Արայիկ Հարությունյանը առաջին հերթին հաղթել է Հայաստանում, ապա Արցախում

2042

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի քան երեք ժամ պատասխանում էր քաղաքացիների հարցերին: Մի քանիսը Արցախի ընտրություններին էին վերաբերում: Փաշինյանը հայտարարեց, որ ընտրություններն արտահայտում են ուժերի այն հարաբերակցությունը, որ այսօր կա Արցախում, հետևաբար, անիմաստ է դրանց օրինականությունը կասկածի տակ դնել:

Վերլուծությունը այնքան էլ համոզիչ չէր նրանց համար, ովքեր անցել էին 2003-ին Հայաստանում անցկացված նախագահական կեղծված ընտրությունների բովով: Առաջին փուլում հայտարարվեց, որ Ռոբերտ Քոչարյանը հավաքել է 50 տոկոսից ավելի և հաղթել: Երբ Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները հավաքվեցին հրապարակում, իշխանությունները սկսեցին իջեցնել թվերը: Պարզվեց, որ Քոչարյանը 49,8 տոկոս է հավաքել, և տեղի է ունենալու երկրորդ փուլ: Երկրորդ փուլում տեղ գտան նույն ընտրակեղծիքները, ինչպես առաջինում: 2003-ի ընտրությունները ավարտվեցին այդպես էլ չկայացած վստահության հանրաքվեով, և 2004-ի ապրիլին՝ ընդդիմության ծեծուջարդով Բաղրամյան պողոտայի սկզբնամասում:

Փաշինյանը հետևյալ թվաբանությունը կատարեց. նախագահի թեկնածուներից Արայիկ Հարությունյանին առաջին փուլով հաղթանակ տանելու համար 600 ձայն էր պակասում, և եթե ընտրությունները կեղծված լինեին, ապա ի՞նչն էր խանգարում, որ այդ մի քանի հարյուր ձայնը ևս կեղծեին:

Մեկ այլ կռվան՝ ըստ վարչապետի. խորհրդարանական ընտրություններում երկրորդ և երրորդ տեղերում հայտնվել են բավական կոշտ կեցվածքով ընդդիմադիր ուժեր: Եթե ընտրությունները կեղծվեին, ապա ինչպե՞ս եք պատկերացնում, որ կոշտ ընդդիմությունը հայտնվեր երկրորդ և երրորդ տեղերում:

Օգտատերերը, սակայն, վարչապետին չէին ուղղել ամենակարևոր հարցը. ինչպե՞ս է հնարավոր եղել Արցախում ընտրությունները չհետաձգել, երբ հետաձգվել է Հայաստանի հանրաքվեն: Ո՞վ է կայացրել Արցախում ընտրություններ կայացնելու վերջնական որոշում:

Ֆավորիտները. Արայիկ Հարությունյան vs Մասիս Մայիլյան

Ընտրություններից ամիսներ առաջ, երբ Արցախից ամեն անգամ վերադառնալուց հետո հոդված էի գրում, հարցազրույց տալիս կամ ֆեյսբուքի իմ էջում գրառում կատարում և միանշանակ պնդում, որ նախագահական ընտրություններում ֆավորիտները երկուսն են՝ Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը, իմ ընկերներն ու ընթերցողները քննադատում-մեղադրում էին, ասելով, թե որտեղից է նման եզրահանգման հիմքը, երբ չկան հանրային հարցումներ:

Այո՛, չկային հանրային հարցումներ, սակայն Արցախը ու նրա մարդկանց, սովորություններն ու բնավորությունը ճանաչելը ինձ ու շատերին էր հուշում, որ հենց այս երկու թեկնածուներն են ֆավորիտները՝ երկուսն էլ համակարգի ներսից: Բացի այդ, կար քաղաքական ու նախընտրական իրավիճակ, իսկ ամենակարևորը՝ Երևանի կեցվածք. Արայիկ Հարությունյանին աջակցելու որոշում կայացվել է դեռ 2018-ի ամռանը:

Շատերի նման, ես էլ համոզված էի, որ երկրորդ փուլ է լինելու, որովհետև երկու ֆավորիտներից բացի կային այլ ուժեղ և ընդդիմադիր թեկնածուներ: Սրան գումարվում էր այն իրողությունը, որ Արցախում ընտրությունները մրցակցային են, շատ բան է փոխվել Հայաստանի թավշյա հեղափոխությունից հետո, Հայաստանից երկու դիտորդական առաքելություններ են ներկա, պաշտոնական Երևանը բացահայտ ու միանշանակ և ամենակարևորը՝ հրապարակավ չի աշխատում նախընտրելի թեկնածուի համար:

Ժամանակի ընթացքում սակայն զգացվում էր, որ պաշտոնական Երևանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, քաղաքական շահեր ու շահագրգռություններ ունեն և աջակցում են Արայիկ Հարությունյանին: Ինքը՝ Հարությունյանը, շատ լավ էր աշխատում, փորձում էր սերտացնել կապերը խորհրդարանի Իմ քայլը իշխանական խմբակցության պատգամավորներ հետ, որոնք Նիկոլ Փաշինյանի մոտ ունեն խոսքի իրավունք: Հարությունյանին կարելի էր տեսնել Երևանում՝ իշխանական պատգամավորների հետ սուրճի սեղանի շուրջ:

Այդ շփումները սկսեցին կրել ինստիտուցիոնալ բնույթ, երբ արդեն Հայաստանի խորհրդարանում հյուրընկալվեցին Հարությունյանը և նրա կուսակցության պատգամավորները: Հայրենիք խմբակցությունը ամենամեծն է Արցախի խորհրդարանում: Նրանց ընդունեց նաև Նիկոլ Փաշինյանը: Սրան զուգահեռ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը սկսեց ավելի շատ տաղավար հրավիրել Հարությունյանին և լուսաբանել նրա գործունեությունը Արցախում, թեև նա պաշտոնյա չէր:

Հարությունյանի հիմնական մրցակիցը՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ևս փորձում էր աջակցություն գտնել Երևանում: Ասել, թե նրան Հայաստանի իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը անտեսեցին, արդար չէ: Առնվազն երկու դրվագում Արցախի քաղաքացիները Մայիլյանին տեսան Փաշինյանի կողքին՝ մեկը Երևանում, երբ վարչապետը իր գրասենյակում ընդունեց Հայաստանի ու Արցախի արտգործնախարարներին, մյուսը՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ ելույթ էր ունենում Փաշինյանը և հայտարարում, որ Արցախը Հայաստան է ու վերջ: Հրապարակում հավաքվածների մեծ մասը բերվել էր Արայիկ Հարությունյանի շնորհիվ:

Երևանի հետ աշխատելու հարցում Մայիլյանը չունեցավ ազդեցիկ միջնորդ, որի խոսքը լսելի է Փաշինյանի համար: Հարությունյանը կարողացել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և այլ պատգամավորների ու պաշտոնյաների միջնորդությամբ դառնալ Հայաստանի համար ամենաընդունելի հավակնորդ:

Բացի այդ, Մայիլյանը թույլ է տվել, կարելի է ասել, ճակատագրական սխալ: Նա մինչև վերջ չհրաժարվեց արտգործնախարարի պորտֆելից, ինչն օգտագործվում էր նրա մրցակիցների կողմից պնդելու, որ Մայիլյանը ևս Բակո Սահակյանի թիմից է:

Արայիկ Հարությունյանի գրագետ աշխատանքը

Արցախում նախագահական ընտրությունների մասնակից յուրաքանչյուր թեկնածու հասկանում էր, որ առանց Երևանի աջակցության դժվար, գրեթե անհնար է հաջողության հասնել: Հարությունյանը, պահելով իր սերտ կապերը Արցախի գործող և Հայաստանի նախկին իշխանությունների տարբեր ներկայացուցիչների հետ, կարողացավ ստեղծել մի իրավիճակ, երբ նրա ընտրությունը ընդունելի էր բոլորի համար:

Հայաստանի իշխանությունների համար Հարությունյանի ընտրությունը ընդունելի էր, քանի որ նա ընկալվում է այն թեկնածուն, որ գլխացավանք չի դառնա, ինչպես դարձավ Բակո Սահակյանը Ռոբերտ Քոչարյանին բացահայտ պաշտպանելու և դատարանում միջնորդություն ներկայացնելու և այլ հարցերում: Այո՛, Հարությունյանը կապեր ունի Հայաստանի նախկին իշխանությունների հետ, Արցախի գործող իշխանությունների քաղաքական հենարանն է խորհրդարանում, սակայն այս ամենը չի խանգարում, որ նա սերտորեն համագործակցի Երևանի հետ:

Գուցե այստեղ կա արժեքային խնդիր. Հարությունյանը համարվում է օլիգարխ, Արցախի ամենաունևոր մարդկանցից, ունի նաև անտիռեյտինգ՝ հակավարկանիշ Արցախի քաղաքացիների շրջանում, 2008-ի Մարտի 1-ին եղել է Արցախի վարչապետ և հավանաբար պետք է տեղյակ լիներ, որ զորք է բերվել Երևան, նրա վարչապետության ժամանակ էր տեղի ունեցել Բերձորի հանցագործությունը: Քաղաքականության մեջ, սակայն, առաջնայինը պրագմատիզմն է, հստակ հաշվարկը և ոչ անպայման արժեքները:

Արայիկը Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի և թիմակիցների մոտ կարողացել է ձևավորել համոզում, որ Արցախում միայն ինքն է, որ ունի բավարար ռեսուրսներ խաղի բոլոր մասնակիցներին զսպելու ու հավասարակշռելու համար։

Այսպիսով, Հարությունյանը մինչև ընտրությունները հաղթել էր Հայաստանում, իսկ Արցախում հաղթելն արդեն դարձել էր տեխնիկական խնդիր:

Հարությունյանը կարողացել է նաև ձևավորել համոզում, որ ինքն է միակ թեկնածուն, ով կհաղթի հենց առաջին փուլում: Սրա հետ միաժամանակ, Մասիս Մայիլյանը Երևանում չէր ընկալվում ուժեղ թեկնածու: Նրա հասցեին իշխանական շրջանակներում տարածում էին, որ նա թույլ գործիչ է, չի կարող վերահսկել իրավիճակը, գեներալները նրան կուտեն, իբր նրան չեն ճանաչում անգամ Արցախում: Երևանին ավելի շատ մտահոգում էին ուժայինները և Փաշինյանի խոսքերով՝ դավադիր ուժերը, որոնց թեկնածուի ընտրությունը կարող էր լինել ամենատհաճ անակնկալը, հետևաբար՝ ինչու խաղադրույք չդնել հենց միայն և բացառապես Հարությունյանի վրա, որը պատրաստ է անգամ հրապարակավ իր անուղղակի մեղքի բաժինն ընդունել Մարտի 1-ին Արցախից Հայաստան զորք բերելու և Բերձորի հանցագործության հարցում:

Հարությունյանը ընդունելի էր նաև Արցախի գործող իշխանությունների և անձամբ Բակո Սահակյանի համար, քանի որ նրա ընտրության դեպքում ոչ միայն հնարավություն կունենար մնալ իշխանության մեջ, այլև լրջորեն ազդել Արցախի քաղաքական գործընթացների վրա: Հարությունյանի հետ մեծ կամ փոքր հույսեր կապում էին նաև ուժայինները, ինչը վստահաբար չէին կարող կապել Մայիլյանի դեպքում:

Սերժ Սարգսյանի համար ևս Հարությունյանը ընդունելի նախագահ է, հաշվի առնելով անցած ճանապարհը, նրա ու նրա մերձավորների բիզնես շահերը:

Թեև Ռոբերտ Քոչարյանը բացահայտ կերպով պաշտպանում էր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին, սակայն նրա համար ևս Հարությունյանն էր ընդունելի տարբերակը կամ չարյաց փոքրագույնը, եթե Բալասանյանը չէ նախագահ:

Այսպիսով, Արայիկ Հարությունյանը կարողացել էր ստեղծել մի իրավիճակ, որտեղ նրա թեկնածությունը ընդունելի էր վերոնշյալ չորս ուժերի համար: Սա կոչվում է քաղաքական հաշվարկ, որը Հարությունյանը կարողացել էր ճիշտ կատարել: Անշուշտ, առանց իր ֆինանսական կարողության Հարությունյանը չէր կարող հաջողության հասնել, բայց քաղաքականությունը առանց փողի չի լինում:

Ինչու էին Մասիսի Մայիլյանի դեմ աշխատում մի քանի ճակատներում

Արժեքային իմաստով Մասիս Մայիլյանը պետք է որ լիներ Հայաստանի գործող իշխանությունների բնական դաշնակիցն ու համակրելի թեկնածուն, բայց այդպես չեղավ:

Ինչո՞ւ:

Գլխավոր պատճառն այն էր, որ նա չէր ընկալվում առաջին փուլով հաղթող թեկնածու, ավելին, Հայաստանի իշխանական որոշ շրջանակներում կար համոզում, որ Մայիլյանը չի կարող դուրս գալ երկրորդ փուլ և անգամ կարող է լինել երրորդը Վիտալի Բալասանյանից հետո: Հետևաբար, ինչու պետք է աջակցել մի թեկնածուի, որը կպարտվի անգամ իրենց համար ամենաանցանկալի Բալասանյանից, որին Փաշինյանը համարում է հակահեղափոխական և դավադիր հիմնական ուժը Արցախում:

Երկրորդ, Մայիլյանը չուներ քաղաքական թիմ, չուներ ֆինանսական հնարավորություններ լոբբինգ իրականցնելու Երևանում, չուներ իշխանական Իմ քայլը կուսակցության ղեկավարների աջակցությունը: Ճիշտ է, երբեմն շրջանառում էին լուրեր, որ Մայիլյանին աջակցում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, սակայն դա արվում էր բոլորովին այլ նպատակով, այն է՝ հավելյալ շրջանառել «սորոսական թեման» և հարվածել Մայիլյանին:

Վարչապետ Փաշինյանը Մայիլյանի հանդեպ որևիցե կերպով վատ տրամադրված չի եղել, սակայն նրա թիմակիցները, որոնց վստահել էր կառավարել Արցախյան գործընթացները, շարժվում էին այլ օրակարգով, այն է՝ աջակցել Հարությունյանին, որպեսզի նաև հենց առաջին փուլով հաղթի:

Ահա այդ համոզումն էր նաև պատճառը, որ, չնայած կորոնավիրուսի համաճարակին, ընտրությունները չհետաձգվեցին: Փաշինյանին զեկուցում էին, որ Հարությունյանը կհաղթի առաջին փուլով, ներկայացնում ինչ-ինչ հանրային հարցումներ: Այս պայմաններում, Երևանը չցանկացավ միջամտել Արցախի ընտրությունները հետաձգելու հարցում՝ հավատալով և՛ Արցախի իշխանությունների, և՛ Արայիկ Հարությունյանի, և՛ նրան աջակցող իմքայլականների պնդումներին առ այն, որ ամեն ինչ մարտի 31-ին ավարտվելու է:

Մասիս Մայիլյանի դեմ, բացի իմքայալականների մի թևի ու նրանց վերահսկողողության տակ գտնվող լրատվամիջոցների, աշխատում էին ևս մի քանի խմբեր: Հավանաբար, ամենացավալին Մայիլյանի համար հենց այս խումբն է, քանի որ նա հավատում էր, որ պաշտոնական Երևանը կպահի չեզոքություն:

Ամենաագրեսիվը Մայիլյանի դեմ աշխատում էին, որքան էլ զարմանալի թվա, Ռոբերտ Քոչարյանն ու նրա վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները: «Սորոսական թեման», թեև Մայիլյանը կապ չունի կյանքի մայրամուտին մոտեցած ամերիկացի միլիարդատիրոջ հետ, մտնում էր արցախյան գրեթե ամեն ընտանիք:

Ի՞նչ է ուզում Քոչարյանը: Թվում է՝ Հայաստանի երկրորդ նախագահի համար այս պահին այլ բան, քան մեկուսարանից դուրս գալն է, չպետք է առաջնային լինի: Քոչարյանն ու թիմակիցները Մայիլյանի դեմ սև քարոզչություն էին իրականացնում երկու հիմնական պատճառով՝ առաջին. նա Բալասանյանի մրցակից էր համարվում, որին բացահայտ պաշտպանում էր Քոչարյանի թիմը, երկրորդ՝ Մայիլյանի նախագահ դառնալով Քոչարյանը ոտքի տակ հող չի կարող ունենալ Արցախում:

Մայիլյանի դեմ աշխատող երրորդ խումբը Սերժ Սարգսյանն ու նրա լրատվամիջոցներն էին, ճիշտ է, ոչ այն աստիճանի ագրեսիվ, ինչպես Քոչարյանի դեպքում: Սերժ Սարգսյանի հենարանը Արցախում Բակո Սահակյանն է, որը հավանաբար պաշտոն կստանա Արայիկ Հարությունյանի կառավարությունում, և այդքանով արդեն Հայաստանի երրորդ նախագահի համար ընդունելի էր հենց Հարությունյանը և մերժելի՝ Մայիլյանը:

Չորրոդ խումբը և ամենակոռեկտը, որ աշխատում էր Մայիլյանի դեմ, Արայիկ Հարությունյանի թիմն ու Արցախի գործող իշխանություններն էին: Ճիշտ այնպես, ինչպես Մայիլյանի կողմնակիցներն էին քննադատում և հարվածներ հասցնում Հարությունյանին, այնպես էլ վեջինիս պաշտպաններն էին վարվում: Դա երկկողմանի կոռեկտ, քաղաքական և նախընտրական քարոզարշավի բնական բաղկացուցիչ է:

Կար ևս մի խումբ, որ աշխատում էր Մայիլյանի դեմ՝ Արցախի գործող իշխանությունների և Արայիկ Հարությունյանին աջակցող ֆեյքերի ֆաբրիկան:

Ի դեպ, ժամանակ առ ժամանակ հնարավոր էր դառնում Մայիլյանին հանել հունից: Արայիկ Հարությունյանը ավելի հանգիստ ու ինքնավստահ էր: Մարտի 31-ին, թվում է, նա արդեն ընտրատեղամաս էր եկել որպես ընտրված նախագահ: Նույն ինքնավստահությունը և իրավիճակի տեր լինելու զգացողությունը նա թողեց նախընտրական դեբատի ժամանակ, որին, ի զարմանս շատերի, Մայիլյանը հրաժարվեց մասնակցել:

Ուշագրավ է, որ ո՛չ Երևանի իշխանական շրջանակներն ու լրատվամիջոցները, ո՛չ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մեդիա բանակները չէին հարվածում կամ գրեթե չէին հարվածում Արայիկ Հարությունյանին:

Ահա այս պայմաններում, երբ հիմնական խաղացողների մեծ մասի, առաջին հերթին պաշտոնական Երևանի համար Արայիկ Հարությունյանը կոնսենսուային թեկնածու էր, իսկ Մայիլյանը՝ ոչ, ընտրությունների ելքը վճռված էր:

Հայաստանը կատարել է իրավիճակային հաշվարկ՝ առաջնորդվելով պահի քաղաքական հաշվարկներով ու նպատակահարմարությամբ:

Ի՞նչ կլինի վաղը, եթե իրավիճակը փոխվի:

Սրա պատասխանը կտա վաղվա օրը:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ