Հանդիպման վայրը` Օպերա. 1988-ի փետրվարը

3142

1988-ի փետրվարի վերջին շաբաթը հայ ժողովրդի հիմնական հավաքատեղին Օպերայի հրապարակն էր: Գորբաչովյան ՙգլասնոստը՚ խորհրդային բազմազգ երկրի որևէ այլ լեզվով այնպես հրաշալի չթարգմանվեց, ինչպես հայերենում` ՙհրապարակայնություն՚: Օպերայի հրապարակը, հարթակը, խոսափողը մագնիսի պես ձգում էր արդարության ծարավ հայերին Երևանից, գավառական քաղաքներից, գյուղերից:

Փետրվարի վերջին շաբաթն ամբողջովին փոխում է ռեժիսոր, ղարաբաղյան պատերազմի հեռուստատարեգիրներից Տիգրան Խզմալյանի կյանքը: ՙՌոքէնռոլի՚, ֆրանսիական կինոյի, և ռուս գրականության սիրահար խորհրդային երիտասարդն այլևս չէր կարող շարունակել դասախոսական աշխատանքը Երևանի պետհամալսարանում, քանի որ նրա շուրջ աշխարհը փոխվում էր:

ՙՄինչեւ Սումգայիթը յուրահատուկ հայկական պարահանդես էր: Հետագայում իմ ֆիլմերում և հոդվածներում գրում էի, որ 20-րդ դարում իրականացան Ֆրանսիական մեծ հեղափոխության կարգախոսները` ազատություն, հավասարություն, եղբայրություն: Մեզ համար փետրվարի վերջին շաբաթն իսկական հեղափոխություն էր, մտանք խառնարանի մեջ, կոփվեցինք և դուրս եկանք բոլորովին այլ մարդ՚,- ասում է Խզմալյանը:

ՙՂարաբաղ՚ կոմիտեի ավագ անդամ, հանգուցյալ Ռաֆայել Ղազարյանը 88-ի փետրվարը և հետագա երկու տարիները համարում է հայ ժողովրդի պատմության պայծառ էջերը: Այդ տարիներին, հիշում է նա, Շարժումը մաքուր էր, այնտեղ շահադիտական բան չկար, հանուն Շարժման մարդիկ պատրաստ էին անձնազոհության: Հրապարակում հավաքված մարդկանց թվում էր, թե ուր որ է ԼՂ հարցը կլուծվի, Մոսկվան մարզն Ադրբեջանի կազմից կհանի և կփոխանցի Հայաստանին, այսպիսով` կվերականգնվի պատմական արդարությունը:

ՙՍկզբից ամբողջ գործընթացի ղեկավարությունն իր ձեռքը վերցրեց Իգոր Մուրադյանը, նրա շուրջն էին համախմբվում Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Ալեքսան Հակոբյանը, մի քիչ ավելի ուշ` Վանո Սիրադեղյանը, Բաբկեն Արարքցյանը, մյուսները: Մենք ապշած էինք, որ հարյուր հազարներ կանգնած լսում են մեր ելույթները, հավատում և սպասում առաջարկ, լուծում, խորհուրդ: Սա յուրաքանչյուրիս մոտ առաջացնում էր մեր ընտրյալ լինելու զգացումը: Ինչ-որ տեղ կար առաջնորդ լինելը ընդգծելու ցանկություն, գուցե պաշտոնի մասին չէին մտածում: Ամեն մեկն ուզում էր այնպես իրեն պահել, այնպես ելույթ ունենալ, որ ժողովուրդն ասի` սա’ է իրական առաջնորդը՚,- ասում է Ղազարյանը:

Փետրվարի 18-ին տեղի է ունենում Աբովյանի կենսապատրաստուկների գործարանի բանվորների բողոքի  ցույցը: Մի քանի հարյուր մարդ ոտքով շարժվում է Երևան` բողոքելու տեխնոլոգիական վնասակարության հետ կապված խնդիրներից եւ պահանջելու, որ գործարանը փակվի:

Հայաստանի կոմկուսի առաջնորդ Կարեն Դեմիրճյանը տիկնոջ հետ մեկնում էր Մոսկվա:

ՙԱյդ օրը բնապահպանների ցույցն էր, Կարենն ասաց, որ վաղը լինելու է ղարաբաղյան ցույց: Նրա համար ոչ մի անսպասելի բան չկար: Նա ասում էր, որ հիմա հարցը չի լուծվի, ժամանակից շուտ է, դեռ չի հասունացել: Նա մտածում էր Ղարաբաղի կարգավիճակը բարձրացնելու մասին` Ղարաբաղը դառնա ինքնավար հանրապետություն: Նրա գրառումներում կա, որ այդ հարցում հաջողվել է պայմանավորվել Լիգաչովի և մյուսների հետ՚,- ասում է Ռիմա Դեմիրճյանը:

Հայաստանի կառավարության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Մովսիսյանը հիշում է. ՙԻնձ զանգահարեց Կառլեն Ղամբարյանը եւ ասաց, որ կառավարությունը պետք է կարգուկանոն հաստատելու միջոցներ ձեռնարկի: Խորհուրդ տվեց, որ ցուցարարների հետ զրույց ունենամ: Երբ գնացի, ցուցարարներն արդեն հասել էին Նորքի զանգված: Զգացի, որ նրանց կանգնեցնելն անիմաստ է: Ցուցարարները եկան, հավաքվեցին Օպերայի շենքի հրապարակում: Լսելով ցույցի մասնակիցների ելույթները` ասացի, որ չեմ կարող հրապարակում իրենց հետ լուրջ խնդիրներ քննարկել: Խնդրեցի ներկայացուցիչներ ընտրել, որպեսզի կառավարությունում նրանց հետ քննարկենք՚:

Կառավարության նախագահ Ֆադեյ Սարգսյանը նոր էր վերադարձել Մոսկվայից. ՙԱռաջին մեծ հանրահավաքային իրավիճակը ստեղծվեց Աբովյանի կենսապատրաստուկների գործարանի շուրջ, թեև ակնհայտ էր, որ կազմակերպիչները դա պատրվակ էին օգտագործում: Փետրվարի 18-ին ես վերադարձա Մոսկվայից և նախարարների խորհրդի մուտքի մոտ հանդիպեցի ցուցարարներին: Իմ առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանը նիստերի դահլիճում զրուցում էր նրանց ներկայացուցիչների հետ: 50-60 հոգի էին: Ես նստեցի և նույնպես մասնակցեցի նրանց զրույցին՚:

Ցուցարարները համաձայնում են իրավիճակն ուսումնասիրելու նպատակով մասնագիտական հանձնաժողով ստեղծելու առաջարկին: Հաջորդ օրերին Օպերային հրապարակում սկսվում են հանրահավաքները, որոնք արդեն կապ չունեին բնապահպանական խնդիրների հետ: Հրապարակում քննարկվող գլխավոր թեման Ղարաբաղն էր:

Շարժման առաջնորդներից Զորի Բալայանն այսպես է ներկայացնում. ՙՄենք Օպերայի հրապարակում հավաքվեցինք զուտ բնապահպանական կարգախոսներով, բայց դրանց մեջ, ասենք, մեկն ասում էր. ՙՂարաբաղը Հայաստանի պատմական տարածքն է՚: Որևէ մեկն ուշադրություն չդարձրեց դրան: Հաջորդ հանրահավաքում նման մի քանի կարգախոսներ ավելացան: Մուրադյանը, երբ մարդկանց առաջնորդում էր հրապարակ, իր հետ բերել էր նաև Գորբաչովի դիմանկարները: ՙԼենին, պարտիա, Գորբաչով՚-ը նրա կարգախոսն էր, ինքն էր հորինել: Երեք շաբաթ անց նա հորինեց ևս մեկը. ՙՍտալին, Բերիա, Լիգաչով՚: Այս եղանակով ժողովուրդը համակերպվեց այն գաղափարի հետ, որ բացի ՙՆաիրիտից՚ եւ Սևանից, կարող է խոսել նաև ազգային հարցերի մասին: Մեկ ամիս անց ՙՆաիրիտն՚ ու Սեւանը հիշատակվում էին միայն հինգ րոպե՚:

Առաջին անգամ Խորհրդային Միությունում սկսվում է զանգվածային ազգային շարժում, որը մարտահրավեր էր համակարգին, կուսակցության մենիշխանությանը և պետությանը: ՙԵրկրի պատմության մեջ առաջին անգամ ԼՂ մարզային եւ Հայաստանի Գերագույն խորհուրդները որոշումներ կայացրին ներքևից` ժողովրդի կամքով, ոչ թե վերևից իջեցված հրահանգներով, բյուրոկրաատական ապարատն անգործության մատնվեց: ԼՂ-ում և Հայաստանում տեղի ունեցան հարյուրհազարանոց ցույցեր և հանրահավաքներ, որոնք իրենց հաճախակիությամբ, կազմակերպվածությամբ և զանգվածայնությամբ անգերազանցելի են ոչ միայն Խորհրդային Միության, այլև ողջ աշխարհի համար՚,- գրում է Տեր-Պետրոսյանը:

Փետրվարի 22-ի երեկոյան Խորհրդային Միության առաջնորդի խորհրդական Կարեն Բրուտենցի աշխատասենյակում հնչում է հեռախոսազանգ: Միխայիլ Գորբաչովն էր: Բրուտենցը հիշում է երկրի ղեկավարի առաջին խոսքերը. ՙԿարե’ն, պետք է մեկնել Ստեփանակերտ: Ժողովուրդն այնտեղ իրար է անցել` ափերից դուրս եկել: Վերցրո’ւ քեզ հետ ում ուզում ես եւ մեկնիր՚:

Այսօր երբեմն հրապարակվող թերթային ժլատ տեղեկություններն են միայն հիշեցնում ղարաբաղյան խնդրի եւ նրա հետ կապված հակամարտության մասին: Այն ժամանակներում դրանք իրականում հեղափոխական իրադարձություններ էին, գրում է Բրուտենցը: Ճիշտ է, Ղարաբաղն առաջին ծիծեռնակը չէր: 1986թ. հունվարին Յակուտիայի համալսարանի ուսանողները պահանջեցին մայրենի լեզվով ուսուցում: Նույն թվականի դեկտեմբերին Ալմաթիի երիտասարդությունը բողոքեց Ղազախստանում կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում ղազախ Կունաևի փոխարեն ՙվարյագ՚ Գենադի Կոլբինի նշանակման դեմ, ով մինչ այդ Ուլյանովսկի մարզկոմի առաջին քարտուղարն էր:

Հուզումներն արագ կերպով ճնշվեցին, իսկ պաշտոնական հաղորդագրության մեջ դրանք գնահատվեցին ելույթներ, որոնք տեղի ունեցան ՙազգայնական տարրերի սադրանքով՚, որից օգտվեցին ՙխուլիգանական, պորտաբույծ անձինք՚:

Ղարաբաղի իրադարձությունները լուսաբանելու հարցում ևս խորհրդային կենտրոնական ու հանրապետական լրատվամիջոցները միակողմանի էին: ՙՊրավդան՚ եւ ՙԻզվեստիան՚ մի քանի տողով գրեցին, թե Երևանում մի խումբ ծայրահեղականներ ու ազգայնամոլներ հանրահավաք են կազմակերպել:

Հանգուցյալ Համբարձում Գալստյանն իր սուր և հեգնական գրիչով նկարագրում է ռոմանտիկ, հեղափոխական ժամանակները. ՙԱյս մի երկու բառից` ազգայնամոլ, ծայրահեղական, մեր ազնվական ժողովուրդը շատ էր վիրավորվել: Ու հանրահավաքի մասնակիցների քանակն էլ կրկնապատկվել, քառապատկվել էր: Հռետորները, մեկը մյուսին հերթ չտալով, ելույթ էին ունենում, նշում իրենց կոչումները, տիտղոսներն ու սոցիալիստական հայրենիքին մատուցած ավանդներն ու խիստ զայրացած պատիվ էին պահանջում իրենց ազգայնամոլ ու ծայրահեղական անվանող ՙծախու գրչակներից՚:

Երևանում սկսված ամենօրյա հանրահավաքները մարդկանց բերում էին հրապարակ: Փետրվարի 25-ին և 26-ին տեղի է ունենում Խորհրդային Միության պատմության թերևսամենաբազմամարդ ցույցը. տարբեր հաշվումներով կես միլիոնից մեկ միլիոն հայեր պահանջում են Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին:

ՙՀամարյա բոլոր խոշոր ձեռնարկությունները միացել էին գործադուլին: Երևանի խոշոր հիմնարկներում ստեղծվել էին գործադուլային կոմիտեներ: Այդ օրերին ուրվագծվեցին հասարակական այն խավերը, որոնց վրա գլխավորապես կարող էր հենվել Շարժումը: Առաջին հերթին դա խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների բանվորությունն էր: Շարժման մեջ խիստ մեծ էր մտավորականության կշիռը: Սկզբնական շրջանում ակտիվությունն առանձնապես մեծ չէր ուսանողության մեջ: Գյուղական շրջանները մինչևվերջ էլ անհաղորդ մնացին Շարժմանը՚,- գրում է Գալստյանը:

Շարժման ակտիվիստներից Մանվել Սարգսյանն այսպես է ներկայացնում. ՙՓետրվարի 20-ին Երևանում ստեղծվեց հանրահավաքները ղեկավարելու կազմկոմիտե: Ինձանից և Իգորից բացի, դրա կազմում էին Գագիկ Սաֆարյանը, Ալեքսան Հակոբյանը, Համբարձում Գալստյանը, ևս 10-12 անձինք: Փետրվարի 26-ին, երբ հանրահավաքները կանգնեցվեցին, Իգորը հայտարարեց, որ ստեղծվում է ՙՂարաբաղ՚ կոմիտե, որի ժողովը կլինի շուտով՚:

Գալստյանը հավելում է. ՙԱսել, թե ժողովրդավարական ընտրություններ եղան, ճիշտ չի լինի: Ես մի ցուցակ կարդացի անուններով, և ժողովրդին տեղյակ պահեցինք, որ հանրահավաքները կազմակերպված ու կարգապահ անցկացնելու համար ՙՂարաբաղ՚ կոմիտե ենք ստեղծում: Նախագահ, ինչ խոսք, ներկաների հիացական բացականչությունների ու սուլոցների ներքո ընտրվեց Իգոր Մուրադյանը՚:

Կարեն Դեմիրճյանն ընդունում է հանրահավաքի մասնակիցներից մի քանիսին, որոնց մեջ էր Սիլվա Կապուտիկյանը: Բանաստեղծուհին Հայաստանի ղեկավարին առաջարկում է միանալ հրապարակ ելած ժողովրդին` ՙհանուն մեր ժողովրդի, հանուն նրա անիրավված իրավունքների՚: Կապուտիկյանն այդ օրերի դրամատիկ իրավիճակն այսպես է նկարագրում. ՙԴեմիրճյանի դեմքին սովորական իրոնիայի փոխարեն մտահոգություն կար, անելանելի վիճակի ծանրություն: Նա շատ ավելին գիտեր, քան մենք բոլորս: Հանդիպումը տևեց մի քանի ժամ: Որոշվեց հաջորդ առավոտյան նորից հավաքվել: Հաջորդ առավոտյան ղարաբաղցիների դեմքը ճառագում էր ուրախությունից: Լուր էին ստացել, որ ուշ երեկոյան Ստեփանակերտում նստաշրջանը, բացի ադրբեջանցի պատգամավորներից, միաձայն ընդունել է որոշում` Հայաստանին միանալու մասին: -Դուք գիտե՞ք այդ մասին, ընկեր Դեմիրճյա’ն,- աչքալուսանք տալու պես դիմեցին ղարաբաղցիները: Դեմիրճյանն աչքալուսանք ընդունելու սիրտ չուներ: – Գիտեմ,- պատասխանեց մտախոհ,- այդ որոշումը, իհարկե, իրադարձությունը փոխում է՚:

Հատված Թաթուլ Հակոբյանի ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ. ԿԱՆԱՉ ու ՍԵՒ գրքից

Արցախյան օրագիր. Կանաչ ու սևԿանաչ ու սև փաստավավերագրական իրապատումը լրացրեց և հարստացրեց արցախյան գոյամարտի պատմության գանձարանը: Հեղինակին հաջողվել է հակամարտության հենքին ուրվագծել պատերազմի բերած արհավիրքների, զինված առճակատման հանգուցալուծման ուղու որոնումների, դրա հետ կապված միջազգային ջանքերի, մարդկանց հույսերի ու հուսախաբությունների ողջ համայնապատկերը: Հեղինակին հաջողվել է արդար և անկողմնակալ ներկայացնել այս կարեւորագույն խնդիրը, որը հասարակական քննարկումներում հաճախ շահարկումների է ենթարկվել: Գրքի հերոսները միայն հայտնի քաղաքական գործիչներ չեն: Հակամարտությունն անողոք է եղել նաև հազարավոր սովորական մարդկանց ճակատագրերի հանդեպ և նրանց կրած փորձություններն ընդգծում են այն անձանց պատասխանատվությունը, որոնցից կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Դրա մասին է մեզ կրկին հիշեցնում հեղինակը, և հենց այդ պատճառով գրքին կարելի է տալ ևս մեկ բնորոշում` փաստավավերագրություն, որն անցել է սրտի միջով:

ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Փափուկ կազմ, 520 էջ,
լեզուն՝ արևելահայերեն,
երրորդ հրատարակություն,
2011, Երևան, Անտարես,
ISBN 978-9939-51-146-7

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի