Տրապիզոնի խորհրդաժողովը. Սիմոն Վրացյան

854

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունը: 

Գլուխ Ը

Տարակարծությունների և պայքարի մյուս լուրջ աղբյուրը պատերազմի և խաղաղության հարցն էր, որը, ինչպես արդեն բազմիցս նկատեցինք, անդրկովկասյան ժողովուրդներին բաժանել էր տարբեր, հաճախ, միմյանց թշնամի հատվածների: Այս հարցում կովկասյան ժողովուրդների տեսակետը բավական տարբեր էր իրարից. վրացիները և, մանավանդ, հայերը ձգտում էին «պատվավոր հաշտության»: «Այնպիսի հաշտության, որպիսին ստորագրեցին բոլշևիկները, մենք չե՛նք ստորագրի. ավելի լավ է պատվով մեռնել դիրքերում, քան թե խայտառակվել և սերունդների անեծքին մատնվել»,- Նոյ Ժորդանիայի այս հայտարարությունը ընդունվեց բուռն ծափերով Սեյմի կողմից, փետրվարի 15-ի նիստում:

Նույնքան և ավելի վճռական էին հայերը: Սեյմի նույն նիստում Հովհաննես Քաջազնունին ՀՅԴ խմբակցության անունից հայտարարեց. «Դաշնակցությունը հերթից դուրս դնում է պատերազմը վերջացնելու և Ռուսաստանի հեղափոխական դեմոկրատիայի ազդարարած սկզբունքներով հաշտություն կնքելու հարցը՝ հաշտություն առանց բռնագրավման և ռազմատուգանքի՝ ժողովուրդների ինքնորոշման հիմունքներով: Մեր ճակատում այս սկզբունքը պետք է հանգի Թուրքահայաստանի ինքնավարության ստեղծմանը»: Այսպիսով, հայկական տեսակետը անհամեմատ ավելի որոշակի էր, քան վրացիների անբովանդակ «պատվավոր հաշտություն» խոսքը:

Ավելի կտրուկ էր ադրբեջանցիների բանաձևը. նրանք պահանջում էին անմիջապես վերջ տալ պատերազմին, բավականանալ 1914 թվի սահմաններով և չխառվնել Թուրքիայի ներքին գործերին. թուրքահայկական խնդիրը, նրանց համար, Թուրքիայի ներքին գործն էր:

Ադրբեջանցիների կողմից հայտարարություն անող Աղաևը դեռ վարանոտ ու չափազանց զգույշ արտահայտություններով էր ձևակերպում այս տեսակետը. «Խիստ կերպով անցկացնել հարևան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը»: Բայց հետզհետե լեզուները բացվեցին, և Ադրբեջանի գործիչներն այլևս չէին զգում ծածկելու, որ իրենց համար «եղբայրական Թուրքիայի» շահերը ավելի թանկ են, քան իրենց հարևան հայերի ազգային բաղձանքները:

Հաջորդ նիստում, փետրվարի 16-ին, Սեյմը արդեն գործնականորեն զբաղվեց հաշտության խնդրով: Հանձնախմբի զեկուցաբեր Ռամիշվիլին մանրամասն պարզեց այն սկզբունքները, որոնք թուրքերի հետ կնքվելիք դաշնագրի հիմքը պետք է կազմեին: Այս սկզբունքներն են. հաշտությունը պետք է լինի վերջնական, դաշնագիր կողմերի միջև պետք է պահվեն 1914 թվի սահմանները, Արևելյան Անատոլիայի ժողովուրդներին՝ հայերին, ասորիներին, լազերին, պետք է տրվի ինքնավարություն Թուրքիայի վերապահության ներքո: Հայկական հարցի մասին  Ռամիշվիլին ասաց. «Առաջին հարցը, որ կանգնում է մեր պատվիրակության առջև և այժմ կանգնած է Անդրկովկասյան սեյմի առջև, Թուրքահայաստանի բարեկարգության հարցն է: Չպետք է այստեղ երկար խոսենք, թե այդ ժողովուրդը ինքնորոշման ի՞նչ իրավունքներ ունի: Ես կարծում եմ, որ այդ իրավունքները ամրապնդված են հայ ժողովրդի մղած դարավոր պայքարով այն ճնշումների դեմ, որոնց այդ ժողվուրդը ենթարկված էր թուրքկան կայսրության սահմաններում, և մենք պետք է հայտարարենք, որ թուրքահայկական հարցը մի հարց է, որի լուծումով շահգրգռված են ո՛չ միայն թուրքական կայսրությունը, այլև անպայման ոչ պակաս չափով նաև անդրկովկասյան ժողովուրդները: Ձեզ հայտնի է, որ հայ ժողովրդի ամեն մի շարժում Թուրքիայում լիովին արձագանք էր ստանում և՛  արտասահմանում, և՛ այստեղ, Անդրկովկասում: Եվ այդ, քաղաքացի պատգամավորնե՛ր Սեյմի, միանգամայն բնական է: Արյունակից եղբայրներ՝ այստեղ գտնվողները չէին կարող այս կամ այն ձևով չարտահայտվել Թուրքիայի սահմաններում ապրող իրենց ցեղակիցների վիճակի մասին: Այդ դեռ քիչ է. այդ հարցի ամեն մի խճողում Թուրքիայում միշտ առաջ է բերել միջցեղային հարաբերությունների բարդացում այստեղ, Անդրկովկասում: Արժե հիշել այդ տեսակետից մի փաստ. 1895 թվի ապստամբությունը, որը այստեղ  այս կամ այն ձևով արձագանք գտավ: Մեկնելով այս դրությունից, բոլորովին բնական է, որ ի պաշտպանություն թուրք-հայկական իրավունքների դուրս է եկել ո՛չ թե բռնապետական Ռուսաստանը, ո՛չ այն երկիրը, որը ինքն էլ ոչ պակաս չափով ճնշում էր հպատակ ժողովուրդներին, այլ ահա դուրս է գալիս ռամկավար մի երկիր և ռամակվար երկրի ներկայացուցիչը՝ Անդրկովկասյան սեյմը: Թուրքական կայսրության շահերը թելադրում են լուծել մեկ անգամ ընդմիշտ այդ բարդ ու ցավոտ հարցը: Եվ մենք կարծում ենք, համաձայն Դաշնակցության հայտարարության, որ եթե այդ հարցը լուծվի, բարեփոխումները մեկ անգամ ընդմիշտ կսպառվեն և կվերջանան»:

Եվ Սեյմի ֆրակցիաների ներկայացուցիչների արտահայտվելուց հետո, միաձայնությամբ ընդունվեցին հետևյալ «հիմնական պայմանները».

«1. Ստեղծված պայմաններում Անդրկովկասյան սեյմը իրեն համարում է իրավատեր՝ կնքելու հաշտություն Թուրքիայի հետ:

  1. Սկսելով հաշտության բանակցությունները՝ Անդրկովկասյան սեյմը նպատակ է դնում կնքել Թուրքիայի հետ հիմնական հաշտություն:
  2. Կնքվելիք հաշտության դաշնագրին իբրև հիմք պետք է դրվի 1914 թվին, պատերազմի հայտարաության վայրկյանին, Ռուսաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող պետական սահմանների վերականգնումը:
  3. Պատվիրակությունը ջանալու է ձեռք բերել Արևելյան Անատոլիայի ժողովուրդների համար ինքնորոշման իրավունք և, ի մասնավորի, Թուրքահայաստանի համար ինքնավարություն՝ թուրք պետականության շրջանակներում»:

Հայերի համար առանձնապես ծանր էր վերջին կետը. այնքա՜ն հույսերից հետո նորից մնալ «թուրք պետականության շրջանակներում»՝ սարսափելի էր: Բայց այդքան համեստ պահանջն էլ մեծ դժվարությամբ կարելի եղավ մտցնել հաշտության «հիմնական պայմանների» մեջ: Ուժերի փոհարաբերությունը շատ էր փոխվել…

Սեյմի հինգերորդ նիստում, փետրվարի 17-ին, միաձայնությամբ հաստատվեց հանձնախմբի մշտական հաշտարար պատվիրակության կազմը, ինչպես նաև պատվիրակության ներքին կանոնագիրը: Պատվիրակության անդամ նշանակվեցին՝ Աբաշիձե (սոց.-դեմ.), Հայդարով (մահմ. սոց. բլոկ.), Գվազավա (վրացի ազգ.-դեմ.), Գանջինսկի (մուս.), Քաջազնունի (դաշն.), Լասխիշվիլի (վրացի սոց.-ֆեդ.), Մեհթիև (ռուս. մահմ. կուս.), Խաս-Մամեդով (մուս.), Ա. Խատիսյան (դաշն.), Չիկալին (սոց.-հեղ.), Չխենկելի (սոց.-դեմ.), Շեյխ-ուլ-Իսլամով (հումմեթ), պատվիրակության նախագահ՝ Չխենկելի:

Բացի այդ, պատվիրակության մեջ մտան բազմաթիվ խորհրդականներ, մասնագետներ, քարտուղարներ, այլ և այլ պաշտոնյաներ, հայերից՝ պատմաբան Լեոն, Ռուբեն Տեր-Մինասյանը և ուրիշներ:

Իբրև պատվիրակության ղեկավարող կանոններ, Սեյմի կողմից հաստատվեց հետևյալ բանաձևը.

«1. Պատվիրակությունը հանդես է գալիս որպես մեկ ամբողջություն իր նախագահի կամ յուրաքանչյուր առանձին դեպքի համար հատուկ լիազորված անձի միջոցով, Սեյմի ընդունած հիմնական պայմանների սահմանում, և ո՛չ մի անջատ քայլ չի թույլատրվում:

  1. Պատվիրակությունը մանրամասն կերպով հաղորդում է Սեյմին բանակցությունների ընթացքի մասին՝ նախօրոք առնելով Սեյմի ցուցմունքները բոլոր կարևոր հարցերի համար:

Ըստ որոշման, փետրվարի 17-ին պատվիրակությունը պետք է մեկներ Թիֆլիսից, բայց նույն օրը ստացվեց մի անթել հեռագիր Բրեստ-Լիտովսկի բոլշևիկյան պատվիրակության քարտուղար Կարախանից, որը ասում էր. «Համեմատած փետրվարի 21-ի վերջնագրի հետ նոր առաջարկը պարունակում է վերջնագրի ժամանակակետ: Այդ պատճառով, գերմանացիները մերժեցին մինչև դաշնագրի ստորագրությունը դադարեցնել պատերազմական գործողությունները, մենք վճռեցինք ստորագրել դաշնագիրը, որի քննության մեջ ենք դեռ, և ստորագրելուց հետո՝ մեկնել: Փետրվարի 21-ի պայմանների ամենալուրջ կետն է՝ Արդահանի, Կարսի և Բաթումի անջատումը Ռուսաստանից՝ ինքնորոշման ձևի տակ»:

Այս հեռագիրը խորին զարմանք ու վրդովում առաջ բերեց Սեյմի շրջաններում: Նույն օրն իսկ գումարվեց բոլոր խմբակցությունների և Կոմիսարիատի անդամների արտակարգ մի ժողով, որը միաձայնությամբ ընդունեց բողոքի հետևյալ հեռագիրը, որ և ուղարկվեց անմիջապես. «Բրեստ-Լիտովսկ՝ հաշտության խորհրդաժողովին, Պետրոգրադ՝ Սովնարկոմին, Լոնդոն, Փարիզ, Վաշինգտոն, Հռոմ, Տոկիո, Կ. Պոլիս, Բեռլին, Վիեննա՝ արտաքին գործոց նախարարիներին, Կիև՝ Կենտրոնական ռադային, Օդեսա՝ Սովդեպին. համաձայն Սեյմի վճռի, անդրկովկասյան կառավարության Անդրկովկասին և նրա սահմաններին վերաբերվող ամեն մի դաշնագիր, որ կնքվում է առանց իր գիտության ու մասնակցության, համարվում է զուրկ միջազգային արժեքից և իր համար պարտավորեցուցիչ ուժից: Այսու հայտնվում է նաև ի գիտություն հանրության, որ Անդրկովկասյան սեյմը արդեն ընտրել է հաշտության պատվիրակություն, որը, ըստ Թուրքիայի հետ կայացված նախնական համաձայնության, պատրաստվում է մեկնել Տրապիզոն վերջնական հաշտություն կնքելու նպատակով»:

Որոշ վարանումից ու սպասումից հետո, պատվիրակությունը մեկնեց Թիֆլիսից և փետրվարի 23-ին արդեն Տրապիզոնի նավահանգստում էր: Տեղ հասնելուն պես հաղորդեց Պոլիս, որ սպասում է թուրքկան պատվիրակությանը, սակայն, մի քանի օր պատասխան չեղավ, և Անդրկովկասյան պատվիրակությունը մնաց նավի վրա, առանց ցամաք իջնել կարողանալու, անորոշ վիճակի մեջ, բոլորովին կտրված աշխարհից:

Միայն փետրվարի 27-ին, Տրապիզոն հասավ թուրքական պատվիրակությունը, որ բաղկացած էր 5 անդամից, նախկին ծովային նախարար Ռաուֆ բեյի նախագահությամբ, և նույն օրը անդրկովկասյան պատվիրակությունը նավից իջավ ցամաք: Մի քանի նախնական բանակցություններից հետո, հաշտության խորհրդաժողովը բացվեց մարտի 1-ին և հենց առաջին նիստում պարզվեց, որ կողմերը եկել էին ներհակ ծրագրերով և խոսում էին տարբեր լեզուներով: Բանալով նիստը՝ Ռաուֆ բեյը արտասանեց ողջույնի հետևյալ ճառը. «Երախտապարտ եմ երկնքին, որ ինձ առիթ ընծայեց իմ երկրի պաշտոնակիցների անունից դիմելու բարեմաղթական խոսքերով անդրկովկասյան ժողովուրդների հարգելի ներկայացուցիչների գալստյան առթիվ, Անդրկովկասի՛, որը, ցարիզմի անկումից հետո, հետզհետե շարժվում է անկախության ճանապարհով. պատիվ ունեմ դիտել այս թանկագին դեպքը, իբրև իմ կյանքի ամենահաճելի ուրախություներից մեկը: Ողջունելով այսօր հանձին ձեզ, ձեր երկիրը, բնավ ո՛չ միայն ծիսակատարության և դիվանագիտության ավանդություններին հետևելու անհրաժեշտությունից դրդված, ես ավելի շուտ ոգևորված եմ հարգանքի զգացմուքներով և աջակցելու բաղձանքով ա՛յն սրբազան գործին, որի ներկայացուցիչն եք հանդիսանում դուք: Քանի որ 200 տարուց ի վեր ցարիզմի դեմ մղած բոլոր մեր պատերազմները մեր երկրների համար ինքնապաշտպանողական պատերազմներ էին, ես կարծում եմ, որ մեր ընդհանուր ճակատագրերը ավելի ու ավելի էին կապվում միմյանց այդ ընդհանուր փառավոր պատմության ընթացքում: Ձեր ապրած վերջին շրջանը, որը, դժբախտաբար, արգելք եղավ մեզ շոշափելի կեպով  կատարել մեր պատմական պարտքը օգնելու ձեզ, մի շարք ծանր փորձություններով ապացուցեց մեր ճակատագրերի այդ միության ամբողջ կարևորությունը: Համենայն դեպս, ես համոզված եմ, որ մենք ամենքս այստեղ մեզ բաժանող արգելքի խորտակումը համարում ենք մեզ համար ավելի կարևոր երևույթ, քան ամենամեծ դիվանագիտական հաջողությունները, որովհետև մեզ շաղկապող կապերը հանդիսանում են ո՛չ միայն սոսկ պատմական ու աշխարհագրական հարաբերություններ, այլ, ավելի շուտ, մեր ընդհանուր անցյալից բխող ազգակցական կապեր: Եվ հենց այդ պատճառով, կովկասյան և թուրքական ժողովուրդները այժմ կազմված են միևնույն կրոններից  ու միևնույն ազգերից և ունեն գրեթե միևնույն պատմությունը: Ոգևորված այս զգացմունքներով՝ ես մաղթում եմ բախտավոր վախճան մեր խորհրդակցությունների համար և հայտարարում առաջին ընդհանուր ժողովը բացված»:

Այս, արևելյան շողոքորթությամբ համեմված, ճոռում, մանվածապատ, բայց հստակ մտքեր պարունակող ճառին Անդրկովկասյան պատվիրակության նախագահը պատասխանեց ընդհանուր, խուսափողական խոսքերով: Այնուհետև Ռաուֆ բեյը դիմեց ավելի կտրուկ միջոցի: Նա Անդրկովկասյան պատվիրակության առջև դրեց հետևյալ հարցումը. «Օսմանյան պատվիրակությունը խնդրում է Անդրկովկասի պատվիակությանը անել ստույգ հայտարարություններ հիշյալ հանրապետության էության, ձևի, քաղաքական ու վարչական կազմակերպության մասին և հարցնում է, թե արդյոք վերջինս կատարե՞լ է այն պայմանները, որոնք պահանջվում են միջազգային իրավունքով պետություն կազմելու համար»:

Այս հարցումին Անդրկովկասյան պատվիրակությունը պատասխանեց, հաջորդ, մարտի 2-ի նիստին, թե՝ «Անդրկովկասի էության, կառավարության ձևի, քաղաքական և վարչական կազմակերպության հարցը հերթի է դրված այդ հարցերը լուծելու միակ իրավազոր մարմնի՝ Անդրկովկասյան սեյմի մեջ, որը ստեղծված է ժողովուրդների ազատ կամաարտահայտությամբ և ընդհանուր ընտրական իրավունքի սկզբունքով: Բոլշևիկյան հեղաշրջումից սկսած Անդրկովկասի հողի վրա դադարեց կենտրոնական ռուսական իշխանության գործունեությունը, և մի նոր, ինքնուրույն կառավարություն ծագեց, որը այժմ պատասխանատու է Սեյմի առջև: Անդրկովկասի այս կառավարությունը մտել է միջազգային հարաբերությունների շրջանը՝ ընդունելով օսմանյան կառավարության  առաջարկը՝ սկսելու իր հետ ինքնուրույն բանակցություններ հաշտություն կնքելու նպատակով: Հետագայում, Սեյմն ու Անդրկ. կառավարությունը այս ուղղությամբ արին մի նոր քայլ ևս՝ ուղարկելով պատերազմող պետությունների արտաքին գործոց նախարարներին հեռագրական բողոք Բրեստ-Լիտովսկի դաշնագրի Անդրկովկասին վերաբերող մասի դեմ և հայտարարելով, որ առանց իրենց գիտության և հավանության կնքված դաշնագիրը միջազգային իրավունքի տեսակետից զուրկ է որևէ արժեքից և պարտադիր չէ իրենց համար: Սակայն, այս խաղաղության խորհրդաժողովը Տրապիզոնում նույնպես հանդիսանում է միջազգային կյանքի մի ակտ: Այսպիսով, Անդրկովկասը de facto իրապես արդեն պետություն է, թեև դեռ չի հայտարարել ու չի տեղեկագրել պետություններին իր անկախությունը»:

Այս պատասխանի մեջ էլ որոշություն չկար. թուրքերը ձգտում էին ստանալ հստակ պատասխան, թե Անդրկովկասը անկախ պետություն է. անդրկովկասցիները այդ պատասխանը չէին տալիս: Այդ պատճառով, Ռաուֆ բեյը սկսեց Անդրկովկասյան պատվիրակությանը դնել մի շարք հարցումներ վերջինիս պատասխանի զանազան կետերի մասին և երբ մյուս օրվա, մարտի 3-ի նիստում ստացավ պատասխանները, արեց հետևյալ հայտարաությունը. «Օսմանյան կայսերական պատվիրակությունը Անդրկովկասյան պատվիրակության նախագահի արած հայտարարություններին ծանոթանալուց հետո, հաստատում է, որ այդ պատվիրակությունը բաղկացած է Սեյմի պատվիրակներից, որ հիշյալ պետության կազմակերպությունը չի համապատասխանում միջազգային հանրային իրավունքին և որ այդ պետությունը դեռ հայտարաություն չի արել իր անկախության մասին: Օսմանյան կայսերական կառավարությունը անկեղծորեն բաղձալով Անդրկովկասի ժողովուրդների ազատ զարգացումը և կամենալով բարի հարևանական հարաբերությունների մեջ  մտնել այդ ժողովուրդների հետ՝ խնդրում է անդրկովկասյան կառավարությանը որոշել ու պաշտոնապես հայտարարել ձևը այն կառավարության, որի կազմության մասին խոսում է ինքը, հողի սահմանները, պետական լեզուները և կրոնը, այլև ճշտորոշել հիշյալ կառավարության վիճակն ու դիրքը Օսմանյան կայսրության նկատմամբ»:

Մարտի 7-ին, 4-րդ նիստում, Չխենկելին նորից հայտարարեց, որ Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը պարտավորեցուցիչ և ընդունելի չէ Անդրկովկասի համար՝ կրկնելով արդեն մի անգամ արած հայտարարությունը Անդրկովկասյան սեյմի և կառավարության մասին՝ ավելացնելով նաև, որ «ամենայն հավանականությամբ Անդրկովկասը կլինի ռամկավար, դաշնակցային հանարպետություն»: Անդրկովկասի հողը բաղկացած է Բաքվի, Գանձակի, Երևանի, Թիֆլիսի, Քութայիսի, Բաթումի ու Կարսի նահանգներից և Սուխումի ու Զաքաթալայի շրջաններից: Դաղստանի և Սևծովյան շրջանի միացումը Անդրկովկասին կախված է իրենցից: Պետական լեզուն առայժմ ռուսերենն է, բայց պիտի դառնան վրացերենը, հայերենն ու թուրքերենը: Կրոնական տեսակետից Անդրկովկասը բանակցությունների մեջ է Թուրքիայի հետ և պատրաստվում է կնքել տևական հաշտություն:

Այս հայտարարությանն ի պատասխան Ռաուֆ բեյը նորից կրկնեց, որ օսմանյան պատվիրակությունը պնդում է Բրեստ-Լիտովսկի դաշնագրի վրա: Լենինի կառավարությունը՝ տապալելով նախկին կառավարությունը՝ կատարված փաստի զորությամբ իսկ բռնել է նրա տեղը: Սահմանադիր ժողովը ավելի կամ պակաս հետաքրքրական միջադեպ է լոկ, որ մի ավելորդ անգամ ապացուցում է Լենինի կառավարության ուժը: Այն հանգամանքը, որ Անդրկովկասը չի ճանաչում այդ կառավարությունը, ունի ներքին պետական նշանակություն և չի կարող անդրադառնալ արտաքին հարաբերությունների վրա, քան երկրի որևէ մի մաս չի անջատվել և միջազգային իրավունքի սկզբունքներով չի հայտարարել իր անկախությունը և չի ստացել ուրիշ պետությունների ճանանչումը: Ներկա բանակցությունները միայն մեկ նպատակ ունեն. պատրաստել և ընդունել տնտեսական, առևտրական և ուրիշ տեխնիկական մանրամասնություններին վերաբերվող և Բրեստ-Լիտովսկի դաշնագրից բխող պայմաններ՝ մի դաշնագիր, որը պարտադիր է և Անդրկովկասի համար: Միաժամանակ Ռաուֆ բեյը ավելացրեց, որ բանակցությունները սկսելուց առաջ Անդրկովկասը պետք է հայտարարի իր անկախությունն ու կառավարության ձևը:

Հինգերորդ նիստում, մարտի 8-ին, Չխենկելին նորից ու նորից պնդեց, որ Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը պարտավորեցնող չէ Անդրկովկասի համար և հաղորդեց Սեյմի փետրվարի 22-ի նիստի որոշումը, թե «սկզբունքով հնարավոր է» Անդրկովկասի անկախության հայտարարությունը, որից հետո Ռաուֆ բեյը վճռական կերպով հայտարարեց, որ կովկասյան հանրապետության անկախության ճանաչումը հնարավոր կլինի միայն մի առանձին կետով Անդրկովկասի և Թուրքիո միջև կնքվելիք դաշնագրում, իսկ նման դաշնագիր կնքելու համար բանակցությունները կարող են սկսվել ա՛յն ժամանակ միայն, երբ անդրկովկասյան պատվիրակությունը հրաժարվի Բաթումի, Կարսի, և Արդահանի սանջակների վրա ունեցած հավակնություններից: Իսկ ինչ վերաբերվում է Անատոլիայի ժողովուրդների ինքնորոշման և Թուրքահայաստանի ինքնավարության հարցին, այդ թուրքական ներքին խնդիր է և չի կարող քննության առնվել, օսմանյան պատվիրակությունը թույլ չի տա միջամտելու իր ներքին գործերին:

Սրա վրա երկու պատվիրակությունները որոշեցին դիմել իրենց կառավարություններին նոր հրահանգներ ստանալու համար, և բանակցությունները միառժամանակ կանգ առին:

Ստեղծված փակուղուց դուրս գալու նպատակով անդրկովկասյան պատվիրակությունը իր անդամներից մի քանիսին, որոնց մեջ և Քաջազնունուն, ուղարկեց Թիֆլիս՝ բերանացի զեկուցում տալու և նոր հրահանգներ բերելու համար: Միևնույն ժամանակ, պատվիրակությունը հարց հարուցեց, որ պատվիրակությունը շատ բազմանդամ է, դանդաղաշարժ և դժվարացնում է գործը: Իրոք, պատճառը ուրիշ էր. այդ միջոցով ուզում էին առաջն առնել այն դրության, որ թուրքերը միշտ իրազեկ էին Անդրկովկաասյան պատվիրակության մեջ անցած-դարձածներին, և այդ բացատրվում էր նրանով, որ ադրբեջանցի պատվիրակները գաղտնի կերպով տեղեկություններ էին տանում նրանց: Հետագայում հայտնի դարձավ, որ այդ «արտակարգ լիազորությունները» հարկավոր են եղել և վրացիների համար:

Սեյմը իր մարտի 13 նիստում քննության առավ Տրապիզոնից բերված տեղեկությունները և Չխենկելիին «արտակարգ լիազորություններ» տալու առաջարկը և ընդունեց հետևյալ բանաձևը. «Լսելով զեկուցումը Թուրքիայի հետ վարվող հաշտության բանակցությունների ընթացքի մասին և կանգնած մնալով իր 1918 թ. փետրվարի 16-ի որոշման վրա ի մասին հաշտության պայմանների Թուրքիայի հետ, բայց կամենալով հասնել պատվավոր հաշտության՝ ընդունելի Անդրկովկասի և Թուրքիայի համար, Սեյմը վճռում է. տալ հաշտարար պատվիրակության նախագահ և Անդրկովկասի արտաքին գործոց նախարար  Չխենկելին արտակարգ լիազորություններ՝ ինքնուրույն կերպով այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր անելու համար»:

Այս լիազորությունը անմիջապես ուղարկվեց Տրապիզոն: