Սերժ Սարգսյանը «ռուպըրով» անելիք չունի

1211

Рупор – բարձրախոս, խոսափող, ռուպոր, հանրային ընկալման մեջ՝ «ռուպըր»

Մարդու տեսակ կա, որ չի կարող լինել ընդդիմություն որևէ պայմանով:

Օրինակ՝ Սերժ Սարգսյանը:

Ու ավելի տհաճ բան, քան Սերժի ձեռքը «ռուպըր» տալն է, դժվար էր պատկերացնել: «Ռուպըրի» հետ գոնե պետք էր գրված տեքստ տալ:

Հայաստանի երրորդ նախագահը անելիք չունի, երբ ընդդիմադիր է, ավելի ճիշտ, երբ չունի իշխանություն: Երբ մոտ չէ բանակին, ոստիկանությանը, ԱԱԾ-ին, բիզնեսին, բյուջեին:

Սերժ Սարգսյանը քաղաքականության մեջ է ավելի քան 30 տարի և այդ ընթացքում նա միշտ եղել է իշխանության կողքին, իշխանության մաս կամ իշխանություն:

Մարդու այս տեսակից վերցնում ես իշխանություն և տակը ոչինչ կամ գրեթե ոչինչ չի մնում:

Սերժ Սարգսյանն իր ազգային, քաղաքական գործունեությունը սկսել է 1988-ին, երբ սկսվեց Արցախյան շարժումը: Այդ ժամանակ երիտասարդ կոմունիստ Սերժիկ Սարգսյանը (մինչև 1996-ը պաշտոնական կենսագրության մեջ նա հանդիպում է հենց Սերժիկ անունով) ԼՂԻՄ մարզկոմի նոմենկլատուրային աշխատակից էր, ապա դարձավ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիխ Պողոսյանի օգնական:

1988-1989 թվականներին ինձ չի հանդիպել որևէ լուսանկար կամ ելույթի տեքստ, որտեղ պատկերված լինի Սերժ Սարգսյանը կամ նա դիմի հանրահավաքի մասնակիցներին:

Առաջին անգամ նրա անունը ինձ հանդիպում է 1989-ի նոյեմբերին՝ ՀՀՇ առաջին համագումարում: Պարզվում է, որ այդ համագումարին Արցախից որպես պատվիրակ մասնակցել է հենց նա: Կա՛մ նա պիտի լիներ, կա՛մ Ռոբերտ Քոչարյանը:

1989-1992 թվականներին Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում էին Արցախում ՀՀՇ «տեղական ցանցը», ինչպես գրում է Լևոն Տեր-Պետրոսյանը: Առաջին նախագահը Արցախում ՀՅԴ-ի դեմ պայքարում հենվում էր հենց Քոչարյան-Սարգսյան զույգի վրա:

1992-ի գարնանից Սերժ Սարգսյանը ԼՂՀ կառավարության Պաշտպանության կոմիտեի նախագահն էր, այսինքն՝ իշխանություն էր Արցախում:

Մեկուկես տարի անց՝ 1993-ի օգոստոսին, Տեր-Պետրոսյանը նրան հրավիրեց Երևան և նշանակեց ՀՀ պաշտպանության նախարար: Մինչև 1998-ի փետրվար, Սերժ Սարգսյանը ՀՀՇ-ական իշխանության մաս էր կազմում և համարվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհ: 1996-ի նախագահական կեղծված ընտրություններում նա Տեր-Պետրոսյանի կողքին էր:

1998-2008 թվականներին Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի իշխանության մաս էր, փաստացի՝ երկրորդ դեմքն ու Քոչարյանի «իրավա»հաջորդը:

2006-ի ամռանը նա նոր, արդեն երրորդ կուսակցության՝ ՀՀԿ-ի անդամ դարձավ:

2008-ի Մարտի 1-ի ճանապարհով Սերժ Սարգսյանը հասավ նախագահական, Բաղրամյան-26-ում մնաց 2013-ի կեղծված ընտրությունների արդյունքում:

Չլիներ 2018-ի ապրիլյան թավշյա հեղափոխությունը, Սերժ Սարգսյանն այսօր լինելու էր վարչապետ և երկրի թիվ մեկ դեմքը:

***

Այս հակիրճ պատմությունը՝ Սերժ Սարգսյանի 30-ամյա քաղաքական անցյալը, ցույց է տալիս, որ մարդն ընդդիմադիր դաշտում և հատկապես «ռուպըր» ձեռքին, անելիք չունի:

Սերժ Սարգսյանը Սերժ Սարգսյան է միայն և բացառապես իշխանության մեջ: Վերցնում ես այդ իշխանությունը, և տակը մնում է «ռուպըրը» ձեռքին անհեթեթ լուսանկար և նույնքան անհեթեթ մեկնաբանություն Արցախի մասին: Կամ էլ «խիյարը թարս է բուսնում» ու «ինչքան ուզում, խփում է»։

Սերժ Սարգսյանը նաև հռետոր չէ: Առանց թուղթ ու գրիչի նա չի կարողանում հանպատրաստից քաղաքական տեքստ ասել: Լավագույն դեպքում ասում է այն, ինչ ասաց «ռուպըրը» ձեռքին:

Ամեն մարդ ունի տաղանդի իր դրսևորումը: Սերժ Սարգսյանը տաղանդավոր է, երբ իշխանության կողքին է, իշխանության մաս կամ իշխանություն: Սա մարդու տաղանդավոր այն տեսակն է, որ չի ընտրվում, բայց դառնում է նախագահ:

Ու նկատե՞լ եք մեկ այլ իրականություն, երբ իշխանության եկած մարդը չի կարողանում ընդդիմադիրի պատյանից դուրս գալ, ապրել առանց «ռուպըրի»:

Բայց սա այլ թեմա է:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ

Լուսանկարը՝ Հետքի