Նոյեմբերյան անունը փոխե՞լ, թե՞ թողնել նույնը

1725
Հայաստանում բազմաթիվ փողոցների, գյուղերի, քաղաքների ու վարչական շրջանների անուններ փոխվեցին հանրապետության անկախացման հետ միասին: Մեծությամբ երկրորդ քաղաք Լենինականը՝ ցարական շրջանի Ալեքսանդրապոլը, վերանվանվեց Կումայրի, ապա Գյումրի: Երրորդ քաղաք Կիրովականը դարձավ Վանաձոր: Հոկտեմբերյան շրջանն ու համանուն քաղաքը դարձան Արմավիր:

Բազմաթիվ փողոցներ, գյուղեր, քաղաքներ ու վարչական շրջաններ շարունակում են կրել ցարական և խորհրդային շրջանի անուններ: Դրանցից մեկը Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանը և համանուն քաղաքն է: 1990-ական թվականների սկզբից բազմիցս քննարկվել է քաղաքի և շրջանի անվանափոխության կարևորությունը, սակայն Նոյեմբերյան անունը անփոփոխ է 1938 թվականի հունվարի 4-ից, երբ նախկին Բարանա գյուղը դարձավ նորաստեղծ շրջանի կենտրոնը:

Անվանափոխությունը շատ բարդ գործընթաց է: Այսպես, դու կարող ես վաղը նոր անուն տալ քաղաքին և շրջանին, սակայն տասնամյակներ են պետք, սերունդների փոփոխություն, համակերպում, որպեսզի նորը հաստատվի մարդկանց առօրյայում: 1938 թվականից անցել է ավելի քան 80 տարի, սակայն նոյեմբերյանցիների և շրջակա գյուղերի բնակչության մի հատված շարունակում է այն կոչել Բարանա, ավելի ճիշտ՝ Բրանա ձևով:

Այսօր Նոյեմբերյանի նախկին շրջանը, որ ձևավորվել էր 1937 թվականի դեկտեմբերի 31-ին 538 քառակուսի կիլոմետր տարածքի վրա, որպես վարչական միավոր գոյություն չունի: Շրջանը մաս է կազմում Տավուշի մարզի, հետևաբար՝ Նոյեմբերյանի շրջանի անվանափոխության հարց ուղղակի չկա, քանի որ այլևս չկա շրջաննը: Խոսքը Նոյեմբերյան քաղաքի և համայնքի անունը փոխելու մասին է, եթե, անշուշտ, նման ցանկություն կա բնակիչների շրջանում: Օրինակ, հարևան Ալավերդի քաղաքի բնակիչները հակված չեն հրաժարվել թուրքական Ալլահ Վերդի, այսինքն՝ Աստծո տված ձևից: Ցանկանո՞ւմ են Նոյեմբերյանի բնակիչները, որ փոխվի քաղաքի անունը: Սա բացառապես այդ քաղաքի բնակիչների իրավասության շրջանակում է: Իսկ եթե պետք է փոխել նաև Նոյեմբերյան համայնքի անունը, ապա դրա համար կարիք կլինի հարցնել նաև համայնքին մաս կազմող Բարեկամավան, Կոթի, Ոսկեվան, Բաղանիս, Ոսկեպար, Ջուջեվան, Դովեղ և Բերդավան գյուղերի բնակիչների կարծիքը:

Ես չեմ ուզում որևէ անուն առաջարկել Նոյեմբերյանի համար: Առաջարկների պակաս երբեք չի եղել: Ամբողջ խնդիրն այն է՝ պատրա՞ստ են քաղաքի բնակիչները հրաժարվել հեղափոխությունը խորհրդանշող անունից, որը դարձել է իրենց ինքնության մաս:

․․․

Այս գրության մեջ ուզում եմ անդրադառնալ Նոյեմբերյանի շրջանի ձևավորմանը և պատմությանը սկսած 1800-ական թվականներից: Գուցե պատմությունը օգնի, որպեսզի գտնենք լավագույն անունը, իհարկե, եթե ուզում ենք:

Նոյեմբերյանի գյուղերը, նախքան համանուն շրջանի ձևավորումը, Իջևանի և Ալավերդու շրջանների մաս էին կազմում: Ջուջևան, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան և Ոսկեպար գյուղերը Իջևանի շրջանի կազմում էին, իսկ դրանից առաջ՝ Դիլիջանի գավառի, իսկ Նոյեմբերյան, Դովեղ, Կողբ, Բերդավան, Զորական, Հաղթանակ, Այրում, Լճկաձոր, Արճիս, Պտղավան, Դեղձավան, Բագրատաշեն և Դեբեդավան գյուղերը՝ Ալավերդու շրջանի:

Այսպիսով, 1937-ի դեկտեմբերի 31-ին Իջևանի և Ալավերդու շրջանների հաշվին ձևավորվել է նոր շրջան՝ Նոյեմբերյանը:

Նոյեմբերյանի շրջանի տարածքը աշխարհագրորեն կազմված էր Տավուշից (Իջևանի շրջանի գյուղեր), Լոռուց և Դեբեդի հովտից (Ալավերդու շրջանի գյուղեր): Այս փոքր տարածքում բարբառների բազմազանությունը ևս խոսում է աշխարհագրորեն տարբեր մասերի միավորման մասին: 1940-ական թվականներից բարբառների թիվը ավելացավ, երբ Նոյեմբերյանի շրջանի Դեբեդի ավազանի գյուղերում հաստատվեցին Վրաստանի Ծալկայի շրջանից հայեր: 1988-ից ավելացան առնվազն ևս երկու բարբառներ, երբ Զորական (նախկինում՝ Վերին Քյորփլու), Հաղթանակ, Պտղավան և Դեբեդավան գյուղերում հաստատվեցին Ադրբեջանից եկած չարդախլվեցիները (Դաշտային Արցախ, Շամխորի Չարդախլու գյուղ), վարդաշենցիները և որոշ ուտիներ:

1918-1920 թվականներին Նոյեմբերյանի շրջանը վիճելի տարածք էր Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև: Նկատենք, որ Նոյեմբերյանի շրջանը ընդհանուր սահման ունի Վրաստանի հետ՝ հյուսիսում և հյուսիս-արևելքում, ինչպես նաև՝ Ադրբեջանի հետ՝ արևելքում: Եթե Դեբեդի հովտին հավակնում էր Վրաստանը, ապա շրջանի մյուս հատվածի նկատմամբ հավակնություն ուներ Ադրբեջանը: Պատահական չէ, որ 1920-ին Ղալաչա (Բերդավան) – Դվեղ (Դովեղ) – Դոստլու (Ղուրումսուլու, այսօր՝ Բարեկամավան) – Կոթի – Ղոշղոթան (Ոսկեվան)- Բաղանիս – Ոսկեպար սահմանային ամբողջ հատվածում տեղի են ունեցել արյունալի բախումներ, որոնց մասին օրվա մամուլում կան բազմաթիվ գրություններ:

Դեբեդի հովտի նկատմամբ հավակնություն ուներ Վրաստանը, սակայն 1918-ի դեկտեմբերի հայ-վրացական պատերազմը զսպեց այդ հավակնությունները: Այդուհանդերձ, Դեբեդի ավազանի որոշ հատվածներ, այնտեղ, որտեղ այսօրվա ադրբեջանաբնակ Թազաքենդ և Բուրմա գյուղերն են Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանում՝ Պտղավան գյուղի հենց դիմաց, Դեբեդի ձախ ափին, անցան Խորհրդային Ադրբեջանին: Չպետք է բացառել, որ տեղի է ունեցել տարածքների փոխանակում, ինչը բնորոշ էր Խորհրդային Միության հանրապետություններին:

Վրաստանը հավակնություն ուներ Դեբեդի հովտի նկատմամբ, քանի որ երկար տարիներ այս հատվածը Բորչալու գավառի կազմում մաս է կազմել Թիֆլիսի նահանգի, իսկ 1918-ին Վրաստանը իր անկախությունը հռչակել է նաև Թիֆլիսի նահանգի տարածքում: Նույն կերպ, Ադրբեջանը հավակնություն ուներ Նոյեմբերյանի շրջանի նկատմամբ՝ Բերդավանից մինչև Ոսկեպար, քանի որ երկար ժամանակ այս հատվածը Ղազախի գավառի կազմում մաս էր Ելիզավետպոլի նահանգի, որի նկատմամբ 1918-ին հավակնություն ուներ նորաստեղծ Ադրբեջանը: 1918-ի մայիս-հունիսին, երբ հիմնադրվում էր Հայաստանը, Նոյեմբերյանի շրջանի գյուղերը ՀՀ-ի մաս չէին կազմում, բայց արդեն նույն տարվա դեկտեմբերից այն դարձան Հայաստանի մաս:

Այսօր Նոյեմբերյանի շրջանը հանրապետության ամենակենսական տարածքն է, քանի որ այնտեղով է անցնում Վրաստանի և արտաքին աշխարհի հետ կապող երկաթուղին ու մայրուղին, այնտեղով է Հայաստան մտնում գազատարը:

Վերադառնանք կրկին Նոյեմբերյան անվանը: Ինչպես նշեցինք, քանի որ այլևս չկա Նոյեմբերյանի շրջանը որպես վարչական միավոր, ապա փոփոխության ենթակա է միայն Նոյեմբերյան քաղաքի անունը, եթե դա ցանկանում են նրա շուրջ 5 000 բնակիչները: Այսօր այլևս տեղին չէ քննարկել Նոյեմբերյանի համար այնպիսի անուններ, ինչպիսիք են Ոսկեպարը, Ոսկեվանը, Կողբափորը, Դեբեդը և այլ անույներ, որոնք ընդգրկում են նախին Նոյեմբերյանի շրջանը:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ

Լուսանկարում՝ Նոյեմբերյանի Սրբասար սարը, որտեղից բացվում է լայն տեսարան դեպի Վրաստան և Ադրբեջան