Թալեաթ-Ակնունի կապերից. 1914 թվական

3803

Վահան Մինախորեան, 1915 թւականը. Արհավիրքի օրեր, Թեհրան, 2006

Վահան Մինախորյանը գրում է, որ Էրզրումի ՀՅԴ Ութերորդ Ընդհանուր ժողովից անմիջապես հետո թուրք ոստիկանները սկսում են հետապնդել, լրտեսել և ձերբակալել ժողովին մասնակից պատվիրակներին:

Յաջորդ օրը ճաշարանում ինձ եւ Ակնունուն ձերբակալեց մի ոստիկան: Ակնունին վրդովւած էր եւ որովհետեւ թուրքերէն բոլորովին չգիտէր՝ պահանջում էր հասկանալ, թէ ում կարգադրութեամբ էր մեզ ձերբակալում: Պարզւեց, որ մեզ տանում էր ոստիկանապետի կարգադրութեամբ:

Ակնունին բարկութիւնից կարմրեց.

– Թող մեզ նախապէս առաջնորդի Բեհաէդդին Շաքիրի մօտ:

Ոստիկանը այդ անունը լսելուն պէս՝ սմքեց ու խոնարհութեամբ հնազանդւեց:

Լուռ քայլեցինք մինչեւ ոստիկանանատուն: Այստեղ նա մեզ առաջնորդեց մի երկար սենեակ: էջ 90

Դուռը , կողպեց՝ յայտնելով, որ պէտք է գնայ՝ ոստիկանապետին զեկուցի: Նստել էի պատուհանի տակ եղած մի նեղ, մերկ թախտի վրայ: Ակնունին դեռ բորբոքւած անցուդարձ էր անում: Ըստ հին սովորութեան՝ ինքս ինձ հարցաքննում էի… Ի՞նչ… Հ. Յ. Դաշնակցութեան Ընդհանուր ժողովը… Գաղտնի՞ք էր, դաւադրութի՞ւն: Ո՞վ խնդրեց այդ ժողովը գումարել Էրզրումում. նոյնինքն Թալէաթ փաշան: էջ 91

Դէպի ձախ, անկիւնում, մի փոքրիկ սեղանի մօտ, կանգնած էր Եղիշէ էֆենդին, Էրզրումի միակ հայ թաղային ոստիկանապետը, որ սեր-կոմիսարի աստիճան ունէր: էջ 92

Ակնունին շատ մեծ հաւատ ունէր Կենտրոնում ունեցած իր կապերի, յատկապէս Թալէաթի հետ հաստատւած բարեկամութեան վրայ: Ընկերները թերահաւատ էին, բայց ոչ՝ ժխտական. նրանց կարծիքով ՝ անհրաժեշտ էր տեղում հակազդել: Մէկը միւսին չէր հակասում: Ակնունին ֆրանսերէն մի հեռագիր կազմեց Թալէաթին ուղղւած՝ Դագէսեանի, իմ եւ իր ձերբակալութեան մասին՝ յայտնելով իր բուռն բողոքը: էջ 97

Ծանթագրություն.  Ակնունին իսկական անունով Խաչատուր Մալումյանն է (1863-1915): Ծնվել է Մեղրիում, սովորել է Ներսիսյան դպրոցում, ապա՝ Ժնևում: ՀՅԴ անդամ: Սերտ հարաբերություններ է ունեցել Երիտթուրքերի, մասնավորապես՝ Թալեաթի հետ: Մասակցել է ՀՅԴ Ութերորդ Ընդհանուր ժողովին՝ 1914 թ. ամռանը Կարինում՝ Էրզրում: Սպանվել է երիտթուրքերի ձեռքով՝ 1915-ին՝ Այաշից Դիարբեքիր աքսորի ճանապարհին: