Զինադադար և «մութ ձեռքի» աշխատանքը Կովկասում. Սիմոն Վրացյան

1212

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունը: 

ԳԼՈՒԽ Զ

Ռուս բանակի քայքայումը և թիկունքում կատարվող դեպքերը, բնականաբար, չէին կարող վրիպել թուրքերի ուշադրությունից: Թուրք հրամանատարությունը այժմ բոլորովին այլ հեռանկարի առջև էր կանգնած. ռուս բանակը պատրաստվում էր, 1918 թվի սկզբին անցնելու ընդհանուր հարձակման՝ անգլիացիներին միանալու ծրագրով, և թուրքերը ուժ չունեին դիմադրելու: 1917 թվի տարեվերջին թուրքերի արևելյան բանակը բոլորովին կազմալուծ ու բարոյալքված վիճակի մեջ էր՝ անընդունակ ռազամագիատական լուրջ խնդիրներ լուծելու: Եվ, հանկարծ, ոչ միայն հարձակումն է կանգնեցվում, այլև ճակատը սկսում է արագորեն մերկանալ: Թուրք ղեկավարների առջև բացվում էին նոր, արբեցնող հորիզոններ:

Նոյեմբերի 17-ին կովկասյան ռուս բանակի հրամանատարը թուրքական 3-րդ բանակի հրամանատար Ֆերիկ-Վեհիբ փաշայից նամակ ստացավ զինադադար կնքելու առաջարկությամբ: Նույն օրերին, բոլշևիկների նախաձեռնությամբ, զինադադարի բանակցություններ էին սկսվում և ռուս-ավստրո-գերմանական ռազմաճակատում: Անդրկովկասյան կոմիսարիատը, հեղափոխական կենտրոնի ու հրամանատարության համաձայնությամբ, ընդունեց թուրքական առաջարկը և ռազմաճակատ ուղարկեց  5 հոգիանոց մի հանձնախումբ՝ 2 ռուսներ հրամանատարության կողմից և Ա. Ջամալյանը, վրացի Թևզայան և ռուս Սմիռնովը, որպես Անդրկովկասյան կոմիսարիատի ներկայացուցիչներ: Հանդիպումը երկու պատվիրակությունների միջև տեղի ունեցավ դեկտեմբերի 2-ին, Երզնկայում, իսկ դեկտեմբերի 5-ին ստորագրվեց զինադադարի համաձայնությունը, ըստ որի զինվորական գործաղությունները վերջ էին գտնում կովկասյան ամբողջ ռազմաճակատի վրա՝ Սև ծովից մինչև Վանա լճի հարավային եզերքը, կողմերը պարտավորվում էին զինվորական բնույթ կրող որևէ գործողություն չանել, զորքերի տեղափոխություն կամ լրացում չկատարել և մնալ զինադադարի պայմաններով նախատեսված դիրքերում: Եթե կողմերից մեկն ու մեկը, միչև հաշտության կնքումը, վճռեր զինադադարը խախտել, պարտավորվում էր մյուս կողմին իմաց տալ 14 օր առաջ: Իսկ եթե զինադադար կնքվեր նաև կենտրոնական պետությունների և Ռուսաստանի միջև, նրա բոլոր պայմանները պետք է լինեին պարտադիր կովկասյան ճակատի համար ևս: Եվ որովհետև դեկտեմբերի 5-ին լուր էր ստացվել, որ նախորդ օրը զինադադար էր կնքվել և Ռուսաստանի ու կենտրոնական պետությունների միջև, պատերազմական գործողությունները կանգ առան ոչ միայն կովկասյան, այլև ամբողջ պարսկական գծի ու Սև ծովի վրա: Հաստատվեցին 5 խառն մարմիններ՝ հսկելու համար զինադադարի պայմանների գործադրության վրա: Անդրկովկասյան կոմիսարիատը իր քայլի մասին անմիջապես տեղեկացրեց և Միջագետքի անգլիական հրամանատարությանը, և Թիֆլիսի դաշնակից ներկայացուցիչներին:

Զինադադարի կնքման պահին, ռուս-թուրքական ռազմաճակատը տարածվում էր ավելի քան 500 կիլոմետր երկարությամբ՝ Սև ծով-Քյալքիթ-Երզնկա-Խնուս-Վան ուղղությամբ: Հետագայում, Վիլսոնի իրավարարությամբ և Սևրի դաշնագրով հայերին հանձնվելիք ամբողջ Հայաստանը գտնվում էր ռուս բանակի գրավման շրջանում:

Զինադադարի կնքումից հետո, 1918թ. հունվարի 1-ին, կովկասյան բանակի հրամանատար զորավար Օդիշելիձեն Վեհիբ փաշայից ստացավ մի նոր նամակ, որով, հանուն թուրքական բանակի սպարապետ Էնվեր փաշայի, հարցվում էր, թե ի՞նչ միջոցով կարելի է վերականգնել հարաբերությունները Կովկասի կառավարության հետ ու հաշտություն կնքել երկու երկրների միջև: Հունվարի 15-ին Վեհիբ փաշան հաղորդեց, որ կենտրոնական պետությունների Բրեստ-Լիտովսկի հավաքված պատգամավորները պատրաստ են ճանաչելու Անդրկովկասի անկախությունը, և որ վերջինս, ամենայն վստահությամբ, կարող է ուղարկել իր ներկայացուցիչներին:

Անդրկովկասյան կոմիսարիատը, հեղափոխական կենտրոնի և ազգային խորհուրդների ներկայացուցիչների հետ միասին, քննելով Վեհիբ փաշայի առաջարկը՝ պատասխանեց, թե ինքը պետք ունի խորհրդակցելու Ռուսաստանի ուրիշ ինքնավար շրջանների հետ և ևս 3 շաբաթից կհայտնի իր վերջնական որոշումը: Միաժամանակ կոմիսարիատը թուրքերի առաջարկության մասին իմացրեց խորհրդային իշխանությունը չճանաչող Ուկրանիայի և Հարավ-Արևելյան Դաշնակցության կառավարություններին՝ հրավիրելով նրանց խորհրդաժողովի, փետրվարի 1-ին, Թիֆլիսում: Սակայն, Ուկրաինական կենտրոնական ռադայից պատասխան չստացվեց, իսկ Հարավ-Արևելյան Դաշնակցության կառավարությունը թեև խորհրդաժողովի մտքին վերաբերվեց համակրանքով, բայց ներկայացուցիչ չուղարկեց, որով Անդրկովկասը ստիպված էր մենակ վճռել պատերազմի և խաղաղության հարցը: Եվ փետրվարի 1-ի նիստում, Անդրկովկասյան կոմիսարիատը, համախորհուրդ հեղափոխական կոմիտեն, ազգային խորհուրդների և բանակի հրամանատարության հետ, որոշեց տեղեկացնել Վեհիբ փաշային, թե ինքը պատրաստ է սկսելու հաշտության բանակցությունները և խնդրում է հաղորդել տեղն ու վայրը, ուր կարող են հանդիպել իրար երկու կողմերի պատվիրակությունները: Նույն նիստում որոշվեց, որ հաշտարար պատվիրակության կազմն ու հրահանգները կմշակե Սեյմը, որ պիտի բացվեր մի քանի օրից հետո: Փետրվարի 3-ին հեռագրվեց Վեհիբ փաշային համաձայնության մասին, իսկ փետրվարի 10-ին ստացվեց Պոլսի պատասխանը, որով հաշտության բանակցությունների վայր նշանակվում էր Տրապիզոնը:

Այս բոլոր իրադարձությունների ընթացքում թուրք հրամանատարությունը հանգիստ նստած չէր, այլ գտնվում էր տենդոտ գործունեության մեջ: Հակառակ զինադադարի պայմանների, կատարվում էին թուրքական զորամասերի տեղափոխություններ ու լրացումներ. արևմտյան ճակատներից շտապով թարմ զորամասեր էին բերվում: Ռազմաճակատի ամբողջ տարածության վրա, մերձավոր թիկունքում, նկատվում էին շտապ պատրաստություններ պատերազմական նոր գործողությունների համար: Պարզ էր. թուրքերը մտածում էին օգտվել նպաստավոր դրությունից՝ իրականացնելու համար դեռ պատերազմի սկզբին նախագծած ծրագրերը. Կովկասի դռները ինքնաբերաբար բացվում էին նրանց առջև:

Այս ծրագիրը Կովկասի ազգաբնակչության որոշ մասի կողմից էլ դիտվում էին խանդավառությամբ. կովկասյան մահմեդականությունը պատրաստ էր գրկաբաց ընդունել թուրքական բանակին: Հին ռեժիմի օրերի զսպված ու լուռ թուրքասիրությունը այժմ ստանում էր հրապարակային արտահայտություն, և կովկասյան մահմեդականների ու թուրքերի եթե ոչ պաշտոնական գործակցությունը, գեթ փոխադարձ համակրանքը այլևս անհերքելի փաստ էր ամենքի համար: Այդ փաստը երևան էր գալիս ո՛չ միայն հեղափոխական ու կառավարական հիմնակրությունների մեջ, ժողովներում ու մամուլում, այլև շոշափելի գործերով, որոնց շարքում, առաջին տեղը բռնում էին, անկասկած, այն լայն մահմեդական շարժումները, որոնք հեղափոխության հաջորդ օրն իսկ ծայր տվին գրավված վայրերի և Անդրկովկասի զանազան կողմերում և հարաճուն զարգանալով՝ անիշխանության ու քաոսի մատնեցին ամբողջ երկիրը: Այդ շարժումները ներշնչված էին թուրքերի կողմից, առաջ էին բերվում ու հրահրվում թուրք գործակալների միջոցով և նպատակ ունեին դժվարություններ ստեղծել ռուսական, իսկ հետո՝ հայկական զորքերի առջև:

Մահմեդական խռովությունները, ավազակային հարձակումները զինվորական գնացքների, պարենակիր խմբերի, խաղաղ հայ ազգաբնակչության և իրենց ծննդավայրը վերադարձող գաղթականների վրա՝ սկսվեցին հեղափոխությունից անմիջապես հետո և սաստկացան, մանավանդ, մայիս ամսին: «Ինչ-որ մի մութ ձեռք,- գրում էր «Հորիզոնը» մայիս 19-ին,- պատերազմի ու խռովության սերմեր է փորձում ցանել հայ և թուրք ժողովուրդների մեջ… Երբ օդը հագեցած է գազերով, հարկավոր է ծայր աստիճան զգույշ լինել և կայծ չձգել այնտեղ, թե չէ պայթյունը անխուսափելի կդառնա»:

«Մութ ձեռքին», այսինքն՝ Թուրքիային ձեռնտու էր խռովությունը: Եվ ահա նրա գործակալների դրդումով, այստեղ, սկսում են առաջ գալ խռովություններ: Շարժումներ են տեղի ունենում Կարսի, Երևանի, Գանձակի, Էրզրումի շրջաններում: Խռովությունների ալիքը տարածվում է ամեն կողմ: Երկրի բոլոր ծայրերից ու ճակատից Թիֆլիս են տեղում հեռագրեր կատարվող անկարգությունների և հակապետական քայլերի մասին:

Մայիս 9-ին Ալեքսանդրապոլի զինվորական գործադիր կոմիտեի նախագահ Պրեզիրովը հեռագրում է Օզակոմի նախագահ Խառլամովին, որ թուրքերը գողացել են պահակախմբի զենքերը, և այդ պատճառով մի վաշտ զինվորներ խուզարկել են թուրքական թաղը:

Մայիս 13-ին Ալեքսանդրապոլի գավառական կոմիսարը 101-րդ երկրապահ հարյուրյակի զինվորների ու միլիցիոներների հետ խուզարկում է Կարսի շրջանի Օղչի-Օղլի գյուղը և բռնում 2 սայլ՝ 7 արկղ պետական հրացան ու փամփուշտ: Թուրք գյուղացիք կրակում են և վիրավորում մի զինվոր:

Մայիսի առաջին երկու-երեք շաբաթների ընթացքում բազմաթիվ հարձակումներ եղան Օղնուտ-Երզնկայի շրջանի և Բասենի հայ գյուղերի վրա: Հարձակման ու թալանի զոհերը, մեծ մասամբ, գաղթականները կամ զինվորական պահեստներն ու կայաններն էին:

Մայիսի 29-ին քրդերը հարձակվեցին Սոուք Սուի զորակայանի վրա. եղավ բուռն կռիվ:

Հունիսի 1-ին հարձակման ենթարկվեց Գավրեշամիի կառավարական պարենավորման խումբը: Հունիս 8-ին քրդերը հարձակվեցին կազակների վրա Բայազետի մոտ: Հարձակումներ եղան Արագածի շրջանում, նոր Բայազետում, Սուրմալուում…

Հունիսի 1-2-ին, Գավրեշամիի մոտ սպանվեցին 3 հայեր, վիրավորվեց մեկը, քշվեց 80 բեռնակիր եզ, 2 ձի:

Հունիսի 2-ին, Արհաջ գյուղի մոտ Վան վերադարձող 50-60 գաղթականներ կողոպտվեցին քրդերից, սպանվեց մի մարդ, քշվեց 60 եզ և 40 այլ անասուններ:

Հունիսի 6-ին, Արծափի և Մոսունի միջև քրդերը մորթեցին 6 հայերի:

Հունիսի 15-ին 300 քրդեր քշեցին իգդիրցիների անասունները՝ սպանելով մեկ և վիրավորելով 9 մարդ:

Հուլիսի 14-ին քրդերը քշեցին ղամարլուցիների տավարը՝ սպանելով ու վիրավորելով մի քանի հայեր:

Զանազան տեղեր հարձակման էին ենթարկվում երկրի վերադարձող գաղթականները կամ թիկունք մեկնող զինվորները:

«Օգտվելով Ժամանակավոր կառավարության թուլությունից և պրովոկացիոն մութ ուժերի դրդրումից,- գրում էր հունիս 8-ին «Հորիզոնը»,- Սուրմալուից Հայոց ձոր ու Հայոց ձորից մինչև Մամախաթուն քրդական ավազակաբարո, մինչև ատամները զինված հրոսակախմբերը հարձակվում են խաղաղ բնակչության վրա, կողոպտում են, վիրավորում ու սպանում… Չեն քաշվում անգամ զինվորների ու պարենատար զորամասերի վրա հարձակվելուց:

Իհարկե կարելի է ասել, որ քրդական ավազակությունները առաջ էլ սովորական երևույթ էին և թուրքական սադրանքներով չպետք է բացատրել, բայց փաստը ցույց է տալիս, որ ավազակություններն ու հարձակումները կատարվում էին, մեծ մասամբ, ռազմագիտական նշանակություն ունեցող վայրերում, գաղթականների վերադարձի ճանապարհների վրա, զորքի թիկունքում: Դժվար չէր տեսնել, որ այդ շարժումներն ունեն ներքին ծրագիր և ուղղված են, ամենից առաջ, պատերազմին աջակցող ուժերի և կազմակերպությունների դեմ»:

Նման դեպքերը հուզում էին հանրային միտքն ու կառավարական շրջանները: Տարածվում էին հազար տեսակ լուրեր, որ, իբր թե, Կովկասի թուրքերը շտապով զինվում են, որ նրանք պատրաստվում են միանալու թուրքերին, որ թուրքերն արդեն որոշել են գրավել Կովկասը և այլն, և այլն: Իշխանությունը անզոր էր իրական դարման հասցնելու: Նա, ավելի շուտ, աշխատում էր ծեփել ավելի ու ավելի բացվող ճեղքը կամ չտեսնելու ձևանալ օրը ցերեկով կատարվող դեպքերը:

Ապրիլ 24-ին, Անդրկովկասյան հատուկ կոմիտեն քննեց թուրքերի զինման լուրերը և լսելով թուրք ներկայացուցիչներին՝ եկավ այն եզրակացության, որ դրանք անհիմն բաներ են ու որոշեց այդ մասին հաղորդել հասարակությանը: Որոշեց նաև ռուս-հայ-վրացի-թուրք խառն պատվիրակություններ ուղարկել այն վայրերը, ուր տեղի կունենան միջցեղային խռովություններ: Բացի այդ, կարգադրեց արգելել քաղաքացիներին զինվորական զենք կրել:

Նույն հարցը, քիչ հետո, մայիս 12-ին, քննվեց և Առանձին կոմիտեին կից գործող խորհրդակցության և զինվորական ու բանվորական խորհուրդների պատգամավորների խառն նիստում, Խառլամովի նախագահությամբ: Այս վերջինը հաղորդեց, որ զանազան վայրերից հուզումնալից լուրեր են հասնում ազգաբնակչության զինվելու մասին և որ անհրաժեշտ է միջոցներ ձեռք առնել երկիրը միջցեղային կռիվների սպառնալիքից փրկելու համար: Խորհրդակցությունը, այս անգամ, հաստատեց զինման փաստը և որոշեց՝ 1) հրատարակել ռուսերեն և տեղական լեզուներով կոչեր՝ բացատրելով ժողովրդին զինման վնասակարությունը, 2) շրջաններն ուղարկել պատգամավորներ և պրովոկացիայի առաջն առնել, 3) հրատարակել օրենք՝ զենք կրելու իրավունքի մասին, 4) հիմնել հաշտարար մարմիններ՝ հասարակության մեջ առաջ եկող թյուրիմացությունները վերացնելու համար, 5) արգելել ինքնակամ խուզարկությունները, 6) պատժել սուտ լուրեր տարածողներին, 7) հիմնել հատուկ մարմին ազգային հողի վրա ծագող վեճերը քննելու համար:

Նշանակում է պաշտոնապես հաստատվում էր, որ թուրքերը զինվում են: Հաստատվում էր նաև, որ արգելված միջոցներով պետական զենք են ձեռք բերում ու փոխադրում: Այդ նպատակով հարձակումներ են կատարում պետական պահեստների ու կայարանների վրա: Նման մատնանշումները սաստիկ վրդովում էին մահմեդականներին: Նրանք պնդում էին, որ այստեղ գործում է հայկական սադրանքը: Կատարվող խռովություններն ու հակապետական շարժումները բարդում էին հայերի, մանավանդ թուրքահայ գաղթականների վրա:

Այսպես, Բաքվի Մահմեդական կոմիտեն, մայիսին, հեռագրեց Մոսկվա, համառուսական մահմեդական համագումարին, թե «վերջերս Բաքվում, Կարսում, Երևանում և Կովկասի այլ քաղաքներում եռանդուն սադրանք է արվում, որ, իբր թե, մահմեդականները փութով զինվում են կառավարության և քրիստոնյա բնակչության դեմ ոտնձգություններ անելու մտադրությամբ: Որոշ ծրագրով կազմակերպված և գործադրվող գրգռումի հետևանքով՝ մի քանի զորամասեր Երևանում, Ախալցխայում, Կարսում և Թուրքիայից գրավված վայրերում ոտնձգություններ են կատարվել խաղաղ մահմեդականների նկատմամբ: Բաքու քաղաքը  ևս գտնվում է սադրիչների զզվելի գործունեության սպառնալիքի տակ: Այդպիսի խառնակիչ գործունեությունը կարող է տալ վատ հետևանքներ թե՛ մահմեդականների և թե՛ Կովկասի ու Նոր Ռուսաստանի բոլոր այլ ազգությունների համար: Շուտափույթ պետք է  ձեռք առնել ամենավճռական միջոցներ չարամիտ պրովոկացիայի դեմ»:

Նույն իմաստով մի բողոք էլ կոմիտեն ուղարկեց Անդրկովկասյան հատուկ կոմիտեին, ուր, ի միջի այլոց ասում էր. «Կոմիտեն համարում է իրեն անպատված, որ սադրանքն արատավորում է մահմեդականներին, որոնք կողմնակից են ներկայի և ապագայի ռամակավար իդեալներին և համակարծիք են բոլոր բանվորական կուսակցությունների հետ: Միությունը պահանջում է վերջ տալ սադրիչ բնույթի խայտառակությանը»:

Իսկ Բաքվի «Ենի Իկբալ» թերթը, մայիս 3-ին, շտապում է բանալ փակագծերը՝ հայտարարելով, թե մահմեդականների դեմ դավեր լարողը հայերն են. «Սադրանք սարքողը կովկասյան ազգերից մեկն է… Եթե ուզենաք իմանալ, թե ո՞րն է այդ ազգը, ցավելով պետք է ասենք, որ այդ ազգը մեր մոտիկ հարևան ազգայնամոլ հայերն են»:

Որ հայերի կողմից էլ բռնություններ ու կամայականություններ տեղի էին ունենում, այդ, իհարկե, անհերքելի է: Մանավանդ, թուրքական սրածությունից ու կոտորածներից հրաշքով ազատված արևմտահայ գաղթականները երբեմն փորձում էին վրեժ լուծել մահմեդականներից: Տեղ-տեղ թուրքերին հալածում ու ճնշում, երբեմն նաև սպանում էին և կամավորական խմբերը: Պատերազմի և իթթիհատական վայրագությանց առաջ բերած դժբախտ երևույթներ էին սրանք, որոնք, հաճախ, տարերային ձև էին ստանում և որոնց առաջն առնելը վեր էր մարդկային կարողությունից: Սակայն, անճիշտ կլիներ ասել, որ 1917 և հաջորդ՝ 1918 թվին, մահմեդական շարժումները Կովկասում արդյունք էին հայկական սադրանքի կամ հայ գաղթականների ու խմբերի առաջացրած անկարգությունների: Ո՛չ, այդպես չէ: Երևույթն ավելի խորն էր, նրա բացատրությունը պետք է որոնել թուրք քաղաքականության և կովկասյան մահմեդականների այն ժամանակվա տրամադրությունների մեջ: Անպայման, դեպքերի պատճառը թուրքական «մութ ձեռքն» էր, որ պղտորում էր մտքերև և խռովություն առաջ բերում այնտեղ, որտեղ անհրաժեշտ էր գտնում իր շահերի համար: Այդ «մութ ձեռքը» գործակալներ ուներ և՛ Թիֆլիսում, և՛ Կովկասի ուրիշ կենտրոններում, որոնք շատ անգամ սադրիչ խաղեր էին խաղում հանրային անդորրությունը խանգարելու համար:

Այսպես, մայիս 23-ին Թիֆլիսի Բանվորական և Զինվորական խորհուրդների պաշտոնաթերթում, ինչպես և ուրիշ թերթերում, հրատարակվեց Բասենի շրջանի ժամանակավոր կոմիսար և զինվորական գործերի կոմիտեի նախագահ Սպերանսկու մի գրգռիչ հեռագիրը, թե «վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքին Բասենի հովտի գյուղերը գաղթում են թիկունքից բազմաթիվ փախստական հայեր, մեծ մասամբ ռուսահպատակներ, որոնք ինքնակամ կերպով գրավում են թուրք բնակիչների տները՝ դուրս քշելով տեղական բնակիչ թուրքերին: Հայերին բնակեցնում են Հասան-Ղալայի շրջանում առանց շրջանային կոմիսարիատի գիտության՝ արգելք լինելով Օղնուտ-Երզնկայի շրջանից տեղահանվող ժողովրդի գաղթեցման ծրագրին: Խնդրում եմ շուտով կարգադրել՝ դադարեցնել հայկական մասնավոր ընկերությունների կազմակերպված այդ գաղթը, տալով ինձ այդ մասին ղեկավարող ցուցմունքներ»:

Խնդիրը ինքնին պարզ էր. արևմտահայ կազմակերպությունները, Թուրքահայաստանի ընդհանուր կոմիսարության գիտությամբ ու հավանությամբ և զինվորական ու քաղաքացիական իշխանությունների աջակցությամբ կատարում էին գաղթականների տեղավորում, որի ժամանակ հնարավոր էր, որ բռնություններ էլ կատարված լինեն Բասենի շրջանում: Բայց պետք էր տեսնել, թե ի՜նչ աղմուկ բարձրացրին մահմեդական շրջանները, ի՜նչ ծանր մեղադրանքներ ուղղեցին հայերի հասցեին:

Մայիսի 23-ին Թիֆլիսի Բանվորական և Զինվորական խորհուրդը Գանձակից ստացավ հետևյալ հեռագիրը. «Գանձակ քաղաքում մահմեդականներն ու հայերը բաժանվել են երկու մասի, մեջտեղը կանգնած է զորքը. Արջևանիձե»: Բնականաբար, հասարակության ու կառավարական շրջաններում առաջ եկավ սաստիկ իրարանցում: Անմիջապես հեռախոսով հարցում արվեց Գանձակ, և քաղաքագլուխ Խասմամեդովը զարմանքով պատասխանեց, թե քաղաքում ոչինչ չի պատահել, հայերն ու թուրքերը ապրում են հաշտ, և զորքը մնում է իր տեղը: Ո՞ւմ էր հարկավոր այդ չարամիտ խաղը. մնաց չպարզված:

Անհանգիստ ջղագրգիռ վիճակ էր տիրում ամեն տեղ, մութ ձեռքը գործում էր անարգել և ոչ մի ճիգ, կառավարական կամ հասարակական ո՛չ մի ուժ չկարողացավ զսպել կամ առաջն առնել մահմեդական շարժումների: Նրանք հետզհետե ծավալվեցին, ստացան հարատև բնույթ և 1917 թվի վերջերին արդեն դարձել էին կովկասյան կյանքի ամենաաղետալի երևույթը: Մահմեդական հոծ զանգվածներ ունեցող շրջաններում, հաճախ, կտրվում էր երկաթուղային հաղորդակցությունը, և պետք էր լինում դիմել արտակարգ միջոցների՝ զինվորական ուժի ու զրահապատների օգնության, որպեսզի բացվի ճանապարհը: Քրդական շարժումները նոր թափով բռնկվեցին 1918թ. հունվարի կեսերին, երբ ճակատի զանազան մասերում ուղղակի ճակատամարտեր մղվեցին քուրդ հրսոակախմբերի և կանոնավոր զորքերի միջև: Միայն հունվարի 15-16-ին, և միայն Երզնկայի շրջանում, պաշտոնական հաղորդագրությամբ քրդերի ձեռքով սպանվեց շուրջ 200 մարդ:

Այս ամենը, իհարկե, անգնահատելի ծառայություն էր թուրքերին: Երբ Կովկասն արդեն բավական խառնվել էր ներքին խնդիրներով, իսկ, մյուս կողմից, թուրքական հրամանատարությունը դիմեց վճռական քայլերի, դեկտեմբերի 16-ին կովկասյան բանակի հրամանատարը Վեհիբ փաշայից ստացավ մի նամակ, որի մեջ ասվում էր, թե  Էնվեր փաշան նկատել է, որ գրավված վայրերում բռնություններ են գործադրվում թուրքահպատակների նկատմամբ և պահանջում է վերջ տալ դրանց: Մի քանի օր հետո, հունվարի 23-ին, Վեհիբ փաշայից ստացվեցին մի քանի հեռագրեր, որոնք նորից բողոքում էին թուրքահպատակների նկատմամբ գործադրվող բռնությունների դեմ և պահանջում էին խիստ պատժի ենթարկել հանցավորներին: Զորավար Օդիշելիձեն հունվարի 31-ին և փետրվարի սկզբին, երկու անգամ պատասխանեց, որ Վեհիբ փաշայի ստացած տեղեկությունները խիստ չափազանցված են, որ ճիշտ է, Երզնկայի ու Տրապիզոնի շրջաններում տեղի են ունեցել մի քանի բռնություններ, բայց նրանք արդյունք են քրդական հրոսակախմբերի հարձակումների և բնավ չեն համապատասխանում թուրքական հրամանատարության ցույց տված չափերին: Ի պատասխան սրան, փետրվարի 6-ին Օդիշելիձեն ստացավ Վեհիբ փաշայից մի նոր հեռագիր, որով թուրք հրամանատարը հայտնում էր, թե ինքը՝ երկու կողմերի համար պատվավոր հաշտության երկրպագու լինելով հանդերձ՝ ստիպված է, մահմեդական բնակչության պաշտպանության նպատակով, առաջ շարժել իր զորքերը մինչև ռուս զորամասի հետ շփման մտնելը:

Ուրիշ խոսքով, վերսկսվում էր պատերազմը: