Տեսակ մը թաքնուած կ’ապրէին հայերը. իբրեւ թէ չիկանք. Սարգիս Էրքոլի պատմութիւնը

902

ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է ներկայիս Թուրքիայի տարբեր գավառներում, բայց հատկապես Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի տարածքում 20-րդ դարի ընթացքում ապրած կյանքի մասին պատմություններ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հատորից:

—-

Թագավիրուսի տարածման պատճառով հարկադիր ինքնամեկուսացման պայմաններում մտածեցի, որ ձեզ գուցե հետաքրքիր կլինի կարդալ ներկայիս Թուրքիայի տարբեր գավառներում, բայց հատկապես Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի տարածքում 20-րդ դարի ընթացքում ապրած կյանքի մասին պատմություններ, հենց իրենց հիշողությունները սեփական կյանքի կամ նախորդ սերնդի կյանքի մասին իրենց ընտանեկան հիշողությունները: Սրանք քրիստոնյա, իսլամացած կամ ալեվիացած ընտանիքների ժառանգների առաջին դեմքով պատմվող պատմություններ են: Եթե այս պատմությունները ձեզ հետաքրքրեն, ապա այս շարքին կարող է հետևել վերլուծությունը այն իրավիճակի, որոնք այս կամ այն կերպ հարկադրել են իրենց հայրենիքում, բայց ֆիզիկական և սոցիալական «սահմանից այն կողմ» ապրող մարդկանց միշտ «ներողամտություն» փնտրել իրենց ապրելու փաստի համար:

Այս պատմությունները գրանցվել են 2010-2016-ին: Ընդհանուր առմամբ, գրանցել ենք շուրջ 150 «ընտանեկան պատմություն», որոնցից կհրապարակվեն շուրջ 20-ը՝ որոշ ընտրությամբ: Հայերը, ում հետ խոսել ենք, աշխարհագրորեն ներկայացնում են Սասունը, Մուշը, Բիթլիսը, Ադիյամանը, Դերսիմը, Խարբերդը, Անթաքիան, այդ թվում՝ հայկական Վագըֆ գյուղը եւ, իհարկե՝ Ստամբուլը, որը մեր զրուցակիցների վերը թվարկած աշխարհագրությանը ավելացնում է նաեւ Եոզգաթը, Կեսարիան, Սեբաստիան, Ամասիան և, բնականաբար՝ բուն Կ.Պոլիսը, այսինքն՝ պոլսահայերին: Մեր զրուցակիցները 25-ից մինչեւ 80 տարեկան մարդիկ էին, տղամարդիկ ավելի շատ են, քան կանայք: Նրանց մեջ կան գյուղացիներ, արհեստավորներ, վարորդներ, բժիշկներ, ճարտարապետներ, ուսուցիչներ, առևտրականներ, սրճարանատերեր ելն: Շատերի հետ զրուցել ենք գլխավորապես թուրքերեն:

1920-1990-ին  ապրած այս մարդկանց կյանքը հարուստ է աքսորներով, փախուստներով, խուսափումներով, վախերով, տագնապներով, մաքառումներով, պարզ ֆիզիկական և էթնիկական գոյատևման ձևերի փնտրտուքով՝ միշտ ջանալով չհայտնվել թուրքական ցածր ու բարձր իշխանությունների տեսադաշտում: Նրանցից ոչ հեռու կար Խորհրդային Հայաստան, նրանց մոտ ու հեռու կային հայեր, կային Թուրքիային բարեկամ և թշնամի երկրներ, աշխարհում տեղի էին ունենում խոշոր փոփոխություններ, ձևավորվում էին միջազգային կառույցներ, զարգացվում էր մարդու իրավունքները պաշտպանող միջազգային օրենսդրությունը, բայց այս մարդիկ անտեղյակ էին այս «գոյություններին», ինչպես այս  «գոյություններն» էին անտեղյակ նրանցից, եւ իրենց դժվար կյանքն  ապրում էին մեկուսի՝ միշտ լինելով 20-րդ դարի Թուրքիայի ներքին քաղաքական թիրախներից մեկը: Նրանք մի բան գիտեին՝ անցանկալի են, ատելի են, կարող են սպանվել (և սպանվում էին), կարող են աքսորվել (և աքսորվում էին),  տեղահանվել (տեղահանվում էին), վերջապես միշտ կարող են ջարդերը կրկնվել: Ինչու՞ Խորհրդային Հայաստանը չկարողացավ որևէ կերպ օգնել նրանց: Այս հարցի պատասխանը թերևս մասամբ «բացվում է» 1920-ի հայ-թուրքական պատերազմի ընթացքին ուղեկցած և մինչեւ Լոզանի Պայմանագիր Մուստաֆա Քեմալ-Խորհրդային Ռուսաստան դիվանագիտական գրագրություններով և պատերազմի ավարտին հաջորդած պայմանագրերով (սրան հետագայում կանդրադառնանք):

Այս պատմությունները կարդացող մեր ընթերցողների մոտ առաջացող հարցերն իրենց հերթին կարող են ազդել պատմությունների հրապարակմանը հաջորդելիք վերլուծություների վրա:

Սկզբի համար ձեր ուշադրությանն եմ ներկայացնում հինգ պատմություն: Սրանք պատմություններ են 20-րդ դարի 50-ականներին Սասունի, Բալուի և Կիլիկիայի գյուղերում ապրած, միմյանց հետ կապ չունեցած ընտանիքների մասին, որոնցում հստակ երևում է նաեւ նախորդ՝ նրանց ծնողների սերնդի 30-ականների կյանքի փորձը: Վերնագրված է «անցանկալիները», որովհետեւ պատմություններից յուրաքանչյուրը փաստում է, որ նրանց նույնիսկ արտաքուստ չարտահայտվող, «թաքնվող հայկական գոյությունը» միշտ վտանգավոր է եղել նրանց համար, և նրանք շրջապատողների մոտ «արդարացման» կարիք են ունեցել:

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ

ԼՐԱԳԻՐ

——————————————–

Տեսակ մը թաքնուած կ’ապրէին հայերը. իբրեւ թէ չիկանք. Սարգիս Էրքոլի պատմութիւնը

Սարգիսը Ստամբուլում է ծնուել, 1954ին, Կեսարիայի քուրդ-ալեււիական գիւղերից մէկից իր գերդաստանի 1951ին Ստամբուլ տեղափոխուելուց երեք տարի յետոյ:

Զրոյցը ընթացաւ հայերէնով, 2011 թուին, Ստամբուլում։

– Մենք քիչ մը մեծ ընտանիք ենք, երկու հարիւր, երեք հարիւր հոգի կ’ելլայ, շատ պատմեմ՝ գլուխնիդ կը խառնեմ: Հիմա ասանկ քիչ պատկերներ ցոյց տամ ձեզի: Ասի Բոզօն է, պապս, ինքն էլ Սարգիս էր, ջարդերէն [1915ի ջարդերը] ետքը մեր ընտանիքի հաւաքողն էր [ջարդերի ժամանակ կենդանի մնացած եւ տարբեր վայրերում յայտնուած ընտանիքի անդամներին] եւ հիմա, կրնամ ըսել, մեր նոր տոհմի հիմնադիրը: … Ասոնք քուրդեր են, մերին քէօքը (արմատը – Հ.Խ.) ալեւի գիւղերուն կապուած է եւ քուրդերու հետ շատ լաւ, սերտ յարաբերութիւններ ունինք: Ասի հայրս է, ասի մեր գիւղերուն ալեւի` դեդէ կ’ըսենք ասոնց: Մեր գիւղը ալեւի են, բայց աթէիստ են, եթէ ճիշտը խօսենք:

 – Ո՞րն էր ձեր գիւղը:

– Քըրքըսրաք: Կեսարիայի գիւղերէն է: Ես ինքս ինձի կեսարացի կը սեպեմ: Մերին ալեւի գիւղէն` Քըսքըսրաքէն պատմութիւն մը կայ, կը պատմեմ. հօրաքոյրս փախցուցեր են, անկէ էսի մերիները գիւղէն խրտչեր են արդէն եւ աւելի ուրիշ նահանգները` գիւղէն աւելի մեծ նահանգ իջած են, ետքը հոնէն Իստամբուլ գաղթեր են: Ասի Փնար Բաշիէն Իստամբուլ գաղթելու թուականի իրանց պատկերն է, որ իրանք ամէնը միասին իրանց պատկերը քաշել են: Պապայիս անուն քուրդ Յակոբ կ’ըսէին Իստամբուլ, քանի որ քուրդի գիւղէն եկած էր, քուրդերէն գիտէր:

– Հիմա լսենք Սարգիս Էրքոլի կեանքի պատմութիւնը:

– Իմ մօտ արմատներս ըսեմ` գիւրունցի եմ, Սեբաստիա կը գտնուի Գիւրունը[i]: Աւելի հին ժամանակները էրթանք` զէյթունցի ենք: Իմին դեդէս, որ Բոզօ կ’ըսենկոր, Սարգիս է անունը, անոր հայրիկն ալ Յակոբ կ’ըսեն: Ինքը Գիւրունում կը բնակիկոր, իրեն մեծ հայրիկն ալ զէյթունցի է, Զէյթունէն Գիւրուն գաղթեր են, թուականները ես շատ ճիշտ չեմ կրնար ըսել, հաւանաբար 90ական` Զէյթունի կոտորածների ատեն Գիւրուն գաղթած են: Գիւրունի մէջ, իրեն մեծ հայրիկը, որ Յակոբ է անունը, Խաչիկ եւ Վարդեւառ անունով եղբայրներ ալ ունի: Եւ դեդէիս հայրիկը՝ Յակոբը կին մըն ալ ունի, իրեն կինը՝ դեդէիս մայրիկը կը մահանակոր, ուրիշ կին կ’առնի: Դեդէս՝ Սարգիսը միայն տղան ինքն է, միւսները աղջիկ են, Անուշ կար, Ռաքէլ կար, Աղաւնի կար, Մայրամ կար, մէյ մըն ալ երեք հատ աղջիկ ունեցեր է մեծ հայրիկիս մաման, անոնք մահացել են: Արդէն մեծ հայրիկիս հայրիկը՝ Յակոբը Գիւրունին մէջ, Գիւրունէն դուրսը Բարսակ Դերէսը ըսուած տեղ մը կայ, բարսակ՝ աղիք կը նշանակի, Բարսակ Դերէսը կը սպանենկոր, կը նետենկոր գետը, եւ իրեն ընտանիքէն ոչ մէկը չէ մնացեր: Կարծեմ մի հատ հօրեղբօր տղայ մը մնացեր է: Ասիկա 1915ին: Մեծ հայրիկս բայց, Սարգիսը զինուոր էր, բանակը կը ծառայէրկոր ադ միջոցին: Իր հայրը, մայրը, հօրեղբայրները, ամէնը կը սպանենկոր: Իրեն մայրը աւելի առաջ մահացած է, իրեն խորթ մայրն է արդէն ան ժամանակներուն, որ կը սպանեն: Ինքը զինուորէն կը վերադառնակոր, եօթը տարի բանակին ծառայեր է արդէն, բաւական տեղեր պտտել է, Ադանայի կողմերը ճամփայ շիներ են, Հալէպ գացեր է, Հալէպ բանակը ծառայեր է, վերջը եկել է Գիւրուն եւ տեսել է, որ իրեն ազգականները ոչ մէկը չէ մնացել: Միայն հօրեղբօր տղան կարծեմ կար: Ինքը քալայջը է, այսինքն` ամանները անագապատում կ’ընէրկոր: Արդէն իրեն տեղի անունը քալայջի Բոզօ էր եւ տեղին բնակիչները քալայջի Բոզօ կ’ըսէին, մեզին ծանօթացնողները Քալայիջէ Բոզոյին թոռերն են կ’ըսեն, անանկ կ’ըսեն: Մեծ հայրիկիս ալ ‘Բոզօ’ կ’ըսէին շէկ ըլլալու համար: Բոզօն կու գակոր գիւղ եւ կը տեսնայ, որ իր ազգականներէն ոչ մէկը չիկայ գիւղին մէջտեղը: Ինքը իրեն արհեստանոցը կ’երթակոր, արհեստանոցը իրեն աշկերտը կայ, աշկերտին վարպետն է դեդէս: Աշկերտը անոր ձեռքը կը համբուրէկոր, վարպետ, կ’ըսէկոր, ձեզմէ ոչ մէկը չէ մնացած Գիւրունին մէջ, միայն քոյրդ կայ, ան ալ Աւշէն գացած է: Դեդէիս կ’ըսէ որ հիւրասիրեմ քեզի կ’ըսէկոր: Լաւ, տղաս,- կ’ըսէկոր, բայց ի՞նչ ընէ, դեդէս կը կասկածիկոր, որ մահափորձ կրնայ պատահի, ինքը կը վախնակոր, եւ ալ մինչեւ առաւօտ չէ սպասեր, լաւ կ’ըսէ, բայց կէսգիշերին ճամփայ կ’ելլակոր, Աւշէն կ’երթակոր: Աւշէնը Մարաշ քաղաքին մէկ նահանգն է: Գիւղաքաղաք ըսեմ: Աւշէն կ’երթակոր, իրեն քոյրը կը գտնակոր: Քոյրը Նազիրէն է, որ Աղաւնի էր [մինչեւ իսլամանալը]: Ամուսնացած է Էրքէշին (Օքէշ) հետ, էրքէշին երրորդ կինն է արդէն եւ իսլամացած, Աղաւնիէն Նազիրէ դարձած: Եւ իրեն պատմութիւնը արդէն Ներգիսը գրեթէ ամէնը պատմեց[ii]: Իրեն քրոջը քովը կ’երթակոր, քոյրը ամենափոքրն է արդէն: Դեդէս Աւշէն արտերը կ’աշխատի ան ժամանակները, գիշերը կ’աշխատի, որովհետեւ լոյս ժամերուն Աւշէնի մէջ կենալը վտանգաւոր է: Կրնան սպանել: Ինքը հոն արտերը կ’աշխատիկոր: Աւշէնում ուրիշ հայեր չիկար ան ժամանակ: Եւ Եուսուֆ օնբաշը կայ, Եուսուֆ օնբաշը [տասնապետ] Քըրքըսրաք գիւղին զօրաւոր անձերէն մէկն է, որուն կինը Նազիրէին կեսրարին հետ մօրաքրոջ աղջիկներ են, կ’ըսէ որ «աս տղան ո՞վ է»: «Աներձագս է», կ’ըսէ Էրքէշը: «Ի՞նչ գործ ունի աստեղը, հոս մի՛ պահէք,- կ’ըսէ,- վտանգաւոր կրնայ ըլլալ, կրնան սպանիլ: Ես ասիկա առնիմ տանեմ Քըրքըսրաքին մէջ, մենք անտեղը 45 հատ հայ կը պահինքկոր, աս ալ տանիմ մեր գիւղին մէջ կը պահիմ»: Քըրքըսրաքը Կեսարիոյ մը գիւղն է եւ լեռներուն վրայ է: Ես գացած եմ, 2000 թուին գացած եմ, ամենավերջին գիւղն է եւ քարերուն մէջ գիւղ մըն է: Քուրդերը կ’ապրինկոր, ալեւի քուրդերը կ’ապրինկոր անտեղը: Եուսուֆ օնբաշին ալ արդէն ալեւի քուրդ է, եւ կ’ըսէ «տուէք ինձ»: Մեծ հայրիկս Քըրքըսրաք կ’երթակոր: Քըրքըսրաքին մէջին գիւղի հայերուն պատմութիւնը սապէս է. Քըրքըսրաքը լեռներուն վրայ գիւղ մըն է, անտեղը քարայրի մէջ հայերը ապըստանած են եւ մեզմէ առաջ Պօղոս անունով մէկը կայ, որ քիչ մը Պետոյին պատկերն է, Պետոյին հայրն է: Պետօն ետքը դեդէիս հետ շատ մտերիմ եղաւ, մենք անոր հօրեղբայր կ’ընդունենք: Ան ալ ծագումով գիւրունցի է, աւելի առաջաց Պօղոս դեդէն Քըրքըսրաք քարայրին մէջ ապըստաներ են, իրեն տղան կայ՝ Պետօն, մէյմ’ալ Լեւոն անունով մէկը կայ, մէկ հատ ալ մէկը կայ, որուն անունը մենք չենք գիտեր, չորս հոգի են եղել առաջներ, բոլորը՝ Գիւրունէն: Քըրքըսրաք ապըստանել են քարայրին մէջ, քարայրին` մեր քուրդերուն հարցնէքնէ, անունն ալ Փուխուս կ’ըսեն, անունը Փուխուս ըսելը «Պօղոսին քարայր» ըսել է քրդերէն, Փուխուսը Պօղոսն է: Հիմա Փուխուսը որ ըսեսնէ, քեզի ադ տեղը կը ցուցնեն: Գիւղէն, ես գացի տեսայ, մէկ ու կէս ժամ քալելով, այսինքն` մերին գիւղաքաղաքէն ահագին հեռու է, ամենավերջին գիւղն է, անկէ ալ քալելով մէկուկէս ժամ կ’երթասկոր: Ադ ժամանակ տասնչորս հատ հայը ադ քարայրը ապըստանել են, մէկերը տեսել է, որ աստեղը բան մը կայ, որովհետեւ ոչխարները առանց կաթի կը մնանկոր, մէկը անոնց կը կթէկոր, անոնք անօթի կը մնան: Ապըստանածները գիշերները գաղտնի կ’ելնանկոր, քանի մը ոչխար կը կթենկոր, անոր կաթով կը սնուցանեն: Գիւղացիները` քանի մը հատ, աս բանը նշմարել են, եւ կը բռնենկոր, որ հայեր կան աստեղը: Վերջը կ’ըսենկոր, որ «դուք ո՞վ էք, ի՞նչ էք»: Աս միջոցին մեծ հայրիկս չէր գացեր դեռ գիւղ, ասի աւելի առաջուայ պատմութիւն է, եւ մեր գիւղացիները` քըրքըսրացիները, երկու տարի ասոնց կը պահենկոր: Եուսուֆ օնբաշին, որ այն ատեն գիւղին մուխթարն (գիւղապետ – Հ.Խ.) էր, կ’ըսէ որ մենք գիւղին ծայրամասը ձեզի ժաժ[iii] պիտի ձգենք, դուք պիտի գաք պիտի առնիք: Գիշերները կ’ելլանկոր եւ իրենց սնունդները կ’առնին կը տանենկոր եւ անոնք մերիննու «մարիէ շաւէր» կ’ըսեն, «գիշերուան մարդ» այսինքն, քանի որ գիշերը կ’ելլանկոր: «Մարիէ շաւէր» կ’ըսեն մերիններուն: Հիմա երբ որ մեծ հայրիկս էդ օնբաշիին հետ կը ծանօթանակոր, Եուսուֆ օնբաշին մեծ հայրիկս կ’առնիկոր, կը տանիկոր գիւղ: Ադ մերինները քարայրէն էլած են արդէն, քարայրին աւելի վերին մասերը կամաց-կամաց տեղաւորուիլ սկսան, եւ մեծ հայրիկս անագ կ’առնէկոր, եւ նեշադըր, նեշադըրը ամունիում քլորիդ է, անագապատած ատենը նեշադիր կը գործածես: Գիւղացիները ամանները կը բերենկոր եւ ինքը անագ կը պատէկոր անոնց, դրամ կ’առնէ եւ Եուսուֆ օնբաշին իրեն պարտքն ալ կը վճարիկոր, եւ կ’ըլլայ որ իմին մեծ հայրիկս քըրքըսրաքցի է: Հոն տեղը կը սկսիկոր, կը ջանակոր կամաց-կամաց ազգականները հաւաքել: Հիմա` քանի որ դեդէս այլեւս քըրքըսրաքցի եղաւ, հիմա հայ ընտանիքները, իրեն ազգականները հաւաքելու կը ջանայ: Առաջ քուրդ աղջկայ մը կը սիրէկոր, քուրդ աղջիկ մը առնել կ’ուզէկոր: Եուսուֆ օնբաշին կ’ըսէ քի, «Բոզօ,- կ’ըսէկոր, (Բոզօ կ’ըսեն, քանի որ շէկ էր, արդէն բոլորը իրեն Բոզօ կ’ըսեն),- մենք քեզի հայ ըլլաս ըսելով հոս պահեցինք, եթէ քուրդի հետ ամուսնանաս, քուրդ ալ չես ըլլար, աս ալ մեր նպատակին հակառակ բան մըն է կ’ըսէկոր, եկուր դուն հայ աղջկայ մը հետ ամուսնացիր»: Հաւանաբար ան թուականներուն այլեւս Մուդրոսի Պայմանագիրը[iv] եղած էր, 1918 թուականները պիտի ըլլային, քանի որ հայու ընտանիքները հաւաքելու աշխատութիւնները աւելի ազատ սկսած են ադ միջոցին: Քերերի ըսած գիւղ մը կայ, Քերերին Մարաշին մէկ գիւղաքաղաքն է, քուրդի գիւղ է, անտեղէն կ’ըսեն որ անտեղը Պայծառ անունով աղջիկ մը կայ, արի քեզի առնենք: Չեն տարկոր մեծ մայրիկս, կ’ըսեն, որ տալու համար դուք ալ աղջիկ մը տուէք (քրիստոնեայ հայ աղջիկների մեծ պակաս կար, քանի որ կենդանի մնացած, փրկուած աղջիկներին սովորաբար սուննի քրդերն ու թուրքերը իսլամացնում եւ տանում էին որպէս հերթական կին կամ հարճ, աղախին- Հ.Խ.): Մերիններուն՝ Պետոյին քովը աղջիկ մը կայ` Մարիցան: Մարիցան Գիքորին հետ կ’ամուսնացնենկոր, մեծ մայրիկիս եղբօր հետ: Մէկ աղջիկ կու տանկոր, եւ անոր վրայ մեծ հայրիկս եայայիս հետ կ’ամուսնանակոր, Պայծառին հետ: Ատանկ պստիկ մանրամասնութիւն մը: Ադ միջոցին Գիքորին հայրիկը Քերերին մէջ ջաղացպան է, իմ աստեղ քուրդ ազգական ունենալու օգուտը պիտի ըսեմ: Պայծառ եայայիս հայրիկը կը մեռնիկոր, ջաղացպան էին իրենք հոն, եւ մեծ հայրիկս կ’ուզէրկոր, որ իրեն աներձագը նոյնպէս այլեւս գիւղ՝ Քըրքըսրաք բերէ: Քանի որ ինքը եայայիս հետ ամուսնացաւ, իրեն աներձագն էլ Քերերիին մէջ ջաղացպան էր, Քըրքըսրաք բերել կ’ուզէկոր, որովհետեւ Գիքորին հայրիկը մահացած էր: Բայց այդ Քերերին գիւղին աղան չթողնէրկոր, որ էրթայ եւ կ’ըսէրկոր, որ 15000 լիրա դու պարտական ես ընձի: Կրնայ ըլլալ, որ թիւը սխալ ըսեմ, ինչ որ է՝ «պարտք ես», կ’ըսէ: Անոր վրայ դեդէս կ’երթակոր Քերերին, կ’ըսէկոր աղային, Գիքորը ազատ ձգէ, Քըրքըսրաք պիտի տանիմ, ետքը կը վճարէ: Չի տար: Անոր վրայ քուրդ ազգականը՝ Շուքրէ էֆենդին կ’առնէկոր, կ’երթայ: Շուքրէ էֆենդին իր իսլամացած քրոջը՝ Նազրիէի տեգրն է, ամուսնու եղբայրը: Ան ալ Դէր Զօրէն հայ աղջիկ մը եւ իր մայրը բերած էր, աղջիկը իսլամացրած եւ իրեն որերորդ կինը ըրած էր: Շուքրէ էֆենդիին հետ ազգական են եւ շփումը միշտ կայ: Շուքրէ էֆենդին հզօր մարդ է: Շուքրէ էֆենդիին հետ գիւղը կ’երթանկոր, Շուքրէ էֆենդին կ’ըսէ որ, առ աս 15000 լիրան, մեր մուրհակը տուր եւ մենք կ’առնենք կ’երթանք: Աս ալ` «կորսունցուցի, չիկայ»: Շուքրէ էֆենդին կ’ըսէկոր, որ աստեղ քո գիւղդ է, ես քեզի բան մը չեմ ըներ հիմա, բայց աս գիւղէն դուրս չես կրնար էլլալ, իմանաս: Էս մուրհակը որկորսունցած է, թուղթին վրայ կը գրէկոր՝ 15000ը ես յանձնեցի, եւ անոր վրայ ստորագրութիւնը կ’առնէկոր եւ իրեն աներձագը կը վերցնէկոր: Աս ձեւով մեծ հայրիկս Քըրքըսրաքի մէջ ազգական ընտանիք ունեցաւ: Ան միջոցին, ժամանակների սխալութիւն կրնայ ըլլալ, մեծ հայրիկս կ’իմանակոր, որ միւս քոյրն ալ՝ Անուշը, փրկուած է եւ Անթէպն է: Վերջը կ’իմանանք, որ մեծ հայրիկս՝ Սարգիսն է փրկուել, Աղաւնին, որ ինքը Նազիմիէն է, միւս քոյրը՝ Անուշը, Ռաքէլը, որ Բրազիլն է, եւ Մայրամ կայ, ան ալ պիտի ըսեմ, Ֆրանսիա է: Հիմա Այնթապէն կ’իմանակոր Անուշը որ գիւղում է:

Անուշին պատմութիւնը պատմեմ հիմա ձեզի: 1915ին Անուշը ամուսնացած էր, երկու զաւակ ունէր, լեբլեբիջէներու Սեդրակ եղած են, մէկուն հետ ամուսնացեր է եւ պրոտեստան են անոնք` բողոքական են: Իրենք դեռ աքսորի ճամփան չելած ամուսինը սպանուած էր արդէն, երկու զաւակ եւ աներհայրը (աները – Հ.Խ.) կայ, ուրիշ մէկը չիկար: Գիւրունէն Անուշը կ’ելլակոր ճամփայ, աքսորի ճամփան է, պապան` աներհայրը կը մահանակոր, կը հիւընդնայ, կը մահանակոր: Երկու զաւակ ունի, մէկը շատ ծանր կը հիւընդնակոր, եւ կամուրջի մը ոտքին տակը շուք[ը] կը ձգէկոր, որ գոնէ չմահանայ, գուցէ մէկը առնէ, ազատէ: Ինչ կ’ըլլայ՝ չենք գիտերկոր կ’ըսէկոր, թերեւս հիմա մեռած է, մէկու մը իսլամացած է, ինչ, չենք գիտեր: Միւս տղան ալ ճամփու գացած ատենը տեղ մը ջուր խմելու կը դնիկոր, ժանդարմը եւ ուրիշ մէկը հրացանի թուրովը կը զարկէկոր եւ կը մեռցնէկոր: Ան ալ կը մեռնէկոր, անոր վրան քիչ մը հող կը նետէկոր, ան միջոցին շուները կու գանկոր վրան, բզիկ-բզիկ կ’ընենկոր իրեն զաւակը, եւ ան միջոցին հօրաքոյրը կը մարիկոր: Առանձին մնացեր է արդէն, կը մարիկոր եւ ինքը ասթմա ունէր` Անուշը, եւ գիտէ՞ք, վերջը ասթմա հիւանդութիւնէն կ’ազատի եւ ասթմա չունենարկոր անկէ վերջ: Վերջը երկու զաւակը մահացաւ, իմ քեռակինէս իմացած եմ ես, եւ Անուշը կ’ըսէր, որ մէջս պարպուեցաւ կ’ըսէկոր, եւ անանկ կը հետեւցնէ որ ասթման այդ ծանր ապրումէն վերացաւ: Անկէ վերջը ան ալ զաւակ չունեցաւ այլեւս: Երբ որ մեծ հայրիկս կ’իմանակոր, որ Անուշը Այնթափն է, Այնթափէն իրեն քոյրը ձեւով մը իրեն քովը կը բերէկոր: Ան միջոցին գիւղին մէջը ապաստանած Մատօն` Մարտիրոսը կայ, կ’ամուսնացնենկոր եւ տուն կ’ըլլանկոր: Բայց Անուշը զաւակ չունենարկոր: Իմին մեծ հայրիկս քանի հատ զաւակ ունեցած է, Պայծառի հետ ամուսնացած է, քանի հատ զաւակ ունեցած է` Յակոբ, Պետրոս, Սարգիս, Արեգնազ` Արեգ, Սիրանուշ, Մարգրիտ, Նիշան, եօթ հատ զաւակ ունեցած է, երեք հատ ալ մեռած է ադ միջոցին: Ինքը ուրեմն եօթ հատ զաւակ ունեցաւ, բայց իրեն քոյրը զաւակ չունի: Անուշը զաւակ չունենալուն համար Սարգիսը իրեն որդեգրեցին: Մերին մականունը Էրքոլ է, Մարտիրոսի մականունը Օֆլազ է: Հիմա մենք հօրեղբօր զաւակներ ունինք, որինիս ազգանունը Օֆլազ է, Մինասը: Մէկ հատ մըն ալ ուրիշ որդեգրած աղջիկ մը կ’առնին, Նուարդն է: Նուարդն ալ որու՞ն աղջիկն է՝ Պետոյին աղջիկն է, գիւրունցի, մտերիմ են, ուղղակի մի քարանձաւում միասին թաքնուած, ապըստանած են: Պետոյին մէկ աղջիկը`Նուարդը Անուշին որդեգրած է եւ Նուարդը Արժանթին կ’ապրի արդէն: Ամէնոնց հաւաքեցին, իրենք ընտանիք կազմեցին, որչափ որ ազգական ունէինք՝ կարելին եղածին չափ գիւղ կը հաւաքէինկոր: Ինքը դեռ անագապատում կ’անէրկոր, ադ միջոցին լաւ վիճակին մէջ էր արդէն, գիւղին վիճակին նայելով լաւ վիճակին մէջ էր: Գիւղերին մէջ անագութիւն նորէն կ’ընէկոր եւ լաւ կ’ապրինկոր, եւ ամէնէն մեծ տուն մը ունին, առջեւին մասը մերոնք կ’ապրէինկոր, ետեւին մասը իրեն աներձագը եւ իրեն շառաւիղները կ’ապրէինկոր: Ամէնուն ալ գործը լաւ է: Աս էլ ասեմ՝ սեփական տուն չէր: Մէկ տարի սա տունին մէջ, մէկ տարի միւս տունին մէջ ապրել են ասանկ: Գործերնին լաւ էր, եւ մեծ հայրիկս` Սարգիս դեդէս օր մը սեփական տուն մը ունեցեր ուզեր է, եւ մեր գիւղացիներէն մէկը ըսեր է, որ Բոզօ, եկուր աստեղը քեզի տուն մը շինէ: Դեդէս ալ շատ սիրով ուզեցել է սանկ տեղը տուն մը ունենայ, եւ մէկուն պատուէր տուեր է, կոտրուած ծառեր, մաքրուած ծառեր առեր է… Տախտակ, փայտեր առեր է, փայտը վրայ-վրայէ շարեր է: Պօղոս դեդէն ըսեր է «աս ի՞նչ է, Բոզօ»: «Պօղոս,- ըսեր է,- ինքզինքս տուն պիտի սարքեմ»: Քանի մը օր անցել է, դեդէս կ’ասէ, որ փայտերը չիկայ: Պօղոս դեդէն անոնք ամէնը գիւղերին հեռագիրը տուեր են, սիւները դնող մարդեր եկեր են, որ առէք, ձմեռը վառեք, ձրի տուեր է: Դեդէս Պօղոսին` «փայտը ի՞նչ եղաւ»: Տուի,- ըսեր է: Ի՞նչու տուեր ես դուն: Ըսաւ քի, «Բոզօ, մենք հոս բնակուելու՞ եկանք, բնաւ չէ: Մենք պիտի էրթանք աստեղէն, ի՞նչ գործ ունինք մենք աստեղ» ըսել է: Բայց եկուր նայէ, որ Պօղոսը մահացաւ, իրեն գերեզմանը հոն է հիմա: Ինչ որ է՝ կ’ապրէին: Աս միջոցին կ’իմանանկոր, որ մէկ քոյրն ալ Բրազիլն է: Ռաքէլն է ան: Ռաքէլն ալ Բրազիլ կեսարիացի Մինաս անունով մէկուն հետ ամուսնացած է: Մերիներուն լուր կու տայ, որ եկէք, ես զաւակ չունիմ, շատ լաւ վիճակի մէջ ենք, մերիներն ալ կ’ըսեն, որ չէ, մենք շատ լաւ վիճակին մէջ ենք, լաւ կ’ապրինքկոր, չեն էրթարկոր: Անտեղը մեծ հայրիկիս հօրեղբօրը տղան Խաչերը կար, անիկա որդեգրեր են Բրազիլին մէջ: Մեծ հայրիկս մէկ քոյր մըն ալ ունի`Մայրամը: Գիւրունը ամուսնացած է եղեր եւ մէկ աղջիկ է ունէր եղեր: Իստամբուլ կու գակոր, ան միջոցին Քըրքըսրաք նամակ կը գրենկոր, որ աղբար, քիչ մը ինձի օգնէ, ես Ֆրանսիա պիտի էրթամ: Բայց հայրիկս կ’ըսէկոր, որ ես ինչպէ՞ս օգնեմ քեզի, մենք մեր ընտանիքը դժուար կը պահենքկոր: Անի կը վշտանայ, իրեն աղջիկը ֆրանսիացի սպայի մը հետ կ’ամուսնանայ եւ Մարսիլիա կ’երթակոր, եւ բնաւ լուր չունինք անոնցմէ:

Երբ որ աս ժամանակներուն մերինները կամաց-կամաց կը հաւաքուինկոր, Թուրքիոյ մէջ 1918 թուին էր, որ հայերը քիչ մը ընտանիք կազմել սկսան [նկատի ունի Մուդրոսի զինադադարի համաձայնագրից յետոյ]: 1923էն վերջը այլեւս անչափ հանգիստ օրեր չէր, ժանդարմները գիւղերը կը կոխէին՝ հայերին գտնան: Օր մը մերին գիւղը հարիւրապետ մը կ’իմանակոր, որ հայ կայ, գիւղին մէջ մէկը կը մատնէկոր, որ հայ կայ: Մերինները եթէ իմանան, գիւղացիները եթէ իմանան, որ ժանդարմ պիտի գայ, անոնք անմիջապէս մերին պստիկները իրենց երեխաների մէջ կը խառնեն եղեր, մեծերն ալ հետեւի ախոռներուն մէջ կը պահեն եղեր: Բայց անանկ մը եղեր է, որ չեն կրցեր պահել եւ մերին բոլոր հայերը գտեր են եւ անոնց հետ ալ 40 հատ քուրդ բանակէն փախածներ գտեր են: Անոնց ամէնը մէկէն սենեակի մէջ կը հաւաքինկոր: Հարիւրապետը Եուսուֆ օնբաշիին կ’ըսէկոր, որ պիտի տանեմ աս հայերը եւ ան կ’ըսէ, որ չեմ տար, ինչ կ’ուզեսկոր ըրէ ինձի: Չէ, պիտի տանեմ, չէ, չեմ տայ,- եւ հարիւրապետին 100 մէջիդի կու տակոր: Օնբաշին մէկ մը կը տեսնակոր գիւղին մէջ, որ ադ մատնիչ մարդը զինուորէն փախած մարդ մըն է, պիտի տանէին անիկա: Աս ալ կ’ըսէկոր «ինձի մի տանէ, կը տանես, որ կիներս հայերու՞ն մնայ»: Վերջը սա օնբաշին անկէ տասը մէջիդիէ կ’առնէկոր, բանակէն փախած 40 քուրդերէն օրէն ([որից – Հ.Խ.) երկուական, օրէն հինգ մէջիդիէ կ’առնէկոր, հարիւր մէջիդիէն ետ առած կ’ըլլակոր: Հայերէն բան մը չ’առներկոր, հայերը փող չունին արդէն, միայն քուրդերէն կ’առնէր: Ասանկ պատմութիւն մը կայ մերին գիւղին մէջ:

Հիմա հետաքրքիր քանի մը պատմութիւն պատմեմ: Աս Լեւոն կայ, կը յիշէ՞ք, քարայրին մէջ: Լեւոնը մէկու մը սպանութիւնէն լուր կ’ունենակոր, ականատես կ’ըլլակոր աս սպանութեան: Դատավարութիւն պիտի ըլլայ, կայմակամը Լեւոնը կ’ըսէ, որ վկայութիւն մի՛ ըներ: Լեւոնը կ’ըսէ, որ ինչ ճիշտն է՝ ան ալ կ’ըսեմ, եւ դատավարութիւնէն առաջ կը սպանեն Լեւոնը: Անցեալներս մէկը ինձի զանգեց, որ դուն ասանկ պատմութիւն կ’ընեսկոր եղեր, եւ սպանողին թոռն է աս զանգողը: Քուրդ է. մերին քուրդերէն է, ալեւի քուրդ են մերինները, քուրմանջի կը խօսին: Ադ սպանողին անունն ալ Մեհմէդ Քահիյա է: Անոր թոռը ինձի զանգեց, որ «դուն կը գրես որ ասանկ բան մը կայ: Իմին դեդէս շատ դեմոկրատ մարդ մըն էր,- կըսէ,- հայերուն շատ կը սիրէր, չէր սպաներ»: Ասի որ եանի ես հիմա գրելու բան մը չունիմ, բայց եթէ գրեմ, իմին տեսանկիւնս ալ կը գրեմ, քուկինն ալ կը գրեմ, բայց մերին գիւղացիներուն արժէքը չ’իջեցներ ասիկա, մեր գիւղացիները շատ յարգի մարդեր են, որովհետեւ մենք ինչ որ ծագում ունինք, անոնց կը պատկինք (պարտինք – Հ.Խ.):

Լաւ մարդիկ են, բայց դարձեալ պատմութիւններ կը պատահէին: Ես Մայրամ հօրաքոյր մը ունիմ ըսի: Մայրամ հօրաքոյրս շատ աղուոր աղջիկ մը եղեր է, տասնհինգ-տասնվեց տարեկան, մեր գիւղին քուրդերէն մէկը կը փախցնէկոր անիկա: Մեծ հայրիկս, հօրաքոյրս, մեծ մայրիկս, հայրիկս, մէկ հօրեղբայրս եւ հոպարս չիկան տունը, ուրիշ տեղ են, միայն կիները կան՝ հօրաքոյրս կայ, մեծ մայրիկս կայ, կարծեմ Անուշ հօրաքոյրս ալ եղեր է, եւ մէյ մըն ալ ծերերը կան, Մատօ դեդէն կայ, որ անիկա կտոր կը հիւսէ, որոնցմէ շալուար կը սարքիս, տասներկու հոգի: Մեր գիւղի քուրդերը կը գան, դուռը կը կոտրեն, Մայրամը կը տանեն: Աս փախցնելու խնդիրը թոփալ Հայդար կայ եւ Քյարամ Մեհմէդլէրը Սալմա, ադոնք կը սարքենկոր, Երմութն ալ իրենց հետ: Իրենք ամուսնացած են իրականութեան մէջ, երկրորդ կին ըլլայ կ’ուզենկոր, եւ հօրաքոյրիս կ’ըսեն, որ մեզմէ մէկը պիտի ընտրես: Անոր եւ Հուսէյինը կու գայ, անիկա կ’ընտրէկոր, որովհետեւ Հուսէյինը մեր տուն եկող-գացող մէկն էր: Մեծ հայրիկս բնաւ ազգականութեան կապ չունէր անոր հետ, չ’ուզեր: Հուսէյինը կ’ըսերկոր եայայիս` մեծ մայրիկիս. «Պայծառ թէյզե, (մօրաքոյր – Հ.Խ.),- կ’ըսէրկոր,- Մայրամին ձեռք չդիպցուցի, կ’ուզէքկոր առէք, Մայրամը ձեզի ետ կը վերադարձնեմ,- կ’ըսէկոր,- բայց խօսք չեմ կրնար տալ խաղաղութեան, գիւղը փոխեցէք, գիւղէն ելէք»: Մերինները ասոր վրայ գիւղէն փախելու կը մտածեն, բայց գիւղացիները աս անգամ չեն ձգերկոր: Մայրամն ալ այլեւս իրեն տունը ունի, բայց մեզմէ մէկը չէր էրթակոր քովը, միայն հօրաքոյրս, մեծ մայրիկս` Պայծառը, եայաս կ’երթակոր երբեմն, եւ Նշան հօպարս` ամէնէն պստիկը կ’երթարկոր: Եայաս բաներ մը երբեմն՝ թան, իւղ, անանկ բաներ մը կը ղրկէկոր, բայց մեծ հայրիկէս գաղտնի: Նշան հօպարս անգամ մը կ’երթակոր, Մայրամ հօրաքոյրս պատուիլ (հիւրասիրել – Հ.Խ.) կ’ուզէկոր, Նշան հօպարս կը փախիկոր, շատ կը յուզուիկոր անոր վրայ: Տասնվեց տարեկան, թերեւս տասնհինգ տարեկան…Իմին հայրիկս բանակ պիտի էրթայ, Յակոբ հայրիկս բանակ պիտի էրթայ, հիմա հօրաքոյրս իրեն գլխարկ կը հիւսէկոր, ձեռնոց կը հիւսէկոր, տալ կ’ուզէկոր, հայրիկս չ’առնէկոր: Մայրամը կ’ըսէկոր. «աղբարիկս, սիրելո՞վ գացի որ, որ դուն ինձ հետ ասանկ կը վարուիսկոր»: Կու լայ, կու լայ, ասանկ բաներ կ’ըլլակոր: Մե՜ղք: Վերջը` Մայրամը յղի կը մնակոր, բայց չ’ուզերկոր իրմէ զաւակ ունենալ: Յղի կը մնակոր եւ անանկ կ’ընէկոր, որ… գիտէ՞ք, եալան կ’ըսեն թրքերէն, մէջը ջուր կը հաւաքուի, որ անասունները մէջէն ջուր խմեն: Աս փորը անտեղ քսելով, քսելով, որ զաւակը մեռնի: Զաւակը կը ծնիկոր, որ ուղեղը չիկայ, այսինքն` գանգը վնասել է, եւ կը մեռնիկոր: Մի ժամանակ վերջը Մայրամն ալ կը մեռնիկոր, քսան տարեկան էր միայն, վիշտէն կը մեռնի թերեւս: Դագաղը մերին տունին առջեւը կ’անցնիկոր, մեծ հայրիկս չի դառնար, չի նայէկոր: Բայց կ’ըսեն որ վերջէն շատ լացեր է, մեծ հայրիկս շա՜տ լացեր է: Անկէ վերջը Հուսէյինը բանի մը կը խառնուիկոր, դատավարութեան խնդիր մը կ’ունենակոր, ժանդարմիայի հետ խնդիր մը կ’ունենայ, ժանդարմը կը բռնէկոր, ադ միջոցին անտեղէն գետ մը կ’անցնիկոր, գետին մէջը կը նետուիկոր, կը վիրաւորուիկոր: Վերջը լողալով գետին ափը կ’ելլակոր, բայց հոն կը մեռնիկոր, եւ կուրծքին մէջը` Մայրամին մազը: Մայրամին մազը պահեր է: Սանկ երկար-բարակ պատմութիւններ: Եւ մերինները այլեւս աս դէպքէն վերջը, 48 թիւին այլեւս ադ գիւղին մէջ չեն կրնար կենալ: Աս դէպքին մէջ քիչ մըն ալ մերինները մեղաւոր են ըստ ինձի, որովհետեւ այլեւս երիտասարդները մեծցած են, քուրդ տղաքները մեր աղջիկներուն սիրելը սկսած են, ասանկ բաներ կայ եւ մերին գիւղին մեծերը կ’ըսեն, որ գացէք աս տներէն, կամ ձեր աղջիկները քուրդերուն պիտի տաք, չենք ուզենայ, որ ատանկ ալ ըլլայ, մենք կ’ուզենք որ հայ մնաք: Ասանկ դէպք մը պատահեցաւ, բայց գացէք այլեւս: Այն ատեն հայերուն թիւը հարիւրին մօտեցած էր: Դժուար, շատ դժուար էր միասին ապրելը: Թուրքիոյ մէջ քուրդ մը կամ թուրք մը հայ աղջիկ ուզի՝ իրաւունքն իրենն է արդէն, չես կրնայ «ոչ» ըսել: Բայց ասիկա սուննիներուն կը վերաբերի, ալեւիներուն չի վերաբերի, եւ մեծ հայրիկս կրնար դատարան ալ դիմել: Բայց գիւղի ալեւիներուն պատժելը մերիններուն շահին չէր գայ, անոնք է, որ մերիններուն օգնեցին, փրկեցին: Միւս հարցն ալ կար՝ Մայրամին անձնագիրը: Մայրամը անչափահաս էր իրականում, բայց քանի որ Մայրամին անձնագիրը իրան մեռած քրոջ անձնագիրն է, անձնագիրին տարիքը 18էն մեծ է: Մեծ քոյրը մեռեր է, անոր անձնագիրը փոքր քոյրին տուեր են: Որովհետեւ գիւղաքաղաքէն անձնագիր հանել դժուար էր, առաջ աղջիկ մը ունեցեր էր, անունը Մայրամ էր, անիկա մեռեր է, անոր անձնագիրը կը պահենկոր, ուրիշ աղջիկ մը պիտի ունենայ, ուրիշ աղջիկ ունեցեր է, ալ անձնագիր հանելու չեն գացած: Սիրանուշ հօրաքոյրս ալ ատանկ է: Սիրանուշ հօրաքոյր ունիմ, որ անձնագիրով 80 տարեկան է, ինքը 70 տարեկան է իրականութեան մէջ, ուրեմն` տասը տարի առաջ մեռած քրոջը անձնագիրովը կ’ապրիկոր: Աս չէր բայց, որ Մայրամին չհետեւեցին, պարզապէս յարաբերութիւնները պահելու խնդիրը կար: Ասիկա հարցը չլուծեց սակայն, եւ Հուսէյինի մահէ ետք մերին գիւղացիները հայերին խնդրեցին թողնել գնալ:

Մերոնց լեզուն ի՞նչ եղեր է, գիտէ՞ք, տունին մէջ հայերէն կը խօսին, բայց՝ իրենց բարբառը: Մերոնք գիւղին մէջ քուրդերէն խօսին եղեր, տունին մէջ` հայերէն, բայց պետական լեզուն թրքերէնն է, այսինքն` թրքերէն գիւղին մէջ մերիններէն զատ գիտցող չիկար: Եւ մերինները թրքերէն կը դասաւանդեն եղեր, որովհետեւ Քըրքըսրաք դպրոց չիկար, եւ մերինները տղաքը Աւշին կ’ուղարկեն եղեր ուսանելու: Արդէն միայն տղաները կ’ուղարկեն, աղջիկների ուսումին շատ կարեւորութիւն չէին տար: Հայրիկս Աւշին գացեր է ուսանելու, իր հօրաքոյր Նազիրէին տունը կ’ապրէր: Անոր ընտանիքի հետ շատ ջերմ ենք մենք, շատ մտերիմ, իր քուրդ զաւակներներն ու թոռները իմ մտերիմներս են, սիրելի ազգականներս: Ասիկա ուրիշ ճիւղ է, ուրիշ պատմութիւն: Հիմա ըսի, որ մերինները գիւղը կը թողնենկոր, Փնար Բաշին կ’իջնանկոր: Ասիկա գիւղաքաղաք է: Փնար Բաշը հայեր շատ կան: Մերինները Փնար Բաշը կ’երթանկոր, այնտեղը կը հաւաքուինկոր, երեք-չորս տարի հոնտեղը կ’ապրինկոր: Հայրիկս ադ տեղի հայ աղջկայ հետ կ’ամուսնանակոր` մայրիկիս հետ: Մայրիկիս պատմութիւնն ալ հայրիկիս պատմութեան պէս ասանկ պատմութիւն մըն է: Անկէ վերջը Իստամբուլ կը գաղթենկոր: Աս նկարը որ ցոյց տուի, Իստամբուլ եկեր են, ամէնը մերին ազգականներն են: Բոզօն Փնար Բաշիից հիւանդացեր է, ասթմա է եղեր արդէն, Պետրոս հօրեղբօրս հետ Ստամբուլ Սուրբ Փրկիչ հիւանդանոց եկեր են, եւ դեդէս կ’աղօթէր, որ՝ «Աստուած, մերինները չեկած մի՛ առներ կեանքս, տեսնամ, որ մերինները եկեր են, անկէ վերջը առ»: Մերոնք վեց-եօթ ընտանիք նստեր են, Փնար Բաշիէն Իստամբուլ գաղթենկոր` 1951 թիւ: Բոլու եկեր են, ադ Ստամբուլին շատ մօտ քաղաք մըն է, բայց կորսուցեր են ճամփան: Մեծ քեռիս եւ Սարգիս հօրեղբայրս երկու հոգով օթոբուս (հանրակառք, աւտոբուս – Հ.Խ.) մը նստեր են, կու գակոր եւ լուր կու տան մեծ հայրիկիս, որ եկանք: «Աստուած,- կ’ըսէկոր,- արդէն հոգիս կրնաս առնել»: Եւ մերիները չի տեսած ինքը կը մահանակոր: Աս միջոցին Մարտիրոսը Փնար Բաշը կու գայկոր, հիւանդանակոր, Պետրոս ամջաս` Պետրոս հօրեղբայրս, անիկա կ’առնէկոր Կեսարիա, կը մեռնիկոր հիւանդութիւնէ: Կեսարիա հայոց գերեզմանատունը կը տանիկոր, պատի մը տակ կը թաղիկոր: Հիմա մենք հօպարիս տեղը չենք գիտեր: Փնար Բաշիէն Իստամբուլ կու գակոր, Մարտիրոսի կին Անուշն ալ իր երկու որդեգիր երեխաներով, ամէն մարդ Իստամբուլ եկաւ, Իստամբուլ հաւաքուեցանք ամէնս: Դժուար կեանք մը սկսեցաւ:

Ըսի որ հայրս Փնար Բաշի արդէն ամուսնացաւ: Անտեղ աղբարիկ մը ծնած է, անտեղ մահացեր է անիկա: Ստամբուլ եկեր են, Խաչիկ աղբարս ծներ է, ես ծներ եմ, Մայրամ մէկ քոյր մը ունիմ, վերջը Ռաքէլ, վերջը Մարկոս: Երկու քոյր, երեք եղբայր ենք մենք: Ստամբուլ Գում Գափը կը հաստատուինկոր մերիննին (մերոնք – Հ.Խ.): Շատ մօտ ենք պատրիարքարանին, ի՞նչ փողոց էր, աղբիւր մը կար, ան տունը կը յիշեմ ես, որովհետեւ, մէկ սենեակ մը կը վարձենկոր, մէկ սենեակին մէջ մամաս, պապաս, աղբարիկս ծներ է, ես ալ կայի: Հօպարս կայ, մէկ հօպարս եւս կայ, հօրաքոյրս կայ մէկ սենեակի մէջը: Ան կը յիշեմ, որ ասանկ կարծեմ չորս սենեակ կար, մէկ հատ մը խոհանոց կար, չորս ընտանիք աս խոհանոցը կը գործածէին: Ան տունի մէկ սենեակն էինք, վերջը վերեւին մէկ սենեակը եւս կը վարձենկոր: Մերին փողոցը հայկական փողոց էր, աւելի շատ հայ տղաքին հետ կը խաղայինք: Քուրդերը չեմ յիշերկոր, անանկ շատ քուրդեր չիկար, թուրք էրեխէքի հետ ալ կը խաղայինք, բայց հոս արդէն մեզի կը զգուշացնէին հայերէն չխօսել: Մենք՝ երեխաները արդէն հայերէն չգիտէինք ալ, քիչ-միչ բարբառը գիտէինք, աւելի քուրդերէն կը խօսէինք: Բայց վարի փողոցը թուրք տղաք կար, անոնց հետ ալ կռիւ ալ կ’ընէինք, անոնք մեզի նոյնիսկ գեաւուր ալ կ’ըսէին: Չեմ յիշերկոր ինչու համար, հիմա մէկ հատ ընտանիք մը կար, մեզ գեաւուր չէին ըսեր, այսինքն նորմալ էին, բայց տան կինը իրենց զաւակներուն կը խրատէր, այսինքն` մի՛ խաղաք անոնց հետ ըսելով: Անոնք հայ են, էրմենի են: Անընդհատ դու կը յիշեսկոր, որ հայ ես: Չյիշած բաներն ալ կը յիշեցնեն քեզի: Եւ մեր տանն էլ միշտ կը զգուշացնէին՝ զգուշ եղէք: Օր մը մեզի չէին խաղցներ, գնդակ չունէինք հետերնիս: Խաղ մըն էր, որ ասանկ հարցազրոյցին մէջը կ’որոշուի, խաղալով ալ գնդակնիս կը դնէինք: Մենք պիտի ունենք (պէտք է ունենայինք – Հ.Խ.) մեր գնդակը, մեր գնդակով պիտի խաղայինք, որ մեզի ալ խաղու մէջը դնեն: Անոր համար կեանքիս մինչեւ վերջը ես կ’աշխատիմ, որ գնդակը իմս ըլլայ, որ խաղին մէջ դնեն մեզի: Միշտ հայերը պարտաւոր են իրենց գնդակը ունենալ, չէնէ խաղին չէր կարող մասնակից ըլլալ:

Ապրուստը դժուար էր: Ան տարիներին Իստամբուլ շատեր կու գային, ոչ միայն հայերու համար էր դժուար: Տղամարդիկ շատ կ’աշխատէինկոր, ան միջոցին պղինձ կը ձուլէին, ձուլելու գործ կ’ընէին, բայց աշխատավարձնին շատ քիչ կու գար: Պետրոս հօրեղբայրս Դինիզ` ուրիշ քաղաքը կ’երթայ… ես ան ժամանակը շատ լաւ կը յիշեմ, կ’աշխատէին մինչեւ կէս գիշերներ, մենք օրերով հօրս երեսը չէինք տեսնար, կ’աշխատէին: Առտու եօթին կ’ելլային, կէսգիշեր մինչեւ քանի կ’աշխատէին, շատ աշխատասէր էին: Իրար շատ կը բռնէին բայց: Մէկ տունին մէջ կ’ապրէինք, աս հօրեղբայրս ալ հինգ զաւակ ունէր, չորս զաւակ ունեցաւ, վերջը իրեն կինը մահացաւ, նորէն ամուսնացաւ, մէկ զաւակ ալ անկէ եղաւ, ան ալ հինգ հատ ունի, Սարգիս հօրեղբայրս ալ հինգ զաւակ ունի, Սիրանուշ հօրաքոյրս զաւակ չունի, Արեգ հօրաքոյրս երեք զաւակ ունի, Մարգրիտ հօրաքոյրս երեք զաւակ ունի: Անոնք ամէնը Իստամբուլ ամուսնացան, ամէնը նոյն տունը կ’ապրին, ամէնը զաւակ ունեցան: Երիտասարդութեան տարիները ամէնը կը յիշեմ, մենք հիմա շատ հանգիստ ենք, բոլոր տանջանքը անոնք կրեցին, անոնք շատ տանջուեցան եւ չիկրցան վայելել, օրինակի համար հայրիկս կ’աշխատէր, մայրիկս ալ տունը կ’աշխատէր: Իստամբուլահային կիները քոլիմաջիք կ’ըսեն` շապիկներին թեւերը, օձիքները կը կարէին, մէկելները կոճակները կը կարէր, ասանկ: Ըշտէ խանութին տէր կ’ըլլան, անտեղերնին գործերները կը մեծցընեն ըշտէ, վերջր փոխադրուեցանք: Մինչեւ 1964 վարձով կ’ապրէինք, աղբարիկս Գարակէօզեան[v] կ’ուսանէր, ես Պեզճեան կ’ուսանէի, Մայրամը Պեզճեան կ’ուսանէր, Ռաքէլը արդէն պստիկ էր: 64ին Բաքըր գիւղ փոխադրուեցանք, երեք յարկանի տուն մը առինք: Առած էր հայրիկս, ան տունին մէջ երկու ընտանիք` Պետրոս հօբարիս հետ միասին կ’ապրէինք: Ետքը, 1974ին ան տունը փլեցինք, յարկաբաժիններ ալ սարքեցինք, հոպարենքս իջան ուրիշ յարկաբաժին, ասանկ իրարմէ բաժընուեցանք անկէ վերջը:

Բաքըր գիւղում ես եւ հօրեղբօրս զաւակները Պեզճեանը[vi] կ’ուսանէինք, մէկ տարի բողոքականացուած ժառանգ գացած ենք, անիկ քիչ մը թանկ էր, Պեզճեանը աւելի էժան էր: Բողոքական վարժարանում Հրանտ Դինքին[vii] ծանօթացայ, Հրանտէն մէկ տարի, մէկ դասարան մեծ էի ես: Մերիններուն մասնաւոր նախընտրանքը մասնաւոր վարժարան էր դարձել, թուրքական վարժարան երբեք չի գացինք հէչ մէկերնիս, ամէնքս հայկական վարժարան, եւ որչափ որ կրցանք, անչափ ուսանեցանք: Ամէն մարդ որչափ ուզէր, անչափ պիտի ուսանէր, փոխանակ որ մերինները աշխատող մարդու միտք ունէին, փողի միտք ունէին, եւ օր մը չնախատեցան, որ մենք չենք աշխատիլկոր, կ’ուսանենքկոր: Ուսանեցանք, ես բողոքական վարժարան, վերջը Տատեան[viii], Տատեան` Բաքըր գիւղն է, Տատեանէն վերջը Կեդրոնականին[ix] շրջանաւարտ եղայ, վերջը համալսարան քիմիայի ֆակուլտէտին շրջանաւարտ եղայ, աղբարիկս՝ Գարակէօզեանէն վերջը Կեդրոնականին շրջանաւարտ եղաւ, քոյրս Էսաեանին[x] շրջանաւարտ եղաւ, Ռաքէլը Տատեանին շրջանաւարտ եղաւ: Մարկոսը` ամենափոքրերնիս, ատամնաբուժ համալսարանի շրջանաւարտ եղաւ, Տատեան-Սահակեան ատամնաբուժական համալսարանին շրջանաւարտ է, հօրեղբօրս բոլոր զաւակները որչափ որ կրցան ուսանել՝ ամէնը լիսէին շրջանաւարտ եղան: Վարդանը, միւս հօրեղբօրս տղան, համալսարանի շրջանաւարտ եղաւ, անի հիմա ատամնաբուժ է, միւսները լիսէյին շրջանաւարտ եղան, ոսկերիչներ ալ կան, հօրենական գործը շարունակողներ կան` կահոյքի գործը, հօրեղբայրս Ֆրանսիա կ’ապրի արդէն մի հատը, ասանկ բաներ: Ես ճարտարագէտ եմ, բայց հիմա տեքստիլի գործի վրայ կը զբաղուիմ, շուկային մէջ խանութ մը ունիմ, որ արտադրանքս հոն կը վաճառիմ: Երեսուն տարիէ ի վեր աս գործը կ’ընեմ: Աւելին ըսեմ, հօրս գործը` կահոյք սարքելը շատ լաւ հասկանում եմ, մինչեւ 26 տարեկան թէ՛ կ’ուսանէի, թէ՛ ադ գործին մէջն էի: 28 տարեկանին ամուսնացայ: Կնոջս հայրը մալաթիացի է, մայրը սեբաստացի է, ինքը Էսաեանի շրջանաւարտ է, Ստամբուլ Թեքնիք Համալսարանի քիմիա բաժնի շրջանաւարտ է, «Սայեաթ Նովա» երգչախումբէն[xi] ընկերներ ենք իրարու հետ:

«Սայեաթ-Նովա», «Թիւրք Կարդաշլար» եւ «Վան» համոյթների երաժիշտները Ստամբուլի Երեք Մանկունք Եկեղեցու բակում, լուսանկարը՝ Հ.Խառատեանի, 2011

 

Հայկական դպրոց կ’երթայինք, հայերէն սովորեցինք, բայց մեզի միշտ կ’ըսէին՝ հայերէն չխօսէք փողոցներու մէջը: Վստահ չեմ, թէ հասկանում էինք՝ ի՞նչու հայերէն չխօսենք, բայց միշտ վախ կար, տագնապ մը կար: Կը յիշեմ, 1963 թուականն էր, մեր տունը մէկը եկաւ, ասեղ կ’ընէր` սրսկել, մեծ մայրիկիս սրսկելու համար մէկը եկած էր, կինարմատ, թուրք կին մը: Ան ալ օրէնք մը եղած էր, որ ապրանքներուն վրայ թուրք մալը պիտի գրես, այսինքն` Թուրքիոյ ապրանք, Թուրքիոյ արտադրանք: Հայրիկիս գործն ալ այդ շրջանին կահոյքագործութիւն էր: Հայրիկս Թուրիքոյ քարտէզը դրած էր, ճիշտն ասած կը պատմէրկոր հայրիկս ադ կնոջը, որ Թուրքիա գրել պէտք է: Ես ալ Թուրքիոյ քարտէզը կը նայիմ, պապա,- ըսի,- բայց Հայաստանի քարտէզը դնել պէտք չէ՞ որ,- ըսի: Երեխայ էի, ես Հայաստանի ուր ըլլալը գիտե՞մ: Ըսածս` գիտենք որ Հայաստանը Թուրքիային կից երկիր մըն է, մենք Հայաստանին տեղը գիտե՞նք: Կը պարծենամ՝ Հայաստան երկիր մը գիտենք, իշտէ տղայական բան մը: Կնիկը էրթալէն վերջը պապաս անա՜նկ ծեծեց ինձի. «Շան զաւակ, Հայաստանին ուրտեղ ըլլալը գիտե՞սկոր, ի՞նչու ասանկ բան մը կ’ըսես, հիմա կնիկը պիտի ըսէ, որ տունին մէջը ասանկ բաներ կը խօսին»: Ասչափ վախու օրեր եղան: ԱՍԱԼԱյի շրջանին ամէնէն վատ, դժուար ժամանակները անցուցինք, շատ դժուար էր: Ամէն մարդ կը սպանէին, կը հայհոյէին: «էրմենի քոփեկլար» (շանորդի հայեր – Հ.Խ.) կը գրէին թերթին վրայ, հիմա` կողքի դրացին ո՛ր երեսով պիտի խօսիս, ամէնաճիշտ՝ թաքնուած կ՚ապրէինք: Դուրս կ’ելլէինք, բայց առանց խօսելու, բան մը չէինք խօսեր: Շատ մասնաւոր տեսակ մը ունէինք ապրելու համար, չեմ կրնարկոր յստակ ըսել սահմանները, բայց կարգ մը դժուար ապրում (ապրելակերպ – Հ.Խ.) ունէինք: Շատ դժուար կացութեան մէջ էինք: Այն ատենները դեռ նոր քիչ-միչ բաներ իմացած էինք հայերու մեծ ջարդերու մասին, նոր կ’իմանայինք, որ միայն Գիւրունում չէ, միայն Սեբաստիայում չէ, որ հայերը ջարդել են: Բայց ծաւալները դարձեալ չէինք իմանում:

1982-ին հրաման ելաւ, որ քրիստոնեաները կալուածք չեն կրնար վաճառել: Ատիկա զինուորական յեղաշրջումէն ետքն էր: 82ին մեզի չարտօնեցին մեր ունեցածէն բան մը վաճառել: Մենք տեղ ունէինք, իմին խանութս այրեցաւ 82ին: Բոլոր խանը այրեցաւ, 229 խանութ կար արդէն, ես ալ մէկ հատ տեղ ունէի ասանկ, ամէնը այրեցաւ: Մենք ուզեցանք, որ տեղ մը ծախենք, որ մեր գործը կարգի դնենք, գացինք եւ չարտօնեցին, չենք կրնար վաճառել: Աս օրէնքը յոյներուն համար ըրին իբրեւ թէ, բայց սխալութեամբ մեզի կիրարկեր են: Մենք գացինք-եկանք, պապաս քիչ մը աշխուժ մարդ էր, եւ մարդիկ ըսին, որ Յակոբ ուստա, քիչ մը կեցէք, պիտի էլլայ աս օրէնքը, պիտի շտկուի ըսաւ, իրաւ վեց-եօթ ամսէն շտկուեցաւ, բայց շատ վախեցանք: Հիմա աւելի դեմոկրատ օրեր կ’ապրինքկոր, մեր կեանքի մէջ չիտեսած, բայց անցողակա՞ն է, չէ՞, միայն վերջի տաս-տասնհինգ տարին շատ լաւ ենք հիմա, մարդու տեղ կը դնենկոր մեզի: Որ ասանկ խօսի՞նք առաջ: Չէինք խօսիլ արդէն:

Մերիննին Իստամբուլ եկան՝ մենք գիւղացի հայեր էինք Իստամբուլին մէջ, Իստամբուլի հայերու մշակութային կեանքին մէջ մենք շատ տեղ չունէինք ան ատեն: Թութուբէ հօրաքոյրս, որ պապայի հօրաքրոջ աղջիկն է, մենք անոր հօրաքոյր կ’ըսենք, Քերէր գիւղը կը բնակին եղեր, ուխտ ունեցեր է, որ իրենք Քերէրէն բնաւ եկեղեցի չեն տեսել, որ եթէ օր մը եկեղեցի ունեցող տեղ մը երթամ, անպայման պիտի մաքրեմ: Իստամբուլ կու գակոր, Մայր եկեղեցին 1951 կարծեմ, նոր նորոգուեր է եւ պիտի օծուի եկեղեցին, օծումէն առաջ մաքրութիւն պիտի ըլլայ, թաղականներէն կը խնդրէկոր, որ մենք մաքրինք. անոնք կ’ըսեն, որ աս գիւղացի է, ինչ կը հասկանակոր մաքրելը: Անոր վրայ կ’աղաչէկոր Թութու հօրաքոյրս, անոնք կարծեմ մեզմէ քիչ մը առաջ եկած են, որ կ’երթային եկեղեցի կողի փոսը կը նստէին: Անտեղի թաղականներէն մէկը լաւ մարդ է եղեր, Թութու հօրաքոյրս կը խնդրէ, կը խոստանայ, որ կիները լաւ կը մաքրինկոր, մերինները: Հօրաքոյրս ամէնը կը կազմակերպէկոր, որ մամաս, միւս հօրաքոյրներս, ամէնը կը հաւաքիկոր, աղուոր մը մաքրենկոր եւ միւս օրն ալ անոնք ալ կը հաւնինկոր, կը գնահատենկոր, ասանկ պատմութիւն մըն ալ կայ Իստամբուլի կեանքին: Փակ էին պոլսահայերը, գաւառներու հայերուն համար ալ փակ էին, ատոր համար ալ իստամբուլահայերը աւելի հայախօս են: Ասանկ թրքախօսներու, քրդախօսներու հետ շատ լեզու չեն գտնալ: Մեզի շատ դժուար ներս կը թողէին: Ժամանակ անցաւ, նոյնիսկ ատ Մայր եկեղեցիին վարչութեան մէջ մտան մերինները: Որովհետեւ գիւղացիները այլեւս, գաւառացիներ ըսենք աւելի ճիշտ, շատցան: Պոլսահայերը գաղթեցին շատը, որովհետեւ ասանկ ուրիշ պատմութիւն մըն ալ կայ, որ կը ճնշէին հայերին վրայ Իստամբուլին մէջ: Մենք որ եկանք՝ մօտաւորապէս հաւանաբար հարիւր, հարիւր յիսուն հազարէն աւելի հայ կար, բայց վեց Սեպտեմբերէն յետոյ[xii] արդէն հայերուն թիւերը շատ պակսեցան աստեղը: Հարուստ հայերը մանաւանդ հոս տեղէն ամէնը գաղթեցին:

Արդէն մինչ այդ էլ տեսակ մը թաքնուած կ’ապրէին հայերը, իբրեւ թէ չիկանք, անանկ կ’ապրէին: Եւ իստամբուլահայեր, քանի որ փող ալ ունէին ամէնը, գաղթեցին, գացին, գաւառացիները մնացին: Եկեղեցիներուն մէջը գաւառացիները սկսան անդամներ դառնալ, նոյնիսկ մայրիկս որպէս աղքատախնամի մարմինի մէջ կ’աշխատէր իշտէ, իշտէ քեռիս վարչութեան անդամ է, կեանքին յարմարուեցինք: Մերինները հայերէն շատ քիչ գիտէին, բայց մենք հայ ենք միշտ, հայու վարժարաններ գացինք, որովհետեւ Յակոբ մնալուն համար եկան հոս:

– Ի՞նչու, թող չմնային Յակոբ:

– Չգիտեմ, բայց մեզէն ալ միշտ հայ մնալու ջանք կը պահանջէին: Օրինակի համար ես Էսաեան վարժարան գացի, առաջին դասարանում բնաւ հայերէն չգիտէիկոր, գրատախտակին վրայ բաներ կը գրենկոր, ես չեմ հասկընարկոր, միւսներէն դասերս կ’առնեմկոր, կ’երթամ Սիլվա քոյրիկ կար մերինները, նախակրթարանին շրջանաւարտ կին մըն էր, կ’երթամ,- Սիլվա քոյրիկ, լալով, ողբալով կը խնդրէի, կ’օգնէր ինծի: Կ’երթայի` հայրիկիս քեռիին տղան կար, քեռիին աղջիկները կային, անոնց կ’երթայի, անոնք ինձմէ երեք տարի մեծ են, չորրորդ դասարան, ես առաջին դասարան եմ, հիմա մեծ կ’երեւանկոր. անոնք ալ ինծի կ’օգնէին. մանաւանդ կրօնքի դասերէն բան մըն ալ չէի հասկանար: Շատ դժուար կու գար ինծի անոնք: Իշտէ կը պատմէին, դասերը կ’ընէի, կու գայի տուն, ամէնէն մեծ աղբարիկս ալ Գարակէօզեան կ’ուսանէրկոր, անիկա մեզի օգնելիք բան մը չունեցաւ, ամէնէն մեծը ես էի, բան մը չէի գիտեր, որ մեծ էի, ինձմէ աւելի դիւրին դպրոցին գործին մէջը եղաւ, ան ատեն ես ուխտ ըրած էի, որ զաւակներս հայերէն պիտի գիտնան:

– Ի՞նչու:

– Որովհետեւ շատ դժուարութիւն ունեցած էի ադ դպրոցներուն մէջը: Մեր տունը թրքախօս էր, բայց երբ որ ամուսնացայ, մեր տունը հայախօս տուն դարձուցի, եանի (այսինքն – Հ.Խ.) տունին մէջ միշտ հայերէն խօսէինք, զաւակներիս հետ հայերէն խօսէինք, միշտ հայերէն խօսէինք արդէն: Հետաքրքիր բան մըն է, իմին տղաս ինծի հետ հայերէն կը խօսի: Խանութ կ’երթանք, ես թրքերէն կը խօսիմ, ալ հայերէն չ’ըլլար, որովհետեւ յաճախորդին քովը չեմ ուզեր հայերէն խօսիլ, տղաս նորէն հայերէնը կը դառնակոր, այսինքն` հայերէն վարժութիւն է ըրեր արդէն, մեր մօտ միշտ հայերէն կը խօսինք արդէն:

– Ուզում եմ հասկանալ, ի՞նչու ձերոնք այդքան տառապանք կրեցին, տեսնում էք՝ հայերին ջարդում են, սպանում են, էդ գիւղում թաքնուած հայեր են, կը գայ ժանդարմը` թաքնուած էք, յետոյ եկաք Ստամբուլի մէջ՝ ամէն գնով փորձում էիք թաքցնել ձեր ներկայութիւնը՝ իբր չկաք, բայց կաք իրականում: Երբեք չուզեցի՞ք վերջ տալ այդ տառապանքին: Թուրք դառնալ, թուրք լինել:

– Չէ: Արժանապատուութեան հա՞րց է արդեօք, չեմ գիտերկոր: Բայց երբեք աս մասին չեմ մտածեր, այսինքն` ուրիշ տեսակ ըլլալն ալ չի մտածեցի: Հաւանաբար կրօնափոխ եղողները հանգիստ եղան: Ուրիշ բան ըսեմ ձեզի ան ատեն, պապաս կը պատմէր ադ պատմութիւնը: Մէկը կար, որ Հաջի էր անունը եւ իսլամացեր էր: Հիմա աստեղը պիտի ամուսնանայ, մուսուլմանները աղջիկ չեն տարկոր, եւ ինքը Արժանթին գաղթեր է: Արժանթին ալ իսլամ եղած դէյին (ասելով – Հ.Խ.) աղջիկ չեն տար, քրիստոնեայ եղեր է, բայց հայերը նորէն ալ իրեն թուրքի տեղ դրած՝ աղջիկ չեն տար: Հիմա նոր ամուսնացեր է, տուն կազմեր է, բայց շատ դժուարութիւնով: Ան ալ կայ, որ եթէ դու նոյնիսկ ուզենաս թուրք դառնալ, անոնք չեն թողնում: Անոնք արդէն կը յիշեցնեն: Քեզի միշտ հայ կ’ընդունեն, քո տեղդ վերջին տեղն է, եւ դեռ քանի սերունդ: Ամէն մարդ կ’իմանայ ծագումդ: Թերեւս հայ մնալը աւելի հեշտ է, քան թրքանալը: Միշտ գիտես, որ վտանգ կայ, կը յարմարիս վտանգին: Մենք արդէն աստեղը բնաւ չենք թաքնուեր, եթէ թաքնուենք, ասի աւելի վատ է: Օրինակի համար եթէ մէկ տեղ բազմութիւն ըլլայ, անպայման հայ ըլլալնիս կ’ըսենք: Արդէն թուրքերուն մէջ ասանկ անեկդոտ մըն ալ կայ, մէկուն հայ ըլլալուն եթէ հասկնաս, արդէն ինքը կ’ըսէ: Կ’ըսենք: Մեզի պէս մարդերը շատը արագ կ’ըսեն անմիջապէս: Հիմա արդէն վարժուած ենք անանկ բաներու. մենք` հայերը քիչ մը տարբեր ենք. ամէն տեսակ նեղութիւններ տեսած կանք, ամէն տեսակի կը համակերպուենք:

– Դուք ե՞րբ իմացաք հայերի ցեղասպանութեան մասին:

– Հետաքրքիր հարց մըն է ասի: Հիմա ես լիսէյի առաջին դասարան էի, օր մը գրականութիւն մը կը կարդանքկոր, կը կարդայինքկոր՝ ան 15ին մահացեր է, միւսը 15ին մահացեր է, մեր ընկերներէն մի մասը կ’ըսէր որ՝ արդէն ջարդին սպանեցին կ’ըսեն, մի մասը՝ «ոչ» կ’ըսէր: Ետքը սկսանք. ուսուցիչը քրքրել: «Պարոն,- ըսինք,- ինչու համար 15ին մեռեր է իշտէ Գրիգոր Զօհրապ, Դանիէլ Վարուժանը, աս, ան…»: Ըսաւ որ ադ թուականներուն շատ մեծ հիւանդութիւն մը եղաւ, ամէննը մէկէն մահացան» ըսաւ: Ասչափ, շրջանցեց: Մէկս միւսի` եալան սէօյլիւյոր, եալան սէօյլիւյոր՝ սուտ կ’ըսէ կ’ըսենք. մեր համար ասչափ լմնցաւ[xiii]: Եա, չէիր կրնար խօսիլ ասանկ բան մը: Մեր ընտանիքին մէջն ալ չէին ըսեր: Շատ մեծ տղայ էի, համալսարանին շրջանաւարտ ըլլալ տարիքն էի, որ հայերին ցեղասպանութեան մասին իմացանք: Ասիկա շատ հետաքրքիր է, ո՞ր թուականն էր, մոռցայ ես, Իւ Թերնոնին[xiv] Էրմենի Թաբուսը գիրքը էլաւ. ներողութիւն` ամէնէն առաջ՝ Նենէմին Մասալլարը, այսինքն` «Մեծ մայրիկիս պատմութիւնները», հեքիաթները: Ատանկ գիրք մը ելաւ, դիարբաքըրցի քուրդ մըն է, ասի կարդացի ես, զարմացայ, չի կրցայ դիմանալ ես. իրեն մեծ մայրիկը հայ է եղեր, սապէս կը սկսիկոր. «իմ մեծ մայրիկէս իմացածները ձեզի պատմեմ, բայց ես շատ չեմ հաւատարկոր, դուք ալ հաւատալ պարտաւոր չէք, բայց ես հաւատացած եմ, ասոնք կը պատմեմ ձեզիկոր»: Ետքը ամիջապէս կ’ըսիկոր՝ «Առտուն նախաճաշ ըրաւ, յետոյ կէսօրուան ճաշ պիտի ըլլայ»: Քուրդերուն կ’ըսէկոր, իբրեւ առտու հայերին ջարդեցին, կէսօրին ձեզի պիտի ջարդեն: Հայու լեզուով մը ասանկ կը լմնցնակոր. «մեզ առաւօտեան սպանեցին, ձեզ կէսօրին կը սպանեն»: Ան թուականներուն դժուար էր ասանկ բան ըսել: 80ական թուականներուն է, ես համալսարանին շրջանաւարտ եղած եմ, ամուսնացած եմ, մեծ մարդուն պէս եմ, եւ աս գիրքը կարդալէն վերջ, աս գիրքը շատ տպաւորեցաւ, ազդեց: Ամէն մարդ կը կարդակոր աս գիրքը, եւ եարաբ ասի աս ի՞նչ բան է, բոլո՞ր հայերու հետ եղած է: Տեղահանութիւն կ’ըսենք մենք, աքսոր կ’ըսենք…հայրիկս կը խօսէր իշտէ: Կ’ըսէր թէ սեֆէրբելիք, սեֆէրբերլըքէն առաջ, սեֆէրբերլըք ալ աքսոր ըսեր է, ըշտէ մեր գիւղին մէջ սեֆէրբերլիքը տեղահանութեան իմաստով գործ կ’ածուի Թուրքիոյ մէջ՝ իշտէ աքսորէն առաջ, աքսորէն վերջ: Ասի Դիարբաքըրին մէջը ղալֆէ կ’ըսեն, մէկելը սեֆէրբերլիք կ’ըսէ, մէկելը ջարդ կ’ըսէ, մէկը աքսոր կ’ըսէ. ամէն տեսակ բան կ’ըսեն: Աս գիրքը կարդացի,- ալլահ, ալլահ, ասի մերին պատմութիւնին շատ կը նմանիկոր ըսի: Վերջը Իւ Թերնոնին գիրքը ելաւ, Էրմենի Թաբուսու` գիրքին անունը, ֆրանսերէնէն թարգմանուած: Կարդացի: Ալլահ, ալլահ, կ’ըսեմկոր, ասիկա Գիւրունին մէջ եղած նիւթերուն եղած նոյն նմուշը եղեր է. Արաբկիր, Սասուն, ալլահ, ալլահ, ինչպէ՞ս կ’ըլլայ: Բայց չէի մտածեր, որ ամբողջ տարածքներուն եղած է այդ բաները, հետաքրքիր բան մըն է: Վերջը Թանըր Աքչամէն[xv] գիրք մը ելաւ, անկէ վերջը հասկցանք, որ ցեղասպանութիւնը շատ լուրջ գործ մըն է եւ բոլոր աս սեֆէրբերլիք ըսուածը միայն մեր գիւղին մէջը չի եղեր, ամէն տեղը եղեր է… Բայց բան մը չգիտենք: Ըսեմ քեզի, որ նորմալ է բայց: Աս երկրին մէջ կ’ապրինքկոր, հո չես կրնար ամէն բան ասիլ: Ես շատ կը սիրեմկոր աս երկիրը, ես շատ լաւ ընկերներ ունիմ, աս ալ ըսեմ քեզի, շատ լաւ թուրք ընկերներ ունինք մենք: Մենք հիմա պետութիւնէն հետն ալ շատ լաւ լեզու կը գտնանք, որ մինչեւ…թերեւս մեռնենք: Շատ ալ չեմ գիտերկոր, բայց շատ գիտնալ ալ պայման չէ, ասանկ պիտի ապրիս, ասանկ գուշակելն (կանխատեսումներ անել – Հ.Խ.) ալ պարտաւոր ալ չեմ: Կեանքս աս է, քա՞նի տարի է, որ ես անիկա մտածեմ թէ ոչ՝ հիւանդ կ՚ըլլամ: Բան մը ալ ըսիմ՝ հաստատ գիտեմ, որ թուրքերը նոյնպէս չէին գիտեր: Եթէ մենք չգիտէինք, իրենք ինչպէ՞ս իմանային: Հիմա ալ չեն գիտերկոր…Եւ հիմա ալ ոմանք կ՚ապրինկոր, գիտեն որ իրենց մեծ հայրիկը ասանկ խնդիր ունի, հիմա անոնք ալ նոր կ՚անդրադառնանկոր, որ ասանկ պատմութիւններ կան. իրանց ալ մեղք է: Թալէաթ փաշային թոռը իմին աներձագիս կինն է, կ՚ըսէկոր որ, իրար հետ յարաբերութիւն ունինք, կ՚ըսէկոր, որ դուն ինծի հետ խօսք չես ուզեր (զրուցել – Հ.Խ.), չէ՞, ես Թալէաթ փաշային թոռն եմ, դուն ինծի չես սիրեր հաւանաբար կ’ըսէկոր: Աման, ի՞նչու,- կ’ըսեմկոր,- ի՞նչ կապ ունի, ի՞նչու չսիրեմ: Ջեմալ փաշային թոռը՝ Հասան Ջեմալը հիմա մէջտեղ կ’ելլակոր, կը գրէկոր, աս ալ կը տեսնանքկոր, ասպէս մարդուն ալ կը տեսնանքկոր, հիմա չիմանա՞նք աս մարդերուն արժէքն ալ, աւելի լա՞ւ կը սեպուի, եթէ լռեն:

Շատ դժուար, շա՜տ: Էսպէս բանի մը կը նայենք մէկ կողմէն, բայց միւս կողմը կայ դեռ: Մենք հիմա մեր գիւղին մէջ այլեւս տեղացի ենք, քանի որ գիւղին հողին տակն ալ արմատներ ունինք, ազգականներ ունինք այլեւս, անտեղը քանի հատ գերեզմաններ, անիկա գտնալ չ’ըլլալկոր: Հիմա մենք գերեզմանները շինել տուինք ասկէ վեց տարի առաջ, բայց ասանկ ուղղահայեաց խաչ չդրինք[xvi], տապանաքարին վրայ խաչ դրաւ Մինասը: Հիմա երկու հատ գերեզման ունինք, մէկ հատին մէջ Պօղոս դեդէն կայ, մէկ հատն ալ Մայրամ հօրաքոյրս կայ, որ փախցուցած են, 25ին ծնած է, 44ին մահացեր է արդէն… մէկ հատ մը Սիրանուշ հօրքոյրը կայ, որ մէկ տարեկանին մահացեր է, Մայրամ հօրաքոյրն ալ` ան ալ ուրիշ է, ասի մէկ տարեկանին մահացեր է: Ասոնք մեր յիշատակներն են:

Շատ մը իսլամացած հայեր ունինք, փաստ է ասիկա, եւ իրենց հետ յարաբերութիւններ ունենալու դժուարութիւն կայ: Ասիկա նոր առաջացած խնդիր է: Ես իսլամ ազգականներ ունեմ, իմ հարազատներս են, բայց անոնք հայի խնդիր չեն դներ, քուրդ են, ալեւի են, աս են, ան են, բայց չեն կարեւորեր, չեն դժգոհեր: Հիմա Անատոլուէն եկան՝ կ’ուզեն, որ իրենց հայ ընդունենք: Եւ հայ են իրաւամբ: Ասիկա պրոբլէմ է: Կը կարծեմ, որ իրենք պիտի ջանք գործադրեն: Վերջապէս մենք ալ հայ մնալու համար շատ ջանքեր արեցինք: Օր մը, Հրանտ Դինքի մահանալէն վերջը, Իստամբուլին մէջ կազմակերպուեցանք, փոսին (գերեզմանատան – Հ.Խ.) մէջ մէկ շաբաթ հերթով գիշերները կեցանք: Օր մը մենք` «Սայեաթ-Նովա»ցի ընկերներ հոն կը կենայինքկոր, օրն ալ չէր լմնցած՝ սասունցիներն ալ ուզեցան, որ նոյն գիշեր իրենք ալ մեզի հետ կենան: Հարկաւ` ըսինք, հրամմեցէք: Սասունցիների միութեան մէջ մէկ մասը իսլամացածներ, մէկ մասը քրիստոնեաներն են, եկան, իրար հետ կը խօսինկոր: Մենք ալ ըսինք, որ աղբարիկ, դուք հա՞յ էք: Հայ ենք,- ըսաւ մին, միւսները` մենք ալ հայ ենք: Հիմա գիտենք, որ մէկը հայ է, միւսները իսլամացած են, էս մէկ հայը` «ես իսլամացած հայ եմ» ըսաւ: Կը խօսենքկոր: Ըսաւ այո, դուք շատ տանջուեցաք, բայց ըսաւ, հայ ըլլալով մնացիք, մենք իսլամացած մնացինք, բայց մերին ինքնութիւնը շատ դեֆորմ (այլափոխուեց – Հ.Խ.) մը եղաւ, ըսաւ, մերին վիճակը շատ աւելի դժուար է ձեզմէ ըսաւ:

– Ինչո՞վ է դժուար:

– Չեմ գիտերկոր, բայց ըսաւ, որ շատ դժուար վիճակին մէջ ենք մենք ըսաւ, մերին ինքնութիւնը` հիմա մենք մուսուլման ենք` մուսուլման ենք, հայ ենք` հայ ենք, բայց ոչ մէկուն չենք կրնայ ասիկա բացատրել, չենք ալ կրնարկոր մեր ինքնութեան հետ համակերպուիլ: Բայց իրենք մեզի հայ կ’ըսենկոր, իսկ իրենք իրենց հեռուէն հեռու կ’ըսեն, որ կրօնափոխ մուսուլմաններ ենք, համա իրենց չեմ կարծեր որ հայ ըսեն: Իրենց մէջը աս կռիւը կ’ենին ըստ ինձի:

– Այս կրօնափոխների հայ համարուելու համար մկրտուածութիւնը նախապայմա՞ն է:

– Այո: Սփիւռքահայութեան մէջ մկրտուած ըլլալը նշան մըն է: Խորհրդանշան մըն է, անոր համար, որովհետեւ մենք պետութիւն չունինք, մենք եկեղեցիին հետ կապուած ենք, եկեղեցիին անդամ ըլլալու համար ալ մկրտուած ըլլալ պէտք է: Նոյնիսկ աթէիստ ըլլալու դէպքում: Եկեղեցին է մեզի համախմբողը: Հիմա` հետաքրքիր բան մը: Ես Հայաստան կ’երթամկոր, կը նայեմկոր, որ մեր տղաքը, ընկերները, հէչ մէկը եկեղեցիին հետ կապ չունի: Եկեղեցին Հայաստանում ուրիշ բան է, հոս՝ այլ բան է: Եկեղեցին հոս միայն կրօն չէ, հայկական կեանքի կառուցուածքի կարեւոր մաս մը է: Մերին հայկական կեանքը եկեղեցիի շուրջ կը դառնայ: Երեւանում Զէյթունին մէջ եկեղեցի մը կայ, Քանաքեռին մէջ ալ եկեղեցի կայ, բայց պատ[xvii] չիկայ: Պատ չիկայ: Մեր եկեղեցիները միշտ պատ ունին, գիտէ՞ք, աստեղները, այսինքն` սա տեղը, պատին ներսը պիտի հաւաքուենք, պատին մէջ պիտի քննարկենք բաներ, որ դուրսը չենք քննարկիր: Պատին ներսն է հայութիւնը: Իսկ իսլամները չեն կրնայ եկեղեցի, պատին ներսը ըլլալ:

– Դուք, որ քրիստոնեայ մնացիք, ամէն ջանք արեցիք կրթութիւն ստանալ: Իսլամ հայերի մէջ կրթութիւնը ինչպէ՞ս է:

– Իսլամ հայերին մէջ կրթութիւնը նորմալ, երկրի գնացքին (ընթացքին – Հ.Խ.) հետ հաւասար է ըստ իս: Ուսանողներ ալ կան, տգէտ մնացողներ ալ կան, ինչպէս թուրքին հետ համեմատութեան՝ հաւասար են ըստ ինծի: Քրիստոնեայ հայերի ուսանելու բանը աւելի շատ է, ան ալ ուրիշ ձեւի բան մըն է ձեզ ըսեմ: Օրի օր արհեստը մեր ձեռքէն կ’երթակոր, որովհետեւ մեր տղաքները կ’ուսանինկոր, մենք արհեստաւոր ժողովուրդ էինք, արհեստը մեր ձեռքէն կ’երթակոր բայց:

– Թու՞րքն է հիմա զբաղեցնում այդ տեղը:

– Քուրդը աւելի ճիշտ: Որովհետեւ արեւելքէն խախտեցին (շարժուեցին, գաղթեցին – Հ.Խ.) եւ հիմա քուրդը արհեստին մէջ աւելի առաջացաւ: Մեծ շինարարութեան համար էլ եթէ ըսենք` դարձեալ քուրդերը: Առաջացած շինարարական ֆիրմաներին շատերը քուրդերն են, անոնց բանուորներն ալ շատը քուրդեր են: Հիմա Իստամբուլում շինարարութիւն է եթէ, հարիւրէն` 80 տոկոս բանուորները քուրդեր են: Վեց յարկանին տունին համար չեմ ըսերկոր, անոնք ամէն ոք կրնայ ըլլալ, հայ ալ կրնայ ըլլալ, բայց մեծ ֆիրմաները քուրդերն են շատը:

– Հիմա էս սասունցիների խնդիրը, որ եկել են. դուք բոլորդ` ստամբուլահայերդ, այն՝ 50ականների եւ աւելի շուտ եկածները շատ էլ մօտ չեն թողնում սասունցիներին հայկական գործերին:

– Հիմա ուրիշ տեսակ ըսեմ: Ինչպէս պոլսահայերը չհաւնեցին մերիններին, մերինն ալ չհաւնեցին, որ սասունցիները մաքրեն: Հիմա ալ սասունցիները չեն արտօնիր նոր եկողներուն: Ասիկա, չնայած հայկական միջավայրի վիճակ է, բայց առհասարակ ենթակայ է Իստամբուլի կանոններուն: Հիմա դժբախտաբար աս Իստամբուլը շատ վատ բիզնէս է արդէն, իրեն խաղը ինքը կը կերտէկոր արդէն, իրեն մէջ ապրող ժողովուրդը իր մէջը կը հալեցնէկոր, եւ դժբախտաբար աս սասունցիները Պօլիսեցի դարձան: Մի մասը` երբեմն մեզի պէս ընդդիմադիր կեցողները անոնց կը քննադատենկոր,- դուք ի՞նչու էք Պօլիսը: Ես մէկ հատ մը ծանօթ ունիմ սասունցի` շատ աղուոր հայերէն կը խօսիկոր, բայց ես կը կարծէի, որ հայերէն չի գիտեր: Օր մը պատմեց Սասունին պատմութիւնը եւ անանկ աղուոր հայերէն կը խօսի եղեր որ, Սասունի հայերէնը, բարբառը: Բայց սովորաբար իրենց Սասունի բարբառը չեն գործածերկոր, իբրեւ թէ ամօթ է: Թուրքերէն կը խօսեն: Բայց ամօթը այն է, որ հենց որ գործածեն՝ բոլորը իրենց պիտի արհամար[հ]են: Ես քաջալերեցի, որ իրենք հայերէնը խօսեն։

– Ես էնպէս զգացողութիւն ունեմ, որ սասունցին հիմա խնդիր ունի, որ ուզում է պոլսահայութեանը ապացուցել, որ ինքը հայ է:

– Հա, դժբախտաբար աւելի վատը՝ իստամբուլահայ է: Կ’ըսենք, որ հայերէն չգիտեն, հայ չենք սեպէ իրեն: Բայց դրամ ունեցաւնէ՝ չենք նայի՝ հայերէն գիտի, չգիտի, անմիջապէս հայ է՝ եթէ ինք ուզենայ հայ ըլլալ: Ցուցամոլութիւն կայ, դրամի ցուցամոլութիւն: Իմին համայնքին մէջ է աս, ցուցամոլութիւնը հային համայնքին համար է, թուրքին համար չէ: Պրիստիժը (պատիւը, հեղինակութիւնը – Հ.Խ.) դրամն է, որքան որ. հիմա եթէ նայէքկոր մեր թաղականներուն՝ ամէնը շատ հարուստ մարդեր են, շատ փող ունենաս՝ կ’ընտրուիս: Հիմա որ շրջանաւարտ կ’ըլլանք մեր դպրոցներու, քսան տարի մեր միութիւնին կը ծառայենքկոր, իշտէ մի կողմ ալ կ’աշխատենքկոր: Ան էլ կայ որ, քսան տարի փող աշխատեր է, համայնքի գործերուն չի օգնել, ոչինչ չի արել, քսան տարիէն վերջը կու գակոր ատենապետ կ’ըլլակոր: Առանց մերին ներքին գործերէն, անցուդարձերէն տեղեակ ըլլալու, կու գակոր, անկէ վերջը կը սկսիկոր սովրիլ: Ադ մարդը հեշտութեամբ դրամ կը հաւաքի: Դրամ հաւաքելը շատ կարեւոր է: Ինքը նոյնիսկ իրեն դրամը չի տար, ես էրթամ հիմա մէկուն ըսեմ, որ սա չափի դրամ տուր, բան պիտի դնենք, ինձի չի տար, բայց անոր կու տայ: Ի վերջոյ ադ դրամն ալ իրեն աւելի դիւրութեամբ կու տան: Նոյնն է սասունցիներու համար: Կը հարստանայ, կը գայ մարդը՝ հայ կ’ուզեմ համարուիլ: Փող ունիսնէ՝ անմիջապէս հայ ես, հրամեցէ՜ք: Փող չունիս՝ ապացուցի՛ր հայ ըլլալդ: Միշտ կը խօսիք այս նիւթին վրայ, բայց միշտ ”ժամանակ չիկայ”, հիմա, հենց հիմա այս գործը պիտի լմննայ, գործն ալ ադ մարդը աւելի դիւրութեամբ կ’ընէ: Բայց ”ժամանակ չիկայ” ասելով, մենք շատ սուղ կը վճարենք անիկա: Աս մարդիկը ետքը կը թելադրեն, իսկ մէջը հոգի չիկայ, մեծ ծրագիր չիկայ:

– Ձեր զաւակները պիտի այստե՞ղ ապրեն:

– Անպայման: Ես չեմ ուզեր որ ուրիշ տեղ էրթան: Հոս պիտի ապրենք, ամէն ինչ պիտի անեմ ես ատոր համար:

– Ձեզի համար կարեւո՞ր է, հայի հետ կ’ամուսնանան, թէ՞…

– Այո: Ամէն բանին մէջ ես կրնամ թոյլ վարուիլ, բայց անոր մէջ` չէ: Անպայման: Գիտեն, անոնք ալ գիտեն:

————————————————————–

[i] Գիւրուն կամ Կիւրին – Քաղաք Սեբաստիա Վիլայէթի Սեբաստիա Գաւառում:

[ii] Ներգիսը իսլամացած Նազիրէի թոռնուհին է: Նրա պատմութիւնը տե՛ս՝ «Ի. Դարի Միջնադար (Իսլամացուած, Իսլամացած, Ալեւիացած, Ծպտեալ Հայերը Թուրքիայում», Հայկազեան Հայագիտական Հանդէս, Հտր. ԼԴ., Պէյրութ, 2014, էջ 519-523):

[iii] Ժաժ – Կաթնաշոռ, պանիր:

[iv] Մուդրոսի Պայմանագիր – Ա. Համաշխարհային Պատերազմում Երիտթուրքերի կողմից կառավարուող սուլթանական Թուրքիայի պարտութիւնից յետոյ, 1918 Հոկտեմբերի 30ին Մուդրոս Նաւահանգստում կնքուեց զինադադարի պայմանագիր, մինչեւ վերջնական պայմանագրի կնքումը: Զինադադարի պայմանագիրը ժամանակաւորապէս զգալիօրէն նուազեցրեց հայերի նկատմամբ հետապնդումները, քանի որ նախատեսում էր թուրքական զօրքերի դուրս բերում Կիլիկիայից եւ վեց հայկական վիլայէթների բռնազաւթում՝ «դրանցից որեւէ մէկում անկարգութիւնների դէպքում»: Իրականում զօրքերի դուրս բերումը փաստացի չիրականացուեց, շուտով մեծ թափ ստացաւ Մուստաֆա Քեմալի կողմից գլխաւորուող ”ազատագրական պատերազմ”ը, որի ընթացքում զօրքերի կողմից մի քանի կրկնակի հայկական ջարդեր կազմակերպուեցին, բայց տեղական վարչակազմերը որոշ ժամանակ աւելի զգոյշ էին եւ թաքնուած հայերի յայտնաբերման գործընացը փաստացի զգալիօրէն դանդաղել էր:

[v] Գարակէօզեան Վարժարանը գտնւում է Ստամբուլի Շիշլի Թաղամասում: Հիմնադրուել է 1912ին, որպէս Տիգրան Գարակէօզեանի 1896ի կտակի իրագործում: Ի սկզբանէ եղել է որբանոց-գիշերօթիկ դպրոց: Շէնքը նախապէս եղել է հիւանդանոցի շէնք, դպրոցի յարմարցրել են Գարակէօզեան ընտանիքի անդամները՝ ճարտարապետեր Սարգիս եւ Աւետիս Բեկմէզեանների օգնութեամբ: Մինչեւ 1994 Գարակէօզեանը նախատեսուած էր միայն տղաների համար, այնուհետեւ բացուել է նաեւ ցերեկային բաժինը եւ դարձել է երկսեռ: Գարակէօզեան դպրոցը, լինելով գիշերօթիկ, շատ մեծ դեր է խաղացել գաւառից 1950ականներից յետոյ Ստամբուլ տեղափոխուող հայ ընտաիքների թրքախօս եւ քրդախօս երեխաներին հայերէն սովորեցնելու գործում: Ներկայումս Ստամբուլի հայկական համանյքի յուզումների առարկան է դպրոցին սեփականութեան իրաւունքով պատկանող տարածքում եւ դպրոցի հարեւանութեամբ աւարտին մօտեցող 34 յարկանի երկնաքեռի կառուցումը, որի 18 յարկերը վարձով տրուած են «Մարիոթ» հիւրանոցային ըկերութեանը, իսկ 16 յարկերը նախատեսւում են առեւտրական կենտրոնների գրասենեակների համար:

[vi] Պեզճեան Վարժարանը համարւում է միջնակարգ դպրոց: Մինչեւ 1994ը այստեղ սովորում էին միայն տղաները: Բայց նոր տնօրէնի գալուստով բացուեց ցերեկային բաժին նաեւ աղջիկների համար: 2011ին գիշերօթիկը դարձաւ հանրակրթական դպրոց: Այն հիմնադրել է 1715ին Յովհաննէս Կոլոտ Բաղիշեցի պատրիարքը Կ.Պոլսի Սկիւտար Թաղամասում՝ եկեղեցու սպասաւորներ եւ ուսուցիչներ պատրաստելու նպատակով: 1741ին Յակոբ Բ. Նալեան պատրիարքը տեղափոխել է Գում Գափու՝ պատրարքարնին կից, եւ վերանուանել Մայր Դպրատուն: 1826ի հրդեհի ժամանակ այրուել են Պատրարքարանը, Մայր Դպրատունը եւ եկեղեցին: Շէնքերը վերականգնել է Պեզճեան Յարութիւն ամիրան եւ 1830ին վարժարանը վերանուանուել է Պեզճեան Մայր Վարժարան: Ներկայումս գործում է միջնակարգ դպրոցի ծրագրով, հայերէն դասաւանդւում են միայն հայերէն լեզու եւ կրօն, ուսուցումը թուրքերէնով է:

[vii] Հրանտ Դինք – (1954-2007), Ստամբուլում գործած հայ թղթակից, հայ-թուրքերէն լեզուներով լոյս տեսնող Ակօս թերթի հիմնադիրը (1996) եւ մինչեւ մահը՝ գլխաւոր խմբագիրը: Ակօսը Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ առաջին թերթն էր, որում 2000ից բարձրաձայնւում էին թուրքահայերի խնդիրները: Միաժամանակ, թերթը ուղղուած էր հայ-թուրքական յարաբերութիւնները վերաձեւաւորելու, վերաիմաստաւորելու, երկխօսութիւն սկսելու, նոր որակ առաջացնելու խնդիրներին: Սպանուել է 2007ին թուրք ազգայականների կողմից Ստամբուլի Շիշլի Թաղամասում գտնուող Ակօսի խմբագրատան շէնքի առաջ: Մինչեւ այսօր դատավարութիւնը շարունակւում է՝ պարբերաբար հանրային յուզումներ առաջացնելով: Դինքի սպանութիւնը եւ դրան յաջորդող դատավարութիւնները, մամուլի արձագանգը թուրքահայերի շատ խնդիրներ դարձրեց քննարկման նիւթ, եւ մի կողմից նպաստեց Թուրքիայի հայկական համայնքի գոյութեան հրապարակայնացմանը, իրենց ինքնութիւնը մեկուսի պահող բազմաթիւ հայերի ինքաբացայայտմանը, միւս կողմից, յատկապէս Թուրքիայի ազգայնական գաւառներում, գաւառահայութեան ինքնամեկուսացման նոր փնտրտուքներին: Այժմ Ակօսից զատ գործում է նաեւ Մարդու Իրաւունքների Պաշտպանութեան Հրանտ Դինք Հիմնադրամ, որի գլխաւոր առաքելութիւնը հայ-թուրքական յարաբերութիւնների վերաիմաստաւորման խնդիրն է: Հիմնադրամը գիտաժողովներ է կազմակերպում, պարգեւատրում է մարդու իրաւունքների համար պայքարող անձանց, ֆինանսաւորում է հայ-թուրքական հետազօտութիւններ եւն.:

[viii] Ստամբուլի Բաքըրքէօյ Թաղամասի Տատեան Վարժարանը 1844ին հիմնադրել է Յովհաննէս բէյ Տատեանը:

[ix] Ստամբուլի Ղալաթիա Թաղամասում գտնուող Կեդրոնական Վարժարանը համարւում է բարձրագոյն կրթական հաստատութիւն, որտեղ ուսումը շարունակում են 6ամեայ նախակրթարանը աւարտելուց յետոյ: Հիմնադրուել է 1886ին Ներսէս Պատրիարք Վարժապետեանի ջանքերով: Կեդրոնական էր, որովհետեւ ի սկզբանէ նախատեսուած էր, որ այստեղ պէտք է ուսումը շարունակէին Կ.Պոլսի, յետագայում՝ Ստամբուլի բոլոր թաղերի նախակրթարանների շրջանաւարտները: Մեծ դեր է խաղացել եւ շարունակում է խաղալ հայկական կրթութեան գործում:

[x] Էսայեան Վարժարանը գտնւում է Ստամբուլի սրտում՝ Թաքսիմում: Կառուցել են Յովհաննէս եւ Մկրտիչ Եսայեանները, 1890ին հող գնելով Ս. Յարութիւն Եկեղեցու մօտ, միաժամանակ նորոգելով եկեղեցին: 1908ին դպրոցը ստացել է աղջիկների լիսէի արտօնագիր, իսկ 1913ից դարձել է երկսեռ: Առաջին Աշխարհամարտի տարիներին դարձել է բուժքոյրերի վերապատրաստման դպրոց, սակայն 1922ին մի մասը վերածուել է որբանոցի, իսկ 1923ից վերսկսուել է դպրոցական դասաւանդումը: Այժմ ունի մանկապարտէզ, նախակրթարան, միջնակարգ եւ լիսէի ծրագրերով դասաւանդում:

[xi] Սայեաթ-Նովա երգչախումբը Ստամբուլում հիմնադրուել է 1972ի Ապրիլի 24ին: Ունի 60 երգիչ: Այսօր կենդանի են երգչախումբը հիմնադրած մարդիկ, ովքեր պատմում են երգչախումբը հիմնելու շրջանում իրենց վախերի, իրաւունքների մասին: Դա մի շրջան էր, երբ Ստամբուլում հայերը չէին բարձրաձայնում իրենց գոյութիւնը, խուսափում հրապարակային-հանրային կեանքից, հաւաքւում ու երգում էին հայկական եկեղեցիները շրջապատող «փակ պարիսպների ներսում», «իրենք իրենց համար»: Բազմաթիւ փորձութիւններով անցնող երգչախմբի անդամները յաճախ համալրւում էին նոյն ընտանիքների անդամներից՝ ամուսիններ, ծնողներ-զաւակներ, որպէս առաւել համարձակներ: Աւելի ուշ համատեղ համերգեր են ունեցել 1993ին հիմնադրուած եւ շատ շուտով սիրուած «Քարդէշ Թիւրքուլէրը» խմբի հետ, որը Բողազիչի Համալսարանում ձեւաւորուած երգչախումբ էր եւ փորձում էր Թուրքիայի հանրութեանը ներկայացնել Թուրքիայի այլալեզու ժողովուրդների, ներառեալ հայերի երաժշտական ժառանգութիւնը՝ իրենց ազգային լեզուներով: Այսօր «Սայեաթ Նովա» հարուստ փորձառութիւն ունեցող երգչախումբը յաճախ է ելոյթներ ունենում Ստամբուլի եւ Երեւանի համերգասրահներում:

[xii] 1955ի Սեպտեմբերի 6-7ին Ստամբուլում կազմակերպուեց ոչ-մահմեդականների հերթական ջարդ: Այն ուղղուած էր գլխաւորապէս յոյների դէմ, բայց ջարդարարները հաւասարապէս ջարդեցին ու կողոպտեցին նաեւ հայերի ու հրեաների բնակարանները, խանութները, արտադրական կառոյցները: Իշխանութիւնները ոչ միայն երկու օր չմիջամտեցին դէպքերի ընթացքին, այլեւ, ըստ տեղեկութիւնների, իրենք էին Ստամբուլի յարակից տարածքերից հանրակառքերով նորանոր ջարդարարների խմբեր տեղափոխում Ստամբուլ: Այդ ջարդերից յետոյ Ստամբուլում կտրուկ նուազեց յոյների ու հայերի թիւը:

[xiii] Մինչեւ 1965 ԽՍՀՄում նոյնպէս Հայոց Ցեղասպանութեան մասին դասագրքերում ոչինչ չէր գրւում, եւ սպանուած հայ գրողների կենսագրութիւնների մասին հանրագիտարաններում սովորաբար գրւում էր՝ «մահացել է»: Նոյնն էր պարագան նաեւ ստալինեան բռնութիւնների զոհերի. գնդակահարուած մարդկանց մասին բոլոր տեղեկատուներում ընդհուպ մինչեւ 70ականների վերջերը գրուած էր՝ մահացել է 1937ին, 1938ին:

[xiv] Իւ Տերնոն (Yves Ternon) – Ֆրասիացի բժիշկ եւ պատմաբան, Հայոց Ցեղասպանութեան հետազօտող:

[xv] Թանէր Աքչամ – Ազգութեամբ թուրք պատմաբան, ԱՄՆում աշխատում է Հայոց Ցեղասպանութեան վերլուծութեան խնդիրների վրայ:

[xvi] Ուղղահայեաց խաչից խուսափել են գիւղի ալեւիների զգացմունքները չվիրաւորելու համար:

[xvii] Պարիսպ, որի ներսում մարդիկ կարող են հաւաքուել եւ պարսպից դուրս գտնուողներից իրենց մեկուսացած զգալ: