Պատերազմի և խաղաղության հարցը և ռազմաճակատը խորհրդային հեղաշրջումից հետո. Սիմոն Վրացյան

796

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունը: 

Գլուխ Ե

Հոկտեմբերյան հեղաշրջումը հիմնովին փոխեց դեպքերի ընթացքը ինչպես ամբողջ Ռուսաստանում, այնպես և Կովկասում: Եվ ամենից առաջ անդրադարձավ պատերազմի և խաղաղության վրա:

Ժամանակավոր կառավարությունը պատերազմի վերաբերյալ ընդունել էր միանգամայն որոշ ուղղություն՝ ընդհանուր և պատվավոր հաշտություն: Մարտի 14-ին, Բանվորական և Զինվորական խորհուրդը դիմելով ամբողջ աշխարհին՝ հայտարարել էր, թե ազատ Ռուսաստանը հրաժարվում է ցարիզմի նվաճողական քաղաքականությունից: Իսկ մարտի 27-ին, Ժամանակավոր կառավարությունը ձևակերպել էր իր քաղաքական դավանանքը. «Ազատ Ռուսաստանի նպատակը չէ տիրել ուրիշ ժողովուրդներին, խլել նրանց ազգային արժեքները, ուժով գրավել օտար երկրներ, այլ հաստատել տևական խաղաղություն՝ հիմնված ժողովուրդների ինքնորաշման վրա: Ռուս ժողովուրդը չի ձգտում ուժեղացնել իր ներքին կազմը ի հաշիվ ուրիշ ժողովուրդների. նրա նպատակի մեջ չկա նվաստացման ու ստրկացման և ո՛չ մի հակում»:

Ժամանակավոր կառավարությունը այս ուղեգծին հետևեց իր հետագա բոլոր քայլերում: Նույն ոգով գործեց և Պետրոգրադի Բանվորական ու Զինվորական խորհուրդը՝ ժամանակավոր կառավարության ներշնչողն ու հենարանը և հեղափոխական դեմոկրատիայի կամքի արտայայտիչը: Խորհուրդը, հակառակ բոլշևիկների բուռն դիմադրության, ապրիլ 26-ին որոշեց չեզոք մի վայրում գումարել միջազգային ընկերվարական խորհրդաժողով և այնտեղ լուծել պատերազմի և խաղաղության հարցը միջազգային ծավալով: Այս որոշումը միանգամայն համապատասխանում էր և Եվրոպայում, մանավանդ, պատերազմին չմասնակցող երկրներում տիրող տրամադրությանը: Այնտեղ էլ հերթի էր դրված նման խորհրդաժողովի գումարումը և կազմված էր, այնպես կոչված, Հոլանդ-Սկանդինավական կոմիտեն, որ կատարում էր համագումարի հրավիրման նախապատրաստական աշխատանքերը:

Ընդհանուր համաձայնությամբ, խորհրդաժողովը նշանակվեց 1917թ. հուլիս 8-ին Ստոկհոլմում: Օրակարգի վրա դրվում էին պատերազմի հետ կապ ունեցող բոլոր հարցերը, որոնց շարքում և հայկական խնդիրը: Հայաստանի կողմից խորհրդաժողովին պիտի մասնակցեր Դաշնակցությունը, որի լիազոր ներկայացուցիչը Ռոստոմ Զորյանը Թիֆլիսից մեկնել էր Ստոկհոլմ՝ նախօրոք մասնակցելով Պետրոգրադի խորհուրդների և ընկերվարական շրջանների նախապատրաստական աշխատանքներին: Պետրոգրադի Բանվորական և Զինվորական Խորհուրդը իր պատվիրակության համար մշակած հրահանգներում դրել էր և Թուրքահայաստանի ինքնավարության պահանջը:

ՀՅԴ-ն կազմակերպիչ մարմնին ներկայացրեց մի ընդարձակ հուշագիր, որի մեջ մանրամասնորեն նկարագրում էր հայերի վիճակը պատերազմի նախօրյակին ու պատերազմի ընթացքին, հայկական տեղահանություններն ու կոտորածները, և ձևակերպում հայկական պահանջները՝  «Ռուսահայաստանը Վրաստանի և Թաթարստանի (Ադրբեջանի) հետ պետք է լինի ինքնավար՝ դաշնակցային ու հանրապետական Ռուսաստանի ծոցում»: Թուրքահայաստանը պետք է ազատվի թուրքական տիրապետությունից: «Ազատ Հայաստանը բովանդակելու է հայկական 6 վիլայեթները և Կիլիկիան, բացի 1877-78 թվականների պատերազմից հետո հայկական նահանգներին միացված մահմեդական շրջանները»: «Հայաստանի չեզոքությունը պետք է երաշխավորվի միջազգայնորեն», «Թուրքական կառավարությունը պետք է հատուցի հայերի վնասները» և այլն:

Ինչպես հայտնի է, Ստոկհոլմի խորհրդաժողովը դաշնակից պետությունների բացասական վերաբերմունքի և Ռուսաստանի ներքին դեպքերի հետևանքով չգումարվեց: Հետաքրքրական է, որ իթթիհատական Թուրքիան էլ ներկայացուցիչներ էր ուղարկել Ստոկհոլմ՝ Ն. Մազլիա էֆ. և դր. Հուսեյին Զադե Ալի բեյ, որոնք իրենց հուշագրի մեջ, առանց որևէ ակնարկ անելու հայկական խնդրի մասին,  «հանուն թուրք դեմոկրատիայի», պահանջում էին  «ազգերի ինքնորոշման իրավունք՝ առանց խտրության սպիտակ, դեղին, ու սև ցեղերի միջև», «գաղտնի դիվանագիտության վերացումը» և այլն:

Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո խաղաղության գործը ստացավ նոր ընթացք. բոլշևիկները դիմեցին անջատ հաշտության՝ հայտարարելով «եղբայրացման» սկզբունքը ռազմաճակատի հակառակորդ զինվորների հետ և պատերազմող կողմերին առաջարկելով անցնել անմիջական բանակցությունների: Այս քաղաքականության, ինչպես և երկրի ներսը բռնկված անիշխանության ու քաղաքացիական կատաղի կռիվների հետևանքով՝ սկսվեց համատարած քայքայումը ռազմաճակատում: Զորամասերը թողնում էին դիրքերը և հրացանը առած՝ շտապում դեպի տուն, որպեսզի օր առաջ բաժին ստանան բոլշևիկների խոստացած «հողից ու բուրժուաների գույքից»: Եվ Բալթիկ ծովից մինչև Քիրմանշահ, ամբողջ տարածության վրա, միլիոնավոր զինված մարդիկ խուժեցին դեպի թիկունք:

Այս զանգվածային դասալքությունը առանձնապես հիվանդագին անդրադարձ ունեցավ կովկասյան ճակատում, ուր ընդհանուր պատճառներից զատ՝ ուժեղ էին և ազգային հակամարտությունները և Թուրքիայի ու Կովկասի մահմեդականների յուրահատուկ փոխհարաբերությունները:

Հոկտեմբերյան հեղաշրջումը Թիֆլիսում հանդիպեց խիստ բացասական վերաբերմունքի: Բացի ընդհանուր պատճառներից, որով բոլշևիկյան կոմունիզմը նկատվում էր ցնորական մի ճիգ պատմությունը գիտական ընկերվարությունից դեպի ուտոպիա տանելու և, հետևաբար, աշխատավոր մարդկության բնաշրջումը առողջ ճանապարհից շեղելու, Անդրկովկասում կային և հատուկ պատճառներ. վրացի սոցիալ-դեմոկրատ մենշևիկների համար բոլշևիզմը, նախ և առաջ, կուսակցական հակառակորդ էր: Այն հարատև պայքարը, որ սոցիալ-դեմոկրատ մենշևիկ և բոլշևիկ հատվածները վարել էին միմիյանց դեմ գաղափարական ձևերով, այժմ փոխադրվում էր գործոն քաղաքականության ասպարեզ: Շատ խոշոր տեղ էին գրավում այս պայքարում և անձնական համակրանքներն ու հակակրանքները, երեկվա վեճերն ու սրտացավությունները: Հայերի համար հոկտեմբերյան հեղաշրջումը անընդունելի էր, ամենից առաջ, բոլշևիկների դեպի պատերազմն ու ճակատի պաշտպանության գործը բռնած դիրքի պատճառով: Բոլշևիկների մեջ նրանք տեսնում էին քայքայող ուժ, մինչդեռ վայրկյանը պահանջում էր Ռուսաստանի հզորությունը: Մահմեդականների աչքին բոլշևիզմը դասակարգային թշնամի էր: Մահմեդական ներկայացուցիչների մեծ մասը խաներ ու բեգեր էին:

Այսպես թե այնպես, Անդրկովկասը հենց առաջին օրից բացասական դիրք բռնեց խորհրդային իշխանության նկատմամբ: Եվ քանի որ Սահմանադիր ժողովի գոյությունը դառնում էր խնդրական, կապը կենտրոնի հետ վերացված էր, և, մյուս կողմից, Անդրկովկասի Առանձին կոմիտեն իսպառ կորցրել էր հեղինակությունը ժողովրդի աչքին, իսկ կոռնիլովյան հետաշրջական փորձից հետո ստեղծված ինքնապաշտպանության մարմինը հմայք չուներ լայն զանգվածների մեջ, բնական կերպով առաջ էր գալիս տեղական իշխանություն ունենալու պահանջը: Այդ նպատակով, նոյեմբերի 27-ին, հրավիրվեց մի խորհրդակցություն Անդրկովկասի Բանվորական, Զինվորական և Գյուղացիական խորհուրդների, Թիֆլիսի Բանվորական ու Զինվորական խորհրդի, Թիֆլիսի քաղաքային խորհրդի, Հանրային ապահովության կոմիտեի, Անդրկովկասյան Առանձին կոմիտեի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և Սահմանադիր ժողովի անդամների, որը մանրազնին քննության առնելով տիրող կացությունը, որոշեց Անդրկովկասի համար ստեղծել տեղական իշխանություն՝ Անդրկովկասյան սեյմ և Անդրկովկասյան կոմիսարիատ, իբրև Սեյմի գործադիր մարմին: Սեյմի կազմության հիմք ընդունվեց Սահմանադիր ժողովի համար ընտրված պատգամավորների քանակը: Որոշվեց եռապատկել կուսակցական ցանկերով ընտրված պատգամավորների թիվը:

Անդրկովկասյան կոմիսարիատը կազմվեց ազգային-կուսակցական ներկայացուցչության սկզբունքով: Կոմիսարիատի մեջ մտան. Ե. Գեգեչկորի՝ նախագահ և արտաքին գործոց կոմիսար, Ն. Ռամիշվիլի՝ ներքին, Դ. Դոնսկոյ՝ զինվորական, Խ. Կարճիկյան՝ ելևմտական, Հ. Օհանջանյան՝ խնամատարության, Ներուչև՝ երկրագործության, Մելիք Ասլանով՝ հաղորդակցության, Խան-Խոյսկի՝ արդարադատության, Լ. Լ. Բեբութով՝ պետական վերահսկիչ: Զինվորական կոմիսարի օգնականներ նշանակվեցին Գոբեչյանը և Պ. Լևոնյանը: Երկրագործության կոմիսարի օգնականներ՝ Ավ. Շահխաթունյանը և Պ. Գելեյշվիլին:

Բայց Անդրկովկասյան կոմիսարիատը ևս չդարմանեց դրությունը: Հակառակը, նա ինքը հենց դարձավ կուսակցական պայքարի թատերաբեմ և բոլշևիկների ձեռքին՝ պայքարի ուժեղ զենք:

Ժողովրդական կոմիսարների խորհուրդը Ստեփան Շահումյանին նշանակել էր Անդրկովկասի կոմիսար, և սա աշխատում էր հեղաշրջում առաջ բերել Թիֆլիսում: Բոլշևիկները ձգտում էին օգտագործել զենքը, որի մեջ նրանց ազդեցությունը օրեցօր ավելանում էր և որին գրգռում էին Անդրկովկասյան կոմիսարիատի դեմ, որը, իբրև թե, Անդրկովկասը անջատել էր Ռուսաստանից: Բանակում վայելած համակրանքից օգտվելու փոխարեն՝ թուրքերի դեմ պատվար կանգնեցնելու, Շահումյանը և իր ընկերները ճգնում էին զինվորությանը մասնակից դարձնել Անդրկովկասյան կոմիսարիատի դեմ մղած իրենց պայքարին և աստիճանաբար ճակատից հետ էին քաշում զորամասերը: Այս հողի վրա, հոկտեմբերի 20-ին, մերկացնելով ճակատը, դեպի թիկունք խուժեց հռչակավոր 39-րդ դիվիզիան: Չէ որ ռազմական կոմիսար Տրոցկին հրամայել էր ռուս բանակին հեռանալ պարսկական և թուրքական ճակատներից:

Ասենք, բանակը առանց այդ էլ  չէր հետաքրքրվում ռազմաճակատով: Նրա ուշքն ու միտքը Ռուսաստանն էր, ուր  «հող էին բաժանում»: Ուստի առանց սպասելու վերին հրամանատարության սահմանած կարգին՝ մաս-մաս, հազարներով ու տասնյակ հազարներով լքում էին դիրքերը, թողնում բազմամիլիոն հարստություններ, ռազմամթերքի ու պարենի  անհաշիվ պաշար, մթերքներով լիքը պահեստներ և հրացանը գրկած՝ նետվում վագոնները, շտապում  «դեպի տուն»՝ ճանապարհին, մորեխի պես, ավերելով ու խժռելով ամեն բան:

Ահա փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս հոկտեմբերյան հեղաշրջման հետևանքով, Կովկասյան ռազմաճակատում ստեղծված դրությունը: Կովկասյան բանակի հրամանատարը դեկտեմբերի 25-ին հեռագրում է ճակատի ընդհանուր հրամանատարին. «Հակառակ առաջին կորպուսի նահանջի համար ճշտորոշված ժամանակամիջոցին, վերջինս ինքնագլուխ թողնում է դիրքերը, և այս նահանջը սպառնում է ճակատը իսպառ մերկացնել: Այս հանգամանքներում հայկական զորամասերի ճակատ ուղարկելու հապաղումը և, իբրև հնարավոր հետևանք, Երզնկայի գրավումը ոչ միայն թուրքերի, այլև քրդերի կողմից ինձ հարկադրում է, հավանաբար, պարպել ամբողջ շրջանը, որով մենք անխուսափելիորեն կկորցնենք Թուրքահայաստանը»:

1918թ. հունվար 8-ին կովկասյան բանակի սպայակույտը տեղեկագրում է. «6-րդ կորպուսը լքեց դիրքերը և ամբողջապես քաշվեց դեպի Սարիղամիշ: Այս պահին, վերջին գունդն է հեռանում, և հունունվարի 13-ին ոչ մի զինվոր չի լինի Շեյթան-Դաղից դեպի հարավ, և այս կողմից ճակատը բոլորովին կմերկացվի: Առաջին կորպուսն էլ մեծ մասով սկսել է շարժվել դեպի թիկունք. ես վախենում եմ, որ կորպուսի վերջին զորամասերը կթողնեն Երզնկան նշանակված ժամանակից առաջ: Եվ մեր զորամասերի հեռացումը այս կետից և գրավումը քրդերից ճակատագրական կերպով առաջ կբերեն զինադադարի խախտում թուրքերի կողմից և ընդհանուր առաջխաղացումը ամբողջ ճակատում: Կասկածից վեր է, որ Երզնկայի շրջանի թուրքական գրավման հետևանքը կլինի այն, որ մենք կպարպենք ամբողջ Արևմտյան ռազմաճակատը: Թուրքեստանյան 2-րդ կորպուսը և կովկասյան 5-րդ կորպուսը նույնպես ճակատից մեկնելու հարց են հարուցել: Մեր զորքերի հեռանալը արևմտյան ճակատից, աչքի առաջ ունենալով կովկասյան բանակի ներկա վիճակը, անխուսափելի կերպով առաջ է բերում մեր գրաված թուրք հողամասերի պարպումը: Այլ խոսքով, Երզնկայի շրջանի պարպումը հավասար է ամբողջ Թուրքահայաստանի պարպումին, այսինքն՝ նշանակում է կորցնել այն ամենը, որ մենք ձեռք ենք բերել Թուրքիայի դեմ մղած երեքամյա հաղթական կռիվներով: Այս պարագան իրավունք է տալիս ինձ մի անգամ ևս խնդրելու, որ շտապով ուղարկեք հայկական զորամասեր, որոնք հնարավոր կդարձնեն կայունացնել մեր դրությունը»:

Հունվարի 10-ին Ալաշկերտի կոմիսար Գվոզդյովը Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ Ալեքսանդր Խատիսյանին, ուղիղ հեռագրաթելով, հետևյալ ձևով է ներկայացնում կացությունը. «Ղարաքիլիսան թողնում է թշնամու հարձակումից առաջ դատարկված քաղաքի տպավորություն: Ճակատից հեռացող վերջին գունդը իր հետ տանում է շրջանի բոլոր հիմնարկությունները, անգամ փոստն ու հեռագիրը: Հրամանատարական կազմ չկա, կան միայն 150 անկանոն ձիավորներ, տեղական բնակչությունն է պահում պարենի պահեստները, զինվորական գույքերը, հրետանու, ինժեներական և ռազմամթերքի պահեստներն ու վառոդարանները: Ճանապարհների կայարանները վերացված են: Դժվարությամբ մեր տեղական ուժերով պահվում է հեռագրական կապը: Կոմիսարիատն ընդունել է 4-րդ կորպուսի և հասարակական հիմնարկությունների անհաշիվ գույքը: Միայն ձիեր ընդունված են մի քանի հազար հատ: Մենք անզոր ենք տեղավորել թողնված հարստությունները: Խիստ վախենում ենք արյունոտ ընդհարումներից և ավազակություններից: Քրդերն սկսեցին իրենց հարձակումներն ու թալանները գյուղերի, պահակախմբերի և Մակուի երկաթուղու վրա, որը հազիվ շնչում է: Հեռագրական հաղորդակցությունը Երևանի հետ կտրված է»:

Չորրորդ կորպուսի հրամանատարը հունվարի 13-ին հեռագրում է. «Կորպուսի փոխադրական մասերը, կայարանների զորքերը, զինվորները, հիմնարկությունները հեռանում են անկարգ կերպով: Անկարգությունները սաստկանում են օրեցօր: Հայկական զորամասերը ուժասպառված են հիմնարկությունների և կայարանների պահակությունից: Առանց թիկունքից թարմ ուժերի առաքման կարելի չէ պատասխանատու լինել հետևանքերի համար»:

«Ռուս զինվորները ահաբեկում են տեղացիներին (հայերին) և բռնությամբ ստիպում հեռանալ իրենց հետ»,- հեռագրում է կովկասյան բանակի սպայակույտը:

Հունվարի 16-ին սպայակույտից գրում են զորավար Նազարբեգյանին. «Ճակատի դրությունը ողբերգական է, ամրացված շրջանների լքումը առաջ է բերում առանձնապես ողբալի կացություն, և ինձ հարկադրում է տալ հետևյալ հրահանգները ամրությունների պետերին. «Կովկասյան բանակի գլխավոր հրամանատարը հրամայում է ձեզ, որ, աչքի առաջ ունենալով ռուս սպաների և զինվորների հեռանալը ճակատից՝ ամրացված շրջանների պահակությունը հանձնեք ազգային զորամասերին»:

Կարս-Մերդենեկ երկաթուղագծի վարչությունը հունվարի 21-ին հեռագրում է․ «Երկաթուղային բրիգադի Կարս-Մերդենեկ գծի վրա ծառայող ռուս զինվորները լքում են միլիոնավոր ռուբլիներ արժեցող նյութերը և կանգնեցնում շարժումը: Խնդրում ենք կազմել հայկական երկաթուղային գումարտակ և նրան փոխանցել այս բրիգադի և Կարս-Մերդենեկ երկաթուղագծի գույքը»:

Սրանք պատահական օրենակներ են լոկ ա՛յն օրերի ռազմաճակատի քայքայումը պատկերացնեղ առատ նյութից: Իրապես դրությունը անհամեմատ ավելի մռայլ էր: Ռազմաճակատը հալչում էր արևից տաքացած ձյան պես. ռուս զորքը խելահեղ՝ խուժում էր դեպի թիկունք, Կովկասյան լեռնաշղթայի մյուս կողմը:

Այս խուժումը տեղի էր ունենում ցավագին պայմաններում, մասնավորապես մահմեդական շրջաններում: Անկասկած, թուրքերի ներշնչումով, կովկասյան մահմեդականները աշխատում էին մի կողմից արագացնել ռուսական զորքերի փախուստը, մյուս կողմից՝ խլել նրա զենքն ու ռազմամթերքը: Զինորսության հողի վրա պատահում էին արյունոտ ընդհարումներ ու ճակատամարտեր նահանջող ռուս զորամասերի ու թուրք ազգաբնակչության միջև: Այդ կարգի արյունոտ դեպքերից առանձնապես մեծ հուզում առաջ բերեց Շամխորի կոտորածը, հունվարի 8-10-ին:

Հունվարի 8-ին ճակատից հեռացող բազմաթիվ զինվորական գնացքներ եկան-կանգնեցին Շամխոր կայարանի մոտ: Ճանապարհը կտրված էր, առաջ գնալը՝ անհնար: Գնացքները բերնեբերան լցված էին զինվորներով, ձիերով, կանանցով ու երեխաներով, թնդանոթներով, ռազմամթերքով, մեծաքանակ փամփուշտներով ու մթերքով: Զինվորները հարուստ ավար էին տանում իրենց հետ:

Եվ, հանկարծ, գիշերվա մթության մեջ, ամեն կողմից սկսվեց հրացանաձգություն: Գնացքները ենթարկվեցին թնդանոթային կրակի: Առաջ եկավ աննկարագրելի իրարանցում: Զինվորներն էլ, իրենց հերթին, գրավեցին դիրքեր և գործի դրին գնդացիրները: Տեղի ունեցավ հուսահատական կռիվ: Հարձակվողներին հաջողվեց վառել գնացքների մի մասը: Զինվորները անձնատուր եղան:

Պարզվեց, որ հարձակվողները եղել են վրացի Աբխազավայի զրահապատ գնացքը, զորավար Մաղալովի «Վայրենի դիվիզիան» և հազարավոր զինված թուրք խուժան Գանձակի Մահմեդական Ազգային խորհրդի ղեկավարությամբ:

Բոլոր գնացքները խուզարկվեցին ու թալանեցին: Զինվորներից խլվեց ամեն ինչ՝ զենք, ռազմամթերք, պարեն, մասնավոր գույքը. անգամ վրանների հագուստը հանեցին թուրք հրոսակախմբերը: Գրավված թնդանոթներն ու բոլոր զենքերը սեփականացրեց Գանձակի Մահմեդական ազգային խորհուրդը: Մեծ շուքով ավարը տարվեց Գանձակ: Թուրք սոցիալիստ-հեղափոխական պարագլուխ Ասլան բեգ Սաֆիքուրդսկին, հեծած առջևի թնդանոթը՝ հաղթական մուտք գործեց Գանձակ:

Հետագայում հայտնի դարձավ, որ այդ հարձակմանը անմասն չէին և վրացի վարիչներից ոմանք: Հունվարի 6-ին Ն. Ռամիշվիլին զեկուցում էր այդ մասին Անդրկովկասյան Կոմիսարիատի նիստին, թե  «անհրաժեշտ էր զինաթափել Ցարսկի Կոլոդցից մեկնած զորամասը և զենքը հանձնել վրացական կորպուսին: Ուղարկվեց մի զրահապատ և մի զորամաս… Բոլոր միջոցները ձեռք են առնված»: Իսկ Ջուղելին մատնանշում էր «Աբխազավայի և իր զորամասի կատարած տխուր դերը: Զինաթափում չէր այդ, այլ զինվորների թալան: Դժբախտ և տանջված, իրենց տան կարոտը քաշող մարդկանցից խլում էին ամեն ինչ, անգամ կոշիկները: Եվ հենց տեղն ու տեղն էլ ծախում էին: Ավազակախմբերը ծախում էին զենքերը: Ինչ-որ գարշելի բան էր տեղի ունենում»:

Հունվարի 26-ին, Երկրային կենտրոնում, նույն Ջուղելին հայտարարեց. «Իսկ ինչ վերաբերվում է Շամխորի դեպքերին, ես հայտարարում եմ, որ ընկեր Նոյ Ռամիշվիլին որոշ կապ ունի նրանց հետ։ Միայն մի քանի օր այդ տխուր դեպքերից առաջ ընկ. Ռամիշվիլին, ինձ հետ ունեցած խոսակցության միջոցին ասում էր, որ զինաթափության համար ամենահարմարը ինքը համարում է Աբխազավայի զորամասը: Իմ ցուցմունքները, թե Աբխազավան այդ նպատակի համար պահանջված վարկը չունի, ըստ երևույթին, չօգնեցին, և մենք տեսնում ենք, որ Աբխազավան իր զորամասով ուղարկվել է այդ նպատակով: Ըստ երևույթին, այդ ուղարկելը չի եղել առանց ընկ. Ռամիշվիլիի մասնակցության»:

Ռուսական զորքերի փախուստի հետևանքով ամեն կողմից պահանջում էին հայկական զորամասեր: Պարզ էր դառնում, որ ճակատի պահպանության գործում այսուհետև առաջին տեղը բռնելու էին հայերը: Կարո՞ղ էին նրանք կատարել այդ պատմական դերը: Ի՞նչ վիճակ ունեին հայերը զինվորական տեսակետից:

Դեռ հոկտեմբերյան հեղաշրջումից առաջ, Թիֆլիսի և Պետրոգրադի հայկական կազմակերպությունները հարց էին հարուցել, որ Ժամանակավոր կառավարությունը հրահանգի արևմտյան ճակատի զորամասերում գտնվող հայ զինվորներին փոխադրել կովկասյան ճակատ և կազմակերպել հայկական զորամասեր: Արևմտյան ճակատում, այն ժամանակվա հաշվով, կար շուրջ ութսուն հազար հայ զինվոր: Այդ քանակությունը՝ միացված Կովկասում գտնվող գրեթե նույնչափ հայ զինվորների հետ, լավ կազմակերպված ու մարզված, տրված հմուտ հրամանատարության ձեռքը, կարող էր վճռական դեր կատարել Թուրքիայի դեմ:

Զինվորական նախարարն ու բարձր հրամանատարությունը ընդառաջ գնացին այս առաջարկությանը և կարգադրեցին հայ զինվորներին համախմբվել թուրքական ռազմաբեմում, իսկ հուլիսի 2 ու 11 հրամաններով կովկասյան ճակատի գլխավոր հրամանատարը արտոնեց հայկական հրացանաձիգ գումարտակները վերածել գնդերի: Կարճ ժամանակում կազմվեցին վեց հայկական գնդեր՝ յուրաքանչյուրը բաղկացած 2 գումարտակից:

Արագ թափով զարգացող դեպքերը, սակայն, անհրաժեշտ դարձրին հայկական ավելի խոշոր զինվորական միությունների ստեղծումը, և հոկտեմբերին Հայոց ազգային խորհուրդը նոր դիմում գրեց՝ խնդրելով հայկական զորագնդերի թիվը հասցնել 8-ի, յուրաքանչյուր գունդը դարձնել 3 գումարտակից, և այդ 8 գնդերը բաժանել չորսական գնդանոց երկու դիվիզիայի, մեկ բրիգադ այրուձիով, 15 մարտկոց հրետանիով ու հարակից տեխնիկական մասերով:

Կառավարությանը ոչինչ չէր մնում, քան բավարարել այդ դիմումը, քանի որ ռազմաճակատի փլուզումը ստանում էր աղետալի ձևեր, և հայկական զորամասերը կարող էին որոշ չափով մեղմացնել դրությունը: 1917թ. դեկտեմբերի 13-ին, կովկասյան բանակի գլխավոր հրամանատարը թիվ 136 հրամանով արտոնեց կազմել հայկական կորպուս՝ հրամանատար նշանակելով ռուսական բանակի լավագույն զինվորականներից մեկին՝ զորավար Թովմաս Նազարբեկյանին և սպայակույտի պետ՝ զորավար Վիշինսկուն:

Սկսվեց կազմակերպական եռուն աշխատանք: Ազգային խորհուրդը իր կազմից ձևավորեց առանձին մի մարմին Ստ. Մամիկոնյանի գլխավորությամբ, որ զբաղվում էր կորպուսի գործերով: Զորավար Նազարբեկյանի մոտ զինվորական նախարար Դոնսկոյի կողմից նշանակվեց հատուկ կոմիսար՝ Դրոն և վերջինիս օգնական՝ Սարգիս Մանասյանը: Հետզհետե հավաքվեցին ռուսական բանակի հայ սպաներն ու զինվորները և իրար հետևից վերակազմվեցին հին մասերն ու կազմվեցին նորերը: Ազգային խորհրդին և կորպուսի հրամանատարությանը զգալի օժանդակություն էր ցույց տալիս Հայ զինվորական միությունը սպա Արսեն Շահմազյանի նախագահությամբ և մի շարք եռանդուն սպաների անդամությամբ՝ Գ. Տեր-Օհանյան, Տ. Անիյան և այլն:

Հայկական կորպուսի կազմակերպությանը զուգընթաց զորահավաքման ու զինվորական ուժերի կազմակերպման գործով զբաղված էր նաև արևմտահայությունը, որը, ավելի քան ուրիշը, սարսափում էր կազմալուծումից և միջոցներ էր խորհում ճակատի փլուզման առաջն առնելու համար:

Արևմտահայ բյուրոյի նախաձեռնությամբ, 1917թ. դեկտեմբերի սկզբներին, Թիֆլիսում գումարվեց արևմտահայության մարմինների ու քաղաքական հոսանքների ներկայացուցիչներից ու գործիչներից կազմված մի խորհրդակցություն, որը մանրամասն քննության առնելով ճակատի պաշտպանության խնդիրը, որոշեց իր վրա վերցնել արևմտահայկական մարտական ուժերի կազմակերպումը: Այդ նպատակով ընտրվեց հատուկ մարմին՝ Ապահովության խորհուրդ, որի մեջ մտան Վահան Փափազյանը (նախ.), Սեպուհը, Ա. Թերզիբաշյանը, Հ. Տեր-Զաքարյանը և Ժ. Միրզախանյանը: Խորհրդակությունը որոշեց նաև հայտարարել պարտադիր զորակոչ բոլոր արևմտահայերի համար: Կազմվելու էր արևմտահայկական առանձին դիվիզիա: Ենթադրվում էր ստեղծել 15-20 հազարանոց մի զորամաս:

Պետք է ասել, որ դեռ այս որոշումից առաջ, զանազան վայրերում, արդեն գոյություն ունեին զուտ արևմտահայկական զորամասեր: Վանում կար Վանի գունդը՝ Տ. Բաղդասարյանի հրամանատարության տակ՝ Գրիգոր Բուլղարացու և Լևոն Շառոյանի անմիջական գործակցությամբ: Խնուս-Մուշ շրջանում գործում էր Սասունի գունդը Մանուկի և Մուշեղի ղեկավարությամբ: Ալաշկերտում կազմված էին տեղական զորամասեր Սմբատի ջանքերով: Երզնկայի շրջանում էր Մուրադը իր գործակիցների հետ, Բաբերդում՝ Սեպուհը և այլն:

Ապահովության խորհրդի առաջին աշխատանքը եղավ համախմբել այս բոլոր ուժերը և կապել իր հետ: Այդ նպատակով մարդիկ ուղարկվեցին շրջանները, և մասամբ հաջողվեց ցաք ու ցրիվ եղած զորախմբերի միջև հաստատել որոշ կապ:

Ապահովության խորհուրդը ձեռնարկեց արևմտահայ դիվիզիայի կազմությանը: Այդ գործին ջերմ աջակցություն ցույց տվեցին Կովկասի բարձր հրամանատարությունը, հանձին զոր. Լեբեդինսկու, գնդ. Զենկևիչի, գրավված վայրերի ընդհանուր նահանգապետությունը,  մասնավորապես բժ. Հ. Զավրյանը և դաշնակից պետությունների Թիֆլիս գտնվող ներկայացուցիչները: Այս վերջիններս Ապահովության խորհրդին տրամադրեցին և որոշ գումար կազմակերպչական նախնական կարիքների համար:

Ապահովության խորհուրդը իր բոլոր կարևոր ձեռնարկները կատարում էր համախորհուրդ Ազգային խորհրդի հետ: Երկու խորհուրդների միջև տիրում էր կատարյալ ներդաշնակություն, և Ապահովության խորհուրդն ու Ազգային խորհրդի զինվորական մարմինը գործում էին ձեռք ձեռքի տված: Որոշ անհամաձայնություն առաջ եկավ արևմտահայ դիվիզիայի հրամանատար նշանակելիս: Ապահովության խորհուրդը կամենում էր այդ պաշտոնին կոչել Անդրանիկին՝ օգտվելու համար նրա թե՛ հայերի մեջ և թե՛ դուրսը վայելած հմայքից: Ազգային խորհուրդը դեմ էր արտահայտվում այդ թեկնածությանը՝ առարկելով, որ Անդրանիկը չի կարող կառավարել դիվիզիայի պես մի խոշոր զորամաս, որի համար, բացի անձնական քաջությունից, պահանջվում էր և մասնագիտական պատրաստություն, որից զուրկ էր Անդրանիկը: Սակայն Ապահովության խորհրդի պնդումի վրա Ազգային խորհուրդը տեղի տվեց, և Անդրանկը նշանակվեց արևմտահայ դիվիզիայի պետ բժ. Զավրյանի միջնորդությամբ և Պ. Լևոնյանի ջանքերով ստանալով զաուրյադ-զորավարի աստիճան:

Արևմտահայ դիվիզիան մտցվեց Հայկական կորպուսի մեջ, իբրև նրա մի մասը, և այսպիսով, ի վերջո, Հայկական կորպուսը ձևակերպվեց ու ստացավ հետևյալ կազմը.

Կորպուսի հրամանատար՝ զորավար Թովմաս Նազարբեկյան, սպայակույտի պետ՝ Վիշինսկի:

Առաջին դիվիզիա – 4 գունդ՝ յուրաքանչյուրը 3-ական մարտկոցով և 1 հրետանու բրիգադ՝ 6 մարտկոցով, հրամանատար՝ զորավար Արեշյան:

Երկրորդ դիվիզիա- նույն կազմով, հրամանատար՝ գնդապետ Սիլիկյան:

Այրուձիի բրիգադ- երկու գունդ չորսական հարյուրյակով և մեկ ձիավոր հրետանի, հրամանատար՝ գնդապետ Ղորղանյան:

Արևմտահայ դիվիզիա. Ա բրիգադ-Էրզրումի գունդ՝ 2 գումարտակ, Երզնկայի գունդ՝ 2 գումարտակ, 2 լեռնային մարտկոց, ձիավոր գունդ՝ 3 հարյուրյակ: Բ բրիգադ – Խնուսի գունդ՝ 2 գումարտակ, Ղարաքիլիսայի գունդ՝ 2 գումարտակ, 2 լեռնային մարտկոց: Գ Բրիգադ – առաջին Վանի գունդ՝ 2 գումարտակ, 2 լեռնային մարտկոց, Զեյթունի ձիավոր գունդ՝ 3 հարյուրյակ: Դիվիզիայի հրամանատար՝ զորավոր Անդրանիկ, սպայակույտի պետ՝ գնդապետ Զենկևիչ:

Տեղական զորամսեր․ Լոռիի, Շուշիի, Ախալքալակի և Ղազախի գնդերը՝ 2-ական գումարտակներով և Նուխիի, Ախալցխայի, Լոռիի, Իգդիրի և Խանասորի գումարտակները:

Հարակից մասեր․ բերդային մասեր, բերդային հրետանի, կապի ու հաղորդակցության մասեր, պայթուցիկ, առողջապահական, պարենավորման, հրետանիի, երկաթուղային և այլ մասեր:

Այս զորամասերին անցավ ռուս բանակի ժառանգությունը հայկական ճակատում, իսկ ապագայում, հայ հանրապետական բանակի կորիզը կազմելու պատիվը:

Հետո, Հայաստանի Հանրապետության դիվիզիան բաղկացած էր 3 հետևակ, 1 ձիավոր և 1 թնդանոթաձիգ գնդերից։ Յուրաքանչյուր հետևակ գունդ ուներ 1500-ից 1800 զինվոր՝ մեջը հաշվելով կապի և գնդացրային վաշտերը։ Վաշտը բաղկացած էր 4 դասակից (50 հոգի)։ Դասակն ուներ 2 ձիավոր գնդացիր։ Զինվորները զինված էին ռուսական նոր ձևի՝ Մոսին հրացաններով։ Գունդն ուներ 4 լեռնային թնդանոթ, 8-12 գնդացիր՝ Մաքսիմ և Կոլտ։ Ձիավոր գունդն ուներ 6 էսկադրոն՝ 500-ից 600 հոգի։ Յուրաքանչյուր էսկադրոնն ուներ 2 Կոլտ ու Մաքսիմ և 4 ձեռքի գնդացիր։ Ամբողջ գունդն ուներ 4 լեռնային թնդանոթ, 2 էսկադրոն նիզակավոր դասակներ, 25 հոգի առաջապահ հետախույզներ՝ 2 ձեռքի գնդացրով և հակագազային դիմակներով։ Թնդանոթաձիգ գունդն ուներ 8 մարտկոց՝ յուրաքանչյուրը 4 թնդանոթով, ընդամենը 32 թնդանոթ, որից 16-ը՝ լեռնային։