Կողբ գյուղի (Նոյեմբերյան, Տավուշ) բնակչությունը 1831-1931 թթ և խորհրդային տարիներին

8274

Այսօրվա Կողբ ավանի (Նոյեմբերյանի շրջան, Տավուշի մարզ)  բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությունը հանդիպում ենք 1831 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1831-ին գյուղը ունեցել է 592 բնակիչ, բոլորն էլ հայեր:

Ըստ Կորկոտյանի ցուցակի, Կողբը 100 տարվա ընթացքում՝ 1831-ից մինչև 1931 թվականը, աճել է ավելի քան վեց անգամ: Այդ տարիների ընթացքում բնակիչները բացառապես եղել են հայեր, բացի մեկ մարդահամարի. 1926 թվականի ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալներով՝ Կողբում բնակվել է մեկ վրացի:

Կողբի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 592 հոգի

1873 թվական – 1.343 հոգի

1886 թվական – 1.688 հոգի

1897 թվական – 2.008 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար)

1916 թվական – 2.442 հոգի

1922 թվական – 2.234 հոգի

1926 թվական – 2.246 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար)

1931 թվական – 2.639 հոգի

Ինչպես նկատում ենք՝ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին, Կողբը եղել է Հայաստանի խոշորագույն բնակավայրերից մեկը:

Բնակչության աճը շարունակվել է նաև խորհրդային տարիներին.

1939 թվական – 2.970 հոգի

1959 թվական – 3.165 հոգի

1970 թվական – 4.142 հոգի

1979 թվական – 4.421 հոգի

1989 թվական – 5.063 հոգի

Այսօր Կողբի իրական բնակչությունը 5000-ից նվազ է, թեև այս գյուղը շարունակվում է մնալ Հայաստանի գյուղական խոշորագույն բնակավայրերից մեկը՝ զբաղեցնելով մոտավորապես 34-35-րդ հորիզոնականը: Կողբը հնում եղել է Գուգարաց նահանգի Կողբափոր գավառի կենտրոնը: Առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 4-րդ դարի երկրորդ կեսին՝ հայ պատմիչների մատյաններում:

Կողբը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի (Գանձակ, այսօր՝ Գյանջա) նահանգի Ղազախ գավառի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի: Ընդ որում, Կողբը և այսօրվա Նոյեմբերյանի շրջանը Ռուսաստանին միացվել են Հայաստանի մյուս հատվածներից շուրջ 30 տարի վաղ՝ 19-րդ դարի սկզբին: 1828-ից, երբ ամբողջ Անդրկովկասը Պարսկաստանից անցավ Ռուսաստանին, Անդրկովկասը մինչև 1918-ը մի քանի անգամ ենթարկվել է վարչական վերաձևավորումների:

Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21թթ.) կազմ մտնելը Կողբը, Ռուսաստանի կազմում է եղել որպես Վրացական նահանգի (1828-1840),  Վրաց-իմերեթական նահանգի (1840-1845), Թիֆլիսի նահանգի (1845-1868) և Ելիզավետպոլի նահանգի (1868-1918) մաս:

Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում ցարական Ռուսաստանի մեջ մտնող Ղազախի գավառը վեճի առարկա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այստեղ գրանցվել են հայ-թաթարական բախումներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը այս հատվածում գծվել է համաձայն 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի: Ինչպես հայտնի է, 1920-ի օգոստոսին Հայաստանը դեռ անկախ էր, մինչդեռ Ադրբեջանը ապրիլին խորհրդայնացվել էր և ենթարկվում էր Մոսկվային:

1920-ի աշնանը թուրք քեմալականները և ռուս բոլշևիկները հարձակում սկսեցին Հայաստանի վրա արևմուտքից և արևելքից: Ռուսական 11-րդ Կարմիր բանակը դեպի անկախ Հայաստան արշավեց հիմնական երկու ուղղությամբ՝ Արցախից, որը 1920-ի մայիսին խորհրդայնացվել էր, և Ղազախի հատվածից:

Խորհրդային տարիներին, մասնավորապես՝ 1922-1936 թվականներին, այսօրվա Նոյեմբերյանի շրջանի գյուղերը մտնում էին Իջևանի և Ալավերդու շրջանների մեջ: Ջուջևան, Բաղանիս, Ոսկևան/Ղոշղոթան, Կոթի, Բարեկամավան/Դոստլու և Ոսկեպար գյուղերը Իջևանի, իսկ մյուս գյուղերը՝ այդ թվում Կողբը, Ալավերդու շրջանին էին պատկանում:

1937-ին Իջևանի և Ալավերդու շրջանների հաշվին ձևավորվեց Նոյեմբերյանի շրջանը, որի կենտրոն դարձավ Բարանա գյուղը՝ վերանվանվելով Նոյեմբերյան: Սակայն շրջանի խոշորագույն բնակավայրը ողջ խորհրդային շրջանում մնաց Կողբը:

Այսօր Կողբը Տավուշի մարզի ամենամեծ գյուղն է:

Թաթուլ Հակոբյան