«Դավաճան» թուրքը՝ Հյուսեյին Նեսիմի բեյ

4202

2013 թվականի հուլիսին ՀՅԴ պաշտոնաթերթերից The Armenian Weekly-ին The Real Turkish Heroes of 1915  (http://armenianweekly.com/2013/07/29/the-real-turkish-heroes-of-1915/) խորագրով ընդարձակ հոդվածում, որի հեղինակը Րաֆֆի Պետրոսյանն է, անդրադարձավ այն մի քանի թուրք պաշտոնյաներին, ովքեր հրաժարվեցին կատարել հայ ժողովրդի դահիճ Թալեաթ փաշայի հրամանը՝ հայերին բնաջնջելու գազանային ծրագրերը, և անգամ փորձեցին նրանց փրկել մահվան ճամփորդություններից: Հոդվածը հրապարակեցին նաև ՌԱԿ-ի The Armenian Mirror-Spectator-ը (http://www.mirrorspectator.com/2013/08/01/real-turkish-heroes-of-1915/) և Երևանի ԱԶԳ-ը (http://www.azg.am/AM/2013110209): Այդ թուրք պաշտոնյաները թուրքական պաշտոնական պատմագրության մեջ համարվում են դավաճաններ: Այդ “դավաճան” թուրքերից ամենից ողբերգական ճակատագիրն ունեցավ Դիարբեքիրի Լիջե քաղաքի քաղաքապետ Հյուսեյին Նեսիմի բեյը (Hüseyin Nesîmi Bey, Lice Kaymakamı):

Մինչ Դիարբեքիրի կառավարիչ Ռեշիտ բեյը անողոքաբար բնաջնջում էր հայերին հենց իր քաղաքի սահմանների մոտակայքում, Հյուսեյին Նեսիմին պաշտպանում էր Լիջեի շուրջ վեց հազարանոց  հայկական համայնքին: Հավանաբար տեղեկանալով այդ մասին, Ռեշիտը իր մոտ Դիարբեքիր է կանչում նրան, իբր հանդիպման, բայց կարգադրում է, որ ճանապարհին իր չերքեզ պահակներից մեկը՝ Հարունը, սպանի նրան: 1915 թվի հունիսի 15-ին Հարունը սպանում է Հուսեյինին և դիակը գցում փոսի մեջ: Այդ օրվանից սպանության վայրը կոչվում է Turbe-i Kaymakam, այսինքն՝  քաղաքապետի դամբարան: Թուրքական աղբյուրներում սպանությունը վերագրվում է հայերին:

Ճակատագրի հեգնանքով, 1993-ի հոկտեմբերին թուրքական բանակը հարձակվում է Լիջեի վրա՝  քուրդ ապստամբներին ոչնչացնելու նպատակով: Փոխարենը նրանք ամբողջ քաղաքն են հրդեհում և սպանում անմեղ բնակիչներին: Դեպքը դառնում է առաջին դատական գործը, որ քրդերը հարուցում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որն էլ պարտադրում է Թուրքիային 2,5 միլիոն ֆունտ փոխհատուցում վճարել: Բայց, միևնույն ժամանակ, մի քանի հարուստ քուրդ գործարարներ սպանվում են այդ ժամանակվա Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերի կարգադրությամբ:

Զոհերից մեկը Բեհչետ Չանթուրքն էր, որի մայրը հայ որբուհի էր, ողջ մնացած Լիջեի 1915-ի կոտորածներից: