Հայկական հարցը Լոզանի խորհրդաժողովից հետո. Ալեքսանդր Խատիսյան

1735

Հատված Ալեքսանդր Խատիսյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ գրքից

—–

Քսաներորդ գլուխ

Հայկական պատվիրակությունների Փարիզ վերադառնալուց հետո, ամբողջ հայ ժողովուրդը, որտեղ էլ որ լիներ, մամուլից և զեկուցումներից իմացավ լիակատար ճշմարտությունը Լոզանի խորհրդաժողովի մասին: Հայ ժողովուրդը հասկացավ, որ եվրոպական պետությունները Լոզանում դավաճանեցին իրեն: Տասնյակ տարիներ շարունակ փայփայված երազները, թե հայկական հարցը պիտի լուծվի Եվրոպայի միջոցով, խորտակվեցին: Մի տեսակ թմրություն տիրեց ամենքին, ինչպես պատահում է մեծ աղետներից հետո:

Բայց հայ ժողովրդի կենսական զորությունն ու անթառամ եռանդը հետզհետե նորից արթնացան, այդ արթնացումը զարգացավ դեպի սեփական ուժերն ուղղվելու ճանապարհով: Հայերը կարծես զգացին, որ հասել է վայրկյանը, երբ պետք է բացառապես սեփական ուժերի վրա հենվել: Ժողվուրդը գիտակցեց, որ  որպես ազգ, ինքը պետք է իր ներսում փնտրի սեփական վերքերը բուժելու հնարավորությունները և իր բոլոր կենսական ուժերը հավաքելով՝ շարունակի պատմական ճանապարհը: Այս ուղղությամբ հայկական միտքը սկսեց զարգանալ, ա՛յս ուղղությամբ ընթացավ հայ ժողովրդի ճակատագիրը:

Արդ, ինչո՞վ արտահայտվեց այդ զարգացումը:

Այս հարցին հանգամանորեն պատասխան տալու համար անհրաժեշտ է կանգ առնել մի զգացումի վրա ևս, որ նույնպես մասնավոր ուժգնությամբ արտահայտվեց, գլխավորապես թուրքահայ որոշ՝ քաղքենի խավերի մեջ: Թուրքիայում ամեն ինչ՝ հող, ունեցվածք և բոլոր հույսերը կորցնելուց հետո, նրանց հայացքները սկսեցին նորից դառնալ դեպի Ռուսաստան: Նրանց համար բոլշևիզմը այն գործոնը չէր, որի ուժն ու նշանակությունը տեսած լինեին սեփական աչքերով: Նրանցից շատերը՝ վաղուց հաստատված Եվրոպայում, փորձով իսկ ծանոթ էին Թուրքիայի վայրենի իշխանությանը և այդ պատճառով ավելի ներողամիտ վերաբերմունք ունեին ռուս բոլշևիկների նկատմամբ: Իսկ նրանք, որոնք տեղյակ էին բոլշևիկյան ռեժիմի բացասական կողմերին, սովորաբար համեմատում էին թուրքական ռեժիմի հետ և եզրակացնում, որ երկու չարիքներից փոքրագույնը բոլշևիկն է: Եթե ավելացնենք նաև ռուս-թուրքական դարավոր թշնամությունը և թուրքերի հանդեպ միշտ թշնամաբար տրամադրված ռուս ազգային զգացումի վերակենդանության սպասումը, հասկանալի կլինի, թե ինչու Եվրոպայից իսպառ հիասթափված մարդիկ հետզհետե իրենց հայացքը դարձրեցին Ռուսաստանի կողմը, թեկուզ և Խորհրդային Ռուսաստանի: Նրանք կարծում էին, թե ինչ Ռուսաստան էլ որ լինի, անկախ տիրող ռեժիմից, պիտի հովանավորի հայերին՝ իբրև օգտակար մի տարրի:

Լոզանի խորհրդաժողովից հետո այս զգացումը որոշ հայ շրջանակներում սկսեց նկատվել քաղաքական գաղափարաբանության ձևով: Այնտեղ, որտեղ քաղաքական միտքը ի վիճակի էր արտահայտվել ազատորեն, այսինքն՝ Խորհրդային Հայաստանից և Ռուսաստանից դուրս, մենք կարող ենք տեսնել, թե ի՞նչ թիվ են կազմում այս կամ այն քաղաքական հոսանքին պատկանողները և, անվիճելի տեղեկությունների վրա հենված՝ կարող ենք վճռական կերպով պնդել, որ խորհրդային գաղափարաբանական կուսակիցների թիվը անհունորեն քիչ է: Տեղ-տեղ նրանք սոսկ անհատներ են և չեն կարող որևէ տեղ ցույց տալ իրենց հետևող զանգվածներ կամ մամուլի կարևոր օրինակներ: Ամբողջ ժողովուրդն ընթանում է այն հոսանքի հետևից, որ իր ձեռքին անխախտ պահել է Միացյալ և Անկախ Հայաստանի դրոշակը, որի մարմնացումն է Հ. Յ. Դաշնակցությունը: Լոզանի աղետը անկարող եղավ հայ ժողովրդի հոգուց արմատախիլ անել այն ուժը, այն արմատները, այն հյութը, որով սնվում է այս իսկապես ժողովրդական կուսակցության գաղափարաբանությունը:

Գալով հայ ժողովրդի այն հատվածին, որի շրթունքները փակված են, ձայնը՝ խեղդված, այսինքն՝ Խորհրդային Հայաստանի ազգաբնակչությունը, մենք պետք է հենվենք այն տեղեկությունների վրա, որոնք ստացվում են գաղտնի աղբյուրներից և չեն կարող հրատարակության տրվել: Այդ տեղեկությունների հիման վրա պնդում ենք, որ Հայաստանի ազգաբնակչության ահագին մասը բաժնում է Դաշնակցության քաղաքական իդեալները: Եվ դա հասկանալի է. չէ՞ որ անհաջողությունները փոխում են միայն գործելակերպը, բայց ոչ երբեք նպատակներն ու իդեալները:

Այսպիսով, հայ ժողովրդի զանազան հոսանքների քաղաքական ձգտումներին ծանոթանալուց հետո, այժմ կարող ենք թանձրացնել այն ձևերը, որոնցում այդ ձգտումները արտահայտություն գտան վերջին չորս տարիներին: Հայ ազգային միտքը Լոզանից հետո իր առջև դրեց չորս խնդիր:

Առաջին. ամեն կերպ ամրացնել Հայաստանի Հանրապետության հիմքերը թե՛ տնտեսապես, թե՛ մշակութային տեսակետով, թե՛ ֆիզիկապես՝ բոլորովին անկախ նրանում տիրող ռեժիմից:

Երկրորդ. ի սփյուռս աշխարհի ցրված հայ զանգվածներում պահպանել ազգային ոգին՝ լեզուն, մշակույթն ու ազգային քաղաքական իդեալները:

Երրորդ. պահպանել հայ ժողովրդի հիմնական պահանջները և հող պատրաստել դրանց իրագործման համար՝ հաչս եվրոպական կառավարությունների, քաղաքական կուսակցությունների և Ազգերի լիգայի:

Չորրորդ. ամեն գնով ապահովել մարդասիրական և բարեգործական կազմակերպությունների նյութական օժանդակությունը թե Հայաստանի ազգաբնակչության և թե գաղթականների համար:

Այս խնդիրների իրականացումը հետապնդում են բոլոր նրանք, որոնք ընդունում են այդ ծրագիրը: Դրանց իրականացման համար գործում են Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, Հ. Յ. Դաշնակցությունը, ազատամիտ մամուլը, Բարեգործական Միությունը և ուրիշ, ավելի փոքր կազմակերպություններ և առանձին անհատներ: Օտար կազմակերպություններից առաջին տեղը պետք է դնել Մերձավոր Արևելքի Նպաստամատույց կոմիտեների դաշնությունը, որի մեջ մտնում են 23 հայանպաստ մարմիններ և նրանց գլխին՝ Ամերիկյան նպաստամատույցը:

Բոլոր այս կազմակերպությունների աշխատանքի ընդհանուր ղեկավար գաղափարը, հարկավ, հայ ժողովրդի հոգևոր ու ֆիզիկական գոյության և զարգացման ապահովությունն է: Գործունեության ձևերն են՝ ժողովրդի և, ի մասնավորի, որբերի դաստիարակությունը, նրանց նախապատրաստությունը ինքնուրույն կյանքի, կարոտյալ հայերին նպաստելը, հիվանդների դարմանումը և այլն: Եվրոպայում ապրող հայ զանգվածներ շարքերում հղացել է իրենց ազգային-մշակութային գործերը վարելու սահմանված համազգային ղեկավար մարմնի ստեղծման միտքը: Պահպանողական խավերի հակառակության պատճառով այս միտքը մնացել է չիրագործված: Այդ խավերը վախենում են, որ ընդհանուր ընտրության ժամանակ մեծամասնությունը կշահի Հ. Յ. Դաշնակցությունը և իր ձեռքը կառնի գործերի ղեկավարությունը: Նման կազմակերպության բացը մասամբ լցնում են տարբեր երկրների թեմական խորհուրդները: Տեղ-տեղ, ինչպես Ռումանիայում, Եգիպտոսում և այլուր, այդ խորհուրդները ստացել են որոշ արժեք: Սրանք առանձին հոգ են տանում նոր սերնդի կրթության ու դաստիարակության մասին: Հիմնվեցին մատուռներ, շինվեցին եկեղեցիներ: Հանրային ինքնագործունեության մեջ առանձնապես հիշատակության արժանի են մարմնակրթական կազմակերպությունները, գրադարան-ընթերցարանները և հրապարակային ժողովներն ու դասախոսությունները (Ամերիկա, Ֆրանսիա):

***

Վերջին տարիների քաղաքական քայլերից պետք է հիշել երեքը:

Առաջին. Ազգերի լիգայում աշխատանք թափվեց, որ Հայաստանում ոռոգվեն որոշ հողամսեր՝ արտասահմանից գաղթականներ տեղափոխելու համար, այսպես կոչված, Սարդարապատի ոռոգման ծրագիրը: Միաժամանակ, ուժգին կերպով արծարծվում էր այն միտքը, որ այս ծրագիրը միայն ժամանակավոր դարման է, կիսամիջոց և որ հայ ժողովրդի հիմնական պահանջը կա ու մնում է Հայաստանի սահմանների ընդարձակումը:

Երկրորդ. դիմում հանրային կարծիքին՝ Երկրորդ Միջազգայնականին, Մարդու և քաղաքացու իրավունքի դաշնությանը, Ազգերի լիգայի ընկերակցությունների միջազգային միությանը, առանձին քաղաքական կուսակցությունների և գործիչների՝ բողոքելու Հայաստանում բռնությունների, անվերջ հալածանքների, անձնական ազատության ոտնահարման, բոլշևիկյան իշխանության գործած անհաշիվ կամայականությունների դեմ և պահանջելով վերականգնել ժողովրդապետական կարգերը Հայաստանում:

Երրորդ. դիմում ֆրանսիական կառավարությանը՝ պահանջելով, որ հայերը նկատվեն իբրև քաղաքացիներ մի պետության, որ ճանաչվել է դե յուրե և ժամանակավոր կերպով զրկված է իր պետական անկախությունից:

Ազգերի լիգային ուղղված դիմումների հետևանքն եղան մի շարք լավագույն վճիռներ Ազգերի լիգայի կողմից, որոնք, սակայն, գործնական արդյունքներ չեն տվել դեռ, որովհետև ոռոգման համար պահանջված գումարը՝ մոտ մեկ միլիոն անգլիական ոսկի, դրամատերերն ու դրամատները մերժում են տալ՝ չվստահելով խորհրդային իշխանությանը, որը չի կարողանում ներկայացնել լուրջ երաշխիքներ:

Ազգերի լիգայի ֆինանսական հանձնախմբի նախագահը՝ Դյուբուան, Սարդարապատի ոռոգման համար պահանջված փոխառության առթիվ, Փարիզի ՀՕԿ-ի ներկայացուցիչ Միքայել Պապաջանյանի և Բարեգործականի ներկայացուցիչ Լևոն Բաշալյանի ներկայությամբ ինձ ասաց. «Եթե Հայաստանում իշխանության գլուխ լիներ ո՛չ խորհրդային իշխանությունը, պահանջված գումարը կհայթայթվեր մեկ օրում: Բայց ինչպե՞ս եք ուզում, որ դրամատերերը դրամ տան մի կառավարության, որը չի վճարում իր հին պարտքերը: Խորհրդային իշխանության հանդեպ ոչ մի հավատ չկա»:

Եվ, հիրավի, հակառակ Ազգերի լիգայի միաձայն որոշման, հակառակ անպայման անկեղծ ցանկության և Նանսենի պես համաշխարհային համբավ վայելող և ծրագրի բուռն պաշտպան գործչի հեղինակության, հակառակ հայկական հարցի ունեցած ժողովրդականության և, որ ամենից ավելի կարևորն է, հակառակ ծրագրի լավ մշակված և ըստ ամենայնի շահավետ լինելուն, ոչ ոք գումար չտվեց նրա գործադրության համար:

Կարելի՞ է ցույց տալ ավելի պերճախոս ապացույց այն փաստի, որ խորհրդային ռեժիմը արգելք է Հայաստանի զարգացման ու բարգավաճման համար: Չէ՞ որ նախկին ռուսական կայսրության ծայր աստիճան աղքատացման պատճառով անկարելի է երևակայել նրա առաջադիմությունը առանց եվրոպական դրամագլխի օժանդակության. դա չեն հերքում և իրենք՝ կոմունիստները: Մյուս կողմից, նրանց իշխանության գլուխ մնալը վստահություն չի ներշնչում դրամատերերին:

Այսպիսով, ստեղծվում է կախարդական շղթա, որում խորհրդային իշխանությունը մինչև այսօր էլ պտտվում ու ելք չի գտնում…

***

Ինչ վերաբերում է հարցի զուտ քաղաքական կողմին, Ազգերի լիգան ուժ չունի բանաձևերից անդին անցնելու: Եվ որովհետև հայկական հարցի ուժը հենց հայ ժողովրդի կամքի և հանրային կազմակերպված ու գործոն կարծիքի զորության մեջ է, ուստի և հասկանալի է հայերի ձգտումը վառ պահել այդ հարցի կրակը միջազգային բնույթ կրող հաստատություններում: Այս չորս տարվա ընթացքում զեկուցումների, բանաձևերի, հուշագրերի ամբողջ շարք է ներկայացված այդ հաստատություններին, դրանց մասին իրենց խոսքն են ասել Երկրոդ Միջազգայնականը, Մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպան միությունը, Ազգերի լիգայի ընկերությունների միությւնը և այլն:

Բոլոր այդ բանաձևերը պահանջում են Հայաստանի անկախության և ռամկավար կարգերի վերականգնումը և հանրապետության սահմանների ընդարձակումը: Ճիշտ է, Լոզանի դաշնագրի վավերացումը Ֆրանսիայի, Անգլիայի և Իտալիայի կողմից մեծ հարված էր մեր հարցին, բայց տպավորությունը շատ ուժեղ եղավ, երբ 1927թ. հունվարին Միացյալ Նահանգների Ծերակույտը մերժեց վավերացնել Լոզանի թուրք-ամերիկյան դաշնագիրը: Անտարակույս, այս որոշումը անմիջական գործնական հետևանքներ չի ունենում, բայց և այնպես այն խիստ կարևոր է և նոր հորիզոններ է բացում: Աշխատանքը Ամերիկայում, որ հայերի համար միշտ եղել է կարևոր թե քաղաքական և թե տնտեսական նկատառումներով, այժմ դառնում է է՛լ ավելի անհրաժեշտ:

Քաղաքական գործունեության երրորդ ձևն այն աշխատանքն է, որ կատարվել է գլխավորապես Ֆրանսիայում՝ նպատակ ունենալով Հայաստանի և հայ գաղթականների քաղաքական կացության կարգավորումը: Բոլշևիկյան իշխանության ճանաչումից հետո Ֆրանսիայում և Անգլիայում բնական հարց առաջ եկավ, թե ի՞նչ պիտի լինի Հայաստանի և Վրաստանի անկախության (դե յուրե) ճանաչումը: ՀՀ պատվիրակության թափած ջանքերի շնորհիվ խորհրդային իշխանության ճանաչման բանաձևի առաջին կետում Ֆրանսիայի և Անգլիայի կառավարությունները մի վերապահում արեցին այն իմաստով, որ «խորհրդային իշխանությունը ճանչվում է Խորհրդային Ռուսաստանի այն հողերի համար, որոնց ազգաբնակչությունը ինքը ճանչել է այդ իշխանությունը»:

Սրանով ուզում են ասել, որ Հայաստանի և Վրաստանի ազգաբակչությունը անհրաժեշտ պայմաններում, այսինքն՝ ազատ կերպով չի հայտնել իր կամքը խորհրդային իշխանության ճանաչման մասին: Այդ պատճառով, ՀՀ պատվիրակությունը, եթե ոչ լիակատար կերպով, գեթ հնարավոր չափով պահպանեց իր իրավական վիճակը: Հայերի քաղաքացիական թղթերի վրա առաջ մակագրվում էր՝ «հպատակություն՝ հայկական»: Ֆրանսիայում փորձ արեցին գրել «ռուս» կամ «թուրք»՝ նայած որտեղից էր թղթի տերը: Այժմ, պատվիրակության թափած ջանքերից հետո, հաստատվել է առանձին արտահայտություն՝ «ծագումով հայ»: Սակայն, տակավին այսօր էլ, տրվում են զանազան վկայականներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ անկախ խորհրդային ներկայացուցչությունից:

Եթե այս ամենին ավելացնենք և հայ գործիչների մշտական մասնակցությունը Մերձավոր Արևելքի Նպատակամատույց ընկերությունների միջազգային դաշնության տարեկան համագումարներին, ընդհանուր առմամբ, պարզ կլինի այն աշխատանքը, որ արտասահմանում թափում է Հայաստանի Հանրապետության անկախության գաղափարի ամրապնդման և նրա հետ կապված գործնական խնդիրների լուծման համար: Այդ աշխատանքը, հաճախ չի նկատվում կամ դժգույն է երևում, բայց նրա պտուղները վայելում են գաղթական զանգվածները իրենց առօրյա կյանքում: Իսկ քաղաքական արդյունքներ, հուսանք, կտեսնենք ապագայում՝ պայծառ մի օր, երբ մեր ժողովուրդը կստանա իր անվիճելի իրավունքները:

***

Իմ հուշերը ահա հասնում են իրենց բնական վախճանին: Հայկական հարցը մենք բաժանեցինք երկու մասի՝ մեկը Հայաստանում, այնտեղ, որտեղ ստեղծվեց Հանրապետությունը, մյուսը՝ գաղութների և տարագրության մեջ, որտեղ ապրում է հայ ժողովրդի համարյա մեկ երրորդը, եթե չհաշվենք Վրաստանը, Ադրբեջանը, Հյուսիսային Կովկասն ու Ռուսաստանը:

Հայաստանի Հանրապետության քաղաքական զարգացման կողմը մենք թողեցինք պատմական այն վայրկյանին, երբ 1920 թ. դեկտեմբերի 2-ին խորհրդային իշխանությունը իր ձեռքն առավ Հայաստանի կառավարության ղեկը և 1921թ. մարտի 16-ի դաշնագրով ամրապնդեց հայ- թուրքական սահմանը: Այդ օրից ի վեր անցել է վեց տարի: Քաղաքական տեսակետից Հայաստանում ոչինչ չի փոխվել. այն այսօր էլ թղթի վրա, համաձայն խորհրդային Սահմանադրության, ազատ է, բայց փաստորեն, նախ՝ մի անդամն է Անդրկովկասյան Դաշնության, երկրորդ՝ վերջինիս միջոցով մտնում է Խորհրդային Միության մեջ: Այն չունի ոչ սեփական արտաքին քաղաքականություն, ոչ սեփական բանակ, ոչ ուրույն քաղաքական դեմք: Փաստորեն, Ռուսաստանի մի մասնիկն է՝ որոշ տեղական իրավունքներով դպրոցի, լեզվի և դատավարության բնագավառում, այսինքն՝ վայելում է մշակութային իրավունքներ: Նրա ազգաբնակչությունը զուրկ է քաղաքական բոլոր ազատություններից , չի կարող ոչ ազատ կերպով հայտնել իր կամքը, ոչ մտնել քաղաքական կուսակցությունների մեջ, որոնց գոյությունը, առհասարակ, արգելված է, չունի սեփական բարոյական հանրային դիմագիծ: Մի վիճակ, որ քաղաքական ինքնուրույն կյանքի ասպարեզ ոտք դնող ժողովրդի համար ծայր աստիճան կորստաբեր է:

Այսպիսի պայմաններում գոյություն չունի պաշտոնական ճանապարհ կամ հանրային մարմին՝ իմանալու Հայաստանի ժողովրդի ներքին ապրումներն ու մտքերը: Բայց կան անպաշտոն միջոցներ: Ես կարող եմ անսխալ կերպով պնդել, որ Հայաստանի ազգաբնակչության մի խոշոր մասը ձգտում է ազատվել շղթայող կապանքներից և ազատություն է տենչում: Այն հաստատ կանգնած է համակեցության և պետական կազմակերպության ժողովրդավար ձևերի պաշտպանության վրա, բայց ստիպված է համբերել ու սպասել ազատության: Շղթայակապ, իր հողերից զրկված, շնչահեղձ սակավահողության և անիրավության ճիրաններում՝ Հայաստանը, այնուամենայնիվ միակ պետական գանձն է  բոլոր հայերի համար: Հայկական հայացքներն ու մտքերն ուղղված են իր կողմը: Իր ուրախություններով ու վշտերով է ապրում ամբողջ հայությունը:

Այս փաստը չի կարելի հերքել: Այս զգացմունքը պետք է պահպանել և զորացնել բոլոր միջոցներով: Այս իրողության փայլուն ապացույցը ցավի այն կսկծեցուցիչ զգացումն է, որով համակվեցին հայ ժողովրդի բոլոր խավերը, երբ հասավ Շիրակի երկրաշարժի գույժը: Այդ աղետին արձագանքեցին ամենքը, աշխարհի բոլոր կողմերում ապրող հայերը, պատասխանեցին իբրև պետական աղետի: Ամենքը զգացին, որ «հայրենիքը վտանգի մեջ է»: Դարերի իրավազուրկ և առանց պետականության կյանքից հետո ամենքը զգացին, որ ունեն հայրենիք, ունեն պետություն, կա մի բան, որ հավասարապես հարազատ է թե վանեցու, թե երևանցու և թե իզմիրցու համար: Սա հայ ազգային գաղափարի մեծագույն հաղթանակն է:

Իհարկե, տասը տարվա ընթացքում Խորհրդային Հայաստանի իշխանությունը որոշ աշխատանք է կատարել տնտեսական և մշակութային կյանքի զարգացման համար. ոռոգումը, հիվանդանոցները, դպրոցը և այլն՝ մասամբ նոր բացված, մասամբ առաջ գոյություն ունեցող, որոշ չափով ավելացան թվով ու որակով: Բայց հայի պես աշխատասեր ու եռանդուն ժողովրդի համար այդ ամենը շատ քիչ է: Եվ ես հաճախ եմ հիշում Խորհրդային Հայաստանի գործավարներից մեկի խոսքը, որ «Հայաստանի Հանրապետությունը խորհրդային իշխանության տեւողության ընթացքում զարգանում է բնական կերպով, ճիշտ այնպես, ինչպես հակառակ բոլոր խոչընդոտների, զարգանում է նոր տնկած ծառը: Կենսական հյութն ու աճեցման կարողությունն իր իսկ մեջ է: Իշխանությունը հաճախ որևէ դեր չունի»:

Բայց երկրի սակավահողությունն ու նեղվածքությունը սպանիչ են. այդ պատճառով՝ Հայաստանից անընդհատ արտագաղթ է լինում, իսկ արտասահմանից ներգաղթող հայերի թիվը խիստ սահմանափակ է:

Ահա թե ինչու, բոլորովին առարկայական կերպով և առանց որևէ հետին մտքի, մենք գտնում ենք, որ այն արտաքին խաղաղությունը, որ վայելում է Հայաստանը, աչքի առաջ ունենալով այդ խաղաղության համար բերված զոհերը, պետք է տար ավելի արժեքներ և առատ հետևանքներ: Իսկ եթե ավելացնենք նաև, որ Ախալքալակը, Ղարաբաղը, Նախիջևանը՝ զուտ հայկական հողեր, որ խլված են Հայաստանից, շարունակում է մնալ Հայաստանից դուրս, ստիպված կլինենք եզրակացնել, որ վեց տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը կանգնած մնացել է մեռյալ կետի վրա՝ քաղաքականապես շղթայակապ, հոգեպես՝ ճնշված, տնտեսապես՝ ողորմելի վիճակում:

Ահա այս է այսօրվա Խորհրդային Հայաստանը:

«Բայց ձյան տակ էլ երբեմն եռացող ջուր է հոսում»,- ասում է բանաստեղծը: Արտաքին պայմանները թույլ չեն տալիս, որ եռացող ջուրը դուրս ժայթքի և փրփրուն հոսանքով հոսի ու կենդանացնի երկիրը: Բայց հայ ժողովուրդը տասնյակ տարիներ շարունակ ջարդեց բռնության շղթաները ոչ այն նպատակով, որ նոր շղթաներ դնի իր վրա: Նրա ազատությունը կապված է ռուսական դեպքերի զարգացման հետ, որովհետև Հայաստանը գրավված է այն կոմունիստական ուժերով, որոնք իշխում են նաև Ռուսաստանում:

Փաստերն էլ ցույց տվեցին, որ Հայաստանի ազատագրումը կոմունիստական ռեժիմից գերազանցապես կախված է այն բանից, թե ի՞նչ կանցնի-կդառնա կամ ի՞նչ պիտի կատարվի Ռուսաստանում: Հայաստանը ինքն էլ դեռ զբաղված է իր ծանր վերքերի դարմանումով: Այն չափից ավելի շատ արյուն թափեց վերջին 15 տարիների ընթացքում: Նրան անհրաժեշտ է անդորրություն և ուժերի հավաքում:

Այս ամենը թելադրում է զգաստ լինել, ուշադիր կերպով և մեծ լարվածությամբ հետևել քաղաքական վիճակին և ապահովել հայ ժողովրդի համար ուժերի և եռանդի խնայողությունը: Այս գիտակցությունից է բխում համապատասխան քաղաքականությունը, որին հետևում են հայ գործոն տարրերը: Ուժի ու համակրանքի ուժեղացման քաղաքականություն է նրանց վարածը:

Ահա ներկա տրամադրությունները Հայաստանում և Հայաստանից դուրս: Այդ տրամադրություններն այսօրվա քաղաքական պայմանների դասավորության արդյունք են: Արտաքին փայլից զուրկ են նրանք, բայց լիքն են ներքին բովանդակությամբ: Դրանք թելադրում են վառ պահել այն սրբազան կրակը, որով պետք է ոգևորվի գաղութներում ցրված հայ երիտասարդությունը: Ուստի և չափից ավելի անհրաժեշտ են ազգային վարժարանները նոր սերնդի համար, դասախոսություններն ու մամուլը, ժողովրդի ու մտավորականության կենդանի փոխհարաբերությունը: Հարկավոր է անդադրում աշխատանք հանրային դաստիարակության համար: Եվ այդ պատճառով նա, ով ժողովրդի մեջ վառում է սուրբ ոգևորության կրակը, մեծապես նպաստած կլինի այն բանին, որ վաղը վառվի ազատության ջահը՝ լուսավորելու Միացյալ և Անկախ Հայաստանի հաղթական թափորի ճանապարհը, որի վրա ընկան սերունդներ ամբողջ և գետերով արյուն թափվեց:

Ժողովուրդների և պետությունների կյանքը դարեր է տևում, հազարավոր տարիներ: Իմ հուշերում առնված է փոքրիկ մի ժամանակաշրջան, պատմական տեսակետից՝ մի վայրկյան միայն, բայց անհունորեն կարևոր վայրկյան: Սա այն վայրկյանն է, երբ մեր ազգը՝ միացած մեկ խանդավառությաբ, իր համար նորից ստեղծեց անկախ ազգային կյանք:

Ես ջանացի ցույց տալ ծագումը այդ կյանքի և նրա զարգացման ելևէջները, մանավանդ այն վայրկյանները, երբ ես ինքս եղա դեպքերի ականատեսը: Բայց կյանքը կանգ չի առնում: Եվ միշտ շարժվում է առաջ: Եվ կյանքում ամեն բան փոխվում է: Պիտի փոխվեն, իհարկե, և Հայաստանի Հանրապետության կյանքի զարգացման ապագա պայմանները: Այն շատ ուրախություն ու վիշտ պիտի տեսնի դեռ: Բայց թո՛ղ նրա համար էլ հարազատ դառնա նշանաբանը այն քաղաքի, որտեղ գրվում են սույն տողերը.

«Տատանվում, բայց չի սուզվում»: