«Մայիլյան – Նոր Արցախ» կուսակցությունների դաշինք

1033

Այսօր, հունվարի 29-ին, Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցում կայացել է  արցախյան երեք քաղաքական ուժերի՝ Արցախի Ռամկավար Ազատական, «Ինքնություն և միասնություն» և «Վաղվա Արցախ» կուսակցությունների ղեկավար մարմինների համատեղ նիստը, որտեղ քննարկվել է նախընտրական դաշինքի կազմավորման հարցը, իր Ֆեյսբուքի էջում գրել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

«Ինքնություն և միասնություն» կուսակցության արտահերթ համագումարը տեղի է ունեցել հունվարի 23-ին, «Վաղվա Արցախ» կուսակցությանը՝ հունվարի 25-ին և Ռամկավար Ազատական կուսակցությանը՝ հունվարի 26-ին։

Արտահերթ համագումարներում հստակեցվել է գալիք համապետական ընտրություններին նշյալ քաղաքական ուժերի մասնակցության ձևաչափը: Համագումարներում հաստատվել են կուսակցությունների ղեկավար մարմինների որոշումները երեք կուսակցություններից կազմված նախընտրական դաշինք կազմավորելու և նախագահական ընտրություններում Մասիս Մայիլյանին սատարելու մասին։

Երեք քաղաքական ուժերի ղեկավար մարմինների համատեղ նիստը, վերահաստատելով կուսակցական համագումարների դիրքորոշումները, ձևավորել է «Մայիլյան – Նոր Արցախ» նախընտրական դաշինք, որը նախագահական ընտրություններում սատարելու է Մասիս Մայիլյանին։ Վերջինս նաև գլխավորելու է դաշինքի համամասնական ցուցակը խորհրդարանական ընտրություներում։

Համատեղ նիստում ելույթ  են ունեցել երեք կուսակցությունների ներկայացուցիչներ։ Նրանք կարևորել են առաջիկա համապետական ընտրությունների դերն ու նշանակությունը երկրի ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար նոր որակի իշխանության ձևավորման, հանրային կյանքի բարելավման, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության ու պետության ներսում առկա խնդիրների լուծման համար բացառապես պետական շահով առաջնորդվելու, երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ քաղաքական ու հասարակական ուժերի լայն համախմբման անհրաժեշտությունը։

Համատեղ նիստի մասնակիցներին ողջույն խոսքով դիմել է Մասիս Մայիլյանը։ Խորին երախտագիտություն հայտնելով բարձր վստահության համար՝ նա, մասնավորապես, նշել է. «Մեր այս դաշինքը հզոր խթան կհանդիսանա Արցախում արմատական բարեփոխումների ծրագրերի քննարկման և ընդունման նպատակով հանրության առողջ ուժերի լայն համախմբանն ուղղված ակտիվ ու վճռական գործունեության համար։ Վայրկյան անգամ չեմ կասկածում՝ բարեփոխումների արդյունքում մենք համատեղ ուժերով ապահովելու ենք մեր երկրի անվտանգ, բարեկեցիկ, հուսալի, արդար, քաղաքակիրթ և ժողովրդավարական ապագան, մի խոսքով՝ կերտելու ենք մեր Նոր Արցախը»։

Մայիլյանն ակնկալում է, որ դաշինքի առանցքի շուրջ սերտ համագործակցություն կլինի արցախյան հանրության ամենատարբեր շերտերի և հանրության վստահությունն ու հարգանքը վայելող անհատների ու հանրային դեմքերի հետ։