Ջելալ բեյ. խիղճ ու հոգի ունեցող թուրք, ով իր մասով չկատարեց Թալեաթի հրեշավոր ծրագիրը

4926

1915-ին Օսմանյան կայսրությունում եղել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք, վտանգելով իրենց և հարազատների կյանքը, հրաժարվել են կատարել Թալեաթի, Էնվերի և Երիտթուրք ոճրագործների հրեշային ծրագիրը։

Նրանցից մեկի` Դիարբեքիրի Լիջե քաղաքի քաղաքապետ Հյուսեյին Նեսիմի բեյի (Hüseyin Nesîmi Bey, Lice Kaymakamı) մասին ԱՆԻ-ն արդեն գրել է (“Դավաճան” թուրքը՝ Հյուսեյին Նեսիմի բեյ, https://www.aniarc.am/2015/02/08/husayn-nesimi-bey-1915/):

Խիղճ ու հոգի ունեցող մեկ այլ բարձրաստիճան թուրք էր Ջելալ բեյը (Celal Bey)` Հալեպի, ապա և Կոնիայի կառավարիչը: Նա հստակ գիտեր, թե ինչ է սպասվում հայերին դեպի Դեր Զոր բռնագաղթի ճանապարհին: Նախկինում եղել էր Հալեպի կառավարիչ եւ տեսել էր այնտեղի բռնությունները: Նա փորձել էր բացատրել «Իթթիհատի» առաջնորդներին, որ կայսրության արևելյան հայահոծ շրջաններում կամ Հալեպում հայերի կողմից ապստամբության փորձեր չկան եւ զանգվածային բռնագաղթը այդ վայրերից արդարացված չի կարող լինել:

Ջելալ բեյին ազատեցին Հալեպում իր զբաղեցրած պաշտոնից եւ տեղափոխեցին Կոնիա: Այնտեղ նա հրաժարվեց կատարել հայերին բռնագաղթի ենթարկելու Ստամբուլից եկած հրամանները եւ նույնիսկ պաշտպանեց մի խումբ հայերի, որոնք այլ շրջաններից Կոնիա էին հասել: Մինչեւ իր այդ պաշտոնից էլ ազատելու հրամանը (1915-ի հոկտեմբերին), նրան հաջողվել էր փրկել հազարավոր հայերի:

Այդ մասին նա գրել է իր հուշերում. «Ես նման եմ մի մարդու, որը նստած է գետի ափինՙ առանց որեւէ հնարավորության փրկելու որեւէ մեկին: Արյունը հոսում էրՙ գետն ի վար տանելով իր հետ հազարավոր անմեղ երեխաների, անբասիր ծերունիների եւ անօգնական կանանց: Ում որ կարող էի փրկել, ես փրկեցի, մնացյալները գետն ի վար գնացին անվերադարձ»:

Հ. Գ. Ջելալ բեյի և հայերին փրկած մյուս բարձրաստիճան թուրքերի մասին գրվել է 2013 թվականի հուլիսին ՀՅԴ պաշտոնաթերթերից The Armenian Weekly-ում The Real Turkish Heroes of 1915 (http://armenianweekly.com/2013/07/29/the-real-turkish-heroes-of-1915/) խորագրով ընդարձակ հոդվածում, որի հեղինակը Րաֆֆի Պետրոսյանն է։ Հոդվածը հրապարակեցին նաև ՌԱԿ-ի The Armenian Mirror-Spectator-ը (http://www.mirrorspectator.com/2013/08/01/real-turkish-heroes-of-1915/) և Երևանի ԱԶԳ-ը (http://www.azg.am/AM/2013110209):