Սոթք գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին և այսօր. Վարդենիսի շրջան

4418

Սոթք գյուղը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Վարդենիս-Մարտակերտ մայրուղու վրա: Սոթք գյուղից հետո Սոթք հանքերն են, ապա լեռնաշղթայի մյուս կողմում Քարվաճառն է:

Սոթք գյուղը այսօր Գեղամասար խոշորացված համայնքի կենտրոնն է: Գեղամասար համայքնի մաս են կազմում 18 գյուղեր: Գեղամասար համայնքը գտնվում է Սևանի, Արևելյան Սևանի և Վարդենիսի լեռնաշղթաների ստորոտներում, Սևանա լճի հյուսիսային և արևելյան ափերին: Համայնքը գտնվում է ծովի մակերևույթից 1930-2200մ բարձրության վրա:

Գեղամասար համայքնին մաս կազմող բոլոր 18 գյուղերի բնակչությունը 7000-ի սահմաններում է:

Սոթք գյուղը նախկինում ունեցել է Զոդ, Զոթ, Սոթ անվանումները:

Գյուղի կենտրոնում կանգուն է 9-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Սոթք գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 245 հոգի, բոլորը՝ իսլամ,

1873 թվական – 905 հոգի, բոլորը՝ թաթար,

1886 թվական – 1088 հոգի, բոլորը՝ թաթար,

1897 թվական – 1584 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ,

1904 թվական – 1717 հոգի,

1914 թվական – 1988 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 1793 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1916 թվական – 1717 հոգի,

1919 թվական – տվյալներ չկան,

1922 թվական – 1054 հոգի, որից 1046-ը՝ թրքո-թաթար, 8-ը՝ հայ,

1926 թվական – 1336 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 1325-ը՝ թուրք, 9-ը՝ հայ, 2-ը՝ այլ,

1931 թվական – 1754 հոգի, որից 1618-ը՝ թուրքական խումբ, 110-ը՝ հայ, 26-ը՝ ռուս: (Այս հաշվարկի մեջ միասին են Զոդ գյուղն ու համանուն խորհրդային տնտեսությունը: Զոդ գյուղում բնակչության թիվը 1599 էր, բոլորը՝ թուրքական խումբ, իսկ խորհրդային տնտեսությունում՝ 155 հոգի, որից 110-ը՝ հայ, 26-ը՝ ռուս, 19-ը՝ թուրքական խումբ):

1988 թվականի աշնանը բոլոր ադրբեջանցիները հեռացան գյուղից: Այստեղ հաստատվեցին հայեր Ադրբեջանից:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի

Դիտել նաև՝