Սևան. Հայաստանի զավթված գեղեցկուհին

1245

Երեք ամբողջական օր ես ու Սիվիլնեթի օպերատոր Արմեն Մկրյանը անցկացրինք Սևանի ափին: Առաջին օրը մանրամասնորեն նկարեցինք լճի հյուսիսային ափն ու թերակղզին, երկրորդ օրը՝ Վարդենիսից մինչև Ծովագյուղ, երրորդ օրը պտույտ կատարեցինք լճի շուրջը՝ Լճաշենից դեպի Հայրավանք, ապա՝ Մարտունի, Վարդենիս, Արտանիշ, Շողակաթ ու մինչև Սևան քաղաք:

Եռօրյա նկարահանումների նպատակն էր պարզել, թե ինչ հնարավորություններ ու ներուժ ունի Հայաստանի գեղեցկուհին հատկապես այսօր, երբ համավարակի պատճառով հայաստանցիների համար հավանաբար փակ կլինեն Վրաստանի Քոբուլեթին, Իսպանիան ու Իտալիան, Թուրքիայի Անթալիան։

Առաջիկայում ՍիվիլՆեթը կներկայացնի մեր նկարահանումներն ամփոփող մի ֆիլմ, իսկ այս կարճ գրությամբ ներկայացնենք մեր հակասական տպավորությունները՝ կից լուսանկարներով:

Առաջին. Սևանի լողափերը զավթված են: Այդ զավթումն ունի փաստաթղթային հիմնավորում և մեծ հաշվով՝ օրինական զավթում է: Այսինքն՝ «Սևան» ազգային պարկը մինչև 99 տարի ժամկետով վարձակալությամբ տվել է լողափերը անհատների, որոնք ինչ ցանկացել՝ արել են․ պատ են շարել, պարիսպ քաշել, երկաթյա ցանկապատեր դրել: Ամեն մեկն արել է՝ իր խղճի ու ճաշակի թելադրանքով:

Երկրորդ. եթե Սևանի ափերին տիրող այս այլանդակությանը վերջ չտրվի, այն երբեք չի դառնալու հանգստի բնական գոտի: Աշխարհում ես չեմ տեսել որևէ այլ լիճ, ծով կամ օվկիանոս, որի ափերով հնարավոր չլինի քայլել: Ամբողջ աշխարհում լողափերը բաց են բոլորի համար, իսկ որոշ հեռավորության վրա հյուրանոցներ են, հանգստի ու զվարճանքի վայրեր: Մարդը գնում է հանգստանում ծովափին, գիշերում հյուրանոցում, օգտվում զվարճանքի ու սննդի կետերից: Սևանի ավազանում հակառակն է. վարձակալողները պատ, պարիսպ ու ցանկապատ են կառուցել, որպեսզի տվյալ լողափից օգտվեն միայն նրանք, ովքեր իրենց հյուրերն են: Իհարկե, կան նաև հանրային լողափեր, որոնք բաց են քաղաքացիների համար, բայց դրանց վիճակը շատ հեռու է հանգստի համար բնական պայմաններ առաջարկելուց:

Երրորդ. Սևանի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով լողափերում կառուցված շինությունների մի մասը հայտնվում է ջրի տակ: «Լավանդա Սիթի» ու «Մայամի Բիչ» հանգստի գոտիները այդ վիճակում են: Ջրի մակարդակի բարձրացման հետևանքով անտառային շերտը հայտնվում է ջրի տակ, ինչն իր հերթին բերում է բնապահպանական խնդիրներ:

Չորրորդ. Սևանի ափերը և ափամերձ հատվածները, որոնք վարձակալված չեն և չունեն լավ լողափեր, ինչպես ամբողջ Հայաստանը, ծածկված է պլաստիկե շշերով ու պոլիէթիլենային տոպրակներով: Լուրջ խնդիր է նաև ափամերձ հատվածի քաղաքների և գյուղերի կոյուղաջրերի հոսքը դեպի Սևանի քաղցրահամ ջրեր:

Հինգերորդ. Սևանի ավազանի բնակավայրերը, այդ թվում և առաջին հերթին Սևան քաղաքը, կապ չունեն լճի հետ: Փոխանակ հյուրանոցները, սննդի կետերը և զվարճանքի վայրերը կառուցվեին Սևան քաղաքում ու լճի ավազանի այլ բնակավայրերում՝ զարգացնելով քաղաքներն ու ավանները և լճի ափամերձ հատվածը բացվեր բոլորի համար, արել են ճիշտ հակառակը:

Սևանի գեղեցկությունը, նրա հնարավորությունները մենք չենք արժևորում: Սևանին մենք վերաբերվում ենք սպառողի և ուտող-ուրացողի հոգեբանությամբ: Անխնա կերպով սպառել ու սպառում ենք լճի ձկնային պաշարները: Մի քանի ձկնատեսակներ վերացել կամ սպառման եզրին են: Լճի ջրային պաշարները անխնա կերպով օգտագործել ենք գյուղատնտեսության նպատակներով:

Երբեք ուշ չէ ավելի հոգատար լինել Սևանի նկատմամբ:

Մյուս մանրամասները՝ մեր պատրաստելիք ֆիլմում. «Սևան. Հայաստանի զավթված գեղեցկուհին»:

Թաթուլ Հակոբյան
ՍիվիլՆեթ