Երվանդ Օտյանն է առաջինը խոսել Թալեաթ-Էնվեր-Ջեմալ եռյակին պատժելու մասին՝ 1918-ի վերջին

926

Հայ նշանավոր երգիծաբան Երվանդ Օտյանը, ով 1915-ի աքսորված պոլսահայ մտավորականության մեջ էր և հրաշքով վերապրեց Հայոց ցեղասպանությունը, առաջինն է եղել, որ հրապարակավ գրել է Թալեաթ-Էնվեր-Ջեմալ եռյակին պատժելու անհրաժեշտության մասին: Օտյանը ևս եղել է առաջինը, ով հրապարակավ խոսել է Ապրիլ 24-ը հիշատակելու մասին:

Օտյանի ներքո գրությունը տեղ է գտել Պոլսի ԺԱՄԱՆԱԿ օրաթերթի 1918 թվականի դեկտեմբերի 8-ի համարում:

ԱՐԺԱՆԱՒՈՐ ՊԱՏԻԺ ՄԸ ԳՏԷՔ

Հեռագիրը մեզի աւետեց թէ հին եւ նոր դերերու մեծագոյն ոճրագործները՝ Թալէաթ, Էնվէր եւ Ճէմալ Պերլինի մէջ ձերբակալուած են եւ յանձնաուած օսմանեան կառավարութեան որ զանոնք պիտի դատէ եւ իրենց արժանաւոր պատիժը տայ:

Ի՞նչ արժանաւոր պատիժ կարելի է տալ Հայ ազգային բնաջնջման այդ երեք գլխաւոր պատասխանատուներուն:

Ահա դժուարին հարց մը:

Այս հարցը լուծելու համար կը դիմեմ «Ժամանակ» ի ընթերցողներուն: Անոնք որ այս երեք հրէշներուն արժանաւոր պատիժ մը կրնան երեւակայել, թո՛ղ հաճին զայն ամփոփ կերպով հաղորդել մեր խմբագրութեան:

Հասած պատասխաններուն լաւագոյնները պիտի հրատարակենք «Ժամանակ» ի մէջ:

ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆ