Վազգեն Ա-ն այցելում է Դոլմաբահչե, Սուլեյմանիե մզկիթ, Մխիթարյան հայրերին և Ավետարանական համայնքին. 18 հուլիսի, 1961թ

904

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻՆ

Հուլիսի 18-ին, երեքշաբթի, Անգարայից Ստամբուլ վերադառնալուց հետո, Վեհափառ Հայրապետը այցելում է Դոլմապահչեի պալատը, գործը հայտնի ճարտարապետ Պալյանի, ԺԹ դարի կեսերին:

Վեհափառ Հայրապետը պաշտոնապես առաջնորդվում է պալատի բոլոր մասերը, ընդունելության սրահները, թագադրության դահլիճները, սուլթանական աշխատասենյակները, ննջարանները: Ամենուրեք Վեհափառ Հայրապետը ծանոթանում է նկարչական բազմաթիվ գլուխգործոցների, այդ թվում նաև Հովհաննես Այվազովսկու մի քանի տասնյակ նկարների, որոնք զարդարում են պալատի զանազան դահլիճները:

Այնուհետև Վեհափառ Հայրապետը այցելում է Գարիեի մզկիթը, հին հունական մի եկեղեցի, ուր վերջերս հայտնաբերվել են հրաշալի խճանկարներ:

Ապա Նորին Վեհափառությունը լինում է Սուլեյմանիե մզկիթում, որը համարվում է Ստամբուլի ամենաշքեղ մզկիթը, ճարտարապետական մի կոթող, գլուխ-գործոցը հայ ազգի մեծանուն ճարտարապետ Սինանի:

ՍՏԱՄԲՈՒԼԻ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՐԱՆՔԻ ԵՐԵԿՈՆ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԲԱՐՁՐ ՊԱՏՎԻՆ

Հուլիսի 18-ին, երեկոյան ժամը 17-ին, «Պարկ հոթել»-ում, Ստամբուլի հայ մտավորականությունը Վեհափառ Հայրապետի պատվին կազմակերպում է ընդունելություն, որին ներկա են լինում քաղաքի բոլոր հայկական վարժարանների տեսուչները, ուսուցիչները, ինչպես նաև գրագետներ, արվեստագետներ, երաժիշտներ, երգիչներ և նկարիչներ:

Վեհափառ Հայրապետին ողջունում է նախ Ուսուցչաց միության երկրորդ ատենապետ դոկտ. Աքսան, «որ ներկայացուց հայ մտավորականության կապը հանդեպ Ս. Էջմիածնի և անոր Գահակալին»:

Այնուհետև, հանուն Ստամբուլի հայ ուսուցչության, հանդես է գալիս համալսարանի դասախոս և ավագ ուսուցիչ Հրանտ Տեր Անդրեասյանը, որը խոսում է մտավորականի դերի մասին և ողջունում «Վեհափառին մեջ խտացումը մեր սրտին և հոգեկան կապին հանդեպ Ս. Էջմիածնին, որ խարիսխն է հայ հավատքին»:

Այնուհետև գործադրվում է բովանդակալից գեղարվեստական մի հայտագիր:

Վ. Կոմիկյանը խոսում է Ստամբուլի հայ գրական շարժման մասին: Ուսուցչուհի տիկին Մեսրոպյանը, հանուն Ստամբուլի մտավորական ընտրանու, Վեհափառ Հայրապետին է նվիրվում արծաթյա մի գեղեցիկ ծաղկաման:

Օրիորդ Արուսյակ Ռուշանը արտասանում է «Պարտեզ» մանկական ամսագրի խմբագիր Ատրինե Տատրյանի Վեհափառ Հայրապետին ուղղված ձոնը…

Ընդհանուր ծափերի մեջ Վեհափառ Հայրապետին մատուցվում են նաև ծաղկեփնջեր գրագիտուհի տիկին Հայկանուշ Մառքի, դերասան Եդվարդ Երեցյանի, երաժշտագետ պրոֆ. Աբիսողոմ Գավաֆյանի, նկարիչ Վարդ Հազըրյանի կողմից, հանուն Ստամբուլի իրենց մտավորական շրջանակների:

Այնուհետև, խանդավառ և ջերմ մթնոլորտում, խոսք է առնում Վեհափառ Հայրապետը և նախ Իր շնորհակալությունն է հայտնում այս հանդիպման և «այն քաղցր խոսքերուն համար, որոնք ուղղվեցան Մեզի հայ մտավորականության ներկայացուցիչներուն կողմե»:

Այնուհետև Վեհափառ Հայրապետը խոսում է Պոլսի հայ գրականության և արվեստի բնագավառներում անցյալի մեր մեծանուն մտավորականների մեզ ժառանգ թողած արժանավոր գործերի մասին, որոնք «մեր գրականության փառքը կկազմեն, մյուս մեծերու կողքին», և հորդորում է Ստամբուլի գրական նոր սերնդին՝ շարունակել այդ գրական ավանդությունը, առաջ ընթանալ «այն լուսավոր ճանապարհեն և հասնիլ այն բարձրունքներուն, ուր հասան ձեր նախնիք»:

Ապա Վեհափառ Հայրապետը ավելացնում է.

«Մենք կուզեինք քանի մը խոսք ևս ավելցնել, շեշտել այն շինարար դերը, այն դաստիրակիչ դերը, որ հայ մտավորականը ընդհանրապես՝ ուսուցիչ, գրագետ, լրագրող, բանաստեղծ, արվեստագետ, գիտնական, կրնա ունենալ և պետք է ունենա այն ժողովրդի ծոցին մեջ, ուր ծնած է և որուն մեջ կապրի: Կխորհինք, թե այն ատեն միայն մտավորականը արժանի կդառնա իր կոչումին և կրնա իր կյանքին իմաստ մը տալ: Արդեն մտավորականի գաղափարը կարելի չէ ըմբռնել զուտ անհատական իմաստով: Եթե մարդիկ առանձին ապրին, ոչ ոք կրնար մտավորական ըլլալ:

Մտավորական ըլլալ կնշանակե ֆոնկսիոն մը ունենալ կյանքի մեջ և ազդել իր շրջապատին վրա: Կխորհինք, թե այս գիտակցությունը երբեք չէ պակսած ձեզմե: Պետք է ներշնչվիլ ժողովուրդեն և տալ ժողովուրդին: Անհեռատես և կեդրոնախույս ձգտումները երբեք օգուտ չեն կրնար բերել ոչ Եկեղեցիին, ոչ կրթական գործին, ոչ ալ ժողովուրդին»:

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՊԱՏՎՈՒՄ Է ՄԽԻԹԱՐՅԱՆ ՀԱՅՐԵՐԻՆ

Հուլիսի 18-ին, երեկոյան ժամը 20-ին, Բանկալթըի Մխիթարյան վարժարանում, Վիեննական միաբանության մեծավոր Հ. Սարգիս վարդապետ Բարոյանը և միաբանությունը, Ամենայն Հայոց Հայրապետի պատվին կազմակերպվում են ընդունելություն, որին ներկա են լինում նաև Ստամբուլում հայ կաթոլիկ հասարակության վիճակավոր Քիրեճյան գերապայծառը, ընկերակցությամբ չորս հայ կաթոլիկ վարդապետների և Վենետիկի Մխիթարյան հայերից երկու հոգու:

Նորին Ս. Օծության պատվին տրված եղբայրական այս ընդունելության ներկա են լինում նաև Մխիթարյան սանուց միության վարչության անդամները և հայ մամուլի ներկայացուցիչներ:

Սիրալիր խոսակցություն է տեղի ունենում Վեհափառ Հայրապետի, Նրա շքախմբի, Քիրեճյան գերապայծառի և միաբանության միջև, ջերմ մթնոլորտում:

Ապա Վեհափառ Հայրապետը առաջնորդվում է վարժարանի սեղանատունը՝ սեղանը օրհնելու: Հ. Սարգիս Բարոյանը ողջունում է Ամենայն Հայոց Հայրապետի այցելությունը Մխիթարյան վարժարանից ներս, «անոր համար, որ պատիվ ըրած էր իրենց և չէր մերժած իրենց հրավերը»: – «Ձեր արժանավոր և բարի անձը կաղոթենք, որ երկար կյանք ապրի և Ձեր օրհնաբեր հովանին միշտ տարածվի հայ ժողովուրդի բոլոր զավակներուն վրա»,-եզրակացնում է վարդապետը:

Ընդունելության ընթացքում Վեհափառ Հայրապետը, Իր պատասխան ողջույնի խոսքում, հայրապետական Իր գոհունակությունը և ուրախությունն էր հայտնում, որ «Ստամբուլի մեջ պատեհությունը կունենար Մխիթարյանց հարկը այցելելու, Իր սիրո ողջույնը և օրհնությունը բերելու մեր բազմադարյան սուրբ տաճարներեն, մեր Հայրենի երկերեն, մանավանդ ողջույն և օրհնություն Օշականի Մեծ Սուրբ գերեզմանեն»:

Ճաշից հետո Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ հրաժեշտ է առնում Մխիթարյան հայերից, մի անգամ ևս օրհնելով կրթական այս հաստատությունը և նրա մշակներին:

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՀՐԱԺԵՇՏ Է ԱՌՆՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼԻՑ

Հուլիսի 19-ին, չորեքշաբթի, Վեհափառ Հայրապետը Իր ամբողջ օրը անց է կացնում հյուրանոցում, զբաղված մի շարք տեսակցություններով և մեկական նախապատրաստական աշխատանքներով:

Նորին Ս. Օծությունը հյուրանոցում ընդունում է այցելությունը Ստամբուլի հայ ավետարանական համայնքի պետ պատվելի Վահան Խարբուլթյանի և Իր օրհնությունն է տալիս հայ ավետարանական համայնքին: