Պատմություն այն մասին, թե ինչպես երկու անգամ առավոտ կանուխ ծեծեցին վիրաբույժ Արտավազդ Սահակյանի բնակարանի դուռը

5246

Էս մեր երեխաների վաղ մանկության տարիներին պատերազմ էր։ Նրանք դա չեն հիշում, փոքր են եղել։ Չեն հիշում, չգիտեն ու, հետեւաբար գնահատել էլ չեն կարող։ Այսօր, պարզ է, վիրուսից ենք պաշտպանվում, իսկ այն ժամանակ հրետակոծություններից էինք պաշտպանվում։

Լայնածավալ պատերազմ էր։ Շրջափակում էր ու էլի նման մանր-մունր բաներ։ Աննախադեպ ոչինչ չկար։ Այդ այսօր ենք այդքան հաճախ աննախադեպ երեւույթների հանդիպում։  Այն ժամանակ աննախադեպ մի բան տեսնելու համար աչքերդ  չռած տարիներով պետք է սպասեիր։

Սովորական պատերազմ էր։ Ամեն օր զոհեր, թաղումներ ու վիրավորներ էին լինում ու՝ շատ։ Կային պատերազմ գնալ չցանկացողներ։ Կային պատերազմի ժամանակ Երեւանում սուր ճոճողներ։ Նրանցից ոմանք հետագայում հերոսներ հորջորջվեցին, բայց սա թողնենք, սա այլ պատմության թեմա է։

Կային, իհարկե, դասալիքներ։ Ամեն ինչ էլ կար, բայց մեր ժողովրդի հիմնական մասը՝ յուրաքանչյուն իր դիրքում, պատերազմում էր, վիրավորվում էր, զոհվում էր, հավատում էր, մաքառում էր։

Վիրաբույժ Սահակյան Արտավազդն էլ իր դիրքում էր։ Երեւանում եւ Ղարաբաղում վիրավորներին էր վիրահատում։ Պատերազմին մասնակցած ու վիրավորվածներից շատերն են ճանաչում ու  հիշում Արտավազդ Սահակյանին։ Նա է փրկել նրանցից ոմանց ոտքը, ոմանց՝ ձեռքը, իսկ ոմանց, որ առանց ոտք կամ առանց ձեռք են՝ կյանքը։ Արտոն, մեր մեջ ասած, շատ է հպարտանում իր կենսագրության այս շրջանով։ Իրավունք ունի։ Թող հպարտանա։

1993-ի դեկտեմբերի մի ցուրտ գիշեր Ստեփանակերտի հիվանդանոցում հերթական ծանր վիրահատությունն ավարտելուց անմիջապես հետո հոգնած վիրաբույժը դեպի Երեւան է ուղեւորվում՝ անհետաձգելի վիրահատության։ Տուն է մտնում, որ հագուստը փոխի ու նոր հիվանդանոց հասնի, երբ կինը՝ Մարջիկը, թե․

-Արտո, այսօր առավոտ լուսադեմին, 5-ի 6-ի կողմերը մեր դուռը ջարդում էին, պահանջում էին, որ բացեմ։ Երեխաները քնած էին, վախեցա ու չբացեցի։ Քեզ էին պահանջում, ասում էին, որ շտապ պետք է զինկոմիսարիատ ներկայանաս։

Հիվանդանոցից վիրաբույժը արդեն օրվա երկրորդ կեսին՝ վիրահատության ավարտից հետո, զանգահարում է զինկոմիսարիատ, ներկայանում է ու ․․․

-Եթե դու մեկ ժամվա ընթացքում փաստաթղթերով հանդերձ մեզ մոտ չգաս, ապա մենք ենք գալու քո հետեւից, -լսվում է խոսափողից։

Ի՞նչ պետք է անես։ Ներկայանում է։

-Պատժելու ենք։ Դասալիք ես, – հայտարարում է զինկոմիսարիատի ինքնագոհ ու չաղլիկ աշխատակիցը։

Էս պատմությանը ես վաղուց եմ տեղյակ՝ դեռ այն ժամանակներից։ Արտոյին, ինչպես այսօր, այնպես էլ այն ժամանակ լավ ճանաչում էին։ Պատերազմի դաշտից հեռու, իրենց յուրօրինակ կյանքով ապրող զինկոմիսարիատի աշխատակիցներին պաշտպանության նախարարության ամենավերին օղակից զանգահարում ու բացատրում են, որ սխալ հացեով են գնացել, որ սխալ դուռ են ծեծել, որ էլ նման սխալ թույլ չտան, եթե չեն ցանկանում զրկվել իրենց տաքուկ անկյունից։

Արտավազդը մոռացել էր այս պատմությունը։ Ասենք, ես էլ չէի հիշում։ Ու չէինք էլ հիշի, եթե չգար 2020 թ․ Նովրուզը՝ մարտի 20-ը, իր կորոնովիրուսային նորություններով հանդերձ։

Կորոնովիրուսից մենք, իհարկե, չենք վախենում, բայց դրա դեմ պայքարել պետք է։ Սա էլ պատերազմի պես մի բան է՝ յուրաքանչյուրն իր տեղում պետք է իր գործն անի, որ հնարավորինս շուտ ու անվնաս հաղթահարենք ու կրկին «մեր սուրը փառքով դնենք պատյան»։ Իշխանությունները կարանտին են հայտարարել ու ճիշտ են անել։ Պայքարի արդյունավետ միջոց է։ Որքան խիստ բոլորս հետեւենք հայտարարված կարանտինի պահանջներին, այնքան լավ բոլորիս համար։ Գլխավոր պահանջն է՝ առանց խիստ անհրաժեշտության տանից դուրս չգալ, տարատեսակ շփումներ չունենալ։ Մի խոսքով՝ չվարակվել ու չվարակել։ Ավելի քան տրամաբանական է։ Բայց կան այս կարեւորագույն պահանջին չենթարկվողներ։

Նկատելով Երեւանի փողոցներում տիրող եռուզեռը, բժիշկ Արտավազդ Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է անում, առաջարկելով իշխանություններին էլ ավելի խիստ մոտեցում ցուցաբերել։ Բժիշկ է, պատկերացնում է վտանգը։ Մտահոգ է։ Թվում է՝ անվնաս, անգամ՝ օգտակար գրառում է եւ որեւէ տհաճ միջադեպի պատճառ հանդիսանալ չի կարող։ Բայց միայն թվում է։ Մենք շատ բան չգիտենք ու չենք հասկանում։

Առավոտ վաղ՝ դեռ հիվանդանոց չհասած Սահակյանին զանգահարում է կինը եւ տեղեկացնում, որ ոստիկանները հենց նոր ծեծում էին իրենց բնակարանի դուռը եւ Արտավազդին պահանջում։ Կինը ենթարկվելով ամուսնու հորդորներին՝ տնից դուրս չգալ, դուռը չբացել եւ վարակը իսպառ բացառելու նպատակով որեւէ մեկի հետ չշփվել՝ դուռը չի բացում, բայց տեղեկացնում է, որ ամուսնուն կարող են գտնել հիվանդանոցում։

Հիվանդանոց են գալիս երկու երիտասարդ ոստիկան ու պահանջում, որ բժիշկը հեռացնի իր ֆեյսբուքյան գրառումը քանի որ այն, ուշադրություն(!), խուճապածին է։

-Բայց չէ որ բոլորն են խոսում այն մասին, որ մարդիկ պետք է քիչ շփվեն, խստորեն հետեւեն հայտարարված կարանտինի պահանջներին։ Սա աջակցող գրառում է։ Ի՞նչն է այստեղ խուճապածին , -հարցնում է զարմացած Սահակյանը։

-Դուք նման գրառում անելու իրավունք չունեք(!)։ Խուճապածին է, -հնչում է այլընտրանքը բացառող պատասխանը։

Արտավազդ Սահակյանն, իհարկե, հեռացնում է գրառումը։ Հետո մենք զանգահարում ենք իրար, հիշում ենք առաջին պատմությունը, կապում այս երկրորդի հետ ու ծիծաղում ենք լիաթոք։ 27 տարի է անցել, բայց եւ ձեռագիրն է նույնը, եւ ոճը, եւ դեմքերի արտահայտությունը։

Այս պատմությունը, որ հենց նոր ավարտեցի, Արտոյի՝ Արտավազդ Սահակյանի մասին չէ, անգամ նրա տիկնոջ՝ Մարջիկի մասին չէ, ով դուռը չի բացել, չի բացում ու չի էլ բացելու։ Այս պատմությունը չինովնիկի մասին է։ Չինովնիկն է այս պատմության հերոսը։ Բոլոր ժամանակների չինովնիկը։

Ապրում է մարդը, քայլում է, երիտասարդ է, ժիր է, համակրելի է, բայց ո՞վ է նա իրականում։ Համակրում ենք, բայց չենք ճանաչում։ Դարձրու նրան չինովնիկ, տուր նրան իշխանություն եւ անմիջապես, եթե ոչ մի քանի օրից, ապա՝ մեկ շաբաթից, ամենածայրահեղ դեպքում մեկ ամսից կտեսնես նրա իրական կերպը, կճանաչես ու, շատ դեպքերում, ցավոք, կհիսթափվես։ Այսպես է միշտ։ Բոլոր ժամանակներում։ Լինում են, իհարկե, բացառություններ։ Բայց այս պատմությունը բացառությունների մասին էլ չի։

Վարդան Հարությունյան