Փաշինյանն Արցախում ինչո՞ւ նախընտրեց Հարությունյանին․ Էմիլ Սանամյան

1058

Մարտի 31-ին Արցախում անցկացվեցին նախագահական և խորհրդարանական համապետական ընտրություններ: Նախագահի 14 թեկնածուներից և ոչ մեկը չհաղթահարեց 50 տոկոսի շեմը: Նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը հավաքեց ձայների 49,3 տոկոսը, իսկ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ՝ 26,4 տոկոսը: 14,7 տոկոսով երրորդ տեղում էր Արցախի հերոս և գեներալ Վիտալի Բալասանյանը, որին աջակցում էին Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: 33-տեղանոց խորհրդարան մտան հինգ կուսակցություններ, որոնցից առավելագույնը՝ 16 մանդատ, ունի Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիքը»:

Լրագրող և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի Focus on Karabakh հարթակի խմբագիր Էմիլ Սանամյանը ՍիվիլՆեթի Կարեն Հարությունյանի հետ խոսում է Արցախի ներկայիս քաղաքական զարգացումների շուրջ։

– Ղարաբաղում նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ տարբեր գնահատականներ եղան: Որոշ դիտորդներ (որոնք ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորում են ստացել դիտորդական առաքելություն իրականացնելու համար) հայտնեցին մի շարք ընտրախախտումների մասին: Միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատեց ընտրությունների որակը և արդյունքը՝ շեշտելով այն փաստը, որ որևէ կուսակցություն շռնդալից հաղթանակ չի տարել, ինչը «ժողովրդավարության ապացույց է»: «Բավական խոսուն է այն փաստը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր ուժերը»,- ասաց Փաշինյանը։ Ո՞րն է ձեր դիտարկումը այս ընտրությունների անցկացման վերաբերյալ:

– Եթե շռնդալից հաղթանակ չլինելու փաստը ժողովրդավարության նշան է, ապա 1998-ից ի վեր Հայաստանը ժողովրդավարական է, քանի որ ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ էլ Հանրապետական կուսակցությունը երբևէ շռնդալից չեն հաղթել: Ի դեպ, ի տարբերություն Հայաստանում գործող ներկա իշխող կուսակցության: Ես կասկածում եմ, որ Նիկոլ Փաշինյանը նույն չափանիշը կօգտագործեր Հայաստանի ընտրությունները գնահատելու համար։

Ճիշտ է, որ մրցակցային քաղաքական միջավայրը առողջ ժողովրդավարության անհրաժեշտ նախապայման է: Այդ իմաստով այն փաստը, որ 2020-ի ընտրությունները Արցախում երբևէ անցկացրած ամենամրցակցային համապետական ընտրություններն էին, անշուշտ, քայլ է դեպի ժողովրդավարություն, բայց ո՛չ հաստատված ժողովրդավարության ցուցիչ, առավել ևս՝ անշրջելի:

Նաև փաստ է, որ ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետությունում կամ ցանկացած այլ երկրում ընտրություններում, Արցախի քաղաքացիներից շատերը ևս հույս ունեին ավելի էական փոփոխությունների Արցախի կառավարաման գործում, և նրանք աջակցում էին թեկնածուներին, որոնք չհաղթեցին։ Նրանք հիասթափված են ընտրությունների արդյունքից ու նաև՝ Փաշինյանի դիրքորոշումից:

– Չնայած Հայաստանի ղեկավարությունը պնդում էր, որ չի սատարելու որևէ թեկնածուի կամ կուսակցության, նկատելի էր «դրական չեզոքություն» Արցախի Ղարաբաղի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի նկատմամբ: Ավելին, հայաստանյան վերնախավի որոշ շրջանակներ ոչ բացահայտ աջակցում էին Հարությունյանին, որին աջակցում էր նաև Ղարաբաղի գործող նախագահը: Ըստ Ձեզ՝ Արայիկ Հարությունյանը «լավագույն տարբերա՞կն» էր Փաշինյանի համար: Ինչո՞ւ Փաշինյանը խաղադրույք չարեց արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի վրա, որը, ի թիվս այլ բաների, քաղաքացիական հասարակությունում աշխատելու անցյալ ունի ու, թերևս, մտածելակերպով ու արժեհամակարգով ավելի մոտ է  Երևանի հեղափոխական տղաներին:

– Ես համաձայն եմ Թաթուլ Հակոբյանի վերջին սյունակում այն տեսակետի հետ, որ Հարությունյանն ավելի հաջողակ էր Երևանում լոբբինգով զբաղվելու հարցում: Դրա համար ես տեսնում եմ մի քանի պատճառ: Քաղաքական այն իրողությունը, երբ Հարությունյանն ի վիճակի եղավ համախմբել իր համակիրներին ու բերել Փաշինյանի՝ 2018-ի օգոստոսին Երևանում և մեկ տարի անց նաև Ստեփանակերտում հանրահավաքներին, կարծում եմ, վճռական գործոն էր: Մայիլյանը չէր կարող նման որևէ բան անել, հատկապես՝ արտգործնախարարի պաշտոնում գտնվելու ժամանակ: Մեկ այլ փաստարկ կարող է լինել այն, որ Փաշինյանը չցանկացավ շատ հրապարակայնորեն նախապատվությունը տալ մի թեկնածուի, և դա Հարությունյանին հնարավորություն տվեց ֆավորիտ լինելու Մայիլյանի նկատմամբ: Նման բան տեղի ունեցավ նաև ՏԻՄ ընտրություններում՝ 2018-ին՝ Կապանում, և անցյալ տարի՝ Ստեփանակերտում: Վերջապես, Հարությունյանը ցուցաբերել է ավելի մեծ կարողություն՝ աշխատելու Հայաստանի քաղաքական գործիչների հետ՝ լինելով ավելի շատ վարչարար, քան քաղաքական գործիչ: Այդ իմաստով Փաշինյանի ընտրությունը` հօգուտ Հարությունյանի, տարբեր չէ Սերժ Սարգսյանի կողմից 2007-ին Բակո Սահակյանին Մասիս Մայիլյանի փոխարեն նախապատվություն տալուց։

– Հնարավո՞ր է, որ Մայիլյանը մասնակցեց ընտրություններին, որպեսզի թույլ չտա Բալասանյանին՝ խանգարել Հարությունյանին։ Առանց Մայիլյանի հնարավոր էր, որ առաջին փուլում լիներ «Հարությունյանն ընդդեմ Բալասանյանի» ընտրություններ, և ռիսկերը շատ բարձր կլինեին Փաշինյանի համար: Դա կդիտվեր որպես վստահված անձանց պայքար:

– Ո՛չ, ես կարծում եմ, որ Մայիլյանն ուներ իր հավակնությունները, և ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ նա լավագույն դիրքում էր՝ ղեկավարելու Արցախում ընթացող բարեփոխումները։ Այլ բան է, որ նա չկարողացավ կազմել լայն համախմբում՝ Հարությունյանին հաջողությամբ մարտահրավեր նետելու համար: Այդ առումով, նման և նույնիսկ ավելի ակնհայտ խնդիրներ ուներ Բալասանյանը:

Եթե Մայլիլյանը ինչ-ինչ պատճառներով այս մրցավազքում չլիներ, ապա Հարությունյանն ամենայն հավանականությամբ կհաղթեր ավելի մեծ տարբերությամբ։

– Այժմ միանշանակ է, որ Արայիկ Հարությունյանը կլինի Արցախի հաջորդ նախագահը: Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե ինչպես է նա կազմելու կառավարություն, քանի որ նրա կուսակցությունը միայն 16 տեղ է զբաղեցրել Արցախի 33-հոգանոց խորհրդարանում: Ըստ Ձեզ՝ ո՞ւմ հետ է նա համագործակցելու՝ կառավարություն կազմելու համար:

– Ես այդ իմաստով շատ ինտրիգ չեմ տեսնում: Հարությունյանը կհամագործակցի խորհրդարանում ներկայացված երկու երկարամյա գործընկերների` Աշոտ Ղուլյանի Արցախի ժողովրդավարական կուսակցության և ՀՅԴ-ի հետ։ Ամենայն հավանականությամբ, նոր նախագահը խորհրդարանում կունենա մեծամասնություն՝ 33-ից առնվազն 21 տեղ: Հարությունյանը չի բացառել նաև համագործակցությունը ընտրություններին իր հիմնական հակառակորդների հետ: Նա ունի տարբերակներ։

– Իսկ ի՞նչ կասեք Սամվել Բաբայանի մասին, որի կուսակցությունը խորհրդարանում ստացել է ինը մանդատ: Եվ սա, կարծես, նրա առաջին հաջողված փորձն է քաղաքականության մեջ՝ 2004-ին բանտից ազատվելուց ի վեր: Նրա նախորդ բոլոր ջանքերը տապալվել էին։ Բաբայանի «Դաշինք» կուսակցությունը չհաղթահարեց 2007-ի խորհրդարանական ընտրությունների շեմը, 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Բաբայանի հայտնությունը և քաղաքական հավակնությունները Ղարաբաղում նրան ևս մեկ տարով տարան բանտ: Ո՞րն է այժմ Բաբայանի հավակնությունը քաղաքականության մեջ:

– Ես կնշեմ, որ սա իրականում Սամվել Բաբայանի համար երկրորդ հաջողված քաղաքական արշավն է: 1999-ին, երբ դեռ ԼՂՀ պաշտպանության նախարարն էր, Բաբայանը ակտիվ  աջակցում էր «Իրավունք և միաբանություն» դաշինքին (Արտաշես Գեղամյան/Հրանտ Խաչատրյան), որը երրորդ տեղը զբաղեցրեց Հայաստանի խորհրդարանական ընտրություններում:

Այս ընտրությունը Բաբայանին հաստատեց Արայիկ Հարությունյանի հիմնական այլընտրանքի դերում, մասնավորապես, որ հենց նրա կուսակցությունը մտավ խորհրդարան, այլ ոչ թե Մայիլյանի «Նոր Արցախ» դաշինքը: Բաբայանը կունենա նաև ավելի մեծ խմբակցություն, քան Վիտալի Բալասանյանը, չնայած նախագահական ընտրություններում Բալասանյանը երրորդ տեղում էր:

Եթե զուգահեռ անցկացնենք Երևանի հետ, ապա Բաբայանը գտնվում է այնպիսի իրավիճակում, ինչպիսին էր նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանում մինչև 2007-ը, երբ պաշտոնապես ընդդիմությունը ղեկավարում էին այլ գործիչներ, մինչդեռ Տեր-Պետրոսյանը պաշտոնական դեր չուներ: Տեսնենք, թե որքանով և որքան ժամանակ Բաբայանը կհարմարվի այս ոչ պաշտոնական դերին: Վտանգ կար, որ ինչպես Տեր-Պետրոսյանի 2008-ի վերադարձը, այնպես էլ Բաբայանի վերադարձը այս տարի կարող է բախումների հանգեցնել Հարությունյանի կողմնակիցների հետ: Ի վերջո, 2019-ին նրանց կողմնակիցների միջև տեղի էին ունեցել փոքր բախումներ, և Բաբայանը հաստատակամ էր՝ Հարությունյանի թեկնածությանը խոչընդոտելու հարցում։ Այնպես որ, հավանաբար, այս ընտրությունների հիմնական նվաճումներից մեկն այն է, որ նրանց միջև բախում չեղավ:

Այդ պատճառով ես կարծում եմ, որ ապագայում չպետք է բացառվեն Բաբայանի և Հարությունյանի միջև ինչ-որ կոալիցիոն պայմանավորվածություններ, մասնավորապես ՝ Ադրբեջանի հետ լարվածության հնարավոր սրացման դեպքում: Եվ դրա նախադեպը կա. Բակո Սահակյանը 2016-ի ապրիլյան պատերազմից հետո իր նախկին ընդդիմախոսներ Բալասանյանին և Մայիլյանին պաշտոններ տվեց:

– Մեկնաբաններից շատերն այս ընտրությունները համարում էին Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանի՝ Արցախը որպես  վերջին «միջնաբերդ» լինելու համատեքստում։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ են անելու այժմ Քոչարյանն ու Սարգսյանը (վերջինս Արցախում դեռևս մեծ ազդեցություն ունի):

– Կարծում եմ, որ Բալասանյանի ոչ փայլուն արդյունքները, չնայած Սարգսյանի և հատկապես Քոչարյանի բավականին բուռն աջակցությանը, ցույց են տալիս, որ արցախցիների մեծամասնությունը հեշտությամբ չի ենթարկվում նախկին նախագահներից որևէ մեկի ազդեցությանը: Իրականում, եթե համեմատենք 2018-ի Հայաստանի ընտրությունների արդյունքը 2020-ի արցախյանի հետ, ապա Հայաստանում նախկին իշխող կուսակցությունը՝ Հանրապետականը՝ ՀՅԴ-ի հետ, այսինքն՝ այն ուժերը, որոնք Փաշինյանի կառավարության ընդդիմադիրներն էին, համատեղ հավաքեցին ավելի քան 100 000 ձայն: Այդ իմաստով, Քոչարյանի և Սարգսյանի աջակցության զանգվածը մնում է Հայաստանի Հանրապետությունում, և նրանց քաղաքական հետագա գործունեությունը ուղղակիորեն կախված կլինի Նիկոլ Փաշինյանի կառավարության հաջողություններից և ձախողումներից:

– Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման ռիսկի պատճառով եղան ընտրությունները հետաձգելու բազմաթիվ կոչեր: Ընտրությունները չհետաձգվեցին, և շարունակվում են պնդումները, թե ում էր դա ձեռնտու: Ի՞նչ կասեք ընտրությունների երկրորդ փուլի մասին այն դեպքում, երբ Արցախում արդեն իսկ կան կորոնավիրուսի հաստատված դեպքեր։

– Իմ համոզմամբ, մարտի 31-ին ընտրություններն անցկացնելը սխալ էր, հաշվի առնելով Հայաստանում հայտարարված արտակարգ իրավիճակը և համաճարակից ելնելով միջազգային արգելափակումը: Իսկապես իմաստ կունենար քվեարկությունը 2-3 ամսով հետաձգել: Այնուամենայնիվ, ինչպես Հարությունյանը, այնպես էլ Փաշինյանը հաստատակամ էին անցկացնելու ընտրությունները՝ չնայած քվեարկության գործընթացից բխող ռիսկերին: Մարտի 31-ին մենք տեսանք ընտրություններին արցախցիների բավականին ակտիվ մասնակցությունը (73 տոկոս), ինչը վկայում է այն մասին, որ ընտրողների մեծամասնությունը պաշտպանում է այդ դիրքորոշումը։ Այդ պայմաններում քվեարկությունը բավականին լավ անցավ, չնայած, իհարկե սա ևս մեկ կորսված հնարավորություն էր արտաքին քաղաքականության առումով: Քվեարկության հետաձգումը ցույց կտար, որ Արցախը համաքայլ է գլոբալ մտածելակերպի հետ, իսկ հետագայում հնարավորություն կտար արտասահմանյան դիտորդների մեծաթիվ մասնակցության։ Արտասահմանյան կառավարությունները և ՀԿ-ները կկարողանային տեսնել քաղաքացիական կանոնավոր զարգացումների ընթացքը: Դրանցից և ոչ մեկը հնարավոր չեղավ արտակարգ դրության պայմաններում:

Հիմա, երբ ընտրությունների առաջին փուլն ավարտվել է ու Մայիլյանը զիջել է Հարությունյանին, երկրորդ փուլը դարձել է զուտ ձևականություն` առանց քարոզչության կամ մրցակցության։ Ես այնքան էլ մտահոգ չեմ, որ ընտրությունները նախատեսված օրն անցկացվեն: Ընդհանուր առմամբ, թվում է, թե Covid-19 համաճարակը նահանջում է ամբողջ աշխարհում, ներառյալ Հայաստանում, չնայած, իհարկե, այն դեռ ավարտված չէ, և դրա մեծ հետևանքները վերացնելու համար կպահանջվեն ամիսներ, եթե ոչ տարիներ:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հարցազրույցի բնօրինակը՝ Nagorno Karabakh Elections: Why Nikol Pashinyan Preferred Arayik Harutyunyan?