Ոչ թե մանդատը վայր դնել, այլ հաշտության ու համերաշխության եզր գտնել

1458

Հայաստանի խորհրդարանում մանդատները վայր դնելու պատրաստակամության շուրջ ելույթները առավել քան պարզունակ են ու պոպուլիստական: Կարծես՝ երեխաների կռիվ լինի՝ դու մանդատը վայր դիր, ես էլ վայր դնեմ: Ու այդ ամենը հնչում է Հայաստանի ամենաներկայացուցչական ամբիոնից: Ամեն ինչ չեք կարող վաճառել այս հանրության վրա, որի արդար քվեն ձեզ բերել է խորհրդարան և լիազորել գործ անել:

Դուք ձեր մանդատները վայր դնելը մի ներկայացրեք որպես զոհողություն, հայրենասիրություն կամ առաքինություն: Ձեր որակների մասին մտածող ու ոչ անտարբեր հայ հանրությունը դատում է ձեր պահվածքից և ոչ թե պաթոսախեղդ տեքստերից: Դուք ու ձեր թիմակիցները մանդատ վայր դնողներ չեք: Դուք շատ բան վայր կդնեք, բայց մանդատ վայր չեք դնի, քանի որ երբ մանդատը վայր դնեք, տակը շատ բան չի մնա: Մանդատն է, որ գեղեցկացնում է ձեզ: Մանդատ վայր դնողը դնում է ու լուռ հեռանում:

Դուք պետք է այլ բան անեք՝ հաղթահարեք ներքաղաքական այս անհաշտ վիճակը, որովհետև ձեր հայհոյախառն, փողոցային պահվածքով ու անպարկեշտ բառապաշարով թունավորում եք հասարակությանը, խորացնում բաժանարար գծերը:

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կարողացել է ուժ գտնել և ներողամտություն հայցել պատգամավոր Անի Սամսոնյանին ԱԺ ամբիոնից անթույլատրելի վիրավորական արտահայտությունների համար:

Ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը չի կարողացել ուժ գտնել և ներողամտություն հայցել «անբարոյականի վաստակ» քստմնելի բառերի համար:

Բայց հիմա այլևս կարևոր չէ «ով առաջինը սկսեց» արդարացումը:

Փոխադարձ վիրավորական այս բառապաշարը անհանդուրժողականության մթնոլորտ է ձևավորում հասարակության ներսում՝ իշխանական «Իմ քայլի» ու ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» հազարավոր հետևորդների ներքաշելով թշնամական ոլորապտույտի մեջ:

Նայե՛ք սոցիալական ցանցերը: Հետևե՛ք լրատվամիջոցներում տարվող խոսակցություններին: Մարդիկ ամենաստոր հայհոյանքներ են օգտագործում միմյանց հասցեին, սպառնում ֆիզիկական հաշվեհարդարով:

Ներողամտություն և համերաշխություն հայտնելը ուժեղ անհատի որակ է:

Մինչև այժմ մենք չլսեցինք կլասիկ Էդմոն Մարուքյանի, հրձիգ պատգամավորներ Բաբկեն Թունյանի ու Անի Սամսոնյանի, ամբոխի բնազդ դրսևորած Վահե Ղալումյանի ու Արտակ Մանուկյանի ափսոսանքի խոսքերը:

Ազգային ժողովի այս ու շատ այլ պատգամավորները չափից դուրս և շուտ շփացան, դարձան ամբարտավան և ինքնասիրահարված:

Սակայն որքան էլ քննադատական խոսքեր հնչեցնենք խորհրդարանական ընդդիմության ու նրա ղեկավարներից Էդմոն Մարուքյանի հասցեին, առաջին հերթին իշխանություններն են, որ պետք է քայլ անեն: Քայլ անեն՝ մերժելու անհանդուժողականությունը:

Ազգային ժողովի ղեկավարությունը պետք է դուրս գա այս անօգնական վիճակից և փորձի վերահսկել իրավիճակը: Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանն ու փոխխոսնակները պետք է գիտակցեն, որ իրենք ներկայացուցչական մարմնի ղեկավարներ են, այլ ոչ կուսակցական ֆունկցիոներներ, որոնք առաջնորդվում են նեղ կուսակցական շահերով:

Այս թունավորված իրավիճակում կարևոր է վարչապետի խոսքը: Վարչապետը իրեն ընտրողների ու չընտրողների ներկայացուցիչն է հավասարապես, սակայն չի կարողանում դուրս գալ «Իմ քայլի» պատյանից: Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը հուսահատեցնող էր, մեղմ ասած:

Նախագահ Արմեն Սարգսյանը՝ որպես հանրապետության գլուխ, կարող էր լուռ չմնալ և խոսք ասել: Բայց նախընտրում է լուռ մնալ և վատամարդ չլինել:

Ու գիտեք ի՞նչն է ամենից ապշեցնողը: Հայաստանը կանգնած է մարտահրավերների առաջ՝ կորոնավիրուս, տնտեսական ճգնաժամի վտանգ, ներդրումների ու զբոսաշրջության բացակայություն, հարևանների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ բարդ հարաբերություններ, հետաձգված հանրաքվե, Սահմանադրական դատարանի ճգնաժամ, նախկին իշխանությունների կողմից հայտարարված պատերազմ նոր իշխանություններին, Արցախի խնդիր… Ու այս մարտահրավերներին ընդառաջ՝ երկրի ներկայացուցչական մարմինն ու քաղաքական մեծամասնությունը դրսևորում է ոչ համարժեք, անլուրջ կեցվածք:

Հաջորդ համապետական ընտրություններում՝ լինեն դրանք հերթական կամ արտահերթ, լինի դա սահմանադրական փոփոխությունների կամ նախկին իշխանություններին նվիրյալ անդամ դատավորների հեռացման, հանրությունը համարժեք պատասխան է տալու մեծամասնության և ընդդիմության այսօրվա վարքագծին: Պատասխան է տալու իր քվեով:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ