Արևելահայոց գործերը. Սիմոն Վրացյան

900

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունը: 

Գլուխ Դ

Իրերի բերումով, արևմտահայերի և արևելահայերի կյանքը հեղափոխությունից հետո գնաց տարբեր ճանապարհներով: Արևմտահայերը ապրում էին սեփական, ազգային- տեղական կյանքով. նրանց հետաքրքրությունը ամփոփված էր Թուրքահայաստանի և Գաղթականական գործերի սահմաններում: Արևելահայությունը, ընդհակառակը, ամբողջապես տարվեց համապետական ընդհանուր հարցերով և ընկերային գաղափարներով: Հեղափոխության մրրիկը հափշտակեց նրան և մի պահ մոռացնել տվեց զուտ ազգային ցավերը:

Արևելահայոց ակնկալությունները հեղափոխությունից ամբողջապես տեղավորվում էին Ռուսաստանի համապետական հարցերի մեջ. նոր ժողովրդական իշխանության հաստատում, հին վարչաձևի մնացորդների վերացում, ընդհանուր ներում, քաղաքացիական ազատություններ, ռազմաճակատի ամրացում ու պատվավոր հաշտություն և այլն. այս վերջին պահանջի մեջ հասկացվում էր նաև Թուրքահայաստանի ինքնավարությունը: Եվ, իբրև ազգային պահանջ, մանր ազգերին ևս տալ այն իրավունքները, որոնք մինչև այդ վերապահված էին միայն տիրող ցեղին;

Նույն ոգին տեսնում ենք և մայիս ամսի ընթացքին գումարված գավառական ու նահանգային ուսուցչական և գյուղացիական բազմաթիվ համագումարների մեջ՝ Երևանում, Կարսում, Ալեքսանդրապոլում և այլուր: Ամեն տեղ դրվում էին ընդհանուր պետական խնդիրներ, իսկ տեղական-ազգային պահանջները դուրս չէին գալիս լեզվի և տեղական մշակույթի համեստ սահմաններից:

Նմուշի համար՝ ահա Երևանի նահանգային գյուղացիական համագումարի մայիս 12-ի նիստում, Ավ, Շահխաթունյանի զեկուցումից հետո ընդունված բանաձևը, որ տիպար կարող է համարվել և մյուս համագումարների բանաձևերի համար, և որը լիովին արտահայտում է արևելահայերի ա՛յն օրերի քաղաքական ապրումները.

«Երևանի նահանգի Գյուղացիական համագումարը՝ քննելով Ռուսաստանի ապագա կարգերի խնդիրը, գտնում է.

Ռուսաստանում վերջնականապես ոչնչացված է հին կարգը և նրա տեղ պետք է հաստատվի հանրապետություն: Այդ հանարպետությունը պետք է լինի ռամկավար,  որովհետև միայն ռամկավար հանրապետության մեջ կարող է աշխատավոր ժողովուրդը իր շահերը պաշտպանել:

Այդ ռամկավար հանրապետությունը պետք է լինի դաշնակցային, որպիսին միայն կարող է համապատասխանել Ռուսաստանի պես բազմալեզու մի երկրի և նպաստել պետության բոլոր տարբեր մասերի տնտեսական ու մշակութային զարգացմանը:

Անդրկովկասը պետք է կապված լինի Ռուսաստանի հետ դաշնակցային կերպով: Ինքը Անդրկովկասը պետք է ներկայացնի մի ռազմավար դաշնակցային հանարպետություն՝ բաժանված կանտոնների՝ տեղադրական ու մշակութային պայամնների համաձայն:

Գյուղացիական համագումարը գտնում է, որ մինչև Սահմ. ժողով՝ կենտր. կառավարությունը և նրա կովկասյան ներկայացուցիչները պարտավոր են.

Նախապատրաստել Սահ. ժողովի գործը, նոր նահանգական ու գավառական բաժանմունքներ մտցնել Անդրկովկասում, այնպես, որ նրանք համապատասխանեն աշխարհագրական և տնտեսական պայմաններին և հավասար ու արդար պայմանների մեջ դնեն բոլոր ազգերին:

Անմիջապես մտցնել տեղական լեզուները բոլոր վարչական դատական հիմնարկությունների մեջ, որի համար անհրաժեշտ է փոխել պաշտոնյաների կազմը:

Սեպտեմբերից տարրական դպրոցները կատարելապես ազգայանցնել, միջնակարգ դպրոցները՝ նույնպես: Որտեղ այդ հնարավոր չի լինի ամբողջովին, ազգայնացնել գեթ ստորին դասարանները:

Նոր վարչական բաժանումները մտցնելուց հետո, տալ երկրին զեմստվոյին ինքնավարություն և երդվյալների դատարան:

Այս գործը թեթևացնելու համար նահանգի գյուղացիների համագումարը սրտագին կոչ է ուղղում Ռուսաստանում ցրված բոլոր կովկասցի ինտիլիգենտ հայրենակիցներին՝ վերադառնալ հայրենիք և հեշտացնել դպրոցների ու այլ հիմնարկությունների ազգայնացման գործը»:

Նույն այդ տրամադրությունները տեսնում ենք քաղաքային ինքնավարությունների, ապա և Սահմանադիր ժողովի ընտրությունների ժամանակ:  Այս վերջինին արդյունքը խիստ բնորոշ է Անդրկովկասի քաղաքական ուժերի դասավարության տեսակետից:

Սահմանադիր ժողովի ընտրություններին, Անդրկովկասում իրար հետ մրցող ու պայքարող կողմերն էին սոցիալ-դեմոկրատները ( համար 1), որոնք դեռ գործում էին համառուսական կուսակցության անունով և բացի Վրաստանի քվեներից ստացան նաև հայ, ռուս, թուրք և այլ քվեներ, ինչպես նաև զորամասերի սոց.-դեմոկրատ զինվորների ու սպաների ձայները, մուսավաթն ու թուրք անկուսակցական խմբակը (համար 10), որ ներկայացնում էր մահմեդական ազգայնական խավերը, և Հ. Հ. Դաշնակցությունը (համար 4): Ընտրության հետևանքը եղավ հետևյալը. սոցիալ-դեմոկրատները ստացան 661 934 քվե և տվին 12 պատգամավոր, մուսավաթականները՝ 615 934 քվե՝ 10 պատգամավոր և Հ. Հ. Դաշնակցությունը 558 400 քվե՝ 9 պատգամավոր: 62 044 քվեն տալիս էր մեկ պատգամավոր: Հ. Հ. Դաշնակցության ցանկով ընտրված պատգամավորներն էին Ռոստոմ Զորյանը, Կ. Համբարձումյանը, Ավ. Շահխաթունյանը, Հ. Քաջազնունին, Սիր. Տիգրանյանը, Կ. Ղազարյանը: Այսպիսով, առանց չափազանցության, Անդրկովկասի հայ ժողովրդի ավելի քան 95 % իր քվեն տվեց, հետևաբար և վստահություն հայտնեց Հ. Հ. Դաշնակցությանը:

Այս համապետական տրամադրություններին ու լավատեսությանը զուգընթաց զգացվում էր և ներքին անհանգստություն կատարվող դեպքերի հանդեպ: Որքան էլ հեղափոխությունը արբեցած լիներ ամենքին, անկարելի էր չնկատել, որ որոշ խավերում աճում էր ձգտում հեղափոխությունը օգտագործելու ռազմաճակատի գործերը ի նպաստ թուրքիայի շրջելու համար: Դիտվում էր ճակատի պահանջների հանդեպ խիստ անփույթ վերաբերում վրացական շրջաններում և քողարկված հակառուս աշխատանքի մահմեդականների կողմից: Բաքվի Մահմեդական բարեգործական ընկերությունը բազմապատկել էր իր գործակալների և նյութական հատկացումների քանակը Կարսի նահանգում և Էրզրումի ու հարակից շրջաններում: Պաշտոնապես նրանք զբաղված էին մահմեդական սրբերի ու գաղթակնների հոգատարությամբ. իրապես՝ ռուս բանակի թիկունքում գործում էին հօգուտ թուրք զենքի:

Այս աշխատանքը, ուրիշներից ավելի, տեսնում էին հայերը, և հեղափոխութայն առաջին օրերից հենց ճակատի պաշտպանության, ազգային ինքնապաշտպանության և հայկական ներքին ուժերի համախմբման պահանջը շատերի համար դարձավ լուրջ մտահոգության առարկա: Այս պահանջի հետևանքով առաջ եկավ ազգային ներքին կազմակերպության անհրաժեշտության գիտակցությունը:

Ապրիլ 10-13-ին Թիֆլիսում Ազգային բյուրոյի հրավերով գումարվեց միջկուսակցական մի խորհրդակցություն, որին մասնակցում էին Ազգային բյուրոյի և Կամավորական խմբերի հրամանատարները, գավառական բյուրոների և կոմիտեների ներկայացուցիչները, Թիֆլիսի Միջկուսակցական մարմինը, Արևմտահայ խորհրդի անդամները և այլն՝ Թիֆլիսից 75 և գավառներից 20 գործիչ: Այդ ժողովում ներկայացվեցին մանրամասն զեկուցումներ ընդհանուր և ազգային-քաղաքական կացության, ինչպես և ռազմաճակատի ու գավառների վիճակի մասին: Եվ անհրաժեշտ տեսնվեց, երկու ամսից ոչ ուշ, հրավիրել ազգային համագումար՝ արևելահայերի կյանքին վերաբերող խնդիրների լուծման համար: Որոշվեց, որ համագումարը կկազմվի քառանդամ ընտրական եղանակով՝ երկու սեռերի մասնակցությամբ. 10 000 հոգուն՝ մեկ պատգամավոր: Ընտրություններին մասնակցելու էին միայն արևելահայերը: Համագումարը պետք է գումարվեր Երևանում: Ընտրությունների կազմակերպումն ու ղեկավարումը, համագումարի օրակարգի մշակումը և այլ խնդիրների կարգադրությունը հանձնվեց Թիֆլիսի Միջկուսակցական մարմնին, որը իրավունք պիտի ունենար իր կազմը ուժեղացնել նոր անդամներով:

Այս որոշումը, սակայն, ժամանակի ընթացքում, ենթարկվեց  որոշ փոփոխության, և համագումարը հրավիրվեց կեսընտրական, կեսնշանակովի սկզբունքով: Նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարելուց հետո, սեպ. 28-ին, Թիֆլիսի առաջնորդարանի սրահում, տեղի ունեցավ համագումարի անդամների և Միջկուսակցական մարմնի խորհրդակցական մի ժողով, ուր պարզվեց համագումարի վերջնական կազմը. 113 դաշնակցականներ, 43 ժողովրդականներ, 23 սոցիալիստ-հեղափոխականներ, 9 սոցիալ-դեմակրատներ ( մենշևիկ, բոլշևիկ և հնչակյան) և 7 անկուսակցականներ, ընդամենը 203 հոգի: Համագումարին մասնակցեց առանձին ներկայացուցչություն և Արևմտահայ խորհրդի կողմից (Անդրանիկ, Վահան Փափազյան, Ա. Թերզիբաշյան ևլն.): Նույն ժողովում որոշվեցին և համագումարի բացման ու ղեկավարության գործնական խնդիրները՝ չընտրել պատվո նախծագահներ չարտասանել ողջույնի ճառեր: Երկար վեճից հետո, համագումարի բացման պարտականությունը թողնվեց Միջկուսակցական մարմնին: Բուռն վեճեր տեղի ունեցան և նախագահության կազմի մասին. ի վերջո որոշվեց համեմատական սկզբունքով ընտրել 7 նախագահ և 5 քարտուղար: Թեև ըստ պատգամավորների քանակի նահանգների կեսից ավելին պետք է լիներ դաշնակցական, բայց  դաշնակցականները համաձայնվեցին ունենալ 3 տեղ և մի տեղ տալ անձնապես Մոսկվայի ներկայացուցիչ անկուսակցակն Ստ. Մամիկոնյանին:

Համագումարի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ սեպտ. 29-ին ժամը 12-ին, Արտիստական թատրոնի ընդարձակ սրահում, խուռն բազմության ներկայությամբ: Հ. Օհանջանյանի հանուն Միջկուսակցական կոմիտեի արտասանած բացման ճառերից հետո, յոթը նախագահներ ընտրվեցին. Հ. Քաջազնունի, Ալ. Խատիսյան և Ա. Ահարոնյան (դաշն.), բժ. Այվազյան (ժող.), Լ. Աթաբեգյան (ս.-հ.), Ղ. Տեր-Ղազարյան (ս.-դ.), Ս. Մամիկոնյան (անկս.) և 5 քարտուղարներ՝ Հ. Տեր-Հակոբյան և Ա. Զոհրաբյան (դաշն.), Ս. Մալխասյանց (ժող.) , Հ. Ստեփանյան (ս.-հ.) և Ս. Հովվյան (հնչ.):

Նիստի նախագահությունն ստանձնելով Ս. Մամիկոնյանը՝ նկարագրեց հայ ժողովրդի համար ստեղծված տարապայմանորեն ծանր դրությունը և ջերմագին կոչ ուղղեց համագումարին՝ հրավիրելով համերաշխ ու ներդաշնակ գործունեության: Ապա լուծվեցին ժողովրդավարության գործնական հարցերը, կազվեց պատգամավորների լիազորությունները քննող հանձնախումբ և որոշվեց համագումարը բաժանել 4 հատվածների, որից յուրաքանչյուրի մեջ մտնեն 5 դշնկց., 5 ժող., 3 սոց-հեղ., 2 սոց.-դեմ.: Դաշնակցականները իրենց մեկ ձայնը բոլոր հատվածներում զիջեցին սոց.-դեմ-երին ու հնչակյաններին:

Համագումարի 2-րդ նիստը, սեպ. 30-ին, նվիրվում է ընդհանուր քաղաքականության հարցին: Դաշնակցության կողմից «Քաղաքական մոմենտի մասին» զեկուցում է ներկայացնում Ս. Վրացյանը, որ մասնակցելով Մոսկվայի «Պետական խորհրդակցությանը», իբրև Անդրկովկասի Հեղափոխական կենտրոնի ներկայացուցիչ, մոտեն ծանոթ էր Ռուսաստանի ներքին կացությանը: Շեշտելով այն խանդավառությանը, որով ամբողջ Ռուսաստանը ընդունեց հեղափոխությունը՝ նա մանրամասն կանգ է առնում երկրում տիրող անկերպարան վիճակի վրա, ուր գոյություն ունի ընդհանուր հիասթափություն երկրի ներսում և ճակատներում: Ռուսաստանը կանգնած է սուր ճգնաժամի առաջ: Պատճառները զորեղ են և բազմազան: Նախ խանգարված է պետական մեքենան. չկա հեղինակավոր իշխանություն. անվանապես գոյություն ունեցող պետական մարմինների ազդեցությունը կյանքի վրա չնչին է: Ծայրագավառներում ու գյուղերում տիրում է անիշխանություն: Երկիրը շարժվում է  տարերային կերպով: Վարիչ ձեռք չկա:

Երկրորդ՝ խանգարված է երկրի տնտեսական կյանքը: Կանգ է առել արդյունաբերությունը: Օրավուր զարգանում է քայքայումը: Պարենավորման ճգնաժամը  և ապրուստի թանկությունը անտանելի են: Այդ հողի վրա տեղի են ունենաում բազմաթիվ խռովություններ և ընդհարումներ:

Երրորդ՝ պակաս հուսահատական չեն և երկրի ֆինանսները: Պատերազմը կլանում է  միլիարդներ: Պետական եկամուտները պակասում են: Ներմուծումը և արտածումը կանգ են առել. եկամուտի միակ աղբյուրը մնացել  է փոխառությունը: Սակայն արտաքին փոխառություն չի կարելի, որովհետև պետությունը դուրսը վարկ չունի: Ներքին փոխառությունն էլ հաջողություն չունի, որովհետև բնակչության ունևոր  մասը չի վստահում հեղափոխական կառավարության: Կառավարության առաջ մնում է միակ վտանգավոր և անհույս ճանապարհը՝ հեղեղել երկիրը թղթադրամով, որը ավելի է ծանրացնում կյանքը:

Չորրորդ՝ նույն քայքայումը տիրում է ռազմաճակատում: Զորքը լքումի է մատնված: Կարգապահությունն ընկած է, բանակի տոկունությունը խորտակված. զինվորը մերկ է, անոթի և անզեն: Ձմեռը գալիս է, բայց ո՛չ մի պատրաստություն չի արվում: Վտանգի մեջ է ոչ թե լոկ հեղափոխությունը, այլև բովանդակ պետությունը:

Ի՞նչ անել: Եվ զեկուցողը արծարծում է երկու միջոց:

Առաջին՝ երկրում պետք է ստեղծել զորեղ իշխանություն, որը պետք է լինի կոալիցիոն: Հեղափոխության հարած բոլոր տարրերը պետք է կազմեն կուռ ճակատ ոչ միայն կենտրոնում, այլև ամենահետին գյուղում: Դեմոկրատիան է իշխանության նեցուկն ու հիմքը:

Երկրորդ՝ պետք է աշխատել հաշվեհարդարի ենթարկել պատերազմը, որը աղբյուրն է բոլոր չարքիների: Ներկա պայմաններում, երբ երկրի բոլոր ուժերը քայքայման վերջին ծայրն են հասել, պնդել թե պատերազմը պետք է շարունակել մինչև հաղթական վախճանը, անհեռատեսություն է: Սակայն, ինչպե՞ս վերջացնել պատերազմը: Հնարավո՞ր է միթե անջատ հաշտություն կնքել: Եթե հնարավոր է, այդ կլիներ լավագույն ելքը. բայց այդ հույսը դժվար իրագործելի է, որովհետև միայն Ռուսաստանից չի կախված: Ռուսաստանը համաեվրոպական ընդհանուր շղթայի մի օղակն է և անջատ հաշտությունը մի ճակատում կարող է պատճառ դառնալ նոր պատերազմի մի ուրիշ ճակատում: Հաշտությունը կարող է լինել կամ դաշնակիցների հետ միասին և կամ նրանց համաձայնությամբ: Ռուսաստանը պետք է ձգտի հաշտության՝ եվրոպական դեմոկրատիան էլ ոտքի հանելով հանուն հաշտության: Իսկ մինչ այդ պետք է վարել ոչ թե հարձակողական, այլ պաշտպանողական պատերազմ՝ ամուր պահպանելով գրավված դիրքերը: Այս հանգամանքը առանձին նշանակություն ունի մասնավորապես մեզ՝ հայերիս համար: Հասկանալի է, թե ինչ կլինի մեր վիճակը, երբ թշնամու առջև ռազմաճակատը մերկանա: Մենք ուրիշներից ավելի ուժ պիտի տանք ճակատի ամրացման և միջոց չխնայենք ճակատի կայունությունն ու զինվորների ֆիզիկականն ու բարոյականը բարձրացնելու համար: Ճակատի պաշտպանություն և հաշտություն՝ այս ձևով կարելի կլինի ապահովել մեր նվաճումները Թուրքհայաստանում: Նույնպես պետք է նպաստենք ուժեղ իշխանության կազմության և երկրի քաոսային վիճակի դեմ կռվելու: Դրա համար նախ մեր մեջ եղած հոսանքները պետք է ըմբռնեն պետության և մեր ազգային շահերի ներդաշնակությունը և իրագործեն համերաշխություն. նույն զգացումով տոգորված պետք է լինեն հայ, թուրք և վրացի աշխատավոր զանգվածները:

Հոկ. 1-ի նիստում քննության է առնվում Վրացյանի զեկուցումը: Իրար հետևից խոսում են հոսանքների ներկայացուցիչները, որոնք համաձայն են գտնվում զեկուցանողի հիմնական մտքերին և ըստ իրենց աշխարհայացք՝ պարզաբանում ու հիմնավորում են հիմնական դրույթները:

Դավիթ Անանուն (ս. –դ.) –բուրժուազիան չունի քաղաքակրթված սեփականություն, հետևաբար և չի կարող դառնալ իրականության տերը. նա պետք է ընդառաջ գնա դեմոկրատիայի նվազագույն պահանաջների և կոալիցիայի մեջ մտնի առանց հետին մտքերի: Կոալիցիան պետք է լինի իսկական և չպիտի կասկածել դեպի ձախը. կասկած կարող է լինել միայն ողջ թևի վերաբերմամբ: Գնալով հայ ազգային քաղաքականությանը՝ մենք չպետք է ասենք, թե մեր խրճիթը գյուղի ծայրում է, մենք մեզանով զբաղվենք, ուրիշները ինչ ուզեմ են անեն. ըդհակառակը, մենք պետք է միանանք ռուս դեմոկրատիայի ծովին և լինենք ռուսից էլ ավելի ռուս:

Լևոն Աթաբեգյանը (ս.-հ.)- խոսում է սոցիալիզմի մասին: Սոցիալիզմը միայն դասակարգային  պայքար կամ արդյունաբերական միջոցների համայնացում չէ, սոցիալիզմը մի ամբողջ կուլտուրա է, որից տակավին հեռու է Ռուսաստանը: Ռուսաստանի հեղափոխությունը սոցիալիստական չէ. դասակարգային հակամարտույթունը ներկա պայմաններում վնասակար է Ռուսաստանի պետության շահերին: Մեր նպատակը պետք է լինի պաշտպանել պետականության շահերը և իշխանության կազմակերպման խնդրում ամբողջապես ընդունել կառավարության դեկլարացիան: Պատերազմի նկատմամբ տոկունությամբ պահել ճակատը: Ազգային քաղաքականության հարցում մենք մեր երկրում պետք է դարբնենք մեր բախտը մեր հարևանների հետ միասին: Մեր բախտը չպետք է հանձնել կենտրոնին, որովհետև մենք կենտրոնի հետ շատ թույլ թելերով ենք միացած և եթե վաղը մի ձեռք կտրի այդ թելը, մենք կմնանք մեր երկրում բոլորովին մենակ: Մենք պետք է միանանք մեր հարևաններին և հողային մաքսիմալ ծրագրի իրականացումը այդ գեղեցիկ միջոցն է, որը պիտի իրար հետ կապի հային և թուրքին: Մեր համերաշխությունը մեր հարևանների հետ պիտի տեղի ունենա ոչ թե վերին շերտերում միայն, այլ նախ և առաջ ժողովուրդի ստորին խավերում:

Ավետիք Շահխաթունայն (դաշ.)- գտնում է, որ բուրժուազիան ստիպված է ընդառաջ գնալ դեմակրատիային: Դա իսկական կոալիցիա, ուժերի ներկայացչություն չէ, այլ թույլի զիջում: Այդ զիջումը կարելի է երկու կերպ բացատրել. կամ բուրժուազիան ենթադրում է, որ այդ բոլոր ծրագիրերը ի չիք պիտի դառնան և կամ իր դասակարգային շահերը զոհաբերում է հայրենիքի շահերին: Հայ բուրժուազիան այդ տեսակետից ավելի զիջում պիտի անի հայ դեմոկրատիային, որովհետև մեր ազգային գոյության խնդիրն է այստեղ վտանգված: Ընդունելով կառավարության ծրագիրը՝ մենք պիտի համախմբվենք մեր իրականության մեջ, գործենք համերաշխ, աչքի առաջ ունենալով պետության և մեր ազգային շահերը:

Քրիստափոր Վերմիշյան (ժող.)- խոսում է ռուսերեն, որի դեմ ժողովը բողոքում է. նա ճգնում է ապացուցել, որ հայ ժողովրդականները «բուրժուազիա» չեն, այլ ապադասակարգային կուսակցություն, որը միակն է, որ կանգնած է պետական տեսակետի վրա: Նա ողջունում է իսկական կոալիցիայի գաղափարը, բայց կոալիցիա չէ, երբ միայն բուրժուազիայից են զիջում պահանջում. դա գերություն է: Հրավիրում է իսկական համերաշխության և զգուշացնում ծայրահեղ պահանջներից: Դեմ է հողային մաքսիմալ ծրագրին, որը Կովկասում կարող է առաջ բերել միայն անկարգություններ և ջարդեր:

Ապա հետագա վիճաբանություններին մասնակցում են Ս. Արարատյանը, բժ. Աղաջանյանը, Ա. Խոնդկարյանը, Վ. Նավասարդյանը, Հ. Քաջազնունին, Հ. Առաքելյանը և Մ. Ղարաբեգյանը: Բացի վերջինից, բոլորը պահանջում են կոալիցիայի սկզբունքը և կառավարությանը օգնելու անհրաժեշտությունը: Հ. Առաքելյանը ճառում իր միտքը պաշտպանելու համար վկայություն է բերում Քրիստ. Միքայելյանին ու Զավարյանին, որոնց անվանում է «իմ ընկերները»:

Վրացյանը (վերջին խոսք) բողոքում է Հ. Առաքելյանի հայտարաության դեմ, որ Զավարյանին և Քր. Միքայելյանին իրեն ընկերներ անվանեց: Ապա առանձին-առանձին պատասխանում է եղած հակաճառություններին և շեշտում, որ Հայ Ժողովրդական կուսակցությունը հայ բուրժուազիայի կուսակցությունն է և պաշտպանում է բուրժուական գաղափարախոսությունը: Մեզ մոտ բուրժուազիան դեռևս գիտակից ու դասակարգորեն կազմակերպված չէ, դրա համար էլ ամաչում է, երբ իրեն բուժուա են ասում, մինչդեռ պետք է ողջունել, որ, վերջապես, մեր բուրժուազիան էլ սկսում է հասունանալ ու կազմակերպվել: Անցնելով Լ. Աթաբեգյանի հայտարարությանը, թե այսուհետ սոց.-հեղափոխականները հայ կյանքի պատասխանատու գործի մի մասը իրենք են վերցնելու, ողջունում է այդ հայտարարությունը, բայց  պնդում է, որ վերջին հաշվով, հայ էսէռներն էլ անելու են այն, ինչ որ մինչև այժմ արել է Հ. Հ. Դաշնակցությունը, որովհետև հայ միջավայրի մեջ ուրիշ անելիք չկա:

Ապա կարդում է իր բանաձևը.

«Նկատի ունենալով, որ ռուսական ներկա դեմոկրատական հեղափոխության ապահովությունն ու հաղթանակը կախված է նրանից, թե ինչ ուղղությամբ կընթանա դեմոկրատիայի կազմակերպումն ու զարգացումը և ինչպիսի փոխհարաբերություններ կստեղծվեն հեղափխությանը մղում տվող հասարակական խավերի միջև.

Որ պետության ռազմաճակատում ու թիկունքում տիրող տնտեսական, քաղաքական, ռազմական և կուլտուրական աննպաստ պայամնների շնորհիվ մեծապես դժվարանում է պատերազմը վարելու և երկրի ներսում անդորություն հաստատելու գործը.

Որ իշխանության կազմակերպման խոչընդոտները հեղափոխության յոթ ամիսների ընթացքում աճելով և սուր կերպով դրված լինելով երկրի առջև՝ շարունակ հուզել են հանրային կյանքը.

Որ կառավարական մարմինների ֆունկցիաների մի խոշոր մասը պատվավոր կերպով տարել են հեղափոխական օրգանները և դեմոկրատիկ խորհուրդները, զինվորական կոմիտեները և այլն.

Որ օրեօր աճող տնտեսական ու քաղաքական անիշխանությունն ու քայքայումը և հեղափոխության շահերը հրամայական պահանջ են դարձնում ուժեղ իշխանության կազմակերպումը կենտրոնում ու բովանդակ երկրում և բոլոր հեղափոխական դասակարգերի և ժողովուրդների համագործակցությունը:

Այլև աչքի առաջ ունենալով Անդրկովկասի և հայ իրականության բացառիկ պայմանները, ազգային ու դասակարգային հարաբերությունների աննորմալությունը, հասարակական խավերի թույլ կազմակերպված լինել ու համագործակցության բացակայությունը, ինչպես նաև արտակարգ տագնապալի հեռանկարը պատերազմի անհաջողության դեպքում կովկասյան ռազմաճակատի վրա՝

Ազգ. խորհրդաժողովը որոշում է.

  1. Ողջունել կազմակերպումը նոր իշխանության, որն իր հայտարարած դեկլարացիայով խոստանում է իրագործել այն բոլոր պահանջները, որ դեմոկրատիան ձևակերպել էր օգոստ. 14-ի դեկլարացիայի մեջ և անպայաման վստահություն հայտնել և աջակցություն ցույց տալ նրան:
  2. Հավանելով կառավարության ձգտումը փութացնելու հաշտության կնքումը դաշնակիցների հետ և Ռուսաստանի պարտությունը համարելով մահ նաև հեղափոխության՝ համախորհուրդը անհրաժեշտ է գտնում նաև զորքի վերակազմության, ճակատի ու թիկունքի ամրացման, որպեսզի ռուսական բանակները պահեն բռնած ռազմագծերը և պաշտպանեն երկիրը թշնամու ներխուժումից:
  3. Ձեռք առնել վճռական միջոցներ երկրի տնտեսական կյանքը և պարենավորման գործը բարեկարգելու, նշանակել պետական կոնտրոլ արտադրության և բաշխման վրա: Բարձրացնել արդյունաբերության արտադրությունը՝ առողջ փոխահարբերություն ստեղծելով արդյունաբերող և գործավոր դասակարգերի միջև: Արտադրության և բաշխման գործում լայն տեղ տալ համագործակցական հաստատություններին: Հաստատուն գներ նշանակել գյուղի և քաղաքի արտադրած ապրանքների վրա: Պարենավորման գործի կազմակերպությանը հրավիրել տեղական ուժեր՝ հանձին քաղաքային և գավառական ինքնավարությունների ու կոպերատիվների: Ընդունել առաջին կարգի անհրաժեշտ առարկաների համար մենավաճառի սկզբունքը:
  4. Պետության եկամուտն ավելացնելու նպատակով ընդունել պարտադիր փոխառության սկզբունքը: Հարկ դնել և եղածներն ավելացնել պերճանքի առարկաների և ժառանգության վրա: Կրճատել պետության ծախսերը խիստ խնայողության միջոցով:
  5. Ազգային և հողային հարցի վերջնական լուծումը վերապահելով Սահմ. ժողովին՝ ճանաչել ազգերի կուլտուրական ինքնորոշման և լեզվի իրավունքները պետական բոլոր հաստատությունների մեջ: Բարեկարգել հարաբերությունները հողատերերի և գյուղացիների միջև: Օրենսդրական նյութ պատրաստել ազգային և հողային հարցերի մասին Սահմ. ժողովի համար:
  6. Մինչև պետական ռամկավար օրգանների վերջնական կազմակերպումն ու ամրացումը ճանաչել դեմոկրատական խորհուրդների իրավասությունները և ապահովել նրանց անկաշկանդ գործունեությունը:

Անցնելով Անդրկովկասին և հայ իրականությանը, որ մասն է կազմում ընդհանուր պետության, և ընդունելով, որ վերոհիշյալ պահանջները տարածվելու են այստեղ, խորհրդաժողովը հարկ է համարում շեշտել հետևյալը.

  1. Անհրաժեշտ է ուժեղ թափով առաջ տանել հայ դեմոկրատիայի կազամկերումը:
  2. Գիտակցելով, որ Անդրկովկասի խաղաղությունն ու բարգավաճումը հնարավոր է միայն բոլոր ազգերի, մանավանդ նրանց աշխատավոր մասերի հավաքական ջանքերով ձգտել իրականացնել հայ, վրացի, թուրք և այլ աշխատավորության համերաշխությունը և բոլորի հետ միասին եղբայրկան ձեռք մեկնել համառուսական դեմոկրատիային:
  3. Շտապեցնել Անդրկովկասում մտցնել զեմստվոյական հաստատություններ՝ նախօրոք կատարելով նահանգների վարչական բաժնում՝ ղեկավարվելով տեղագրական, ազգագրական և տնտեսական սկզբունքներով:
  4. Հայկական ներքին կյանում առաջ բերել բոլոր կազմակերպված և իրական արժեք ներկայացնող հոսանքների համագործակցություն՝ փութացնելով քառանդամ եղանակով ընտրված ազգային ժողովի գումարումը»:

Բանաձևեր են առաջարկում և մյուս կուսակցությունները, որոնք բոլորն էլ  կոալիցիայի կողմնակից են: Բոլշևիկները միայն բանաձև չեն առաջարկում և դեմ արտահայտվում կոալիցիային: Դժբախտաբար, մյուս բանաձևերը ձեռքի տակ չունենք, այլապես շատ հետաքրքրական կլիներ հրատարակության տալ: Ներկայացված բանաձևերը հաշտեցնելու և մի ընդհանուր բանաձև կազմելու համար ընտրվում է 10 հոգիանոց հանձնաժողով երկուական հոգի ամեն մի կուսակցությունից. Արարատյան, Վրացյան, Լ. Աթաբեգյան, Հ. Տեր-Օհանյան, Մ. Պապաջանյան, Ք. Վերմիշյան, Հ. Մանանդյան և բժ. Իսախանյան:

Հոկ. 2-ի նիստում համագումարը միաձայնությամբ ընդունում է քաղաքական մոմենտի մասին հանձնաժողովի մշակած հետևյալ բանաձևը.

«Նկատելով, որ ժամանակավոր կառավարությունը այժմ ավելի քան երբեք կարիք ունի Ռուսաստանի բոլոր ժողովուրդների անվերապահ աջակցության և որ հեղափոխական 7 ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, թե անհնար է ստեղծել երկրի մեջ ուժեղ պետական իշխանություն առանց այդպիսի աջակցության. նաև նկատի ունենալով, որ նոր կառավարության սեպտ. 25-ի հրատարակած դեկլարացիան իր բովանդակությամբ համապատասխանում է ստեղծված իրական պայմաններին, ընդգրկում է իր մեջ ներկա քաղաքական վայրկյանի հրամայական պահանջները և իր հայտարարած սկզբունքներով գոհացուցիչ պատասխան է տալիս նաև հայ ժողովրդի միջև Սահմ. ժողովն ունենալիք պահանջներին՝ ռուսահայ ազգային խորհրդաժողովը, ռուսական մեծ հեղափոխության հետևանքով առաջին անգամ գումարված ազատ պայմաններում, հայտնում է իր բացարձակ վստահությունը ժամանակավոր նոր կառավարությանը և իր կատարյալ աջակցությունը բոլոր տրամադրելի միջոցներով»:

Քվեարկության չեն մասնակցում մենշևիկները, որոնք արձանագրության մեջ են մտցնում իրենց առանձին բանաձևը: Նույն նիստում կարդացվում է նաև բոլշևիկների հայտարաությունը, որով նրանք հայտնում են, թե իրենք բոյկոտի են ենթարկել համագումարը և ո՛չ մի ներկայացուցիչ չունեն այնտեղ:

Համագումարի 4-րդ նիստում քննության է առնվում վերաբերմունքը դեպի Անդրկովկասի Առանձին կոմիտեն, որի մասին զեկուցումներ են ներկայացնում Հ. Առաքելյանը և Ն. Աղբալյանը: Անդրկ. Առանձին կոմիտեն նշանակվել էր Ժամ. կառավարության կողմից 1917-ի մարտին և անմիջապես ենթարկվելով կենտրոնական կառավարությանը՝ հանդիսանում էր Անդրկովկասի տեղական բարձրագույն գործադիր իշխանությունը. ուրիշ խոսքով՝ նա կատարում էր փոխարքայի դերը: Առանձին կոմիտեի կազմն էր. երկու վրացի՝ Ա. Չխենկելի և Ք. Աբաշիձե, 1 ռուս՝ Խարլամով, 1 թուրք՝ Ջաֆարով և 1 հայ՝ Մ. Պապաջանյան: Անջիղ, անգույն և ներքին հակասություններով ու ազգային ինտրիգներով հարուստ մարմին էր այդ:

Հ. Առաքելյանը (ժող.) գտնում է, որ Անդրկովկասի Առանձին կոմիտեն չարդարացրեց իր վրա դրված հույսերը: Նրա անշնորհք գործունեության հետևանքով երկրի շփոթ վիճակը սաստկացավ: Ավազակությունները սովորական երևույթների կարգն անցան: Երկրում միլիցիա չկազմվեց: Նրա լիազորներն ու հրահանգիչները գավառում աչքի ընկնող գործ չարեցին: Պատճառը ոչ թե Առանձին կոմիտեի անկարողությունը կամ չկամենալն էր, այլ որովհետև պետության կենտրոնական իշխանությունն էլ թույլ է: Մյուս կողմից՝ Առանձին կոմիտեն կազմվելով ազգային սկզբունքով՝ չկարողացավ իր շուրջն համախմբել բնակչությունը. յուրաքանչյուր ազգ խմբվեց իր ներկայացուցչի շուրջը: Առաջ եկավ մի քանի իշխանություն, հաճախ, իրար հակասող ու տարբեր գործելակերպով: Պետք է առանձին կոմիտեն կազմել 7 անդամից. 4 դրսից (սոցիալիստ ու կադետ) և 3 տեղական ազգերի ներկայացուցիչներից:

Ն. Աղբալյանը հիշում է ընդհանուր խանդավառությունը Առանձին կոմիտեն ընդունելիս և առաջացած հիասթափությունը: Կովկասյան ազգերից յուրաքանչյուրը համախմբվեց Առանձին կոմիտեի կազմի մեջ ունեցած իր ներկայացուցչի շուրջը՝ ծառայելով նրան զորեղ հենարան: Ամենից թույլ հենարանը գտավ հայ ներկայացուցիչը, որովհետև նա չէր պատկանում այն հոսանքին, որ ամենից զորեղն է հայ կյանքում: Շուտով երևաց, որ կովկասյան կառավարությունը վարում է ոչ թե պետական, այլ ազգային քաղաքականություն, որ Առանձին կոմիտեի ամեն մի անդամը վարում է իր ազգային քաղաքականությունը՝ պետական իշխանությունը իր ազգի շահերին ծառայեցնելով: Այդտեղ էլ մեր ներկայացուցիչը ամենից թույլը գտնվեց, որովհետև նա իր քայլերը կատարում էր ոչ ազգի բազմության ձայնը ներկայացնող հոսանքների խորհրդատվությամբ: Կովկասյան կառավարության դրությունը ավելի ևս խախտվեց, երբ Պետրոգրադում լուծվեց առաջին Ժամանակ. կառավարությունը, ուրեմն Առանձին կոմիտեն զրկվեց և այդ հենարանից: Հետևանքը եղավ այն, որ մենք այդ վեց ամսվա ընթացքում ունեցանք կառավարինչներ, բայց ոչ կառավարություն: Երկրի վիճակը գնալով ավելի ևս վատթարացավ, ազգերի մրցակցությունը զորացավ: Դրա մի գլխավոր պատճառն էլ այն էր, որ կառավարության մեջ գերիշխանության ձեռք բերեց-վրացական սոցիալ-դեմոկրատիան. սա իր կուսակցական  դրոշակի տակ հաճախ առաջ էր մղում ազգային խնդիրներ, գերիշխանություն ուժ տալով վրացական ազգին, մեկուսացնելով հայ ժողովրդին և հանձին Դաշնակցության՝ հեռու պահելով նրան իշխանությունից:

Կառավարության թուլության մի պատճառն էլ այն էր, որ նա չուներ գործակալներ, որ ենթարկվեին նրան, կատարեին նրա հրամաններն ու կարգադրությունները: Կարծեք նա մի հանձնախումբ էր, որ կարգադրություններ էր անում չկատարվելու, թղթի վրա մնալու համար: Այս կարագդրությունների մեջ էլ մեր ժողովուրդը ամենից թույլ մասնակցությունն ուներ: Պատճառը հայ ներկայացուցչի անձնական թուլությունը չէ, այլ հայ ժողովրդի ինքնազգացման թուլությունը առաջացնող պատճառները, որոնցից թվենք մի քանի կարևորագույնները.

  • Որ հայ ժողովուրդը մեր երկրում միապաղաղ տարր չի ներկայացնում. նա ամեն տեղ ապրում, շփվում է այս կամ այն օտար ազգի հետ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ազգային տենչերն ու ձգտումները, որոնց հետ ընդհարվելով հայ ժողովուրդը՝ նախ հետ է մնում իր առաջադիմության մեջ. երկրորդ՝ թուլանում է ազգային ինքնազգացումը: Ուրիշ խոսքով ասած՝ հայ ժողովրդի ինքնազգացման թուլության մի պատճառը պայքարի բազմաճակատությունն է:
  • Որ մենք դեռ ԺԱ դարից սկսած հեռու ենք եղել իշխանությունից, չենք ունեցել իշխանական դասակարգ, իշխելու տենչ և ունակություն ունեցող խավ. մինչդեռ մեր հարևան թուրքերն ու վրացիները մինչև այսօր էլ ունեն այդպիսին, որին ռուս կառավարությունը ձեռք էր մեկնում և հաճությամբ իշխանության այս կամ այն բաժինը հանձնում: Սա պատմական մի փաստ է, որի հանդեպ չպետք է աչք փակել:
  • Որ մենք ոչ միայն չենք ունեցել, այլև միշտ խուսափել ենք իշխանությունից, որովհետև հայը շարունակ օտար իշխաններ է տեսել՝ մեկը մյուսից վատ և այլանդակ: Եվ եթե մի հայ պետական պաշտոնյա է դարձել, հայ ժողովուրդը նրան վերաբերվել է բոլորովին այլ տրամադրություններով: Այն ինչ, մեր հարևանները իշխանության մասնակցել են զորեղ չափով, մանավանդ վրացիները, և թե վաղը Վրաստանը կամենա, ինքնավարություն ստեղծել և ամբողջ իշխանությունը վրացիներով վարել, առանձին դժվարության չպետք է հանդիպի: Ուրիշ խոսքով, հարևանների ինքնազգացումը տիրող է, մերը՝ հպատակի:
  • Որ հայ մտավորականության գլխավոր ուշադրությունը դարձած է եղել ոչ թե մեր երկրի, այլ Տաճկահայաստանի վրա, որով մենք տեղական հարցերը լուծելու ունակությունից զրկված ենք մնացել: Մեր մտավորականությունը մեծ մասով ազգային կրթություն ունենալով՝ իր շարքերում քիչ է տվել ընդհանուր ցցուն դեմքեր. եղածներն էլ գլխավորապես կապված են եղել Տաճկահայաստանի հետ:
  • Սրանց կողքին, հայ ժողովրդի վրա շատ խորոշ ազդեցություն ունեցավ նաև թուրքահայերի վերջին կոտորածն ու գաղթականությունը, որը գրավեց մեր ամբողջ ուշադրությունը, մեր բոլոր ուժերը և հեռու պահեց նրանց իշխանության մեջ ունենալիք հնարավոր մասնակցությունից: Կոտորածն ու գաղթականությունը փշրեցին հայ ժողովրդի թևերը: Մյուս կողմից այն ծանր կացությունը, որի մեջ ապրում է այժմ հայ ժողովուրդն ազգովին, թուլացնում է մեր ազգային ինքնազգացումը և շեղում մեր ազգային կամքը, որի հետևանքով մենք ստիպված ենք զբաղվելու ոչ թե իշխանության հեղափոխության խնդիրներով, այլ մեր ֆիզիկական գոյության հարցերով:

Կոռնիլովյան ապստամբությունից հետո Անդրկովկասում ևս կազմվեց հեղափոխական իշխանություն, որի մեջ տիրող դերը ստանձնեց վրացական-սոցիալ-դեմոկրատիան: Հայ ժողովուրդն զրկվեց այնտեղ, հանձին Դաշնակցության, մասնակցության հնարավորությունից, որովհետև հայտարարվեց նախօրոք, որ այդ իշխանությունը պետք է կազմված լինի սոցիալիստական տարրերից, իսկ Դաշնակցությունը, որի ետևից գնում է հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը՝ աշխատավորությունը, հայտարարվեց ոչ սոցիալիստ:

Այս երևույթը անբնական է և անարդար. իշխանությունը չպետք է թողնվի բախտի խաղին, նրա մեջ պետք է վերականգնվի ուժերի հավասարակշռություն, որովհետև առանց դրան իշախնությունը չի կարող լինել օգտակար և արդար: Այս տեսակետով, անհրաժեշտ է մի չեզոք, ղեկավար տարր կովկասյան իշխանության մեջ, որը սանձեր ուժեղի ոտնձգությունը և պաշտպաներ թույլի իրավունքները: Կովկասյան ապագա կառավարությունը պետք է լինի կոալիցիոն, 7 հոգուց. 4 կենտրոնից, ոչ տեղական ազգերից, 3 կովկասյան երեք գլխավոր ազգերից, մեկ-մեկ հոգի յուրաքանչյուր ազգից և անպայման այն հոսանքից, որը ամենազդեցիկն է այդ ազգի մեջ: Ազգային ներկայացուցիչներից յուրաքանչյուրը իր կողքին կունենա ազգային խորհուրդ՝ կազմված իր ազգի մեջ եղած բոլոր հոսանքներից:

Հինգերորդ նիստում վիճաբանության են դրվում նախորդ զեկուցումները.

Սիմ. Փիրումյանը (մենշևիկ) խոսում է ռուսերեն, որի դեմ ամեն կողմից բողոքներ են լսվում: Նա քննադատում է Առանձին կոմիտեի ազգային հիմքը, կողմնակից է կոալիցիայի և դեմ դրսից «վայրագներ» բերելուն: Իր ճառի մեջ մի շարք փողոցային հայոյանքներ է ուղղում դաշնակցականների հասցեին (բանդիտներ ևն.): Պոռթկում է ընդհանուր բողոք ու զայրույթ: Նախագահ Լ. Աթաբեգյանը հնադիմանում է Փիրումյանին և պահանջում ներողություն խնդրել: Ժողովը խառնվում է և քշում ճառախոսին ամբիոնից:

Ա. Երզնկյանը սոց.-դեմոկրատական ֆրակցիայի կողմից ներողություն է խնդրում Փիրումյանի խոսքերի համար: Ապա քննադատում է Առանձին կոմիտեի ազգային բնույթը: Մոտ լինելով Առանձին կոմիտեին, նա վկայում է, որ կոմիտեի անդամների առանձնասենյակները մի-մի դավադրական վայրեր են, ուր դավեր են նյութում ո՛չ միայն իրար դեմ, այլև ազգերի դեմ: Մի դժբախտ պատահականությամբ  Ջաֆարովի և Պապաջանյանի սենյակները գտնվում են իրար մոտ և դռները բացվում են իրար մեջ, կարծեք միմիյանց գործողությունները դիտելու համար: Եվ պետք է տեսնել, թե ինչե՜ր են տեղի ունենում այնտեղ: Պետք է վերակազմել իշխանությունը սոցիալիստական հիմքերով: Կովկասի կառավարությունը պետք է կազմել միայն սոցիալիստներից, և Դաշնակցությունը, իբրև ազգային և ոչ սոցիալիստական կուսակցություն, տեղ չպիտի ունենա այնտեղ: Կարիք չկա դրսից չեզոք տարրեր հրավիրելու, սոցիալիստ լինելու հանագմանքը բավական է, որ իշխանությունը Կովկասում տարվի ապազգային պետական ուղղությամբ: Եվ հետո մի շարք մեղադրանքներ է ուղղում դաշնակցականների հասցեին, որոնք իբրև թե «վարում են թիկունքի քաղաքականություն»:

Ս. Հարությունյանը (ժող.) Առանձին կոմիտեի թուլության պատճառը գտնում է ոչ թե նրա ազգային կազմի, այլ ազգայնական բնույթի և ընդհանուր պետական պայմանների մեջ: Կովկասի իշխանությունը պետք է հիմնել ազգային սկզբունքներով. ազգերի ինքնորոշումը հեղափոխության նվաճումներից մեկն է: Նա ևս հակառակ է դրսից չեզոք  մարդկանց հրավիրելու մտքին: Կովկասի կառավարությունը պետք է կազմվի մի ընդհանուր կոմիսարից (ոչ կովկասցի) և երեք օգնականներինց՝ հայ, վրացի, թուրք:

Առանձին կոմիտեի հարցի քննությունը շարունակվում է և վեցերորդ նիստում, ուր, ի միջի այլոց, մի ուժեղ ճառ է արտասանում Խ. Կարճիկյանը, որ հերքում է Դաշնակցության դեմ եղած մեղադրանքները: «Ասում են, որ մենք գործում ենք կովկասյան դեմոկրատիայի թիկունքում և այդ է հայ ժողովրդի մեկուսացման պատճառը: Ճի՞շտ է այդ: Փաստ է, որ թուրք դեմոկրատիա գոյություն չունի. հայ դեմոկարտիան  ինքն իր թիկունքում գործել չի կարող: Նշանակում է, մնում է վրաց դեմոկրատիան՝ սոցիալ-դեմոկրատիան: Եվ մեզանից պահանջում են, որ մենք նրա հետևից գնանք: Բայց մի՞թե հնարավոր է այդ: Ո՛չ, հետևից գնալու մասին խոսք լինել չի կարող. խոսք կարող է լինել միայն հետը գնալու մասին, և այդ բանն է, որ վրաց սոցիալ-դեմոկրատիան չի ուզում ընդունել: Պահանջում են, որ Դաշնակցությունը լինի ստորադասյալի կամ խնդրողի դերում: Դա և՛ անպատվաբեր է, և՛ աննպատակահարմար, որովհետև անկարելի է, որ մի ամբողջ ժողովրդի դեմոկրատիայի կազմակերպությունը խնդրողի դեր ստանձնի մի հարևան ժողովրդի դեմոկրատիայի հանդեպ»:

Մի շարք ուրիշ ճառախոսներից հետո, հուզված կերպով պաշտպանվում է Առանձին կոմիտեի անդամ Պապաջանյանը, որ Կոմիտեի թուլության պատճառը տեսնում է պետական իշխանության ընդհանուր թուլության մեջ: Եվ երկար կանգ է առնում իր հրաժարականների վրա՝ «Իմ պաշտոնավարությունը եղել է հրաժարականների մի շարք»: Վրդովված հերքում է Երզնկյանի պնդումը, թե իր «առանձնասենյակը եղել է դավադրությունների վայր»: Դեմ է արտահայտվում դրսից չեզոք տարրեր բերելուն, «որովհետև մենք և մեր հարևանները ձգտում ենք ինքնավարության, իսկ այստեղ ուրիշին են ուզում հանձնել մեր իշխանությունը: Կառավարությունը պետք է հանձնել սոցիալիստներին, որովհետև միայն սոցիալիստական իշխանությունը կարող է հեղինակություն ունենալ լայն զանգվածների մեջ»:

Ն. Աղբալյանը, իբրև վերջին խոսող, մի ոգեշունչ ճառով մեկիկ-մեկիկ հերքում է հակառակորդների ամբաստանությունները: Ժողովը լարված հետևում է նրա հիանալի ճառին, որը հաճախ ընդհատվում է պատգամավորների և հանդիսականների խանդավառ ծափերով: Վերջացնում է մի տպավորիչ պատկերով, որի մեջ Դաշնակցությունը նմանեցնում է վարպետ դարբնի, որ փոքրիկ մուրճը ձեռքին վարում է աշխատանքը, իսկ մյուս կուսակցությունները՝ մուրճ խփող աշկերտի: Հենց որ աշակերտներից մեկը սխալմամբ մուրճը փոխանակ երկաթին խփելու՝ խփի վարպետի ձեռքին, սա իր մուրճով կզարնե նրա գլխին և կհրավիրե կարգի: Ճառի այս համեմատությունը ծայր աստիճանի ջղայնացնում է սոց.-հեղափոխականներին և սոց.-դեմոկրատներին, որոնք աղմկով հեռանում են ժողովից և խորհրդակցելուց հետո որոշում են, իբրև բողոք, չմասնակցել այս նիստին:

Հաջորդ նիստը, հոկտ. 5-ին, գրեթե ամբողջապես զբաղվում է այս միջադեպով: Արտ. Չիլինգարյանը կարդում է դաշնակցականների կողմից մի պատճառաբանված բանաձև, որով պարզում է Դաշնակցության դերը համագումարում: Կուսակցության նպատակն է «հայ ժողովրդի բոլոր գործոն տարրերի հետ համաձայնության գալ այն գործնական միջոցների վերաբերմամբ, որոնք իրապես պիտի ապահովեն ազգամիջյան համերաշխությունը Կովկասում և գործակցությունը համառուսական դեմոկրատիայի հետ, հանուն հայ աշխատավոր ժողովրդի կենսական շահերի և ռուսական մեծ հեղափոխության հաղթանակի»:

Ժողովրդական կուսակցության կողմից Մ. Պապաջանյանը բողոքում է, որ ժողովից հեռացողները արգելք են լինում համագումարի բնականոն պարապունքներին և դատապարտում է նրանց քայլը: Անկուսակցականների կողմից Մանանդյանը նույնպես բողոքում է կուսակցական պայքարի դեմ և հրավեր է կարդում համերաշխության:

Այս հայտարարություններով միջադեպը համարվում է փակված:

Հոկտ. 6-ի նիստում քննվում է վարչական բաժանմունքների հարցը, որի մասին զեկուցում է ներկայացնում Ս. Կամսարականը (անկ.). «Անդրկովկասի վարչական սահմանները,-ասում է նա, -ռուսական տիրապետության տակ մի քանի անգամ են փոխվել: Ներկա սահմանները մտցված են 60-ական թվականների վերջում: Նահանգների, գավառների և գյուղական հասարակությունների սահմանները գծելիս ռուս կառավարությունը ղեկավարվել է ոչ թե տնտեսական, ցեղագրական ու վարչական նկատումներով, այլ բոլորովին մութ հաշիվներով: Վերջերս ձգտում էր, որ քրիստոնյա և գլխավորապես հայ ազգաբնակչությունը մի վայրում մեծամասնություն չկազմի: Դրա համար ժողովորդը միշտ հարուցել է սահմանափոխման հարցը, բայց միշտ էլ մերժվել է: Վերջին անգամ հին կառավարության օրով հարուցվեց 1916-ին, երբ զեմստվո մտնելու խնդիրը դրվեց»: Ապա փաստերով և թվերով ցույց է տալիս գոյություն ունեցող սահմանների վնասակարությունը և առաջարկում է նոր բաժանումներ կատարել ազգային սկզբունքով, վերագծել նահնագների, գավառների և գյուղաշրջանների սահմանները, որով կստեղծվի հայկական մի շրջան՝ Երևան կենտրոնով, որ տնտեսական և քաղաքական մեկ միություն կկազմե: Այդ շրջանը կկազմվի ամբողջ Երևանի նահանգից, Կարսի երկու հարևան գավառներից, Թիֆլիսի երկու գավառներից և Գանձակի լեռնային շրջանից՝ 15 գավառ, որից 10-ի մեջ կլինի հայկական մեծամասնություն 2 330 000 ազգաբնակչությամբ, որից 1 220 000 հայ՝ 60 %:

Գ. Խատիսյանը (դաշ.) անում է լրացումներ, առանձնապես շեշտում է տնտեսական գործոնների դերը և դեմ է արտահայտվում մեկ նահանգ մեկնելով գործնական նկատումներից:

Ղ. Տեր-Ղազարյան-սոց.-դեմոկրատների կողմից ընդունում է սահմանաբաժանման համար առաջարկված սկզբունքը և առաջարկում է հարևանների հետ համաձայնության գալ, միասին կատարել սահմանաբաժանումը: Դեմ է մեկ կամ երեք նահանգի. դա կարող է հարևանների մեջ կասկածներ առաջ բերել: Պետք է գավառային միություններ կազմել, կանտոնալ սիստեմով: Անդրկովկասի կենտրոնը պետք է լինի Թիֆլիսը:

Ա. Խոնդկարյանը (ս. –հ.) անհրաժեշտ է գտնում սահմանագծումը վարչական տեսակետով: Պետք է հայերը, թուրքրեը և վրացիները միասին կատարեն այդ աշխատանքը: Կանտոնալ սիստեմը ավելի առավերլություններ ունի, բայց հազիվ թե կառավարությունը համաձայնի: Համենայն դեպս, պետք է կանգնել կանտոնալ սիստեմի վրա, եթե այդ չանցնի՝ նահանգային:

Ք. Վերմիշյանը հայտնում է, որ Հայ. Ժող. կուսակցությունը սահմանափոխման վրա նայում է զուտ վարչական-տնտեսական տեսակետներից և ընդունում է 3 նահանգի դրությունը. մի նահանգ կազմելու դեպքում հարևանները կարող են գայթակղվել, թե հայերը քաղաքական ձգտումներ ունեն:

Ա. Շահխաթունյանը (դաշ.) մանրամասն պատմությունն ու վերլուծությունն է անում սահմանագծման հարցի և պաշտպանում է Կամսարականի առաջարկած նախագիծը: Գործնական նկատումներով դեմ է կանտոններին: Պետք է պահել նահանգային սկզբունքը: Դեմ է Թիֆլիսը ամբողջ Անդրկովկասի կենտրոն դարձնելուն:

Ա. Երզնկյանը (ս.-դ.) նորից բուռն կերպով հարձակվում է Դաշնակցության վրա, որը այս խնդրում էլ վարում է թիկունքային քաղաքականություն. մեկ կամ երեք նահանգ պահանջելով, նա ուզում է հայկական տերիտորիա ստեղծել, որ շովինիզմ է: Դրա համար իրենք պնդում են կանտոնների վրա:

Ապա ընտրվում է հանձնախումբ հաշտեցնող բանաձև կազմելու համար: Հանձնաժողովն ընդհանուր գծերով  յուրացնում է Կամսարական-Շահխաթունյանի ծրագիրը, որը և վավերացվում է համագումարի կողմից:

Հոկտ. 8-ի նիստում քննվում է դպրոցական խնդիրը: Հիմնավորված զեկուցում է կարդում Ս. Տիգրանյանը (դաշն.)՝ պաշտպանելով դպրոցների ազգայնացման, եկեղեցական-ծխական դպրոցների աշխարհականացման, տեսակետը: Զեկուցման մտքերն ընդունվում են ընդհանուր ժողովի կողմից:

Հոկտ. 9-ին, նիստի նախագահ Ղ. Տեր-Ղազարյանը հայտնում է, որ ավագների խորհուրդը երեկ գիշեր մինչև ժամը 2 և այսօր մինչև ժողովի բացումը խորհրդակցելով եկել է հետևյալ համաձայնության համագումարի կողմից ընտրվելիք խորհրդի և Գործադիր մարմնի կազմի մասին.

  • Մեծ խորհուրդը կամ խորհրդաժողովը պետք է ներկայացնի համագումարի պատկերը. յուրաքանչյուր հոսանք ներկայացուցիչ պիտի ունենա իր թվի համեմատ: Խորհրդակցական ձայնով կը հրավիրվին ներկայացուցիչներ մի քանի քաղաքներից և հաստատություններից:
  • Գործադիր մարմինը կամ Ազգային խորհուրդը բաղկանալու է 6 դաշնակցականներից, 2-ական հոգի սոց.դեմ., սոց.-հեղ. և ժող. և 3 չեզոքներ անձնական ընտրությամբ, ընդամենը 15 հոգի:

Հոկտ. 9-ի երեկոյան նիստը զբաղվում է Մեծ խորհրդի և Գործադիր մարմնի իրավասությունների որոշումով և հանձնում է Ավագների խորհրդին պատրաստել մի բանաձև:

Ս. Հարությունյանը (ժող.), զեկուցում է պարենավորման տագնապի մասին:

Հաջորդ նիստերի մասին, դժբախտաբար, նյութ չունենք ձեռքի տակ, բայց այսքանն էլ բավական է պարզ գաղափար կազմելու համար համագումարի աշխատանքների և որոշումների մասին: Նա քննության առավ և որոշումներ տվեց օրվա բոլոր հրատապ հարցերի մասին: Նա, կարելի է ասել, սպառիչ ամբողջությամբ արտահայտեց այն ապրումները, որ ա՛յն օրերին ուներ արևելահայ ժողովուրդը: Եթե ներկայացվեր համագումարի և ծիսական կողմը՝ ողջույնի հեռագրեր ուրիշ ժողովուրդների և կազմակերպությունների կողմից, ժողովրդական համակրական ցույցեր և այլն. պատկերը կլիօներ ավելի տպավորիչ:

Համագումարը վերջացավ Գործադիր մարմնի կազմությամբ, որը ստացավ Հայոց ազգային խորհուրդ անունը: Ազգային խորհուրդը ունեցավ հետևյալ կազմը. Արամ Մանուկյան, Ա. Ահարոնյան, Ն. Աղբալյան, Խ. Կարճիկյան, Ռ. Տեր-Մինասյան, բժ. Ա. Բաբալյան (դշն.), Ա. Ստամբոլցյան, Հ. Տեր-Օհանյան (ս. –հ.), Մ. Ղարաբեգյան, Ղ. Տեր-Ղազարյան (ս.-դ.), Ս. Հարությունյան, Մ. Պապաջանյան (ժող.), Ս. Մամիկոնյան, Տ. Բեգլարյան և Պ. Զաքարյան (անկ.): Նախագահ ընտրվեց Ա. Ահարոնյանը: Հետագայում, այս ցանկի մեջ տեղի ունեցան որոշ փոփոխություններ. կուսակցությունները իրավունք ունեին իրենց մեկ անդամին հետ կանչել և տեղը նշանակել ուրիշին: Այդ ձևով Ազգային խորհրդի կազմի մեջ առնվեցան Ար. Երզնկայնը (ս. –դ.), Ս. Վրացյանը (դաշն.) և ուրիշներ:

Համագումարի որոշումով Ազգային խորհուրդը պետք է լիներ սոսկ գործադիր մարմին: Դեպքերի բերումով նա դարձավ ազգային գերագույն իշխանություն, մի տեսակ հայկական կամ արևելահայոց կառավարություն. Կովկաս ապաստանած արևմտահայերի համար՝ նույն դերը կատարում էր Արևմտահայ բյուրոն, հետո՝ Ապահովության խորհուրդը: Ընդհանուր բնույթ կրող բոլոր կարևոր հարցերում Ազգային խորհուրդը և Արևմտահայ բյուրոն գործում էին համախոհ ու համերաշխ, մանավանդ, ճակատի պաշտպանության գործում:

Խորհրդաժողովի փակումից անմիջապես վերջը, Ազգային խորհուրդը հայ ժողովրդին ուղղեց հետևյալ կոչը:

«Հայրենակիցնե՛ր:

Սեպտ. 27-ին, Թիֆլիսում գումարված հայոց ազգային խորհրդաժողովի որոշման համաձայն, կազմված է 1) Ազգային ժողով, որի քննության և վճռահատության ենթարկվում են հայ կյանքի առաջադրած խնդիրները և 2) Ազգային խորհուրդը, որ ստանձնում է ազգային բոլոր գործերի գերոգույն ղեկավարությունը, որպես գործադիր մարմին:

Թե մեկը և թե մյուսը կազմակերպված են ազգային խորհրդաժողովի գծած սահմաններում և բոլոր գործոն կուսակցությունների ու չեզոք տարրերի մասնակցությամբ՝ համագործակցության սկզբունքով:

Ազգային խորհուրդը պատասխանատու և հաշվետու է Ազգային ժողովի առաջ, որ պարբերաբար պիտի գումարվի Թիֆլիսի իր հրահանգիչ և վերահաս ֆունկցիան իրագորխելու համար:

Ազգային խորհուրդը իր գործունեության կետ-նպատակ ունենալով հայ ժողովրդի կենսական շահերը՝ միաժամանակ պիտի ճգնի այդ շահերը ներդաշնակել ռուսական մեծ դեմոկրատիայի և մեր բոլոր հարևանների նույնպիսի շահերի հետ՝ միշտ առաջնորդ ունենալով մի կոմից առողջ պետականության և մյուս կողմից ժողովուրդների եղբայրության և ազատության բարձր սկզբունքները:

Խորապես գիտակցելով իր հանձն առած պարտքի բոլոր լրջությունն ու ծանրությունը՝ Ազգային խորհուրդը վստահ է, որ հայ ժողովրդի բոլոր խավերի անվերապահ ու հզոր աջակցությունը նրան երբեք չի պակասի:

Հայրենակիցնե՛ր, փորձություններով հարուստ ու տագնապալից այս օրերում, երբ ամեն օր դաժան անակնկալներ կարող են ի դերև հանել ստեղծագործական լավագույն իղձերն ու ճիգերը, հայ ժողովրդի բոլոր կենդանի ուժերի համերաշխ գործակցությունը դառնում է գերազանցապես հրամայական:

Պատրանքների տեղ չկա: Մեր կյանքի կարիքը, աղետն ու ավերը անսահման է, պետք է որ անսահման լինի նաև մեր զոհաբերության պատրաստակամությունը:

Այս դժվարին օրերին, ազգային խորհուրդը դիմում է հավատով հայ ժողովրդի առողջ բնազդին, քաղաքական իմաստությանը և հինավուրց կորովին և նույն խորունկ հավատով է, որ նա առանց վարանումի ու տարակուսանքի վճռապես ձեռնարկում է շինարարական աշխատանքի՝ հենված գիտակից հայության վստահության, ինչպես և նրա բարոյական ու նյութական կուսաջակցության վրա:

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ»