պետ՝ Համազասպը, ճակատի հրամանատար՝ գնդապետ Ղազարյանը, բանակի մատակարաման մասի վարիչ՝ Մ. Տեր-Պողոսյանը և այլն:
Հայկական զորամասերի վրա ձեռք դնելուց հետո, բոլշևիկները ձեռնարկեցին զինվորական ուժերի վերակազմության ու լրացման: Բայց այդ միջոցին հանգիստ նստած չէր և թշնամին: Նուրի փաշան Գանձակում կազմակերպում էր հռչակավոր «իսլամական բանակը»՝ թուրք սպաների ղեկավարության տակ՝ նպատակ ունենալով գրավել Բաքուն և առաջանալ դեպի հյուսիս ու արևելք: Հունիսի սկզբներին Գանձակ հասան և թուրք կանոնավոր զորամասեր: Ադրբեջանի կառավարությունը, դեռ Թիֆլիսից, ուժեր էր հավաքում Բաքվի գրավման համար: Ոտքի էին հանված բոլոր զորամասերն ու զինված խմբերը և ուղղված Բաքվի վրա: Նրանց առաջավոր մասերն արդեն սկսել էին երևալ Հաջի-Կաբուլի մոտերը. մի ուրիշ թև շարժվում էր դեպի Շամախի: Անհրաժեշտ էր շտապել՝ նախաձեռնությունը թշնամուն չտալու համար: Եվ Զինվ. –հեղափոխ. կոմիտեն որոշեց անցնել վճռական գործողությունների՝ հետ շպրտել թուրքերին Հաջի-Կաբուլից և գրավել ռազմական տեսակետից կարևոր Աղսու-Քուրդամիր գիծը՝ 160 կիլոմետր տարածությամբ:
Հունիսի 5-ից Բաքվի զորքերը անցան հարձակման և մի շարք տաք ու հաջող ճակատամարտերից հետո, մինչև հունիսի 26-ը գրավեցին մի կողմից Կարամարգիան-Քուրդամիր-Զուբովկա և մյուս կողմից՝ Զուբովկա-Պետրոպավլովսկ գծերը, այսինքն՝ ավելի, քան նախորոշված էր արշավանքի սկզբին: Թուրք-ադրբեջանյան ուժերը, ծանր կորուստներով, քաշվեցին հետ: Բաքվեցիների ձեռքը անցավ հարուստ ավար՝ թնդանոթներ ու գնդացիրներ, հրացան ու փափմուշտ: Կռվի դաշտում մնացած դիակների թիվը հաշվվում էր հարյուրներով:
Հունիսի 25-ին հայտնի դարաձավ, որ թուրքական մի դիվիզիա շարժվում է դեպի Գյոքչա, մի ուրիշն էլ՝ Եվլախի ուղղությամբ և որ իսլամ բանակի սպայակույտը փոխադրվում է Ուջարի կայարանը՝ ավելի վճռական գործողությունների դիմելու համար: Բաքվի հրամանատարությունը որոշեց շեշտակի հարվածով խանգարել այդ ծրագիրը, և հունիսի 27-ին շարժվեց Ուջարին ու Գյոքչան գրավելու դիտավորությամբ: Սկսվեցին կատաղի կռիվներ: Հունիս 27-28-ին թուրքերը մեծ զոհեր տալով նահանջեցին և հունիսի 29-ին անցան հակահարձակման: 3 օրվա արյունահեղ կռիվների մեջ հոգնած, անոթի ու ծարավ՝ գերազանց ուժերի ճնշման տակ՝ Բաքվի զորամասերը սկսեցին նահանջել դեպի Կարակարգյան՝ իրենց հետ տանելով և Գյոքչայի հայազգաբնակչությանը:
Այդ օրվանից նախաձեռնությունը անցավ թուրքերի ձեռքը: Բաքվի ուժերը օր ավուր հալչում էին. հունիս 10-ից սկսած նրանք կորցրել էին 7 սպա և 265 զինվոր սպանված, 16 սպա և 534 զինվոր վիրավոր: Անառողջ կլիման, ջրի պակասությունը, անբավարար սնունդն ու հագուստը զարգացնում էին հիվանդություններ ու դասալքություն: Մարտիկների թիվը, որ արշավանքին սկզբին 4 400 էր, իջել էր 2 400-ի: Այդ պատճառով, հուլիսի 1-ից սկսած տեղի ունեցավ անընդհատ նահանջ, որի ընթացքում թշնամին հարձակումներ էր գործում, աշխատում անցնել թիկունքը, կռվի էր բռնվում բաքվեցիների հետ: Հուլիսի 6-ին Բաքվի ուժերը կանգնեցին Շամախի-Կարասախկալ-Քուրդամիր գծի վրա:
Հուլիսի 5-ին Պարսկաստանից Բաքու հասավ գնդապետ Բիչերախովը իր զորամասով և նշանակվեց Բաքվի պաշտպանության պետ, որ խիստ բարձրացրերց մարտիկների տրամադրությունը: Հուլիսի 8-ին Բիչերախովի զորամասը հաջող կռիվներ ունեցավ Քուրդամիրի ճակատում: Նույն օրը թուրքերը հարձակվեցին Շամախիի վրա, բայց հանդիպեցին սաստիկ դիմադրության: Հուլիսի 9-ին, բաքվեցիները անցան հակահարձակման, և թուրքերը լուրջ կորուստներ կրելով և խոշոր ավար թողնելով նահանջեցին: Հուլիսի 11-ին բաքվեցիները անցան հակահարձակման, և թուրքերը լուրջ կորուստներ կրելով և խոշոր ավար թողնելով նահանջեցին: Հուլիսի 11-ին բաքվեցիները դադարեցրին հետապնդումը՝ վերագրավելով Շամախիի դիրքերը: Նույն ժամանակ կռիվներ սկսվեցին և Բաքվի զորքերի ձախ թևում ու կենտրոնում: Երեք օր տևող ճակատամարտերից հետո բաքվեցիները չդիմացան ու հետ քաշվեցին բռնելով Կերար կայարանը: Հուլիսի 20-ից սկսեցին մի շարք նոր արյունահեղ կռիվներ: Բաքվի ուժերը նահանջեցին Շամախիից էլ: Զորքի հետ հեռացավ և շրջանի ամբողջ հայ բնակչությունը: Քայլ առ քայլ, անվերջ կռիվներով՝ հուլիսի 26-ին զորքն ու ժողովուրդը հասան մինչև Խրդալան, իսկ կենտրոնի ուժերը՝ մինչև Ալյաթ՝ ճանապարհին ոչնչացնելով ամեն ինչ:
Հուլիսի 26-ին խաբեությամբ, լքելով իր դիրքերը, Դերբենտի շրջանը փախավ գնդապետ Բիչերախովը՝ տանելով հետը իր զորամասը: Նույն օրը Հայոց ազգային խորհուրդը թուրքերի արևելյան ճակատի պետ Մուրսել փաշայից ստացավ մի գրություն, որով առաջարկում էր վերջ տալ կռվին և քաղաքը հանձնել իրեն:
Մյուս կողմից, անհաջողությունները ճակատում շարունակվում էին: Հուլիսի 27-28-ին թուրքերն արդեն քաղաքի տակ էին՝ Բիբի-Հեյբաթում ու Բալաջարիում: Մի գրոհ ևս, և Բաքուն կընկներ: Հուլիսի 28-ի գիշերը ժողովրդի մեջ ծայր էր տվել խուճապը. հայերը և օտարներից ոմանք պատրաստվում էին հանձնել քաղաքը:
Դրությունը դառնում էր հուսահատական: Ի՞նչ անել, ո՞ւմ դիմել: Ռուսաստանից հույս չկար. Ստալինն ինքը, դեռ հունիսին, թախանձագին խնդրում էր Շահումյանից «ամեն կերպ (զենքով, մարդով) օգնել Թուրքեստանին, որի գլխին անգլիացիները, Բուխարայի և Աֆղանստանի վրայով, աշխատում են վատ խաղ խաղալ»: Մնում էր աղոտ հավանականություն՝ օգնություն ստանալ «երրորդ ուժից»՝ անգլիացիներից, Պարսկաստանի վրայով: Եվ այդ հարցը դրվեց բանվ., զինվ., նավաստ. և գյուղացիական խորհուրդների պատգամավորների և շրջանային խորհուրդների, նավային կոմիտեների ու կովկասյան կարմիր բանակի Ռազմա.-հեղափոխ. կոմիտեի արտակարգ նիստում, հուլիսի 27-ին: Շահումյանը մի ընդարձակ ճառով աշխատեց համոզել, որ անգլիացիներին հրավիրելը հավասար է հեղափոխության պարտության, որ, ավելի լավ է հաշտություն կնքել թուրքերի հետ, բայց անգլիացիներին հրավիրելու մտքից հետ կենալ: Սակայն, ժողովը միաձայնությամբ, ընդդեմ բոլշևիկների, որոշեց օգտվել անգլիական ուժերից: Փաստորեն այդ որոշումը խորհրդային իշխանության վերջն էր, բայց ժող. գործ. խորհուրդը մի քանի օր էլ չհրաժարվեց և, ամենքից գաղտնի, սկսեց տենդագին փախուստի պատրաստություններ տեսնել: Հուլիսի 28-ից մինչև 30-ը գիշերները, նավերի վրա փոխադրեցին բոլշևիկ զորքերն ու բոլշևիկ պարագլուխների ընտանիքները: Ապա, հապճեպով խորհրդի արտակարգ նիստ գումարեցին, ուր Շահումյանը մի տգեղ ճառով անհաջողությունների ամբողջ պատասխանատվությունը ձգեց մենշևիկ-էսէռների և Դաշնակցության ու Հայոց ազգային խորհրդի վրա և հայտարարեց, որ Ժող. գործ. խորհուրդը հրաժարվում է իշխանությունից ու հեռանում Աստրախան…
Եվ նույն օրն էլ հեռացան: Փախչողների մեջ էին, բացի Շահումյանից, և մի շարք ուրիշ հայ կոմունիստներ՝ Սմբ. Մարգարյանը, Արտ. Կարինյանը, Գ. Ղորղանյանը, Ս. Տեր-Գաբրիելյանը, Աշ. Հովհաննիսյանը և ուրիշներ:
Բոլշևիկների փախուստից հետո ստեղծվեց նոր իշխանություն՝ Բաքվի դիկտատուրա, որի մեջ մտան սոց.-հեղափ. Վելունցն ու Լ. Ումանսկին, դաշնակցականներ Ալ. Առաքելյանն ու Ս. Մելիք-Յոլչյանը և 3 նավաստիներ Կասպից նավատորմիղից: Դիկտատուրայի առաջին գործը եղավ ռազմանավեր ուղարկել ու հետ բերել փախստական բոլշևիկներին և նրանց տարած ավարը, որը և կատարվեց հաջողությամբ. նավերը վերադարձվեցին և բոլշևիկները բանտարկվեցին: Նրանց դեմ հարուցվեց դատական հետապնդում:
Դիկտատուրայի գլխավոր մտահոգությունը, սակայն, ճակատն էր, ուր դրությունը օր օրի վրա վատանում էր: Պատերազմի ծանրությունը առանձնապես ընկած էր հայերի և մանավանդ, Դաշնակցության վրա, որ լարել էր ուժերը ճակատը պահելու համար: Հուլիսի 30-ի գիշերվա նիստում ՀՅԴ Բաքվի Կենտրոնական կոմիտեն քննեց ստեղծված ահարկու կացությունը: Ելք չէր գտնվում: Նույնիսկ Ռոստոմը, որ, սովորաբար, հուսահատվել չգիտեր, շվարել էր: Հանկարծ, պատմում է Ս. Մելիք-Յոլչյանը իր հուշերի մեջ, «դուռը բացվեց և սոց.-հեղ. Միքայել Տեր-Պողոսյանը ներս մտավ՝ խնդրելու, որ Ռոստոմը դուրս գնա: Հարևան սենյակում Տեր-Պողոսյանը հանձնել էր Ռոստոմին Պարսկաստանի Էնզելի քաղաքից ստացված նոր ռադիո-հեռագիրը, որով հայտնվում էր, թե անգլիական հինգ հազարանոց մի զորամաս այնտեղ պատրաստ է նավեր նստելու և Բաքվին օգնության հասնելու, եթե միայն քաղաքը երկու օր պաշտպանվի և պահվի: Ռոստոմը վերադարձավ բոլորովին փոխված: Նա, կարծես, նորից հարություն էր առել…»
Հ. ազգ. խորհրդի ներկայացուցիչ Ս. Արարատյանի ջանքերի արդյունքն էր այդ: Հ. ազգ. խորհուրդը Արարատյանին ուղարկել էր Պարսկաստան՝ անգլիացիների հետ բանակցելու հրամանատարությանը Բաքու ուղարկել անգլիական զորամասեր: Այդ լուրն էր ավետում ռադիո-հեռագիրը, որ աներևակայելի ոգևորություն առաջ բերեց Բաքվում: Հ. Հ. Դաշնակցությունը մի հատուկ կոչով զորակոչ հայտարարեց և ճակատ ուղարկեց մի քանի հազար կռվողներ: Առաջավոր դիրքեր գնացին և Մուրադն ու Սեպուհը, որոնք, հուլիսի վերջերին, Վոլգայի ափերից հասել էին Բաքու: Եվ սկսվեց համառ դիմադրություն:
Օգոստոսի 2-ին թուրքերը նորից անցան կատաղի հարձակման, այս անգամ Գայլի Դրունքի շրջանում, և համառ կռիվներից հետո, առաջացան մոտ 500 քայլ: Հաջորդ օրը թնդանոթները որոտում էին ամբողջ ճակատի վրա: Թուրքական գրոհները իրար էին հաջորդում: Բաքվեցիները պաշտպանվում էին արտակարգ քաջությամբ. մեկը մյուսի հետևից ընկնում էին լավագույն մարտիկները՝ Մուրադը, 16-րդ գումարտակի հրամանատար Արամ Դովլաթյանը, հեծելազորի պետ Իսակը: Վիրավորների թիվը շատ մեծ էր…
Օգոստ. 4-ին թուրքերը սկսեցին կենտրոնացնել իրենց ուժերը, և Հ. ազգ. խորհուրդը ստացավ մուրսել փաշայի երկրորդ, այս անգամ սպառողական, նամկը՝ քաղաքը հանձնելու պահանջով: Նույն օր Բաքու հասավ գնդ. Ստոկսը մի քանի տասնյակ անգլիացի զինվորներով և լուր բերեց, որ իր հետևից գալու են 5000 անգլիացիներ: Բյս լուրը Բաքվի պաշտպաններին նոր ուժ ներշնչեց: Եվ կռիվը շարունակվեց հուսահատ վճռականությամբ:
Օգոստ. 4-ի գիշերը, թուրքերը փորձեցին պատռել բաքվեցիների շղթան և օգոստ. 5-ի լուսաբացին արդեն գրավել էին Բիբի-Հեյբաթը: Նրանց թնդանոթների ռումբերը ընկնում էին Բայիլով քաղաքամասում: Արյունահեղ կռիվներ էին տեղի ունեում և մյուս ճակատների վրա: Բաքվեցիները լարում էին իրենց վերջին ճիգը: Հ. Հ. Դաշնակցությունը ճակատ ուղարկեց իր բոլոր ուժերը: Ռոստոմը շրջում էր դիրքից դիրք և քաջալերում կռվողներին: Հ. ազգ խորհուրդը իր բոլոր անդամներով աշխատում էր առանց դադարի: Հրամանտարները անձնական քաջությամբ թև էին տալիս մարտիկներին: Անգնահտելի ծառայություն էր մատուցանում և նավերի հրետանին: Օրհասական վայրկյան էր. մա՛հ կամ ազատություն՝ ուրիշ ելք չկար:
Առավոտյան ժամը 10-ին բաքվեցիների մի զորամաս հաջողեց անցնել թշնամու թիկունքը. միաժամանակ հակահարձակում սկսվեց և ճակատից ու թևերից: Թուրքերը առնվեցին երկու կրակի մեջ և, 3 ժամ հետո, արդեն փախչում էին գլխակորույս՝ թողնելով մոտ 1000 դիակ, 16 գնդացիր և մեծ քանակությամբ ավար: Շատ լուրջ էին և բաքվեցիների զոհերը. 14 սպա և 415 զինվոր սպանված ու վիրավոր: Սպանվեց և Համազասպի օգնականը՝ Սերգոն, Բաքվի հերոսամարտի ամենափայլուն մարտիկներից մեկը: Ծանր վիրավորվածների մեջ էր Մարտին Շաթիրյանի որդին՝ ուսանող Ռուբենը, որ թնդանոթաձիգ էր և ռումբի պայթյունից կորցրեց մեկ ոտքը, մեկ աչքը, ծնոտը, բայց և այնպես փրկվեց և ապագայում շարունակեց ծառայել Հայաստանի բանակում:
Օգոստոսի 5-ին, երբ թշնամին արդեն փախել էր, Բաքու հասան և անգլիացիները, և մինչև օգոստոսի 19-ը իրենց ուժերը հասցրին 2700-ի, որոնցից 200-ը հետ գնաց, իսկ 150-200 հոգին կռիվներում սպանվեց կամ գերի ընկավ: Անգլիացիների գալը առաջ բերեց խիստ դժգոհություն Բաքվի մահմեդական և, մասամբ, ռուս ազգաբնակչության ու բոլշևիկների մեջ: Քաղաքում սկսեցին երևալ ռուսերեն կոչեր ու թռուցիկներ՝ «Կորչե՛ն հայերը», «Մա՛հ հայերին», «Կեցցե՛ Թուրքիան և Ռուսաստանը» և այլ նշանաբաններով:
Օգոստոսի 5-ի կռիվներից հետո, ավելի քան 3 շաբաթ, տիրեց խաղաղություն. թուրքերը սպասում էին օգնական նոր ուժերի՝ պատրաստվելով վճռական գործողություն: Սկսեցին վերակազմել ու համախմբել իրենց ուժերը և բաքվեցիները: Օգոստոսի 5-ին դիկտատուրայի կողմից ընդհանուր հրամանատար նշանակվեց զորավար Դոկուչաևը, զինվորական գործերի վարիչ՝ զոր.ավարԲագրատունին: Սակայն, անգլիացիների հետ կարելի չեղավ ուժերի ներդաշնակություն և ընդհանուր ղեկավարություն առաջ բերել: Նրանք, զորավար Դընստերվիլի հրամանտարության տակ, գործում էին բոլորովին անկախ: Նրանք բռնեցին աջ ճակատի «Ցեխոտ հրաբուխ» մասը: Զորավար Դընստերվիլը, առհասարակ, մռայլ աչքով էր նայում հաղթանակի հնարավորությանը և հենց սկզբից իրեն պահում էր այնպես, որ ամենքը զգում էին, թե առաջին իսկ լուրջ վտանգի դեպքում պիտի թողնի ու հեռանա:
Օգնական ուժեր ստանալուց և վերակազմվելուց հետո, օգոստոսի 29-ին, թուրքերը անցան հարձակման, անգլիացիների գրաված ճակատում: Վերջիններս ուժգին դիմադրությունից հետո թողին դիրքերի մի մասը: Սեպտեմբերի 1-ին թուրքերի համար հաջող հարձակումներ սկսվեցին և աջ թևում: Զորավար Դընստերվիլը հայտնեց դիկտատուրային, որ դրությունը անհույս է և պետք է թուրքերի հետ բանակցություններ սկսել՝ պատերազմը վերջացնելու համար: Դիկտատուրան միաձայնությամբ մերժեց այդ առաջարկը և պահանջեց, որ անգլիացիք մեկնեն ճակատ՝ սպառնալով, հակառակ պարագայում, թնդանոթի կրակի բռնել նրանց նավերը: Անգլիացիները համակերպվեցին: Կռիվները շարունակվեցին անընդհատ: Թշնամին դանդաղ, բայց հաստատուն քայլերով մոտենում էր քաղաքին:
Սեպեմբերի 13-ի առավոտյան, մոտ 3000 թուրքեր ու տեղացի մահմեդականներ՝ ձիավոր ու հետևակ՝ գրոհ տվեցին Սուրուխանիի շրջանում և մինչև կես գիշեր աշխատում էին ճեղքել բաքվեցիների ճակատը: Սեպտեմբերի 13-14-ի գիշերը հարձակումները սկսվեցին ամբողջ ճակատի վրա, և լուսաբացին թուրքերը գրավեցին Գայլի Դրունքի դիրքերը:
Արյունոտ վախճանը մոտենում էր:
Սեպտեմբերի 14-ի առավոտից անգլիացիք սկսեցին թողնել դիրքերը և նաև նստել. Պատրաստվում էին հետևելու բոլշևիկների օրինակին, իրենց կաշին ավելի թանկ էր, քան Բաքուն ու Բաքվի ժողովուրդը: Ժամը 5-ին նրանք հայտնեցին դիկտատուրային, որ հեռանում են և առաջարկեցին քաղաքը հանձնել թուրքերին: Հայոց ազգային խորհուրդը խնդրեց նրանց թախանձագին, որ գեթ 3 օր էլ մնան, մինչև որ կարելի լինի գաղթեցնել ժողովրդին: Զորավար Դընստերվիլը պատասխանեց. «2 ժամից հետո պիտի մեկնենք. սպիտակ դրոշակ բարձրացրե՛ք»: Եվ երեկոյան ժամը 8-ին անգլիական նավերը հեռացան Պարսկաստանի ուղղությամբ:
Հայերը մնացին մենակ: Դիկտատուրան սկսեց պատվիրակություն պատրաստել հաշտության բանակցությունների համար: Մյուս կողմից, նավերն էին թափվում ժողովուրդն ու զինվորները. զորամասերը քայլ առ քայլ նահանջում ու հավաքվում էին ծովափին: Որոշ մասեր, սակայն, չկարողացան հեռանալ դիրքերից ու մինչև վերջին փամփուշտը կռվելուց հետո՝ կոտորվեցին կամ գերի ընկան:
Սեպտեմբերի 15-ի առավոտյան, Ազգային խորհրդի անդամները, ինքնապաշտպանության կազմակերպիչներն ու ղեկավարները, զինվորներն ու բնակչության մի մասը նավերով հեռացան Բաքվից՝ ոմանք դեպի Պարսկաստան, ոմանք դեպի Պետրովսկ, ոմանք Կրասնովոդսկի կողմը: Վերջին նավ նստողն էր Բաքվի հերոսամարտի ոգին՝ Ռոստոմը, մռայլ, ընկճված ու հուսաբեկ…
Իսկ քաղաքում, այդ միջոցին, սկսվում էր մեծ եղեռնը: Մահեդական խուժանը թափվում էր ամեն կողմից: Հասան Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչներն էլ: Եվ երեք օր շարունակ, ամեն կողմ, կատարվեց սպանություն, թալան, բռնաբարություն և աննկարագրելի գազանություն. Էնվերի ու Թալեաթի աշակերտները սերտում էին իրենց վարպետների տված դասը…
Թուրք կանոնավոր զորքը քաղաք մտավ միայն սեպտեմբերի 16-ի երեկոյան, և այդ ժամից զանգվածային թալանն ու կոտորածը վերջ գտավ: Անհատական սպանությունները, սակայն, ձերբակալություններն ու կողոպուտը, այնուհետև էլ շարունակվեցին: Հայերը Ադրբեջանում դրվեցին օրենքից դուրս:
Որքա՞ն էր Բաքվի զոհերի քանակը: Ազգային խորհրդի նախագահ Գյուլխանդանյանը այդ մասին տալիս է հետևյալ թվերը. սպանվածներ՝ 5248 հոգի, անհայտացածներ՝ 3572, գերվածներ՝ 3396, բանտարկվածներ՝ 253, առևանգվածներ՝ 571, բռնաբարվածներ՝ 228:
Բախշի Իշխանյանը իր կատարած վիճակագրության վրա հենվելով՝ հաղորդում է ուրիշ թվեր. սպանվածներ՝ 9029, անհայտացածներ՝ 3586, գերվածներ՝ 4246, բանտարկվածներ՝ 253, առևանգվածներ՝ 1142, բռնաբարվածներ՝ 572: Բացի այդ, Իշխանյանը հաստատում է, որ Բաքվի 32 000 փախստականներից 10 235 հոգին մեռել է զանազան վայրերում: Եղել են և այլ կարգի մահացություններ: Զոհերի հանրագումարաը Իշխանյանը ցույց է տալիս 29 060, Բաքվինը ՝ 89 541 հոգի, հայ բնակչության 32,45 տոկոսը: Հայերի նյութական կորուստը Իշխանյանը հաշվում է 945 724 017 ռուբլի:
«29 060 հոգի մարդկային զոհեր և 954 724 017 կամ մոտ մի միլիարդ ռուբլու նյութական վնասներ ու կորուստներ՝ ահա թուրք-թաթարական բարբարոսության և արյունառուշտ քաղաքականության արդյունքը սեպտեմբերյան մեծ սարսափների օրերին»,- եզրափակում է Իշխանյանը:
Ահա ա՛յս «քաղաքական հասունության վկայականով» Ադրբեջանը սկսեց իր պետական անկախ կյանքը: