Ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո (1826-1828) ամբողջ Անդրկովկասը, ներառյալ Արևելյան Հայաստանը, Պարսկաստանից անցավ Ռուսաստանին:
Ռոմանովները 1828-ին ձևավորեցին Հայկական մարզը, որը ներառում էր նախկին Երևանի և Նախիջևանի խանությունները: Մասնավորապես, Երևանի խանության տարածքի մաս էին կազմում այսօրվա Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը, ինչպես նաև այսօրվա Նախիջևանին պատկանող Շարուրի հատվածը, և այսօրվա Թուրքիայի մաս կազմող Իգդիրի շրջանը:
Հայկական մարզի Երևանի նահանգում առաջին մարդահամարը (մարդահամար ոչ այսօրվա չափանիշներով) անց է կացվել 1832 թվականին: Հենց որ ռուսները գրավեցին Երևանը, այստեղ ուղարկեցին պատմաբան և ազգագրագետ Իվան Շոպենին, ով երեք տարի մնալուց և ուսումնասիրություններ կատարելուց հետո հրապարակեց իր – «Камеральное описание Армянской области» աշխատությունը:
Մարդահամարի ընթացքում Շոպենը օգտվել է ռուսական ռազմական տվյալներից, խանության (պարսկական շրջան) հարկային ցուցիչներից, ինչպես նաև բազմաթիվ հարցազրույցներ է վերցրել տեղի բնակիչներից:
Շոպենի տվյալներով՝ Երևանի խանությունը (կազմված 15 մահալներից) Հայկական մարզ դառնալու տարում (1828 թվական) ունեցել է 115.106 բնակչություն, որից հայեր՝ 65.234, մահմեդականներ՝ 49.872:
Մահմեդական բնակչությունը կազմված էր երեք խմբից՝ պարսիկներ (շիա), քրդեր (շիա և սուննի) և թուրքալեզու քոչվորներ (тюркские кочевники, номады):
Այս վերջին խումբը (այսօրվա ադրբեջանցիների նախնիներից) կազմում էր Երևանի խանության ընդհանուր մահմեդական բնակչության գրեթե մեկ երրորդը՝ գերազանցելով 20 հազարը: Երբ ռուսները պարսիկներից գրավեցին Երևանը, ըստ Շոպենի, թուրքալեզու քոչվորների մոտ 10 տոկոսը (շուրջ 350 ընտանիք կամ 1.800 հոգի, բոլորն էլ Բյույուք Չոբանղարա ցեղից) հեռացան:
Ներկայացնում ենք Երևանի նահանգի թուրքալեզու քոչվորների թվաքանակը ըստ առանձին ցեղերի, այնպես, ինչպես իր «Камеральное описание Армянской области» աշխատության մեջ տվել է Շոպենը.
Ցեղը Ընտանիքների թիվը Բնակչության թիվը
Կարափափախ 840 4.619
Այրումլու 631 3.484
Սեյիդլու-Ախսախլու 311 1.754
Մողանլու 200 1.100 (մոտավոր)
Սաադլու 160 1.004
Շահդելու (Ղաջար) 164 995
Բյույուք Չոբանղարա 159 988
Սադարակլու (Ղաջար) 149 940
Ղաֆարլու 98 652
Թաշանլու 124 565
Սարաշլու 90 541
Քարիմ-Բեգլու 55 357
Չահիրլու 57 308
Շեյխլար 34 232
Դամիրչիլու 31 228
Գոդաքլու 24 158
Ջաֆարլու 16 82
Ալի-Շարուրլու 12 75
Գորգի-Բաշլու 13 72
Ղարաբաղլու 12 68
Ջամ-Մելլի 10 65
Ընդհանուր 3.190 18.287 մարդ
Քարտեզ՝ Երևանի խանությունը 15 մահալներով