Արայիկ Հարությունյան. միավորվենք՝ դիմակայելու համաճարակին և տնտեսական աղետին

742

Արցախում պետք է ունենալ լեգիտիմ իշխանություն․ Արայիկ Հարությունյան

Մարտի 31-ին Արցախում անցկացվում են խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Նախագահի պաշտոնին հավակնում է նաև Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Ստեփանակերտում քվեարկությունից հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին։

– Ինչպիսի՞ Արցախ եք ուզում տեսնել առաջիկայում:

– Բարեկարգ, բարգավաճ, բարեկեցիկ: Շատ նորմալ, բավարար ակտիվություն կա, մտահոգությունը, որ կարող էր պասիվություն լինել հանրության կողմից, տեսնում եք՝ ինչպիսի ակտիվություն կա, և սա մեր քաղաքացիների՝ ավելի ճիշտ արցախցիների բարձր քաղաքացիական գիտակցության աստիճանի հերթական հիմնավորումն է: Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր արցախցիներին, որոնք համբերատար արդեն այս երկար ժամանակ ոչ միայն մասնակցել են, հանդուրժել են մեզ, այլ նաև այսօր ակտիվ մասնակցում են իրենց ընտրությանը՝ քաղաքացիական ընտրությանը:

– Այս պահին աշխարհը կոճկվել է: Միակ, քիչ տեղերից մեկն է Արցախը, որտեղ հիսուն քառակուսի մետրի վրա կարելի է տեսնել երկու հարյուր մարդ: Ո՞վ է պատասխան տալու, եթե, Աստված չանի, որևէ բան կատարվի այս ժողովրդի հետ:

– Ես բժիշկ չեմ, ոչ էլ առողջապահության մասնագետ և պարբերաբար, բազմաթիվ անգամ հայտարարել եմ՝ եթե մեր առողջապահական համակարգի պատասխանատուները որոշեին, որ անհնարին է պահել սանիտարահիգիենիկ համաճարակային այդ նորմերը, պետք է հետաձգել, բայց վստահեցրել են, որ այս ամենը հնարավոր է լինելու:

– Կոնֆլիկտ չկա՞ Հայաստանի հետ, որովհետև Հայաստանում մեզ քիչ է մնում տեռորի ենթարկեն՝ մնացե՛ք տանը, մնացե՛ք տանը: Արցախում ասում են դու՛րս եկեք տնից:

– Ոչ մեկին մենք չենք ասել՝ տնից դուրս եկեք: Շնորհակալություն եմ հայտնում, որ մեր հասարակությունը ունի քաղաքացիական այդ բարձր պատասխանատվությունը և իրենք իրենց պարտքն են կատարում: Ի դեպ, ես ուզում եմ նշել, որ այսօր մեզ ավելի մեծ մարտահրավերներ են սպասվում և պետք է միավորվենք ազգովի: Համերաշխություն եմ ցանկանում, որ կարողանանք դիմակայել ոչ միայն համաճարակին, այլև սպասվող աղետին՝ տնտեսական աղետին, իսկ այս առումով պետք է ունենալ Արցախում լեգիտիմ իշխանություն, որը Հայաստանի իշխանությունների հետ միասին համատեղ կարողանալու է իրականացնել այն կարևոր առաքելությունը, որը այսօր մեզ սպասվում է: Շատ ծանր վիճակ է սպասվում աշխարհում, տնտեսական․․․․ Ոչ թե ճգնաժամ, այլ աղետ է սպասվում: Մենք պետք է դուրս գանք այդ աղետից համախմբված և ես համոզված եմ, որ բոլոր քաղաքական ուժերի, մեր քաղաքացիների վճռականությունը այնքան բարձր է լինելու, քաղաքացիական գիտակցության աստիճանը այնքան բարձր է լինելու, երկրի ապագայի նկատմամբ իրենց քաղաքացիական գիտելիքներն այնքան բարձր են լինելու, որ մենք ունենալու ենք ավելի համախմբված Արցախ վաղը:

– Իսկ վաղը կարո՞ղ է արտակարգ դրություն հայտարարեք:

– Ես չեմ կարող ասել, երևի հարցը պետք է տալ պատկան մարմիններին, որոնք կպատասխանեն: Քիչ խոսենք, սատանան քիչ լսի համաճարակի առումով:

Գեղեցիկ Ոսկանյան

ՍիվիլՆեթ

«Ակտիվությունը քաղաքացիների բարձր գիտակցության աստիճանի հերթական հիմնավորումն է»

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն այսօր քվեարկեց Ստեփանակարետի 1/22 ընտրատարածքում։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց․ «Ակտիվությունը կա քաղաքացիների կողմից, և սա Արցախի քաղաքացիների բարձր գիտակցության աստիճանի հերթական հիմնավորումն է»։ Նա նշեց, որ «պետք է միավորվել ազգովի՝ դիմակայելու ոչ միայն համաճարակին, այլև սպասվող տնտեսական աղետին»։

Թաթուլ Հակոբյանի, Գևորգ Հարոյանի և Հարություն Վիրաբյանի տեսանյութը