Արարատի հովանու ներքև. Սիմոն Վրացյան

847

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունը: 

Գլուխ ԺԲ

Ալեքսանդրապոլի անկումից հետո, հայկական զորքերի մի մասը նահանջեց դեպի Սարդարապատ, Երևանի ուղղությամբ: Այստեղ ավելի ուշ տեղի էին ունենալու դեպքեր, որոնք բախտորոշ դեր էին կատարելու հայ ժողովրդի կյանքում: Նախքան այդ դեպքերին անցնելը, սակայն, անհրաժեշտ է կանգ առնել ընդհանրապես Արարատյան դաշտի անց ու դարձերի վրա՝ Արարատյան դաշտի, որը, շատ չանցած, կազմեց Հայաստանի Հանրապետության պատվանդանը:

Ռուսական հեղափոխությունը Երևանում էլ ընդունվեց ցնծությամբ: Հին իշխանությունը փոխարինվեց նորով, և նահանգի կառավարությունը անցավ նահանգական գործադիր կոմիտեին՝ նախագահությամբ առաջին շրջանում՝ Սմբ. Խաչատրյանի, ապա՝ Սահ. Թորոսյանի, և Զինվորական խորհրդի գործադիր կոմիտեին՝ նախագահ Ստարցև: Առաջինը գերազանցապես զբաղվում էր քաղաքացիական գործերով, երկրորդը՝ զինվորական: Քանի ճակատը կայուն էր, գերակշռող դերը պատկանում էր Զինվորական խորհրդին: Այս երկու մարմինները գործում էին համերաշխ՝ աշխատելով ամուր պահել հեղափոխական կարգն ու ազգամիջյան խաղաղությունը և նպաստելով միաժամանակ ռազմաճակատի ուժեղացմանը: Հունիս ամսին կազմվեց և Հայ զինվորական միությունը, բժ. Հ. Մելիքյանի նախագահությամբ, որ բավական կարևոր դեր կատարեց հետագայում:

Հեղափոխության առաջին ամիսներին Երևան քաղաքի և նահանգի կյանքը ընթանում էր, համեմատաբար, խաղաղ: Տիրում էր համերաշխություն հայերի և թուրքերի միջև. երկու ազգերի մտավորական ներկայացուցիչները գործում էին ձեռք ձեռքի: Սակայն, հետզհետե դրությունը սկսեց փոխվել, թուրքերի և թուրք ազգայնականների գրգռումով այստեղ ու այնտեղ սկսեցին գլուխ բարձրացնել քրդերը, հարձակվել ու թալանել երկաթուղին և խճուղիներով անցնող պարենակիր սայլերը, կողոպտել ու սպանել հայերին: Սկսեցին շարժվել և թուրք գյուղերը, մանավանդ ռազմաճակատ տանող ճանապարհների և հանգուցային կետերի վրա:

Մյուս կողմից, բոլշևիկների քարոզչության ազդեցության տակ ծայր տվին զինվորական անկարգություններ ճակատում ու թիկունքում: Հունիս ամսին Երևանի զինվորները փորձ արեցին կողոպտելու քաղաքի շուկան. թալանվեցին մի քանի խանութներ, և հազիվ հաջողվեց աղետի առաջն առնել: Նման, տեղական բնույթ կրող խռովություններ եղան և ուրիշ վայրերում:

Սակայն, դրությունը սկսեց սրվել և սպառնական բնույթ ստանալ 1917 թվի աշնանը, մանավանդ, հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, երբ բոլշևիկները քայքայեցին ռազմաճակատը և ռուս զորքը քաշեցին դեպի թիկունք, որի պատճառով ճակատի պաշտպանության հոգսը ամբողջապես ծանրացավ հայերի վրա: Իբրև հետևանք այս դրության, իշխանությունը Երևանի նահանգում հետզհետե անցավ հայերին, ռուս զորամասերին փոխարինեցին հայկական մասեր, զանազան կետերում սկսվեցին կազմվել նոր զորամասեր և այլն: Քաղաքացիական իշխանությունը ամփոփվեց Երևանի Հայական ազգային խորհրդի ձեռքը, իսկ զինվորական գործերը վարում էր Անդրկովկասյան կոմիսարիատի կողմից նշանակված հայկական զորքերի կոմիսար Դրոն, որի գլխավոր հոգսն էր զորամասերի առողջացումն ու մարտունակության բարձրացումը:

Երևանի Ազգային խորհուրդը, որ կազմված էր Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի ձևով՝ կուսակցությունների ներկայացուցիչներից, իր գոյության սկզբնական շրջանում, անգույն և անջիղ մի մարմին էր, որ գնում էր դեպքերի հոսանքի հետևից: Ինքնուրույն նախաձեռնությունից զուրկ՝ շարժվում էր Թիֆլիսից եկած հրահնգներով: Նրա մեջ մտնում էին թեմական առաջնորդ Խորեն եպիսկոպոսը, Մ. Մուսինյանը (անկ.), Գր. Տեր-Խաչատրյանը (ժող.), Դ. Զուբյանը (ս.-հ.), բժ. Գր. Տեր-Հակոբյանը (ս.-հ.), Մ. Հարությունյանը (դաշն.), Ա. Աստվածատրյանը (դաշն.), Թ. Նիկողոսյանը (դաշն.) և այլն:

Երևանի Ազգային խորհուրդը կյանք ստացավ միայն 1917 թ. դեկտեմբերի վերջերին, երբ Թիֆլիսից եկավ Հայոց ազգային խորհրդի լիազոր ներկայացուցիչ Արամը: Ազգային խորհրդի առաջին նիստում նա տվեց ընդարձակ զեկուցում ընդհանուր քաղաքական դրության ու Թիֆլիսում տիրող մտայնության մասին և հայտարարեց, որ ո՛չ մի տեղից չկա և ո՛չ մի հույս. պետք է լարել սեփական ուժերը՝ ապահովելու համար ճակատն ու թիկունքը: Եվ առաջարկեց անմիջապես վերակազմել Ազգային խորհուրդը, ընտրել փոքրակազմ ու դյուրաշարժ մի մարմին՝ տալով նրան արտակարգ իրավունք գործելու Ազգային խորհրդի գծած սկզբունքների սահմանում:

Ազգային խորհուրդը միաձայնությամբ ընդունեց Արամի առաջարկը և ընտրեց Ազգային խորհրդի իրավունքներով մի մարմին՝ Հատուկ կոմիտե՝ տալով նրան երեք ամսով գործելու կատարյալ ազատություն: Երեք ամսից հետո նա զեկուցում էր ներկայացնելու Ազգային խորհրդին, և վերջինս, ի հարկին, կարող էր երկարաձգել նրա լիազորությունները կամ լուծել: Հատուկ կոմիտեի մեջ ընտրվեցին Երևանում մեծ հարգանք վայելող հասարակական գործիչ Մկրտիչ Մուսինյանը, որ այն ժամանակ ո՛չ մի կուսակցություն չէր պատկանում և միայն 1919 թվին մտավ Դաշնակցության շարքերը, Արշալույս Աստվածատրյանը, Սահակ Թորոսյանը, իբրև նահանգական կոմիսար, Հ. զինվ. միության ներկայացուցիչը և Արամը ի պաշտոնե: Հատուկ կոմիտեի նախագահ ընտրվեց Մուսինյանը, քարտուղարի պաշտոնով հրավիրվեց Սարգ. Օհանջանյանը: Հատուկ կոմիտեն դարձավ Երևանի փաստական իշխանությունը:

Հատուկ կոմիտեի, ինչպես և նրա հետ համերաշխ գործող զինվորական կոմիսար Դրոյի ու Երևանի նահանգի հայկական զորքերի ընդհանուր հրամանատար զորավար Սիլիկյանի գլխավոր մտահոգությունը ռազմաճակատի ամրացումն ու թիկունքի անդորության  պահպանումն էր: Այդ նպատակով, հենց առաջին նիստում, Հատուկ կոմիտեն որոշեց զենքի տակ առնել մինչև 28 տարեկան բոլոր զինապարտներին: Այդ իմաստով Արամը գրեց մի կոչ, որ եղավ Հատուկ կոմիտեի առաջին կոչը: Նրա մեջ բացատրվում էր կացության լրջությունը և, հանուն Ազգային խորհրդի, հրավեր ուղղում զինապարտներին՝ երեք օրվա պաշարով ներկայանալ տեղական զինվորական կենտրոնները: Ժողովուրդը արտակարգ վստահությամբ արձագանք տվեց իրեն ուղղված կոչին, և, հակառակ ծննդյան տոներին, ամենքը շտապեցին ներկայանալ իշխանությանը:

Միաժամանակ, Հատուկ կոմիտեն կազմակերպում էր թիկունքը, աշխատում էր ապահովել ճանապարհները և հաղորդակցության միջոցները, ինչպես նաև կարգավորել ինքնապաշտպանության գործը: Այս նպատակով կազմվում և որոշ վայրերում դասավորվում էին մարտական խմբեր ու ռազմամթերք և ջանք էր թափվում, խաղաղ միջոցներով, առաջն առնելու հանրային անդորրության խանգարման: Այս տեսակետից, խոշոր նշանակություն էր տրվում հայ և թուրք ղեկավարների համերաշխությանը և հարևան երկու ժողովուրդների խաղաղ կենակցությանը: Թե՛ հատուկ կոմիտեի, թե՛ նահանգական կոմիսարի և թե զինվորական կոմիսարի գործունեությունը զարգանում էր այդ ուղղությամբ, մի բան, որ շատ էր դժվար ա՛յն ժամանակվա պայմաններում: Անսաստողների դեմ առնվում էին կտրուկ ու խիստ միջոցներ:

Հեշտ չէր և ռազմաճակատի պաշտպանության և հայկական զորամասերի կազմակերպության ու առողջացման գործը: Դրոն նոր էր նշանակվել հայկական զորքերի կոմիսար, երբ ճակատի հայկական զորամասերից սկսեցին Թիֆլիս հասնել պատվիրակներ՝ խնդրելու, որ իրենց մասերը հետ քաշեն թիկունք. չէին ուզում մնալ առաջավոր դիրքերում: Զորամասերի ներկայացուցիչները իրենց պահանջը պատճառաբանում էին նախ՝ ընդհանուր բարոյալքումով և երկրորդ նրանով, որ միայն հայկական ուժերով անհնար է պաշտպանել ռուս բանակի լքած ընդարձակ ճակատը: Եվ, իրոք, նրանց ասածի մեջ կար որոշ իմաստ. հայկական ռազմաճակատը այդ օրերին երկարում էր Սև ծովից մինչև Վասպուրական, որի վրա 1917 թ. վերջերին, կանգնած էին 200 000 հետևակ զինվորներ և 30 գունդ ձիավոր համապատասխան հրետանիով և մոտ 120 000 հոգիանոց թիկունքային մասերով: Այդ ուժերը այժմ պետք է փոխարինվեին հայկական նորակազմ փոքրաթիվ մասերով:

Դրոն գործի անցնելուց առաջ, կազմել էր մի ծրագիր, որով առաջարկում էր կարճեցնել ռազմաճակատը. գրավված վայրերի ժողովուրդը և պաշարից այն մասը, որ հնարավոր է, տեղափոխել Կովկաս, մնացած պաշարը ոչնչացնել և զորքերը հետ քաշել մոտավորապես Զիվին-Կարադերբենտ-Գըլչ Գյադուկ-Թափառիզ գիծը, ծայրահեղ դեպքում և Մակուն՝ Ալաշկերտի երկաթուղին պահելու նպատակով: Դրոն համոզված էր, որ դրանով առաջը կառնվի ճակատի զորամասերի քայքայման և օր ավուր աճող դասալքության, իսկ մյուս կողմից, կուժեղացվի Կարսը: Բացի այդ, նա առաջարկում էր կազմել մի բրիգադ Դիլիջանի ուղղությամբ, որպեսզի ապագայում, երբ ճակատի գործերը անհաջող գնան, կարելի լինի շարժվել Գանձակի և Ղարաբաղի ուղղությամբ և միանալով Բաքվին՝ ապահովել հայ ժողովրդի գեթ մարդկային գոյությունը:

Այս առաջարկությունների շուրջ տեղի ունեցան բուռն վիճաբանություններ Ազգային խորհրդի և Ապահովության խորհրդի նիստերում: Դեմ արտահայտվեցին, ո՛չ միայն քաղաքացիական գործիչները, ինչպես Ստ. Մամիկոնյանը, Նիկոլ Աղբալյանը, Ավետիս Ահարոնյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը և այլն, այլև զորավար Նազարբեկյանի ու զոր. Ղորղանյանի նման զինվորական հեղինակություններ, որոնք կարծում էին, թե Էրզրումի հանձնումը հոգեբանական ահագին հարված կլինի հայ ժողովրդի ու հայկական բանակի համար: Դրոն առարկում էր, թե Էրզրումը հանձնումը անխուսափելի է, թշնամին զենքի ուժով կխլի մեզնից, և այդ ավելի վատ հետևանքներ կունենա:

Թիֆլիսից Դրոն անցավ Երևան, ուր այդ օրերին կազմակերպվում էր Հայկական կորպուսի մեկ դիվիզիան, որի հրամանտար նշանակված էր զոր. Սիլիկյանը: Վերջինիս օգնական և բրիգադի հրամանատար էր զորավար Դանիել բեկ Փիրումյանը: Երևանի նահանգում էին գտնվում և Պարսկաստանից քաշված 4-րդ գունդը հրամանատարությամբ գնդապետ Հովսեփյանի (Էջմիածնում), 6-րդ գունդը՝ հրամանատարությամբ գնդապետ Մելիք-Մուրադյանի (Աշտարակ), 3-րդ գունդը՝ հրամանատարությամբ գնդապետ Հովսեփյանի (եղբայրը) Դիլիջանում: Այս վերջինս հետո փոխադրվեց Թիֆլիս: Գնդերում իշխում էին զինվորական կոմիտեները. բոլշևիկյան ոգին տիրող էր նրանց մեջ: Ամեն օր պահանջներ էին ներկայացնում:

Թե զորամասերի ծայր տված անիշխանական տրամադրության վերջ տալու և թե նահանգում ծայր տված անկարգությունները զսպելու նպատակով Արամը ու Դրոն անհրաժեշտ գտան ստեղծել առողջ զինվորական մի կորիզ, որի վրա հենված կարողանային երկրի մաքրագործման ու խաղաղության գործը դնել իրական հիմքերի վրա: Այդ նպատակով Դրոյին հանձնարարվեց կազմել մի հետևակ բրիգադ և մի ձիավոր դիվիզիոն: Դրոն իսկույն գործի կանչեց հմուտ խմբապետներ Բաշ Գառնեցի Մարտիրոսին, Խոսրով Եղիազարյանին և հանձնարարեց նրանց, ստանձնել ռուսների թողած 800 ձիերը, ձեռնարկել կամավորների հավաքը: Երկու օրվա ընթացքում հավաքվեցին ավելի քան 200 զինվորներ, մեծ մասամբ կամավորական 2-րդ գնդի նախկին մարտիկներից: Միաժամանակ կոչ ուղղվեց սուրմալուցիներին, և ահա դեպի Երևան շարժվեցին զինվորներ ու սպաներ սպա Սահակայնի ու սպա Շավարշյանի ղեկավարության տակ: Մի շաբաթվա մեջ կազմվեց 6 վաշտ հետևակ՝ պարտիզանական գնդի, յուրաքանչյուր վաշտը 200 սվին, և երկու ձիավոր հարյուրյակ՝ Խոսրովի ու Մարտիրոսի, որոնցից առաջինը ուղարկվեց Դավալու, վերջինը՝ Ալի Ղըզըլ, իսկ վաշտերը հատկացվեցին երկաթուղու պաշտպանության:

Գնդապետ Զալինյանին հանձնարարվեց՝ ընդունելով 2-րդ սահամանապահ գնդի Քանաքեռում թողած գույքը, ձիերն ու ռուս սպաների մի մասին՝ կազմակերպել մի ձիավոր գունդ: Այդ ռուս սպաների մեջ էր և գնդապետ Կորոլկովը, որը նշանակվեց պարտիզանական գնդի ձիավոր դիվիզիոնի հրամանատար և կարգադրություն ստացավ կազմելու 3-րդ հարյուրյակը սպա Փիրումյանի հրամանատարության տակ: Մի ուրիշ սպա՝ փոխգնդապետ Պերեկրեոստովը նշանակվեց հրամանտար պարտիզանական հետևակ գնդի, որի մեջ պաշտոն ստացան և իրենց քաջությամբ թուրքական ճակատում աչքի ընկած ուրիշ 10 ռուս սպաներ: 1918 թ. հունվարի կեսին ջոկատը արդեն պատրաստ էր՝ 3 գումարտակներով:

Մինչ այսպես, Ազգային խորհուրդն ու զինվորական իշխանությունները կազմակերպում ու կարգավորում էին իշխանությունն ու հայկական զորամասերը, կացությունը հետզհետե սկսում էր բարդանալ ու խճճվել: Մի կողմից՝ բոլշևիկների գործունեությունը, մյուս կողմից՝ ռազմաճակատի մերկացում, երրորդ կողմից՝ կովկասյան մահմեդականների հակապետական շարժումներ: Եվ, վերջապես, թուրք գործակալներ, որոնք վխտում էին ամեն կողմ և ոտքի հանում Կովկասի մահմեդականներին՝ ռուսների և հայերի դեմ՝ նպատակ ունենալով փակել ռազմագիտական ճանապարհները, կտրել հաղորդակցության միջոցները և այդպիսով դյուրացնել թուրքական բանակի հաղթանակը: Արդեն 1918 թ. հունվարից սկսած Երևանյան նահանգը գրեթե ամբողջապես թատերաբեմ էր դարձել մահմեդական խռովությունների: Զուգընթացաբար թուրքական շարժումներ էին տեղի ունենում նաև Կարսի, Թիֆլիսի ու Գանձակի նահանգներում՝ բոլոր այն վայրերում, որոնք որևէ կապ ունեին ճակատի պաշտպանության հետ:

Պարզելու համար այն օրերի դժոխային կացությունը՝ առաջ բերենք մի քանի նմուշներ բազմաթիվ նյութերից: Այսպես, հունվարի 14-ին Իգդիրից հեռագրում են, որ քրդերը հարձակվել են ռազմաճակատ գնացող պետական պարենատար խմբի վրա՝ Կարա-Օրգով ճանապարհին, տարել են մեծ քանակությամբ հացի պաշար՝ բարձած ուղտերով: Սպանված են շատ զինվորներ: Բայազետ-Մուսուն-Էջմիածին ճանապարհները փակվել են. ամեն օր տեղի էին ունենում հարձակումներ, սպանություն ու կողոպուտ: Ալի-Ղըզըլ գյուղը տեղափոխվում է Ղամարլու՝ ազատվելու համար պաշարող թուրքական ու քրդական հրոսակախմբերից:

Հունվարի 20-ին Ջուլֆայից հեռագրում են Անդրկովկասյան կոմիսարիատին. «Դրությունը Ջուլֆայում սպառնական է. ավերի ու արյան են ենթակա ամենքը: Երկաթուղային ծառայողները խնդրում են փրկել իրենց ընտանիքների կյանքը: Ամեն օր հրացանաձգություն է տեղի ունենում, կան սպանվածներ ու վիրավորներ: Ազգային թշնամությունը սուր բնույթ է ստացել: Ամենքը ենթակա են վտանգի: Ռուս զինվոր համարյա չկա, բոլորը գնացել են: Շուտափույթ կարգադրություն պետք է անել փոստը Ալեքսանդրապոլ կամ Թիֆլիս փոխադրելու համար, հակառակ դեպքում բոլոր ծառայողները կփախչեն»:

Հունվարի 29-ին հեռագրում են Երևանից. «Կացությունն օրըստօրե վատթարանում է, որովհետև քրդերն ու թուրքերը, առաջվա պես, խիստ գրգռիչ կերպով են պահում իրենց: Հրացանազարկ են անում գնացքները: Հարձակվում են պարենակիր խմբերի և անհատ ճամփորդների վրա: Ներկայումս նրանք փորձում են շրջապատել Ռեհանլու գյուղը, որի շուրջը փորվում են խրամատներ: Զորքի և հրոսակախմբերի միջև տեղի ունեցած ընդհարումների ժամանակ առայժմ սպանված են 2 սպա և 11 զինվոր. վիրավորված են 6 հոգի, անհետ կորած՝ 3-ը: Բնակիչներից սպանված է 34 հոգի, վիրավորված՝ 10-ը: Շահթախթից եկող 400 ֆուրգոննոց պարենակիր խումբը Խանլուխլարի մոտ ենթարկվեց հարձակման, կան սպանվածներ և վիրավորներ: Քրդերն ու թուրքերն, ըստ երևույթին, ձգտում են անգործության մատնել երկաթուղին: Այս օրերս փորձ է եղել Արարատ կայարանի մոտ կամուրջն այրելու: Դրությունը գնալով բարդանում է շրջանում»:

Փետրվարի 2-ին մոտ 3000 զինված թուրքեր կանգնեցրին Նորաշենից Շահթախթ գնացող փոստատար գնացքը: Գնացքում եղած 11 հայ զինվորները դուրս թռան վագոնից և անցնելով շոգեշարժի վրա՝ պահանջեցին առաջ շարժվել: Զինվորների և թուրքերի միջև սկսվեց տաք հրացանաձգություն: Նույն միջոցին Ղամարլուից դեպի Նորաշեն դուրս եկավ հայ զինվորներով բեռնավորված մի գնացք, որ անտեղյակ էր Նորաշենում կատարվող դեպքին: Նորաշենի մոտ թուրքերը առաջ բերին գնացքի խորտակում. շոգեշարժն ու վեց վագոններ ջարդվեցին: Թուրք խուժանը հարձակվեց երկու գնացքների վրա և սկսեց թալանել: Եղան բազմաթիվ վիրավորներ ու սպանվածներ: Գնացքում եղած ռուսներին ու վրացիներին ձեռք չտվին: Խորտակված գնացքից թուրքերը տարան 1000 հրացան, մեծ քանակությամբ փամփուշտ: Գերի առնվեցին 5-600 հայեր: Հաջորդ օրը, փետրվարի 3-ին, հազարավոր զինված թուրքեր Նորաշենում շրջապատեցին Արազդայան կայարանից եկող թիվ 25 մարդատար գնացքը, թալանեցին ամբողջը, կողոպտեցին կայարանի պետի գրասենյակն ու ճանապարհի վերաքննիչին և մորթոտեցին գնացքում ու կայարանում եղած բոլոր հայերին:

Փետրվարի 7-ին հաղորդակցության պետ Վեքիլովը հեռագրում է Թիֆլիս, որ ինքը Շահթախթ է եղել և վերադարձել է մեծ դժվարությամբ՝ զինվորական գնացքի հետ: Ճանապարհի վրա հեռագիրը չի գործում, կամուրջները քանդված են, գիծը բռնված է քրդերով ու թուրքերով, Ուլուխանլուում բոլոր տներն ու շինությունները այրվում են:

Նույն մռայլ տեղեկությունները և Ալեքսանդրապոլից, փետրվարի 4-ին. «Ջուլֆա-Երևան գծի բոլոր գնացքներն անխնտիր ենթարիկվում են թալանի, հայ ճանապարհորդներին սպանում կամ մորթում են: Թուրքերը շատ լավ զինված, կազմ ու պատրաստ են. Ալեքսանդրապոլից Երևան, Նախիջևան կամ թե այն կողմից դեպի Ալեքսանդրապոլ ո՛չ մի գնացք չեն թողնում: Չկա ո՛չ մի զինվորական ուժ, իսկ խուժանի սանձարձակությունը քանի գնում մեծ չափերի է հասնում: Քաղաքում ժողովուրդը խիստ գրգռված, հուզված է այս բոլորի դեմ. անասելի իրարանցում է տիրում հենց կայարանում: Եկել են և գալիս են բազմաթիվ զինվորականներ, որոնք անցնելու են Նախիջևան, Երևան, բայց ճանապարհ չլինելու պատճառով մնում են կայարանում»:

Փետրվարի 15-ին Ալեքսանդրապոլի մոտի Մոլլա-Մուսա գյուղի բնակիչները հարձակվեցին իրենց մոտ եկող պատգամավորության վրա, սպանեցին զինվորական խորհրդի ներկայացուցիչ՝ համակրելի հասարակական գործիչ Ասրիբեգյանին (սոց.-դեմ.) և ուրիշ վեց հոգու ու վիրավորեցին վեց հոգի: Այս դեպքը ահագին հուզում առաջ բերեց. Մոլլա-Մուսա գյուղը ենթարկվեց թնդանոթաձգության, կայարանում գտնվող 60 թուրքերը տարվեցին քաղաքից դուրս ու կոտորվեցին, թուրքական թաղը պաշարվեց գրգռված ամբոխի կողմից և փրկվեց միայն դաշնակցականների ջանքերով:

Փետրվարի 19-ին Երևանի նահանգային կոմիսար Ս. Թորոսյանը ուղիղ հեռագրաթելով տեղեկագրում է Թիֆլիս. «Պաշտոնապես ինձ հաղորդել են հետևյալը. փետրվարի 16-ին քրդերը Սուրմալու գավառի ջալալցիների և տեղական թուրքերի հետ հարձակվեցին Ղամարլուի վրա, որտեղ կանգնած են հայկական զորամասեր: Փետրվարի 17-ի առավոտյան այնտեղ տեղի ունեցավ ընդհարում: Ազդեցիկ թուրքերից կազմակերպեցի հաշտարար պատվիրակություն: Նրանք մեկնեցին Ղամարլու, բայց 17-ի գիշերը գավառամասի կոմիսարը զեկուցեց, որ թուրքերի և հայ զինվորների միջև տեղի է ունենում հրացանաձգություն, երկու կողմից էլ շատ զոհեր կան: Նույն գիշերը Դավալուից ստացվել են հեռագրեր, որոնք հայտնում են, որ Ռևազլու գյուղը շրջապատված է թուրքերով… Պատգամավորները տեղ չհասան, որովհետև Աղհամզալուի մոտ զինված թուրքերը կտրել էին ճանապարհը և թույլ չէին տվել առաջ գնալ: Աղհամզալուի մոտ կանգ էին առել նաև զորամասեր, որոնք առաջ էին շարժվում շտաբի հրամանով: Երեկ Երևանից Ղամարլուի ուղղությամբ մեկնեցին զորամասեր: Աղհամզալուի մոտ նրանց կանգնեցրել էին խճուղուց քիչ հեռու խրամատներ մտած թուրքերը: Այստեղ զորամասերը բռնվեցին կռվի: Թուրքերը Ուլուխանլուից օգնություն ստացան: Զորամասը շարժվեց առաջ և փախցրեց նրանց ու ստիպված եղավ իր գործողությունները ուղղել Ուլուխանլուի դեմ»:

Մահմեդական շարժումները ստացել էին տարերային բնույթ, ամեն տեղ կռիվ էր, հարձակվում էին թուրքերն ու քրդերը, պաշտպանվում՝ հայ զորամասերն ու ինքնապաշտպանության խմբերը: Երկաթուղին հայերի համար կտրված էր, գնացքից հանում էին հայ ճամփորդներին և ամենքի աչքի առաջ մորթում: Դավալուն կտրվել էր Երևանից: Հունվարի 20-ին, մի ճակատամարտում, այնտեղ սպանվել էր Խոսրովը, և հարյուրյակն ու գյուղի բնակչությունը պաշարվել էին: Ալի Ղըզըլը նույնպես շրջապատված էր թշնամիներով, և Մարտիրոսի հարյուրյակը կտրվել էր կենտրոնից: Շարուր-Նախիջևանի ամբողջ գավառում կռիվներ էին տեղի ունենում թուրքերի և հայերի միջև: Փակվեց նույնիսկ Ելենովկա- Նոր Բայազետ ճանապարհը, ուր հազիվ 6-7 թուրք գյուղ կար, և Շուշու գնդի մասերը, Հաջի-Մուխան գյուղի մոտ ենթարկվեցին հարձակման դարանամուտ թուրքերի կողմից, որոնք սպանեցին 70 հայ զինվորներ ու մասնավոր ճամփորդներ: Սուրմալուի խճուղին կտրված էր, և կապը Երևանի հետ պահվում էր հին ճանապարհով, Էվջիլարի վրայով: Գնացքները հարձակման էին ենթարկվում: Եվ Սարդարապատ-Ալագյոզի շրջանում, ապրանքատար մի գանցքի պաշտպանության ժամանակ, հերոսական մահով մեռավ սպա Շավարշյանը մի խումբ զինվորների հետ:

Խռովությունները նահանգից աստիճանաբար մոտենում էին և քաղաքին. Զանգիբասարը, 7-10 կիլոմետր Երևանից, գրգռումի և ըմբոստությունների, ավազակային հարձակումների հնոց էր: Ուլուխանլու կայարանում հայերին դուրս էին բերում վագոններից ու գնդակահարում: Այս ամենը բարձրացնում էր և քաղաքի մահմեդական խուժանի տրամադրությունը: Եվ ահա, փետրվարի 20-ին, Երևանը ևս դարձավ թատերավայր հուզումնալից դեպքերի: Ժամը 3-ին, առանց մի պատճառի, սկսվեց տաք հրացանաձգություն հայերի և թուրքերի միջև, որ տևեց մինչև երեկոյան ժամը 7-ը և շարունակվեց հաջորդ օրը առավոտյան էլ: Միայն երկու կողմերի ներկայացուցիչների պաղարյունության և Արամի ու Դրոյի ջանքերի շնորհիվ կարելի եղավ փրկել քաղաքը անդարմանալի աղետից. փետրվարի 21-ին նահանգի զորքերի հրամանատար Փիրումյանի նախագահությամբ գումարվեց երկու ազգի ներկայացուցիչներից և քաղաքի ու զորամասերի պատգամավորներից մի ժողով, որը միաձայնությամբ որոշեց քաղաքը հայտարարել պատերազմական դրության մեջ, կազմել ռազմահեղափոխական դատարան քաղաքացիների և զինվորների համար առանձին-առանձին, բանալ ճանապարհը՝ ապահովելու համար զորամասերի մեկնումը ռազմաճակատ և այլ: Նիստի վերջին, Մահմեդական ազգային խորհուրդը պաշտոնապես հայտարարեց, որ ինքը անկարող է զսպել թուրքերին նահանգի մի քանի մասերում և խնդրում է հայ զինվորական մասերի աջակցությունը: Վճվեց, զինվորական մասեր փոխադրելիս, հետները ուղարկել մահմեդական պատվիրակներ՝ համոզելու համար թուրքերին, որ բանան ճանապարհները, և միայն չենթարկվելու դեպքում գործադրել զենքի ուժ:

Այս առթիվ, հայ և թուրք ներկայացուցիչները միասին, հեռագրեցին Անդրկովկասյան կոմիսարիատին, թե՝ Երևանի նահանգի դեպքերի համար հայ և մահմեդական  ազգային խորհուրդներն ու պատասխանատու գործիչները խորհրդակցություն գումարեցին և միաձայնությամբ որոշեցին ձեռք առնել ամեն միջոց՝ վերջացնելու համար անկարգությունները: Խորհրդակցությանը մասնակցում էին Արամը, նահանգային կոմիսար Սահակ Թորոսյանը, նահանգային գործադիր կոմիտեի նախագահը, Երևանի քաղաքագլուխ Թ. Թոշյանը, նահանգային Ախունդ Կազիևը, Միրզա Հուսեյին զադեն, Սեյիդ Քյազումովը, Միրզա Ալաքպեր Ախունդ զադեն, Երևանի Մահմեդական ազգային ժողովի անդամներ Աղաբաբեգովը, Միր Սադըկովը, Ֆիզուլլաբեգովը: Կողմերը համաձայնվեցին՝ թուրքերը՝ բանալ ճանապարհները, Երևանի-Ջուլֆա երկաթուղին, իսկ հայերը խոստացան վերջ տալ զորամասերի գործողություններին:

Քաղաքի համաձայնությունը, սակայն, ո՛չ մի նշանակություն չուներ գավառի համար: Այնտեղ դեպքերը ընթանում էին իրենց ճանապարհով: Թուրքերի սանձարձակությունները օր օրի վրա սաստկանում էին: Անհրաժեշտ էր ձեռք առնել վճռական միջոցներ: Արամը, զորավար Սիլիկյանը, զորավար Փիրումյանը և Դրոն խորհրդակցության [ընթացքում] որոշեցին, օրինակ տալու համար, պատժել Ուլուխանլուն և բանալ երկաթուղային հաղորդակցությունը: Խորհրդակցության միջոցին լուր ստացվեց, որ Կողբը պաշարված է, Դաշբուռունի վիճակը շատ ծանր է, և Իգդիրի Ազգային խորհուրդը օգնություն է խնդրում:

Հաջորդ օրը, փետրվարի 22-ի առավոտյան, 6-րդ և պարտիզանական գնդերից մի-մի գումարտակ և 2 թնդանոթ Կլիչի մարտկոցից շարժվեցին դեպի Ուլուխանլու և դիրքեր բռնեցին գյուղի մոտ: Արամի առաջարկությամբ, գործողության դիմելուց առաջ՝ փաստաբան Գ. Ենգիբարյանից ու Երևանի հայտնի վաճառական Հաջի Ռիզայից բաղկացած մի պատվիրակություն ուղարկվեց մի անգամ ևս համոզելու համար ուլուխանլուեցիներին, որ խաղաղությամբ բանան ճանապարհը: Զինված թուրքերը ահագին բազմությամբ ու դրոշակներով դրավել էին դիրքերը և թուրքական ազգային քայլերգն էին երգում: Նրանք մերժեցին ընդունել պատվիրակությունը:

Այն ժամանակ Դրոն տվեց հարձակման հրաման: Որոտացին թնդանոթները: Սկսվեց տաք կռիվ: Նույն ժամանակ արյունահեղ կռիվներ էին տեղի ունենում Սուրմալուում, Ղամարլուում, Յուվայի շրջանում:

Մինչև երեկոյան ժամը 5-ը թուրքերը ցույց տվին կատաղի դիմադրություն: Ժամը 5-ին հայկական զորամասերը դիմեցին ընդհանուր գրոհի: Հակառակորդը չդիմացավ ու ջարդված փախավ, ցիր ու ցան եղավ: Ուլուխանլու գյուղը մատնվեց կրակի: Ուլուխանլուեցիները հայտնեցին հպատակություն և այնուհետև մինչև վերջ մնացին հավատարիմ Հայաստանի պետականության ու ո՛չ մի զրկանքի չենթարկվեցին:

Ուլուխանլուի դեպքի մասին Դրոն տվեց հետևյալ հեռագիրը.

«Զորամասը գնում էր Ղամարլու միանալու համար Ղամարլուի զորամասին և բանալու Դավալուում փակված 4-րդ գնդի մեկ գումարտակի ճանապարհը: Մեկ օրվա հրացանաձգությունից հետո Աղհամզալուում, ուղարկված հայ-թուրքական պատվիրակությունը, որ թուրքերը հետ քաշվեն ու չխանգարեն զորքերին առաջ անցնելու, արդյունք չտվեց: Թուրքերը օգնության հասած քրդերի հետ դիմեցին հարձակման՝ կամենալով ջարդել մեր զորամասը և գրավել հրետանին: Թուրքերը ունեին ձեռքի ռումբեր: Այն ժամանակ մենք որոշեցինք վերջ տալ այդ ամենին և օգնություն հասցրինք գնդապետ Դոլուխանյանին՝ հրամայելով հարձակվել ու գրավել Ուլուխանլուն, որը և կատարվեց: Ուլուխանլուն գրավված է, շրջանը մաքրված: Մեր զոհերն են՝ 9 սպանված, 32 վիրավոր, որոնցից երկուսը՝ սպա: Թուրք պատգամավորները մեղադրում են յուրայիններին, որի համար կան փաստեր, և խնդրում են հաշտություն: Մեր դրած պայմաններն են. բանալ ճանապարհները, չկտրել հեռագրական թելերը և հրացանի չբռնել գնացքները: 22 փետրվար»:

Ուլուխանլուի գրավումից հետո՝ բացվեց երկաթուղային հաղորդակցությունը Ալեքսանդրապոլի հետ, բացվեց և Ղամարլուի ճանապարհը: Ապա զսպվեցին Կողբի, Սուրմալուի, Ղամարլուի թուրքերը, ազատվեցին Ալի Ղըզըլի բնակիչները, պատժվեցին Ալագյազի և Նոր Բայազետի թուրքերը:

Առանձնապես ուժեղ կռիվներ տեղի ունեցան Դավալուի շրջանում, ուր, Խոսրովի մահից հետո, ձիավոր հարյուրյակի հրամանատար էր նշանակվել սպա Կուռո Թարխանյանը, իսկ Դավալուի զորամասի՝ 1 գումարտակ, 1 հարյուրյակ, պետ՝ գնդապետ Տեր-Սարգիսյանը: Դավալուն շրջապատված էր թշնամիներով և բոլորովին կտրված Երևանից: Շաբաթներ շարունակ պաշտպանվում էր 3000-ից ավելի ջելալցի քրդերից և Շարուրի, Վեդիբասարի, Արալըխի ու Բաշքենդի թուրքերից, որոնք կատաղի հարձակումներով՝ աշխատում էին գրավել Դավանլուն և գերի առնել հերոսական դիմադրություն ցույց տվող հայերին:

Այդ դեպքերի ընթացքում էր, որ Պարսկաստանից նահանջող Կուբանյան 2-րդ դիվիզիան՝ 2 գնացքով, ձիավորներով ու թնդանոթներով, կռվով եկել-հասել էր Սադարակ, ուր և շրջապատվել էր թուրքերի և քրդերի կողմից, որոնք մի վերջնագրով պահանջ էին ներկայացրել, որ կազակները հանձնեն իրենց զենքներն ու ձիերը և այնպես հեռանան: Կազակները մերժել էին և կռվում էին նրանց դեմ:

Թնդանոթների ու գնդացիրների ձայնը առնելով՝ Կուռո Թարխանյանը դուրս եկավ հետախուզության և փողի հնչյուններով ու համազարկերով նշաններ էր անում: Երեկոյան դեմ, թշնամու շղթան ճեղքելով, Արարատ կայարանը հասավ մի զրահապատ ինքնաշարժ՝ մի սպայով և գնդացիրներով ու ռումբերով զինված 6 կազակներով: Ռուս զորքերի հրամանատարը մի նամակով առաջարկում էր հաջորդ օրը միասին հարձակում գործել թշնամու վրա:

Մյուս օրն առավոտյան ժամը 7-ին, գնդապետ Տեր-Սարգսյանի հրամանով, 2 վաշտ ու ձիավոր հարյուրյակը շարժվեցին դեպի Սադարակ: Սկսվեց կատաղի կռիվ: Քրդերն ու թուրքերը պաշտպանվում էին ճակատից ու թիկունքից, բայց երկու կրակի մեջ առնված՝ չդիմացան ու փախան՝ մի մասը Դարալագյազի ուղղությամբ, մյուսը՝ Արաքսի մյուս ափը: Կեսօրվա մոտ հայ և ռուս զորամասերը  «կեցցեներով» միացան իրար: Գրոհի ժամանակ երկու ոտքից վիրավորվեց հարյուրյակի հրամանատր Թարխանյանը: Դավալուի ժողովուրդը խանդավառ ընդունելություն արեց կազակներին, որոնք հայերին տվեցին մի քանի վագոն հաց, գարի, ռազմամթերք:

Հաջորդ օր, Դավալուի բնակչությունը և հայկական զորամասերը կազակների հետ միասին մեկնեցին դեպի Երևան:

Ղամարլուի և Դավալուի շրջանի դեպքերի առթիվ Երևանից Թիֆլիս ուղարկեցին բազմաթիվ հեռագրեր. մահմեդականները մեղադրում էին հայերին, հայերը՝ մահմեդականներին: Հայերի կողմից հետևյալ ձևով էր ներկայացվում կացությունը:

Փետրվարի 21-ին Երևանի զորքերի հրամանատր գնդապետ Փիրումյանը հեռագրեց ներքին գործերի նախարարին. «Մահմեդականների անընդհատ հարձակումները զինվորական, մարդատար, բեռնակիր և սանիտարական գնացքների վրա չեն դադարում՝ չնայած ձեռք առնված միջոցներին: Ավազակային հարձակումները մեծ չափերով տեղի են ունենում երկաթուղու, խճուղու, հեռագրային գծերի վրա, կայարանները կողոպտվել են, կամուրջները քանդվել, որի պատճառով կտրված ենք ամբողջ աշխարհից. առանձնապես ահաբեկված է ռուս ազգաբնակչությունը, որը թողնելով ամեն բան՝ հեռանում է Կովկասի սահմաններից: Թուրքերը հարձակվել են Ղամարլուի վրա, ուղարկվեց պատգամավորություն, որը ենթարկելով հրացանաձգության՝ հետ դարձավ: Թուրքերը իրենց ուժերը կենտրոնացրել են Ուլուխանլու ու Աղհամզալու կայարաններում, ուր և զինաթափ են անում զինվորական գնացքները: Երևանի նահանգային կոմիսարիատը ստիպված էր զինված ուժերով վերականգնել կարգը նաև հեռագրային և երկաթուղային գծերի վրա: 48 ժամ ժամանակ է տրված կապ հաստատելու համար Դավալու կայարանի հետ, որտեղ գտնվում է մի զորամաս: Այս պահանջը չկատարելու դեպքում զորք կուղարկեմ: Մի քանի օրվա կռիվներում կորցրել ենք երկու սպա, ինը զինվոր, վիրավորված են 2 սպա 37 զինվոր»:

Փետրվարի 27-ին Երևանից  Զինվ. միության նախագահ բժ. Հ. Մելիքյանը ուղիղ հեռագրաթելով հաղորդում էր Թիֆլիս. «Կացությունը նահանգում հուզումնալից է: Դավալուից 70 զինվորներ ճանապարհվեց Ղամարլու, ճանապարհին հրացանի բռնվեցին թուրքերի կողմից, 10 հոգի վերադարձան վիրավորված, մնացած 60-ը կորել են հայտնի չէ թե ուր: Ենթադրվում է, որ սպանված են: Այդ բանից Ղամարլուի մեր զորամասերը սարսափելի էլեկտրականացած են և պահանջում են անհապաղ գնալ մաքրել Ղամալու-Դավալու ճանապարհը: Այսօր այնտեղ ուղարկվեց հայ-թուրքական մի պատգամավորություն, բայց Ավշար գյուղում թուրքերը բռնել են պատգամավորներին, զինաթափել նրանց պահակներին և ամենքին հետ դարձրել: Դավալուն և Ռեհանլուն շրջապատված են թուրքերով, և խիստ հրացանաձգություն է տեղի ունենում… Այս առավոտ եկավ Թիֆլիսի պատգամավորությունը և վաղը մեկնում է Ղամարլու ու Դավալու զրահապատ գնացքով, իսկ այսօր ցերեկը Ղամարլու մեկնեց կոմիսար Դրոն զինվորներին հանգստացնելու համար, որովհետև նրանք վերջնագիր են ներկայացրել, որ եթե զորախմբին թույլ չտրվի հարձակման դիմելու, զինվորները իրենք դատաստանի կենթարկեն հրամանատար գլխապետ Թարվերդյանին: Դրությունը շատ լուրջ է»:

Թիֆլիսում Երևանից ստացվող լուրերը առաջ էին բերում ահագին իրարանցում: Անդրկովկասյան կոմիսարիատը ուղարկել էր մի պատվիրակություն՝ տեղն ու տեղը քննելու հայ-թուրքական ընդհարումների պատճառը: Պատվիրակության անդամներ Խ. Կարճիկյանի և Ջաֆարովի բերած զեկուցումները բուռն վիճաբանությունների նյութ դարձան Սեյմի փետրվարի 19-20-ի նիստում: Մահմեդական պատգամավորները մեղադրում էին հայերին, թե նրանք մաքրում են Երևանի նահանգը մահմեդական ազգաբնակչությունից՝ հայկական հող պատրաստելու նպատակով: Հայերն, ընդհակառակը, ընդհարումների պատճառ էին ցույց տալիս թուրքերին, որոնք արգելք էին հարուցանում ռազմաճակատ մեկնող զորամասերի առջև: Այս առթիվ էր, որ Խ. Կարճիկյանը Սեյմում արտասանեց իր պատմական մեկ ճառը՝ հանգամանորեն ներկայացնելով հայ-թուրքական կռիվների էությունը:

«Երբ Անդրկովկասյան կոմիսարիատը,- ասաց նա,- լուրեր ստացավ, որ Երևանի նահանգի ու Բորչալուի գավառի որոշ մասերում կատարվում են դեպքեր, որոնք ոչ միայն խանգարում են նահանգի ու գավառի խաղաղ կյանքը, այլև բոլորովին անդամալուծում են երկաթուղային հաղորդակցությունը, երբ լուր հասավ, որ Ուլուխանլու-Ջուլֆա երկաթուղամասի վրա մի շարք անկարգություններ ու քրդական հարձակումներ կանգնեցրել են հաղորդակցությունը, երբ հայտնի դարձավ, որ այնտեղ գնացքների արհեստական խորտակումներ են արվում, թալանվում են զենք փոխադրող ամբողջ գնացքներ, երբ տեղեկություն եկավ, որ գնացքներից մարդիկ են դուրս հանվում ու սպանվում. մյուս կողմից, երբ լուր ստացվեց, որ երկաթուղագծի վրա այս ու այն կողմ փոխադրվող հայ զորամասերը գնդակահարում են խաղաղ բնակիչներին՝ Անդրկովկասյան կոմիսարիատի համար պարզ դարձավ, որ կացությունը խիստ սպառնական է և անհարժեշտ է ձեռք առնել անմիջական միջոցներ»: Եվ ահա ուղարկվեց հատուկ պատվիրակություն, որի վրա դրվեց պարտականություն բանալու Սանդար-Սադախլու երկաթուղին, որ փակել էին թուրքերը, և խաղաղեցնել Երևանի նահանգը:

Արդ՝ ի՞նչ է տեսնում, ի՞նչ է անում պատվիրակությունը:

Սանդարում պատվիրակությանը ներկայացնում են գյուղերի պատվիրակները, որոնք  «միաբերան հայտնեցին, թե ավելի համբերել այլևս չեն կարող, թե այն, ինչ որ կատարվում է Բորչալուի գավառում, այլևս անտանելի է: Ջարդերը, կողոպուտն ու թալանը, սպանությունները, քայքայումը, հրկիզումները տեղական մահմեդական ազգաբանակչությանը հասցրել են այնպիսի մի վիճակի, որ նրանք է՛լ չեն կարող համբերել: Եվ պահանջեցին Անդրկովկասյան կոմիսարիատի պատվիարկությունից ձեռք առնել ամենախիստ ու շտապ միջոցներ: Պահանջում էին հաստատել ժողովրդական ռազմահեղափոխական դատարան, որ նա դիմի կտրուկ միջոցների և նույիսկ մահապատժի»:

Ուլուխանլուում պատվիրակության առջև պարզվում է այսպիսի պատկեր.  «Ուլուխանլուն ներկայացնում է պատերազմական մի բանակ: Նախ՝ պատվիրակությանը դիմավորեց այդ կայարանի զինված պահակախումբը՝ մի քանի հարյուր զինված գյուղացիներ, մի քանի հարյուր հոգի ձիավորներ, ամենքը զինված: Այս մեծ հանգուցյալին կայարանը բոլորովին այրված է, այնպես որ հեռագրաթելը վերականգնելու նպատակով Էջմիածին կայարանից մեզ հետ առած ծառայողներին տեղ չկար տեղավորելու: Մենք իմացանք, որ մի քանի օր առաջ այնտեղից հեռացել էին բոլոր ծառայողները, որովհետև կայարանի վրա հարձակվել էին քրդերը, այրել, քար ու քանդ արել ու կողոպտել ամեն ինչ, կրակի մատնել կայարանի բոլոր շենքերը: Մահմեդականների ներկայացուցիչները յայտնեցին, որ նրանք թույլ չեն տա, որ պատերազմից մնացած պետական ստացվածքը բաժին հասնի բացառապես հայերին կամ վրացիներին. նրանք պահանջում էին, որ այդ ստացվածքը հավասարապես բաժանվի Անդրկովկասի բոլոր ժողովուրդների միջև: Մասնավորապես, պահանջում էին, որ մահմեդականներին տրվի այն քանակությամբ զենք, ինչ քանակություն որ համապատասխան է իրենց ազգաբնակչության թվին: Հետո, մահմեդականները հայտնեցին, որ իրենք թույլ չեն տա երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, մինչև որ իրենց հիմնական պահանջը չգոհացվի: Եթե հայերը կամենում են խաղաղությամբ կարգադրել այս բախումը, նրանք պարտավոր են անհապաղ լուծել իրենց զորագնդերը և զենքները հանձնել թուրքերին, այլապես իրենք թույլ չեն տա կարգի վերականգնումը…

Պատվիրակությունը ընդունում է նաև քրդերի ներկայացուցիչներին: Նրանք հայտնում են, թե, ճիշտ է, իրենք թալանում ու քանդում են և կշարունակեն քանդել ու թույլ չեն տա, որ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնի, որովհետև քուրդ բնակչությունը բոլորովին մատնված է անուշադրության և դատապարտված է սովի: Մթերք ու նպաստ ստանում են մահմեդականներն ու հայերը, բայց ոչ քրդերը: Եվ, հետևաբար, քանի որ երկաթուղին գոյություն ունի միայն մահմեդականների ու հայերի համար, իրենց ուրիշ ոչինչ չի մնում, բացի թալանից և ճանապարհին հանդիպած ամեն բան փչացնելուց»:

Ապա պատվիրակությունը հասնում է Երևան, ուր իրար հետ կռվող հայերն ու թուրքերը նոր էին հաշտվել, իբրև նախապայման ընդունելով հայ-մահմեդական խառը զորագնդերի կազմությունը:  «Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները հայտնեցին, որ ամեն բան, որ կատարվում է այժմ Անդրկովկասում, հանգում է որոշ մտքի: Նախ՝ բոլոր այն երկաթուղագծերի վրա, ուր ապրում են մահմեդականները, համարյա միաժամանակ տեսնում ենք որոշ բնույթ կրող հուզումներ, որոնք վերջանում են երկաթուղային հաղորդակցության խանգարումով: Մատնանշում են Սանդար-Սադախլու երկաթուղագիծը, Ուլուխանլու գիծը: Հետո, նրանք հայտնեցին, որ բոլոր խռովությունները տեղի են ունենում երկաթուղու մոտ երկաթուղային հաղորդակցության շուրջը… Նրանք կարծում էին, որ այս ամենը պատահական բան չէ, որ կան ինչ-որ մութ տարրեր, որոնք առաջ են բերում այդ ամենը և գործում որոշ նպատակով, որպեսզի խանգարեն հաղորդակցության միջոցները, արգելք հանդիսանան ռազմաճակատի պաշտպանության, և որ այս բանում թե՛ մահմեդական ու հայ և թե՛ ամբողջ Անդրկովկասի ազգաբնակչությունը գործիք է այդ մութ ձեռքին… Երևանի նահանգի արևելյան մասը, ուր ազգաբնակչությունը խառն է, արդեն համարյա անծանոթ մի երկիր է. հայտնի չէ, թե ինչ է կատարվում այնտեղ, ոչ ոք ոչ մի լուր չի ստանում և այնտեղ մուտք գործելը բոլորովին անհնար է:

«Մյուս կողմից հայ հասարակության վիճակը չափազանց ծանր էր այնտեղ: Նախ, ինչպես ձեզ հայտնի է, այնտեղ կազմակերպվում են հայկական զորամասեր, որոնք պետք է ուղարկվեին ռազմաճակատ: Այդ զորամասերը մի քանի շաբաթ սպասեցին ուղարկվելու օրվան: Որոշ մասեր առաջ շարժվեցին երկաթուղագծի վրա գիծն ու պահեստները պահպանելու համար: Եվ ահա ստեղծվեց այնպիսի դրություն, որ անհնար էր ոչ ռազմաճակատ ուղարկել, ոչ էլ Շահթախթում, Դավալուում և, կարծես, Նախիջևանում կանգնած զորամասերին օգնություն հասցնելու: Նրանք կտրվեցին իրարից և ո՛չ մի հնար չկար նրանց միջև կապ հաստատելու: Հայ զորամասերը չէին կարող հանդուրժել, որ շաբաթներով մնան նստած ու չկարողանան մեկնել ռազմաճակատ: Ինձ հայտնեցին հայ գործիչները, որ նրանք թափեցին ամեն ճիգ, որպեսզի զսպված պահեն այդ զորամասերը: Նրանք զգում են, որ մութ ուժերը դրդում են նրանց հարձակվելու մահմեդական բնակչության վրա: Ես տեսել եմ հայ զորամասեր թե՛ այստեղ և թե՛ ուրիշ տեղեր և պետք է ասեմ, որ Երևանում նրանք բավական կարգապահ են, բայց նրանց ա՛յս վիճակում պահելը կլինի գրեթե անհնար…

Մեր գլխավոր նպատակն էր երկաթուղային հաղորդակցության վերականգնումը Ուլուխանլու և Ջուլֆա կայարանների միջև: Մենք այդ չկարողացանք կատարել, որովհետև չկարողացանք անցնել այնտեղ: Մեր ստացած տեղեկություններով կամուրջներն ու գիծը այնտեղ բոլորովին փչացած են, և եթե մենք ուզենայինք գնալ, պետք է մեզ հետ առնեինք շինվածանյութերի մի ամբողջ գնացք, որպեսզի վերականգնենք ճանապարհը: Մեզ ասում էին, թե կձերբակալեն և թույլ չեն տա առաջ անցնելու: Պատվիրակությունը վերադարձավ առանց որևէ բան անելու»:

Ավելի մռայլ պատկեր դժվար էր գծել: Երկու ժողովուրդներ՝ կոկորդ կոկորդի հոշոտում են միմյանց, իսկ երկրի կենտրոնական իշխանությունը դատարկ խոսքերից զատ ոչինչ չունի նրանց ասելիք: Այս պայմաններում մեծ պաղարյունություն ու կամք պետք էր տեղական գործիչներին՝ «մութ ուժերի» սադրանքին չենթարկվելու համար: Եվ դրա վրա էր հրավիրում Կարճիկյանն իր զեկուցման վերջում՝ պատասխանելով միաժամանակ թուրք պատգամավորների աղմկարար ու գրգռիչ ճառերին. «Ես մտնում եմ հայ ու մահմեդական տեղական գործիչների դրության մեջ. այնտեղ հրդեհն արդեն սկսված է, իսկ մենք չենք տալիս ոչ մի օգնություն և ոչ մի միջոց հանգցնելու համար այդ հրդեհը: Բայց, քաղաքացի պատգամավորներ Անդրկովկասյան սեյմի, մի՛ խանգարեք նրանց, թույլ տվեք, որ նրանք իրենք հանգցնեն հրդեհը՝ մենք նրանց օգնել չենք կարող այժմ: Մի՛ հանեք փոթորիկ հրդեհի ժամանակ: Մենք չպետք է կորցնենք մեր պաղարյունությունը: Քաղաքական ղեկավար մարմինը, այսպիսի ահավոր վայրկյանին, երբ ամենքս կանգնած ենք անդունդի եզերքին, իրավունք չունի կորցնելու հավասարակշռությունը, իրավունք չունի զբաղվելու միմյանց դեմ ամբաստանագրեր պատրաստելով: Մեզանից ամեն մեկը պատասխանատու է ո՛չ միայն իր համար, այլև հայերի, մահմեդականների ու վրացիների՝ մենք պատասխանատու ենք ամբողջ ազգաբնակչության համար: Մենք չպե՛տք է դուրս գանք, իբրև միմյանց մեղավորներ: Մենք հանդես պետք է գանք, որպես գաղափարական քաղաքական մի մարմին, որը այս հուզումնալից վայրկյանին կոչված է փրկելու երկիրը: Ես կոչ եմ անում պաղարյունության ու սեփական պարտքի գիտակցության»:

Ի՜նչ ազնիվ խոսքեր, որոնք, սակայն, հնչում էին անապատի մեջ: Գազանական տարերքը խցել էր ամենքի ականջները:

Ուլուխանլուի և Ղամարլուի դեպքերի առթիվ, Երևան մեկնեց մի ուրիշ պատվիրակություն, այս անգամ Սեյմի կողմից, որի նախագահ Գեորգաձեն Սեյմի մարտի 7-ի նիստում ներկայացրեց մանրամասն զեկուցում, որի մեջ ի միջի այլոց, ասում էր.  «Երևակայեցեք երկաթուղին, որ վրա մի ժամանակ եռում էր կյանքը, սուլում էին շոգեքարշները, գործում էին արհեստանոցները, տրվում էին հեռագրեր, ժողովուրդը օգտվում էր քաղաքակրթության պտուղներից: Իսկ այժմ երկաթուղու վրա ոչի՛նչ չեք գտնի. չկան կայարաններ, չկան շենքեր, ամեն ինչ թալանված է, ամեն բան փչացած, կայարաններում չեք տեսնի ո՛չ մի կենդանի էակ, ո՛չ մի ծառայող՝ ամեն ոք հեռացել-կորել է, ոչինչ չի մնացել: Այս վիճակում են գտնվում Ուլուխանլու, Արարատ և ուրիշ կայարաններ: Պատվիրակության ունեցած տեղեկություններով, դեպի Ջուլֆա տանող գծի վրա կանգուն է մնացել միայն Ղամարլու կայարանը, ուր կանգնած է հայկական մի հարյուրյակ: Այս վիճակում գտնվող երկաթուղու վրա, որևէ շարժում, զորամասերի որևէ փոխադրություն, ինչ զորամաս էլ ուզում է լինի՝ ռուս, թե հայ, բոլորովին անհնար է: Ճիշտ է, երկաթգծերը դեռ հանված չեն, փայտեղեն մասը դեռ իր տեղում է, բայց կատարելապես անմարդաբնակ են և ճիգ է թափվում, որ այդպես էլ մնան: Եթե այդ ճանապարհով անցնելու լինեք, ճանապարհի երկու կողմը կտեսնեք փորված դիրքերում նստած քրդեր կամ մահմեդականներ: Երբ մենք մոտենում էինք մի ավերված ու քար ու քանդ արված կայարանի, կայարանում և ուրիշ շենքերում նկատեցինք ինչ-որ զինված մարդկանց: Մահմեդականների պատվիրակությունը իջավ վագոնից, մոտեցավ այդ զինված անձանց և հարցրեց. ի՞նչ կա, ինչո՞ւ են նստած այստեղ: Զինված մարդիկ սկզբում հեռացան մի կողմ, ապա հետ եկան և բացատրեցին, որ իրենք քրդեր չեն և եկել են տանելու մնացած գերաններն ու իրերը: Եվ երբ քիչ հեռու տեսանք զինված մի հրոսախումբ, պատվիրակությունը ստիպված էր դառնալ հետ, բայց այդ զինված ամբոխը սպիտակ դրոշակը ձեռքին հասավ ու հայտնեց որ այդ կամուրջները այրել են ոչ թե իրենք՝ մահմեդականները, այլ քրդերը»:

Սակայն, «պատվիրակությունը լսեց և այլ կարգի գանգատներ. հայկական զորամասերը ճակատ են գնում, ճակատում թողնված է հսկայական, բազմամիլիոն արժեք ունեցող գույք, այդ գույքը սեփականություն է կազմում Անդրկովկասում ապրող բոլոր ժողովուրդների՝ և՛ հայերի, և՛ մահմեդականների ու վրացիների, այդ պատճառով՝ հայ զորամասերը, որոնք գրավում են այդ գույքը և հայտարարում են իրենց սեփականություն, չպե՛տք է թույլատրվեն անցնելու ռազմաճակատ… Այն օրը, որ մեր պատվիրակությունը հասավ Երևան, շտապով հայերից ու մահմեդականներից բաղկացած մի ուրիշ պատվիրակություն որոշ ժամանակից հետո վերադարձավ ու հայտնեց, որ մահմեդականները դուրս են եկել պատվիրակության առջև, խլել են նրանցից հրացաններ և ուրիշ զենքեր: Այս ամենը կատարվեց մեր ներկայությամբ, ձեր պատվիրակության աչքի առջև, և կարելի է թվել շատ դեպքեր, երբ հայ զինվորները սպանել են թուրքերին և, ընդհակառակը, թուրքերը սպանել են հայերին: Մյուս կողմից, տեղի են ունենում մասնավոր ընդհարումներ ու սպանություններ: Ահա այսպիսի հանգամանքերում, երբ ոչ միայն ազատ հաղորդակցություն չկա երկաթուղիներով, այլև փակված է երթևեկը գյուղերի միջև, այս դրության մեջ հայկական զորքերի կոմիսար Դրոն հայտարարեց, որ բոլոր ռազմագիտական ճանապարհները փակված են հայկական զորամասերի առջև: Նա վճռական ու համառ կերպով պահանջում էր, որ իրեն ցույց տրվի որևէ ճանապարհ, թեկուզ շատ վատ ու անհարմար, թեկուզ ամենաանցանկալի մի ճանապարհ: Այդ պահանջին նրան պատասխանվեց, որ ռազմագիտական բոլոր ճանապարհները փակված են ռազմաճակատ գնացող հայ զորամասերի առջև: Մահմեդականների ներկայացուցիչները չառարկեցին»:

«Երբ մի կողմից, գյուղերում կանգնած են կանոնավոր գնդեր ու գումարտակներ, իսկ մյուս կողմից կանգնած են զինված անկազմակերպ մահմեդական զանգվածներ, ստեղծվում է այնպիսի հագեցած մթնոլորտ, որ ամենաաննշան առիթն իսկ բավական է, որպեսզի բռնկվի ազգային հրդեհը: Եվ ահա այդ ազգային հրդեհը տեղի ունեցավ փետրվարի 17-21-ին: Եթե դուք նայեք Ղամարլու մեծ գյուղի վրա, որի բնակիչները բաղկացած են մահմեդականներից ու հայերից, կտեսնենք, որ այդ գյուղի մահմեդական մասը չկա, ահնետացել է: Չեք գտնի նրան, գոյություն չունի, բնաջնջված է, իսկ հայկական մասը կանգուն է, չի վնասվել: Եթե առնեք մի ուրիշ գյուղ՝ Աղհամզալուն, այդ գյուղում էլ բնակիչ չկա. հեռացել, թաքնվել են, մի մասն էլ գուցե, բնաջնջված է: Ուլուխանլուն, ավելի մեծ ու հարուստ մի գյուղ, նույնպես դատարկված է: Դավալու գյուղից մահմեդական բնակչությունը, տեսնելով հուսահատական վիճակը, հեռացել է հոժարակամ, հայտնի չէ թե ուր: Այսպիսի դրության մեջ են հայերի ասելով 18, իսկ մահմեդականների տեղեկություններով 21 գյուղեր: Ամենացավալին այն է, որ գյուղերի մաքրագործումը, այս, եթե կարելի է ասել, գյուղերի ջարդ ու փշուր անելը կատարվել է մասնակցությամբ հայկական կանոնավոր զորամասերի, որոնք այս հրդեհի ժամանակ օգնության են կանչված Երևանից և, փոխանակ օգնելու, իրենք էլ մասնակցել են այդ հրդեհին՝ գործի մեջ մտցնելով գնդացիրներ ու հրետանիներ: Երևան քաղաքի դեպքերը արձագանք եղան Դավալուի դեպքերի: Երևանում սկսվել է հրացանաձգություն ու կոտորած: Հետևանքը՝ 36 մահմեդական գերեզման և 56՝ հայկական… Հայ ու մահմեդական խանութները բոլորովին ջարդված ու թալանված են և եթե չլինեին մի քանի հասարակական գործիչներ մահմեդականների ու հայերի կողմից, Երևանում ահավոր ջարդ ու կոտորած տեղի կունենար: Բայց, ինչպես վկայեց պատվիրակությունը հայ ու մահմեդական ներկայացուցիչների առջև Երևանում, շնորհիվ Դրոյի, Արամ փաշայի և Երևանի պարետ Շահխաթունիի եռանդուն միջամտության, կոտորածը լայն ծավալ չի ստացել: Նրանք ամբողջ օրը շրջում էին քաղաքում, հանդարտեցնում թշնամի կողմերը և, վերջ ի վերջո, փակեցին այդ դժբախտ դեպքը»:

Այս զեկուցումը բուռն փոթորիկ առաջ բերեց Սեյմում, հատկապես մահմեդական պատգամավորների կողմից: Նրանք իրար ետևից բարձրանում էին ամբիոն և արտասանում ցասումով լի, կրքոտ ճառեր՝ ուղղված հայերի ու Դաշնակցության դեմ: Ամբողջ պատասխանատվությունը, նրանց կարծիքով, ընկնում էր հայերի վրա, որոնք բռնի միջոցներով ձգտում էին ստեղծել  «հայկական հողամաս»: Հայկական զորամասերը չեն ենթարկվում կենտրոնական իշխանության և փոխանակ ռազմաճակատ մեկնելու՝ կռվում են խաղաղ ազգաբանկչության դեմ: Երևանի դեպքերի հեղինակներ են Դրոն, գնդապետ Փիրումյանն ու մի շարք ուրիշ հայ զինվորականներ ու գործիչներ: Անհիմն է այն ամբաստանությունը, թե մահմեդականները փակում են ճանապարհը հայ զորամասերի առջև և այլն, և այլն:

Ի վերջո, Սեյմը ընդունեց մի բանաձև, որի հիմնական միտքն այն էր, թե անմիջապես պետք է ձեռք առնվեն վճռական միջոցներ, որպեսզի զորամասերը կարողանան առանց արգելքի անցնել դեպի սահմանագլուխ: Սակայն, ի՞նչ արժեք ուներ նման բանաձևը, երբ Անդրկովկասի իշխանությունը զուրկ էր ամենատարական գործադիր միջոցներից: Ուրիշ անգամների պես, այս բանաձևն էլ մնաց մեռած տառ, իսկ կյանքը գնաց իր ճանապարհով: Մահմեդական շրջանները շարունակեցին հուզվել և ըմբոստանալ՝ նպաստելով թուրքական ռազմական ծրագրին: Հաշտարար պատվիրակությունները ոչ մի օգուտ չէին տալիս, բացի ավելորդ զոհեր պատճառելուց: Թուրքերի մոտ ուղարկված խառը պատվիրակություններից մեկի մեջ սպանվեց երևանցի հասարակական գործիչ փաստաբան Լևոն Մուշեղյանը:

Դրությունը ծանրանում էր և նրանով, որ նահանգը ապրում էր արտակարգ պարենավորման տագնապ: Խանութների և պահեստների առջև կանգնած երկար  «պոչերը» հուզում էին ժողովրդին, խռովում նրա միքտը: Մարդիկ դեռ սովոր չէին մեծ զրկանքների և պահանջում էին հաց, նավթ, շաքար…

Մարտի 12-ին նահանգային կոմիսար Ս. Թորոսյանը հեռագրում էր Թիֆլիս.  «Պարենավորման հարցը Երևանի նահանգում ահավոր բնույթ է ստացել: Երևանում հացի բաշխումը հասցված է անտանելի փոքր չափի: Ո՛չ մի պաշար չկա: Նոր Բայազետ, Նախիջևան, Օրդուբադ քաղաքները մնացել են առանց հացի, նավթի, իսկ Նախիջևանի և Նոր Բայազետի գավառները գտնվում են սոված խռովությունների ու բռնությունների նախօրյակին»:

Եվ խռովություններն ու բռնությունները չուշացան: Այստեղ ու այնտեղ սկսեցին կատարվել հարձակումներ պետական պահեստների և մասնավոր խանութների ու հացի փռերի վրա: Դրությունը դառնում էր սպառնական: Անհրաժեշտ էր ուժեղ և արագ գործող, վճռական ու միակամ իշխանույթուն: Այդ իշխանությունը Արարատյան դաշտը ունեցավ հանձին Արամի:

Այս պահանջի գիտակցությամբ, Երևանի ազգաբնակչությանն ու զինվորականությունը, Էրզրումի անկման լուրի տպավորության տակ, մի բազմամարդ ժողովում որոշեցին Արամին հայտարարել դիկտատոր և ամբողջ իշխանությունը կենտորնացնել նրա ձեռքը: «Մեր Հայրենիք» երգելով հազարավոր բազմությունը շարժվեց դեպի Արամի բնակարանը և հուզիչ հանդիսավորությամբ հռչակեց նրան դիկտատոր: Վրա հասան քաղաքի զորամասերը և երդվեցին հնազանդ լինել նորընտիր դիկտատորին: Այդ քայլին իր անվերապահ հավանությունը տվեց և Ազգային խորհուրդը: Այսպիսով, մարտի առաջին օրերից սկսած՝ Երևանի բովանդակ իշխանության մարմնացումը դարձավ Արամը, որ իր զարմանալի նրբամտության ու տակտի շնորհիվ կարողացավ շաղկապել շրջանի բոլոր գործոն տարրերը, աշխատանքի լծել ամենքին: Ձեռք ձեռքի տված Դրոյի, զորավարներ Սիլիկյանի ու Փիրումյանի, նահանգական կոմիսար Ս. Թորոսյանի, քաղաքական կուսակցությունների և կառավարական ու հասարակական մարմինների հետ՝ նա երևան բերեց արտակարգ եռանդ և, ամենատագնապալի վայրկյանին, ձեռնհասությամբ վարեց Արարատյան դաշտի հայ ժողովրդի ճակատագիրը:

Ըստ ձևի, Արամի դիկտատոր նշանակվելուց հետո էլ իշխանությունը մնաց Ազգային խորհրդի ձեռքին: Հատուկ կոմիտեի փոխարեն այժմ գործում էր առանձին մի մարմին, որի անդամները կոչվում էին վարիչներ: Այս մարմինը փաստորեն Արարատյան դաշտի կառավարությունն էր, որի նախագահն ու զինվորական գործերի վարիչը Արամն էր, ներքին գործոց վարիչը Սահակ Թորոսյանը, պարենավորմանը՝ Մկ. Մուսինյանը, ելևմտականը՝ Հովհ. Մելիքյանը, ինքնապաշտպանությունը՝ Արշ. Աստվածատրյանը: Քիչ վերջը, մարմնի կազմի մեջ մտան նոր անձեր՝ Ալեքսանդրապոլի նախկին քաղաքագլուխ Կամսարականը, բժ. Հ. Տեր-Միքայելյանը ( Օվին) և այլն: Եղան և ուրիշ փոփոխություններ: Դրոն, իբրև զինվորական կոմիսար, մարտական ուժերի ոգին էր և զինվորական ծրագրերի գործադրողը՝ համախորհուրդ Արամի հետ: Այս մարմինը մնաց իշխանության գլուխ մինչև Հայաստանի խորհրդի ու կառավարության ժամանումը Թիֆլիսից:

Երևանի կառավարությանը, ի վերջո, հաջողվեց բանալ ռազմագիտական նշանակություն ունեցող գլխավոր ճանապարհները, մաքրել խռովությունների բուն ծառայող մահմեդական վայրերը և որոշ կարգ ու կանոն հաստատել իրեն ենթակա շրջաններում: Նա միջոցներ ձեռք առավ դասալքության և ավազակությունների դեմ: Նրա տրամադրության տակ կային 10-12 000 մարզված ու բավական կարգապահ զինվորներ: Դրամական դրությունը կարգավորելու համար պարտադիր տուրք դրեց ժողովրդի վրա, որը տալիս էր անտրտունջ, անգամ սիրով: Երբեք, գուցե, հայ կյանքում իշխանությունն ու հասարակությունը այնպիսի համերաշխ միություն չէին կազմել, քան 1918 թվի գարնան և ամառվա պատմական ամիսներին, Արարատյան դաշտում, Մասիսի հովանու ներքև: