Լևոն Տեր-Պետրոսյանը հեռանում է.

1482

Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ հատորից

Քսանիններորդ գլուխ

1998թ. հունվարի 4-ին Ելիսեյան պալատում Շիրակը հյուրընկալել էր Տեր-Պետրոսյանին: Նախագահները ղարաբաղյան կարգավորման հեռանկարները քննարկելուց հետո վայելում են աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կատարումները՝ ՙԵս արդեն տեսնում եմ՚, ՙԵս ոչինչ չեմ մոռացել՚, ՙԴեռ երեկ՚, ՙՆրանք ընկան՚, ՙԲոհեմ՚, ՙՏարեք ինձ՚ երգերը: Հավաքված գումարն ուղղվում է Հայաստան` կարիքների մեջ գտնվող դպրոցներին, որբերին, ծերանոցներին:

Փարիզը նախագահի պաշտոնում Տեր-Պետրոսյանի վերջին այցն էր, մեկ ամիս անց նա հրաժարական էր տալու: Իշխանության ուժային թևը` պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, դատապարտեց Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան ՙպարտվողական քաղաքականությունը՚: Հետագայում մամուլը գրեց, որ հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում տեղի ունեցածը պալատական հեղաշրջում էր, իսկ ԼՂ-ը` Տեր-Պետրոսյանի հրաժարականը պահանջելու առիթ:

Հունվարի 7-ից 8-ը տեղի էր ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը, որն էլ, փաստորեն, կանխորոշել էր նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Մասնակիցներից և ոչ մեկը, բացի Տեր-Պետրոսյանից, մանրամասներ չի հրապարակել այդ նիստից:

Հայաստանի վարչապետ Քոչարյանը և Վ. Սարգսյանը պնդել են, որ ՙշրջափակումները չեն ազդում Հայաստանի տնտեսական զարգացման վրա, ամեն ինչ կախված է կառավարության աշխատանքի ճիշտ կազմակերպումից՚, ՙՀայաստանի բյուջեն կարելի է երկու-երեք անգամ մեծացնել` պայքարելով ստվերային տնտեսության դեմ և խստացնելով հարկհանությունը՚, ՙսփյուռք-Հայաստան հարաբերությունների սերտացման դեպքում սփյուռքից կարելի է ստանալ տարեկան 400-500 միլիոն դոլարի օգնություն՚: Քոչարյանը նկատել է, որ ՙղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտ չէ արտասահմանյան ներդրումների համար՚, ՙարտագաղթն այլևս չի սպառնում Հայաստանին, և  հակառակը` արդեն դիտվում են ներգաղթի միտումներ՚: Վ. Սարգսյանը հնարավոր չէր համարել Հայաստանի լրիվ մեկուսացումը, քանի որ ՙմեզ կօգնեն Ռուսաստանը և Իրանը՚, իսկ ԼՂ հարցում ՙհիմա կարիք չունենք փոխզիջման գնալու, կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք՚:

Տեր-Պետրոսյանն անդրադառնում է ԼՂ հարցի կարգավորման երեք հնարավոր տարբերակներին` փաթեթային, փուլային և ստատուս-քվոյի պահպանում: Տեսականորեն նա չէր ժխտում, որ ստատուս-քվոյի պահպանումը կարող էր լինել լավագույն ելքը, քանի որ, ի տարբերություն առաջին երկուսի, որոնց հիմքում ընկած է փոխզիջման գաղափարը, այն ենթադրում է բացառապես հաղթական լուծում: ՙՍակայն դա միայն տեսականորեն: Իսկ գործնականում այդ ճանապարհն ընտրելուց առաջ մենք պարտավոր ենք պատասխանել հարցին, թե Հայաստանը, որ ԼՂ-ի գոյության միակ երաշխիքն է, ի վիճակի՞ է երկար ժամանակ պահպանել ստատուս-քվոն` միաժամանակ ապահովելով իր բնական կենսագործունեությունը, տնտեսական բարգավաճումը, ռազմական հզորությունը, ինչպես նաև հաղթահարել շրջափակումների հարուցած դժվարություններն ու դիմագրավել միջազգային աճող ճնշումները: Ես չեմ հավատում նման հրաշքի՚:

Տեր-Պետրոսյանը չի առարկում, որ Հայաստանի ժողովուրդը հանուն իր սոցիալական վիճակի բարելավման չի վտանգի ԼՂ-ի գոյությունը, բայց նրա սոցիալական դժգոհությունը կարտահայտվի այլ կերպ` արտագաղթի վերսկսումով: ՙԻնչի՞ վրա ենք հույս դնում` խափանելով կամ, մեղմ ասած, հետաձգելով հակամարտության կարգավորումը: Այն համոզվածության վրա՞, որ շրջափակումները չեն խանգարում Հայաստանի տնտեսական զարգացմանը, որ արտասահմանյան ներդրումները կարելի է ապահովել ճիշտ մարկետինգային քաղաքականություն վարելու շնորհիվ, որ սփյուռքից կարելի է ստանալ հարյուրավոր միլիոնների օգնություն, որ մեզ կօգնեն ու մեկուսացումից կհանեն Ռուսաստանն ու Իրանը, որ ինչ որ հաջողվել է Իսրայելին, մեզ էլ կհաջողվի, որ պետք է փոխզիջման գնալ այն ժամանակ, երբ հարկադրված լինենք՚,- հարցնում էր Տեր-Պետրոսյանը:

Հայաստանի նախագահը փորձում էր հիմնավորել, թե ինչու է անհրաժեշտ հնարավորինս շուտ կարգավորել հակամարտությունը: ՙՉկարգավորված վիճակը բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսական զարգացման վրա: Շրջափակումը շուրջ 30 տոկոսով թանկացնում է Հայաստանի արտաքին բեռնափոխանակությունը, որ ինքնին արդեն ահավոր բեռ է մեր արդյունաբերողների և գործարարների համար՚: Ամենացավալին ու վտանգավորը, ըստ Տեր-Պետրոսյանի, հակամարտության պատճառով Հայաստանի դուրս մնալն է տարածաշրջանային կազմակերպություններից` դատապարտվելով օրեցօր խորացող մեկուսացման: ՙՀակամարտության առկայությունը Հայաստանին զրկում է իր ամենաբնական և շահավետ տնտեսական գործընկերներից` Ադրբեջանից, Թուրքիայից և  մասամբ` Իրանից: Բնական և շահավետ` նախ և առաջ այն պարզ պատճառով, որ նրանք մեր անմիջական հարևաններն են: Աշխարհի բոլոր նորմալ պետությունների արտաքին տնտեսական կապերի առնվազն հիսուն տոկոսը բաժին է ընկնում նրանց անմիջական հարևաններին: Մինչդեռ Հայաստանի դեպքում դա գործնականում հավասարվում է զրոյի: Չարժե լուրջ պատրանքներ փայփայել` կապված Մեղրու ավտոճանապարհի հետ, քանի որ Ջուլֆայի երկաթուղին մեկ-երկու շաբաթվա ընթացքում, այն էլ զգալիորեն նվազ ծախսով, շատ ավելի մեծ ծավալի բեռներ կարող էր տեղափոխել, քան այդ ավտոճանապարհը` մեկ տարում՚:

Տեր-Պետրոսյանը կասկածի տակ էր դնում ակնկալիքը, թե ղարաբաղյան կարգավորման և  Հայաստանի տնտեսական զարգացման գործում կարելի է շարունակել հույսեր կապել Ռուսաստանի և  Իրանի հետ. ՙՌուսաստանը, այո, մինչև այսօր կենսական օգնություն է ցուցաբերել Հայաստանին, հայ-ռուսական հարաբերություններն այսօր ամենաբարձր մակարդակի վրա են: Հայաստանը կարողացել է առավելագույնս օգտվել այդ հարաբերություններից, որը թերևս անկախության շրջանի մեր կարևորագույն նվաճումներից է: Բայց այս վիճակը հավերժ չի կարող շարունակվել: Ռուսաստանը երբեք չի ճանաչելու ԼՂ անկախությունը, թեկուզ միայն այն պատճառով, որ իր կազմում ունի մոտ քսան Ղարաբաղ՚:

Ամենաապշեցուցիչը, սակայն պնդումն էր, թե ԼՂ հարցում Հայաստանը պետք է փոխզիջման գնա այն ժամանակ, երբ հարկադրված կլինի: ՙՄի՞թե հասկանալի չէ, թե ինչ է նշանակում հարկադրված զիջում© նշանակում է կապիտուլյացիա: Իսկ կապիտուլյացիայի ժամանակ դու ոչինչ չես զիջում կամ եթե զիջում էլ ես, դրա դիմաց ոչինչ չես ստանում, այլ հլու-հնազանդ ընդունում ես այն, ինչ փաթաթում են քո վզին: Փոխզիջման պետք է գնալ այն պահին, երբ ուժեղ ես: Հայաստանը վաղն ավելի ուժեղ չի լինելու, քան այսօր: Հետևաբար, վաղվա յուրաքանչյուր լուծում ավելի վատն է լինելու, քան այսօրվանը՚: ՙՓաթեթային, փուլային կամ այլ տարբերակների շուրջ թվացյալ բանավեճը, վստահ եմ, սոսկ շղարշ է` կարգավորման գործընթացը ձգձգելու, այսօրվա իրավիճակը, այսինքն` ստատուս-քվոն որքան հնարավոր է երկար պահպանելու համար: Ես ցավով նախազգում եմ, թե դա ինչ ահավոր վտանգ է ներկայացնում թե’ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի գոյության համար: Այսօր մենք, ինչպես Բաթումի ու Ալեքսանդրապոլի պայմանագրերից առաջ, թերևս ԼՂ հարցի նպաստավոր լուծման և Հայաստանի բարգավաճման վերջին պատեհությունն ենք կորցնում: Եվ դրա համար մենք բոլորս էլ պատասխան ենք տալու մեր ժողովրդին՚,- հոռետեսորեն եզրափակում է Տեր-Պետրոսյանը:

Սամվել Բաբայանը Վազգեն Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ դասվել է ՙկոշտ՚ գծի կողմնակիցների շարքում, ովքեր, ըստ էության, դեմ դուրս գալով կարգավորման Տեր-Պետրոսյանի տարբերակին, վճռեցին Հայաստանի նախագահի հրաժարականի հարցը: Պատմում է Բաբայանը. ՙՄինչ նիստը Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել էի իր առանձնատանը: Նա ինձ ասաց, որ ուզում է հասկանալ, թե ի՞նչ է ցանկանում ղարաբաղյան կողմը, արդյոք մենք կարո՞ղ ենք ձևակերպել ղարաբաղյան կողմի պահանջները թղթի վրա: Կետ առ կետ ձևակերպեցինք մեր պայմանները, թե ի՞նչ կարգավիճակ ենք ուզում` ինչ տարածքներով: Ինքս գծեցի քարտեզը: Ես համաձայն էի Տեր-Պետրոսյանի հետ, որ կարելի է ԼՂ կարգավիճակը թողնել ապագային, օրինակ` 20 տարի հետո, բայց այն տարածքները, որոնք պետք է մտնեին ԼՂ միավորի մեջ, պետք է ամրագծվեին քարտեզում՚:

Արա Սահակյանը հիշում է. ՙՀունվարի 17-ին Արարքցյանի անունով գալիս է մի ծրար. դաշտային քարտեզ և կից փաստաթղթեր, պայմանագրի նախագիծ, որը պետք է կնքվի Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ: Այդ նախագծով` ԼՂ-ը միջազգային իրավունքի տեսանկյունից ստանում էր անկախությունից էլ բարձր կարգավիճակ, այսինքն` անկախություն, որը երաշխավորում են Հայաստանը, Ադրբեջանը, ԵՄ-ը և ԱՄՆ-ը: Ոչ պակաս տպավորիչ էր քարտեզը, որով ԼՂ-ը պետք է ունենա 8000 քառ. կմ տարածք՚: Սահակյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ իշխանափոխությունից հետո այդ ՙհաղթողական ծրագիրը՚ երբեք չի դրվել միջնորդների սեղանին:

Հունվարի 14-ին Քոչարյանը հայտարարեց, որ ՙհնարավոր չէ ԼՂ-ն ենթարկեցնել Ադրբեջանին՚: Վերադառնալով Ստեփանակերտ` Ղուկասյանն իր ծրագրային հարցազրույցում նշեց, թե միջնորդների առաջարկությունը ներկայացնում է հակամարտության ժամանակավոր ՙսառեցում՚` 1988թ. ստատուս-քվոն վերականգնելու վատ քողարկված նպատակով: ՙՉի կարելի համայն հայ ժողովրդի ճակատագիրը շոշափող որոշումներ ընդունել` առաջնորդվելով քաղաքական և մանավանդ տնտեսական այսրոպեական դատողություններով` զոհասեղանին դնելով ազատության և անկախության գաղափարները: Արդեն գաղտնիք չէ, որ ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիների հարցում միասնություն չկա Հայաստանի ղեկավարությունում՚:

Այս օրերին կատարվում են անհաջող մահափորձեր մի քանի պաշտոնյաների նկատմամբ: Հունվարի 18-ին Արմավիր-Երևան մայրուղում անհայտ անձինք կրակ են բացում Հայաստանի նախագահի պահակազորի վարչության պետի ավտոմեքենայի վրա: Մեկ օր անց գնդակոծվում է Ավանի համայնքապետի ավտոմեքենան, իսկ հունվարի 21-ին մահափորձ է կատարվում Հայաստանի ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար, գեներալ Արծրուն Մարգարյանի դեմ:

Վազգեն Սարգսյանը այս ահաբեկչությունները որակեց ՙսարքված՚, հրապարակավ պաշտպանեց Քոչարյանին ու Սարգսյանին, անթույլատրելի համարելով շրջանառության մեջ դրված ՙղարաբաղյան ահաբեկչության՚ վարկածը. ՙԵս եմ եղել, որ նախ 1993թ. նախագահ Տեր-Պետրոսյանի ցուցումով մեկնել եմ ԼՂ Ս. Սարգսյանի հետ բանակցելու` Հայաստան գալու համար, եւ ես եմ 1997թ. գնացել Ստեփանակերտ, բանակցել Քոչարյանի հետ, որ նա գա Հայաստան որպես վարչապետ՚:

Տեր-Պետրոսյանն այս օրերից ավելի քան տասը տարի անց պարզաբանում է, թե ինչու է ընտրությունը կանգ առել Քոչարյանի վրա: 1996թ. սեպտեմբերյան ՙաղմկոտ ընտրություններից՚ հետո Հայաստանում իշխանության նկատմամբ վստահության զգալի պակաս կար: Անգլիայից հրավիրվում է Արմեն Սարգսյանը, ով ՙնոր մարդ էր, ժպտուն, մտավորական, շատ դրականորեն ընդունվեց հասարակության կողմից՚: ՙԲայց նա ժամանակ չունեցավ որևէ գործ անելու: Երկու ամիս անց լուրջ հիվանդացավ և վերադարձավ Լոնդոն: Մենք արդեն հայտնվեցինք ավելի դժվար վիճակի մեջ: Հասարակական մթնոլորտն այնպիսին էր, որ Հայաստանի ներսից ում էլ վարչապետ նշանակեի, առավել ևս, Աստված մի արասցե, ՀՀՇ-ի ՙբանդիտներից՚ մեկին, մի նոր պայթյուն էր լինելու մեր երկրում՚:

Քոչարյանին Հայաստան հրավիրելը, ըստ Տեր-Պետրոսյանի, երկու նպատակ է հետապնդել: Առաջին` ՙՀայաստանի ներքին պայքարների մեջ նա ընդհանրապես խառնված չի եղել, ունեցել է դրական կերպար, ԼՂ-ում մեծ գործ է արել, և ես գնահատեցի դա՚, երկրորդ` ՙդառնալով Հայաստանի վարչապետ` նա կարողանա ԼՂ խնդրին նայել նաև Հայաստանի տեսակետից՚:

Քոչարյանը Հայաստանի վարչապետ էր նշանակվել 1997թ. մարտի 20-ին: Նախօրեին Ստեփանակերտում նա ասել էր, որ ԼՂ հարցը վճռվում է ոչ այնքան ԼՂ-ում, որքան Հայաստանի ու Ադրբեջանի տնտեսական մրցակցության մեջ, հետևաբար` ՙիմ Հայաստան տեղափոխվելը դիտում եմ որպես ղարաբաղյան խնդրի լուծման շարունակություն՚:

1998թ. հունվարի 27-ին Տեր-Պետրոսյանն ունենում է մի շարք հանդիպումներ` վարչապետ Քոչարյանի հետ քննարկում է երկրում ստեղծված ներքաղաքական վիճակը, Մինսկի խմբի եռանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի` Հայաստանում դեսպանների հետ` ղարաբաղյան խնդրի ընթացիկ վիճակը: Այդ օրերին արդեն պարզ էր, որ նախագահը պատրաստվում է հրաժարական տալ:

Վազգեն Մանուկյանը հայտարարում է, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականը պետք է ծնվի ոչ թե պալատական հեղաշրջման արդյունքում, այլ ժողովրդի պահանջով: 1998թ. դեկտեմբերի 23-ին Մանուկյանն ասել է. ՙԵս համոզված եմ, որ Քոչարյանը չպետք է լիներ Հայաստանի նախագահ, նա արդար ձևով չի դարձել նախագահ և իրավունք էլ չուներ դնելու իր թեկնածությունը: Օրենքն օրենք է: Եթե դու առաջին օրվանից օրենք ես խախտում, ո’չ ժողովրդի վստահություն ունես, ո’չ էլ որևէ բան կարող ես անել՚:

Փետրվարի 2-ին Տեր-Պետրոսյանը ստորագրում է Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանի հրաժարականի դիմումը: Նույն օրը հրաժարական են տալիս արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, տարածքային կառավարման նախարարը, Կենտրոնական բանկի նախագահը:

Նախագահի պաշտոնում վերջին ելույթը

1998թ. փետրվարի 3-ի երեկոյան Տեր-Պետրոսյանը հեռուստատեսությամբ հայ ժողովրդի համար կարդում էր իր հրաժարականի տեքստը. ՙԻշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ: Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը եւ հայտարարում իմ հրաժարականը: Զերծ եմ մնում որևէ մեկնաբանությունից կամ գնահատականից` իրադրությունը չսրելու նպատակով: Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր: Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ: Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն՚:

Տեր-Պետրոսյանի խոսքերով` Հայաստանում խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել: Խաղաղության կուսակցությունը պարտություն է կրել շատ ավելի զարգացած հասարակություններում, ինչպես, օրինակ, Իսրայելում: Բայց և’ Իսրայելում, և’ Հայաստանում, ըստ նախագահի, դա անցողիկ է, ընդամենը ժամանակավոր նահանջ և վաղ թե ուշ խաղաղությունը հարթելու է իր ճանապարհը: ՙԵթե ընդունել եմ հրաժարականի դիմում, հավատացեք, դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր: Եթե արել եմ ինչ-որ լավ բան, չեմ ակնկալում որևէ երախտագիտություն, չարածիս ու սխալներիս համար հայցում եմ ձեր ներողամտությունը: Բարին ընդ ձեզ՚:

Հրաժարականի հաջորդ օրը Տեր-Պետրոսյանը հրաժեշտի հանդիպում է ունենում Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ: Առաջին նախագահին զանգահարում են տարբեր երկրների ղեկավարներ: Ժակ Շիրակն ափսոսանք է հայտնում: Բորիս Ելցինի արձագանքը բավական կոշտ էր. ՙԻնձ դուր էր գալիս Տեր-Պետրոսյանի հետ աշխատելը, նա հանգիստ էր աշխատում, հանգիստ լուծում խնդիրները, և մենք լավ էինք համագործակցում ԱՊՀ-ում: Կգան նոր ղեկավարներ, ուրիշ մարդիկ: Բայց նրանք հասկանում են, որ պետք է բարեկամություն անեն և գործ ունենան Ռուսաստանի հետ: Հայաստանն ուղղափառ երկիր է, մտնում է Ռուսաստանի շահերի ռազմավարական դաշտի մեջ: Չի կարելի կորցնել Հայաստանը, ինչն էլ չենք անի՚:

1996թ. նախագահական ընտրությունների նախօրեին Վ. Սարգսյանն ու Քոչարյանը հրապարակավ իրենց աջակցությունն էին հայտնել Հայաստանի գործող նախագահին: Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանում էին ԼՂ իշխանությունները` նախագահը, Ազգային ժողովի խոսնակը և  վարչապետը: ԼՂՀ նախագահ Քոչարյան. ՙԱյսօր ԼՂՀ-ն կայացած հանրապետություն է, որն ունի ինքնուրույն տնտեսություն, մարտունակ բանակ, ներքին կայուն իրավիճակ և հարգանք միջազգային հանրության կողմից: Մեզ համար պարզ է, որ այս ամենը դժվար թե լիներ, եթե մեր թիկունքում չլիներ Հայաստանը: Մի քանի օրից մենք կնշենք նաև Հայաստանի անկախության հռչակման 5-ամյակը, և ես կուզեի շեշտել Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ներդրումը մեր բոլոր հաջողություններում: Առանց նրա հստակ դիրքորոշման, առանց փոխհամաձայնեցված քաղաքական քայլերի, մենք դժվար թե կարողանայինք ունենալ այն, ինչ ունենք: Դա ԼՂ-ում հասկանում են բոլորը, և  ինձ թվում է, որ Հայաստանում և սփյուռքում նույնպես՚:

1996թ. սեպտեմբերի 18-ին Ազատության հրապարակում Վազգեն Սարգսյանը բացատրում էր. ՙՄեր նախագահը երբեք հրապարակավ չխոսելով Հայ դատի մասին, քայլ առ քայլ լուծում է Հայ դատի խնդիրները: Տեր-Պետրոսյանի օրոք, այսօր և վաղը հայ ազգը երբեք այլևս կոտորած չի տեսնի: Հայ դատի ամենամեծ ջատագովները կորցրեցին հայրենիքի կեսը, հետո երգեցին, թե ՙՄասիսին բան պատահի` ազգովին դառնանք ֆիդայի՚: Տեր-Պետրոսյանի օրոք այլևս նման երգեր չեն երգվի: 21-րդ դար մենք ձեզ հետ մտնելու ենք հաղթանակած, կայուն և մտնելու ենք Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ՚:

Այս շռայլ և չափազանցված գովեստներից մոտ մեկ տարի անց Վ. Սարգսյանը և Քոչարյանը Տեր-Պետրոսյանին մեղադրեցին ղարաբաղյան հարցում պարտվողական քաղաքականության մեջ: Նախագահի լիազորություններն ստանձնած վարչապետ Քոչարյանը 1998-ի փետրվարի 4-ին հայտարարեց, որ այսպես կոչված, ՙկոշտ քաղաքականություն՚ որդեգրած իշխանությունները ՙպատերազմի իշխանություններ չեն՚, այլ հեղինակներն են հայտնի և երկարատեւ խաղաղության: Քոչարյանը քիչ հավանական համարեց իր թեկնածության առաջադրումը արտահերթ ընտրություններում, բայց վստահեցրեց, որ կերաշխավորի դրանց ազատ եւ արդար ընթացքը:

—-

Արցախյան օրագիր. Կանաչ ու սևԿանաչ ու սև փաստավավերագրական իրապատումը լրացրեց և հարստացրեց արցախյան գոյամարտի պատմության գանձարանը: Հեղինակին հաջողվել է հակամարտության հենքին ուրվագծել պատերազմի բերած արհավիրքների, զինված առճակատման հանգուցալուծման ուղու որոնումների, դրա հետ կապված միջազգային ջանքերի, մարդկանց հույսերի ու հուսախաբությունների ողջ համայնապատկերը: Հեղինակին հաջողվել է արդար և անկողմնակալ ներկայացնել այս կարեւորագույն խնդիրը, որը հասարակական քննարկումներում հաճախ շահարկումների է ենթարկվել: Գրքի հերոսները միայն հայտնի քաղաքական գործիչներ չեն: Հակամարտությունն անողոք է եղել նաև հազարավոր սովորական մարդկանց ճակատագրերի հանդեպ և նրանց կրած փորձություններն ընդգծում են այն անձանց պատասխանատվությունը, որոնցից կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Դրա մասին է մեզ կրկին հիշեցնում հեղինակը, և հենց այդ պատճառով գրքին կարելի է տալ ևս մեկ բնորոշում` փաստավավերագրություն, որն անցել է սրտի միջով:

Փափուկ կազմ, 520 էջ,
լեզուն՝ արևելահայերեն,
երրորդ հրատարակություն,
2011, Երևան, Անտարես,
ISBN 978-9939-51-146-7