Ապշեցնող անպատասխանատվություն՝ Արցախի ընտրությունների հարցում

1249

Արցախի ընտրությունների, ավելի ճիշտ՝ դրանք չհետաձգելու հարցում Հայաստանի գործող իշխանությունները, առաջին հերթին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մեր օրերի գրեթե հերոս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ապշեցնող անպատասխանատվություն են դրսևորում:

Եթե Հայաստանի իշխանությունները չեն կարողանում Արցախի ղեկավարությանը իրենց խոսքն ասել, որպեսզի ընտրությունները հետաձգվեն, ապա դա շատ ցավալի իրողություն է, որին ես չեմ հավատում: Քաղաքական ինչ-ինչ շահեր ստիպում են Փաշինյանին և հատկապես նրա թիմի այն անդամներին, որոնք առանց երևալու և ձայն հանելու համակարգում են ընտրությունները Արցախում, ամեն գնով ընտրություններ ունենալ մարտի 31-ին:

Հրաշք կլինի, եթե Արցախը և բանակը զերծ մնան կորոնավիրուսի վարակից: Համաճարակի այս օրերին բացարձակապես էական չէ, թե ով կդառնա Արցախի նախագահ, ովքեր կդառնան պատգամավոր: Նրանք բոլորը հայ մարդիկ են՝ Արցախում գրանցված, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Ով էլ ընտրվի՝ անգամ նա կամ նրանք, ովքեր թաքուն երանությամբ են հիշում Սերժի ժամանակների Հայաստանը ու իրենց բաժին կոռուպցիան, կամ տանել չեն կարողանում Նիկոլին ու նրա թիմին, ստիպված են լինելու աշխատել Երևանի հետ:

Բայց եթե մենք՝ լրագրողներս, հարյուրավոր դիտորդներն ու Արցախի ընտրություններին մասնակցող թեկնածուների ու կուսակցություններին աջակցողները, որոնք այս օրերին կամ Արցախում են կամ պատրաստվում են մեկնել, մեզ հետ վարակը հասցնենք Արցախ, ապա դրա թիվ մեկ պատասխանատուն լինելու է Հայաստանի վարչապետը և նրա թիմը:

Թիվ երկու, եթե կուզեք՝ թիվ մեկ պատասխանատուն Հայաստանի առողջապահության նախարարն է: Այդ նա է, որ պարտավոր է հրապարակավ մտահոգվելու, իսկ ոչ հրապարակավ իր քաղաքական թիմին փորձել համոզելու, որ Արցախում ընտրությունները աշխարհում ու մեր տարածաշրջանում համաճարակի այս ահագնացող օրերին պարզապես անթույլատրելի են և կարող են ունենալ անդառնալի հետևանքներ:

Ապշեցնող է նաև Հայաստանի նախագահի կեցվածքը: Եթե մինչև համաճարակը Արմեն Սարգսյանի համար, քաղաքական իմաստով, գործածելի էր «անգլիական թագուհու» կարգավիճակը, ապա այսօր նրա լռությունը, մեղմ ասած, դատապարտելի է:

Իրավիճակի համար պատասխանատվություն են կրում նաև Արցախի հեռացող իշխանությունները՝ Բակո Սահակյանի գլխավորությամբ և բոլոր այն քաղաքական ուժերն ու թեկնածուները, որոնք կողմ են արտահայտվում ընտրությունները մարտի 31-ին անցկացնելուն:

Ապշեցնող է այն իրականությունը, երբ Նիկոլ Փաշինյանին ամեն մի քայլում քննդատողները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու նրա փեսայի շահերը ներկայացնող կուսակցությունները, անհատները, քարոզիչները Արցախի ընտրության հարցում գրեթե չեն քննադատում Հայաստանի վարչապետին ու նրա թիմին:

Բարոյականությունը թույլ չի տալիս, հատկապես համաճարակի այս օրերին, երբ ամբողջ հայ ժողովուրդը պետք է մոռանա քաղաքական հաշվարկները, գրելու և հասկանալու, թե ինչու չեն Հայաստանի նախկին իշխանությունները քննադատում Փաշինյանին ու նրա թիմին: Ավելին, որոշները հրապարակավ են հայտարարում, որ Արցախում ընտրությունները չի կարելի հետաձգել:

Ապշեցնող է նաև խորհրդարանում մեծամասնություն կազմող Իմ քայլը խմբակցության պատգամավորների կեցվածքը: Այս օրերին նրանք ֆեյսբուքի իրենց էջերում կիսում են տասներորդական կարևորություն ունեցող նյութեր, սակայն գրեթե չեն անդրադառնում Արցախի ընտրություններին: Ու նրանք այն պատգամավորներն են, որ գրեթե չէին թաքցնում զայրույթը էջմիածնեցի տարաբախտ կնոջ հասցեին, որից վարակվեցին տասնյակ մարդիկ:

Համաճարակի այս օրերին, եթե Հայաստանի ու Արցախի քաղաքական ուժերը կամ նրանցից որոշները հաշվարկներ են կատարում, թե ում օգտին է ընտրությունները մարտի 31-ին անցկացնելը ձեռնտու և ում օգտին է դրանք հետաձգելը, այդ ուժերն ու անհատները բարոյականության լուրջ պակաս ունեն ու նաև՝ հայրենիքի ապագան ու նրա քաղաքացիների առողջությունը ստորադասում են քաղաքական նեղ շահերին:

Այսօր քաղաքական հաշվարկների ժամանակը չէ, այսօր Արցախում ընտրությունները հետաձգելու ժամանակն է:

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մտորելու ևս երեք օր ժամանակ ունեն:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ