Անդրկովկասի քայքայումը. անկախություններ` Սիմոն Վրացյան

869

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունը: 

Գլուխ ԺԴ 

Այսպես, Հայոց աշխարհը արյան ու կրակի մեջ էր: Իսկ ի՞նչ էր կատարվում այդ միջոցին Բաթումում ու Թիֆլիսում:

Մայիս 11-ին, թուրքերի պայմաններն ստանալուց հետո, Անդրկովկասյան Բաթումի պատվիրակությունը գրավոր պնդեց Բրեստ-Լիտովսկի պայմանների վրա, և այս առթիվ սկսվեց թղթերի փոխանակություն թուրք և Անդրկովկասյան պատվիրակությունների միջև. անդրկովկասցիք անշեղ կանգնած էին Բրեստ-Լիտովսկի պայմանների վրա, բողոքում էին այդ դաշնագրի սահմաններից դուրս ընկնող շրջանների գրավման դեմ և պահանջում էին, բանակցություններին մասնակցեն նաև Թուրքիայի զինակիցները. թուրքերը հակաճառում ու սպառնում էին:

Այս բանակցությունների ընթացքում մայիս 14-ին թուրքերը պահանջեցին անմիջապես թույլ տալ թուրք զորքերին Ալեքսանդրապոլի վրայով անցնել դեպի Ջուլֆա: Եվ դեռ պատասխանը չստացված, ինչպես տեսանք, հարձակվեցին Ալեքսանդրապոլի վրա:

Բանակցություններն արագացնելու նպատակով, մայիսի 19-ին Գերմանիայի ներկայացուցիչ զորավար ֆոն Լոսովը առաջարկեց Անդրկովկասյան պատվիրակությանը իր միջնորդությունը: Անդրկովկասյան պատվիրակությունը, հակառակ ադրբեջանցիների վարանումին, ընդունեց ուրախությամբ:

Հաջորդ օրը, մայիս 20-ին, Բաթում հասան Հայոց ազգային խորհրդի ներկայացուցիչներ բժ. Համո Օհանջանյանն ու Արշ. Զոհրաբյանը՝ գերմանական կառավարության հովանավորությունը խնդրելու առաքելությամբ: Մայիսի 22-ին այդ իմաստով պաշտոնապես դիմում արվեց զորավար ֆոն Լոսովին, և այս վերջինը իսկույն հեռագրեց Պոլսի գերման դեսպանին այդ դիմումի մասին՝ ավելացնելով միաժամանակ, որ հայ ժողովրդի վիճակը ողբերգական է և որ թուրքերը ձգտում են գրավել հայկական գավառներն ու բնաջնջել հայերին:

Մայիսի 24-ին զորավար ֆոն Լոսովը հաղորդեց Անդրկովկասյան պատվիրակությանը, որ թուրքերը մերժեցին միջնորդության իր առաջարկը, իսկ մայիսի 25-ի երեկոյան, մի առանձին նամակով, հայտնեց, թե իր ստացած ստույգ տեղեկությունների համաձայն Անդրկովկասյան Հանրապետությունը քայքայման նախօրյակին է գտնվում, որով իր ներկայությունը դառնում է այլևս ավելորդ, և ինքը նույն օրը ևեթ մեկնելու է Բաթումից:

Եվ ճիշտ որ, Անդրկովկասը արագ քայլերով գնում էր դեպի քայքայում: Օր օրի վրա սաստկանում էին հակամարտությունները կովկասյան ժողովուրդների միջև, որոնցից վրացիները գաղտնի, բայց տենդագին որոնում էին գերմանացիների հովանավորությունը, ադբեջանցիները բռնել էին թուրքերի փեշից և քաշում էին դեպի Բաքու, որը այդ օրերին բոլշևիկների ձեռքն էր, հայերը մնացել էին մենակ և օրհասական կռիվ էին մղում մահ ու ավեր սփռելով առաջ շարժվող թուրքական զորքերի դեմ:

Հայ ներկայացուցիչները Բաթումում փորձեցին համաձայնության գալ ադրբեջանցիների հետ, բայց հանդիպեցին խիստ անզիջող վերաբերումի. ադրբեջանցիները պահանջում էին ոչ միայն ամբողջ Ղարաբաղը, Զանգեզուրն ու Շարուրը-Նախիջևանը, այլև Երևանի ու Էջմիածնի գավառների մեծ մասը՝ Երևան քաղաքով հանդերձ: «Հայաստանի մայրաքաղաքը կարող է լինել Էջմիածինը»,-ասում էր շնականորեն Ուսուպբեգովը Խան-Խոյսկու և Ռասուլ Զադեի հավանությամբ: Եվ սրանք համարվում էին դեռ չափավորները: Անդին գործում էր դր. Սուլթանովը Գանձակի ու Բաքվի Ազգային խորհուրդների խան ու բեգ անդամների հետ, որոնցից 30 հոգիանոց մի պատվիրակություն եկել էր Բաթում և համոզում էր թուրքերին օր առաջ շարժվել դեպի Անդրկովկասի խորքերը՝ ազատելու համար Բաքվի մահմեդականներին բոլշևիկների և հայերի ձեռքից: Ադրբեջանցի թուրքերը Անդրկովկասյան պատվիրակության մեջ անվերապահ կերպով պաշտպանում էին թուրքերին և իրենց քայլերը հարմարեցնում վերջիններիս ծրագրերին:

Ըստ էության, ավելի լավ չէր և վրաց ներկայացուցիչների դիրքը: Ինչպես պարզվեց հետո, Չխենկելին և իր ընկերները՝ պատվիրակության մյուս անդամներից թաքուն, բանակցություններ էին վարում գերմանացիների հետ՝ Վրաստանի նրանց հովանավորության տակ դնելու նպատակով:

Հաճախ Բաթումում երևում էին վրացի գործիչներ, որոնք նույնպես գաղտագողի խորհրդակցություններ էին անում, տեսնվում էին մերթ թուրքերի, մերթ գերմանացիների հետ և հայերի թիկունքում ինչ-որ մութ հաշիվներ կարգադրում: Հետագայում հայտնի դարձավ, որ նրանք Վրաստանի անկախության հայտարարությունն էին նախապատրաստում: Վրացական պատվիրակության անդամներից մեկը՝ պրոֆ. Զ. Ավալովը հետևյալ ձևով է ներկայացնում այդ դավերը.

«Գերմանական պատվիրակության հետ ունեցած բաց ու անկեղծ զրույցների ընթացքում պատրաստվեց Վրաստանի նշվող դիրքը՝ անդրկովկասյան միության անխուսափելի քայքայման նախատեսության հետևանքով: Միայն մի քանի մարդ տեղյակ էր գաղտնիքին: Թիֆլիսից եկած Նոյ Ժոդանիան Վրաց ազգային խորհրդի նախագահի և Սեյմի ու Վրաստանի սոց.-դեմոկրատական կուսակցության պարագլուխի իր դիրքով հանդիսացավ այն անձը, որին վիճակվեց Թիֆլիսում հիմնական ակտերը (Վրաստանի անկախության հայտարարությունը և Անդրկովկասյան սեյմի ինքնավերացումը) անցկացնելու դժվարին գործը: Նա, ըստ երևույթին, տատանվում էր՝ միանգամայն հասկանալի և օրինական պատճառներով. Վրաստանի անկախությունը քիչ էր կապվում իր նախկին գործունեության ու հավատամքի և Ռուս. սոց.-դեմ. կուսակցությանը պատկանելու հետ: Բայց մի անգամ որ  «հավատաց», այլևս ճարպիկ ձեռքով սկսեց անցկացնել նոր ծրագիրը:

Մայիսի 22-ին Ժորդանիան վերադարձավ Թիֆլիս:  «Գերման-վրացական» աշխատանքը ամբողջ թափով ընթանում էր  «անդրկովկասյան-թուրքական» աշխատանքին զուգընթաց»:

Նույն Ավալովը այդ օրերի դեպքերը հետևյալ ձևով է արձանագրում իր հուշատետրի մեջ.

«Բաթում, 21 մայիսի 1918. Առավոտյան Ն. Ժորդանիայի և Նիկոլաձեի հետ քննում ենք քարտեզի վրա մեզ անհրաժեշտ սահմանները, ծայրահեղ դեպքում պատրաստ ենք «տալու» Զաքաթալայի շրջանը: Հօգուտ Ազրբեջանի սահմանային ուրիշ որևէ սրբագրություն չենք անի: Թուրքերը դանակը կոկորդներիս դրած՝ պահանջներ են անում, բայց Ախալցխան, Խերթվիսը Վրաստանին պետք է մնան.

Ցերեկը՝ խորհրդակցություն վրացիների ու թաթարների միջև սահմանների մասին: Մի կողմից՝ Նիկոլաձե, Ժորդանիա, Սուրգուլաձե և ես. մյուս կողմից՝ Խան-Խոյսկի, Խասմամեդով, Սաֆիքուրդսկի, Պեպինով, Ուսուբեգով, Ջաֆարով: Հայերը հրաժարվել են Գանձակի նահանգի մասերից (Ղարաբաղ), իսկ մահմեդականները… համաձայն են կազմել Անդրկովկասում առանձին հայկական կանտոն (օրինակ, զեմստվոյական «Ալեքսանդրապոլի նահանգի» ձևով): Մեզնից էլ ուզում են գրավել Սղնախը, Թիֆլիս և Բորչալու գավառների մասերը, բայց համաձայնությունը հնարավոր է. նրանք կզիջեն: Ախալցխայի խնդրի առթիվ Պեպինովը առաջ է քաշում ինքնորոշման պահանջը (հասկանալով կցումը Թուրքիային):

Ընդհանուր առմամբ, մեր բարեկամ մահմեդականները հավատացնում են, որ ամեն կերպ պաշտպանելու են «եռյակ» Անդրկովկասը. բայց ասում են, ինչ անել, եթե թուրքերը չհրաժարվեն իրենց պահանջներից, և ծրագրվող «կանտոններից» մեկը բացակայի: Նրանց փափագն է, այդ դեպքում, պահպանել Անդրկովկասը գեթ որպես «երկյակ միություն»:

«Մայսի 22. Աչքի առաջ ունենալով «Անդրկովկասին սպառնացող փլուզումը՝ վճռական խորհրդակցություն եղավ Վրաստանի անկախությունը հայտարարելու անհրաժեշտության մասին: Ծրագիրն այն է, որի վրա վաղուց ի վեր, իբրև «խորհրդական», պնդում եմ այստեղ և որին Չխենկելին և ուրիշները համաձայն են: Վրաստանի անկախությունն ու հողային ամբողջությունը երաշխավորվում է Գերմանիայի կողմից: Արևելյան Անդրկովկասը ստանում է գործելու ազատություն և կազմակերպվում է թուրքերի օգնությամբ: Հայերն էլ պարտավորված պիտի լինեն հայտնել իրենց անկախությունը…

Գրեցի Վրաստանի անկախության հայտարարության նախագիծը՝ ժամանակն է ճշտորոշել, գործել: Չխենկելին, Նիկոլաձեն, Ժորդանիան, Սուրգուլաձեն հավանություն տվեցին: Ժորդանիան այդ նախագիծն իր հետ տարավ Թիֆլիս: Մնաս բարովի ժամանակ մենք առանձնապես սեղմում էինք նրա ձեռքերը: Նա ստիպված պիտի լինի բեմադրել մի շատ լուրջ թատերախաղ: Մտածեցե՛ք, միայն զանազան կազմակերպությունների, խորհուրդների և է՛լ ավելի թանձր նախապաշարումների մեծության մասին: Բայց նա, երևի արդեն նախապատրաստել է վերջին գործողությունը. մնում է քաշել թելը»:

«Մայիս 23. Այսօր, ի միջի այլոց, կարդում ենք համաձայնության նախագիծը, որով վրաց ժամանակավոր կառավարությունը Գերմանիային իրավունք է տալիս օգտվելու Վրաստանի նավահանգիստներում գտնվող բոլոր նավերից»:

Մայիս 24. Լարված աշխատանք: Վեզենդոնքի հետ կարդում եմ վերջնական նախագծերը: Շատերը սկսում են գլխի ընկնել, որ բեմի հետևը կատարվում է խուլ աշխատանք, որ մայիս 25-ի գիշերը ուղարկվում է Չխենկելու ստորագրությամբ.

«Թիֆլիս, զորավար Քվինիթաձեին.

Հաղորդեցե՛ք Վրաստանի Ազգային խորհրդի նախագահությանը հետևյալը. անկախության հայտարարության հետագա հապաղումը կունենա անուղղելի հետևանքներ: Գերմանական միջնորդության փորձը չհաջողվեց: Մնում է մեկ բան. թուրք արշավին հակադրել Գերմանիայի աջակցությունը վայելող անկախ Վրաստանը: Նրա ներկայացուցիչը վրաց կառավարության մոտ կլինի կոմս Շուլենբուրգը, որին պետք է անմիջապես ճանաչել, հենց որ հայտարարություն արվի…  Արդեն ստորագրության համար պատրաստված են մի շարք ժամանակավոր համաձայնություններ Գերմանիայի հետ… Սպասում ենք շուտափույթ հաղորդագրություն ակտի մասին»:

Զորավար Ի. Օդիշելիձեն սեփական ձեռքերով ծածկագրեց այս հեռագիրը:

«Մայիսի 25. Ամբողջ թափով ավարտում ենք հետկուլիսյան աշխատանքը… Ուշ գիշերով Չխենկելիի ու Նիկոլաձեի հետ խոսում ենք մեր հավանականությունների մասին: Թիֆլիսից հեռագիր ստացվեց. անկախությունը կհայտարարվի վաղը, մայիս 26-ին: Հարցը անց է կացված բոլոր աստիճաններով: Միայն թուրքերը խնդրում են մի քիչ սպասել»:

Եվ մայիսի 26-ին, Ավալովը գոհունակությամբ արձանագրում է. «Մեր անդրկուլիսյան աշխատանքը անցավ աննկատելի: Ոչ ոք, կարծես, չի կասկածում, թե ի՞նչ է կատարվելու այսօր և վաղը… Մենք անկախություն ենք կազմակերպում: Գերմանիան բռնելու է թուրքերի փեշը, դրա փոխարեն մեզնից բան-ման կառնի: Ադրբեջանը միառժամանակ կլինի Թուրքիայի ազդեցության ներքո: Հայաստանը կմնա թուրքերի ճնշման տակ, որ կմեղմացվի գերմանացիների ներկայությամբ»:

Այսպես, ուրեմն, ադրբեջանցիները թուրքերի հետ կարգադրում են իրենց ազգային խնդիրները. Անդրկովկասյան պատվիրակության նախագահ Չխենկելին Ժորդանիայի ու Նիկոլաձեի հետ, գերմանացիների փեշից բռնած, գաղտագողի դավադրություն են սարքում Անդրկովկասյան միության դեմ և նախապատրաստում Վրաստանի անկախության հայտարարությունը: Հայերն են միայն մեջտեղը՝ մենակ, անբարեկամ, անպաշտպան, ամենքից լքված, զոհ հարևանների դավաճանության…

Ավելի զարհուրելի վիճակ դժվար էր երևակայել: Մի աղոտ լույս էր մնացել միայն հայերի համար՝ գերմանացիների պաշտպանությունը, բայց ֆոն Լոսովը մեկից ավելի անգամներ հայտնել էր, որ թուրքերը չեն լսում իրենց և, հակառակ Բեռլինից եկած պահանջների, անում են իրենց գիտցածը: Հետևաբար ի՞նչ անել: Ո՞ւմ դիմել: Ո՞ւր որոնել փրկություն: Ֆոն Լոսովի խորհրդով Հայոց ազգային խորհրդի ներկայացուցիչներ Օհանջանյանն ու Զոհրաբյանը որոշեցին մեկնել Բեռլին: Ֆոն Լոսովը խոստացավ տանել նրանց իր նավով, վրացիներկայացուցիչների հետ միասին, Փոթիից:

Մայիսի 25-ին գերման պատվիրակությունը հեռացավ Բաթումից, իսկ մյուս օրը, մայիս 26-ի երեկոյան ժամը 8-ին, օսմանյան պատվիրակությունը Անդրկովկասյան պատվիրակությանը հանձնեց հետևյալ վերջնագիրը.

Անդրկովկասյան պատվիրակության նախագահին

«Ցավով հաստատում եմ, որ տակավին ոչ մի որոշ պատասխան չի տրված այն առաջարկություններին, որ ես պատիվ ունեցա Օսմանյան կայսերական կառավարության կողմից հանձնելու Անդրկովկասյան Դաշնակցային Հանրապետության պատվիրակության Բաթումի խորհրդաժողովի առաջին նիստում, մայիսի 11-ին, չնայած որ բավական երկար ժամանակ, այսինքն՝ երկու շաբաթ է անցել այն օրից, երբ նրանք ձևակերպվեցին: Մինչդեռ ինչպես հայտնի է ձերդ գերազանցությանը, Կովկասի վիճակը ավելի քան տագնապալի է ու երկդիմի և առանց հապաղելու պետք է լուսաբանվի:

Հարյուր հազարավոր թուրքեր և մահմեդականներ Բաքվում ու շրջակայքում տառապում են անխիղճ հրոսակների, այսպես կոչված հեղափախականների արյունոտ լծից, և անուղղելի աղետը, որ սպառնում է այդ դժբախտներին, դառնում է ավելի ու ավելի անխուսափելի: Թուրք և մահմեդական բնակիչների ճակատագիրը Կովկասի մյուս մասերում էլ, ուր թալանչիների ու չարագործների բազմաթիվ կազմակերպված հրոսախմբեր նրան պատճառում են անվերջ ու հարաճուն կերպով ամեն կարգի բռնություններ, ավելի հանգստացնող չէ ու չի կարող չհրավիրել ամենալուրջ ուշադրության: Դուք կընդունեք, սակայն, պ. նախագահ, որ այդ անունին արժանի և ոչ մի կառավարություն չի կարող դիտել անտարբեր աչքով, որ իր երկրին սահմանակից մի հողի վրա անպատիժ կերպով աճեն նման ոճրագործություններ, և կգիտակցեք, անշուշտ, որ Օսմանյան կայսերական կառավարության դրությունը առանձնապես փափուկ է Կովկասը ծվատող անիշխանության հանդեպ, որովհետև այդ վերաբերվում է նույնպես և առավելաբար ապահովությանը մի ազգաբնակչության, որ ցեղի ու կրոնի ամենասերտ ազգակցությունն ունի կայսրության բնակչության հետ: Մյուս կողմից, ընդհանուր պատերազմի անխուսափելի պահանջները կայսերական կառավարությանը դնում են Կովկասի վրայով, երկաթուղիներով, ըստ կարելվույն շուտ, դեպի պատերազմի ուրիշ ռազմաբեմ զորքի ազատ փոխադրությունը ապահովելու անհրաժեշտության առջև: Այդ ևս պահանջում է, որ անհապաղ վերջ տրվի ներկա երկդիմի կացության:

Այս բոլոր պատճառներով, Օսմանյան կայսերական պատվիրակությունը պարտք է համարում պահանջել, որ անմիջապես հաղորդվի իրեն Անդրկովկասյան պատվիարկության պատասխանը առաջ արված առաջարկություններին, այլև սահմանների սրբագրության վերաբերող նոր առաջարկին, որի բնագիրը պատիվ ունեցա ընդսմին ուղարկելու ձերդ գերազանցության:

Այսպիսով, իմ կառավարությունը՝ ընդունելով, որ միայն վերոհիշյալ առաջարկությունների ճշտիվ և արագ ընդունումը Անդրկովկասյան Դաշնակցային Հանրապետության կառավարության կողմից կարող է Կովկասը հասցնել գոհացուցիչ դրության և որ միայն այդ ընդունումը ի վիճակի է ստեղծել կայուն դրություն և համարվում է բավարար երաշխիք թուրք և մահմեդական բնակչության ապահովության և անդորրության համար, հանձնարարել է ինձ խնդրելու ձերդ գերազանցությանը՝ հաղորդել ինձ, այս օրվա երեկոյան ժամը 8-ից սկսած, 72 ժամվա ընթացքում ընդունո՞ւմ է արդյոք հանրապետության կառավարությունը օսմանյան առաջարկություններն իրենց բովանդակ ծավալով:

Ես պետք է ավելացնեմ նաև, որ այդ երեք օրվա ընթացքում հարաբերությունները մեր երկու կառավարությունների միջև կարող են պահել բարեկամական բնույթ, ա՛յն անառարկելի պայմանով, որ թուրքական զորքերի գործողությունները Կովկասի հարավում որևէ դիմադրության չհանդիպեն: Ընդունեցեք և այլն. Խալիլ»:

«Սահմանային սրբագրություն» կոչվածը հողային նոր պահանջ էր: Թուրքերն այժմ պահանջում էին Նախիջևանի ու Ախալցխայի գավառները, անշուշտ, ադրբեջանցիների բացահայտ թելադրանքով:

Իսկ ի՞նչ էր կատարվում այդ միջոցին Թիֆլիսում:

Նույն օրը, մայիսի 26-ին, գումարվեց Սեյմի վերջին, ողբերգական նիստը, որի մեջ վրաց սոցիալ-դեմոկրատ կուսակցության պարագլուխներից Ի. Ծերեթելին արեց հետևյալ հայտարարությունը.

«Վրաց ժողովուրդը մնացել է մենակ. նրանից անջատվել են հայերը և կամովին՝ թուրքերը: Անդրկովկասի կեղծ անկախությունը խանգարում է նրան վարվելու ազատորեն և իր լիազոր ուժերը գործադրելու իր անկախությունը պաշտպանելու համար:

Այս հանգամանքներում մեր պարտքն է ասել վրաց ժողովրդին. դու մնացել ես մենակ, չունես պետական կազմ, չունես քո պատվիրակությունը և, որքան էլ ծանր լինի խոստովանել, դու ապրում ես պատրանքներով. չկա՛ն նրանք, չկա՛ Անդրկովկասի միությունը և, ուրեմն, եթե ուզում ես փրկել քեզ, պաշտպանել քո շահերը, ինչպես և քո հարևանների շահերը, պետք է ունենաս քո ինքնուրույն պետական կազմը:

…Դժբախտաբար, գոյություն չունի այլևս անդրկովկասյան միությունը և փաստորեն չկա մի ընդհանուր ներկայացուցչական կենտրոնական մարմին, ուստի Սեյմը պետք է հայտարարի, թե ինքը հրաժարվում է իր վրա դրված լիազորություններից ու ցրվի»:

Նախընթաց դեպքերի ուշադիր հետևողը կտեսնի առանց դժվարության, թե Ծերեթելիի հայտարարությունը սկզբից մինչև վերջ մտացածին փաստերի վրա է հիմնված. ո՛չ հայերն էին  «անջատվել» վրացիներից և ո՛չ էլ վրացի ժողովուրդն էր մնացել մենակ: Անդկովկասի անկախության  «կեղծությունը» կամ միության գոյություն չունենալը նոր երևույթ չէր. նա նույնն էր, ինչ որ և անկախության սկզբում: «Կեղծը» Ծերեթելիի մտայնությունն է, այսինքն՝ վրաց վարիչ շրջանների մտայնությունը: Նրանք որոշել էին դուրս գալ Անդրկովկասյան միությունից և պատրվակ էին փնտրում՝ իրենց տգեղ վարմունքը արտաքին աշխարհի աչքին արդարացնելու համար:

Վրացիների պնդումի վրա Սեյմը ընդունեց մի բանաձև, որը ասում էր. «Նկատի ունենալով, որ պատերազմի և խաղաղության խնդրում երևան եկան հիմնական տարակարծություններ Անդրկովկասի անկախ հանարապետությունը կազմող ազգերի միջև, որով անհնար է դառնում ամբողջ Անդրկովկասի համար մի հեղինակավոր իշխանության գոյությունը, Սեյմը արձանագրում է Անդրկովկասի քայքայման փաստը և հայտարարում չեղյալ իր լիազորությունները»:

Մայիսի 26-ի կեսօրին ցրվեց Սեյմը, իսկ հինգ ժամ վերջը, նույն սրահում գումարվեց Վրաց ազգային խորհրդի նիստը՝ Ն. Ժորդանիայի նախագահությամբ, որ և բեմադրվեց Վրաստանի անկախության հայտարարության ծիսակատարությունը:

Նույն օրը, երեկոյան, Բաթումում ստացվեց Անդրկովկասի Հանրապետության քայքայման և Վրաստանի անկախության հայտարարության լուրը: Ն. Ժորդանիան ու Ն. Ռամիշվիլին հեռագրում էին Չխենկելիին. «Այսօր, կեսօրից հետո ժամը 5-ին, Ազգային խորհուրդը Վրաստանը հայտարարեց անկախ հանրապետություն: Վարչապետ է Ռամիշվիլին, արտաքին գործոց նախարար՝ Չխենկելին: Անդրկովկասյան սեյմը հայտարարեց իրեն լուծված, և Անդրկովկասի միությունը վեջացավ»:

Խալիլ բեյը անմիջապես՝ մայիս 26-ի իր վերջնագիրը ուղարկեց առանձին-առանձին վրաց, հայկական և ադրբեջանական պատվիրակներին:

***

Վրացիների վարմունքը սարսափելի կացություն ստեղծեց հայերի համար: Հայ հասարակության վրդովումը անսահման էր: Հայերը, ո՛չ առանց իրավունքի, նենգ դավադրություն ու դավաճանություն էին տեսնում վրացիների վարմունքի մեջ: Նրանք զգում էին, որ մի վատ խաղ է խաղացվել իրենց գլխին: Եվ մայիս 26-ի երեկոյան, Հայոց ազգային խորհուրդը, բուռն վիճաբանություններից հետո, ձայների ճնշիչ մեծամասնությամբ, որոշեց բողոքել վրաց գործիչների ընթացքի և Վրաստանի անկախության դեմ: Այդ որոշումը, սակայն, չգործադրվեց հետագա դեպքերի զարգացման հետևանքով:

Հայ գործիչների մեջ միաձայնություն չկար այդ օրերին: Մայիսի 26-ի նիստին մասնակցող Հայոց ազգային խորհրդի և Սեյմի անդամները՝ Ա. Ահարոնյան, Ստ. Մամիկոնյան, Տ. Բեգզադյան, Ա. Բաբալյան, Ռ. Տեր-Մինասյան և սոցիալիստ-հեղափոխականները վճռական կերպով դեմ էին արտահայտվում անկախությանը: Խ. Կարճիկյանը, Ս. Հարությունյանը, Ավ. Շահխաթունյանը, Ս. Վրացյանը, Ա. Երզնկյանը և ուրիշներ այլ ելք չէին տեսնում, բայց եթե Հայաստանի անկախության հայտարարությունը և, առանց ուշացնելու, հայկական իշխանության կազմակերպումը: Բնորոշ է, որ հայ սոց.-դեմոկրատները, անշուշտ, վրացի սոց.-դեմոկրատների թելադրանքով, թունդ պաշտպաններ էին անկախության և շտապեցնում էին Ազգային խորհրդին օր առաջ կատարել անկախության հայտարարությունը: Նրանք անկախության մեջ էին տեսնում հայ ժողովրդի փրկությունը:

Այս հարցում էլ առաջին վճռական խոսքն ասողը եղավ Դաշնակցությունը, նրա շարքային ուժերը:

Սեյմի լուծման օրն իսկ, մայիսի 26-ի երեկոյան, տեղի ունեցավ Դաշնակցության Թիֆլիսի ներկայացուցչական ժողովի ու թաղային կոմիտեների արտակարգ նիստը:  Վրացյանի զեկուցումից հետո, տեղի ունեցան բուռն վիճաբանություն և ձայների ճնշիչ մեծամասնությամբ ընդունվեց հետևյալ բանաձևը. «Նկատի ունենալով այն, որ Անդրկովկաասյան սեյմի ինքնացրումից և Վրաստանի անկախություն հայտարարելուց հետո լուծվելու է Անդրկովկասյան կառավարությունը, և հայ ժողովուրդը մնալու է բախտի բերմունքին՝ ներկայացուցչական ժողովը գտնում է անհրաժեշտ, որ Հայոց ազգային խորհուրդը, ուժեղացնելով իր կազմը, անցնի գործելու հայության կենտրոնում՝ ստանձնելով կառավարական ֆունկցիաները, օժտված դիկտատորական իրավունքներով հայ կյանքի բոլոր երևույթների և գործերի նկատմամբ»:

Շատ ճիշտ էր վայրկյանի գնահատությունը. դեպի՛ ինքնորոշում, դեպի՛ ինքնակազմակերպում, դեպի՛ հայրենի երկիր, ժողովրդի գիրկը:

Մայիսի 27-ին Ադրբեջանի Ազգային խորհուրդն էլ որոշեց հայտարարել Ադրբեջանի անկախությունը. վարանումը այլևս անիմաստ էր: Դեպքերը գահավեժ՝ իրենք էին գալիս ստիպելու անել այն, ինչից մարդկային բանականությունը համառորեն աշխատում էր խուսափել:

Անկախության հայտարարության վրա պնդում էին և Բաթումից վերադարձած ներկայացուցիչները՝ Քաջազնունին, Խատիսյանը, Պապաջանյանը, որոնք մայիսի 27-ի երեկոյան մանրամասն զեկուցում տվին բանակցությունների ընթացքի և Վրաստանի քայլերից հետո ստեղծված կացության մասին: Հաջորդ օրը, մայիսի 28-ին Ազգային խորհուրդը որոշեց Բաթում ուղարկել Ալ. Խատիսյանից, Մ. Պապաջանյանից և Հ. Քաջազնունուց բաղկացած հաշտարար պատվիրակություն՝ տալով նրան բացարձակ լիազորություն բանակցելու և հաշտություն կնքելու հանուն անկախ Հայաստանի: Անկախության հայտարարությունը, սակայն, եղավ ավելի ուշ, մայիսի 30-ին, ավելի արտաքին ճնշումների տակ, քան Ազգային խորհրդի հոժար կամքով:

Մայիսի 29-ին գումարվեց ՀՅԴ Արևելյան և Արևմտյան բյուրոների, ՀՅԴ Թիֆլիսի Կենտրոնական կոմիտեի և Սեյմի ու Ազգային խորհրդի դաշնակցական հատվածների միացյալ նիստը, ուր մի անգամ ևս քննության առնվեց քաղաքական կացությունը և որոշվեց Հայաստանը հայտարարել անկախ հանրապետություն, կազմել կառավարություն միջկուսակցական հիմքերով, մինչև օրենսդրական ժողովի գումարումը: Ազգային խորհուրդն ու կառավարությունը տեղափոխել Երևան, որը պետք է դառնար Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը: Նույն ժողովում Հ. Քաջազնունին նշանակվեց վարչապետի թեկնածու:

Այս ժողովից հետո միայն Ազգային խորհուրդը արեց վճռական քայլ և մայիսի 30-ին հրատարակեց հետևյալ հայտարարությունը, որը, թեև իսկական առումով անկախության հռչակում չէր, բայց դեպքերի բերումով դարձավ այդպիսին:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ, Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերին կազմել հայոց ազգային կառավարություն, Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար:

Հայոց ազգային խորհուրդ

1918թ. մայիս 30

Թիֆլիս

Այսպիսով, Հայաստանի անկախության հայտարարության օրը իսկապես պետք է համարվեր մայիսի 30-ը: Հակառակ դրան, համարվում է մայիսի 28-ը, այսինքն, այն օրը, երբ Ազգային խորհուրդը վճռեց հաշտության պատվիրակություն ուղարկել Բաթում: Անուղղակի կերպով, այս օրն էլ կարող է համարվել անկախության սկզբնավորություն, որովհետև հաշտության բանակցություններ վարելու համար նախապայման էր անկախության հայտարարությունը: Ընդունելով թուրքերի այդ պայմանը՝ Ազգային խորհուրդը դրանով իսկ հաստատած էր լինում անկախության փաստը:

Այսպես թե այնպես, Հայաստանի Հանրապետության ծագման օրը եղավ մայիս 28-ը: Այդ օրը դարձավ նվիրական հայ ժողովրդի համար և մտավ ազգային տոնացույցի մեջ, իբրև սրբազան օրերից մեկը:

Մայիս 30-ին, Բաթումում, սկսվեցին բանակցությունները օսմանյան և հայկական պատվիրակությունների միջև: Մի շարք նիստերից հետո, կողմերը եկան համաձայնության, և հունիսի 4-ին, օսմանյան և հայկական պատվիրակությունները, հանդիսավոր նիստում, ստորագրեցին հաշտության դաշնագիրը Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության միջև: Առաջին միջազգային վավերաթուղթն էր այս, որ ստորագրում էին անկախ Հայաստանի ներկայացուցիչները:

Բաթումում հիմնական դաշնագիրը բաղկացած էր 14 հոդվածներից: Երկրորդ հոդվածը գծում էր սահմանը Թուրքիայի ու Հայաստանի միջև: Պետք է նկատել, որ մայիսի 26-ի վերջնագրի համեմատությամբ, այստեղ կա որոշ տարբերություն. հայ պատվիրակության պնդման վրա թուրքերը զիջեցին Համամլու-Աշտարակ խճուղին, որով մոտ 100 քառ. կիլոմետր տարածություն ավելացվեց հայերին թողնված հողերի վրա:

Հայ-թուրքական սահմանը որոշվում էր հետևյալ կերպ. «Դևեդիրյան լեռների գագաթներով անցնելով՝ սահմանագիծը փոխում է իր ուղղությունը դեպի հարավ՝ անցնելով Աղրիքար, Բաշքերան, Նուռռահման լեռների գագաթներով: Նուռռահման գագաթից հետո շարունակվում է հարավային ուղղությամբ և անցնելով շարունակ գագաթների գծով՝ հանդիպում է Ալեքսանդրապոլ-Թիֆլիս երկաթուղուն Աղբուլաղ ավանից հինգ կիլոմետր դեպի արևմուտք: Այստեղից գալիս է գագաթների գծով մինչև Խանվալի ավանը, որտեղից գրեթե ուղիղ գծով հասնում է մինչև Ալագյոզի ամենաբարձր գագաթը և հետևելով, դարձյալ ուղիղ գծով, կտրում է Էջմիածին-Սարդարապատ խճուղին Էջմիածնից 7 կիլոմետր դեպի արևմուտք գտնվող կետում: Հետո, պտույտ է անում այդ քաղաքի շուրջը 7 կիլոմետր տարածության վրա, շարունակվում է զուգահեռական ուղղությամբ Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղու գծին մոտ վեց կիլոմետր տարածության վրա այդ երկաթուղուց և 16 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք Բաշքյարան ավանից՝ կտրում է այդ ավանից դեպի երկլաթուղու գիծը գնացող ճանապարհը: Հետո, շրջում է դեպի հարավ-արևելք, անցնում է Աչաղի-Կարաբաղլար գյուղից մի կիլոմետր դեպի արևմուտք Շաղաբլու, Ղարախաչ, Աչաղի-Չանախչի ավաններով և հասնում է մինչև Էլփինչայը, որով շարունակում է մինչև Արփա ավանը: Այս վերջին ավանից խառնվում է Արփաչայի հովտի հետ, հասնում է մինչև Կայալու ավանը և հետևելով Կայիդ գետի ընթացքին՝ հասնում է մինչև Աղտաբան լեռան գագաթը. Հետո անցնում է Ղարատարնա, Ալաջին, Ղարանլիկ լեռների գագաթներով, հասնում է մինչև Ռինլիանչայի իջնելը հետևում է նրա հովտին, մինչև որ հասնում է Ազա ավանից հարավ՝ ռուս-պարսկական նախկին սահմանագծի վրա գտնվող Ալիջին ավանը»:

Չորրորդ հոդվածով «Օսմանյան կայսերական կառավարությունը պարտավորվում էր զենքի ուժով օգնություն հասցնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը ա՛յն դեպքում, երբ վերջինս կխնդրեր նրան այդ մասին՝ երկրում կարգ և անդորրություն ապահովելու համար»:

Վեցերորդ հոդվածը տնօրինում էր Հայաստանում ապրող մահմեդականների կրոնական և սովորույթի խնդիրները. սուլթանի անունը պետք է հիշվեր մահմեդականների հասարակական աղոթքների մեջ:

Յոթերորդ հոդվածը վերաբերվում էր հյուպատոսական և առևտրական համաձայնությունների կնքմանը:

Ութերորդ հոդվածում խոսվում էր երկաթուղային, իններորդում՝ փոստ-հեռագրական, իսկ տասներորդում՝ մի երկրի սահամանամերձ բնակիչների մյուս երկիրն անցնելու իրավունքների մասին:

Հոդված 11-րդով  «Հայկական Հանրապետության կառավարությունը պատրաստվում էր գործի դնել իր բոլոր ջանքերը, որպեսզի սույն պայմանները ստորագրելուց անմիջապես հետո հեռացնի Բաքու քաղաքից այնտեղ գտնվող հայկական ուժերը և ապահովի, որ այդ հեռացումը ո՛չ մի ընդհարման տեղիք չտա»:

12-րդ հոդվածը շոշափում էր Բրեստ-Լիտովսկի դաշնագրից բխող իրավունքները:

13-րդ հոդվածի համաձայն ներկա պայմանագրի սահմաններից դուրս եկող և գրավված հողերը պետք է անմիջապես պարպվեն:

Ըստ հավելվածների, թուրքերն իրավունք էին ստանում, պատերազմի դեպքում, Հայաստանի վրայով զորք փոխադրել, Թիֆլիս-Երևան-Ջուլֆա երկաթուղով ապահովվում էր ազատ երթևեկությունը թուրքերի և հայերի համար, հայ գերի զինվորները իրավունք պիտի ունենային վերադառնալու Հայաստան, Կարսի և Բաթումի շրջանների հայ գաղթականները կարող էին մի ամսվա ընթացքում վերադառնալ իրենց տեղերը, մյուս վայրերի գաղթականները՝ դաշնագիրը ստորագրելուց հետո, իսկ թուրքահայերի վերադարձի խնդրի լուծումը հետաձգվում էր ընդհանուր պատերազմից հետո:

Այսպիսով, ըստ Բաթումի դաշնագրի, Հայաստանը դառնում էր անկախ պետություն: Ահ ու դողով մտնում էր նա ինքնիշխան ազգերի համակեցության մեջ, իբրև ազատ անձնավորություն միջազգային իրավունքի: Նրա հողի տարածությունը, մոտավորապես, 12 000 քառակուսի կիլոմետր էր, բնակչության թիվը գաղթականներով միասին՝ մոտ մեկ միլիոն: Եվ … մայրաքաղաքից յոթը կիլոմետր հեռու երևում էին թուրքական թնդանոթները…