Արցախը ե՞րբ ենք ճանաչել Հայաստանի մաս

2264

Արցախյան հակամարտության, բանակցային գործընթացի և, ընդհանրապես, վերջին 100 տարիների Արցախի պատմությամբ զբաղվում եմ արդեն ավելի քան երկու տասնամյակ: Արխիվում աշխատելու և մամուլը ընթերցելու ընթացքում ինձ հանդիպել է երկու փաստաթուղթ, որով Հայաստանը Արցախը ճանաչել է իր մաս: Կա ևս մեկ փաստաթուղթ, ըստ որի Հայաստանը իրավունք չունի Արցախը թողնել Ադրբեջանի կազմում: Իսկ 1920 թվականի մայիսի 25-ին ՀՀ-ն ընդունել է վարչատարածքային բաժանման մասին փաստաթուղթ, որով Արցախը Սյունիքի նահանգի կազմում համարվում է Հայաստանի Հանրապետության անբաժան մաս:

Այս նույն շրջանում՝ 1920 թվականի մայիսին, Արցախի Չանախչի գյուղում, այսօր՝ Ավետարանոց, տեղի է ունեցել Դրոյի, Նժդեհի, գնդապետ Դմիտրի Միրիմանյանի և Արցախում ՀՅԴ-ի ներկայացուցիչ Արսեն Միքայելյանի խորհրդակցությունը, որը որոշել է Արցախում իշխանությունը հանձնել հայ բոլշևիկներին։ Հայաստանի զինված ուժերը՝ Դրոյի և Նժդեհի գլխավորությամբ, նահանջել են դեպի Գորիս և Կապան։

1921 թվականի հունիսի 12-ի հրամանագրում, որը ստորագրել է Խորհրդային Հայաստանի առաջնորդը՝ ՀՍԽՀ Ժողկոմների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը, ասվում է.

«Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Հեղկոմի դեկլարացիայի և Հայաստանի ու Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունների կառավարությունների միջև եղած համաձայնության հիման վրա հայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղն այժմվանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության անբաժան մասը»:

1989 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանում ընդունվեց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշումը Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի վերամիավորման մասին, որի առաջին կետում ասվում էր.

«Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է ԼՂԻՄ-ի ինքնորոշման փաստը` հաստատված ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի նստաշրջանների որոշումներում»:

Այս որոշման տակ դրված է Հրանտ Ոսկանյանի և Վաչագան Գրիգորյանի ստորագրությունը:

1992 թվականի հուլիսի 8-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց որոշում, որում, մասնավորապես, ասվում էր.

«Անընդունելի համարելով մի շարք միջազգային փաստաթղթերում ԼՂՀ-ն որպես Ադրբեջանի մաս ամրագրելու փորձերը…  Հայաստանի համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

Այս որոշման տակ դրված է Բաբկեն Արարքցյանի ստորագրությունը:

Խորհրդային Հայաստանի 70 տարիներին հանրապետությունը մի քանի անգամ ենթարկվել է վարչատարածքային բաժանումների, սակայն Արցախի կամ ԼՂԻՄ-ի մասին խոսք չէր կարող լինել, քանի որ այն 1921-ի ամռանը բռնակցվել էր Խորհրդային Ադրբեջանին:

1991-ից ի վեր Հայաստանը մեկ անգամ է ենթարկվել վարչատարածքային բաժանման, երբ 1995-ի դեկտեմբերին ընդունվեց հանրապետությունը մարզերի բաժանելու որոշումը: Այդ որոշման մեջ ևս խոսք չկա Արցախի մասին:

Արցախը դե ֆակտո Հայաստանի մաս կազմեց 1991-1994 թթ. արյունալի պատերազմի արդյունքում: Սա է իրականությունը: Այո, այսօր Արցախը ՀՀ մաս չէ իրավական առումով, սակայն ՀՀ-ի շարունակությունն է և Հայաստան է:

Թաթուլ Հակոբյան