Արայիկ Հարությունյան. կենսագրական

1034

Արցախի նախագահական ընտրություններում քվեների ավելի քան 26 տոկոսով երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլյանը բոյկոտում է ապրիլի 14-ին նշանակված քվեարկությունը: Սա նշանակում է, որ Արայիկ Հարությունյանը, ով առաջին փուլում ստացել էր քվեների 49,3 տոկոսը, դառնում է Արցախի չորրորդ նախագահը:

Ապրիլի 14-ին քվեարկություն կկայանա, և անկախ մասնակցությունից, դրանք կլինեն օրինական՝ համաձայն Արցախի նոր Սահմանադրության:

Արայիկ Հարությունյանից առաջ Արցախի նախագահներ են եղել.

Ռոբերտ Քոչարյան՝ 1994-1997 թթ.

Արկադի Ղուկասյան՝ 1997-2007 թթ.

Բակո Սահակյան՝ 2007-2020 թթ.:

Ներկայացնենք Արայիկ Հարությունյանի կենսագրականը

Ծնվել է 1973թդեկտեմբերի 14 –ին Ստեփանակերտ քաղաքում:

1990-1994թթ. ուսանել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտում:

1992թ. անդամագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին և ակտիվ մասնակցություն ունեցել պատերազմական գործողություններին:

1995թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:

1996-1998թթ. ուսումը շարունակել է Արցախի պետական համալսարանի ասպիրանտուրայում «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ:

1995-1997թթ.՝ ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի օգնական

1997-1999թթ.՝ «Հայագրոբանկ»  ԲԲԸ Ասկերանի մասնաճյուղի կառավարիչ

1999-2004թթ.՝ «Հայագրոբանկ» ԲԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարիչ

2005-2006թթ.՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության համանախագահ

2005-2007թթ.՝ Ստեփանակերտի թիվ 4 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, եղել է «Հայրենիք» խմբակցության ղեկավար, խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2006-2007թթ.՝ «Ղարաբաղ Գոլդ» ՓԲԸ գործադիր տնօրեն

2007թսեպտեմբերի 14 ՝  ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վարչապետ

2012թսեպտեմբերի 14՝  ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վարչապետ

2013թ. պաշտպանել է ատենախոսություն, դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու:

2017թ. սեպտեմբերի 25-ից՝ Արցախի Հանրապետության պետական նախարար:

2018թ. հունիսի 6-ին հրաժարական է ներկայացրել:

«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահն է:

Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Պարգևատրվել է «Մարտական Խաչ» II աստիճանի շքանշանով, «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 198-Ա հրամանագիր 30.08.2016թ.), «Շուշիի ազատագրման համար» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 39 հրամանագիր 08.05.2003թ.):