Ի՞նչ են անում Քոչարյանին ու Սարգսյանին հարակից անձինք իրենց հրապարակային խոսքով, լրատվամիջոցներով

1443

Մի քանի շաբաթից Եվրոպայում վարակը հսկողության տակ կվերցվի, վիճակը կհանդարտվի, բայց չմոռանաք, թե ինչպես իրենց պահեցին այսօրվա «ընդդիմադիրները»։

Հիշեք, թե ճգնաժամային պահերին ինչպես է իրեն պահել իրենց ընդդիմությունը, որի մի մասն այսօր իշխանություն է։ Ապրիլյան պատերազմի օրերին ամենախիստ քննադատ ՀԱԿ-ը մի կողմ դրեց ամեն ինչ, Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ, գնաց Արցախ, հանդիպեց Բակո Սահակյանին, հետո հատուկ հարցազրույցով կոչ արեց ներքին տարաձայնությունները ժամանակավորապես սառեցնել և ազգային համախմբվածություն դրսևորել։ ՔՊ-ն, այսօրվա վարչապետը որպես կամավորներ մեկնեցին Արցախ։

Այս ամենը ստեղծում էր միասնականության մթնոլորտ, ընդհանուր խնդրի դեմ համատեղ պայքարի էներգիա։

Ի՞նչ են անում այսօր Ռ. Քոչարյանին ու Ս. Սարգսյանին հարակից անձինք իրենց հրապարակային խոսքով, իրենց լրատվամիջոցներով. տարածում են կեղծիք, անթաքույց ջանում են անվստահություն սերմանել կառավարության գործողությունների նկատմամբ, ձեռքերն են շփում, հրճվում են արձանագրված ամեն դեպքից հետո, փորձում են բրդել իրենց կաշին փրկելու գործը… ոչ մի խոսք համախմբվածության, զսպվածության, իշխանություններին աջակցելու, մեր ընդհանուր խնդրին դիմակայելու մասին։

Նրանք իրենց թշնամու պես են պահում, ինչպես իրենց մի մասը պատերազմի օրերին, երբ երկրում մահափորձեր էին նախապատրաստում ու հակակառավարական ցույցեր անում։

Մի իշխանություն, որ շուրջ երկու տասնամյակ կեղեքել է երկիրը, տանուլ տվել բոլոր ուղղություններով, թալանել բանակը, գողացել զինվորի հացը, վաճառել նորածինների… հիմա էլ ճգնաժամային իրավիճակում որպես «ընդդիմություն» է խփում թիկունքից։

Սա է՛լ ավելի ակնհայտ է դարձնում, թե ի՛նչ կարևոր է ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը, ի՛նչ կարևոր է ԱԺ կողմից այդ ռեժիմին իրավաքաղաքական գնահատական տալը։

Ինչ էլ լինի, գործող իշխանությունից երբ ու ինչքան էլ հիասթափվեք, չմոռանաք, որ դիմացինն իրեն թշնամու պես է պահել թե՛ որպես իշխանություն, երբ գնդակահարում էր ցուցարարներին ու համակարգված թալանում երկիրը, թե՛ որպես ընդդիմություն։

Ռաֆայել Թեյմուրազյան

Պորտուգալիայի Կոիմբրայի համալսարանի պրոֆեսոր

Աղբյուրը՝ Facebook