Արցախյան պատերազմի տարիներին Թեհրանը չեզոքություն էր պահպանում: Մի կողմից Իրանը, հաշվի առնելով իսլամական համերաշխությունը, ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հորդորում հայկական ուժերին դուրս գալ “ադրբեջանական տարածքներից”, մյուս կողմից՝ առաջին անհրաժեշտության ապրանքներ առաքում երեք կողմից շրջափկման մեջ գտնվող Հայաստանին: Երբ Արցախյան ուժերը մտան Քարվաճառ/Քելբաջար, Թեհրանը բավականին կոշտ արձագանքեց:
Ներկայացնում ենք մի հատված Թաթուլ Հակոբյանի ԿԱՆԱՉ ու ՍԵԻ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ գրքից
___________________________
Թեհրանը պահանջեց, որ ՙհայկական զինված ուժերն ազատեն գրավված ադրբեջանական տարածքները՚:
Իրանում Հայաստանի դեսպան Վահան Բայբուրդյանը Քելբաջարի լուրը ստանում է Իրանի ԱԳՆ-ում. ՙՂարաբաղյան ուժերը վերահսկողության տակ էին վերցրել Քելբաջարը, ամեն ինչ թարմ էր, ինձ դեռ չէին տեղեկացրել: Դիվանագիտական էտիկետի մեջ այսպիսի բան կա. եթե ծանր խոսքեր են ասելու, դեսպանին դիմավորում են խոժոռված դեմքեր: Ինձ դիմավորողների դեմքերից հասկացա, որ ինչ-որ բան է կատարվել: Ինձ ընդունեց արտգործնախարարի տեղակալներից Մալեքին: Քելբաջարի գրավման առիթով բանավոր բողոք ներկայացրեց՚:
Որոշ ժամանակ անց Թեհրանի տարբեր համալսարանների ուսանողներ բողոքի ցույց են կազմակերպում Իրանում Հայաստանի դեսպանության շենքի դիմաց` ՙդատապարտելով հայկական ագրեսիան եւ պահանջելով անհապաղ հայկական ուժերի դուրսբերումն Ադրբեջանի տարածքից՚:
Դեսպան Բայբուրդյանը շարունակում է. ՙԱհռելի մի ամբոխ շարժվեց դեպի դեսպանություն: ՙԿորչի հայկական ֆաշիզմը՚, ՙԿորչեք օկուպանտներ՚ և նման կոչերով հանրահավաք կազմակերպվեց: Իրանական ոստիկանությունն անմիջապես ժամանեց, բայց քայլարշավն ու հանրահավաքն այնքան հախուռն և թափով էր, որ ոստիկանությունը գլուխ չհանեց: Ամբոխը սկսեց դեսպանատան վրա քարեր, բենզինով լի շշեր նետել, փորձում էին դեսպանատան դռները ջարդել: Իրանի կառավարությունը բերեց ՙԿոմանդոս՚ տեսակի զորքեր, եւ ամբոխը ցրվեց՚:
Հաջորդ օրը` ապրիլի 14-ին, արտգործնախարար Վահան Փափազյանն արտգործնախարարություն է հրավիրում Երևանում Իրանի գործերի հավատարմատար Ահմադ Սոբհանիին և միջադեպի կապակցությամբ պահանջում բացատրություն:
Դեսպան Բայբուրդյանը խորհրդատվության նպատակով կանչվում է Երևան. ՙՄենք մեկ շաբաթով իջեցրինք դեսպանության դրոշը, ես վերադարձա Երևան: Դրանից հետո Երևանում Իրանի դեսպանությունը խնդրեց, որ վերադառնամ, և միջադեպը համարվեց հարթված՚:
Իրանի կրոնապետ այաթոլլա Ալի Խամենենին 1993թ. հուլիսի վերջերին այցելում է Թավրիզ և հայտարարում, որ Իրանն անտարբեր չի մնա ադրբեջանական տարածքների հանդեպ հետագա ոտնձգությունների նկատմամբ. ՙՀայաստանի կառավարությունը և Ղարաբաղի հայերը ճնշում են մահմեդականներին, և մենք դատապարտում ենք Ղարաբաղի հայերի վերջին գործողությունները, որոնք վայելում են Հայաստանի կառավարության օժանդակությունը՚:
Լուսանկարում՝ տեսարան Թեհրանից