Նախիջևանին տիրելու պայքար 1919-ին. Հայաստանում Ադրբեջանի դեսպան Թեքինսկու հեռագրերը

1632

Հատված Ռուբէն Տէր Մինասեանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ աշխատությունից: Տէր Մինասեանը եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայաստանի Հանրապետության երրորդ ռազմական նախարարը:

ԱՆԻ-ին հիշեցնում է, որ առանձին հոդվածների վերնագրերը ինքն է դնում, որոնք սովորաբար տեքստից վերցված նշանակալի հատվածներ են: Հիշեցնենք, որ այս շրջանում Հայաստանն ու Ադրբեջանը ունեին դիվանագիտական հարաբերություններ դեսպանատների և դեսպանների մակարդակով, Ադրբեջանի խորհրդարանում հայերն ունեին 12 աթոռ, իսկ երկու հայեր մաս էին կազմում 1919-ի մարտին Ադրբեջանի վարչապետ դարձած Նասիբ Բեկ Ուսուբբեկովի կառավարությանը:

 

Թիւ 94, 10 Մայիս, 1919

Բագու՝ Նախարարապետին.

Բոլշեւիկների կողմից Բագուին վտանգ սպառնալը պատճառ բերեցէք եւ խնդրեցէք անգլիացիներին, որ Կարսի թնդանօթները փոխադրեն Բագու:

Դիւանագիտական ներկայացուցիչ՝ ԹԵՔԻՆՍԿԻՅ

(Փաստաթուղթ 16)

*****

Թիւ 38, 18 Մայիս, 1919

Երեւան, Դիւանագիտական ներկայացուցիչ Թեքինսկուն.

Հանգամանքների բարդացման հետեւանքով, նախիջեւանցիները մօտ ապագայում չեն կարող սպասել մեզնից իրական զինուորական օգնութիւն: Եթէ տեղական բնակչութիւնը կարող է կանգնեցնել հայկական զօրքերի առաջացումը, ապա այդ ուրախութեամբ կ’ընդունի Ադրբեջանի կողմից, մանաւանդ որ Ղարաբաղի հայերը՝ չնայած անգլիացիների ներկայութեան, որոնք եկել են Ղարաբաղ մեզ աջակցելու՝ կտրականապէս ընդդիմանում են Ադրբեջանի իշխանութեանը այնտեղ հաստատելոնւ:

Ի տեղի Արտ. Գործոց նախարարի՝ ԶԻԱԹԽԱՆՈՎ

(Փաստաթուղթ 19)

*****

Թիւ 129, 4 Յունիս, 1919

Բագու, Արտաքին գործոց նախարարին.

Ի՞նչ դրութեան մէջ է Կամաւորական Բանակը:

Որեւիցէ պատճառ բռնելով յետաձգեցէք Հայաստանի երկաթուղիների համար մազութ ուղարկելը, որովհետեւ Նախիջեւանի շրջանում դէպքեր են սպասւում: Անգլիական զօրքերը հեռանում են, նրանց բրիգադներից մէկը կը կանգնի Գորիս քաղաքում:

Ի՞նչ պէտք է ձեռնարկել անգլիացիների Զանգեզուրի մասին արած վճռի առթիւ:

Դիւանագիտական ներկայացուցիչ՝ ԹԵՔԻՆՍԿԻՅ

(Փաստաթուղթ 20)

*****

Թիւ 130, 4 Յունիս, 1919

Բագու, Արտաքին գործերի նախարարին.

Կամաւորական Բանակի առաջխաղացումը հայերին ուրախութիւն է պատճառում, որովհետեւ յոյս ունեն, թէ Բագուն կը գրաւուի, թէպէտ, Յունիսի մէկին ինձ մօտ ճաշին Խատիսեանը հաւատացնում էր, որ անկախութիւնը պաշտպանելու հարցում՝ Ադրբեջանի եւ Հայաստանի շահերն ընդհանուր են: Եթէ մեր յարաբերութիւնը Կամաւորական Բանակի հետ լարուի, հայերը դէպի մեզ թշնամական դիրք կը բռնեն, ուստի անհրաժեշտ է Հայաստանի համար Շարուր-Նախիջեւանում ստեղծել վտանգ. գործը կազմակերպելու համար պէտք է անյապաղ դրամ բաց թողնել: Իմ ձեռքը առած միջոցների շնորհիւ, Շարուրը, Նախիջեւանը եւ Օրդուբատը արդէն միացել են մէկ ազգային խորհրդի մէջ, որը ինձ հետ մշտական յարաբերութիւն ունի:

Դիւանագիտական ներկայացուցիչ՝ ԹԵՔԻՆՍԿԻՅ

(Փաստաթուղթ 21)

*****

Թիւ 1599, 8 Յունիս, 1919

Դիւանագիտական ներկայացուցիչ՝ Թեքինսկուն.

Պատասխան թիւ 130 հեռագիր: Հաւանութիւն եմ տալիս Շարուր-Նախիջեւանի հետ կապ հաստատելու նպատակով ձեր ձեռնարկած միջոցներին: Համաձայն եմ միջոցներ տալ զինուորական կազմակեպութիւնների համար: Հաղորդեցէք՝ ինչպէ՞ս եւ ու՞մ բաց թողնել դրամը: Հաղորդեցէք, թէ ի՞նչ միջոցներով պիտի իրագործուին մատնանշուած ծրագրին ու կազմակերպութիւնները:

Արտաքին գործերի նախարար՝ ՋԱՖԱՐՈՎ

(Փաստաթուղթ 22)

*****

Թիւ 184, 20 Յունիս, 1919

Շտապ, (Պատասխան թիւ 159) հեռագրի

Շարուր-Նախիջեւանի շրջանն ունի մօտ 6.000 կիսականոնաւոր զօրք՝ հեծելազօրով, թնդանօթով եւ գնդացիրներով: Ռազմունակութեամբ յետ չեն մնում հայերից, որոնց օժանդակում են անգլիացիները: Պատերազմական գործողութիւնների ժամանակ զինուած ուժերի թիւը կարող է հասնել մինչեւ 10.000ի: Կարծում եմ, որ մենք պէտք է պահենք միայն 6.000 ասկեար հին հրամանատարական կազմի հետ միասին, տեղաւորելով նրանք այն վայրերում, ուր գտնւում էին մինչեւ հայերի գալը, իսկ մի մասն էլ Զանգեզուրի սահմանի վրայ՝ լեռներում:

Ծախսերի ստուգութիւնը լիովին երաշխաւորել դժուար է: Գործի կարեւորութիւնը ստիպում է, որ հաշտուէնք մի քանի հնարաւոր զեղծումների հետ: …Վաղը դուրս է գալիս զինուորական կցորդը, լսեցէք նրա զեկուցումը եւ միասին քննեցէք: Այսօր սուրհանդակ ուղարկեցի Նախիջեւան:

Դիւանագիտական ներկայացուցիչ՝ ԹԵՔԻՆՍԿԻՅ

(Փաստաթուղթ 23)

*****

Թիւ 202, 22 Յունիս, 1919

Բագու, Արտաքին գործերի նախարարին.

… Իր ժամանակին նիւթական օժանդակութիւն չհասնելու պատճառով, մուսուլմանական զօրքերը ցրուեցին (Շարուր-Նախիջեւան), բացի 300 պարտիզաններից: Թւում է, որ այժմ Ադրբեջանը Հայաստանից բացի՝ ուրիշ թշնամի չունի, ուստի անհրաժեշտ է Հայաստանի վրայ առանձին ուշադրութիւն դարձնել: Մենք պէտք է քիւրտ Ամկոյին քաշել մեր կողմը, որի համար խնդրում եմ ինձ լիազօրութիւն…:

Դիւանագիտական ներկայացուցիչ՝ ԹԵՔԻՆՍԿԻՅ

(Փաստաթուղթ 28)

 

Նախիջևանը 20-րդ դարի սկզբին

Կարդալ նաև՝