Տրապիզոնի բանակցությունների խզում. Անդրկովկասը անկախ՝ Սիմոն Վրացյան

937

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունը: 

Գլուխ Ժ 

Դառնանք, սակայն, Տրապիզոնի բանակցություններին և Անդրկովկասի ներսում կատարվող դեպքերին:

Մարտի 13-ին Սեյմը տվեց «արտակարգ լիազորություններ» հաշտարար պատվիրակության նախագահ Չխենկելուն: Այդ լիազորությունը ստանալուց հետո, պատվիրակությունը, խորհրդաժողովի 6-րդ նիստում, մարտի 23-ին հայտարարեց, որ Անդրկովկասյան կառավարությունը զիջում է թուրքերին ամբողջ Օլթիի շրջանը, Արդահանի շրջանի հարավային մասը, Կարսի շրջանի հարավ-արևելյան մասն ու Կաղզվանի շրջանի արևմտյան մասը և պատրաստակամություն է հայտնում թուրքերի հետ միասին թուրք-հայկական խնդրի լուծման համար գտնել Օսմանյան կայսրությանը ընդունելի մի ձև, որը միաժամանակ հնարավորություն տար թուրքահպատակ հայերին և ուրիշ ժողովուրդներին վերադառնալու իրենց տեղերը և ստանալու ապահովության որոշ երաշխիքներ:

Այսպիսով, թուրք-հայկական ինքնավարության խնդիրը կովկասյան պատվիրակության առաջարկությունների մեջ դառնում էր զուտ գաղթականական մի հարց՝ զուրկ գործնական որևէ արժեքից: Բայց թուրքերը դրա դեմ էլ խիստ կերպով բողոքեցին:

Չխենկելու այս հայտարարությունը լսելուց հետո, Ռաուֆ բեյը պատասխանեց, թե ինքը պետք ունի կառավարությունից նոր հրահանգներ ստանալու ընդմիջում անել: Մյուս օրը, փետրվարի 24-ին, Սարիղամիշի անկման հաջորդ օրը, երեկոյան ժամը 9-ին թուրքերից ստացվեց հետևյալ վերջնագիրը. «Պարոն նախագահ, Օսմանյան կայսերական կառավարությունը պնդում է 1918թ. մարտի 21-ի հայտարարության վրա և խնդրում է հարգելի Անդրկովկասյան պատվիրակության այդ առթիվ 48 ժամվա ընթացքում տալ վերջնական պատասխան», այսինքն՝ ընդունել Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը և Անդրկովկասը հայտարարել անկախ:

Մարտի 25-ի առավոտյան Չխենկելու հայտարարությունն ու վերջնագիրը հեռագրվեց Թիֆլիս: Մարտի 26-ին ստացվեց կառավարության պատասխանը, որով համաձայնություն էր տալիս զիջելու Կարսի նահանգը և Արդվինի շրջանը՝ մերժելով զիջել Բաթումը: Պատվիրակությունը նույն օրն իսկ, աչքի առաջ ունենալով ռազմաճակատի վիճակը և թուրքերի սպառնական դիրքը, միաձայն որոշումով հեռագրեց Թիֆլիս՝ պնդելով Բրեստ-Լիտովսկի դաշնագիրն ընդունելու անհրաժեշտության վրա:

Եվ որովհետև մինչև մարտի 28-ի երեկոյան ժամը 8-ը, թուրքերի կողմից երկարաձգված նոր 48 ժամվա ընթացքում էլ Թիֆլիսից պատասխան չստացվեց, Չխենկելին, ի գործադրություն պատվիրակության միաձայն որոշման, մարտ 28-ին (10 ապրիլի նոր տոմարով) հաղորդեց Ռաուֆ բեյին հետևյալ պատասխանը. «Անդրկովկասյան հաշտարար պատվիրակությունը, ի պատասխան Օսմանյան կայսերական պատվիրակության 6 ապրիլ 1918թ. նամակի, պատիվ ունի հայտարարելու, որ ինքը ընդունում է Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը և պատրաստ է շարունակել բանակցությունները՝ հիմնվելով նրա վրա»:

Պատվիրակության հայ անդամները՝ Հ. Քաջազնունին ու Ա. Խատիսյանը, հեռագրեցին Սեյմի դաշնակցական ֆրակցիային, թե՝ «Անհրաժեշտ ենք նկատում հրավիրելու ՀՅ Դաշնակցության ամենալուրջ ուշադրությունը այն բանի վրա, որ ստեղծված պայմաններում Բրեստ-Լիտովսկի դաշնագրի ընդունումը պետք է համարել փոքրագույն չարիք»:

Երեք օր հետո Ռաուֆ բեյը պատասխանեց հետևյալ գրությամբ. «Տրապիզոն, 13 ապրիլ, 1918 թ.: Պարոն նախագահ, Օսմանյան կայսերական կառավարությունը տեղեկացավ Անդրկովկասյան պատվիրակության 10 ապրիլի գրության հետ, որ ստորագրված էր արտաքին գործոց նախարար և Անդրկովկասյան պատվիրակության նախագահ պարոն Չխենկելիի կողմից: Բայց որպեսզի կարողանա մասնակից դարձնել իր դաշնակիցներին ևս բարեկամության դաշինքի բանակցություններին, որ ինքը պատրաստ է քննելու, անհրաժեշտ է ամենից առաջ, որ Անդրկովկասը հայտարարի իր անկախությունը: Ընդունեցե՛ք, պարոն նախագահ, ամենաբարձր հարգանացս հավաստիքը: Ռաուֆ»:

Հաջորդ օրը, ապրիլի 1-ին (ապրիլի 14) Անդրկովկասյան կոմիսարիատի նախագահ Գեգեչկորիից ստացված հեռագրով պատվիրակությունը հետ էր կանչվում Թիֆլիս, որովհետև Անդրկովկասի և Թուրքիայի միջև «կարելի չէր եղել կայացնել խաղաղ համաձայնություն Անդրկովկասի սահմանային հարցի մասին»:

Պատվիրակությունը իրեն զգալով անել կացության մեջ և վախենալով ապագա աղետներից՝ հաղորդեց թուրքական պատվիրակությանը, թե ինքը պարտավորված է մեկնել Թիֆլիս և որ այդ մեկնումը պետք է նկատել ոչ թե խզում, այլ բանակցությունների ժամանակավոր ընդհատում: Եվ նույն օրը հեռացավ Տրապիզոնից: Չխենկելին, որ միաժամանակ իրեն պահում էր և իբրև վրաց ժողովրդի ներկայացուցիչ, և, ինչպես հետո պարզվեց, մյուս պատգամավորների թիկունքում վարում էր վրացական քաղաքականություն, Տրապիզոնում թողեց ազգային-դեմոկրատների պարագլուխ Վեշապելիին՝ գործելու համար հօգուտ վրաց ազգային շահերի: Մնաց նաև ազգային-դեմոկրատ մյուս պարագլուխ Գվազավան:

Իսկ ինչե՞ր էին կատարվում այդ միջոցին Թիֆլիսում, ինչո՞ւ, հանկարծ, պատվիրակությունը հետ կանչվեց:

Պատվիրակության հեռագրերը և, մանավանդ, թուրքերի ներկայացրած վերջնագիրը սաստիկ հուզում առաջ բերեցին անդրկովկասյան ղեկավար շրջաններում: Մարտի 31-ին գումարվեց Սեյմի նիստը, ուր կառավարության նախագահը զեկուցում տվեց Տրապիզոնի բանակցությունների ընթացքի մասին: Այդ զեկուցումից պարզվեց, որ Բրեստ-Լիտովսկի դաշնագրի ճանաչման հայտարարությունից հետո Բաթումի ճակատում, մարտի 29-ին, կնքվել էր զինադադար, որից հետո, Բաթումի բերդապետի մոտ եկել էր թուրք առաջապահ զորամասի կողմից մի սպա և պահանջել՝ մինչև մարտի 31-ի կեսօրը, քաղաքը հանձնել թուրքերին՝ հակառակ պարագայում՝ սպառնալով գրավել զենքի ուժով: Եվ որովհետև բերդապետը պատասխանել էր, թե առանց կառավարության հրամանի չի կարող կատարել ներկայացված պահանջը, իսկ կառավարությունն էլ բերդապետի հեռագիրը ստացել էր միայն մարտի 31-ին ժամը 11-ին, Բաթումի ճակատում վերսկսվել էին կռիվները, և թուրքերը շարժվել էին Բաթումի վրա:

Տալով այս տեղեկությունները՝ վարաչպետ Գեգեչկորին հայտարարեց, որ կառավարությունը չի կարող կատարել թուրքերի պահանջը. «Կառավարութունը կարծում է, որ անդրկովկասյան դեմոկրատիայի ազատատենչ ոգին տակավին մարած չէ, որ դեռ «չոր է վառոդը վառոդամանում» և որ, թեև մենք թույլ ենք, բայց դեռ այնքան թույլ չենք, որ դառնանք ստրուկ: (Ձայներ՝ «ճիշտ է», ծափեր:) Ուստի և կարծում ենք, որ Բրեստ-Լիտովսկի դաշնագիրն ընդունելը պիտի նշանակեր, որ Անդրկովկասը, իբրև անկախ հանրապետություն, դադարի գոյություն ունենալուց և պիտի դառնա Թուրքական կայսրության մեկ նահանգ (Ձայներ՝ «ճիշտ է», «ճիշտ է»:) Ես կարծում եմ, թե այն կառավարությունը, որ վայելում է անդրկովկասյան դեմոկրատիայի իրավատեր ներկայացուցչությունը հանդիսացող Սեյմի վստահությունը, չի կարող ընդունել այդպիսի խայտառակություն: (Ձայներ՝ «ճիշտ է». ծափեր): Ես պետք է ասեմ, որ կառավարությունը ձեռք կառնի բոլոր միջոցները, կթափի ամեն ճիգ, կհավաքի բոլոր ուժերն ու բովանդակ զորությունը, որ տա արժանավոր հակահարված այն բռնատենչ հավակնության, որ գալիս է թուրք կառավարության կողմից (Ձայներ՝ «ճիշտ է», ծափեր):

Կառավարության ռազմաշունչ հայտարարությունները ջերմ արձագանք գտան Սեյմի դահլիճում: Գեգեչկորիից հետո, հանուն սոցիալ-դեմոկրատական ֆրակցիայի, մի ռազմաշունչ ճառ էլ խոսեց Ծերեթելին. նա ևս հրավեր կարդաց դիմադրության, կռվի «թուրքական իմպերիալիզմի» դեմ, «Բրեստ-Լիտովսկում թելադրեց հեղափոխական Ռուսաստանի մահավճիռը, և այդ մահավճիռը մենք չենք ստորագրի մեր հայրենիքի համար (Բուռն, երկարատև ծափեր:)»: «Թուրքիան ուզում է խեղդել անդրկովկասյան դեմոկրատիան: Եվ ահա հասնում է ժամը, երբ մենք զենքով պետք է պաշտպանենք անդրկովկասյան ժողովուրդների ազատ զարգացումն ու գոյությունը»: Եվ «մենք համոզված ենք, որ այդ կռվում մենք կարող ենք հաղթել միայն այն ժամանակ, եթե թիկունքից չլինեն դավադիր հարվածներ (երկարատև ծափեր:)»

Ակնարկը պարզ էր՝ թիկունքից «դավադիր հարվածը» կարող էր գալ միայն կովկասյան մահմեդականներից: Եւ Մուսավաթի ներկայացուցիչը վերցրեց Ծերեթելիի նետած ձեռնոցը: «Պատերազմի հարցում,- ասաց նա, -դուք ինքներդ էլ լավ գիտեք, մահմեդական դեմոկրատիայի դիրքը բացառիկ է՝ նախ, որովհետև մինչև այժմ էլ նա զինվորական պարտականությունները չի կատարել, երկրորդ՝ ի հետևանս Թուրքիայի հետ ունեցած կրոնական կապի, որը թույլ չի տալիս գործոն մասնակցություն ունենալ Թուրքիայի դեմ վարվող պատերազմական գործողություններին: Այդ խնդրի վրա էլ մենք չենք նայում լավատեսությամբ: Մենք տեսնում ենք այն ներքին քայքայումը, ներքին միության բացակայությունը, որն, անկասկած, արգելք է հանդիսանում պատերազմական գործողությունների բարեհաջող ընթացքին: Մենշևիկների ներկայացուցիչ քաղաքացի Ծերեթելին մատնանշեց նույնպես, որ այս պատերազմում մենք կարող ենք հաղթել, եթե լինենք բոլորովին միացած ու համերաշխ: Մենք կասկածում ենք, որ կարելի կլինի հասնել այդպիսի միության, եթե սկսվեն պատերազմական գործողությունները»:

Ուրիշ խոսքով, մահմեդականության ներկայացուցիչները բարձրաձայն հայտարարում էին, որ իրենք հակառակ են պատերազմին թուրքերի դեմ և որ չեն երաշխավորում մահմեդական զանգվածների համակրանքն ու աջակցությունը պատերազմի դեպքում: Ճիշտ է, իրենց առաջարկած բանաձևի մեջ նրանք խոստանում էին «բոլոր մատչելի միջոցներով ցույց տալ հնարավոր օժանդակություն մյուս ժողվուրդներին», բայց այդ սոսկ տուրք էր ճարտասանության: Հետագա դեպքերը հաստատեցին, որ Ռուստամբեկովի հայտարարությունն ավելի անկեղծ էր և ավելի համապատասխան իրերի վիճակին:

Այնուամենայնիվ, ռազմաշունչ ճառերը շարունակվեցին: Նույն ոգով խոսեցին և Ջուղելին, Ժորդանիան, Լորդկիպանիձեն, Սեմյոնովը: Մ. Հարությունյանը հանուն Դաշնակցության հայտարարեց, որ «մենք և բոլոր այն զանգվածները, որոնք իրենց քվեն տվել են մեզ, ես կարող եմ ասել ավելին՝ ամբողջ հայ ժողովուրդը համոզված է, որ իրեն համար չկա ուրիշ փրկություն, քան այս մարտահրավերն ընդունելը և զենքը ձեռքին ճակատ մեկնելը՝ հայրենի հողը պաշտպանելու համար: Մենք համոզված ենք, որ այս միակ ճանապարհն է, որը կարող է փրկել մեր ժողովրդի ֆիզիկական գոյությունը: Մենք հավատացած ենք, որ ժողովրդի միակ փրկությունը զենքի մեջ է… Մենք կշարունակենք պայքարը Թուրքիայի դեմ, որովհետև մեզ համար զենքից բացի ուրիշ փրկություն գոյություն չունի»…

Ռուստամբեկովից հետո ամենից անկեղծ և իր ժողովրդի տրամադրությունները ճիշտ արտահայտող պատգամավորը, այդ օրն, անշուշտ, Մ. Հարությունյանն էր: Եվ հայ ժողովուրդը, որ հուսահատական կռիվ էր մղում Վեհիբ փաշայի զորքերի դեմ, կենդանի ապացույց էր Դաշնակցության հայտարարության ճշմարտության Սեյմում:

Ի վերջո, բուռն վեճերից հետո, Սեյմը, միաձայնությամբ ընդունեց Ժորդանիայի առաջարկած բանաձևը սոցիալ-դեմոկրատական ֆրակցիայի կողմից. «Որովհետև Թուրքիայի և Անդրկովկասի միջև չի կայացել խաղաղ հաշտություն Անդրկովկասի սահմանների մասին, Անդրկովկասյան պատվիրակությանն առաջարկվում է անհապաղ մեկնել Թիֆլիս»: Այս բանաձևն էր, որ ուղարկվեց Տրապիզոնի պատվիրակությանը:

Ապա Ժորդանիան բացատրեց, որ այս որոշումով «մենք, ուրեմն, պաշտոնապես մտնում ենք պատերազմի ասպարեզ, այսինքն՝ Անդրկովկասը պատերազմ է վարում Թուրքիայի հետ: Այդ պատճառով, Սեյմը պետք է երկրում զինվորական վիճակ հայտարարի»: Քվեարկությամբ և նույնպես միաձայն ընդունվեց այս առաջարկն էլ: Միաձայնությամբ հաստատվեց Ժորդանիայի և երրորդ առաջարկը՝ կազմել արտակարգ լիազորություններով օժտված 3 հոգիանոց հատուկ մարմին՝ վարելու համար պատերազմի գործը: Մարմնի անդամներ ընտրվեցին վարչապետ ու զինվորական նախարար Եվգենի Գեգեչկորին, ելևմտական նախարար՝ Խաչատուր Կարճիկյանը և ներքին գործոց նախարար՝ Նոյ Ռամիշվիլին: Ի վերջո, Սեյմը վավերացրեց նաև, միշտ միաձայնությամբ, Ժորդանիայի ներկայացրած նախագիծ-կոչը անդրկովկասյան ժողովուրդներին: Առաջ ենք բերում այդ մարդկային վավերագիրը ամբողջությամբ, իբրև արտահայտություն այն ժամանակվա տրամադրությունների:

«Անդրկովկասյան սեյմից՝ Անդրկովկասի բոլոր ժողովուրդներին

Անդրկովկասի՛ քաղաքացիներ:

Հնչել է ժամը, երբ վճռվում է բախտը մեր ընդհանուր հայրենիքի:

Դուք գիտեք, թե ինչ պահանջներ է ներկայացրել մեզ թուրք կառավարությունը:

Մեզանից պահանջում էին ընդունել Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը, որ կնքվել է առանց Անդրկովկասի ժողովուրդների գիտության, մի դաշնագիր, որը այժմ Ռուսաստանում չի ճանաչում ոչ մի մարդ, որին թանկ է հայրենի երկրի ազատութունն ու պատիվը:

Մեզանից պահանջում էին մեր լավագույն բերդը՝ Կարսը, և մեր ամենալավ նավահանգիստը՝ Բաթումը:

Մեզանից պահանջում էին պարպումը մեր երեք շրջանների՝ Կարսի, Արդահանի և Բաթումի:

Մենք արեցինք ամեն ինչ, որ խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով ստիպենք թուրքական կառավարությանը՝ հրաժարվել այդ հավանականություններից: Ձգտելով խաղաղության պահպանման, մենք հանձն առինք մեծ զոհեր ու զիջումներ: Մենք հայտնեցինք Թուրքիային, որ պատրաստ ենք զիջել համարյա բոլոր բաներում: Բայց մենք չէինք կարող հրաժարվել Բաթումից, մեր միակ ծովային ելքից, միակ ճանապարհից»: Եվ մեր բոլոր ճիգերը՝ վեճը լուծելու խաղաղությամբ՝ խորտակվեցին Թուրքիայի համառության առջև:

Թուրքիան պնդում է իր սկզբնական պահանջների վրա: Նրա նպատակն է՝ կտրել Անդրկովկասը արտաքին շահերից, խեղդել ու ստրկացնել նրան: Հանուն այդ նպատակի են առաջ շարժվում թուրք զորքերը: Կանգնեցնել նրանց կարող ենք միայն զենքի ուժով:

Մեր առջև հարց է դրված շարունակել բանակցությունները Թուրքիայի հետ ա՛յն միջոցին, երբ նրա զորքերը մտնում են մեր երկրի խորքերը, թե՞ ընդհատել և զենքին հանձնել Անդրկովկասի ազատության պաշտպանությունը:

Թուրքիայի հետ վարած մեր բանակցությունների սկզբին մենք ասում էինք. Անդրկովկասի ժողովուրդները ծարավ են հաշտության, բայց չեն համաձայնվի գնել հաշտությունը ստրկության ու խայտառակության գծով:

Այժմ մենք ստիպված ենք ընտրել՝ խայտառակ հաշտությո՞ւն ու ստրկությո՞ւն, թե՞ պատերազմ:

Մեծ պատասխանատվության գիտակցությամբ հայրենիքի և գալիք սերունդների առջև՝ մենք առանց տատանվելու արեցինք ընտրություն:

Մենք չստորագրեցինք խայտառակ հաշտությունը:

Հաշտության բանակցությունները Թուրքիայի հետ խզված են:

Այսուհետև վեճը լուծվում է զենքի զորությամբ, պատերազմի դաշտում:

Եվ այս ժամին մենք դիմում ենք ձեզ, որովհետև ձեզնից, ձեր արիությունից, ձեր զրկանքի ու զոհաբերության պատրաստակամությունից է կախված ձեր և ձեր զավակների ապագան:

Քաղաքացինե՛ր: Ռուսաստանի հետ մեկտեղ ցարիզմը տապալեցիք այն նպատակով, որ դառա՞նք Թուրքիայի ստրկացած մի նահանգը:

Գյուղացինե՛ր: Հեղափոխությունը նրա համա՞ր ձեզ հող տվեց, որ նվաճողը այդ հողի վրա բնակեցնե նոր կալվածատերեր:

Բանվորնե՛ր: Արդյոք ա՞յն նպատակով բարձրացրիք հեղափոխության դրոշը, որ նրան ցեխի մեջ կոխկրտի հաղթողի ոտքը:

Խայտառակություն ու ստրկություն կամ պատերազմ՝ ուրիշ ընտրություն չկա մեր առջև: Թո՛ղ, ուրեմն, մեր երկրի բոլոր ժողովուրդների գլխին սպառնացող ահավոր վտանգի հանդեպ լռեն բոլոր վեճերը, վերջնական թշնամանքն ու պառակտումը, որոնք մինչև այսօր քայքայում էին մեր շարքերը:

Հավիտենական ստրկության պարանը ձգված է մեր երկրի բոլոր ժողովուրդների վզին. թո՛ղ, ուրեմն, թշնամու գրոհը խորտակվի՝ զարնվելով մեր վճռականությանը՝ մինչև վերջ պաշտպանելու այնքան սերունդների արյունով ողողված մեր հողը:

Ի զե՛ն ամենքդ:

Դեպի ճակա՛տ ամենքդ:

Ամենքդ՝ ի պաշտպանություն ազատության ու հայրենիքի»:

Այս կոչը տպվեց բոլոր լեզուներով և տարածվեց ժողովրդի մեջ:

Իսկապես, Սեյմի որոշումը պատերազմը շարունակելու մասին նորություն էր միայն վրացիների համար, որովհետև հայերն արդեն իսկ պատերազմի մեջ էին: Այդ պատճառով, վրացի ղեկավարները դիմեցին աղմկոտ աշխատանքի: Շատերը նրանցից, որոնց մեջ և Ժորդանիան ու Ծերեթելին, հրացան առան, մեկնեցին ռազմաճակատ: Մի պահ Թիֆլիսում ստեղծվեց պատերազմական բարձր տրամադրություն:

Սակայն, այս ոգևորությունը տևեց շատ կարճ, հազիվ ծովի փրփուրի կյանք ունեցավ:  Դեռ նոր էին լռել ռազմատենչ ճառերը Թիֆլիսի պալատի կամարների տակ, երբ ստացվեց Բաթումի անկման գույժը: Ապրիլի 1-ին, առանց դիմադրության հանդիպելու, թուրքերը գրավել էին Բաթումի ամրությունները, քաղաքն ու նավահանգիստը: Վրացական զորքերի մի մասը փախել էր խուճապահար, մի ահագին բազմություն էլ մնացել էր գերի:

Հայտնի դարձավ նույնպես, որ թուրքերին միացել է ամբողջ Աջարիայի և Ախալցխայի մահմեդականությունը, որ Աբաս-Թումանն էլ գրավված է թշնամու կողմից:

Այս ամենը չէր նպաստում վրացիների մարտական ոգու հարատևությանը: Մի անգամ միայն նրանք ունեցան զինվորական հաջողություն Չոլոքի մոտ: Բայց այդ փոքրիկ ճակատամարտը պատահական միջադեպ էր: Իրապես, վրացիները նահանջում էին անընդհատ. նրանց մեջ արագ զարգանում էր դասալքությունը, քայքայումն ու բարոյալքումը: Պարզ էր, որ վրացի ժողովուրդը չէր ուզում կռվել, թեև թուրքերն արդեն մտել էին բուն Վրաստանի ներսերը՝ Գուրիան և գրավել Օզուրգետին: Վրացի գործիչները շատ շուտով հասկացան, որ ժողովուրդը չի հետևում իրենց և շտապեցին փաստից հանել տրամաբանական եզրակացությունները:

Դրան նպաստեց և ապրիլի 3-ին Տրապիզոնից վերադարձած պատվիրակությունը, մասնավորապես Չխենկելին, որը ոգի ի բռին աշխատում էր համոզել իր ընկերներին, թե միակ փրկությունը Բրեստ-Լիտովսկի դաշնագիրն ընդունելու, Անդրկովկասը անկախ հայտարարելու և հաշտության բանակցությունները վերսկսելու մեջ է: Եվ քանի ճակատի պարտություններն ավելանում էին, այնքան մեծանում էր Չխենկելիի կողմնակիցների թիվը:

Վրացիների անհաջողությունները սուր ցավ էին պատճառում հայերին, որոնք սարսափով էին դիտում թուրքերի առաջխաղացումը: Նրանց ուշադրությունը ամբողջապես բևեռված էր Կարսի շրջանում. թշնամին ինքնավստահ քայլերով մոտենում էր Կովկասի անպարտելի ամրությանը: Կարսի անկումը մահ էր հայ ժողովրդի համար, որը, փակված ծուղակի մեջ, չուներ փրկության ո՛չ մի ճանապարհ:

Էրզրումի աղետը անասելի խուճապ առաջ բերեց հայ ժողովրդի մեջ: Ծայր տվեց դասալքությունը, որին ի պատասխան զինվորական մարմինները Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում և ուրիշ վայրերում կատարեցին մի շարք ահաբեկումներ, որոնք ցնցող տպավորություն [թողեցին] հասարակության վրա: Ազգային խորհուրդն էլ, ճառերից ու կոչերից հոգնած, վերջապես շարժվեց տեղից, և նախագահ Ավետիս Ահարոնյանը, անդամներ՝ Ս. Մամիկոնյանը, Տիգրան Բեկզադյանը, Նիկոլ Աղբալյանը, ինչպես նաև Թիֆլիսի զինվորական մարմինը, անցան ռազմաճակատ: Ազգային խորհրդի անդամները այցելեցին Ալեքսանդրապոլ, Կարս, Սարիղամիշ, ամեն տեղ շփում ունեցան զորքի ու ժողովրդի հետ և իրենց ներկայությամբ սիրտ տվեցին ամենքին: Խորհրդակցություններ ունեցան բանակի բարձր հրամանատարության և հասարակական ներկայացուցիչների հետ:

Ազգային խորհրդի անդամները Սարիղամիշում էին դեռ, երբ սկսվեց թուրքական հարձակումը Կարաուրգանից: Սարիղամիշի անկումից և թուրքական վերջնագիրը ստացվելուց հետո, ՀՅ Դաշնակցության Արևելյան բյուրոյի նախաձեռնությամբ, ապրիլի 7-8-ին, Ալեքսանդրապոլում գումարվեց, մի տեսակ համազգային խորհրդաժողով, որին մասնակցեցին Ազգային խորհրդի և Ապահովության խորհրդի անդամները, Սեյմի և Տրապիզոնի պատվիրակության հայ պատգամավորները, քաղաքական կուսակցությունների, տեղական ազգային խորհուրդների, հասարակական կազմակերպությունների, Երևան, Ալեքսանդրապոլ ու Կարս քաղաքների ու բանակի ներկայացուցիչները, և մի շարք հասարակական գործիչներ: 1917 թ. սեպտեմբերի ազգային խորհրդաժողովից հետո հայկական ամենապատկառելի և պատասխանատու հավաքույթն էր այս, որ պետք է որոշեր հայերի վարքագիծը պատերազմի և խաղաղության հարցում: Ներկա էին բազմաթիվ պատասխանատու գործիչներ՝ Արամը, զորավար Նազարբեկյանը, զորավար Սիլիկյանը, Դրոն, Ավետիս Ահարոնյանը, Ս. Հարությունյանը, Միքայել Պապաջանյանը, Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Սիմոն Վրացյանը, Ավետիս Սահակյանը, Ղ. Տեր-Ղազարյանը, Ա. Երզնկյանը, Ս. Մանասյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը, Վահան Փափազյանը, Ստ. Մամիկոնյանը, Տիգրան Բեկզադյանը, Նիկոլ Աղբալյանը, Երևանի ու Կարսի քաղաքագլուխները և այլն:

Այս ժողովին մասնակցեց և հայ բոլշևիկ Պ. Մակինցյանը, որը, Արամի հանձնարարությամբ, Երևանից գնում էր Մոսկվա՝ հաջողացնելու համար վերջինիս աջակցությունը հայ ժողովրդին: Մակինցյանը անցավ Ռուսաստան և, փոխանակ կատարելու իր խոստումը, պաշտոնի մտավ Չեկայի մեջ և մյուս հայ բոլշևիկների հետ սկսեց կատաղի պայքար մղել Հայաստանի Հանրապետության դեմ:

Պատերազմի և խաղաղության մասին գրավոր զեկուցում կարդաց Քաջազնունին, որը, իրեն հատուկ տրամաբանական կուռ բանավարություններով, աշխատում էր համոզել՝ թուրքական պայմաններին համակերպվելու անհրաժեշտությունը: Զեկուցումը առաջ բերեց հուզումնալից ու երակարատև վիճաբանություններ: Հաշտության կողմնակիցների թիվը մեծ չէր՝ Քաջազնունի, Պապաջանյան, Ղ. Տեր-Ղազարյան և մի քանի ուրիշներ: Ահագին մեծամասնությունը ժողովականների, բանակի ներկայացուցիչներն ու հրամանատարությունը ոգի ի բռին պաշտպանում էին թուրքական պահանջները մերժելու և պատերազմը շարունակելու անհրաժեշտությունը:

Թիֆլիսից ստացվող լուրերը, սակայն, քիչ էին ներդաշնակվում Ալեքսանդրապոլի տրամադրություններին: Հաղորդում էին, որ Անդրկովկասյան կառավարության թուրք նախարարները վերջնագիր են ներկայացրել՝ պահանջելով անհապաղ ընդունել Բրեստ-Լիտովսկի պայմանները և կնքել հաշտություն, այլապես իրենք կհեռանան Սեյմից ու կառավարությունից: Չխենկելին, կատարվող դեպքերի օգնությամբ, հաջողվել էր համոզելու իր ընկերներին՝ ընդունել թուրքերի պայմանները: Այդ պատճառով, Ալեքսանդրապոլի խորհրդակցությունը, առանց որոշ վճռի հասնելու, թեև մեծամասնաբար դեմ էր թուրքերի պահանջներն ընդունելուն, ցրվեց՝ հանձնարարելով իր անդամներին լուծել խնդիրը Թիֆլիսում, ուր կացությունը ավելի պարզ էր:

Թիֆլիսում, սակայն, ամեն բան արդեն որոշված էր. վրացիներն ու թուրքերը վճռել էին՝ վերջ տալ պատերազմին, ընդունել թուրքական վերջնագիրը և հայտարարելով Անդրկովկասի անկախությունը՝ վերսկսել հաշտության բանակցությունները: Այս քայլն անելիս վրացիները որոշ հույսեր էին կապում Գերմանիայի հետ, որոնց ներկայացուցիչներին Տրապիզոնում, Չխենկելին տեսել էր մյուս պատգամավորներից գաղտնի, իսկ կովկասյան թուրքերի համար՝ Թուրքիան ցանկալի բարեկամ էր:

Այսպիսով, հայերի համար ստեղծվում էր ահավոր կացություն. միանալ վրացիներին ու թուրքերին՝ նշանակում էր ձեռք քաշել ո՛չ միայն ամբողջ Թուրքահայաստանից, այլև Ռուսահայաստանի մի երրորդ մասից, և դեռ հարց էր՝ կգոհանայի՞ն արդյոք թուրքերը միայն Բրեստ-Լիտովսկի սահմաններով: Չմիանալ՝ նշանակում էր անջատվել հարևաններից, մնալ մենակ, կտրված ամբողջ աշխարհից, շրջապատված մահմեդական ծովով, թուրքական բանակի սպառնալիքի տակ՝ դատապարտված ստույգ մահվան: Պետք էր ընտրել չարիքներից փոքրագույնը, և հայերը միացան հարևանների որոշմանը:

Կային մարդիկ, որոնք այդ օրերին ցույց էին տալիս Խորհրդային Ռուսաստանի ճամփան՝ առաջարկելով ձեռք մեկնել բոլշևիկներին, որոնց առաջապահները դեռ մնում էին Բաքվում ու Սուխումում: Այդ տրամադրությանը որոշ չափով նպաստում էին Թիֆլիսում ստացվող աղոտ լուրերը, որ, իբրև թե, Լենինը առանձին դեկրետով հայտարարել է Հայաստանի անկախությունը: Սակայն այդ մտքի անհեթեթությունը այնքան էր ակներև, որ նույնիսկ, նրա հեղինակները լուրջ քայլեր չարեցին այդ ուղղությամբ: Ռուսաստանը շատ էր հեռու Հայաստանից, իսկ բոլշևիկների ուժը՝ ավելի քան խնդրական:

Ուրիշ ճանապարհ չկար: Ապրիլի 9-ին գումարվեց Սեյմի 22-րդ նիստը, ուր դրվեց Անդրկովկասի անկախության հայտարարության հարցը: Մեռելատան էր նմանվում այդ օրը Սեյմի դահլիճը: Մենակ հայերը չէին սգավոր. վրացիներն էլ լավ չէին զգում իրենց: Նրանց առաջնակարգ հռետորներից ոչ ոք ամբիոն չբարձրացավ այդ օրը: Մենշևիկների կողմից անգույն ու անհամ ճառեր արտասանեցին մի ինչ-որ Օնիաշվիլի, Գեորգաձեն, Արսենիձեն, որոնք բռնազբոսիկ ոգևորությամբ ու հակասական բացատրություններով աշխատում էին հիմնավորել Անդրկովկասի անկախության անհրաժեշտությունը: Ռուս Սեմյոնովը և սոց.-հեղափոխական Լ. Թումանյանի համար դժվար չէր ջաղջախել նրանց խախուտ փաստերը և մերկացնել անկախության իսկական շարժառիթները: Մանավանդ, սպանիչ էր վերջինիս ճառը. «Ձեզ համար պետք է պարզ լինի, ասում էր նա՝ դիմելով վրացի մենշևիկներին, որ Անդրկովկասի ներկա պայմաններում հայտարարված անկախությունը ոչ այլ ինչ է, եթե ո՛չ դառնալ կատարյալ ստրուկ Թուրքիային… Անկախ Անդրկովկասը ո՛չ միայն չի տա մեզ հաշտություն թուրքերի հետ, ո՛չ միայն չի բարելավի մեր դրությունը, այլ ավելի ևս կվատթարացնի, կկապի մեր ձեռքն ու ոտքը»:

Նույն տեսակետն էր պաշտպանում և Սեմյոնովը. «Ձեր անկախությունը կփրկի ձեզ թուրք և գերման զորքերից,- հարցնում էր նա:- Եվ ի՞նչ երաշխիք եք սպասում դուք… Անկախության հայտարարությունից հետո, երկրորդ քայլը կլինի՝ բանակցություններ Թուրքիայի հետ դաշնակցություն կնքելու մասին, և դուք հարկադրված կլինեք քայլ առ քայլ անել այն, ինչ որ հրամայեն ձեզ թուրքերը… Դուք թուրք զորքերի օգնությամբ կերթաք նվաճելու Բաքուն և երբ թուրք զորքերը անցնեն Անդրկովկասով, տեղի կունենա Անդրկովկասի գրավումը թուրք-գերմանական միության կողմից: Եվ երբ թուրք-գերմանական զորքերը գրավեն ամբողջ Անդրկովկասը, գուցե ա՞յդ ժամանակ կարող կլինեք խոսել հեղափոխության հաղթանակի մասին»…

Տոնական տրամադրություն ունեին միայն վրացի ազգայնականները, բայց, մանավանդ, թուրքերը: Ռասուլ-Զադեն ցնծում էր: Մուսավաթական խմբակցությունն  իրեն զգում էր նոր փեսայի դերում: Չէ՞ որ իրականանում էր իրենց նվիրական տենչը՝ մի քայլ դեպի Ռուսաստանի քայքայումը, մի քայլ դեպի «թուրք ազգերի դաշնակցությունը»՝ Ղրիմից Վոլգա, Վոլգայից Թուրքեստան և Թուրքեստանից՝ Անատոլիա:

Իսկական սգի մեջ էին հայերը: Սիրտ չկար խոսելու: Եվ ի՞նչ խոսել. բոլոր խոսքերն արդեն ասված էին: Նրանց ապրումները արտահայտեց Քաջազնունին: Հուզված, մազերը ցրիվ՝ բարձրացավ ամբիոն ու կարդաց. «Պարոնայք, Սեյմի անդամներ: Դաշնակցության խմբակցությունը՝ գիտակցելով շատ պարզ այն մեծ պատասխանատվությունը, որ առնում է իր վրա այս պատմական վայրկյանին, միանում է ինքնուրույն Անդրկովկասյան պետության հայտարարությանը»:

Եվ ուրիշ ոչինչ: Եվ այս մի քանի խոսքերը անհամեմատ ավելի տպավորիչ էին, քան մյուս պատգամավորների երկարապատում հռետարական մարզանքները:

Վիճաբանությունից հետո Սեյմը ընդունեց Օնիաշվիլիի առաջարկած հետևյալ բանաձևը. «Անդրկովկասյան սեյմը որոշեց՝ հայտարարել Անդրկովկասը ռամկավար դաշնակցային հանրապետություն»:

Ապա Չխենկելին, հաշտարար պատվիրակության կողմից, զեկուցեց Տրապիզոնի բանակցությունների վերջին շրջանի իրադարձությունները: Այդ զեկուցման մեջ առանձնապես հետաքրքրական էր մի կետ, որ շատ բնորոշ էր, առհասարակ, բոլոր վրացի գործիչների համար: Խոսելով պատերազմական անհաջողությունների մասին՝ նա նկատեց, որ «Անդրկովկասյան պետությունը, իբրև մեկ միավոր, չէր կարող դուրս գալ զենքի ուժով պաշտպանելու Անդրկովկասը»: Խոսքը մահմեդականների բռնած թշնամական դիրքի մասին էր: Ու շտապեց ավելացնել. «Թե ինչու մահմեդականները չէին կարող համաձայնվել պատերազմելու Թուրքիայի դեմ, կան ու կային բոլորովին առարկայական պատճառներ. նույնը կարելի է ասել և քրիստոնյա ժողովուրդների մասին, որոնք նման պարագաներում չէին պատերազմի Ռուսաստանի դեմ: Հիմքերը միևնույնն են: Եթե այժմ խոսքը մահմեդականների մասին է, նշանակում է ուրիշ ելք չկար նրանց համար»:

Խուժանավարությունը մահմեդականների առջև ակներև էր: Չխենկելին շատ լավ գիտեր, որ մահմեդականները Կովկասում, ոչ թե չէին կռվում թուրքերի դեմ, այլ դավաճանում Անդրկովկասի միության, փորում էին նրա հիմքերը: Բայց… կովկասյան մահմեդականների տեսակարար կշիռը օրեցօր բարձրանում էր, նրանք բարեկամ էին թուրքերին՝ և չխենկելիները քծնում ու սիրաշահում էին:

Զեկուցումը, ըստ էության, առարկությունը չէր վերցնում. պատասխանատու խմբակցությունները նախօրոք համաձայնվել էին բոլոր կետերի մասին. Սեյմը կատարածը ծես էր միայն: Նա հավանություն տվեց պատվիրակության կատարածին և հանձնարարեց «շարունակել բանակցություններն ու միջոցներ ձեռք առնել հաշտության շուտափույթ կնքման համար»:

Նույն նիստում ընդունվեց Գեգչկորիի «ռազմասեր» կառավարության հրաժարականը և նոր կառավարություն կազմելը հանձնվեց Չխենկելիին: