Տեր-Պետրոսյանը անկախության ճանապարհին կարևորում էր Հայկական բանակի ստեղծումը. Վիկիլիքս

3934

ՎԻԿԻԼԻՔՍ – ՀԱՅԱՍՏԱՆ ԹԻՎ 116

ԾԱՆՈԹ. – Այս հեռագիրը հայերենով առաջին անգամ հրապարակել է epress.am կայքը 2011-ի սեպտեմբերի 21-ին՝ “Ինչպես էր 91-ին Լևոն Տեր-Պետրոսյանը պատկերացնում անկախությունը. բացահայտել է WikiLeaks-ը” խորագրով:

1991 թվականի մայիսին Լևոն Տեր-Պետրոսյանը ԽՍՀՄ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստվում է անկախություն հռչակել` օգտագործելով այն մեխանիզմները, որոնք նախատեսված են ԽՍՀՄ օրենսդրությամբ: Այս մասին ասված է 1991 թվականին Խորհրդային Միությունում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Ջեյմս Քոլինզի գաղտնի փաստաթղթի մեջ, որը գաղտնազերծել է WikiLeaks կայքը:

Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատմել է դեսպանատան աշխատակիցներին, որ վեց ամիս առաջ Մոլդովայի նախագահ Միրչա Սնեգուրը վեց երկրների համագործակցության նախագիծ է ներկայացրել, որում միավորման պայմանագրի կնքման ոչ մի մտադրություն չկա: Այն ներառում է երեք Բալթյան երկրները, Վրաստանը, Մոլդովան և Հայաստանը:

«Այդ ժամանակ այս հանրապետությունները խորապես համոզված էին, որ կենտրոնն իրենց Խորհրդային Միության մեջ պահելու համար պատժամիջոցներ կկիրառի: Հայաստանի Գերագույն խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Հովհաննես Իգիթյանը նոր էր վերադարձել Մոլդովայից և պատրաստվում էր հաջորդ օրը Բալթյան երկրներ մեկնել այս հարցերը քննարկելու համար: Ինը երկրների կողմից հնարավոր տնտեսական ճնշումների կիրառման դեմ հակադարձ միջոցառումների մշակման աշխատանքային խմբում Իգիթյանը Հայաստանն է ներկայացնում:

Իգիթյանը նշել է, որ այս քննարկումներն ավելի պարբերական բնույթ են ստացել ապրիլի 23-ին ինը գումարած մեկ հռչակագրի ստորագրումից հետո: Նա հավելել է, որ վեց հանրապետությունների առաջնորդները դեռևս չեն հանդիպել, որովհետև իրենց սեփական գործերով են զբաղված:

Տեր-Պետրոսյանը  պնդում էր, որ վեց երկրների նկատմամբ ցանկացած տիպի տնտեսական պատժամիջոցների կիրառման դեպքում չափազանց դժվար կլինի հաղթահարել դրությունը խորհրդային տնտեսական համակարգի պատճառով: Նա վստահեցրել է, որ վեց հանրապետությունների տնտեսական սերտ համագործակցության դեպքում կենտրոնի կամ ինը պետությունների համար դժվար կլինի միջոցառումներ կիրառել առանց համապատասխան հակահարված ստանալու: Այսպիսով, նա եզրակացրեց, որ նման տնտեսական ճնշումը բացասաբար կանդրադառնա կենտրոնի վրա»,- գրում է ամերիկացի դիվանագետը:

Քոլինզը փաստաթղթի «Օրինական ճանապարհ դեպի անկախություն» վերնագրված հատվածում նշում է, որ Տեր-Պետրոսյանը դեսպանատան աշխատակիցներին ներկայացրել է, թե ինչպես է տեսնում Հայաստանի անկախության ճանապարհը:

«Նախ Հայաստանը մտադիր է օգտվել ինքնորոշման մասին Խորհրդային միության օրենքից: Այս գործընթացը կսկսվի սեպտեմբերի 21-ին կայանալիք անկախության մասին հանրաքվեով: Հանրաքվեից անմիջապես հետո պաշտոնատար անձինք պատրաստվում են ընտրություններ անցկացնել: Ընտրություններից հետո, հանրապետության Գերագույն խորհուրդը նոր սահմանադրություն կստեղծի: Եվ վերջապես, երկիրը կավարտի Խորհրդային Միությունից անկախանալու վերջնական քայլերը: Տեր-Պետրոսյանն ու Հայաստանի Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դավիթ Վարդանյանը չկարողացան հստակ ժամկետներ նշել և ընդգծեցին, որ գործընթացը կարող է երկար ժամանակ խլել: Տեր-Պետրոսյանը նշել է, որ օրինական ճանապարահով անկախության հասնելու Հայաստանի ընտրությունը վրդովվեցրել է կենտրոնին, այդ իսկ պատճառով վերջինս փորձում է սրել հայ-ադրբեջանական խնդիրը»,- գրում է Քոլինզը:

Փաստաթղթի վերջնամասում ամերիկացի դիվանագետը կրկին անդրադարձել է Տեր-Պետրոսյանի հետ զրույցին:

Վերջինս պատմել է ամերիկացիներին, որ հայ պաշտոնյաները բանակցություններ են վարում Խորհրդային բանակի հետ հայ զորակոչիկների կարգավիճակի մասին և այն հարցի շուրջ, թե նրանք որտեղ պետք է ծառայեն:

Ըստ նախնական պայմանավորվածության, Հայաստանն այդ առումով իր առանձին համաձայնագրերը կստորագրի այլ երկրների հետ:

Տեր-Պետրոսյանը նշել է, որ իրենք նման համաձայնագրի ստորագրման ավարտական փուլում են, օրինակ, Լիտվայի հետ: Հայաստանի առաջնորդը նշել է, որ Խորհրդային միության պաշտպանության նախարար Դմիտրի Յազովը համաձայնություն է տվել այս համաձայնագրին:

«Տեր-Պետրոսյանի խոսքով` Հայաստանը հատկապես կարևորում էր այս հարցի լուծումը` հաշվի առնելով ռուսական զորքերի հետ ունեցած իրենց պատմական փորձը: «Մեր սեփական բանակն ունենալու դեպքում, նման բան չէր պատահի»,- ասել է նա»,- գրել է Քոլիզնը: