«Միանշանակ կողմ եմ Արցախում ընտրություններ անցկացնելուն». Արայիկ Հարությունյան

1877

Արցախի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, ով համարվում է նախագահական ընտրությունների ֆավորիտ թեկնածուներից և որի կուսակցությունը գործող ԱԺ-ում ունի մեծամասնություն, «Ազատություն» ռադիոկայանին ասել.

– Անկախ մասնակցում եմ թե չէ, անկախ առաջադրվել եմ թե չէ՝ ես, որպես Արցախի քաղաքացի, միանշանակ կողմ եմ ընտրությունները կազմակերպելու։ Ինչո՞ւ։ Քանի որ, նախ, մենք չենք իմանում սա ինչքան է տևելու, և մյուս հարցը՝ գոնե վտանգի առումով ամենաբարենպաստ ժամանակը այսօր է, օր-օրի ավելի է վտանգվելու։ Ինչքա՞ն ժամանակ չեղարկենք, սահմանադրական ճգնաժամ է առաջանում։ Երկրորդ պրոբլեմը, համաշխարհային տնտեսական աղետ է սպասվում, ոչ թե ճգնաժամ։ Ինչպե՞ս ենք դիմակայելու։ Եվ ամենավտանգավորն այն է, որ շատ մեծ ներդրումային ծրագրեր պետք է իրականացվնենք, իսկ այդ կապիտալը գնացող իշխանությունը չի ունենում։ Պետք է արագ ձևավորել իշխանություն, և շատ շուտ և համարձակ քայլեր Հայաստանի իշխանությունների հետ միասին կատարենք։ Մեր առջև, բացի համաճարակից, սպասվում են նաև տնտեսական շատ լուրջ խնդիրներ, չափազանց լուրջ խնդիրներ։ Մեր պարենային անվտանգության խնդիրն է կասկածի տակ։ Մենք դեռ չգիտենք, թե քանի ամիս է տևելու սա, և ինչպիսի իրավիճակ ենք ունենալու։ Իսկ այսօր որևէ դեպք չկա արձանագրված։ Իսկ վտանգը ավելի շատ քարոզարշավում է եղել։ Ընտրությունները կազմակերպելը մի քանի անգամ ավելի հեշտ է, այդ հակահամաճարակային, սանիտարական պայմանները ապահովելը ավելի հեշտ է, քան հանդիպումները նախընտրական։

«Ազատության» հարցին, որ ընտրատեղամասերում կուտակումներ են լինելու, մարդիկ հավաքվելու են, Հարությունյանը պատասխանել է.

– Դա ամենահեշտն է կարգավորել։ Մենք՝ ղարաբաղցիներս, պատերազմի ժամանակ այդ կարգուկանոնը պահում էինք՝ քանի մետր հեռավորությամբ, ինչպես լինել, ինչպես դիրքավորվել։ Ընդամենը պետք է ընտրատեղամասերում հստակ ցուցումներ լինեն։ Կատեգորիկ արգելվում է, որ կուտակումներ լինեն։ Երկրորդը, ինչպիսի հաճախականությամբ։ Մենք հաշվի առնենք, որ նոսր բնակեցված տարածք է Արցախը ընդհանուր առմամբ, և դրա համար ավելի հեշտ է։ Միայն Ստեփանակերտ քաղաքում ինչ-որ չափով և որոշ բնակավայրերում է, որ դրա անհրաժեշտությունը լինելու է։ Իսկ գյուղերում կարող է տասը րոպեն մեկ էլ չի մարդ մտնում։